Լիաննա Պետրոսյան․ «Սերտիֆիկատ ստացած ընտանիքների նույնիսկ կեսը չի կարողացել իրացնել այդ սերտիֆիկատը»․ Առավոտ

Առավոտ

Արցախցիները չեն կարողանում լիարժեք իրացնել բնակապահովման ծրագրի շրջանակներում իրենց հատկացված հավաստագրերը, քանի որ մի կողմից բնակարանների գներն են թանկացել, մյուս կողմից էլ մարդիկ չեն կարողանում հավաստագրի գումարից զատ լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավել, որպեսզի նորմալ պայմաններով բնակարաններ գնեն։ Արցախցիները, որոնց մեծ մասը Հայաստանում գրանցված աշխատանք չունեն կամ էլ հայտնի պատճառներով դասակարգված վարկեր ունեն, պարզ ասած՝ «սեւ ցուցակում» են ընդգրկված, բազմիցս են ահազանգել, որ խնդրի առաջ են կանգնել, չեն կարողանում օգտվել բնակապահովման ծրագրից։

Արցախցիները սկսեցին սոցիալական ցանցերում ահազանգել գնաճի մասին, մարդիկ գրում էին, որ անգամ հեռավոր Գեղարքունիքի մարզում տների գները թանկացել են։

Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ արցախցիներից շատերը չեն կարողանում իրացնել արդեն ստացած հավաստագրերը։

«Ընդամենը մեկ բաղադրիչով է կարգավորվել խնդիրը, այդ բաղադրիչը հետեւյալն է՝ դասակարգված վարկեր ունենալու դեպքում, եթե սերտիֆիկատի գումարը բավարար է, որ գործարքը կատարվի, մարդկանց վարկային պատմությունն ու սեւ ցուցակի մեջ գտնվելը հաշվի չի առնվում»,- ասաց նա։

«Սերտիֆիկատ ստացած ընտանիքների նույնիսկ կեսը չի կարողացել իրացնել այդ սերտիֆիկատը»,- ասաց Լիաննա Պետրոսյանը։

«Միայն դեռ մի բանկ գիտեմ, որ գործարք է անում արցախցիների հետ։ Հիմա հարցը ո՞ր դաշտում է՝ պետությունն է մեխանիզմը սխալ կառուցել, թե՞ բանկերն են խուսափում հավելյալ ռիսկերից։ Արդյունքում՝ սերտիֆիկատ ունեցող մարդիկ տուն չեն կարողանում գնել»,- ասել է Ռիելթորների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը։

Անդրադառնալով տների գների աճին՝ «Առավոտի» հետ զրույցում Անդրանիկ Հարությունովն ասաց, որ դա պահանջարկով է պայմանավորված։ «Դա շուկայի արձագանքն է, այդ մարդիկ զգում են, որ արդեն պահանջարկ կա, սկսում են գին բարձրացնել, մեկ է վաճառվում է։ Երեւանամերձ համայնքներում առաջնային շուկայում տուն գնելու դեպքում արցախցիները կարող են նաեւ եկամտահարկի վերադարձից օգտվել, եւ դրա համար մեծ աշխատավարձեր էլ չեն պահանջվում»,- ասաց նա։

Ուկրաինան պատրաստվում է խաղաղության և ընտրությունների. երիտասարդներին թույլատրվում է լքել երկիրը

Ուկրաինայի նախարարների կաբինետը հայտարարեց ռազմական դրության ժամանակ սահմանը հատելու կանոնների կարևոր փոփոխությունների մասին: Հիմնական փոփոխությունը վերաբերում է երիտասարդ քաղաքացիներին. 18-22 տարեկան տղամարդկանց տրվում է երկրից անարգել լքելու իրավունք: Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

Այս արգելքը մինչ այժմ Զելենսկու հակառակորդների կողմից դիտարկվել է որպես հիմնական փաստարկ. նշվում է, որ զորահավաքի չենթարկված մարդիկ բռնի կերպով բռնվում են փողոցում և ուղարկվում ռազմաճակատ, ինչը մեծ բողոք է առաջացնում բնակչության շրջանում։

Ուկրաինան պատրաստվում է ոչ միայն խաղաղության, այլև ընտրությունների, և արգելքի վերացումը կարելի է դիտարկել որպես Զելենսկու առաջին նախընտրական քայլ։

Ռուսական կողմը կրկին փորձել է կասկածի տակ դնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լեգիտիմությունը։ Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը որևէ փաստաթուղթ չի ստորագրի Ուկրաինայի առաջնորդի հետ։

«Կարևոր չէ, թե ինչ են նրանք ասում։ Դա անհեթեթություն է։ Բոլորը ցուցադրում են իրենց», – ի պատասխան ասել է ԱՄՆ նախագահը։

Ամերիկացի առաջնորդն ասել է սակայն, որ «Զելենսկին լիովին անմեղ չէ» և որ «տանգո պարելու համար երկու մարդ է պետք»։ Նախագահը հիմնավորել է իր պնդումները իր ուկրաինացի գործընկերոջ դեմ՝ ասելով, որ նա իբր սխալմամբ հույս է ունեցել հաղթել Ռուսաստանի Դաշնությանը։ Թրամփի խոսքով՝ հիմարություն է մտածել, որ հնարավոր է հաղթել «մեկին, ով 15 անգամ ավելի մեծ է»։

Ամերիկացի դիվանագետը զգուշացնում է․ “Թրամփի ուղին” և “խաղաղությունը” այդքան էլ ամերիկյան չեն

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմում պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնը զբաղեցրած Ջիմ (Ջեյմս) Օ՛Բրայենը հոդված է հրապարակել, որտեղ կարևոր շեշտադրումներ է արել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիև պայմանավորվածությունների վերաբերյալ։ ԱՄՆ-ում իրավիճակն, անկասկած, ավելի լայն են գնահատում, քան Հայաստանում։

Նա նշում է, որ համաձայնագրի կենտրոնական տարրը Հայաստանի համաձայնությունն է իր տարածքի 43 կմ բացմանը Ամերիկայի կողմից կառավարվող միջանցքի համար, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ: Նպատակն այն է, որ պաշտոնապես անվանված «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի միջանցքը» (TRIPP) դառնա Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջով դեպի համաշխարհային շուկաներ տանող խոշոր առևտրային երթուղու մի մասը։

Բայց դա կարող է իրականություն չդառնալ։

Նախ, ըստ նրա, առնվազն մեկ տարի վերջնական համաձայնագիր չի լինի, քանի որ Ադրբեջանը պնդում է, որ “Հայաստանն իր Սահմանադրությունից հեռացնի ցանկացած հղում այն ​​ժամանակաշրջաններին, երբ Հայաստանը կառավարել է Ադրբեջանի որոշ հատվածներ, այդ թվում՝ պատմականորեն էթնիկ հայերով բնակեցված տարածքները: Հայաստանի Սահմանադրության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունենա մինչև հաջորդ տարվա ընտրությունները, որոնք այժմ ստվերում կմնան հենց այս հարցի պատճառով”, ընդգծում է Օ՛Բրայենը։

Փաստորեն, ամերիկացի դիվանագերը կասկածում է, որ նման “խաղաղության” պայմաններում Փաշինյանին կհաջողվի կրկին հաղթել։ 

ԵՄ-ն պետք է մեծացնի Հայաստանին տրամադրվող օգնությունն ու ներդրումները, հատկապես այն պատճառով, որ ԱՄՆ-ն ուշադրությունը շեղում է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետին ակտիվորեն աջակցելուց կամ նրա երկրում ազատ և արդար ընտրությունների համար ենթակառուցվածքներ ապահովելուց։

Դիվանագետը բառացիորեն կոչ է անում Եվրոպային ներդրումներ անել Հայաստանում, և մինչ ԱՄՆ-ը աչք կփակի ոչ ժողովրդավարական ընտրությունների վրա, Եվրոպան փողով օգնի Փաշինյանին վերընտրվել։ Մինչ այդ դա անում էր USAID-ը։

“Թրամփի վարչակազմն ինքն է դադարեցրել USAID-ի ֆինանսավորումը, իսկ Սպիտակ տանը տեղի ունեցած արարողությունը ցույց է տալիս, որ Վաշինգտոնն այլևս չի մտահոգվում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում 2020 և 2023 թվականների ռազմական գործողություններով»,- գրում է Օ՛ Բրայենը։

Արդյո՞ք Բայդենի ժամանակ ԱՄՆ-ն մտահոգված էր 2020-2023 թթ․ գործողություններով և ի՞նչ է արել այն կանխելու համար։ Չէ՞ որ Բայդենի ներկայացուցիչն է, որ 2023-ի սեպտեմբերի 17-ին մասնակցել է ՌԴ և ԵՄ ներկայացուցիչների հետ Պոլսում գաղտնի հանդիպմանն, որտեղ Արցախի օկուպացիայի և ցեղասպանության մասին որոծում է ընդունվել։

Բայդենի թիմի կողմից առաջարկված «գործնականում խաղաղություն» սկզբունքի հիմքերից մեկն ԱՄՆ-ի խոստումն էր՝ պատժամիջոցներ կիրառել այն պաշտոնյաների և ընկերությունների նկատմամբ, որոնք կառուցում, շահագործում կամ օգտագործում են միջանցքը՝ առանց Հայաստանի համաձայնության, ասում է դիվանագետը։ Ալիևի տեսանկյունից՝ ԱՄՆ-ի խոստումը՝ աջակցել միջանցքին հիմա, նախքան Հայաստանը կձեռնարկի իր Սահմանադրության փոփոխության վերջին քայլը, կարող է նշանակել, որ այս լծակը զիջվել է։

Խաղաղությունից Հայաստանի համար էական դիվիդենտներ չեն լինի. Թուրքիայի հետ բաց սահման չկա, Հայաստանում լրացուցիչ ներդրումներ չեն լինի․ միայն միջանցք, որը կապում է Ադրբեջանի տարբեր մասերը, ասում է նա։

Ամերիկյան դիվանագետը փաստորեն հաստատում է, որ Հայաստանին ուղղակի ստիպել են զիջել իր հարավը։ 

Հայաստանը, որը թույլ է և կախված է Մոսկվայից կամ բևեռացված է, ինչպես հարևան Վրաստանը, գրեթե անկասկած չի կարողանա գնալ խաղաղության համար անհրաժեշտ կոշտ փոխզիջումների։ Իսկ Հայաստանը, որը չի կարող պահպանել համաձայնագիրը, խոցելի կլինի Մոսկվայի կամ Բաքվի միջամտության համար, ասում է դիվանագետը։

Միևնույն ժամանակ նա նշում է, որ Թրամփը շտապում է համաձայնության գալ Վլադիմիր Պուտինի հետ։ Պատժամիջոցների մեղմացումը, Ուկրաինայի հետ հրադադարը կամ ԱՄՆ նախագահի հետ ցանկացած փոխըմբռնում Մոսկվային կտա ազատություն, փող և ռազմական հզորություն՝ Կովկասում իր ներգրավվածությունն ակտիվացնելու համար։

Դիվանագետը բառացիորեն ասում է, որ օգոստոսի 8-ի համաձայնագիրը՝ Թրամփ-Պուտին գործարքի մի մաս են, որի իմաստը՝ թույլ չտալ, որ Հայաստանը ԵՄ-ի կամ մեկ ուրիշ ուժի հետ ամրացնի հարաբերությունները և դուրս գա ռուս-թուրքական տիրապետության տակից։

Թուրքական նավահանգիստները միակ մասշտաբային տարբերակն են այս ճանապարհը միջազգային սարքելու համար: Այդ դեպքում Թուրքիան կորոշի՝ արդյ՞ք միջանցքը կհամապատասխանի իր խոստմանը: Սակայն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը մնում է փակ և, հավանաբար, այդպես էլ կմնա մինչև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը, և գինը, ըստ ամենայնի, կբարձրանա, եթե Հայաստանը չփոխի իր Սահմանադրությունը, գրում է դիվանագետը:

Դա զգուշացում է․ կամ Հայաստանը “կամավոր” փոխում է Սահմանադրությունը և փաստորեն ինքնալուծարվում (ինչպես Արցախին ստիպեցին դա անել 2023-ի սեպտեմբերի 21-ին), կամ Թուրքիան է որոշելու, ինչ անել Հայաստանի հարավի հետ։

Եվրոպացիները կարող են ապահովել թափանցիկություն, որը կարևոր կլինի գիշատիչ պետությունների կողմից գրավումից խուսափելու համար, ասում է դիվանագետը։

Սա մատնանշում է վերջին խնդիրը. միջանցքը պաշտպանելու պատասխանատվությունը, կարծես, անորոշ է բազմաթիվ խաղացողների միջև։

Ըստ Օ՛Բրայենի, սակայն, հակամարտության հիմնական պատճառը չի լուծվել, պարզապես հետաձգվել է, և միջոցառումը բացառել է այն կողմերին, որոնք այդ ընթացքում կփորձեն ստանալ իրենց ուզածը։

ՀՅԴ-ն մեծ հավաք է հայտարարում սեպտեմբերի 2-ին․ Արցախի հարցը լուծված չէ

ՀՅԴ կուսակցությունը հաղորդում է․

«Սեպտեմբերի 2-ը սվորական օր չէ, այն մեր ժողովրդի պայքարն ու հաղթանակը խորհրդանշող օրերից է, օր, երբ ծնունդ առավ հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը։

Այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միասնաբար ստիպում են մեզ փակել Արցախի էջը, լուռ ընդունել մեր նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը և հրաժարվել արժանապատվությունից ու մեր բոլոր իրավունքներից։

Սակայն, ճշմարտությունը մեկն է. Արցախի էջը փակված չէ, մեր ժողովուրդն ունի իրավունքներ, որոնց համար պայքարը ոչ թե վտանգում է Հայաստանի Հանրապետությունը, այլ պաշտպանում է այն։

Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների արդյունքում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման հետևանքով հարյուր հազարավոր արցախահայեր այսօր տնազուրկ են, բայց նրանց սրտերում ապրում է միևնույն երազանքը՝ վերադառնալ տուն, ապրել իրենց հողի վրա, ապրեցնել ազգային ժառանգությունը։

Ու այս պայքարը միայն արցախահայության պայքարը չէ: Դա մեր ժողովրդի պայքարն է, սա նաև Հայաստանը պաշտպանելու պայքարն է, սա ամեն հայ մարդու պայքարն է։

Եվ, անկախ տարբեր հարցերում մեր ունեցած տարաձայնություններից, այս հարցում մենք պետք է լինենք միասնական և տեր կանգնենք մեր իրավունքներին։

Ուստի, սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում կկազմակերպվի միասնության մեծ հավաք, որտեղ մենք բոլորով կհայտարարենք`

Արցախյան հակամարտությունը լուծված չէ,

որ մենք չենք ընդունում ուժի կիրառմամբ և ուժ կիրառելու սպառնալիքով մեր անունից ստորագրված պայմանավորվածությունները,

որոնք ոտնահարում են մեր բոլոր իրավունքները,

որ մենք պահանջում ենք Բաքվում պահվող հայ գերնիների վերադարձ։

Աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք ուրանում, չենք մոռանում և շարունակում ենք մեր պայքարը:

Սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում միասին՝ հանուն մեր իրավունքների, հանուն Արցախի վերադարձի, հանուն մեր ազգային արժանապատվության, հանուն Հայաստանի Հանրապետության»։

Ինչպես է Պլասիդո Դոմինգո Կրտսերն մատանին թողել Շուշիում

Շուշի 2013

Պլասիդո Դոմինգո Կրտսերն մատի մատանին հանել եւ թաղել էր իր տնկած եղեւնու տակ: Սա էլ նրա խաղաղություն ժեստն էր: Լոխ հեչ, հետաքրքիր է, նա՞ ինչ է մտածում Արցախի հետ տեղի ունեցածի մասին:

Մարութ Վանյան

Մեծ Բրիտանիան Հայաստանում. Ռուսները խոսում են Բաքու-Բրիտանիա կապիտալի մասին

Երևանում կայացել է Հայաստան – Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը՝ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի և ՄԹ պետնախարար Սթիվեն Դաութիի գլխավորությամբ: ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը համաձայնել են բարձրացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի:

Կոստանյանն ու Դաութին քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ ապագայում բարձր մակարդակի շփումները, պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակումը և առավել սերտ համագործակցությունը կիբեռանվտանգության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ոլորտներում:

Երևանն ու Լոնդոնը մտադրություն են հայտնել խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով:

ՄԹ վրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարարին այսօր ընդունել է վարչապետ Փաշինյանը: Սթիվեն Դաութին շնորհավորել է վարչապետին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքների առիթով: Նա ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունն այդ գործընթացին:

Մինչդեռ, ադրբեջանական պետական ​​SOCAR ընկերությունը սկսել է Ուզբեկստանի խոշորագույն նավթահանքերից մեկի՝ Ուստյուրտի սարահարթի մշակումը։ Այս մասին Ալիևը հայտարարել է Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո։ Նախագիծը գնահատվում է 2 միլիարդ դոլար և համարվում է շրջադարձային պահ, քանի որ այն ամբողջությամբ կբավարարի Ուզբեկստանի նավթի պահանջարկը, որն այսօր Ռուսաստանն է ապահովում։

Ռուս ռազմական քարոզիչները ցավոտ արձագանքեցին այս քայլին։ Նրանք բացահայտ գրում են Կենտրոնական Ասիայում Մոսկվայի ազդեցության համար «աղետալի հետևանքների» մասին և պահանջում են, որ Ուզբեկստանը չհանձնվի «բաքու-բրիտանական կապիտալին»։ Իրականում, խոսքը Կասպից ծովի շուրջ հակառուսական հումքային շղթայի ձևավորման մասին է, որը ձևավորվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Արևմուտքի կողմից, ասում են նրանք։

Մինսկի խումբը փակելու վերաբերյալ ԵԱՀԿ-ի որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին. Բայրամով

Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները փակելու վերաբերյալ ԵԱՀԿ-ի որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված կոչ է ուղարկվել՝ փակելու ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները», – հայտրաարել է Բայրամովը Ադրբեջանի կառավարության հատուկ նիստում՝ նվիրված օգոստոսի 7-8-ը երկրի նախագահի Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խումբը լուծարելու պահանջը Ադրբեջանի իշխանություններն են առաջ քաշել՝ որպես հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրման նախապայման։

Եվրոպացի դիվանագետ. Արցախցիները միամտորեն հավատացել են ժողովրդավարությանը և իրավունքի ուժին

Եվրոպացի դիվանագետները արցախցիների հետ զրույցներում դիվանագիտորեն ակնարկում են, որ միջազգային իրավունքը, որին հղում է անում Արցախի ժողովուրդը, այդպես էլ չի դարձել աշխարհակարգի հիմքը։ Նրանք ասում են, որ 1988 թվականին Արցախի ժողովուրդը միամտորեն հավատացել է ինքնորոշման իրավունքին և ժողովրդավարական համայնքի աջակցությանը և ապարդյուն մեծ զոհողությունների գնացել։

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղյան շարժումը Ռուսաստանի (ենթադրաբար՝ ԽՍՀՄ օրոք) կողմից անկախ Հայաստանի ստեղծումը կանխելու փորձ էր։ Ըստ երևույթին, սա ակնարկում է, որ եթե չլինեին Արցախում և Աբխազիայում հակամարտությունները, այսօր Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կլինեին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամներ, ինչպես Բալթյան երկրները։

Երկու դեպքում էլ «մեղավոր» է Արցախի ժողովուրդը, որ հավատացել է միջազգային իրավունքին և Ռուսաստանի խոստումներին՝ ապահովելու Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ։ Եւ թեկուզ վերամիավորումը կայացել է, բայց “աշխարհը” ույլ չի տվել այն իրականություն դարձնել։

Աշխարհաքաղաքականության և Հարավային Կովկասի տարածաշրջանում ներկայումս տեղի ունեցող վերափոխումները հանգեցնում են իրավունքների, ընտրովի իշխանության, անկախ դատարանների և կոլեկտիվ անվտանգության վրա կառուցված «միամիտ» ժողովրդավարական աշխարհակարգի փլուզմանը։ Արդյունքում, այն ժողովուրդները, որոնք հավատալով համաշխարհային ժողովրդավարական համակարգին, ընտրեցին իրենց ինքնորոշման իրավունքի իրականացման ուղին, խաբվեցին։ Երկար տարիների պայքարն ավարտվեց տեղահանությամբ և օկուպացիայով, սեփականության կորստով և անիրավությամբ։

Պարզվեց, որ միջազգային իրավունք գոյություն չունի, ամեն ինչ որոշվում է ուժով, ինչպես տրոգլոդիտների ժամանակներում, և ագրեսիայից, ցեղասպանությունից և տեղահանությունից հետո սկսվում է օկուպացիայի օրինականացման «խաղաղ» գործընթացը: Այս «գործընթացի» գագաթնակետը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումն էր: Ուկրաինային հիմա ստիպում են ստորագրել նույն համաձայնագիրը։

ՀՀ կառավարությունը հայ հասարակության մեջ սերմանում է պարտվողական խաղաղության անխուսափելիության գաղափարը՝ այն ներկայացնելով որպես «գլոբալ քաղաքականության» մաս: Այս համատեքստում խոսում են Ղարաբաղյան հարցի լիակատար փակման մասին: ՀՀ կառավարության կողմից արցախցիների քաղաքական իրավունքները պաշտպանելուց հրաժարվելը լիովին սպանել է նրանց վերադարձի և հիմնարար իրավունքները վերականգնելու հույսը: Իսկ համաշխարհային առաջնորդների բուրն աջակցությունը Երևանի և Բաքվի միջև «խաղաղության գործընթացին» դառը մտքեր առաջացրեց այն մասին, որ արցախցիները ժողովրդավարության, իրավունքի և անվտանգության արհեստական ​​համակարգի զոհ են դարձել, երբ 1988 թվականին պաշտպանեցին իրենց իրավունքները՝ դրանով իսկ խրախուսելով ԽՍՀՄ փլուզումը: Դրանից հետո ղարաբաղցիները ոչ մեկին էլ պետք չէին, և Ռուսաստանը այս ամբողջ ընթացքում նրանց նկատմամբ թշնամանք էր պահում՝ 2020-2023 թվականներին բաց չթողնելով «վրեժխնդրությունը»։

Մինչդեռ, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերը Ղարաբաղի մասին չէին, նրանք ցույց են տալիս, որ Հայաստանը կարող է կորցնել Սյունիքի և հայ-իրանական սահմանի նկատմամբ ինքնիշխան վերահսկողությունը, ինչը կհանգեցնի Հայաստանի շրջափակմանը և, ի վերջո, պետականության կորստին։ Չնայած կառավարության կողմից խաղաղության դարաշրջանի գալուստի մասին համառ հայտարարություններին, հասարակական միջավայրում աճում են նոր ցեղասպանության վախերը։

Արցախցիների խնդիրները շատ քիչ են լուսաբանվում հայկական մամուլում, իսկ համաշխարհային լրատվամիջոցներում ուկրաինական և պաղեստինյան ճգնաժամերի հետ մեկտեղ ղարաբաղյան հակամարտությունը գրեթե չի հիշատակվում։ Սակայն հենց 2020 թվականին Ղարաբաղի դեմ ագրեսիան էր, որը նշանավորեց սահմանները փոխելու ուժային փորձերի սկիզբը։ Երբ պարզ դարձավ, որ Արցախի դեմ ագրեսիան և ռուսական զորքերի մուտքը Արցախ աշխարհում ընդունվում են որպես նորմալ երևույթ, Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա 2022 թվականի փետրվարին։ Իսկ երբ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ օկուպացվեց, և նրա բնակչությունը տեղահանվեց, 2 օր անց՝ հոկտեմբերի 7-ին, սկսվեց պաղեստինա-իսրայելական պատերազմը։

Սոցիալական ցանցերում և բազմաթիվ լրատվամիջոցներում կարծիքներ են հայտնվում, որ Սյունիքի հարցում չի կարելի վստահել Հայաստանի կառավարությանը, որը ստել է Արցախի մասին: Արցախցի փախստականների ճակատագիրը ցույց է տալիս, թե ինչպես կվարվեն նրանց հետ, ովքեր նույնպես փախստական ​​կդառնան հակամարտության «ուժային լուծման» արդյունքները ճանաչելուն ուղղված կառավարության քաղաքականության արդյունքում:

Ո՞վ պետք է մարի հրդեհներն Արցախում, եթե այդ հողի տերերին ցեղասպանել և բռնի տեղահանել են

Հուլիսի կեսերին Լեռնային Ղարաբաղում բռնկված հրդեհները շարունակվում են, ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, կրակը հասել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի տարածք։

«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, չնայած այն հանգամանքին, որ քամոտ եղանակը բարդացնում է հրդեհի մարումը», – փոխանցում է APA գործակալությունը։

Ո՞վ պետք է մարի հրդեհները, եթե այդ հողի իսկական տերերին ցեղասպանել և բռնի տեղահանել են։

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 28-ին ծառայություններ կմատուցվեն․

ժամը 11։00-16:00

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,

ժամը 11:30-16:00

Վայոց ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Օգոստոսի 28-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Կոտայքի մարզի Գառնի համայնքներում՝ օգոստոսի 21-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

Պեկինը դատապարտում է Իսրայելին, իսկ Ավստրալին վտարում է Իրանի դեսպանին հակասեմականության համար

Իսրայելի հարցը դառնում է լակմուսի թուղթ. պետությունները բաժանվում են նրանց, ովքեր անվերապահորեն աջակցում են Իսրայելին՝ աչք փակելով Գազայի հատվածում տեղի ունեցող ամեն ինչի վրա, և նրանց, ովքեր Իսրայելին անվանում են միջազգային անվտանգության համակարգի գլխավոր խախտող: Նույնիսկ Իսրայելում բողոքի ցույցեր են անցկացվում՝ պահանջելով հրադադար պաղեստինցիների հետ: Մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Իսպանիան, մտադիր են սեպտեմբերին ճանաչել Պաղեստինը: Սակայն Իսրայելի ներկայիս ղեկավարությունը հայտարարում է, որ Պաղեստինի ճանաչումը կնշանակի Իսրայելի պետականության ավարտ:

Չինաստանը մինչ այժմ չեզոքություն է պահպանել այս հարցում, ինչպես նաև այլ հարցերում: Սակայն այսօր Պեկինը հայտարարել է, որ ցնցված է Իսրայելի հարվածի հետևանքով Գազայում լրագրողների և բուժաշխատողների մահվան մասին տեղեկատվությունից: Հիշենք, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Նասեր հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի վրա Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է հինգ լրագրող: Պաղեստինյան իշխանությունների տվյալներով՝ հրետակոծության հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ 20 մարդ:

Չինաստանը խիստ մտահոգված է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակով, դեմ է և դատապարտում է քաղաքացիական անձանց վնաս հասցնող ցանկացած գործողություն, այդ թվում՝ լրագրողների, քաղաքացիական օբյեկտների նկատմամբ բռնությունը և միջազգային իրավունքի խախտումը, ասվում է Պեկինի հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, Ավստրալիան վտարում է երկրից Իրանի դեսպան Ահմադ Սադեղիին և փակում է իր դեսպանատունը Իսլամական Հանրապետությունում։ Ավստրալիայում հրեական համայնքի դեմ հակասեմական մի շարք հարձակումների հետաքննությունը պարզել է, որ հարձակվողներից առնվազն երկուսը հովանավորվել են Իրանի կառավարության կողմից։

Եղանակը առայժմ չի փոխվի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ հանրապետությունում օդի ջերմաստիճանը առայժմ չի փոխվի։

Շիրակում օգոստոսի 26-ին կանխատեսվում է +32°C, Կոտայքում՝ +34°C, Գեղարքունիքում՝ +30°C։ Լոռիում՝ +29°C, Տավուշում՝ +33°C, Արագածոտնում՝ +35°C։ Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում՝ +37°C, իսկ Սյունիքում՝ +36°C։

Օգոստոսի 26-ից սկսած՝ ևս չոր եղանակ է սպասվում։ Մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև +36°C։