Եթե ​​պետությունը չլուծի խնդիրը, արցախցիների փոքր ընտանիքները կհայտնվեն փողոցում

Արցախցիների սոցիալական վիճակը օրեցօր վատանում է: Շրջափակումը և Արցախում տեղի ունեցած այլ սարսափելի փորձությունները վերապրած մարդիկ այժմ հայտնվել են ծայրահեղ դժվարին իրավիճակում: Շատ ընտանիքներում կան հատկապես խոցելի խմբերի անդամներ՝ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք և այլք: Ինչպես կարող են նրանք գոյատևել այս իրավիճակում, լուրջ հարց է։

Մեկ, երկու կամ երեք հոգուց բաղկացած փոքր ընտանիքների համար նույնպես դժվար է, քանի որ չեն կարողանում վճարել չափազանց բարձր բնակվարձը։

Այս տարվա ապրիլից ի վեր Արցախում միայն խոցելի խմբերն են ստանում համեստ ֆինանսական աջակցություն: Այս ծրագիրը կարող է երկարաձգվել կամ չերկարաձգվել 2026 թվականից՝ ամեն ինչ կախված է ՀՀ կառավարության քմահաճույքից: Արցախցիների համար նախատեսված բնակարանային ծրագիրը չնչին գումարներ է նախատեսում տուն գնելու համար, ինչը դժվարացնում է նույնիսկ մեծ ընտանիքների համար բնակարան ձեռք բերելը, առավել ևս՝ փոքրերի։

Լյուդմիլա Սարգսյանն արմատներով Հադրութից է: Նա բուժմասնագետ է: 1991 թվականին, երբ սկսվեց առաջին Արցախյան պատերազմը, Լյուդմիլան բժշկական ուսումնարանի վերջին կուրսում էր: Պատերազմի պատճառով նա չկարողացավ ձեռք բերել անհրաժեշտ տեսական գիտելիքները՝ նա անմիջապես անցավ պատերազմական պայմաններում գործնական պարապմունքների:

Լյուդան իր մասնագիտական ​​կարիերան սկսել է դաշտային հոսպիտալում։ Այնտեղ նա ձեռք է բերել մեծ փորձ, որը շարունակում է օգտակար լինել նրա աշխատանքի համար։ Նա վերապրել է չորս պատերազմ հայրենիքում, աշխատել է որպես բուժքույր՝ փրկելով հարյուրավոր կյանքեր։

2023 թվականի սեպտեմբերին Լյուդմիլան և նրա ընտանիքը երկրորդ անգամ ենթարկվեցին բռնի տեղահանման։

«Սեպտեմբերի 19-ին, կեսօրին, ես աշխատանքի էի Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում։ Լսելով օդային սիրենան և առաջին պայթյունները, ես և իմ գործընկերները արագ սկսեցինք կենտրոնի հիվանդներին տարհանել ապաստարան։ Մեր դեպքում ապաստանի համար ամենաապահով վայրը ջրաբուժության սրահն  էր։

Մենք կենտրոնում մնացինք մինչև սեպտեմբերի 24-ը, մինչև բոլոր հիվանդները հեռացան։ Այնուհետև ես վերադարձա տուն և սկսեցի ընտանիքիս հետ ճամպրուկները հավաքել։ Տնից դուրս եկանք սեպտեմբերի 26-ին՝ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հաջորդ օրը։ Երկար ժամանակ քաղաքում սարսափելի խցանումների մեջ էինք։

Այդ օրերին Ստեփանակերտում քաոս էր տիրում։ Օդը լցված էր ծուխով, քանի որ խուճապահար տղամարդիկ այրում էին իրենց զինվորական համազգեստներն ու փաստաթղթերը՝ վախենալով, որ իրենց թույլ չեն տա լքել Արցախը։ Կային շատ վիրավորներ և փախստականներ։ Արցախից արտագաղթի սարսափելի պատկերը դեռ աչքերիս առաջ է։

Ճանապարհը երկար ու տանջալից էր։ Մենք ուտելիք չունեինք, իսկ ջրի պաշարները աստիճանաբար սպառվում էին։ Մեզ հետ էր նաև իմ տարեց, հիվանդ մայրը, որը դժվարէր տանում ճանապարհը։

Ես շատ էի անհանգստանում ամուսնուս և որդուս համար, որոնք նույնպես մեզ հետ էին։ Վախենում էի, որ նրանք գերի կվերցնեն, բայց, փառք Աստծո, մենք հաջողությամբ անցանք անցակետը և երկուսուկես օրում հասանք Հայաստան։

Այժմ ապրում ենք Երևանում։ Վարձակալում ենք բնակարան՝ ամսական 180,000 դրամով։ Բարեբախտաբար, տեղահանումից որոշ ժամանակ անց ես աշխատանք գտա Ավանի հոգեկան առողջության կենտրոնում։ Ամուսինս աշխատում է շինարարության ոլորտում։

Քանի որ մենք վարձակալում ենք բնակարան և այս տարվա ապրիլից պետությունից սոցիալական օգնություն չենք ստանում, մեր ընտանեկան բյուջեի առյուծի բաժինը գնում է բնակվարձին։

Բնակարանային ապահովման ծրագրից օգտվելը մեզ համար անիրատեսական է, քանի որ մենք երեք հոգանոց ընտանիք ենք։ Ծրագրով նախատեսված գումարով մենք չենք կարողանա բնակարան գնել նույնիսկ մարզերում, առավել ևս՝ Երևանում։

Եթե ​​պետությունը բնակարանային հարցը չլուծի, մեծ հավանականություն կա, որ փոքր ընտանիքները պարզապես փողոցում կհայտնվեն։

Արցախցիների համար մեկ այլ խնդիր է փաստաթղթերի վերականգնումը, որը պահանջում է զգալի ժամանակ և գումար, ասենք՝ ծննդյան կամ ամուսնության վկայականները վերականգնելու համար։ Մի՞թե հնարավոր չէ պարզեցնել այս գործընթացը։ Այն դարձնել անվճար և արագացված։

Նույնը վերաբերում է քաղաքացիություն ստանալուն. ինչու՞ տանջել արդեն ուժասպառ ժողովրդին։ Եթե խոսքը միայն 070 կոդի մասին է, թող միանգամից հավաքեն բոլորի անձնագրերը և փոխեն կոդը՝ առանց հերթերի և ավելորդ բյուրոկրատական ​​քաշքշուկների։ Անգամ չեմ խոսում այն ​​մասին, որ անձնագրերի փոփոխման գործընթացն ինքնին մեզ ցավ է պատճառում և ստիպում է մոռանալ անցյալը։ Ի վերջո, արցախցիները Հայաստանի քաղաքացիներ են, և նրանք ունեն նույն կապույտ անձնագիրը, ինչ Հայաստանում բոլորը։

Այսպես ենք ապրում՝ ամեն օր դժվարություններ հաղթահարելով՝ ավելի լավ ապագայի և արագ տուն վերադառնալու հույսով, պատմել է Լյուդմիլան Step1.am-ի հետ հարցազրույցում։

Արսեն Աղաջանյան

Եվրոպայի խորհրդի ղեկավարը Սրբուհի Գալյանից հարցրեց ղարաբաղցիների մասին

Ստրասբուրգում կայացել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ նախարարը, “միասին քննարկեցինք կարևոր հարցեր, նաև սահմանադրական բարեփոխումների ընթացքը»:

Կարելի է երևակայել, թե ինչպես են ընթացել “սահմանադրական բարեփոխումների” մասին քննարկումները․

-Տիկին Գալյանի, ի՞նչն եք ուզում բարեփոխել Սահմանադրության մեջ։

-Դեռ չգիտենք, բայց հաստատ ուզում ենք փոխել։

-Կարո՞ղ է ուզում եք Անկախության հռչակագրի հղումը հանել սահմանադրությունից։ Չէ՞ որ Ալիևը դրանից է դժգոհ, ասում է՝ ըստ ՀՀ Սահմանադրության՝ Ղարաբաղը Հայաստանի մաս է։

-Ի՞նչ եք ասում, դա այդպես չէ։ Հատկապես, որ ներկայիս Սահմանադրության նախաբանը իրավունք չունենք փոխել, դրա համար ուղղակի նոր Անկախություն և հանրապետություն կհռչակենք և նոր Սահմանադրություն կընդունենք։ Կար Ղարաբաղը, չկա Ղարաբաղը։

-Իսկ ինքնորոշման իրավո՞ւնքը։ Չէ՞ որ ձեր ներկայիս Անկախության հռչակագիրը հիմնված է 1989 թ․ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա, որը ողջյունել է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը։

-Դե, ժամանակները փոխվել է, հիմա ուժի իրավունքն առավելություն ունի՝ մենք պարտվել ենք, Եվրոպան էլ ասում է՝ աշխարհի ամենակարևոր փաստաթուղթը՝ Ալմա-Աթայի հռչակագիրն է։

-Հաա, ճիշտ է, մոռացել էի։ Դե, հաջողություն եմ ձեզ մաղթում, չմոռանաք նոր Սահմանադրության մեջ նշեք նաև Կավբյուորյի որոշումը։ Ի դեպ, ղարաբացիները ո՞նց են։

-Ինչ ղարաբաղցի, նրանք հիմա ՀՀ հպարտ քաղաքացիներ են, ճիշտ է՝ անտուն, անգործ, բայց այդ հարցով Հայաստանում դիսկրիմինացիա չկա՝ բոլորն էլ կարող են անտուն և անգործ մնալ։

-Փաստորեն, շատ հաջող պայքարում եք դիսկրիմինացիայի դեպ։ Ապրեք։

 

 

Հրդեհներ են բռնկվել Հունգարիայի և Ռումինիայի գործարաններում, որտեղ վերամշակում է ռուսական նավթը

DW

Հունգարիայի և Ռումինիայի նավթավերամշակման գործարաններում, որոնք մշակում են Ռուսաստանից հում նավթ, հրդեհներ են բռնկվել:

Հոկտեմբերի 21-ի գիշերը հրդեհ է բռնկվել Հունգարիայի կենտրոնական մասում գտնվող Սաժալոմբատտա քաղաքի Դանուբի նավթավերամշակման գործարանում: Քաղաքապետ Միհալի Վեզերի խոսքով, հրդեհը սկսվել է AV-3 նավթաթորման կայանում: Ոչ ոք չի տուժել:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոստացել է «մանրակրկիտ հետաքննություն» անցկացնել հրդեհի հանգամանքների վերաբերյալ:

Նախորդ կեսօրին պայթյուն է տեղի ունեցել նաև Ռումինիայի Պլոեշտի քաղաքի «Լուկոյլ» նավթավերամշակման գործարանում: Վնաս է հայտնաբերվել խողովակաշարի ստուգման ջրանցքում՝ «ջրանցք թափոնների արտահոսքի ժամանակ առաջացած գազերի կուտակման պատճառով»: Մեկ մարդ վիրավորվել է, և քրեական գործ է հարուցվել աշխատանքային անվտանգության օրենքների խախտման և անփութության պատճառով առողջությանը վնաս հասցնելու համար:

Այս երկու նավթավերամշակման գործարաններում մշակվող նավթը գործարաններ է ներմուծվում նաև Ռուսաստանից:

Արցախ-Փաշինյան․ այսպիսի հայացք էլ կա

Ներկայացնում ենք ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գրառումը, որը միանշանակ չէ, անհասկանալի է, թե հիմա ինչ իմաստ կա այսքանը հիշել, հատկապես, որ նշված “հերոսներից” մի քանիսը Բաքվի բանտում են։  

Էդուարդ Շարմազանով

Պարտության, հայրենազրկման ու Արցախի հանձնման անունն է Նիկոլ Փաշինյան։
Գիտեք Արցախի անկումը ե՞րբ սկսվեց…
Երբ 2018-ին Արցախից ավտոբուսներով գալիս էին Երեւան Սերժ Սարգսյանին մերժելու ու «Նիկոլ՝ վարչապետ» էին գոռում։
Երբ Նիկոլն Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորում էր,իսկ Ստեփանակերտում ՝ծափերով Նիկոլ էին դիմավորում ։
Երբ Նիկոլն ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,իսկ Ստեփանակերտի հրապարակը ցնծում էր։
Երբ Գյումրիում Արցախի նախագահ Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանեցին։
Երբ 2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլը հրաժարվեց պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկից, որի համաձայն Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։
Երբ Արցախի ղեկավարությունը 2021-ի ընտրություններին եկավ ոչ թե Արցախն ազատագրողների, այլ ՝Արցախը հանձնողի շտաբ։
Երբ Նիկոլը Ալիեւի հրամանով դադարեց Արցախ գնալ։
Երբ Նիկոլը հանձնեց Լաչինն ու Աղավնոն։
Երբ 2022-ի ապրիլին Նիկոլն առաջարկում էր նշաձող իջեցնել։
Երբ Նիկոլը սկսեց բանակցել ոչ թե ռուսական ,այլ բրյուսելյան ու արեւմտյան հարթակներում։
Երբ Նիկոլը Պրահայում, Բրյուսելում, Ռեկյավիկում, Երեւանում ու Գրանադայում ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։
Երբ ՀՀ իշխանություններն ու իրենց «վեցնոցներն» արցախցիներին ինտեգրման կոչեր էին անում։
Երբ 2023-ի սեպտեմբերի 13-ին Նիկոլն ուղիղ եթերում ասեց,որ ինքը չի ներքաշվելու Ադրբեջանի Արցախի դեմ ցեղասպան պատերազմ իրականացնելու մեջ։
Երբ Նիկոլը դիտորդ էր, երբ Արցախում բռնագաղթ էր։
Երբ «Արցախը վերջինը լքող» Բաբայան Սամոն, միայնակ թողնելով իր հազարավոր հայրենակիցներին, առաջիններից մեկը լքեց Արցախը։
Երբ փորձ արվեց Արցախի հանձնման մեղքը Նիկոլից դնել ընդամենը 10 օր էլ չպաշտոնավարած Արցախը նախագահ Շահրամանյանի վրա։

Արցախի Տեղեկատվական շտաբի հայտարարությունը

Իրազեկում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու ընթացակագերի, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու և այլ հարցերի վերաբերյալ խորհրդատվական աջակցություն ստանալու համար, երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը 11:00-ից 18:00-ն կարող եք դիմել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն,
հասցեն՝ ՀՀ, քաղաք Երևան, Նաիրի Զարյան 17Ա, կամ զանգահարել +37493948765 նույն հեռախոսահամարով առկա է նաև WhatsApp, Telegram հեռախոսահամարին:
Արցախի Տեղեկատվական շտաբ

Սարկոզին իր հետ բանտ է տարել «Կոմս Մոնտե Քրիստո»-ն և տաք սվիտերներ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման՝ այսպես կոչված «լիբիական գործով», որը կապված էր իր քարոզարշավի արտասահմանյան ֆինանսավորման հետ, ժամանել է Փարիզի Սանտե բանտ։ Նա առաջին Ֆրանսիայի նախկին նախագահն է, որը դատապարտվել է բանտարկության և իր պատիժը կկրի մենախցում՝ անձնական ցնցուղով, մինչև դատարանը քննի նրա վերաքննիչ բողոքը։

Բանտը վերջերս վերանորոգվել է, և բոլոր խցերը (9-12 քառակուսի մետր) այժմ ունեն ցնցուղ և ստացիոնար հեռախոս (չնայած, ըստ Figaro-ի, 20 րոպեանոց զանգը կարող է կալանավորին արժենալ 110 եվրո)։ Ամսական 14 եվրոյով Սարկոզին կկարողանա հեռուստացույց դիտել։ Նա նաև կկարողանա ինքնուրույն պատրաստել իր կերակուրը, եթե ցանկանա, և լվանալ իր լվացքը։

Մյուս կալանավորների նման, Սարկոզին նույնպես կունենա բանտի գրադարանից օգտվելու հնարավորություն, սակայն նախկին նախագահը Figaro-ին ասել է, որ տնից իր խուցը կտանի երեք գիրք, այդ թվում՝ Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» վեպը, որը պատմում է անարդարացիորեն բանտարկված հերոսի մասին, որը վրեժ է ծրագրում։

Սարկոզին նաև մի քանի տաք սվիտերներ էր բերել, քանի որ բանտում կարող է ցուրտ լինել, և ականջի խցաններ, ըստ նրա փաստաբան Ժան-Միշել Դարոյի։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը շուտով չի լինի

Մինչ քննարկումներ էին ընթանում, թե ինչպես է Պուտինը Մոսկվայից Բուդապեշտ թռնելու, որ Լեհաստանը Պուտինի ինքնաթիռը կխփի, իսկ Բուլղարիան մեծահոգի բաց կթոցղի, Սպիտակ տունը հայտարարեց, որ Պուտին-Թրամփ հանդիպումը շուտով տեղի չի ունենա։

Ռոյթերսը նախկինում հաղորդել էր, որ Պուտին-Թրամփ հանդիպումը վտանգի տակ է։ Հրատարակության աղբյուրները դա մասամբ կապել են Մոսկվայի դիրքորոշման հետ, որը դեմ է անհապաղ հրադադարին։ «Ամերիկացիների համար պարզ է դարձել, որ Բուդապեշտում Թրամփի հետ համաձայնություն չի լինի», – ասել է աղբյուրը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը կրկին հրաժարվել է դիվանագիտությունից, հենց որ ամերիկյան «Տոմահավկ» հրթիռների սպառնալիքը վերացել է։ Նրա խոսքով՝ Կրեմլը բանակցելու պատրաստակամություն է ցուցաբերում միայն այն ժամանակ, երբ զգում է իրական ռազմական և քաղաքական ճնշում։ «Հենց որ Պուտինը մի քանի շաբաթ առաջ զգաց իրական սպառնալիք և ճնշում, նա անմիջապես պատրաստակամություն ցուցաբերեց խոսել դիվանագիտության մասին։ Սակայն, հենց որ ճնշումը թուլացավ, ռուսները կրկին փորձում են խուսափել երկխոսությունից», – իր ելույթում ընդգծել է Զելենսկին։

«Ես ուզում եմ պաշտոնապես հաստատել, որ Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը՝ համեմատած Պուտինի և Թրամփի միջև Ալյասկայում երկարատև բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Այս պայմանավորվածությունները հիմնված են այն ժամանակ ձեռք բերված համաձայնության վրա, որը նախագահ Թրամփը շատ հակիրճ ձևակերպեց, երբ ասաց, որ անհրաժեշտ է երկարաժամկետ, կայուն խաղաղություն, այլ ոչ թե անհապաղ հրադադար, որը ոչ մի տեղ չի տանի», – ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում, ըստ ՏԱՍՍ-ի։

«Մենք շարունակում ենք լիովին հավատարիմ մնալ այս բանաձևին, և ես այն վերահաստատեցի երեկ [ԱՄՆ պետքարտուղար] Մարկո Ռուբիոյի հետ զրույցում», – շարունակել է Լավրովը։

Արցախից բռնի տեղահանված ձեռնարկատերերը ՀՀ շուկայում. խնդիրներ և լուծման առաջարկներ

Բռնի տեղահանումից հետո Արցախի հազարավոր ընտանիքների համար տնտեսական ինքնաբավությունը դարձավ ամենամեծ մարտահրավերներից մեկը։ Եթե ընտանիքները կորցրին իրենց տները, ապա ձեռնարկատերերը՝ նաև իրենց գործի տարիներով ձևավորված հիմքը․ արտադրամասերը, խանութներն ու հաճախորդների ցանցը։ Շատերն ամեն ինչ սկսեցին զրոյից, սակայն Հայաստանի տնտեսական միջավայրն ու բիզնեսի վարումը, հասկանալի պատճառներով, շատ ավելի բարդ էր, քան Արցախում։ Այս թեմային էր նվիրված «Ստեփանակերտ» մեդիա ակումբ ՀԿ-ի վերջերս կազմակերպած քննարկումը, որտեղ հրավիրված էին ինչպես բռնի տեղահանված մանրումիջին ձեռնարկատերեր, այնպես էլ հայաստանյան այն ՀԿ-ներն ու նախաձեռնությունները, որոնք ունեն այս ուղղությամբ որոշակի կատարված աշխատանքի փորձառություն:

Բիզնեսի ներկայացուցիչների խոսքով՝ հիմնական խոչընդոտը տարածքների վարձավճարն ու հարկային բեռն է։ Եթե Արցախում շահութահարկը կազմում էր 10%, ապա Հայաստանում այն 18% է։ Սա անմիջապես բարձրացնում է ապրանքների ինքնարժեքը և կրճատում մրցունակությունը տեղական շուկայում։ «Արցախում ես կարողանում էի արտադրել, վաճառել և պահպանել օպտիմալ գին։ Այստեղ նույն ապրանքը նույն գնով վաճառելն անհնար է»,– ասում է Ստեփանակերտից տեղահանված ձեռագործ արտադրողներից մեկը։

Հարկային տարբերությունը միակ խնդիրը չէ։ Նոր շուկա ինտեգրվելու դժվարությունները բազմաշերտ են՝ սկսած պահանջարկի բացակայությունից մինչև գովազդային և մարքեթինգային գործիքների տիրապետման բացակայություն։ Շատ արտադրանքներ չեն համապատասխանում տեղական շուկայի ճաշակին կամ գնային շեմին։ Ավելին՝ շուկայում բարձր մրցակցությունն ու սահմանափակ ռեսուրսները խոչընդոտում են նոր եկած ձեռնարկատերերի կայացմանը, հատկապես երբ խոսքը գնում է ոչ թե խոշոր ձեռնարկատիրությունների, այլ ՓՄՁ-ների մասին։

Շատերը փորձեցին ինքնուրույն ելք գտնել։ Նրանցից մեկն էլ Սոսեն է՝ երեք երեխայի մայր, ով մինչև 2023 թվականի սեպտեմբերը Ստեփանակերտում իր կարի մեքենայով անհատական հագուստի պատվերներ էր կատարում. «Արցախում հիմնականում պատվերներ էի ստանում հարևաններից, դպրոցներից։ Հիմա ոչինչ չունեմ, որովհետև բռնի տեղահանության արդյունքում կորցրել եմ հաճախորդներիս՝ համայնքի ցաքուցրիվ լինելու հետևանքով։ Երբ գնացի բանկ՝ փոքր վարկ վերցնելու, ասացին՝ գրավադրման ենթակա ոչինչ չունես, չենք կարող ոչնչով օգնել։ Ես ոչ տուն ունեմ, ոչ էլ այլ տեսակի որևէ գույք, բայց աշխատելու պատրաստ եմ»,- կիսվում է նա։

Սոսեի պատմությունը պատահական չէ։ Տասնյակ կանայք, որոնք Արցախում աշխատում էին որպես դերձակ, խոհարար, կոսմետոլոգ կամ ձեռագործ արտադրող, այսօր Հայաստանում կանգնել են նույն խնդրի առաջ․ նրանք ունեն հմտություն, բայց չունեն գործիք և հնարավորություն։ Այդ պատմությունները լավագույնս բացահայտում են, թե ինչու է անհրաժեշտ պետության ուղղակի աջակցությունը՝ ոչ թե բարեգործական, այլ տնտեսական զարգացման տրամաբանությամբ։

Բարոյական աջակցությունից դեպի տնտեսական կայունություն

Տեղահանման առաջին ամիսներին հանրային վերաբերմունքը համերաշխ էր․ մարդիկ գնումներ էին անում արցախցիներից ոչ այնքան ապրանքի կամ ծառայության, որքան՝ բարոյական աջակցության դրդումով։ Սակայն ժամանակի ընթացքում այդ մոտիվացիան մարեց, քանի որ մարդիկ կարծում են, որ բռնի տեղահանվածներն արդեն իսկ ադապտացվել են տեղական շուկայում և չունեն հավելյալ աջակցության կարիք։ Արդյունքում՝ վաճառքների ծավալները կտրուկ նվազել են. ըստ հարցված արտադրողների՝ մինչև 88%-ով:

Արտադրողները նշում են նաև, որ փառատոնները, որպես վաճառքի խթանման միջոց, այլևս չեն ապահովում նախկին արդյունքը․ «Փառատոններում մասնակցությունը մեծ է, բայց վաճառքը՝ ոչ»,– ասում է բռնի տեղահանված Կարինեն, ով ևս զբաղվում է ձեռագործ արտադրանքով։

Բնականաբար, փառատոնային ակտիվությունը չի կարող փոխարինել համակարգային աջակցությանը, սակայն տեղահանված ձեռնարկատերերը փաստում են, որ պետությունից որևէ ուղղակի աջակցություն չեն ստացել․ հոդվածի պատրաստման ընթացքում անցկացված օնլայն հարցման արդյունքում հարցվածների 96%-ը նշել է, որ կառավարության որևէ ծրագիր չի հասել իրենց։

Աջակցություն ստացածներն էլ հիմնականում նշում են, որ դրանք եղել են տեղական ՀԿ-ների կամ միջազգային կազմակերպությունների փոքր դրամաշնորհային ծրագրեր՝ GIZ, AGBU, Gloobing, Eurasia Partnership և այլ կազմակերպությունների կողմից՝ հիմնականում բիզնեսի վարման դասընթացների, տեխնիկայի ու սարքավորումների տեսքով։

Բիզնես դասընթացների արդյունավետությունը բռնի տեղահանված ձեռնարկատիրությունների ադապտացիայի գործում

Վերջին երկու տարում մի շարք ՀԿ-ներ կազմակերպել են ձեռնարկատիրական դասընթացներ, որոնք, ըստ նպատակների, պետք է օգնեին տեղահանվածներին վերականգնել կամ հիմնել սեփական գործը։ Բայց հարցումների համաձայն՝ դրանց արդյունավետությունը ցածր է։ Հարցվածների 50%-ը նշել է, որ չի մասնակցել դասընթացներին, 27.8%-ը՝ որ մասնակցել է, բայց չի ստացել ակնկալվող արդյունքը։

Պատճառները տարբեր են՝ բովանդակության ոչ կիրառական լինելը, իրազեկման բացակայությունը, տրանսպորտային ծախսերի անհնարինությունը։ Շատերը նշում են, որ դասընթացները հաճախ ավելի շատ կազմակերպվում են դոնորների պահանջներին համապատասխան, այլ ոչ թե տեղահանվածների կարիքների գնահատման արդյունքներով։

2023-ի սեպտեմբերից ի վեր՝ կառավարությունը տարբեր առիթներով հայտարարում է, որ իր նպատակը «ոչ թե սոցիալական աջակցությունն է, այլ պայմանների ստեղծումը», սակայն գործնականում այդ պայմանները չեն ձևավորվում։ Տեղահանված ձեռնարկատերերի համար նույնիսկ փոքր տարածքի վարձակալությունը հաճախ համարվում է անհասանելի շքեղություն։

Բռնի տեղահանված բիզնեսի ինտեգրման միջազգային փորձը

Աշխարհում գոյություն ունեն հաջողված պետական մոդելներ, որոնք կարող են կիրառվել նաև Հայաստանում՝ տեղահանված ձեռնարկատերերի համար։

Այս ծրագրերի ընդհանուր հատկանիշն այն է, որ պետությունն ուղղակիորեն է մասնակցում գործընթացին՝ ֆինանսական, խորհրդատվական և կազմակերպական մակարդակներում։ Հայաստանում նման համակարգված մոտեցում չկա։

Թեև առանձին համայքներում, օրինակ՝ Արագածոտնի մարզում, «People in Need» կազմակերպությունն իրականացնում է ծրագիր 45+ տարիքային խմբի տեղահանված տղամարդկանց համար, սակայն նման ծրագրերի ծավալը չափազանց փոքր է ընդհանուր պահանջի համեմատ։

Բացի այդ, ինչպես ընդգծում են բռնի տեղահանված ձեռնարկատերերը՝ կա ինքնավստահության խնդիր․ տեղահանված շատ ձեռնարկատերեր պարզապես չեն համարձակվում ներկայացնել սեփական հմտությունները կամ ապրանքները՝ շուկայում մրցակցելու վախից։ Սա վկայում է նաև հոգեբանական աջակցության անհրաժեշտության մասին։

Ինչպես կարող է պետությունը փոխել իրավիճակը

Տեղահանված ձեռնարկատերերը չեն խնդրում օգնություն՝ որպես բարեգործություն։ Նրանք պահանջում են հավասար հնարավորություն՝ ստեղծելու պետական քաղաքականություն, որն իրենց հնարավորություն կտա աշխատել, այլ ոչ թե սոսկ  գոյատևել։

Պետք է իրականացնել համակարգային քայլեր՝

  • Ստեղծել սուբսիդավորման պետական ծրագիր՝ տեղահանված ձեռնարկատերերի տարածքների վարձավճարի և հարկային բեռի նվազեցման համար։
  • Մշակել օնլայն հարթակների գովազդային աջակցություն՝ պետական կամ համայնքային մակարդակով՝ ապահովելով արտադրողների ներկայությունը հանրաճանաչ միջազգային հարթակներում (Wildberries, Amazon, Ozon
  • Կազմակերպել շարունակական ցուցահանդես-վաճառքներ՝ մատչելի տաղավարներով և նպատակային գնորդների ներգրավմամբ։
  • Ստեղծել բիզնես-ինկուբատորներ և մենթորության ծրագրեր, որտեղ փորձառու ձեռնարկատերերը կաջակցեն նորեկներին։
  • Ապահովել ՀԿ-ների, ինֆլյուենսերների և պետական կառույցների համագործակցություն՝ իրազեկման և շուկայում ճանաչելիության բարձրացման նպատակով։
  • Հետազոտել շուկան և մշակել կարիքահեն ռազմավարություն, որը կբխի տեղահանված ձեռնարկատերերի իրական խնդիրներից:

Աշխատելու պայմաններ, ոչ թե միայն կոչեր

Տեղահանված ձեռնարկատերերի ներուժը մեծ է՝ ձեռագործ արտադրանքից մինչև ծառայությունների ոլորտ։ Սակայն առանց քաղաքական կամքի այդ ներուժը շարունակում է մնալ որպես չօգտագործված ռեսուրս։

Հայաստանում բիզնեսի վերականգնումը տեղահանվածների համար պետք է դիտվի ոչ թե սոցիալական օգնության, այլ տնտեսական զարգացման քաղաքականության շրջանակում։ Տնտեսապես ինքնաբավ արցախցին՝ աշխատող ձեռնարկատերը, ոչ միայն սեփական ընտանիքն է պահում, այլև ներդրում է կատարում Հայաստանի տնտեսության մեջ։

Եվ հենց այստեղ է պետության դերը՝ ոչ թե խոսել աշխատանքի մասին, այլ ստեղծել աշխատանքի իրական պայմաններ։

Մարիամ Աբրահամյան

Ալիևի որոշումը․ սենսացիա՞, թե՞ Հայաստանը “անվերահսկելի տրանզիտ գոտու” վերածում

Այսօր Ալիևը հայտարարել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին: Ինչպես պարզվել է, խոսքը ոչ թե Հայաստան-Ադրբեջան սահմանակետով ապրանքների շրջանառության մասին է, այլ երրորդ երկրների միջոցով տրանզիտի։ 

“Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև՝ ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը”, գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Այսօր նաև ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է ասել, որ օրերս կսկսվեն Գյումրի-Կարս երկաթգծի վերագործակցման, նաև հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ քննարկումներ։

Բաքվի լրատվամիջոցները սենսացիա են անվանել Ալիևի որոշումը, իսկ քաղաքական գործիչնները միանգամից հայտնել, որ հիմա էլ Հայաստանի հերթն է։ Ինչ քայլ են Բաքվում սպասում Հաաստանից, ակնհայտ է․ մինչև այսպես կոչված “Զանգեզուրի միջանցքի” գործարկումը, որն, ըստ Ալիևի, կբացվի 2028-ի վերջերին, ապահովել Հայաստանի միջոցով անսահմանափակ տրանզիտ Թուրքիայի և Ադրբեջանի մեջ։

Ո՞ր երկաթուղով այն տեղի կունենա և ինչն է խանգարում նման տրանզիտը Իրանի կամ Վրաստանի միջոցով կազմակերպել՝ պարզ չէ։

Երեւանը և՞ս կվերացնի “սահմանափակումները” Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան գնացող բեռների համար, թե՞ կբացի սահմանակետ հենց Ադրբեջանի հետ։ Թեկուզ Հայաստանը վաղուց է հայտարարել, որ պատրաստ է սահմանակետերը բացել։ Մնում է մի փոքր մանրուք՝ որ Բաքուն էլ բացի սահմանակետը։ Հակառակ դեպքում Ալիևի “սենսացիան” կարող է վերածվել Հայաստանի տարածքը անվերահսկելի “տրանզիտ գոտու”։

Հայաստանի կարող է պնդել, որ Ռուսական երկաթուղին վերջապես կառուցի հայկական երկու երկաթգծերն իրար կապող Ֆիոլետովոյի մի քանի կիլոմետրանոց հատվածը, ինչը թույլ կտա Գյումրիից Վանաձորով բեռները հասցնել Դիլիջան և Տավուշ, այնտեղից էլ՝ Թովուզ։

Քանի չկա այդ շխթան, Հայաստանի տարածքով տրանզիտը անհասկանալի է դառնում, առավել ևս, որ գոյություն ունի մեծ ոգևորությամբ կառուցած Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթգիծը, որը 10 տոկոսով էլ չի ծանրաբեռնված։  Եթե Բաքվից Կարս բան կա տանելու, թող այդ երկաթգծով տանեն։

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը։

«Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ»,-գրել է  նա:

 

Առաջին բեռը Ադրբեջանով հասել է Հայաստան, սակայն պարզ չէ, թե որ անցակետով

Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, հայտարարել է Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի ասուլիսում։

Ալիևը նշել է, որ առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի խմբաքանակ էր, որը նախատեսված էր Հայաստանի համար։

Ալիևը չի մանրամասնել, թե բեռը որ անցակետով է մտել Հայաստան։

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հունվարի 1-ից զինծառայության ժամկետների փոփոխությանը։

«Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026-ի ամառային զորակոչից: Այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ, որոշել եմ, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026-ի հունվարի 1-ից: Այսինքն՝ 2026-ի հունվարի 1-ից՝ ձմեռային զորակոչից, Հայաստանում ժամկետային զինծառայությունը երկու տարվա փոխարեն կլինի մեկուկես տարի»,- տեսանյութում ասել է Փաշինյանը։

Հանդիպում է նախատեսվում Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման հարցով

Մոտ ժամանակներս թուրքական կողմի հետ տեղի կունենա միջգերատեսչական հանդիպում՝ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման հարցով։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա հստակ չասաց՝ թուրքական կողմի հետ հանդիպումը դարձյալ Հայաստանո՞ւմ է լինելու։ «Կասենք հետո»,- նշեց Ռուբինյանը։

Նա հավելեց, որ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ եւս քննարկումներ են ընթանում։

Լրագրողները նաեւ հարց ուղղեցին այն մասին, թե երբ Սերդար Քըլըչը այցելեց Հայաստան, նրա անձնագրում մուտքի եւ ելքի կնիք դրվե՞լ էր։ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ պետք է այլ մարմիններին ուղղել այդ հարցը։