ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը չարձագանքեց արցախցիների խիստ պահանջներին

Ազգային ժողովում «Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով քննարկման ժամանակ հուշարձանների պահպանության մասնագետ Արմինե Հայրապետյանն անդրադարձավ Ռուսաստանից հնչող հայտարարություններին։

«Պետք է արագ արձագանքել այն հայտարարություններին, որոնք շատ հաճախ հնչում են Արցախի Հանրապետության երաշխավորը հանդիսացած Ռուսաստանի կողմից։ Ես չգիտեմ՝ որեւէ մարմին բացատրություն պահանջե՞լ է ռուսական դեսապանատնից՝ նրանց նախագահի եւ ԱԳՆ մամլո խոսնակի՝ վերջերս արված հայտարարությունների վերաբերյալ, որ Լաչինը դառնում է ԱՊՀ մշակութային քաղաք։ Այսինքն՝ նրանց համար ընդունելի՞ է, որ Բերձորում վերացվում է մշակույթ՝ ի դեմս Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու։ Ստեփանակերտի պատմական Թումանյան փողոցի ավերման հարցին անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակն ասել էր, թե դա ադրբեջանական քաղաք է եւ Ադրբեջանի ներքին գործն է»,- ասաց նա։

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանն էլ քննարկման ժամանակ դիմեց ՌԴ դեսպանատան ներկայացուցչին․ «Քանի որ այստեղ է նաեւ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը, ես ասեմ, որ Արցախում ոչնչացվել է նաեւ Հայրենական մեծ պատերազմի երկու տասնյակից ավելի հուշարձան։ Եվ այն ժամանակ մենք դիմել էինք ռուս խաղաղապահների հրամանատարությանը, ռուսական կողմին, ՌԴ մշակույթի նախարարությանը, բայց որեւէ արձագանք չի եղել։ Հարցնում եմ՝ ինչքանո՞վ է Ռուսաստանի Դաշնության համար ընդունելի, երբ իրենց երկրորդ մայրաքաղաքը պաշտպանած Խորհրդային միութան կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրիով էսկալատորով ֆուտբոլ են խաղում, տեսանյութը կա»։

Քննարկումը նախագահող պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց, որ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը կարող է արձագանքել, եթե ցանկանում է, բայց որեւէ արձագանք չեղավ։

Արցախում հայկական ժառանգությունը ոչնչացվում է, բայց ո՞ւմ դիմել

ՀՀ Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ կայացել են լսումներ՝ Արցախում հայկական մշակութային եւ պատմական ժառանգությունը ոչնչացնելու հարցով։ 

«Ադրբեջանն Արցախում ոչնչացնում է ոչ միայն պատմամշակութային ժառանգությունը, այլ նաեւ ամբողջական բնակավայրեր։ Տնտեսական գործունեության անվան տակ ոչնչացվել են Շուշիի շրջանի Քարին տակ, Հադրութի շրջանի Մոխրենես ու Խծաբերդ գյուղերը, մասամբ ոչնչացվել են Ասկերանի շրջանի Սղնախ եւ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղերը։ Իսպառ ոչնչացված է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին»,- այսօր Ազգային ժողովում հրավիրած քննարկման ժամանակ ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Արցախի հայ բնակչության ինքնությունը բնորոշող 5000 հուշարձան, մոտ 400 գերեզման։ Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ այս թվերը նախնական են։ «Արդբեջանի այսօրվա քաղաքականությունն է՝ հուշարձանների յուրացում, աղվանականացում։ Սա նոր չէ, մեծ թափ է առել դեռեւս 1950-1960-ական թվականներին, երբ ադրբեջանական պատմագիտության մեջ զարգացավ այսպես կոչված ադրբեջանական ժողովրդի ծագման աղվանական տեսությունը՝ կովկասյան աղվանքը համարելով որպես իրենց ժառանգություն»,- ասաց նա։

Ադրբեջանի իշխանությունները հայկական եկեղեցիների, խաչքարերի վրայից ոչնչացնում են վիմագիր արձանագրությունները։ Եվ դա տեղի է ունենում հենց Ալիեւի հրամանով է։ Հովհաննիսյանը հիշեցրեց՝ երբ Ալիեւն այցելել էր Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի Ծաղկավանքի մոտ, հայտարարել էր, թե այդ եկեղեցիների արձանագրությունները հետագայում են ավելացվել հայերի կողմից եւ ենթակա են ոչնչացման։

Արցախում ոչնչացվում են նաեւ 1994 թվականից հետո կառուցված հոգեւոր պաշտամունքային շինությունները եւ մոնումենտալ արվեստի կոթողները։

Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը համարում է, որ 1994 թվականից հետո կառուցված բոլոր շենք-շինությունները ենթակա են ոչնչացման։ «Իրականացվում է հայկական բնակավայրերի իսլամացման գործընթաց, հայկական բնակավայրերում մզկիթներ են կառուցվում։ Այսինքն՝ սկսվել է էթնոկրոնական դիմախեղման եւ իսլամացման գործընթացը»,- հավելեց նա։

Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկություններ է մշակել՝ ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար, սակայն այսօրվա քննարկմանը կառավարությունից ոչ ոք չէր մասնակցում։

Առաջին ձյունը

Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հրապարակելով լուսանկար:

Արագածոտնի մարզ, գյուղ Գեղարոտ։

Շիրակի մարզի Անիի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է։

Այսօր ցերեկվանից սկսած ցիկլոնը կկորցնի իր ուժը և առաջիկա 5 օրերին մեր տարածաշրջանում կպտտվի թուլացած վիճակում։

Առաջիկա 5 օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։

Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 19-21-ը աստիճանաբար կնվազի ևս 4-6 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ը hանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի, մասնավորապես հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում հոկտեմբերի 18-ի առավոտյան դիտված ելքերը կրկնակի, նույնիսկ ավելի անգամներ գերազանցել են հոկտեմբերի 17-ի առավոտյան դիտված ջրի ելքերին։

Այսպես, Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում հոկտեմբերի 18-ի առավոտյան ջրի ելքը կազմել է 43.3 խմ/վ, իսկ 17-ի առավոտյան եղել էր 21.9 խմ/վ, Փամբակ-Թումանյան դիտակետում ջրի ելքը 8.27 խմ/վ-ից դարձել է 21.0 խմ/վ, Աղստև-Իջևան դիտակետում՝ 6.82 խմ/վ-ից բարձրացել է մինչև 25.3 խմ/վ։

Հայաստանի կառավարությունը հրաժարվել է մասնակցել Արցախում ժառանգության ոչնչացման թեմայով լսումներին

Հայաստանի կառավարական գերատեսչությունները հրաժարվել են մասնակցել Արցախում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման խնդրին նվիրված խորհրդարանական լսումներին, որոնք նախաձեռնել էր ընդդիմությունը։

Բացելով հանդիպումը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուի Թովմասյանը նշեց, որ հրավերներ են ուղարկվել արտաքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներին։

Առաջին երկու գերատեսչություններն անմիջապես հրաժարվեցին մասնակցել, իսկ ԿԳՆ ներկայացուցիչները սկզբում համաձայնեցին, սակայն հանդիպման մեկնարկից մեկ ժամ առաջ հայտարարեցին, որ չեն գալու։

Այդուհանդերձ, լսումներին ներկա էին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ։

Ընտրություններից մեկ շաբաթ առաջ ԵՄ-ն դադարեցրեց Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը

Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը գործնականում կասեցված է. Այս մասին ասվում է Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքներով ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

Եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ վրացական իշխանությունների գործողությունները հակասում են եվրոպական արժեքներին, ուստի այդ երկրին ԵՄ-ին ընդունելու գործընթացը դե ֆակտո դադարեցվել է։

«Մենք կոչ ենք անում Վրաստանին ձեռնարկել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրաինտեգրման հիմնարար սկզբունքներին համապատասխան», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունենալու կարեւոր խորհրդարանական ընտրություններ, որոնց հաղթանակի հայտ է ներկայացրել «Վրացական երազանքը», որը գնալով թեքվում է դեպի Ռուսաստան եւ հեռանում է Արեւմուտքից։

Ընտրություններից մեկ շաբաթ առաջ գործընթացը կասեցնելու ԵՄ որոշումը կարող է նշանակել, որ Վրաստանում ընտրությունների արդյունքները Եվրամիությունում կանխորոշված ​​են համարվում։

Հայաստանի զարգացման հեռանկարները մեծապես կախված կլինեն նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Վրաստանում։

Բաքուն երկարաձգեց Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

Բաքվի դատարանն այսօր եկարաձգեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։

Արցախի նախկին պետնախարարն Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի անցակետում՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումից ու նրա լուծարումից հետո։ Բաքուն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու և Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով»։

Ո՞ւմ է ցանկանում Զախարովան վերադարձնել Արցախ, նրանց, ովքեր ապաստա՞ն են խնդրում Ռուսաստանում

Ցեղասպանության և բռնագաղթի ենթարկված արցախցիների՝ հայրենի վայրեր վերադառնալու իրավունքի իրացման անհրաժեշտությունը քննարկվում և ճանաչվում է ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, անգամ Ռուսաստանն է այդ մասին յուրովի խոսում, բայց ոչ Հայաստանը։

Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը գործում է Արցախը ուրանալու և այն որպես ֆաշիստական, ահաբեկչական Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանությամբ և անում է ամեն ինչ, որպեսզի Արցախի և էթնիկ զտումների թեման վերանա ոչ միայն քաղաքական ելույթներից, այլև առօրյայից ընդհանրապես։

Բայց, ինչպես երևում է, ոչ բոլորն են այդքան “ազնվորեն” վերաբերվում միջազգային իրավունքին և ընդհանրապես մարդու իրավունքներին։ Ժամանակ առ ժամանակ Հայաստանի իշխանություններին հիշեցնում են, որ կան մարդիկ, ովքեր, օգտվելով ինքնորոշման իրավունքից, ոչ հեռու անցյալ 1988-ին ազգովի ցանկություն են հայտնել վերամիավորվել մայրցամաքային Հայաստանին, ինչի համար պայքարել են ավելի քան 30 տարի։ Եվ միայն անկախության տարիներին Հայաստանի իշխանությունների անկարողության (կամ, ամենայն հավանականությամբ, կոլաբերացիոնիզմի) պատճառով ռուս-թուրք-ադրբեջանական եռյակը «պատժվեց» նրանց ազատության ցանկության համար։

Այնուամենայնիվ, ոչ ոք չի խոսում այն ​​մասին, թե մեկ տարի առաջ ցեղասպանությունից փախած արցախահայությունը ի՞նչ երաշխիքներով և քաղաքական ի՞նչ պայմաններով կարող է վերադառնալ իրենց տները։

Թվում է, թե բոլորն ունեն տարբեր շահեր, և յուրաքանչյուր կողմ օգտագործում է արցախցիների վերադարձի իրավունքը՝ ելնելով իր երկրների շահերից։

Փորձենք վերլուծել փաստերը։

ԱՄՆ-ն Արցախի ժողովրդի իրավունքները օգտագործում է որպես Թուրքիայի և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու լծակ։ Ավելի հարմար «գործիք» դժվար կլիներ գտնել։ Ավելի քան 100 տարի նման լծակ էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որի փաստն օգտագործվեց Թուրքիան սանձելու համար։

Հիմա նույն մեթոդով Արցախում ցեղասպանությունն ու էթնիկ զտումներն են որպես ճնշում գործադրում ու շահարկում Ադրբեջանի, հնարավոր է` Ռուսաստանի դեմ:

Եվրոպական երկրները, ամենայն հավանականությամբ, ձգտում են ընկալվել որպես ժողովրդավարական արժեքների, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության կողմնակիցներ և պաշտպաններ: Այնուամենայնիվ, ոչ ոք չի առաջարկում իրատեսական, արդյունավետ միջոցներ՝ ապահովելու այն մարդկանց անվտանգությունը, որոնց վերադարձի իրավունքը նրանք պաշտպանում են։ Եվրոպական երկրներն ու կազմակերպությունները, որոնց աչքի առաջ Ադրբեջանն ու Ռուսաստանը ցրտի, սովի էին դատապարտում ծերերին, կանանց, երեխաներին, 10 ամիս ոտնահարում արցախցիների բոլոր իրավունքները, այդ թվում՝ կյանքի իրավունքը, ասում են, որ Ադրբեջանը (?!). որը նրանց ցեղասպանության է ենթարկել, պետք է ապահովի այն արցախահայերի իրավունքները, ովքեր ցանկանում են վերադառնալ իր իրավասության տակ։

Կարծես թե արցախցիների վրա փորձեր են արվում՝ ֆիզիկական և էմոցիոնալ տոկունությունը, արժանապատվության զգացումը, ազատության ու անկախության ցանկությունը ստուգելու համար։

Բոլորովին այլ նպատակներով են խոսում արցախցիների վերադառնալու իրավունքի մասին Ռուսաստանում։ ՌԴ ԱԳՆ-ի անփոխարինելի ներկայացուցիչ Զախարովան իրեն բնորոշ արհամարհական ձևով ասում է, որ «վերադարձի իրավունքը միշտ եղել է և կա»։

Ճիշտ է։ Մի օր՝ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո, արցախցիներն արդեն հավատացին ռուսների կեղծ, ամբարտավան հավաստիացումներին և վերադարձան իրենց տները։ Ճիշտ է, ոչ բոլորն արդեն ունեին տուն։ Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների բնակիչները ստիպված են եղել բնակվել Ստեփանակերտի և Արցախի մնացած քաղաքների ու գյուղերի վարձակալած բնակարաններում։

Ռուսաստանը, որը Արցախով մեկ բարձրաձայն պաստառներ է փակցրել «Որտեղ մենք, այնտեղ խաղաղություն է», «Արցախ, ապրիր խաղաղության մեջ», եւ որը պարտավորվել է ապահովել արցախցիների անվտանգությունը, պաշտպանել մարդասիրական միջանցքը և մարդկանց ու մեքենաների անխափան տեղաշարժը դրա երկայնքով, զրկեց մարդկանց ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ Ավելին, հենց ռուս «խաղաղապահներն» էին, որ «զորքերի հայելային դուրսբերման» շղարշի ներքո հայկական ստորաբաժանումները դուրս բերեցին շփման գծից և անմիջապես տեղայժկայեցին այնտեղ ադրբեջանական զինուժը։

Այսպիսով, հանձնվեցին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, որտեղից գերի տարվեցին 63 հայ կամավորներ։

Նույն կերպ հանձնվել են Փարուխ և Քարագլուխ գյուղերը, որոնց պաշտպանության ժամանակ զոհվել են հայ զինվորներ։

Այնուհետ ռուս «խաղաղապահները» օգնեցին ադրբեջանցի ահաբեկիչներին գնդակահարել արցախցի ոստիկաններին և փակել միակ գրունտային ճանապարհը, որով հնարավոր էր գոնե սննդամթերք և դեղորայք հասցնել Արցախ։

Հենց Ռուսաստանն է ստիպել Հայաստանի իշխանություններին ժամկետից շուտ հանձնել Բերձոր-Աղավնո երթուղով անցնող միջազգայնորեն ճանաչված միջանցքը, ինչը երեք բնակավայրերի՝ Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչների արտաքսման պատճառ է դարձել։

Էլ չենք խոսում գազի անջատման գործում անմիջական դերի ու մասնակցության մասին, հետո էլ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող ճանապարհի հանձնման գործում Ռուսաստանի գործողություններից։

Հիմա նույն Ռուսաստանը կրկին խոսում է «վերադարձի իրավունքի» մասին։ Ի վերջո, արցախցիներն իրենց տներում էր, ինչո՞ւ թողեցին նրանք։

Ինչո՞վ է զբաղված այն երկիրը, որը Հայաստանը շարունակ համարում է «ողբի գլուխ»։

Ո՞ւմ է նա ուզում վերադարձնել: Միգուցե այն արցախցիներին, ովքեր ստիպված են եղել մեկնել Ռուսաստան և փորձում են այնտեղ քաղաքացիություն ստանալ, քանի որ Հայաստանում դժվարություններ են ունենում աշխատանք գտնելու և իրենց իրավունքները պաշտպանելու հարցում։ Դատելով Զախարովայի հավակնությունից՝ այս տարբերակը չի բացառվում։

Արցախահայությունը միշտ լինելու է ռուսական քաղաքականության միջոց՝ հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի, և պետք է հիշել դա և չտրվել հանցավոր ծրագրերին, որպեսզի Հայաստանը կրկին չհայտնվի որպես խաղալիք ահաբեկչական եռյակի ձերքում։

Մարգարիտա Քարամյան

Արցախցիներին բնակեցման համար առաջարկվող բնակավայրերում անգամ բնակիչ չկա

Սյուզի Օհանյան-ը գրում է․

Կառավարությունը ՀՀ-ում առանձնացրել է 390 բնակավայր և արցախցիներին առաջարկում է մեկ անձին տրվող 4-5 միլիոն դրամ աջակցության դիմաց այդ բնակավայրերում տուն կառուցել կամ բնակարան գնել։ Ասում են, այդ բնակավայրերն առաջնահերթություն են պետության համար և առաջիկայում նախատեսվում են այնտեղ զարգացման ծրագրեր իրականացնել։
Վայոց ձորի մարզում առանձնացվել է 44 բնակավայր։ Մեր ուսումնասիրությամբ՝ դրանցից 12-ում չկա գործող դպրոց, 36-ում՝ մանկապարտեզ, 2-ում խմելու ջուր չկա, 35-ում՝ բնական գազ, իսկ առաջարկվող բնակավայրերից 7-ում ընդհանրապես բնակչություն էլ չկա։
Գործնականում անհնար է միանգամից 390 բնակավայրում զարգացման ծրագրեր իրականացնել՝ կառուցել դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհաստատություններ, լուծել ջրի խնդիրը կամ ապահովել գազով։ Հետևաբար, հարց է առաջանում՝ ինչ պետք է անի արցախցի ընտանիքը, օրինակ, Վայոց ձորի Ուղեձոր բնակավայրում, եթե որոշի այնտեղ տուն կառուցել։ Կամ պատրաստվո՞ւմ է կառավարությունը Ուղեձորում բնակություն հաստատած մեկ արցախցի ընտանիքի համար վերականգնել այնտեղի բոլոր ենթակառուցվածքները։
CivilNet-ը քարտեզավորել է, որտեղ են հիմա բնակվում արցախցիները։

Հայր Հակոբն ասում էր, որ մարդը համակարգչի պես խոցելի է, պարբերաբար պետք է վիրուսներից մաքրվել

Հայր Հակոբի աղոթքը Սուրբ Հակոբ եկեղեցում (Հեքիմյանի եկեղեցի)

Ստեփանակերտցիներին լավ հայտնի “նախկին” բժիշկն ու հոգեւորականը, ով անուշահոտ մոմեր էր պատրաստում ու տալիս Պատարագի եկածներին:

Գրեթե կրկնելով Սթիվ Զոբսին (‘We’re not perfect, phones aren’t perfect’), Հայր Հակոբն ասում էր, որ մարդը համակարգչի պես խոցելի է, պարբերաբար պետք է վիրուսներից մաքրվել:

Մարութ Վանյան

Ադրբեջանի միֆին աջակցած որոշ պետություններ ի զորու չեն նույնիսկ իրենց ներքին կայունությունն ապահովել

Step1.am-ի զրուցակիցն է արցախցի վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը։

-Պարոն Կարաբեկյան, Բաքուն Արցախում ոչնչացնում է ամբողջական թաղամասեր, ոչնչացնում կամ յուրացնում են հայկական պաշտմամշակութային հուշարձանները։ Ինչպե՞ս է հնարավոր դիմակայել այս բարբարոսությանը, ի՞նչ քայլեր պետք է անի հայկական կողմը։

-Այդ ցուցադրական քայլերը մարտակոչ եւ արհամարհանքի դրսեւորում է թե միջազգային իրավունքի նկատմամբ, թե հայության ու հայկական պետության նկատմամբ։ Այդ քայլերով Ադրբեջանը կարծես թե փորձում է շեղել իր հասարակությանը ներքին ծանր հակասություններից։ Միֆերը, որոնց վրա խարսխված է այդ պետությունը եւ որը պահպանում են Ռուսաստանի, ինչու ոչ, Արեւմուտքի որոշ խավեր, որոնք աջակցեցին Ադրբեջանին 44-օրյա պատերազմում եւ 2023 թվականի մեկօրյա պատերազմում, այդ միֆերն աստիճանաբար վերանում են։ Եվ այդ պետություններն ի զորու չեն նույնիսկ իրենց ներքին կայունությունն ապահովել, իրենց մարտահրավերներին պատասխանել։

Եվ երրորդը, սա ցույց է տալիս, որ այդ երկրի էքսպանսիոնիստական ռեժիմին խաղաղություն պետք չէ, որովհետեւ ինքը զգում է, որ այդ խնդիրներն անլուծելի են, զգում է, որ օրեցօր իրավիճակը դժվարանում է։ Եվ փաստորեն ինքը կարծես թե դրանով ոչ միայն մեր նյարդերի ամրությունն է փորձում ստուգել, այլ ակամայից ցույց է տալիս, որ «խաղաղության պայմանագիրը», փոխզիջումները սին բաներ են։ Այդ ամենը վաղ թե ուշ կհանգեցնի բախման։ Ինքն արդեն պահանջ է ներկայացրել, որ Արցախում ծառայածները պետք է հանցագործ ճանաչվեն եւ արտահանձվեն Բաքվին, ասում է, որ «Հայաստանի պարտքը ոչ թե 50 մլրդ է, այլ 350 մլրդ է»։  Եթե նախկինում այդ կեղծ պարտքի դիմաց, որն իբր թե գոյացել է «Ադրբեջանի օգտակար հանածոների» շահագործման հետեւանքով, Սյունիքն էր պահանջում, ապա հիմա արդեն պահանջում է 7 անգամ ավելի շատ։ Այսինքն՝ նրանց համարյա ակնկալում են ստանալ մի տարածք, որը 8-10 քկմ է կազմում, գրեթե Հայաստանի կեսը։ Այսինքն՝ Հայաստանի տարածքը ուզում են հասցնել մոտավորապես Բաթումիի պայմանագրով նախատեսված չափին։

Մենք պետք է պատրաստ լինենք ազգովի դուրս գալու գոյապայքարի։ Իրենք արդեն հայկական պետության սուվերենության հարցն են դնում։ Իսկ զիջումներով մենք ընդամենը մոտեցնում ենք այդ բախումը։ Եվ Ադրբեջանը ոչ միայն մեր նկատմամբ է առաջ քաշում այդ պահանջները, այլ նաեւ Վրաստանի։ Այսինքն՝ հավակնում է ոչ միայն ենթատարածաշրջանային տերություն դառնալ, Հարավային Կովկասում գերիշխող ու թելադրող դիրք ունենալ, այլ նաեւ տարածքներ նվաճել։ Ցանկացած նման երկիր խարսխվում է միֆերի վրա, հիշենք Խորհրդային միությունը, այլ կայսրություններ, որոնք փլուզման եզրին գտնվելով՝ իրենց վերագրում էին տարածաշրջանային կամ համաշխարհային առաքելություն։ Եվ պատահական չէ, որ իր մեծ եղբայրը՝ Թուրքիան, ավելի ծանր պահանջ է առաջ քաշում՝ վերացնել այն ամենը, որը կազմում է մեր ազգային ինքնությունը։ Այսինքն՝ մոռանալ ցեղասպանության եւ Արցախի մասին հիշատակումը, Վիլսոնի իրավարար վճռի մասին հիշատակումը, Սեւրի պայմանագիրը։ Այսինքն՝ մենք զրկվում ենք մեր ինքնությունից, դադարում ենք ազգ լինելուց։ Փոխարենը մեզ խոստանում են որոշակի «զիջումներ», օրինակ, ցածր գներով գազ, առեւտրի հնարավորություն։ Եվ այդ ամենը կապում են ԱՄՆ-ի հետ, իբր դա ամերիկյան ծրագիր ու պահաջ է, եւ նրանց նպատակը տարաշրջանից Ռուսաստանից հանելն է։

Եթե հիմա մենք ունենք պետություն, բանակ, ազգային պետականության ատրիբուտներ, եւ մեր նկատմամբ այսպիսի պահանջներ են առաջ քաշում, Ադրբեջանում ու Թուրքիայում «Երեւանի հիմն են երգում», բացահայտ նկրտումներ հայտնում ամբողջ հայկական պտության վրա, ապա պատկերացրեք մեր վիճակը, եթե նրանք իրենց ծրագրերին իրականացնեն։ Մենք գնում ենք ստորացման ճանապարհով եւ այդ ամենը կապում ենք քաղաքակիրթ աշխարհի հետ ինտեգրվելու հետ։ Բայց չէ՞ որ Թուրքիան գոնե պաշտոնապես մեզ որեւէ բան չի խոստացել կամ Ադրբեջանը ոչ միայն որեւէ բան չի զիջել, այլ իր ռազմական բյուջեն ավելացրել ու հասցրել է 5 մլրդ դոլարի, ահռելի քանակությամբ զենք է գնում։ Ադրբեջանը չի թաքցնում, որ պատրաստվում է լայնածավալ պատերազմի եւ նույնիսկ ձգտում է դիմագրավել մեր հնարավոր օգնությանը։ Իսկ մեր նախապատրաստությունը շատ համեստ է։

-Հայաստանում ներքին համախմբվածություն կա՞՝ այս ամենին դիմագրավելու, ձեր ասած՝ ազգային գոյապայքարի դուրս գալու համար։

-Մեր մեջ չկա ներքին ուժերի ամրապնդման ու միաբանման հայեցակարգ, որը մեզ կսթափեցնի ու կմղի այդ հնարավոր մարտահրավերներին արձագանքելու։ Փոխարենն անընդհատ վեճեր են, ինքնահանգստանցող կոչեր։ Բացի դրանից, ներքին իրավիճակն է գնալով ծանրանում, Արցախը կորցնելով՝ մենք կորցրել ենք ջրի, վարելահողի պաշարներ, օգտակար հանածոներ։ Մենք կորցրել ենք այն միջնաբերդը, որը մեզ պաշտպանում էր։ Միաժամանակ, ստացել ենք ծանր բարոյական հարված՝ հաղթական, ուժեղ բանակի գաղափարը կարծես թե լուրջ փորձության է ենթարկվել, եւ բավական երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի վերականգնենք։

Սոցիալական վիճակը սրվելուն զուգահեռ ավելանում են նաեւ արտագաղթի ծավալները։ Ասում են՝ արցախցիները գնում են Ռուսաստան, բայց պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ 115 հազար մարդ արտագաղթել են Հայաստանից այս տարիներին։ Դա բավական բարձր ցուցանիշ է, այդ ցուցանիշը եղել է նաեւ 2000-ականների համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ եւ Արցախյան առաջին պատերազմի տարիներին։ Այսինքն՝ սա խոսում է այն մասին,որ մեր տնտեսական վիճակն էլ է ծանր, եւ, ցավոք սրտի, բարելավվելու միտում չունի։

Ռոզա Հովհաննիսյան

Ազգերի Լիգան Հայաստանի սահմաննեը ճանաչել է Արցախով հանդերձ, դա միակ փաստաթուղթն է․ Մանասյան

20-րդ դարում եղել է ադրբեջանական երեք հանրապետություն եւ երեքից ոչ մեկին Արցախը չի պատկանել։ Այս մասին այսօր խորհրդարանում լսումների ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

«Եվ ոչ մեկը հռչակված տարածք չի ունեցել։ Ադրբեջանի երեք հանրապետությունները չունեն հանրաքվեով հաստատված տարածքներ։ Եվ չի կարելի խոսել, որ այս կամ այն գյուղը կամ Արցախը պատկանում են Ադրբեջանին։ Իրավունքի տեսանկյունից դա անհեթեթ ու անհիմն պնդում է»,- ասաց նա։

Ըստ Մանասյանի՝ ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, որը թուրքերն են ստեղծել, հռչակվել է արեւելյան եւ հարավային Անդրկովկասում։ Սա միջազգային իրավունքի տեսանկյունից անհեթեթ մի հասկացություն է՝ սահմանազատման ու սահմանագծման ոչ ենթակա։ Եվ եթե նկատի ունենանք, որ Արցախը գտնվում է կենտրոնական Անդրկովկասում, ապա ընդհանրապես Արցախին դա չի վերաբերում։

«Ազգերի լիգան դա նկատել է, ու երբ ադրբեջանական հանրապետության կառավարությունը ներկայացել է Ազգերի լիգա եւ ներկայացրել տարածքային պահանջները՝ հարավային եւ արեւելյան Կովկաս ձեւակերպմամբ, 5-րդ կոմիտեն ասել է՝ ընդհանրապես հնարավոր չէ իմանալ, թե դա որտեղ է։ Եվ մերժել են ադրբեջանական այսպես կոչված դեմոկրատական հանրապետությանը։

Բայց նաեւ հայտնի չէ, թե ով է հռչակել այն, ադրբեջանական այսպես կոչված դեմոկրատական հանրապետությունը հռչակվել է Ադրբեջանի մուսուլմանների ազգային խորհուրդը։ Այդպիսի խորհուրդ գոյություն ունենալ չի կարող։ Այս վերջին ադրբեջանական հանրապետությունը նոր ձեւակերպում է մտցրել սահմանադրական ակտում, որտեղ ասվում է՝ «պատմականորեն ձեւավորված ադրբեջանական սահմաններն  անօտարելի են»։ Այս ձեւակերպումն ավելի անհեթեթ է, քան նախկինը։

Այդպիսի Ադրբեջանը ներկայացել է Ալմա-Աթա։ Ալմա-Աթան սահմանների հարց չի լուծում։ Ալմա-Աթայից հետո Բաքուն կազմակերպում է անկախության հանրաքվե։ Սա Ադրբեջան անունով հանրապետությունների առաջին անկախության հանրաքվեն էր, եւ դա պիտի որոշեր ադրբեջանական հանրապետության սահմանները։ Բայց դա էլ չի որոշել, որովհետեւ Բաքուն հանրաքվեի է դրել այսպիսի հարց՝ դուք համաձա՞յն եք սահմանադրական ակտի այն ձեւակերպման հետ, որ «ադրբեջանական հանրապետության պատմականորեն ձեւավորված ադրբեջանական սահմաններն անօտարելի են»։ Այսինքն՝ վերադարձել են սահմանադրական ակտին, որտեղ սահմաններ չկան։ Այսինքն՝ այդ հանրաքվեով եւս Ադրբեջանը սահմաններ չի հռչակել»,- նշեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է խորհրդային Ադրբեջանին, Մանասյանը նշեց, որ սահմանադրական ակտով ինքը՝ Ադրբեջանը, խորհրդային Ադրբեջանը հայտարարել է ապօրինի ձեւավորում։ «Մենք գիտենք, որ դա այդպես է, մենք գիտենք, որ բոլշեւիկներն են եւ Նախիջեւանը, եւ Լեռնային Ղարաբաղը տվել այսպես կոչված խորհրդային Ադրբեջանին»,- հավելեց նա։

Մանասյան ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն այդ իմաստով էակնորեն տարբերվում է Ադրբեջանից։ Նախ ազգերի լիգան չի վիճարկել այն սահմանները, որոնք Հայաստանը ներկայացրել է Ազգերի լիգա, նույնիսկ Արցախով հանդերձ է ճանաչել սահմանները։ Դա միակ փաստաթուղթն է, որը մենք ունենք։

«Երկրորդը, քանի ու 1991 թվականին Ադրբեջանը տարածքներ չի հռչակել, Արցախն անկախություն է հռչակել ոչ Խորհրդային միությանը, ոչ էլ Ադրբեջանին պատկանող տարածքում։ Արցախը կայացել է իրենից բացի ոչ մեկին չպատկանող տարածքներում։ Այն, որ այսօրվա Ադրբեջանը չունի հռչակված տարածքներ, այս դրույթը հակամարտության կերպարի առանցքային հասկացություն է։ Հիմա դուք կասեք՝ քաղաքական հարցեր կան, դա ես գիտեմ, բայց քաղաքական հարցերը մեզ չեն արգելում ճշմարտությունը բացահայտել»,- հայտարարեց Մանասյանը։

Իսրայելը հաստատել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունը Գազայում

BBC

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հաստատել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարը սպանվել է Գազայի հատվածում։ Ավելի վաղ իսրայելցի զինվորականները խոսել էին նրա հնարավոր մահվան մասին։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Սինվարը սպանվել է հոկտեմբերի 16-ին Գազայի հատվածում գործողության ժամանակ:

«Յահյա Սինվարը ծրագրել և իրականացրել է [իսրայելցիների] կոտորածը հոկտեմբերի 7-ին [2023], քարոզել է իր մարդասպան գաղափարախոսությունը պատերազմի մեկնարկից առաջ և հետո և պատասխանատու է բազմաթիվ իսրայելցիների սպանության և առևանգման համար», – ասվում է հայտարարության մեջ:

Նախկինում Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ «Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ժամանակ սպանվել է երեք ահաբեկիչ», որոնցից մեկը կարող է լինել Սինվարը: Ըստ իսրայելական մամուլի՝ մյուս երկու սպանվածները եղել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդի անվտանգության աշխատակիցները։

Իսրայելի իշխանությունների հայտարարության համաձայն՝ շենքում, որտեղ ահաբեկիչները «լուծարվել են», իսրայելցի պատանդների հետքեր չեն եղել։