Սեպտեմբերի 1–ից՝ փողով վարորդական վկայականի համար «արագացված» քննություն

Սեպտեմբերի 1-ից վարորդական քննությունների վերահանձնման գործընթացում փոփոխություններ են նախատեսվում։ Քաղաքացիները հնարավորություն կունենան վարորդական վկայական ստանալու քննությունը առաջին անգամ բացասական ստանալուց հետո վերահանձնել հաջորդ օրը՝ հավելյալ վճարի դիմաց, օնլայն գրանցմամբ։

Մինչ փոփոխությունը՝ քննություններից բացասական գնահատական ստանալու դեպքում քաղաքացին կարող էր նորից հերթագրվել 1 շաբաթ անց։ Հաշվի առնելով քաղաքացիների դիմումները և առաջարկությունները՝ նախատեսվում է ներդնել արագացված ծառայություններ։

Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում անձը կարող է արտահերթ մասնակցել քննությանը՝

հաջորդ օրը՝ 45․000 ՀՀ դրամ վճարի դիմաց,

երրորդ օրը՝ 30․000 ՀՀ դրամ վճարի դիմաց:

Եթե անձը բացասական է ստանում երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ՝ նախկին 30-օրյա ժամկետի փոխարեն արագացված ծառայությունների միջոցով հնարավորություն ունի օգտվել հետևյալ նոր ժամկետներում՝

յոթերորդ օրը՝ 45․000 ՀՀ դրամ վճարի դիմաց,

տասնչորսերորդ օրը՝ 30․000 ՀՀ դրամ վճարի դիմաց:

Նշենք նաև, որ մեկ այլ կարգավորմամբ՝ կրկին սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի պետական գրանցումն ու հաշվառումն իրականացնելիս հնարավոր կլինի հաշվառման վկայագիրը ստանալ փոստային առաքման եղանակով։

Հայաստանում արցախցի դպրոցականների թիվը նվազել է

Ըստ Արցախի Հանրապետության Կրթության նախարարության՝ բռնի տեղահանությունից առաջ Արցախի դպրոցներում սովորում էր 21,000 երեխա։

Ներկայումս Հայաստանի դպրոցներում սովորում է մոտ 17,000 արցախցի երեխա։

Նախկին օմբուդսմենի և պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Հայաստանում արցախցի դպրոցականների թվի նվազումն ունի իր պատճառները։ «Դա ընտանիքում առկա սոցիալական դժվարություններ են, որոնք թույլ չեն տալիս երեխաներին շարունակել ուսումը ավագ դպրոցում։ Եվ, ցավոք, շատ երեխաներ իրենց ծնողների հետ ընդմիշտ լքել են Հայաստանը»։

Արցախում Սոս գյուղի դպրոցը համարվում էր Մարտունու շրջանի լավագույններից մեկը։ Լավագույն ուսուցիչներն ու բարձր ակադեմիական առաջադիմություն, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի կողմից կառուցված 200 աշակերտի համար նախատեսված նոր երկհարկանի դպրոցական շենք։

44-օրյա պատերազմի ժամանակ դպրոցը վնասվել է արկերից, բայց այն արագ կարգի է բերվել, ուսումնական գործընթացը հաստատվել է և չի դադարեցվել նույնիսկ Արցախի շրջափակման ժամանակ՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը։

Ալվարդ Գրիգորյան

Սոս գյուղի դպրոց (լուսանկարներ)

Հակարիի կամրջից Բաքու ու վերադարձ․ Վահեի պատմությունը

Երկու տարի առաջ՝ օգոստոսյան վերջին օրերին, Հակարիի կամրջից գերեվարվեցին Մարտունի քաղաքի երեք երիտասարդների, ովքեր ֆուտբոլային խաղերից մեկի ժամանակ կանգնել էին ադրբեջանական դրոշի վրա։ Վահե Հովսեփյանը նրանցից մեկն էր։

Անորոշությունը, վախը և անելանելիությունը պատել էին բոլոր նրանց, ովքեր տղաների գերեվարվելու լուրը լսել էին և տեսել ադրբեջանական կադրերը, որտեղ երեք երիտասարդներին տանում էին Բաքու։  Օգոստոսի վերջին մի խումբ ուսանողներ, ովքեր սովորում էին Երևանում, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ պիտի անցնեին Հակարիի կամուրջը։

Վահեն պատմում է, որ նախօրեին հիշել էին այդ դեպքի մասին․ «Քանի որ արդեն երկու տարի էր անցել՝ մտածեցինք, թե չեն հիշի։ Բայց ոչ միայն հիշում էին, այլև այդ երկու տարվա ընթացքում մեր մասին հսկայական տեղեկություններ էին հավաքել»,– ասում է նա։

Առաջինը ֆուտբոլիստներից Ալենն էր անցնում «սահման» դարձած հատվածը։ «Ալենին որ կանգնեցրին՝ հասկացանք, որ ինչ-որ բան այն չէ։ Հերթը հասավ մեզ, և նույնը մեզ հետ տեղի ունեցավ։ Սկզբում ասում էին, թե փաստաթղթերի հետ խնդիր կա»,– հիշում է Վահեն ու ավելացնում, որ հետո արդեն տեսել են հավաքված նյութերը և իրենց մասին տարածված տեսանյութը։

«Սկզբում ասում էին, թե կտանեն Լաչին, հետո՝ կերևա։ Բայց ծրագրերը փոխվեցին և մեզ տարան Բաքու։ Միտքը, որ տանում են Բաքու, սարսափեցնում էր, բայց անընդհատ ասում էին, թե ամեն ինչ լավ է լինելու»,– պատմում է Վահեն։ Տղաների նկարները տարածվեցին համացանցում, և բնականաբար ոչ ոք լավ լուրի սպասել չէր կարող։

Նախօրեին Հակարիից արդեն առևանգել էին Վագիֆ Խաչատրյանին, ով մասնակցել էր Արցախյան առաջին պատերազմին, իսկ տղաները նոր էին ավարտել իրենց պարտադիր զինվորական ծառայությունը։

Անորոշությունն ավելի էր մեծանում, երբ կիսասով մարդկանց սպառնում էին նաև բանտարկությամբ, և ոչ ոք չգիտեր՝ ինչ կլինի, եթե իրենք էլ հանկարծ հայտնվեն Հակարիում։ Թերևս հենց այս հանգամանքներն էին ստիպում շատերին վառել իրենց լուսանկարները կամ նետել դանակները, մեդալներն ու այլ հուշանվերներ, որոնք կապված էին ծառայության կամ պատերազմների հետ։

Վահեի խոսքով՝ ամենածանր պահերից մեկը հենց հարցաքննությունն էր․ յուրաքանչյուրին առանձին էին քննում, և չգիտեին՝ ինչ ասել։ «Միակ ուժը, ով կարող էր մեզ այնտեղից ողջ-առողջ դուրս բերել, Աստված էր։ Հավատը մեզ օգնության է գալիս ամենադժվար պահերին։ Բայց ես կուզեի, որ մարդիկ միշտ հավատան և հավատքի օգնությամբ անցնեն իրենց կյանքի թե՛ խնդրահարույց, թե՛ լուսավոր ժամանակները։ Երբ այնտեղ էլ գիրք խնդրեցինք՝ մեզ Աստվածաշունչ բերեցին»,– պատմում է Վահեն։

Դատավարությունների ժամանակ շատ քիչ բան էին հասկանում։ Սկզբում իմացան, որ պետք է 20 տարի մնան Բաքվում։ Գտնվելով թշնամու երկրում՝ լսել, որ դեռ 20 տարի էլ պետք է դատապարտված լինես՝ սարսափելի էր։

«Հիմնականում դատավարությունը ադրբեջաներեն էր, որոշ բաներ՝ ռուսերեն։ Բայց փաստաթղթերը մեծամասամբ իրենց լեզվով էին, և մեզ ստիպում էին ստորագրել թղթերի տակ, որոնցից ոչինչ չէինք հասկանում»,– հիշում է նա։

Օրերն անցնում էին, և բանտախցում նրանց միավորում էր աղոթքն ու իրար հաջորդելով Աստվածաշունչ կարդալը։ Հեռուստացույցը, որ դրված էր ճաղերից այն կողմ, միայն սպորտային ալիք էր ցույց տալիս․ «Եվ նույնիսկ սպորտային ալիքով տեսնում էինք, որ Բաքվում «հեռուստաաստղ ենք»»,– կատակում է Վահեն։

Հետո լրատվականներով տարածվեց, որ հակառակորդ երկրի նախագահը ներում է շնորհել երիտասարդներին, և 20 տարվա պատիժը փոխարինվել է 10 օրով։

«Իրենք հատկապես նշում էին, որ 30 տարվա մեջ այսքան լավ վերաբերմունք չէին տեսել։ Նման դեպք դեռ չէր եղել, որ գերի ընկնեն ու այսքան շուտ ազատ արձակվեն»,– ասում է Վահեն։

Մեքենայով Բաքվից հասան Հայաստանի սահման 13 ժամում։ «Առաջինը մեզ Սյունիքը դիմավորեց։ Այսպես ասած՝ Հայաստանը գրկեց մեզ տասնօրյա թշնամանքից հետո։ Մենք մեզ երջանիկ էինք զգում, քանի որ հայրենիքում էինք։ Մեզ գրկում ու դիմավորում էին։ Տասը օր լսել ադրբեջաներեն, որից բան չէինք հասկանում, և վերջապես հայտնվել հայրենիքում ու լսել հայերեն․ դա անբացատրելի զգացողություն էր։ Կային օրեր, որ պարզապես ուզում էիր հարազատ, հասկանալի բառ լսել»,– պատմում է Վահեն։

Այս պատմությունը ոչ միայն գերի ընկած երեք երիտասարդների անձնական փորձառությունն է, այլև հիշեցում՝ որքան մեծ ուժ ունի հավատը և որքան անգնահատելի է հայրենիք վերադառնալու զգացողությունը։ Վահեի խոսքերը հնչում են որպես կոչ՝ դժվարին պահերին չկորցնել հավատը և գնահատել ու սիրել հայրենիքը։

Մարիամ Սարգսյան

Ռուսաստանի ԱԳՆ․ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը մնում է ուժի մեջ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, որ 2020 թվականի եռակողմ համաձայնագրերը անցյալում են մնացել, ասել է, որ նույնը կարելի է ասել վարչապետի այդ հայտարարության մասին։

Նրա խոսքով՝ պայմանավորվախություններից դուրս գալու կամ չեղարկելու մասին լեզվաոճական վարժությունները մեկ պատմություն են, երկրորդ պատմությունը՝ գոյություն ունեցող փաստաթղթերն են։ Եվ անհրաժեշտ է մեկնաբանել ոչ թե բառերը, այլ փաստերը։

MAX, թե՞ Zangi: Ինչպե՞ս են հայերը շփվելու Ռուսաստանում ապրող ազգականների հետ

«Ազգային մեսենջեր» Max-ը նախապես տեղադրված կլինի Ռուսաստանում վաճառվող բոլոր գաջեթների վրա՝ սկսած հաջորդ շաբաթվանից՝ սեպտեմբերի 1-ից: Պաշտոնյաները, դպրոցական և տնային չաթերը ակտիվորեն անցնում են հավելվածին։

Դատելով իշխանությունների ծրագրերից՝ հավելվածը կդառնա սուպերհավելված, այսինքն՝ կմիավորի բազմաթիվ ծառայություններ: Սա բնորոշ է ասիական շուկաներին: Ամենահայտնի ներկայացուցիչը չինական WeChat-ն է: Bloomberg-ը նշել է, որ Max-ը շատ առումներով նման է այս հավելվածին։

Ռուսաստանում այժմ կարելի է օգտագործել Telegram-ը և WhatsApp-ը ձայնային զանգերի համար՝ օգտագործելով VPN: Եթե այս տարբերակը ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ, ապա կան հայտնի տեսակոնֆերանսային ծառայություններ՝ Zoom, Google Meet և Microsoft Teams:

Հայ օգտատերերը, ինչպես իմացանք, օգտագործում են հայկական Zangi մեսենջերը:

Եթե ​​իշխանությունը փոխվի Հայաստանում և ԱՄՆ-ում, Ալիևի բոլոր «նվաճումները» կզրոյանան, և նա կհայտնվի տրիբունալի առջև

Ստեփանակերտ, շրջափակում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնել է Իրան այն բանից հետո, երբ այդ երկրի խորհրդարանը ընդունել է բանաձև, որով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը համարել է Իրանի ազգային անվտանգության սպառնալիք։

Արմեն Գրիգորյանը կարող է Իրանին «հանգստացնել» միայն մեկ ձևով՝ համոզել, որ ոչ մի «միջանցք» չի լինի, և այս ամենը ընդամենը նախընտրական «հրադադար» է և բուտաֆորիա։

Այն փաստը, որ սա խաբեություն է, և Վաշինգտոնում աղմկոտ համաձայնագրերի տակ որևէ կոնկրետ բան չկա, վկայում են նաև Բաքվի արձագանքները։

Ալիևը և նրա ենթակաները խոսում են որոշ նվաճումների մասին, միևնույն ժամանակ ահազանգելով, որ մանրամասների  և Մեղրիի ճանապարհի կառուցման շուրջ բանակցությունները կարող են տարիներ տևել։ Իսկ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ոչմի ժամկետներ չկան։

Բաքուն ցույց է տալիս իր ցավոտ տեղերը՝ խոստովանելով, որ չի կարող երաշխիքներ ստանալ, և ամեն ինչ կարող է փոխվել ցանկացած պահի։

Մասնավորապես, սա վերաբերում է 907-րդ բանաձևին, որը Ադրբեջանի ագրեսիայի ուղղակի ճանաչում է: 1992 թվականին ընդունված 907-րդ բանաձևը նշում է. «Միացյալ Նահանգների օգնությունը… չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը, մինչև Միացյալ Նահանգների նախագահը չորոշի և չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումները և ուժի կիրառման այլ հարձակողական գործողությունները դադարեցնելու համար»:

1992 թվականից ի վեր ԱՄՆ ոչ մի նախագահ նման ապացույցներ չի ներկայացրել Կոնգրեսին: Օգոստոսի 8-ին Թրամփը նույնպես դա չարեց, միայն կասեցրեց 907-րդ բանաձևի գործողությունը: Սակայն Միացյալ Նահանգները դեռևս կարծում է, որ Ադրբեջանը ագրեսիա է կատարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: Եվ այս հարցը կարող է բարձրացվել միջազգային մակարդակով ցանկացած պահի:

Մեկ այլ խնդիր է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի ստեղծումն ու գոյությունը նշանակում է, որ միջազգային հանրությունը ընկալում է Արցախի հարցը որպես վիճահարույց: Մինսկի խմբի փաստաթղթերը երբեք բացահայտորեն չեն ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս: Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները հիմնված էին 1994 թվականի ստատուս քվոյի վրա։ Սա նշանակում է, որ այդ ստատուս քվոյի ուժային փոփոխությունը նույնպես համարվում է միջազգային նորմերի խախտում։ Եվ հարցականի տակ է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի վերացումը։

Բաքուն նաև պնդում է միջազգային դատարաններից ​​հայցերը հետ կանչումը, որոնք ցույց են տալիս, որ արցախահայերի դեմ կատարվել են ռազմական հանցագործություններ, ինչը ենթակա է դատապարտման: Ալիևը ցանկանում է, որ Հայաստանը հետ վերցնի դատական ​​հայցերը մինչև այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» ստորագրելը, քանի որ գիտի, որ եթե իշխանությունը փոխվի Հայաստանում, ԱՄՆ-ում, եթե համաշխարհային գործընթացների պարադիգմը փոխվի, Ալիևի բոլոր «ձեռքբերումները» կզրոյանան, և նա կհայտնվի դատարանի առջև։

Հնարավոր է, որ Արմեն Գրիգորյանն այս ամենն է պատմել իրանցի գործընկերներին՝ մատնանշելով այսպես կոչված «խաղաղության գործընթացի» պատրանքային բնույթը: Միևնույն ժամանակ, նա համոզել է իրանցիներին չաղմկել այս մասին, որպեսզի լիովին «հիասթափված» Ալիևը չորոշի նոր ռազմական արկածախնդրության գնալ։

Իրանում գիտեն, որ Ալիևը չի համարձակվի, բայց արևելյան ձևով են անում և համաձայնվում՝ անհամբեր սպասելով, թե ինչ կլինի 2026 թվականի Հայաստանում կայանալիք ընտրությունների ժամանակ և արդյոք հայ ժողովրդի մեջ մնացել է թեկուզ մի կաթիլ պասիոնար էներգիա։

Գերասիմովը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի «հատուկ գործողությունը»

Հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի, ասել է Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է նրա ելույթը, որում նշվում է, որ Գերասիմովը «ամփոփել է 2025 թվականի գարուն-ամառ արշավի արդյունքները և պարզաբանել բանակային խմբերի առջև դրված խնդիրները ապագայի համար»։

«Զորքերի (ուժերի) միացյալ խմբի կողմից հատուկ ռազմական գործողության խնդիրների իրականացումը կշարունակվի հարձակողական գործողություններով։ Այսօր մենք կճշտենք զորքերի խմբերի առջև դրված խնդիրները աշնանային ժամանակահատվածի ուղղություններով», – նրա խոսքերը մեջբերում է ՊՆ-ն։

Գլխավոր շտաբի պետը ընդգծել է, որ այս պահին ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ ռուսական զորքերինն է։

«Ուկրաինական զորքերի վիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ գարուն-ամառ ժամանակահատվածում թշնամին իր բոլոր ջանքերը կենտրոնացրել է մեր հարձակման դանդաղեցման վրա՝ կրելով մեծ կորուստներ։ Արդյունքում, Ուկրաինայի զինված ուժերը ստիպված են տեղափոխել ամենամարտունակ ստորաբաժանումները մեկ ճգնաժամային ուղղությունից մյուսը, որ «փակեն անցքեր», – նկարագրել է Գերասիմովը ռազմաճակատում ստեղծված իրավիճակը։

Ռուսաստանի զինված ուժերը մինչ այժմ «ազատագրել» են Լուգանսկի մարզի 99.7%-ը և Դոնեցկի մարզի 79%-ը, Զապորոժիեի 74%-ը և Խերսոնի 76%-ը նույնպես գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ», – ասել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

Ք. Քոքսի վերականգնողական կենտրոնը հայտարարել է երկար սպասված նախագծի շարունակության մասին

Այս տարվա հուլիսին Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը հայտարարեց «Զարգացում և ինտեգրացիա» ծրագրի երկար սպասված շարունակության մասին: Նախագիծն իրականացվում է «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության աջակցությամբ, որը կենտրոնի մշտական ​​​​մտերիմ գործընկերն է։

«Նախագծի շրջանակներում անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ տարբեր ախտորոշումներով, այդ թվում՝ աուտիզմով, Դաունի համախտանիշով, ուղեղային կաթվածով և այլն, երեխաների համար ժամանցի կազմակերպման համար: Արցախից և Հայաստանից 100 երեխաների և դեռահասների մասնակցությամբ անցկացվում են հանգիստ և էքսկուրսիաներ դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր: Այսպիսով, մենք նախագիծը սկսեցինք Վարդավառի տոնակատարությամբ Լուսե վերականգնողական կենտրոնում, որտեղ երեխաները հիանալի ժամանակ անցկացրեցին իրենց հարազատների, ընկերների և վերականգնողական կենտրոնի մասնագետների շրջապատում: Շահառուների ազատ ժամանակը համակցված էր վերականգնողական գործընթացի հետ։

Օգոստոսին մենք ուղևորություններ կատարեցինք Սևան: Լճի ափին էքսկուրսիաների ժամանակ երեխաների հետ աշխատել են տարբեր մասնագետներ, այդ թվում՝ ֆիզիոթերապևտներ, էրգոթերապևտներ, արտթերապևտներ, հոգեբաններ, խոսքի թերապևտներ և հատուկ մանկավարժներ:

Միջոցառումներին ակտիվորեն մասնակցում են ոչ միայն մեր շահառուները, այլև նրանց հարազատներն ու ընկերները: Ծրագրի նպատակը ոչ միայն մեր շահառուների վերականգնումն ու հասարակության մեջ ինտեգրումն է, այլև արցախցի հայրենակիցների նոր, դեռևս անծանոթ միջավայրում ինտեգրման համար համապատասխան պայմանների ստեղծումը: Օրինակ՝ վերջերս, վերականգնողական կենտրոնի և Եղվարդի ներքին տեղահանվածների տարածաշրջանային կենտրոնի համագործակցության շնորհիվ, Եղվարդի խոշորացված համայնքի երեխաներն ու նրանց ընտանիքները նույնպես միացան ծրագրին:

Միջոցառումը ներառում էր ոչ միայն հետաքրքիր ժամանց, այլև մասնագետների հետ աշխատանք, որը նպաստում է նախագծի մասնակիցների տարբեր հմտությունների և կարողությունների զարգացմանը: Մենք շնորհակալ ենք մեր հովանավորներին և գործընկերներին այս չափազանց կարևոր նախագծի իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար», – ասաց Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի սոցիալական աշխատող Անուշ Ղազարյանը:

Արսեն Աղաջանյան

Սիրելի արցախցիներ, ուշադիր եղեք բնակարանային ապահովման ծրագրի նոր փոփոխությանը, որի մասին շատերը չգիտեն

Սիրելի արցախցիներ, ուշադիր եղեք բնակարանային ապահովման ծրագրի նոր փոփոխությանը, որի մասին շատերը չգիտեն.
Այսպես՝ «Ծրագրի իմաստով ընտանիքը ծրագրին դիմելու օրվա դրությամբ գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսիններից (միայնակ ծնողից), ՆՐԱՆՑ՝ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ 18 ՏԱՐԻՆ ՉԼՐԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ (այդ թվում՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, եթե ընտանիքն առցանց դիմում-հայտարարությունը կներկայացնի և ծրագրով նախատեսված հավաստագիրը կստանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը), ինչպես նաև ցանկացած այլ անդամից բաղկացած միավորն է, որը որպես ընտանիքի անդամ ներառված կլինի տվյալ դիմում-հայտարարության մեջ:»
Սա նշանակում է, որ կառավարությունը ավելի է վատթարացրել պայմանները, սահմանափակել ընտրությունը՝ կատարելով շատ անտրամաբանական փոփոխություն: Ստացվում է, որ ծրագրի իմաստով բոլոր նրանք, ովքեր մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը անչափահաս էին, համարվում են երեխա, ծնողներին կցված և ազատ ընտրության հնարավորություն չունեն՝ այս պահին հանդիսանալով չափահաս անձ: Այսինքն՝ որպես չափահաս քաղաքացի, եթե անձը չի ցանկանում օգտվել ծրագրից, զրկում է նաև իր ծնողներին ու ընտանիքի մյուս անդամներին այդ հնարավորությունից: Հասկանալի է, թե ինչ նկատառումներով է կառավարությունը ստեղծել այս «ծուղակը», բայց սա արդեն խեղկատակություն է, բացահայտ ցինիզմ ու հակաիրավական նորմ:

Սամվել Շահրամանյանը կդիմի դատարան՝ “Հայաստանի պատմություն” գրքում տեղ գտած զրպարտության դեմ

Հայտարարություն
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։ Պահանջելու ենք հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։
Մենք վճռական ենք պայքարելու պատմության խեղաթյուրումների և նոր սերնդին մոլորեցնելու բոլոր փորձերի դեմ։

Սեպտեմբերի 2-ին Երևանում կանցկացվի «Արցախ․ չկարգավnրված հակամարտnւթյnւն, վերադարձի իրավունք» խորհրդաժողով

Սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովը։

ՀՅԴ ԳՄ-ից հայտնում են, որ այն կանդրադառնա ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով հակամարտությունները լուծելու անթույլատրելիությանը, Արցախի հարցի չլուծված մնալուն, արցախահայության`  հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման անհրաժեշտությանը, ինչպես նաև տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատման հեռանկարներին։

Միջոցառման ընթացքում կքննարկվեն հետևյալ առանցքային հարցերը․

• Ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանը և ընթացող գործընթացների վտանգավոր միտումները,

• միջազգային հանրության պատասխանատվությունը և արդար ու կայուն խաղաղության անհրաժեշտությունը,

• անցյալի փորձի կիրառումը ներկայիս մարտահրավերների հաղթահարման գործում,

• արցախահայության շահերի պաշտպանությունը և վերադարձի իրավունքի իրացումը  որպես կայուն խաղաղության նախապայման,

• մշակութային ժառանգության պահպանման հրատապությունը Ադրբեջանի կողմից ոչնչացման և յուրացման քաղաքականության պայմաններում,

• գերիների վերադարձի և հումանիտար հարցերի հրատապ լուծումը որպես փոխվստահության մթնոլորտի ձևավորման հիմք։

Զեկույցներով հանդես կգան քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ Կիպրոսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից, Արցախից և Հայաստանի Հանրապետությունից։

Խորհրդաժողովը նպատակ ունի ձևավորել միջազգային և ներազգային համախմբում՝ Արցախի հարցի արդար լուծման, արցախահայության հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղության ապահովման համար։

Արցախի անհետ կորածների թանգարանը Ստեփանակերտում թալանվել և ոչնչացվել է

Ստեփանակերտում գործող Արցախի անհետ կորածների թանգարանը թալանվել և ոչնչացվել է Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից։ Այդ թանգարանը պահպանում էր մեր այն հայրենակիցների անգնահատելի վկայությունները, որոնց ճակատագիրն առ այսօր մնում է անհայտ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության մշակությի նախարարությունից՝ հիշեցնելով, որ այսօր Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը։

Նախարարության տվյալներով, առաջին Արցախյան պատերազմի տարիներից 777 հայ շարունակում են համարվել անհետ կորած։

2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո առ այսօր անհայտ է 175 զինծառայողի և 20 քաղաքացիական անձանց ճակատագիրը։

2023 թ․ սեպտեմբերին Արցախի բռնազավթման և հետագա բռնի տեղահանության ընթացքում 42 անձ շարունակում է համարվել անհետ կորած։

«Ադրբեջանը ամբողջական պատասխանատվություն է կրում բռնի անհետացումների և այդ ողբերգության հետ կապված մշակութային վկայությունների ոչնչացման համար։ Ստեփանակերտի թանգարանի թալանը և ոչնչացումը ոչ միայն հանցագործություն է Արցախի ժողովրդի հիշողության դեմ, այլև՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտում։

Այսօր ակնհայտ է, որ միջազգային կազմակերպությունները չեն կատարել իրենց առաքելությունը՝ պաշտպանելու բռնի անհետացումների զոհերին և պահպանելու մշակութային ժառանգությունը։ Նրանց անգործությունը նպաստում է անպատժելիությանը։

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սեփական հողին միակ արդյունավետ մեխանիզմն է մշակութային ժառանգության պաշտպանության, անհետ կորածների հիշատակի վերականգնման և մեր ինքնության պահպանման համար։

Հարգում ենք յուրաքանչյուր անհետ կորածի հիշատակը և հաստատում․ մեր պայքարը ճշմարտության և վերադարձի համար շարունակվելու է»,- նշում են նախարարությունից՝ հրապարակելով օկուպացիոն վարչակազմի կողմից ոչնչացված Ստեփանակերտի անհետ կորածների թանգարանից լուսանկար։