Ռուսաստանը դրոններով և հրթիռներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային

Գիշերը Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին։ Հարձակումից վնասվել է մայրաքաղաքը և մի քանի շրջաններ. կան զոհեր, վիրավորներ և մեծածավալ ավերածություններ, հաղորդում է Dialog.UA-ն։ Կիևում ռուսական հարվածները հանգեցրել են ողբերգական հետևանքների։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ զոհվել է ութ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա։ Վիրավորվել է 38 մարդ, այդ թվում՝ անչափահասներ, 30 մարդ հոսպիտալացվել է։

Մայրաքաղաքում հրդեհներ և ավերածություններ են գրանցվել քսանից ավելի վայրերում։ Ուղիղ հարվածից ավերվել է հինգհարկանի բնակելի շենք, մարդիկ մնում են փլատակների տակ։ Վնասվել են բարձրահարկ շենքեր, մասնավոր տներ, գրասենյակային շենքեր, առևտրի կենտրոն, մանկապարտեզ և կայանատեղի։

Նախընտրական պայքար․ հասարակությունը Արցախը փակագծերից դո՞ւրս չի դնում

Ինպիչմենտի գործընթացի ձախողումից և օգոստոսի 8-ին Վաշինգրոնյան գործընթացներից հետո Հայաստանում մեծ թափով մեկնարկել է նախընտրական պայքարը։ 

Մինչ հիմա ցանկացած պայքարի հիմքում Ղարաբաղյան ժարժումն էր՝ որպես ազգային գաղափարախոսության առանցք։ Հիմա ոչ մի կուսակցություն դեռ չի ներկայացրել խաղաղության իր գաղափարախոսությունը։ Առավելագույնը խոսվում է արցախցիների վերադարձի մասին և գրեթե չի խոսվում Միացումի, Արցախի դեօկուպացիայի մասին։ Այսինքն՝ այս հարցով Հայաստանի քաղաքական դաշտում մեծ տարաձայնություններ չկան, իսկ իշխանությույան դիրքերն այս հարցում ավելի ուժեղ են։ Սակայն հասարակությունը Արցախի հարցը փակագծերից դուրս չի դնում, և քաղաքական ուժերը ստիպված կլինեն դիրքորոշում հայտնել այդ հարցի շուրջ։

Մինչ իշխանությունը փորձում է օգտվել «նախընտրական զինադադարից», ինչպես օգոստոսի 8-ը անվանում է Լևոն Զուրաբյանը, և ներկայանալ որպես խաղաղության մոնոպոլիստ, մնացած ուժերը փորձում են համախմբվել։ Բոլորը գիտեն, որ ներկայիս ընտրական համակարգով առանձին-առանձին անիմաստ է գնալ ընտրություններին, քանի որ եթե քիչ ձայներ հավաքես, դրանք բաժին կհասնեն խոշոր միավորումներին։

Արդեն նկատելի են որոշ գործընթացներ։

Սամվել Կարապետյանի ընտանիքը պատրաստվում է ստեղծել «Մեր ձեւով» կուսակցություն։ Արդեն հայտարարվել է, որ այն կապ չունի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։

Թեկուզ Սերժ Սարգսյանը ասել է, որ կսատարի Կարապետյանի կուսակցությանը, բայց նաև հայարարել է, որ ընտրություններին մասնակցելու ՀՀԿ-ն որոշում դեռ չի ընդունել։

Ինչ վերաբերվում է Քոչարյանին, ապա տեղեկություն կա, որ ՀՅԴ-ն ուզում է անջատվել երկրորդ նախագահից և ինքնուրույն գնալ ընտրություններին։

Ղարաբաղյան հարցի «բացակայությունը» դիսկուրսում խաղից դուրս է դնում նաև առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին, որոնք օրգանիկորեն կապված են Արցախյան խնդրի հետ։

ԶԼՄ-ը գրում են, որ օրերս հանդիպել են ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանը եւ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, «Հայոց տուն» նախաձեռնության հիմնադիր անդամ Արմեն Չարչյանը։

Բավական աղմուկ է հանել նաև իրավապաշտպան Նինա Կարապետյանցի մուտքը քաղաքականություն․ նա միացավ ՆԺԱՐ շարշմանը։

Այս պարագայում, եթե չլինի ֆորս մաժոր, Փաշինյանի և ազգային պայքարից ու Արցախից հրաժարվողների հաղթանակը անխուսափելի է դառնում։ Չնայած, որ հասարակությունը այլ կարծիքի է։

Մինչև օգոստոսի 5-ը ARAR հիմնադրամի անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն, հարցին՝ արդյո՞ք Արցախի կորուստը ժամանակավոր է, 91 տոկոսը (2023 թվականին՝ 70 տոկոսը) կարծում է, որ դա ժամանակավոր է։ Միայն 7,3 տոկոսն է Արցախի կորուստն անդառնալի համարում։

Հարցվածների 95 տոկոսը ամենակարևոր խնդիրների շարքում նշել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։

Ասկերան. 2020 թվականի նոյեմբերին վերադառնալուց հետո պատրանքները արագորեն ցրվեցին

Ասկերան քաղաքը 44-օրյա պատերազմի ընթացքում ավերիչ հրետակոծության չենթարկված ղարաբաղյան միակ քաղաքն էր։ Արդեն նոյեմբերին, երբ դադարեցին ռազմական գործողությունները, բնակիչները վերադարձան իրենց տները, այստեղ ժամանեցին նաև մեծ թվով մարդիկ, որոնք բռնի տեղահանվել էին օկուպացված տարածքներից։ Քաղաքի շենքերը անվնաս էին, և ենթակառուցվածքները վերականգնվում էին։

Ասկերանի բնակիչներից մեկի խոսքով՝ սկզբում մարդիկ հույս ունեին կապված խաղաղապահների հետ, սակայն պատրանքները ցրվեցին, երբ ազերիները սկսեցին առևանգել և սպանել խաղաղ բնակիչների, Քարագլուխը հանձնվեց, իսկ շրջափակման ընթացքում պարզ դարձավ, որ Ռուսաստանն ունի իր շահերը, և այսպես կոչված խաղաղապահ առաքելությունը ոչ մի կապ չունի Արցախի ժողովրդի հետ։

Ալվարդ Գրիգորյան

Ասկերան, դեկտեմբեր, 2020 (լուսանկարներ)

Ես չեմ հավատում, որ Մինսկի խմբի լուծարումը ձեռնտու է Եվրոպային

Մինսկի խմբի լուծարման մասին Հայաստանի եւ Ադրբեջանի դիմումից հետո Արցախի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին իրականացնել իրենց լիազորությունները, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում վետոյի իրավունքը, Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար, մինչև չստեղծվեն ամուր երաշխիքներ՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն ապահովելու համար։

Step1.am-ի հետ զրույցում արցախցի գործիչ Գագիկ Ավանեսյանն անդրադարձել է հարցերին, թե ո՞ր երկրները կարող են վետոյի իրավունքը կիրառել, եթե, օրինակ, Մինսկի խմբի համանախագհներից Ֆրանսիան ողջունել է այդ որոշումը։ Եվ արդյոք ի՞նչ հետեւանք կունենա հայկական կողմի համար Մինսկի խմբի լուծարումը։

Ավանեսյանի խոսքով՝ այն, որ մի խումբ երկրներ Հարավային Կովկասում վարում են իրենց ուզած քաղաքականությունը, այնպես չէ, որ մյուս երկրների կողմից միանշանակ ողջունվում կամ ընդունվում է դա։

«Օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթուղթը ողջունելը ուրիշ հարց է, բայց լուծարել Մինսկի խումբը, ես չեմ հավատում, որ շահագրգիռ երկրները կամ ուժային կենտրոնները Հարավային Կովկաս մտնելու իրենց լծակyը սեփական ձեռքով կոչնչացնեն։ Այսօր Թրամփն է, բայց դա չի նշանակում, որ սա երկար է շարունակվելու, Եվրոպան ունի իր շահերը, եւ Եվրոպայի՝ Հարավային Կովկաս մտնելու տարբերակը Հայաստանն ու Վրաստանն են։ Հայաստանի պարագայում դա Ղարաբաղն ու Մինսկի խումբն է։ Ես չեմ հավատում, որ այդ գործարքը ձեռնտու է Եվրոպային՝ Ֆրանսիան կլինի, Ֆինլանդիան կլինի, թե Գերմանիան։ Դա անգամ վետոյի հարց էլ չի, չեն ստորագրում, եւ վերջ, որովհետեւ դա կոնսենսուսով է ստեղծվել»,- ասաց Ավանեսյանը։

Այն, որ Ֆրանսիան ողջունել է Մինսկի խումբը լուրածելու մասին Հայաստանի ու Ադրբեջանի դիմումը, Գագիկ Ավանեսյանի խոսքով՝ դեռ չի նշանակում, որ հարցը փակվում է, այնտեղ այլ երկրներ էլ կան։

Նրա խոսքով՝ Մինսկի խմբի ստեղծումը նաեւ Հայաստանի սուբյեկտայնության արձանագրումն է։ Մինսկի խումբը միայն Ղարաբաղյան հակամարտության հարցով չի զբաղվում, դրանով նաեւ հայկական շահերն են ճանաչվում։ «Եթե Մինսկի խումբը լուծարվի, Հայաստանի նկատմամբ սպառնալիքները միանշանակ շատանալու են։ Եթե արցախցիների իրավունքների հարցերն անտեսվեն, կարելի է հայերին մաս-մաս տեղահանել։ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ․․․ ինչպես 35 տարի անցել է, եւ այս իրադարձությունների մասին խոսող չկա, այնպես էլ հիմա արցախցիների հարցն են մոռացության տալիս։

Հետո Սյունիքը կլինի, Տավուշը կլինի, աշխարհում նման ճգնաժամային իրավիճակների դեպքում կարող են առիթից օգտվել։ Այսօր աշխարհը Ուկրաինայով է զբաղված, դրա ստվերում տեսնում եք, թե ինչ է արվում։ Փաստորեն Արցախի 2023 թվականի բռնի տեղահանության մասին չեն խոսում, տպավորություն է, որ բոլորը Ուկրաինայով են զբաղված, ոչ ոքի դարդը չէ մեզանով զբաղվել»,- ասաց նա։

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են գնալ զիջումների ճանապարհով, հիմա էլ «Թրամփի ուղի» անվան տակ միջանցք են տալիս, եւ այս զիջումների վերջը չի երեւում։

Ռոզա Հովհաննիսյան

Հայաստանի անկախության հռչակագրի շուրջ ծիսական պարեր սեպտեմբերի 2-ին

ՀՅ Դաշնակցությունը, բաց թողնելով օգոստոսի 23-ը՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը, կոչ արեց սեպտեմբերի 2-ին մասնակցել մեծ հանրահավաքի՝ հանուն «մեր իրավունքների, արժանապատվության, Հայաստանի Հանրապետության»։

Միաժամանակ,  Artur Osipyan-ը դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով պարզաբանել, թե Անկախության հռչակագրի որ կետն է անարդար կամ չի համապատասխանում միջազգային իրավունքին, այդ պատճառով էլ Փաշինյանը փաստաթուղթն անվանեց «պետության չգոյության» հռչակագիր։

Սակայն, ըստ երևույթին, Հայաստանում հազվագյուտ կոնսենսուս է ձևավորվել Անկախության հռչակագիրը և դրանում ամրագրված Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին որոշումը չհիշատակելու վերաբերյալ։

Ավելի տեղին կլիներ, որ Դաշնակցությունը և այլք, ովքեր իսկապես պաշտպանում են Արցախի ժողովրդի իրավունքները, հանրահավաք անցկացնեին օգոստոսի 23-ին։ Սակայն, ըստ կոնսենսուսի, այդ օրը հանրահավաքներ չէին նախատեսվել, և Փաշինյանը ազատորեն, առանց առարկության, այդ օրվա իր ուղերձում բառացիորեն վարկաբեկեց Արցախյան շարժման պատճառները, և դրա հետ մեկտեղ՝ հայ ժողովրդի կամքն ու նրա իրավական գիտակցությունը։

Ալիևը չի պահանջում սեպտեմբերի 2-ի չեղարկումը, այլ պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը, քանի որ հենց այնտեղ են ամրագրված հայերի իրավունքները Արցախի նկատմամբ։

Հայկական քաղաքական ուժերը վախենում են նույնիսկ բարձրաձայն խոսել Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին, քանի որ դա ենթադրում է մեծ պատասխանատվություն։ Ավելի հեշտ է վերցնել դափը և ծիսական պարեր սկսել Անկախության հռչակագրի շուրջ։

Առաջին կուրսում սովորող արցախցիները ևս կստանան կրթաթոշակ՝ ուսման վարձի փոխհատուցման համար

Վերջին շրջանում մեզ հաճախ են դիմում Ղարաբաղից տեղահանված ընտանիքները, նշելով, որ պետությունը նախորդ տարի ունեցավ որոշում, որ ուսման վարձի փոխհատուցման համար կրթաթոշակ տրամադրվեց առաջին կուրս ընդունվածներին, ես ուզում եմ նշել, որ այս քաղաքականությունը կշարունակվի։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այսինքն բոլոր նրանք, որոնք ընդունվել են առաջին կուրս բարձրագույն կրթության մակարդակում, մենք խոսում ենք շուրջ 240 ուսանողի մասին մեր տվյալներով, և նրանք, որոնք կընդունվեն ՄԿՈՒ համակարգ, վճարովի համակարգով, կստանան պետության կողմից կրթաթոշակ ուսման վարձի փոխհատուցման համար։

Առաջիկայում կլինեն համապատասխան կառավարության որոշումները, բայց ես կարևոր եմ համարում դա կոմունիկացնել, որովհետև գիտեմ, որ այս հարցը բավականին բարձրացվում է և տեղին է։ Մյուսները արդեն իսկ ստանում էին, այսինքն նրանք, որոնք արդեն ընդունվել էին և ստանում էին այս ծրագրի շահառու էին, նրանք, ովքեր նոր են ընդունվում, նրանց համար նույնպես պետությունը կկիրառի այս նույն քաղաքականությունը նույն պայմաններով»,– ընդգծեց նախարարը։

Բայրամովի սենսացիոն խոստովանությունը․ ինչու կանգնեցվեց 44-օրյա պատերազմը

Օգոստոսի 8-ից անցած այս մի քանի շաբաթվա մեջ պաշտոնական Բաքուն և Երևանն այնքան բան բացահատեցին, որ ապագա միջազգային տրիբունալին արդեն գործ չի մնա անելու։ 

Նախ, Նիկոլ Փաշինյանը բառացիորեն խոստովանեց, թե ինչու է հրաժարվել 2019 թվականին առաջարկված զիջումներից, չնայած սա 44-օրյա պատերազմից խուսափելու միակ միջոցն էր։ Նա ասաց, որ հակառակ դեպքում Հայաստանը կկորցներ իր անկախությունը։ Նա չմանրամասնեց, թե ինչպես դա կպատահեր, սակայն հավանաբար հույս ուներ, որ Արցախի հարցը վերջնական կփակվեր օկուպացիայով և տեղահանությամբ, և Բաքվի և Անկարայի հետ խաղաղություն կսկսվի։

Սակայն Ռուսաստանը փրկեց Բաքվին, կանգնեցնելով պատերազմը և Արցախ զորք մտցնելով։ Դա Բաքվին թույլ տվեց 3 տարի ուժ հավաքել, ստանալ համաշխարհային ուժերի կոնսենսուս և հարմար պահի ավարտել գործը։

Այսօր դա խոստովանեց Բաքվի ԱԳՆ ղեկավար Բայրամովը, որն ասաց, որ 44-օրյա պատերազմի շարունակությունը Ադրբեջանին սպառնում էր շատ վտանգավոր սցենարներով։

Նա բացատրել է, որ Ալիևի որոշումը՝ դադարեցնել պատերազմը «Ստեփանակերտից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա» փրկել է Ադրբեջանին շատ վտանգավոր սցենարներից։ Բայրամովը մանրամասնել է, որ կանխվել է տարածաշրջանում արտաքին միջամտությունը, Բաքուն նաև խուսափել է միջազգային ճնշումից՝ էթնիկ զտումների մեղադրանքներով։ Ռուսական միջամտությունը Բայրամովը “արտաքին” չի համարում։

Նա հայտնել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում «մի շարք առաջատար խաղացողներ» սպառնացել են Ադրբեջանին պատժամիջոցներով։

Ո՞վ էր սպառնացել Ալիևին և ի՞նչ կլիներ, եթե 2020 թ․ ամեն ինչ ավարտվեր։ Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը չի թմբկահարել, չի ստիպել այդ խաղացողներին սանձել Ալիևին, միջազգային զորքեր մտցնել Արցախ և հայտարարել օկուպացիայի մասի։ Ինչո՞ւ է ստորագրվել հենց Պուտինի ներկայացված “խաղաղությունը”։

Երբևէ Փաշինյանը նաև այս հարցերին կպատասխանի։

Իսկ այսօր Ալիևն է խոստովանել, որ «եթե մենք ցանկանայինք արգելափակել հայ-իրանական սահմանը, դա կանեինք դեռ 2020 թվականի նոյեմբերին»: Նա չի ասել, թե ինչու դա չարեցին՝ որ Իրանը զենք է կուտակել սահմանին, իսկ միջազգային խաղացողները սանկցիանեով էին սպառնում։

Նա շեշտել է միայն, որ ռազմական տեսանկյունից Սյունիքի հարավային հատվածի գրավումը լուրջ դժվարություն Բաքվի համար չէր ներկայացնում։

Ապա ինչո՞ւ չգրավեցին։ Գուցե, Հայաստանը խոսք է տվել ամեն ինչ “խաղաղությա՞մբ” անել։

Նաիրա Հայրումյան

Քրիստինե․ Երեխաներս հագուստ չունեն, որ գնան դպրոց

Լոռու մարզի Դեբետ գուղում է ապրում Արցախից տեղահանված Քրիստինե Թանդիլյանի ընտանիքը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ թշնամու վերահսկողության տակ է անցել Քաշաթաղի շրջանը, նրանց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։ Նախ բնակություն հաստատել Աքորի գյուղում, ապա՝ Դեբետում, որտեղ նրանց մի փոքրիկ տուն է հատկացվել։

Տեղահանված ընտանիքը շատ ծանր պայմաններում է ապրում։

-Երեք երեխա ունեմ։ Ավագ որդիս՝ Գոռը, 18 տարեկան է։ Մոտ 2 ամիս է, ինչ մեկնել է ծառայության․ այն անց է կացնում մեզանից հեռու գտնվող զորամասում։ Ոչ մի հնարավորություն չունենք նրան տեսակցության գնալու, ինչի համար շատ ենք նեղվում՝ իմանալով, որ մեր որդու աչքը ճանապարհին է։

Դուստրս՝ Մարիամը, 11 տարեկան է, փոխադրվել է 5-րդ դասարան, իսկ փոքր որդիս՝ Գարիկը, 9 տարեկան է։ Նա 3-րդ խմբի հաշմանդամություն ունի։ Այդ պատճառով չեմ կարողանում աշխատանքի գնալ, որովհետև երեխաս անընդհատ իմ հսկողության տակ է գտնվում։ Քաշաթաղում աշխատում էինք, մեր կարիքները հոգում։ Այստեղ շատ դժվար է, մի կերպ ենք գոյատևում։ Մի քանի ամիս առաջ ամուսինս աշխատանք գտնելու համար մեկնել է Երևան, սակայն մինչև հիմա դեռ աշխատավարձ չի ստացել։ Շուտով սեպտեմբերի 1-ն է։ Երեխաներս դեռ պատրաստ չեն դպրոց գնալու։ Ոչ հագուստ ունեն, ոչ կոշիկ, ոչ էլ գրենական պիտույքներ։ Մարիամը հրաշքի է սպասում, որ ինքն էլ բոլոր երեխաների նման գեղեցիկ շորեր, պայուսակ կունենա ու անպայման կգնա դպրոց։ Ինչքան էլ բացատրում եմ, որ հնարավորություն չունենք, միևնույն է երեխաներս սպասում են, որ կգտնվեն բարի մարդիկ ու կօգնեն մեր ընտանիքին,- ասում է Քրիստինեն ու ավելացնում, որ տանն անգամ սնունդ չկա։ Տատիկն էլ ոտքը կոտրել է, խնամքի կարիք ունի։

Թանդիլյանները չգիտեն, թե երբ հաջողությունը կժպտա իրենց, երբ կկարողանան բոլորի նման լիարժեք ապրել ու չմտածել՝ ինչ եփել ճաշին, ինչպես սնունդ հայթայթել։

Այս ընտանիքը զրկված է նորմալ ապրելու համար ամենասովորական պայմաններից։ Չունեն հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա։ 11-ամյա Մարիամը երազում է հեռախոս ունենալ, որ կարողանա երբեմն զանգահարել զինվոր եղբորը, լսել նրա բարի խորհուրդները:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Սեպտեմբերի 2-ին Եռաբլուրում կբացվի «Արցախի կանչը» հուշահամալիրը

Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին, բոլորին հրավիրում ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը։
Հուշակոթողը նվիրված է Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների, Արցախում հանգչող մեր հայրենակիցների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների անմար հիշատակին։
Արարողության շրջանակում կիրականացվի խաչքարերի օրհնության կարգ, իսկ հուշակոթողի պատվանդանին կզետեղվեն ծաղիկներ։

Նեթանյահուն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին․ «Ես հենց նոր արեցի։ Ահա, խնդրեմ»

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելն ավելի վաղ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդը փոդքասթի ժամանակ հիշեցրել է, որ Հոլոքոստը ճանաչել է 193 երկիր, և նկատել, որ եթե կա մի երկիր, որն ակնկալվում էր, որ պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, ասորիների և հույների ցեղասպանությունը, Իսրայելն է: Նեթանյահուն պատասխանել է. «Կարծում եմ՝ փաստացի ճանաչել ենք։ Քնեսեթը նմանատիպ բանաձև է ընդունել»:

Այդպիսի օրենք, սակայն, Քնեսեթը չի ընդունել։

Հարցին, թե ինչո՞ւ ոչ մի իսրայելցի վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանությունը, Նեթանյահուն արձագանքել է. «Ես հենց նոր արեցի։ Ահա, խնդրեմ»։

Կոմֆորտ զոնան սահմանին. Մարիամ Սարգսյանի օրագիրը

Դասավանդիրյան առաջին միջոցառումներից մեկի ժամանակ ստացանք նամակներ, որտեղ աշակերտները ողջունում, ոգևորում և խրախուսում էին ապագա ուսուցիչ-առաջնորդներին։ Այդ պահը լավ եմ հիշում․ բոլորը կարդում էին նամակները, և մի ջերմ ալիք էր անցնում յուրաքանչյուրի դեմքով։ Ինձ բաժին հասած նամակն այսպես էր սկսում․ «Բարև սիրելի ապագա ուսուցիչ-առաջնորդ, ես քեզ գրում եմ սահմանային․․․»։

«Սահմանային» բառը կարդալով՝ մարմնովս սարսուռ անցավ, բայց նաև անչափ մեծ պատասխանատվություն զգացի, որովհետև ինձ՝ սահմանից եկածիս, գրում էին սահմանից․․․

Արդեն երկրորդ օրն է, ինչ գիշերում ենք մեզ «բաժին հասած» գյուղում, որը սահմանային Կոթին է՝ Տավուշի մարզում։ Երբ իմացանք, որ պետք է Կոթի տեղափոխվենք, բնականաբար համացանցում սկսեցի փնտրել տեղեկություններ՝ տեղակայվածություն, բնակչություն, ապրելակերպ։

Յութուբյան առաջին տեսանյութերում Կոթիի անունը միշտ կապվում է սահմանային միջադեպերի, կրակոցների հետ։ Մեր ընկերներից մեկը մի անգամ սև հումոր արեց․ «Գնում եք ձեր կոմֆորտ զոնան»։

Ճանապարհը դեպի Կոթի անցնում է հայ-ադրբեջանական սահմանին չափազանց մոտ՝ Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս։ Մի տեղ նույնիսկ հետիոտնային անցումը ավարտվում է հենց սահմանազատիչ պատի մոտ։

Վերջին անգամ Հակարին անցնելիս էի տեսել այսքան ադրբեջանական դրոշներ, իսկ այստեղ կարծես դրոշների մենամարտ է․ մի տեղ մերը, քիչ անց՝ իրենցը, հետո նորից մերը, հետո նորից իրենցը՝ չափերով ավելի մեծ․․․

Լույսը բացվեց աքլորների կանչով․ շուրջ երկու տարի չէի լսել այդ ձայնը։ Խաղաղությունն այնքան շատ էր այս լուսաբացին։ Նստած էինք պատշգամբում, երբ Սաթէն՝ 2,5 տարեկան աղջիկս, ուշադիր լսում էր գյուղի ձայները և զարմանքով երբեմն կրկնում, երբեմն կռահում, թե ինչի ձայն է։ Քանի որ կենդանիներին հաճախ միայն նկարներով է տեսել․․․

Տունը, որտեղ տեղակայվել ենք, շատ է հիշեցնում իմ մանկության տները՝ Մուշկապատում պապիկիս տունը և Ճարտարում՝ տատիկիս տունը։ Բարձրադիր, լուսավոր, բարձր առաստաղներով, մեծ սենյակներով, սովետական պարծանք համարվող կահույքով ու սպասքով։

Երեկոյան եկան մեր տանտերերը։ Գրիգորի պապիկն ասում է, որ իրենց նախնիներն էլ են Արցախից եկել՝ իր պապի պապը։ Փորձում էր մտաբերել, թե իր պապը որ տեղանունն էր տալիս, ու որպեսզի սխալ տեղեկություն չտա՝ խորհուրդ տվեց դիմել պատմության գիտակ մեկ ուրիշի։

Խոսում ենք խաղաղությունից, սահմանից, ու ցույց է տալիս դիմացի բլրակը, որն անտառապատ է․ «Սա է մեր գյուղի սահմանը։ 38 կմ սահման ունի։ Ա՛յ, էն որ տեսնում ես՝ արդեն իրենք են»։

Էն, որ տեսնում էի, հենց դիմացի բլուրն էր․ առավոտյան հիանում էի այդ անտառածածկ բարձունքով։

Խոսում են, կատակում, և հասկանում եմ՝ ինչքա՜ն շատ էի կարոտել այս անկեղծությանն ու մաքրությանը։

Երեկոյան առանց կանչելու, առանց ավելորդ ուշադրության աստիճաններով բարձրացավ մի մարդ՝ կապույտ պլաստմասե դույլը ծանր բռնած։ Ծանոթացման սովորական ծես է գյուղում․ դիմացի հարևան Հովհաննեսն է։ Կովեր ունեն, ու այնպես հասկացա, որ այսօրվա կաթը մեզ բաժին հանեց։

Զրուցում էին Հովիկն ու Հովհաննեսը, ով չորս երեխա ունի։ Հուզված այդ վերաբերմունքից՝ խոսակցության կեսը չէի լսում։

Ամփոփում ենք օրն ու Հովիկն ասում է․ «Հովհաննեսը 30 տարի սարում էր, անասուն էր պահում։ Հիմա ասում է՝ հոգնում եմ, չեմ կարողանում։ Հարցրի՝ երեխաները չեն օգնու՞մ։ Պատասխանեց՝ լավ են սովորում, չեմ ուզում ուսումից կտրեմ․․․»։

Լռում ենք ու հասկանում եմ, որ այո, «կոմֆորտ զոնան» հենց սա է՝ իսկական, նպատակային, պարզ, չափազանց անկեղծ, բայց նախ մարդկայնությանը ավելի մոտ լինելու տեսանկյունից։

Այս երեկո, երբ բոլոր ձայները մարեցին ու գյուղը խոր քնի մեջ էր, երկար մտածում էի այն նամակի մասին, որտեղ առաջին անգամ կարդացի «սահմանային» բառը։ Հիմա ես իսկապես սահմանին եմ, բայց ոչ թե միայն որպես գիծ քարտեզի վրա, այլ որպես ապրելու, կիսվելու, հավատալու տեղ։

Կոթին ոչ միայն մեզ բաժին հասած գյուղ է, այլ մեր ընտրությունն է լինելու՝ մարդկանց անկեղծության, երեխաների աչքերի լույսի ու վաղվա խաղաղության հավատով։

Մարիամ Սարգսյան

Մարիամը և նրա ամուսինը՝ Հովիկը, դարձան «Դասավանդի՛ր, Հայաստան» համահայկական ծրագրի շահառուներ և նշանակվեցին Կոթի գյուղ։ Կարդացեք Մարիամի օրագրի սկիզբը այստեղ։

Բաքուն խոստովանում է․ նա դեռ ոչինչ չի ստացել

Ստեփանակերտ, 2023-ի սեպտեմբերի 19-ը

907-րդ բանաձևի չեղարկումը Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր փուլի սկիզբ է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա սակայն հավելել է, որ այդ ուղղությամբ ԱՄՆ Կոնգրեսի հետ համապատասխան աշխատանքներ կիրականացվեն՝ երկու երկրների միջև կապերն էլ ավելի ամրապնդելու համար։

907-րդ բանաձևը իրականում կարող է չեղարկել միայն Կոնգրեսը, և Բայրամովը խոստովանում է, որ 1992 թվականից դա չի արվել։

Նա նաև ասել է, որ Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Հայաստանի Սահմանադրությունը և «լիովին կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»։

Բայրամովը նշել է, որ Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրում «հատկապես ընդգծվում է Նախիջևանի հետ անխոչընդոտ հաղորդակցության կարևորությունը՝ որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»։

Արցախը և Նախիջևանը “անբաժանելի մաս” կդառնան միայն ՀՀ Սահմանադրությունը փոխելու և Կարսի պայմանագրով սահմանված սահմանները “հաստատելու” դեպքում։ Հենց դա է պետք Բաքվին, և նա դեռ չի ստացել դա։ 

Մինչև այս տարվա հունվարի վերջը «Հայաստանը չի ընդունել միջազգային դատարաններից հայցերի հետկանչի և սահմանին երրորդ ուժերի տեղակայման անթույլատրելիության վերաբերյալ կետերը» – հատարարել է Բայրամովը, ասելով, որ Վաշինգտոնում դա արվել է։ Սակայն համաձայնագիրը դեռ չկա, և պարզ չէ, հայցերը հետ կկանչվե՞ն, թե՞ ոչ։

Բայրամովը փաստորեն խոստովանում է 3 հիմնական հարց, որոնց լուծումը չի կարողավել ստանալ, չնայած ագրեսիային, ցեղասպանությանը և հայերի տեղահանությանը․ 1․ ԱՄՆ Կոնգրեսը դեռ չի չեղարկել 907-րդ բանաձևը, որը 1992 թվականից Ադրբեջանին ագրեսոր է ճանաչում, 2․ Արցախը և Նախիջևանը չեն ճանաչվում Ադրբեջանի “անբաժանելի մաս”, քանի  դեռ ՀՀ Սահմանադրությունը փոխված չէ, 3․ Հայաստանը հետ չի կանչել Ադրբեջանի դեմ հայցերը միջազգային դատարաններից, որոնք Արցախում էթնիկ զտումը ճանաչող միջանկյալ որոշումներ ունեն։