Ինչու Կրեմլը չի հեռացնում Փաշինյանին

Արթուր Ղազարյանի անձնական բլոգ

Երեկ, ավտոբուսի կանգառում լրագրողին մի միտք եմ արտահայտել, որը ունի պարզաբանման կարիք, հատկապես Նիկոլ Փաշինյանի մասով։

Շատ հաճախ մարդիկ ուղղակի մոռանում են պարզ փաստերը և դառնում  ամենօրյա ապակողմնորոշող տեղեկատվության մանիպուլյացիաների զոհ։

Ես հիմա կհիշեցնեմ մի քանի փաստեր տարբեր ոլորտներից, որպեսզի վերհիշեք ու հասկանաք, թե ինչու Կրեմլը չի հեռացնում Փաշինյանին։ Ինչու են նրան այսօր՝ ապրիլի 1-ին ընդունում Կրեմլում ամենաբարձր մակարդակով։

Տնտեսություն

  1. Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չլքեց Եվրասիական տնտեսական միությունը, այլև ակտիվորեն մասնակցում է դրա աշխատանքներին։ 2023-2026 թթ. տվյալներով՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ հասել է պատմական ռեկորդների՝ ավելանալով 14 անգամ, վերաարտահանման հաշվին։
  2. Հայաստանը շարունակում է մնալ Էներգետիկ կախվածության մեջ Ռուսաստանից՝ գազից և միջուկային վառելիքից։
  3. Հայաստանի կառավարությունը չի խոչընդոտել արևմտյան ապրանքների (էլեկտրոնիկա, մեքենաներ, կենցաղային տեխնիկա) վերաարտահանումը դեպի Ռուսաստան։ Սա թույլ տվեց Ռուսաստանին մեղմել պատժամիջոցների ազդեցությունը իրենց երկրում։
  4. 2024-2025 թթ. Հայաստանը դարձավ ռուսական ոսկու և ադամանդի վերամշակման ու արտահանման հիմնական հանգույցներից մեկը, ինչը Ռուսաստանի համար արտարժույթ ստանալու միջոց էր։
  5. Որոշում է կայացվելու Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել հենց ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ համատեղ, այլ ոչ թե անցնել արևմտյան մոդուլային ռեակտորների։
  6. 2022-ից սկսած կառավարությունը ստեղծեց բարենպաստ հարկային արտոնություններ ՏՏ ոլորտում հազարավոր ռուս մասնագետների և ընկերությունների համար, որոնք տեղափոխվեցին Հայաստան՝ խուսափելով պատժամիջոցներից և պահպանելով իրենց բիզնեսը ռուսական կապիտալի համար։
  7. Չնայած Հարավ-Կովկասյան երկաթուղու դեմ նախկինում հարուցված քրեական գործերին և ստուգումներին, նրանց հայ իրավաբանի դաժան սպանությունից հետո, Փաշինյանը գնաց համաձայնության «Ռուսական երկաթուղիների» հետ՝ թույլ տալով նրանց շարունակել Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարումը
  8. Փաշինյանի օրոք Վայլդբերիզ և Օզոն ռուսական առևտրային հարթակները վերացրեցին գրեթե տեղական հայկական մանրածախ առևտուրը։ Միայն այդ  հարթակի կողմից գանձվող հավելագները հասնում են 24 տոկոսի, չհաշված վաճառողների հավելագները։ Սա բերել է բոլոր ապրանքների 50-150 տոկոս գնաճին։
  9. Գազպրոմ Արմենիայի կողմից հայ սպառողներին մատակարարվող գազի բարձր  գինը պահպանվում է 400 դոլար։ Կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել նաև այստեղ։ Գազի ցածր կալորիականության, օդ խառնելու մասին սպառողների ահազանգերը ևս չեն քննվում։ Հայաստանի բնակիչը վճարում է եվրոպական որոշ երկրներին հասնող գազի գին։
  10. Հայաստանից հեռացավ վերջին արևմտյան բանկը՝ HSBC-ն, որը «ֆիլտրում էր» կասկածելի գործարքները, վաճառեց իր բիզնեսը և դուրս եկավ Հայաստանից։ Վաճառվեց Ամերիաբանկը, Հայբիզնեսբանկը։ Հայկական բանկերը ուղղակի դարձան «լվացքատուն» կամ միջանցք՝ ռուսական սանկցիոն փողերը Հայաստանով անցկացնելու և օրինականացնելու համար։ Երբ Ռուսաստանում ՎՏԲ-ն ընկավ ամենախիստ սանկցիաների տակ, Հայաստանի մասնաճյուղը շարունակեց գործել, ավելին՝ նրա վարկային պորտֆելը գնվեց Ամիոբանկի կողմից, որպեսզի ՎՏԲ-ի վնասները չեզոքացվեն։ Հայ մասնագետները մեծամասամբ դուրս շպրտվեցին այդ բանկերից և փոխարինվեցին ռուսական քաղաքացիություն ունեցողներով։ Հայաստանի բանկային համակարգը Փաշինյանը դարձրեց Ռուսաստանի տնտեսական «թոքը»։
  11. Հայկական բազմաթիվ տեղական menu.am, gg taxi, և այլն վերացել են yandex ռուսական կազմակերպության կողմից։ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային ցանցի կառավարումը տվել է yandex կազմակերպությանը, որը ունի մենաշնորհային հասանելիություն այդ տվյալներին։ 
  12. 2022 թվականի պատերազմից առաջ հայկական շուկա կեղծ արևմտյան դիմակով ներխուժեցին ռուսական շատ ՏՏ ընկերություններ, ֆինանսական կազմակերպություններ, որոնք իրենց հիմնական իրական դերակատարումը պետք է ստանձնեին Ուկրաինայի վրա հարձակումից հետո՝ ռելոկանտների ընդունում, SWIFT պրոցեսինգային կենտրոնից անջատումից խուսափում, ռուսական էլիտային՝ միջազգային բանկային քարտերով ապահովում։

Ռազմական

  1. Սիրիա մարդասիրական խումբ ուղարկելը (2019 թ.). Սա համարվում է Փաշինյանի ամենաակնհայտ պրոռուսական քայլերից մեկը, քանի որ Հայաստանը միակ ՀԱՊԿ երկիրն է, որը զորախումբ (սակրավորներ և բժիշկներ) ուղարկեց Սիրիա՝ աջակցելով Ռուսաստանի առաքելությանը։
  2. Ղազախստան ՀԱՊԿ զորք ուղարկելը (2022 թ.). Որպես ՀԱՊԿ նախագահող՝ Փաշինյանը ստորագրեց և հայկական ստորաբաժանում ուղարկեց Ղազախստան՝ օգնելու տեղի իշխանություններին ճնշել ժողովրդական ընդվզումը կոռումպացված, մաֆիոզ ղազախական իշխանությունների դեմ, ինչը դրական ընդունվեց Կրեմլի կողմից։

 

Հայկական հարց

  1. Հայաստանի այսօրվա իշխանությունը, կամա թե ակամա, դարձել է 1920 թվականի Մարտի 16-ի ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի դրույթների կատարողը՝ ցեղասպանության ժխտում, հայկական ազգայնական ոգու վերացում, եկեղեցու հայամետ մասի հետապնդում։ Ռուսաստանին պետք չէ մի Հայաստան, որն ունի ազգային ամբիցիաներ կամ արևմտյան արժեքներով հիմնավորված պահանջատիրություն։ Հայաստանը հրաժարվում է Ցեղասպանության հարցից, նա դառնում է «կլասիկ» սովետական հանրապետություն, որի զնաչոկը Փաշինյանը կպցնում է բոլորի դոշին, որը չունի կոնֆլիկտ Թուրքիայի հետ։ Իսկ եթե չկա կոնֆլիկտ, ուրեմն Հայաստանը կարող է դառնալ ուղղակի տարանցիկ տարածք ռուս-թուրքական բիզնեսի համար։ Ռուսաստանի համար ավելի հեշտ է կառավարել մի երկիր, որը չունի «պատմական հիշողության» բեռ և պատրաստ է հարմարվել Մոսկվա-Անկարա պայմանավորվածություններին։
  2. Փաշինյանը ասում է, որ պետականությունը դա թանկ բեռ է, դրա համար է գույքահարկը ավելացել 8 անգամ, աղբահանությունը 4 անգամ, հարկատուները հերոս են, եթե ուզում եք էժան հարկ, պետք է կորցնեք պետականությունը։ Սա մաքուր ռուսական նառատիվ է։
  3. Արցախի հայաթափումը ռուս խաղաղապահների ներկայությամբ։ 2023-ին Արցախը դատարկվեց հայերից, երբ ռուսական խաղաղապահ զորքը փաստացի չմիջամտեց։ Արցախի հայաթափումը եղավ այն «լուռ համաձայնությունը», որով Ռուսաստանը ճանապարհ հարթեց դեպի թուրքական աշխարհ՝ փոխարենը ստանալով տնտեսական «շնչառական ուղիներ» Թուրքիայով և Ադրբեջանով։
  4. Ջերմուկի, Վարդենիսի ներխուժումը և ՀԱՊԿ-ի անգործությունը ցույց տվեցին, որ անվտանգային համակարգը ոչ թե չի աշխատում, այլ միտումնավոր թույլ է տալիս հակառակորդին առաջ գալ՝ Հայաստանին է՛լ ավելի խոցելի և կախյալ դարձնելու համար։ 
  5. Ռուսական քաղաքական մոդելը (որը հիմա տեսնում ենք Հայաստանում) պահանջում է բացարձակ հնազանդություն մեկ կենտրոնի։ Եկեղեցին, լինելով ինքնուրույն հեղինակություն, խանգարում է թե՛ տեղական իշխանությանը, թե՛ նրանց թիկունքում կանգնած ուժերին՝ վերջնականապես կոտրելու ժողովրդի դիմադրողականությունը։ Երբ քանդվում է եկեղեցին, քանդվում է ինքնությունը, իսկ առանց ինքնության մարդուն ավելի հեշտ է ստիպել ընդունել ցանկացած նվաստացուցիչ պայմանագիր։ 

Նախկիններ

  1. Փաշինյանը որևէ քայլ Ռուսաստանում ապաստանած հայաստանյան նախկին պաշտոնյաների արտահանձման հարցով չի ձեռնարկել։ Ավելին, նա հարկ եղած դեպքերում մի քանի անգամ թույլ է տվել Ռուսաստան արտահանձնել այլախոհներին և պատերազմից խուսափողներին։ Հայաստանում ռուսական հատուկ ծառայությունները իրենց զգում են ինչպես ձուկը ջրում։ Նրանք անգամ պաշտոնավարում են հայկական պետական բանկերում։ 

Եվրաինտեգրում

  1. Փաշինյանի օրոք շենգեն վիզա դադարեցրել են տրամադրել բոլոր եվրոպական դեսպանատները։ Վիզա ստանալու համար այսօր պետք է գերավճարներ տալ տուրիստական կամ միջնորդ ՏԼՍ մասնավոր կազմակերպություններին։ Վիզաների դյուրացման սերժական ասոցացման համաձայնագիրը փաստացի չի գործում, ավելացել է թղթաբանությունը և բյուրոկրատական քաշքշուկները հայտերը լրացնելուց։
  2. Եվրաինտեգրման թաղում։ Բազմաթիվ հայ պաշտոնյաներ՝ Արարատ Միրզոյան, Փաշինյան, Սիմոնյան հայտարարել են, որ Հայաստանը չի անելու որևէ հակառուսական քայլ, չի ինտեգրվելու Եվրոպային ու որևէ ցանկություն ու նպատակ չունի ինտեգրվելու միությանը։ ԱԺ-ում ընդունված Եվրոմիությանը Հայաստանի անդամակցության օրենքը զուտ Եվրոպայից փող պոկելու, բայց ռուսներին թանկ վաճառվելու ձև է։

Այսպիսով հիմա՝ ըստ էության, տեղի է ունենում հետևյալը. Ռուսաստանը Հայաստանը վաճառում է Թուրքիային՝ Ուկրաինայում իր գլուխը պահելու համար։ Իսկ Փաշինյանի կառավարությունը այս գործարքում կատարում է «բրոքերի» դերը, ով ձևակերպում է այդ վաճառքը որպես «խաղաղության դարաշրջան» կամ «իրական Հայաստան», ստանալով իր տոկոսադրույքը իշխանության տեսքով։
Սա ուղղակի պրոհայկական քաղաքականություն չէ, սա պետականության հիմքերի հետևողական քայքայում է, որտեղ ռուսական շահը և ներկա իշխանության գոյատևման բնազդը համընկել են։ 

Արցախի Հանրապետության Հանրային Խորհուրդը անդրադարձել է ատելության խոսքին

Երեկ կայացել է ԱՀ Հանրային խորհրդի հերթական նիստը՝ օրակարգային հարցերի քննարկմամբ։
Նիստի մասնակիցներն անդրադարձել են առաջիկա օրերին սպասվող միջոցառումների կազմակերպական մի շարք հարցերի, ինչպես նաև, վերջին շրջանում հանրային խոսույթում տարածվող արցախցիների նկատմամբ ատելության խոսքին ու խտրական վերաբերմունքի դեմ պայքարի խոչընդոտներին։
Քննարկվել է նաև արցախցիների սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման եղանակների և ծրագրերի մշակման առաջնահերթությունը։
Նիստի ավարտին խորհրդի չորս հանձնաժողովների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեության հաշվետվությունը։

ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններից առաջ փոխանակվում են վերջնագրերով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը Միացյալ Նահանգներից հրադադար է խնդրել։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգները կքննարկի այս առաջարկը, երբ բացվի Հորմուզի նեղուցը։

«Իրանի նոր նախագահը, որն իր նախորդներից շատ ավելի քիչ արմատական ​​է և շատ ավելի խելացի, հենց նոր խնդրեց Միացյալ Նահանգներից հրադադար։ Մենք դա կքննարկենք, երբ Հորմուզի նեղուցը բաց, ազատ և թափանցիկ լինի։ Մինչ այդ մենք կոչնչացնենք Իրանը, կամ, ինչպես ասում են, կվերադարձնենք այն քարե դար», – գրել է Թրամփը։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ հակամարտության դիվանագիտական ​​լուծման, բայց միայն այն պայմանով, որ Իրանը լիովին հրաժարվի իր միջուկային ծրագիրից և դադարեցնի տարածաշրջանում պրոքսի ուժերին աջակցելը։

ԱՄՆ-ն բավականին արագ կհեռանա Իրանից և անհրաժեշտության դեպքում կվերադառնա թիրախային հարվածների, ասել է նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ին ազգին ուղղված իր նախատեսված ուղերձից մի քանի ժամ առաջ։

Թրամփը նաև հայտարարել է, որ կարտահայտի իր դժգոհությունը ՆԱՏՕ-ից՝ իր կարծիքով, ԱՄՆ-ի կողմից Իրանում ԱՄՆ նպատակներին անբավարար աջակցության համար, և ընդգծել է, որ «անվերապահորեն» քննարկում է ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից դուրս բերելու հարցը։

Հարցին, թե երբ է Միացյալ Նահանգները Իրանի պատերազմը ավարտված համարելու, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ կարող ձեզ ճշգրիտ ասել… մենք բավականին արագ կհեռանանք»։ Նա ասել է, որ ԱՄՆ գործողությունները երաշխավորել են, որ Իրանը միջուկային զենք չի ունենա։ «Նրանք միջուկային զենք չեն ունենա, քանի որ այժմ ի վիճակի չեն դրան… անհրաժեշտության դեպքում մենք կվերադառնանք ճշգրիտ հարվածների»։

Չորեքշաբթի՝ ապրիլի 1-ին, Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ռազմական հակամարտությունը դադարեցնելու իր պատրաստակամության մասին, եթե Թեհրանի պայմանները կատարվեն, մասնավորապես՝ հետագա հարձակումներից խուսափելու երաշխիքները։

Իր հերթին, Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին թվարկել է այն պայմանները, որոնք Թեհրանը անհրաժեշտ է համարում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ խաղաղության հասնելու համար։ Այս կետերի պահպանումը պետք է հիմք հանդիսանա հրադադարի և խաղաղ կարգավորման ցանկացած նախաձեռնության համար, ասել է դեսպանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Իրանի պահանջները ԱՄՆ-ին և Իսրայելին, ինչպես նշել է Ջալալին, ներառում են.

«ագրեսիայի և ահաբեկչական գործողությունների» վերջնական և լիակատար դադարեցում.

ագրեսիայի և պատերազմի կրկնությունը կանխելու համար «օբյեկտիվ և հավաստի երաշխիքների» տրամադրում.

նյութական և բարոյական վնասի լրիվ փոխհատուցում.

Հորմուզի նեղուցում Իրանի իրավական իրավասության հարգում «միջազգային ծովային անվտանգությունը պաշտպանելու համար»։

Նա նաև նշեց, որ Թեհրանը կշարունակի գործել իր «ինքնապաշտպանության իրավունքի» շրջանակներում մինչև սպառնալիքի աղբյուրի վերացումը և կհամակարգի դիվանագիտական ​​գործողությունները ռազմավարական գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։

Խոսելով ԱՄՆ ցամաքային ներխուժման ռիսկերի մասին՝ դիվանագետը հայտարարեց զինված ուժերի պատրաստակամության մասին «Իրանի տարածքը վերածել ագրեսորի ուժերի գերեզմանոցի»։

Պետությունը պարտավոր է ապահովել ընտրություններին արցախցիների մասնակցությունը

Step1.am-ի հարցերին պատասխանել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

-Պարոն Մամիջանյան, վերջերս հանդիպել էիք Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի արտաքին գործերի նախարարությունների Արեւելյան Եվրոպայի վարչությունների տնօրենների ու Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Այդ հանդիպման ընթացքում դուք բարձրացրել էիք նաեւ ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի ապահովման հարցը։ Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս պետք է ապահովվի արցախցիների ընտրական իրավունքի իրացումը, ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։

 -Նախ, որպես նախապատմություն՝ պետք է ասել, որ արցախցիները միշտ աչքի են ընկել իրենց պետականության, պետական ինստիտուտների եւ այդ թվում՝ նաեւ ընտրությունների նկատմամբ պատվախնդիր ու հպարտ վերաբերմունքով։ Այս պահի դրությամբ, հաշվի առնելով, թե ինչ տեմպով են Արցախից բռնի տեղահանված մեր քույրերը եւ եղբայրները ստանում ՀՀ քաղաքացիություն եւ ինչպիսի հերթեր կան, ակնհայտ է դառնում, որ բոլոր ցանկացողները չէ, որ կհասցնեն մինչեւ ընտրությունները ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Ուստի, պետությունը պարտավոր է գտնել լուծումներ՝ արցախցիների հիմնարար իրավունքի իրացման հնարավորությունն ապահովելու համար։

Վերջերս աչքովս ընկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնյաներից մեկի հարցազրույցը, որտեղ նա, ինձ համար անհասկանալի համեմատություններ անելով, կարծես թե պնդում էր, որ արցախիցները, որոնք այս կամ այն պատճառով չեն հասցնի ստանալ ՀՀ քաղաքացիություն, չեն կարող մասնակցել ընտրություններին։ Ուստի, բոլոր միջազգային եւ տեղական հանդիպումների ժամանակ մենք բարձրաձայնում ենք այդ հարցը, պետությունը պարտավոր է լուծում գտնել դրան։ Դա կլինի 2021 թվականի օրինակը՝ դատական ճանապարհով ընտրական իրավունքի վերականգնումը, թե այլ լուծում, պետք է գտնել այդ լուծումը։ Այն, որ Արցախից բռնի տեղահանված մեր քույրերը եւ եղբայրները պիտի հնարավորություն ունենան իրացնելու իրենց ընտրելու իրավունքը, դրանում, կարծում եմ, երկրորդ կարծիք լինել չի կարող։

-Արցախցիները պնդում են, որ իրենք ՀՀ քաղաքացի են, ինչո՞ւ են իրենց ստիպում փոխել 070 կոդով անձնագրերը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում իշխանության այս քաղաքականությունը։

-Իշխանություններն իրենց վատ կազմակերպումը կամ միգուցե նպատակաուղղվածությունը փորձում են քողարկել գոյություն չունեցող թեզով, թե իբր ընդդիմության ներկայացուցիչները երբեւէ կոչ են արել արցախցի մեր քույրերին եւ եղբայրներին չդիմել ՀՀ քաղաքացիության համար։ Համենայնդեպս ՀՀԿ-ական որեւէ գործիչ այդպիսի կոչ երբեւէ չի արել։ Երկրորդ, ես հասկանում եմ արցախցիների վրդովումունքը, լսել եմ իշխանությունների բերած պատճառաբանությունը, որը հիմնավոր չէ։ Կուզենայի, որ նմանօրինակ քայլերը ոչ մի պարագայում հիասթափություն ու զայրույթ չառաջացնեն արցախցիների մոտ։ Ես հասկանում եմ իրենց պահանջը՝ կապված 070 կոդով անձանգրերի հետ։ Իշխանությունների հրապարակային ձեւակերպումը, թե ինչ պատճառով են այդ գործընթացն իրականացնում, ինձ առանձնապես չի գոհացրել։ Ես չեմ կարող բացատրել իշխանությունների արարքը, բայց եւս մեկ անգամ, շատ եմ խնդրում արցախցիներին՝ չսրտնեղել դրանից։ Հայաստանի այսօրվա կառավարիչներն ատում են ամեն հայկականը։ Այս կառավարիչների գործողություններն ի սկզբանե՝ 2018 թվականից սկսած հակաղարաբաղյան էին, ուստի, զարմանալու ոչինչ չկա։

Սարգիս Խանդանյանը Հունգարիայում. «Օրբանի հուղարկավորությունը», թե՞ ԵՄ-ի պարտությունը

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ և իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Սարգիս Խանդանյանը ԵԱՀԿ գործող նախագահի կողմից նշանակվել է Հունգարիայում ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար: Որպես առաքելության հատուկ համակարգող և ղեկավար՝ Սարգիս Խանդանյանը կհամակարգի ԵԱՀԿ ընտրությունների կարճաժամկետ դիտորդական առաքելությունների, նաև ԵԱՀԿ ԽՎ-ի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աշխատանքը»:

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 12-ին և խոստանում են կարևորագույն հանգրվան լինել նոր համաշխարհային բևեռների կառուցման գործում: «Արևմուտքի» փաստացի փլուզումից հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն կառուցում են իրենց սեփական ուժի կենտրոնները՝ արդեն ակնարկելով ՆԱՏՕ-ի լուծարման հնարավորության մասին: Սակայն ԵՄ-ում դեռ միասնություն չկա:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իրեն անվանում է Թրամփի կողմնակից և Պուտինի ու Էրդողանի ընկեր, միաժամանակ ԵՄ-ում վարելով դիվերսիոն քաղաքականություն: Քանի որ ԵՄ-ն չունի երկրների «վտարման» ընթացակարգ, եվրոպացի առաջնորդները չգիտեն, թե ինչ անել Օրբանի հետ, և սպասում են նրա վարչապետության ավարտին:

Հատկանշական է, որ ԵԱՀԿ-ն իր առաքելության ղեկավար է նշանակել հայ պատգամավորի։

Հունգարիան և Հայաստանը երկար տարիներ դիվանագիտական ​​հարաբերություններ չունեին այն բանից հետո, երբ 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ 2006 թվականի ապրիլի 13-ին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 2012 թվականի օգոստոսի 31-ին նա արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ Ալիևը ներում շնորհեց մարդասպանին, տուն նվիրեց և վճարեց ութ տարվա աշխատավարձ։ Նույն օրը Երևանը խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Բուդապեշտի հետ։

Հատկանշական է, որ Օրբանը Հունգարիայի վարչապետն էր 1998-ից 2002 թվականներին և 2010 թվականից մինչև օրս։ Այլ կերպ ասած, Սաֆարովը դատապարտվել է 2006 թվականին, երբ Օրբանը դեռ վարչապետ չէր, բայց պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, Պուտինի համակուրսեցու միջնորդությամբ, Օրբանը Սաֆարովին 2012 թվականին արտահանձնվեց Ադրբեջանին։

2020-2023 թվականների Արցախյան պատերազմից հետո Հայաստանը անսպասելիորեն վերականգնեց դիվանագիտական ​​հարաբերությունները Հունգարիայի հետ, և Օրբանը գործնականում դարձավ Փաշինյանի և Ալիևի «մարդը» ԵՄ-ում։ Հունգարիան դարձավ ԵՄ միակ երկիրը, որը առաջարկեց 1000 արցախցի երեխաներին ընդունել ճամբարներում։ Մեկնարկեց նաև արցախցի փախստականներին ԵՄ «ընդունելու» հունգարական նախագիծ, որի արդյունքում արդեն հարյուրավոր մարդիկ Հայաստանից տեղափոխվել են Հունգարիա՝ գրեթե անիրավ վիճակով։

ԵՄ-ն անհամբեր սպասում է Օրբանի պարտությանը: Արդյո՞ք Խանդանյանը կդառնա Օրբանի «հուղարկավորողը», թե՞, հակառակը, հետևելով իր կուսակցության «խաղաղության» քաղաքականությանը, կանի՞ ամեն ինչ, որպեսզի Օրբան-Պուտին-Թրամփ-Էրդողան կուսակցությունը վերահաստատի Հունգարիայի վերահսկողությունը:

Միևնույն ժամանակ, մի քանի լրատվամիջոցներ հրապարակել են աուդիոձայնագրություն, որում Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, իբր, քննարկում է ԵՄ պատժամիջոցները իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

Ձայնագրության համաձայն՝ Լավրովը 2024 թվականին զանգահարել է Սիյարտոյին՝ հիշեցնելու ռուս գործարար Ալիշեր Ուսմանովի քրոջը՝ Գյուլբահոր Իսմայիլովային, ԵՄ պատժամիջոցների ցանկից հանելուն օգնելու իր խոստման մասին: Հունգարիան և Սլովակիան այս առաջարկը ներկայացրել են Բրյուսել, և Իսմայիլովան հանվել է ԵՄ պատժամիջոցների ցանկից 2025 թվականի մարտին:

WP-ի աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Սիյարտոն ԵՄ նիստերի ընդմիջումների ժամանակ պարբերաբար զանգահարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովին՝ նրան տրամադրելով «քննարկվածի վերաբերյալ թարմացված զեկույցներ» և տեղեկացնելու եվրոպացի առաջնորդների կողմից հնարավոր որոշումների մասին։

Սիյարտոն սկզբում այս հաղորդագրությունները որակել է որպես «կեղծ լուրեր», սակայն ավելի ուշ խոստովանել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումներից առաջ կամ հետո խորհրդակցել է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների (ներառյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի) հետ՝ նշելով, որ դա «լիովին բնական» է։

Ընտրություններից տասը օր առաջ ընդդիմադիր «Տիզա» կուսակցությունն է առաջատար հասարակական կարծիքի հարցումներում։

«Տիզա»-ի առաջնորդ Պետեր Մագյարը առաջադրվել է երկրի նոր վարչապետի պաշտոնում, և եթե նա հաղթի, նրան «կթագադրի» Սարգիս Խանդանյանը։

Fox news-ը իշխանության մեջ. «առանց կանոնների» պատերազմի ԱՄՆ նախարարը

BBC

Իրանում պատերազմի առաջին ամսվա ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ հազվադեպ բացահայտ խոսող նախարարը, դարձավ աշխարհի առաջատար լրատվական գործակալներից մեկը։ Fox News-ի նախկին հաղորդավարը, որը պատերազմի կանոնները անվանում է «անհեթեթություն», ժամանեց Պենտագոն՝ խոստանալով ցնցել նախարարությունը։ Նա պատերազմ հայտարարեց «փքված ապարատի», ներառականության քաղաքականության և լրագրողների դեմ, բայց, հավանաբար, կհիշվի Իրանի դեմ պատերազմով։

2005 թվականը՝ Իրաքյան պատերազմի գագաթնակետը։ Սադամ Հուսեյնի կանոնավոր բանակի արագ պարտությունը 2003 թվականի գարնանը ԱՄՆ-ին չբերեց ցանկալի հաղթանակը. պարտիզանական դիմադրությունը մեծացավ, և դրա հետ մեկտեղ՝ ամերիկյան ռազմական ներկայությունը երկրում։ Սկզբում ամերիկացիների շրջանում պատերազմի նկատմամբ բարձր աջակցությունը նվազում էր։

25-ամյա լեյտենանտ Փիթ Հեգսեթը, որը հեղինակավոր Փրինսթոնի համալսարանի շրջանավարտ է, ժամանեց Բաղդադ որպես հետևակային դասակի հրամանատար։

Տարիներ անց նա հիշեց, թե ինչպես մի ռազմական իրավաբան իր դասակին բացատրում էր մարտական ​​գործողությունների կանոնները. նույնիսկ նռնականետով զինված թշնամու վրա կրակելն արգելվում էր, մինչև թշնամին չցուցաբերեր կրակելու հստակ մտադրություն: Իր «Պատերազմը զինվորների դեմ» գրքում Հեգսեթը գրել է, որ դրանից հետո նա հավաքել է իր զինվորներին և ասել նրանց, որ չլցնեն իրենց գլուխները այս «անհեթեթությամբ»:

«Տղերք, եթե տեսնում եք թշնամի, որին ընկալում եք որպես սպառնալիք, կրակ եք բացում և ոչնչացնում այդ սպառնալիքը», – ասաց նա։

Քսան տարի անց Փիթ Հեգսեթը դարձավ ԱՄՆ Պաշտպանության նախարարության ղեկավար. Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում Պենտագոնը կիսապաշտոնապես կոչվում է Պատերազմի նախարարություն։

«Ժամանակակից մարտիկները փաստաբանների դեմ պայքարում են նույնքան, որքան վատ տղաների։ Մեր թշնամիները պետք է փամփուշտներ ստանան, այլ ոչ թե փաստաբաններ», – գրել է Հեգսեթը իր գրքում։

Պենտագոնի ապագա ղեկավարը Ժնևի կոնվենցիաները՝ միջազգային փաստաթղթերը, որոնք պաշտպանում են ռազմագերիներին և քաղաքացիական անձանց պատերազմի ժամանակ, մերժել է որպես «կանոններ, որոնք գրվել են 80 տարի առաջ կարմրափայտե գրասենյակներում նստած կարևոր մարդկանց կողմից»։

Շարունակությունը՝ այստեղ

Եվրոպայի նախաձեռնությունը ուկրաինական հարցում. Մոսկվան երկու ամիս է տվել

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում Ռուսաստանը պնդում է ուկրաինական զորքերի ամբողջական դուրսբերումը Դոնեցկի և Լուգանսկի մարզերից երկու ամսվա ընթացքում: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Մոսկվան սպառնում է նոր պայմաններ սահմանել, եթե դա տեղի չունենա: Սակայն Զելենսկին համոզված է, որ նույնիսկ եթե ռուսական այս պահանջները բավարարվեն, պատերազմը չի ավարտվի։

Միևնույն ժամանակ, Զելենսկին չի անդրադարձել Ուկրաինայի դիրքորոշմանը՝ արդյոք Կիևը պատրաստ է դուրս բերել զորքերը Դոնեցկի մարզի դեռևս չօկուպացված մասից: Նա նաև ոչինչ չի ասել Ուկրաինայում ենթադրյալ ընտրությունների մասին, որոնց մասին, ի դեպ, Ռուսաստանը հիմա ևս չի հիշատակում: Քննարկում չի եղել նաև այն մասին, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը երկու ամսից գրավի Դոնբասը և առաջարկի «կանգ առնել» և սկսել բանակցություններ:

Իրանում ԱՄՆ-Իսրայել պատերազմից ի վեր Ուկրաինայի հարցը Թրամփի համար երկրորդական դարձավ, բայց առաջնահերթություն դարձավ ԵՄ-ի համար: Ամերիկացի միջնորդներ Վիտկոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները փաստացի կասեցվել են, և եվրոպական երկրները, հրաժարվելով մասնակցել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությանը, հիմա փորձում են ստանձնել ուկրաինական ճգնաժամի ամբողջական միջնորդությունը։

Երեկ ԵՄ արտաքին գործերի նախարարները և ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը այցելեցին ուկրաինական Բուչա, որը դարձել է ռուսական ագրեսիայի խորհրդանիշ։

BBC-ի կարծիքով, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների դադարեցումը կապված է ոչ միայն Իրանի պատերազմի, այլև Մոսկվայի կողմից Դոնբասում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու գաղափարի նկատմամբ հետաքրքրության կորստի, ինչպես նաև քաղաքական հիմնական հարցերում փոխզիջման հեռանկարների բացակայության հետ։

Եվրոպացի առաջնորդները պնդում են, որ Ուկրաինան խուսափի Ռուսաստանի հետ փոխզիջումներից և շարունակի դիմադրությունը՝ Կիևին զգալի աջակցություն ցուցաբերելով։ Հաշվի առնելով ամերիկյան ռազմական օգնության գրեթե լիակատար բացակայությունը, Կիևի և Մոսկվայի միջև միջնորդության նախաձեռնությունը կարող է ամբողջությամբ տեղափոխվել Բրյուսել։ Վերլուծաբանները նույնիսկ քննարկում են ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև «բարտերի» հնարավորությունը. «Ուկրաինան Մերձավոր Արևելքի դիմաց»։

Ղրիմում Ան-26 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 29 մարդ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղրիմի վրայով թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Ան-26 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, որի հետևանքով զոհվել են անձնակազմի վեց անդամ և 23 ուղևոր։ Նախարարությունը հայտարարել է, որ վթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Պետական ​​լրատվամիջոցների աղբյուրները պնդում են, որ ինքնաթիռը բախվել է ժայռին։

«Որոնողական-փրկարարական խումբը գտել է Ան-26-ի վթարի վայրը։ Դեպքի վայրից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ զոհվել են անձնակազմի վեց անդամ և 23 ուղևոր», – մեջբերում է «Ինտերֆաքս»-ը հայտարարությունը։

«Ինքնաթիռի վրա խոցելու նշան չկա։ Վթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է», – ասվում է հայտարարության մեջ։

Նույն օրը՝ մարտի 31-ին, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը կորցրել են Սու-34 ռմբակոծիչ։ Հանգամանքներն ու մանրամասները գաղտնի են պահվում։ Ո՛չ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ո՛չ էլ պետական ​​լրատվամիջոցները չեն հաղորդել ինքնաթիռի վթարի մասին։ Միջադեպը բացահայտվել է Z-channels-ի շնորհիվ, հաղորդում է Dialog.UA-ն։

Ֆրանսիան դեմ է Իսրայելին, իսկ Պապիկյանին Պատվո լեգեոնի շքանշան է շնորհում

Վաշինգտոնը չի մոռանա Փարիզի մերժումը՝ Իրանի դեմ գործողության համար բացել իր օդային տարածքը Իսրայելի համար, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

«Ֆրանսիան թույլ չի տվել Իսրայել ռազմական պարագաներ տեղափոխող ինքնաթիռներին թռչել Ֆրանսիայի տարածքի վրայով։ Ֆրանսիան որևէ օգնություն չի ցուցաբերել։ <…> Միացյալ Նահանգները կհիշեն սա»,- ընդգծել է նա։

Մարտի կեսերին Թրամփը, մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Հորմուզի նեղուցի բացմանն ուղղված  գործողությանը մասնակցելուց հրաժարվելը, հայտարարել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը շուտով կհեռանա պաշտոնից։

Իսրայելի լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն, բրիգադի գեներալ Ամիր Բարամը հրամայել է լիովին դադարեցնել Ֆրանսիայից զենքի գնումները։

Որոշումը կայացվել է նախարարության կողմից Իսրայելի դեմ թշնամական գործողություններ իրականացնող պետությունների հետ պայմանագրերը կրճատելու ավելի լայն ջանքերի շրջանակներում։

Փարիզը նախկինում արգելել էր Իսրայելի ներկայացուցիչներին մասնակցել իր տարածքում պաշտպանական ցուցահանդեսներին և համաժողովներին, ինչպես նաև աջակցել էր Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչերին։

Մի քանի օր առաջ Ֆրանսիան Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին շնորհել է երկրի բարձրագույն ռազմական պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշանը։ Պաշտոնապես այն շնորհվել է հայ-ֆրանսիական պաշտպանական հարաբերությունների զարգացման համար, չնայած այս համագործակցության մանրամասների մասին շատ քիչ բան է հայտնի։ Բայց երևի շատ կարևոր մանրամասներ կան։

Լեհաստանը գործարկել է VT Hayastan News հայալեզու լրատվական նախագիծ

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է լեհական հանրային հեռուստաընկերության (TVP) հենքի վրա հայալեզու VT Hayastan News լրատվական նախագծի մեկնարկի մասին։ Նախաձեռնության նպատակն է պայքարել ապատեղեկատվության դեմ և ամրապնդել տեղեկատվական դիմակայունությունը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքահայության շրջանում։

Նորաստեղծ լրատվամիջոցը կլուսաբանի քաղաքական, սոցիալական և տնտեսական անցուդարձը եվրոպական տեսանկյունից։ Այն նաև կնպաստի Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը՝ առանձնահատուկ շեշտադրելով հայ-լեհական փոխգործակցությունը։

Նախագծի առաջնահերթություններից է տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտությունների կանխումը, ինչպես նաև այն կեղծ թեզերի չեզոքացումը, որոնք թիրախավորում են Հայաստանին ու նրա միջազգային գործընկերներին։

VT Hayastan News-ը ստեղծվել է լեհական հանրային հեռուստատեսության (TVP) Միջազգային մեդիակենտրոնի կազմում և ֆինանսավորվում է Լեհաստանի ԱԳՆ-ի տրամադրած պետական միջոցներով։ Այս նախագիծը «Արևելյան գործընկերության» երկրներին ուղղված բազմալեզու լրատվական նախաձեռնությունների ընդլայնման ճանապարհի հաջորդ քայլն է։

Նախագծի ստեղծագործական թիմում ներգրավված են հայ լրագրողներ Ռազմիկ Մարտիրոսյանը, Հարություն Ոսկանյանը և Նունե Գևորգյանը։ Հաղորդումները հեռարձակվելու են աշխատանքային օրերին՝ Belsat հեռուստաալիքի եթերում, ինչպես նաև հասանելի են լինելու YouTube և Facebook հարթակներում։

Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +15+17 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +6+11,

Կոտայքի լեռներում. գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +6+10,

Կոտայքի նախալեռներում. գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +11+14,

Սևանա լճի ավազանում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +5+10,

Լոռիում. գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +11+16,

Տավուշում. գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+19,

Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +5+8,

Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +10+15,

Արարատում. գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +16+18,

Արմավիրում. գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +16+18,

Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +5+9,

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+18,

Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +18+21,

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +12+16:

Ինչ է առաջարկելու Փաշինյանը Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։

Կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Փաշինյանը օրերս խոստովանել էր, որ ինքն է խնդրել հանդիպում Պուտինի հետ։ Քննարկվելիք կոնկրետ հարցերը հայտնի չեն։ Երեկ Ռուսաստանի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ Մոսկվան չի քննարկում Հայկական երկաթուղիների կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու հարցը։ Սակայն Ռուսաստանը համաձայնել էր քննարկումներ սկսել երկու գծերի ավարտման վերաբերյալ, որոնք կկապեն Հայաստանում գործող երկաթուղիները Նախիջևանի և թուրքական սահմանի հետ։

Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կորցրել է հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ, չնայած Արարատ Միրզոյանը վերջերս նշել է, որ ԱՄՆ-ի հետ քննարկումները շարունակվում են։ Մոսկվայում, իր հերթին, խոստովանում են, որ Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող Ռաշտ-Աստարա նախագիծը՝ Ադրբեջանի և Իրանի միջև երկաթուղու բացակայող հատվածի կառուցման համար, նույնպես կորցրել է արդիականությունը։

Սա կարող է մեծացնել Ռուսաստանի հետաքրքրությունը Հայաստանի և Իրանի հետ՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջոցով ուղիղ կաի նկատմամբ, և հենց սա է, ինչ Փաշինյանը կարող է առաջարկել Պուտինին։

«Նախատեսվում է քննարկել ռուս-հայաստանյան ռազմավարական գործընկերության և դաշինքի ներկա վիճակը և հեռանկարները, եվրասիական տարածքում ինտեգրացիոն համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը», – ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։