Երեւանում կայացել է Պլասիդո Դոմինգոյի համերգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 8-ին կայացել է լեգենդար Պլասիդո Դոմինգոյի համերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (ղեկավարությամբ՝ Էդուարդ Թոփչյանի):

Համերգն անցկացվել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։

Երևանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենաճանաչված համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ Էրեբունի-Երևան ստեղծագործության կատարմամբ։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ բացառիկ երեկոյի ընթացքում լեգենդար Դոմինգոյի կողքին հանդես է եկել հայազգի սոպրանո, Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:

Համերգի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և Ջուլիանա Գրիգորյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:

Համերգին հնչել են արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ: Համերգը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի գլխավոր աջակցությամբ։

news.am

Զախարովա․ չէ որ այդ հայերը հայտնվել են Բաքվում ռուսների ձեռամբ

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ամերիկացի կոնգրեսականները (հասկանում եմ, որ նրանք գումար են ստանում իրենց միջազգային լոբբինգի համար։ Նրանք դա չեն թաքցնում), բայց ինձ թվում է, որ նրանք այլ անելիք ունեն»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այսպես, նա պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին, ով չափազանց դժգոհ էր մոտ 60 ամերիկացի կոնգրեսականների՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված կոչից՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու և ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման խնդրանքով։ Նրանք պահանջել են Բաքվի բանտերից ազատել բոլոր քաղբանտարկյալներին COP 29 կլիմայական համաժողովի նախօրեին, որը տեղի կունենա Բաքվում։

«Կարծում եմ՝ անիմաստ է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Ադրբեջանի վրա մեկ անգամ չէ, որ ճնշում է գործադրվել տարբեր հարցերի շուրջ»,- ասել է Մարիա Զախարովան։

Մարիա Զախարովան բնականաբար չի աջակցել Արցախում ռուսական զորքերի առաջարկով Բաքվում հայտնված հայ գերիներին ազատ արձակելու կոչերին։

10 ամիս շարունակ 18-ամյա Աննան ավտովթարից հետո պայքարում է լիարժեք ապրելու համար

Արցախի Մարտունի քաղաքից է տեղահանվել Լիանա Աղաջանյանի ընտանիքը։ Երեք երեխաների մայր է, միայնակ է մեծացրել զավակներին։ Տեղահանվելուց հետո հաստատվել են Արմավիր քաղաքում։ Արցախյան վերջին պատերազմը, որի ժամանակ վիրավորվել է որդին, ու գաղթի դժոխային ճանապարհը վերջին փորձությունը չէին Աղաջանյանների համար։ Երեք ամիս հետո՝ դեկտեմբերի 29-ին, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին ավտովթարի է ենթարկվել նրանց ավտոմեքենան, որի մեջ էին որդին ու դուստրը՝ Աննան։

Մայրը՝ տիկին Լիանան, չի կարողանում մոռանալ այդ չարաբաստիկ օրը, երբ քիչ էր մնացել կորցներ դստերը։ Բարեբախտաբար, նա ողջ է մնացել, սակայն ավելի քան 10 ամիս բժիշկներն ու վերականգնողական կենտրոնի մասնագետները պայքարում են նրա լիարժեք առողջության համար։ Թե ինչերի միջով է անցել արցախցի բռնատեղահանված ընտանիքը, դժվար է պատկերացնել։ Սակայն, ինչպես տիկին Լիանան է ասում, խոսքն ուժ ունի․ Աննան ոտքի կկանգնի։

-Ավտովթարից հետո առաջին վիրահատությունը Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում է կատարվել։ Վթարի հետևանքով գլխի հեմատոմա էր ստացել։ Երկու ամիս մնացել է բժիշկների վերահսկողության տակ։ Հետո տեղափոխեցինք Արաբկիր ԲԿ, որտեղ մնաց 5 ամիս՝ ստանալով վերականգնողական բուժում, ապա պլաստիկ վիրահատության ենթարկվեց Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնում, որտեղից էլ աղջկաս տեղափոխեցին Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի և վերականգնողական բուժման բաժանմունքը։

2023-ի դեկտեմբերի վերջից մինչև այսօր մեր կյանքը հիվանդանոցներում է անցնում։ Սկզբից աղջկաս վիճակը շատ վատ էր։ Ամիսներ շարունակ մենք չգիտեինք, թե ինչ է սպասվում Աննային։ Եղել է մի շրջան, որ նա լրիվությամբ անհույս էր, սակայն այժմ, երբ վերականգնողական կենտրոնում է, դրական դինամիկա է նկատվում։ Չնայած դեռ չի քայլում, խոսում և ինքնուրույն չի կարողանում ուտել, սակայն մենք նկատում ենք, որ դեպի լավն է գնում։ Արդեն ճանաչում ու աչքերով արձագանքում է բոլորիս, ինչը մեծ հույս է ներշնչում։ Վերկանգնողական կենտրոնի բժիշկները թեև այս պահին ոչինչ չեն խոստանում, սակայն ասում են, որ մեծ հույսեր ունեն Աննայի ապաքինման հետ կապված։ Չգիտեմ՝ ինչպես արտահայտեմ իմ շնորհակալությունը սրտացավ մասնագետներին, որոնք աշխատում են դստերս հետ օրնիբուն։ Նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ աղջիկս ողջ է և դեպի ապաքինում է գնում,-ասում է տիկին Լիանան։

Աննայի մայրը չի կորցնում հույսը, որ աղջիկը կվերականգնվի ու բնականոն կյանքի կվերադառնա։ Աղջկա 18 տարեկանը լրացել է հիվանդանոցում, որդին 21 տարեկան է, իսկ փոքր դուստրը՝ 15։ Ապրում են վարձավճարով, դեռևս աշխատանք չունեն։ Այս ողջ ընթացքում ֆինանսական մեծ դժվարություններ են կրել Աղաջանյանները։ Բուժման համար ծախսել են գրեթե բոլոր խնայողությունները։ Ծանոթ ու անծանոթ մարդիկ են օգնել․․․

-Մարտունի քաղաքի բնակիչ, 2023-ի սեպտեմբերի 19-ին զոհված 2 որդիների մայր տիկին Լիլիան, Մարտակերտից 2020-ին ամուսնուն ու որդուն կորցրած տիկին Ալլան են օգնության ձեռք մեկնել։ Ցավ տեսած մարդը կհասկանա դիմացինի դարդը։ Աշխարհն առանց բարի մարդկանց չէ։ Ես զգացել եմ, որ մենակ չեմ, և ինձ տված բարոյահոգեբանական օգնությունը օգնել է հաղթահարելու ընտանիքիս դժբախտությունը։ Աղջկաս կողքին էին իր ընկերները՝ ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները, և նրանց աջակցությունը ուժ էր տալիս մեզ։ Շնորհակալ եմ։ Այսօր բոլորս ենք հայտնվել դժվարությունների մեջ և գտնվում ենք ծանր վիճակում։ Հավատում եմ, որ Աստծո զորությամբ ու բժիշկների շնորհիվ Աննան ոտքի կկանգնի։ Վերջին փուլում ենք․ Աստված մեծ է,- հուզմունքը չի կարողանում զսպել Լիանան։

Զրուցելով արցախցի կնոջ հետ՝ կրկին համոզվում ենք՝ այո՛, արցախցի կինը ուժեղ է, դիմացկուն։

Աննային մաղթենք առողջություն, և տա Աստված՝ գտնվեն բարի մարդիկ, որոնք անտարբեր չեն անցնի Աղաջանյանների ընտանիքին պատուհասած դժբախտության կողքով։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Օվերչուկ. Եռակողմ հայտարարություն կա՞, թե՞ ոչ

ՌԴ փոխվարչապետ և ռուսական կողմից եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկն ասել է. «Հայաստանը պաշտոնապես դուրս չի գալիս Եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցնում իր ստորագրությունը, բայց միևնույն ժամանակ, փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ձեւաչափով գրեթե ոչ մի տեղաշարժ չի եղել արդեն երկու տարի, կամ առնվազն մեկուկես տարի անցած ամառվանից»:

Հայաստանում Freedom House-ի ներկայացուցիչը հանդես է եկել ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովին

Հայաստանում Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը Վարշավայում այսօր ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով տեղական ու միջազգային գործընկերների հետ կազմակերպության համատեղ պատրաստած փաստահավաք զեկույցի արդյունքները և ընդգծելով միջազգային իրավական քննության ու հաշվետվողականության հրատապ անհրաժեշտությունը:
Զեկույցը փաստում է, որ Ադրբեջանը միտումնավոր ստեղծել է այնպիսի պայմաններ Լեռնային Ղարաբաղում (ԼՂ), որոնք անհնարին են դարձրել ԼՂ էթնիկ հայ բնակչության այդտեղ մնալն ու գոյատևելը: Freedom House-ը հանդես է եկել մի շարք առաջարկություններով, այդ թվում կազմակերպությունը առաջարկում է, որ Միջազգային քրեական դատարանը իրականացնի մանրակրկիտ հետաքննություն և հնարավոր քրեական հետապնդում ԼՂ հայերի հանդեպ կատարված սարսափելի արարքների պատասխանատու անձանց նկատմամբ: 
Վերոնշյալ ելույթի հիման վրա Freedom House-ը իր X սոցիալական էջում կատարել է գրառում, որում մասնավորապես նշվում է.
Այսօր ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովի ընթացքում, մենք ներկայացրեցինք Լեռնային Ղարաբաղին նվիրված մեր փաստահավաք առաքելության արդյունքները, որը եզրակացրել է, որ Ադրբեջանի կառավարությունը միտումնավոր և համակարգված կերպով իրականացրել է էթնիկ հայերի բռնի տեղահանումը:
Ավելին մեր զեկույցի մասին՝
https://freedomhouse.org/article/interventions-2024-osce-warsaw-human-dimension-conference
 
Freedom House-ի կողմից ներկայացված ելույթի ամբողջական տեքստային տարբերակը հասանելի է կազմակերպության կայքէջում։

Ռուս-հայկական «կվադրոբերիկա»․ ով ում է պահում շան պես

ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հաղորդակցության կադրերից

Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի ներկայիս այցը Մոսկվա առանձնացավ Եզոպոսական այլաբանությամբ, ինչի արդյունքում պարզվեցին հետաքրքիր հանգամանքներ։

Նախ՝ Փաշինյանին օդանավակայանում դիմավորեց կին, ում ինքնությունը հրապարակավ չէր հայտնվել։ Իսկ Ալիեւին պաշտոնապես դիմավորել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Գողերի պանյատկաներով» դա շատ բան է նշանակում։

Երկրորդ՝ ռուսական պետական ​​լրատվամիջոցները կադրեր են տարածել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը իբր խոնարհվում Ադրբեջանի դրոշի առաջ։

Բայց ամենամեծ «եզոոպոս» դուրս եկավ Սերգեյ Լավրովը, ով անսպասելիորեն Արարատ Միրզոյանին հարցրեց՝ Հայաստանում կվադրոբերներ կա՞ն։ Այդ պահին, հավանաբար, «կվադրոբեր» բառը դարձավ ամենաորոնվողը Google համակարգում։ Եվ շատերը պարզեցին, որ կվադրոբերներն այն մարդիկ են, ովքեր իրենց կենդանի են համարում, քայլում են չորս ոտքերի վրա և բարձրանում ծառեր։ Բազմաթիվ են դեպքերը, երբ կվադրոբերներին “ման են տալիս” օձիքով։

Ավելի ուշ Լավրովը բացատրեց, որ հենց նոր տեսել է կվադրոբերի լուսանկարը, դրա համար որոշեց հարցնել։

Բայց Սերգեյ Վիկտորովիչը, ըստ երևույթին, ուզում էր ասել, որ Հայաստանի արտգործնախարարի հետ լուրջ բաների մասին խոսելն իմաստ չունի, և Հայաստանը վաղուց օձիքով է քայլում։ Բանակցություններից հետո դա հաստատեց փոխվարչապետ Օվերչուկը, ով միանշանակ հայտարարեց, որ «Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։

Այս մասին Օվերչուկն ասել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ 2025 թվականի հունվարի 1-ից ռուս սահմանապահները կլքեն հայ-իրանական սահմանի անցակետը, և ընդհանուր առմամբ, այսուհետ ռուսական սահմանների հետ միասին Հայաստանի՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմանները ռուսների հետ միասին պահպանվելու են նաեւ հայ սահմանապահները։ Ըստ ամենայնի, Թեհրանը և եվրոպական երկրները խիստ պայմաններ են առաջ քաշել Հայաստանին ապաշրջափակելուց առաջ։

Ստացվում է հետաքրքիր յուղանկար. Մոսկվան համաձայնում է սահմանապահներին հետ կանչել հայ-իրանական անցակետից՝ միաժամանակ ասելով, որ առանց դրա միջանցքներ չեն բացվի։ Օվերչուկը հաստատ նկատի ուներ ոչ թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», այլ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա ճանապարհը։

Մոսկվան կշարունակի օձիքով խեղդել Հայաստանը, ասել է Մոսկվան Հայաստանի ղեկավարությանը՝ փորձելով թաքցնել զայրույթը, որ ստիպված են սահմանապահներին դուրս բերել հայ-իրանական անցակետից։

Մնում է պարզել, թե ով է կրում օձիքը։

Դատարանը մերժել է արցախցի Անուշ Ալեքսանյանի բողոքը․ որտե՞ղ է կես միլիարդ դրամը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է Արցախից բռնի տեղահանված Անուշ Ալեքսանյանի դիմումը, որով նա բողոքարկել էր Գեղարքունիքի մարզի դատախազի որոշումը։ Անուշ Ալեքսանյանը դիմել էր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել արցախցիների՝ 2023 թվականի սեպտեմբերի թոշակների ու նպաստների չվճարման դեպքով։ Խոսքը նաեւ 40 հազարական դրամների մասին է, որը հատկացվում էր արցախցիներին, այդ թվում՝ երեխաներին, շրջափակման ժամանակահատվածում։ Սեպտեմբեր ամսվա համար այս գումարները եւս չեն վճարվել։

Անուշ Ալեքսանյանը Արցախի տեղեկատվական շտաբից չստանալով հստակ պատասխան՝ դիմում էր ներկայացրել ՀՀ կառավարություն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Պատասխանը ստացել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, ըստ այդմ՝ տեղեկացրել էին, թե երբ են տրամադրելու հոկտեմբեր ամսվա թոշակները, իսկ սեպտեմբեր ամսվա մասին ոչինչ չէին նշել։ Այնուհետեւ Անուշ Ալեքսանյանը դիմել է Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել՝ նշելով, որ կառավարությունից տեղեկատվության չտրամադրումը նույնպես հանցագործություն է։ Գլխավոր դատախազը գործն ուղարկել է Գեղարքունիքի դատախազություն։ Ի վերջո Գեղարքունիքի դատախազությունը մերժել է քրեական գործ հարուցել, եւ Անուշ Ալեքսանյանը դիմել է դատարան՝ բողոքարկելով Գեղարքունիքի դատախազի որոշումը։ Իսկ հոկտեմբերի 8-ին դատարանը կայացրել է վերոնշյալ որոշումը։

«Գեղարքունիքի քննչականում ինձ ասացին՝ մենք ի՞նչ գործ ունենք Արցախի իրավական համակարգի հետ։ Ես էլ ասացի՝ մարդիկ մեքենա են բերել, դատում եք, ասում եք՝ ո՞ւր է այդ մեքենան, բայց փողերը, որ պարտավոր եք մեզ տալ, դուք գործ չունե՞ք դրա հետ»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Ալեքսանյանը։

Արցախի տեղեկտավական շտաբը դեռեւս օգոստոս ամսին հայտարարել էր, որ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների եւ «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա այլ գումարների վճարման գործընթացը կմեկնարկի օգոստոսի 27-ին: Նշվել էր, որ համապատասխան գումարները կփոխանցվեն քաղաքացիների բանկային հաշիվներին: Արցախցիներից ոմանք ստացել են գունարները, բայց մի մասը չեն ստացել։

Անուշ Ալեքսանյանն ասաց, որ ինքը չստացողների թվում է։ «Իմ շրջապատում մի քանի հոգի ստացել են, մի երեք օր տվել են, հետո զանգում էինք 114 համարով, ասում էին՝ ոչ մի բան մի ձեռնարկեք, տալու ենք։ Ես կարծում եմ՝ չկա այդ փողը։ Ես դիմում եմ ներկայացրել դատախազություն, քանի որ կարծում եմ՝ պետք է պարզել, թե ինչո՞ւ չեն վճարել մեր գումարնեը։ Ոչ մի տեղեկություն չունենք, դա էլ է հանցագործություն, մեր կենսական շահերն են ոտնահարվում։ Բայց Գեղարքունիքի դատախազի պատասխանում նշվում է, որ առերեւույթ հանցագործության հատկանիշներ չկան»,- նշեց Անուշ Ալեքսանյանը։

Արցախցի Մարատ Եգանյանը step1.am-ի հետ զրույցում նշեց․ «Մենք իրավունք ունենք ծանոթանալու դատարանի որոշման պատճառաբանության հետ։ Այնտեղ երկու-երեք հանցագործության հատկանիշ կա, որովհետեւ տեղեկություններ չտրամադրելը նույնպես հանցագործություն է։ Այդ գումարը կար, բայց չի տրվել համապատասխան անձանց, դա էլ է հանցագործություն»,- ասաց Մարատ Եգանյանը։ Ըստ նրա՝  տարբեր հաշվարկով՝  խոսքը մոտ կես միլիարդ դրամ գումարի մասին է։

Ռոզա Հովհաննիսյան

Լաչինի «մշակութային կենտրոնը» կդառնա Ռուսաստանի ամոթի և ահաբեկչության հաղթանակի խորհրդանիշ

ՌԴ ԱԳ նախարար Լավրովն առաջարկել է 2025 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակել «ադրբեջանական Լաչինը», իսկ 2026 թվականին՝ հայկական Մեղրին։

Թվում է թե՝ ինչ կապ ունի այլ պետությունը «ադրբեջանական Լաչինի» և հայկական Մեղրիի հետ։ Բայց ոչ Ռուսաստանի դեպքում, որը երկու տասնամյակ բացահայտորեն թելադրում է մեր երկրներին, թե ինչպես պետք է ապրենք և ինչ անենք աշխարհում։

Լավրովի հայտարարությունից հետո Պուտինի օգնական Ուշակովը, մեկնաբանելով Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագիր» ստորագրելու հնարավորությունը Մոսկվայի հովանու ներքո, ասաց, որ «Ռուսաստանն արել է ամբողջ սեւ գործերը»։

Միայն երեխան է կասկածում, որ Ռուսաստանն է «ամբողջ կեղտոտ գործն արել» Ալիևի համար։

2020 թվականին, 44-օրյա պատերազմի արդյունքներով, Ռուսաստանը Թուրքիային բերեց Կովկաս՝ նրա հետ բաժանելով Արցախը. Թուրքիան հայտնվեց օկուպացված տարածքում, իսկ այսպես կոչված ռուսական խաղաղապահ (՞) կոնտինգենտը շարվեց հայերով դեռ բնակեցված մասում։

Այսինքն՝ «կեղտոտ աշխատանքի» մի մասն այն էր, որ Թուրքիան և նրա վստահված անձը՝ Ադրբեջանը, ջախջախեն Արցախի պաշտպանության բանակը և սահմանեն թուրքական վերահսկողություն։ Ընդգծենք, որ բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել այն տարածքում, որը ռասիստական ​​Ադրբեջանը համարում է իրենը։

Հիմա ոչ ոք կասկած չունի, որ 2020 թվականի պատերազմը հրահրվել է Ռուսաստանի և Թուրքիայի կողմից։ Ռուսաստանին անհրաժեշտ էր մտնել Ադրբեջան, իսկ Թուրքիան չէր կարող թույլ տալ նրան միայնակ մտնել, քանի որ հայկական պետականությունը ոչնչացնելու ծրագիրը այս երկու նախկին կայսրությունների մտահղացումն է։ Այդ իսկ պատճառով 2020 թվականի նոյեմբերին հրադադարի հաստատումից հետո Ակնայում ստեղծվեց ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն, որը, ըստ էության, պետք է ոչ այնքան վերահսկեր Արցախի բնակիչներին՝ բոլոր կողմերից շրջապատված հակառակորդի զորքերով, որքան վերահսկել միմյանց։

Չարաբաստիկ եռակողմ համաձայնագրի համաձայն՝ դրա կետերի մեծ մասի իրականացումը վստահվել է Ռուսաստանին։ Մասնավորապես, Ռուսաստանը պետք է վերահսկեր այսպես կոչված Լաչինի միջանցքը՝ 5 կիլոմետր լայնությամբ։ Նշենք, որ 30 տարի շարունակ միջազգայնորեն ճանաչված Բերձորի մարդասիրական միջանցքը՝ 12 կիլոմետր լայնությամբ, ի վերջո փոխարինվել է ադրբեջանական կողմից ահռելի տեխնիկական խախտումներով կառուցված լեռնային նեղ ճանապարհով։ Հենց դա էլ պետք է վերահսկեին ռուս «խաղաղապահները»։

Նոր երթուղին պետք է ապահովեր կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Ադրբեջանը պետք է երաշխավորեր Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը։

Թե ինչպես է դա ավարտվել, բառացիորեն ողջ աշխարհին է հայտնի։ Ադրբեջանը մոլորակի բնակիչների աչքի առաջ, ոչ առանց Ռուսաստանի հրահանգների ու անմիջական մասնակցության, փակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ 10 երկար ամիս Ռուսաստանը հանգիստ հետևում էր, թե ինչպես են արցախցի երեխաները, ծերերն ու հղի կանայք սովամահ լինում։ Բայց սա բավարար չէր. ռուս զինվորականները վայելում էին տեսարանը, երբ իրենց ուղղաթիռները թռչում էին արցախցի երեխաների գլխավերեւում՝ սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարելով ռուսական անձնակազմին։ Այդ օրերը հիշեցնում էին 1915 թվականի լուսանկարները, երբ թուրք ասկերները հաց էին “առաջարկում” Օսմանյան կայսրությունում սովամահ եղած հայ երեխաներին, ծերերին ու կանանց այն հեռավորության վրա, որին չէին կարող հասնել:

1992 թվականին արցախցի հայ տղամարդիկ ստիպված եղան զենքերը ձեռքներին բացել Բերձորի միջանցքը՝ Արցախը 4-ամյա շրջափակումից դուրս բերելու համար։ Հարյուր հազարավոր արցախցիների կյանքի ճանապարհ դարձած Բերձորը 2023 թվականի սեպտեմբերին, երբ ստիպված եղան զանգվածաբար լքել իրենց նախնիների երկիրը, դարձավ 89 արցախցիների մահվան ճանապարհը, ովքեր չկարողացան դիմակայել դժվարություններին, սովին ու սթրեսին։

Եվ ահա այս Բերձորը, որը դարձավ Լաչին ռուս-թուրք-ադրբեջանական օկուպացիայից հետո, այժմ պետք է ռուսական կայսերականների ջանքերով դառնա «ԱՊՀ մշակութային կենտրոն»։

Հետաքրքիր է, ի՞նչ մշակույթ է քարոզվելու այս կենտրոնում։ Ծերունիների ու կանանց գլխատելու մշակո՞ւյթ։ Թե՞ միայն հայ լինելու պատճառով հարյուր հազարավոր մարդկանց սովի, ցրտի ու զրկանքների ենթարկելու մշակույթը: Միգուցե ուրիշի հողը, ուրիշի տները, ուրիշի մշակույթը, արվեստը, ճարտարապետությունը յուրացնելու մշակո՞ւյթը։

Թե՞ այս մշակութային կենտրոնը տարբեր ազգերի ադրբեջանցի բնակիչներին կսովորեցնի, որ նրանք լեզգիներ, ավարներ, թալիշներ չեն, այլ ինչ-որ ադրբեջանցի են, քանի որ այդպես է ուզում Ռուսաստանի ցարը կամ սուլթանը։

Որքան էլ Ռուսաստանը ջանում է թաքցնել իր իրական դեմքը, արցախահայության առնվազն երեք սերունդ դա սեփական աչքերով է տեսել 2020-23 թթ.։ Ադրբեջանի դեպքում ինչ «մշակութային կենտրոնների» մասին էլ խոսեն, այդ բոլոր կենտրոններից հայի արյան հոտ է գալու։ Եվ ամեն անգամ, երբ այս կենտրոնում կանցկացվի որևէ «մշակութային» միջոցառում, բոլորի աչքի առաջ կլինեն «գորշ գայլերի» նշանները Շուշիի մերձակայքում գտնվող ճանապարհին, Հայաստանից Արցախ տեղափոխող ռուսական «Ուրալում» վախեցած երեխաների դեմքերը։

Ահաբեկիչները «մշակութային գործիչների» քողի տակ կտեսնեն ռուս «խաղաղապահների» ավտոմատները՝ ուղղված խաղաղ երթի հայ մասնակիցներին, երեխաներին, ովքեր ոտքով քայլել են Ստեփանակերտից Շուշի՝ հասնելու մարդասիրական միջանցքի բացմանը։

Լաչինի «մշակութային կենտրոնը» կդառնա հայերի նկատմամբ ատելության, երեսպաշտության խորհրդանիշ հարյուր հազարավոր հայերի նկատմամբ, ովքեր իրենց կյանքը տվել են խորհրդային կարգերի համար։ Բայց ամենակարեւորը՝ Լաչինը Ռուսաստանի համար կդառնա ամոթի խորհրդանիշ, քանի որ տեղեկատվության դարում նա այլեւս չի կարող թաքցնել իր իրական դեմքն ու իրական մտադրությունները։

Ավելին, Ռուսաստանն ինքը հիմա խոստովանում է, որ միշտ անում է «բոլոր կեղտոտ գործերը» թուրքերի համար, ինչպես դա արեց 1915 թվականին թուրք հրոսակների համար։

Մարգարիտա Քարամյան

Ալիեւը չգիտի, երբ կհամաձայնվի եւ կստորագրվի պայմանագիրը

Մոսկվայում լրագրողի հարցին՝ «ե՞րբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը», Ալիևն արձագանքել է. – «Երբ ամբողջը համաձայնեցվի»:

Հարցին էլ, թե ե՞րբ կհամաձայնեցվի, այս տարի հնարավո՞ր է, Ալիևն ուսերն է թոթվել:

Ռուս սահմանապահները հեռանում են Իրան-Հայաստան հսկիչ-սահմանային կետից

Ազատություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ հունվարի 1-ից ռուս սահմանապահները կհեռանան հայ-իրանական սահմանի հսկիչ-սահմանային կետից

«Համաձայնություն է ձեռքբերվել նաև այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով», – նշված է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի տարածած հաղորդագրությունում։

«Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում նշեց. «Ընդհանուր սահմանի երկայնքով պետք է արձանագրել, որ թե՛ Թուրքիայի և թե՛ Իրանի հետ պետական սահմանին մինչ այս կանգնած են եղել միայն ու բացառապես Ռուսաստանի սահմանապահ զորքերը, իսկ այսուհետ ծառայությունը կիրականացվի խառը ռեժիմով, այսինքն, Ռուսաստանի սահմանապահների հետ զուգահեռ ծառայություն կտանեն նաև Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության սահմանապահ զորքերը: Սա ևս աննախադեպ երևույթ է: Իսկ անցագրային կետում էլ արդեն բացառապես Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն է»:

«Ազատության» հարցն ՝ ի՞նչ նկատի ունեն հսկիչ-անցակետ ասելով, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. – «Հսկիչ-անցագրային կետն այն հատվածն է, որտեղով անցնում են, հատում են սահմանը քաղաքացիները ու այն հատվածն է, որտեղ անձնագրերն են ստուգում, բեռներն են ստուգում»:

«Այդ կետում մինչև այս պահը միայն ռուսներն են ծառայություն իրականացնում, իսկ ամսի 1-ից արդեն կլինի միմիայն Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես ասացի, սահմանի պահպանության տեսանկյունից, այնտեղ արդեն խառը», – նշեց ՔՊ փոխնախագահը:

Հարցին՝ «ինչ-որ համամասնություն է գործելո՞ւ ռուսների, հայերի մասնակցությամբ, Ալեքսանյանն արձագանքեց. – «Մանրամասներ են, որոնց չեմ տիրապետում: Կարծում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունը ավելի լավ կմեկնաբանի այդ հատվածը»:

Դիտարկմանը, որ որոշումը կայացվել է միջկառավարական համաձայնության հիման վրա և հետագա վավերացումներ չի ենթադրում, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. – «Կարծում եմ, չէ, չի ենթադրում, որովհետև մենք նմանատիպ իրավիճակ ունեցանք նաև «Զվարթնոցի հետ կապված»:

«Բնականաբար, ցանկացած պետության համար շատ ցանկալի է, որպեսզի հենց ինքը կարողանա ու ինքն էլ իրականացնի իր ողջ պետական սահմանի երկայնքով սահմանի պահպանությունը, դա միանշանակ ցանկալի բան է ցանկացած պետության համար», – ասաց նա:

Ապառաժ․ Թեհրանցի ու արցախցի երիտասարդների միջև ընկերությունը շարունակվում է

Ապարաժ

Թեհրանի ՀՅԴ «Ռոստոմ» երիտասարդական միության երիտասարդների նամակները, որոնք վերջերս «Թեւանիկ» բարեգործական կազմակերպության ղեկավար Իվետ Դանիելյանի միջոցով ուղարկվել են արցախցի պատանիներին, լի են սիրով ու հավատով առ Աստված։ Թեհրանցի երիտասարդներն արցախցի իրենց հասակակիցներին ուժ ու կորով են մաղթում և հավաստիացնում, որ միշտ նրանց կողքին են լինելու։ Նրանք հավատում են, որ վերադարձ Արցախ անպայման լինելու է, քանի որ Հայրենիքն առանց Արցախ լինել չի կարող։

Նամակների հետ արցախցի պատանիներին են փոխանցվել Արցախի պատմամշակութային արժեքները ներկայացնող ձեռքի աշխատանքներ, որոնցից յուրաքանչյուրը արված է մեծ սիրով։

Արցախցի պատանիները հուզմունք, ինչպես նաև ոգևորություն ապրեցին ՀՅԴ Ռոստոմ երիտասարդական միության երիտասարդների պատրաստակամ վերաբերմունքից։ Այսօր, ավելի քան երբևէ, արցախցիները զգում են ուշադրության կարիք և ուրախալի է, որ թեհրանցի ու արցախցի երիտասարդների միջև ընկերությունն ավելի է ամրապնդվում։