Նպատակ ունեմ՝ իմ ծննդավայր Ասկերանում ծաղկի սրահ բացել ու գեղեցկացնել մարդկանց կյանքը

Տեղահանվելուց հետո Ապրեսյաններն իրենց փոքրիկ բիզնեսն են ստեղծել

 Արցախից տեղահանվելուց հետո Ապրեսյանների ընտանիքը բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Ընտանիքի հայրը՝ Սերժիկը, վերջին տարիներին տեղաշարժվում է միայն հաշմանդամության սայլակի օգնությամբ։ Արցախյան պատերազմների մասնակիցը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ։

Տակավին երիտասարդ տարիքում, երբ կռվում էր Արցախի ազատության համար, երբեք չէր պատկերացնում, որ արցախցին այսպիսի ճակատագրի կարժանանա։ Նա իր երկրի համար բոլորովին այլ ապագա էր երազում ու պայքարում դրա համար։

 

 Սերժիկի հուշերը ցավոտ են, անմոռանալի․․․

 – Հիշելով մեր փայլուն հաղթանակները՝ ցավ եմ ապրում, որ ամեն ինչ ջուրն է ընկել։ Մեր հողի համար այնքան արյուն է թափվել, այնքան տղաներ են հերոսացել, որոնից մեկն իմ հարազատ եղբայրն էր՝ Սամվելը։

Մենք մեր ճանապարհն արժանապատվորեն ենք անցել՝ մտածելով միայն հաղթանակի մասին: Ոչնչի առաջ կանգ չենք առել, մեր նպատակը մեկն էր. Արցախը տեսնել ազատագրված։

Երբ սկսվեց Արցախյան Շարժումը, ընկերներիս հետ անմիջապես անդամագրվեցի համընդհանուր պայքարին: Մասնակցում էինք ընդհատակյա հավաքներին ու միջոցառումներին: Հետո եկավ զենք վերցնելու անհրաժեշտությունը, ու մենք արդեն մարտի դաշտում էինք։ Մեր գումարտակի տղաներով մասնակցել ենք Խրամորթի, Փառուխի, Նախիջևանիկի ենթաշրջանի գյուղերի, Խոջալուի, Ակնայի  պաշտպանական բոլոր ազատագրական մարտերին: Թշնամին իր աչքով էր տեսնում արցախցու ցասումը, վճռականությունը: Մենք ուժեղ և համախմբված էինք միշտ․ հենց դա էր մեր հաղթանակների գրավականը։

Առաջին անգամ վիրավորվել եմ 1992 թվականի հունիսի 30-ին և ապաքինվելով՝ կրկին վերադարձել մարտական ընկերներիս մոտ: Երկրորդ անգամ վիրավորումս ավելի ծանր էր՝ 1993 թվականի հունիսի 12-ին Ակնայի ազատագրման ժամանակ: Շատ ընկերներ եմ կորցրել: Մեծ ընտանիք էինք, իրար հետ ծխախոտ ու հաց էինք կիսում, անքուն գիշերներ անցկացնում, սակայն, ցավոք, պատերազմը հերթով խլում էր այդ ընտանիքի անդամներին: 1992 թվականի փետրվարի 26-ին զոհվեց միակ եղբայրս: Խոջալուի ազատագրման համար մղվող մարտերն էին…Երեք օր առաջ զոհվել էին մորաքրոջս ամուսինն ու տղան՝ պատանի Սուրենը, իսկ մի տարի հետո զոհվեց իմ մյուս մորաքրոջ որդին՝ Ալեքսանդրը: Մեր գերդաստանի համար դաժան ճակատագիր էր նախատեսվել։ Այնուամենայնիվ, կարողացանք հավաքել մեզ ու ապրել մեր հաղթանակած երկրում։

Ասում են, երբ հարազատ ես կորցնում, ասես՝ կիսատ ես ապրում հետագա ամբողջ կյանքդ այդ տեղը միշտ մնում է դատարկ: Սերժիկն այդպես էլ ապրեց՝ մշտապես զգալով առանց եղբայր մնալու իր կիսատ կյանքի ցավը։

Պատերազմի ավարտից հետո նա չկարողացավ հրաժարվել զինվորական համազգեստից ու մինչև 2007 թվականը շարունակեց ծառայել  ԼՂՀ ՊԲ հեռավոր զորամասերից մեկում: Սակայն պատերազմն իր հետքը թողել էր, նա այլևս ի վիճակի չէր ծառայել։ Զորացրվելուց հետո կատարում էր տարբեր աշխատանքներ, որ կարողանար հոգար բազմանդամ ընտանիքի հոգսերը։

Սերժիկ Ապրեսյանն իր երկու որդիներին՝ Ռուդոլֆին ու Սամվելին դաստիարակել է հայրենասիրական ոգով։ Նրանք մասնակցել են 2016-ի, 2020-ի և Արցախյան վերջին պատերազմներին։

 Անցնելով գաղթի ճանապարհը՝ Սերժիկ և Անահիտ Ապրեսյանները ամեն ինչ սկսել են զրոյից։

 -Տեղահանությունից հետո մեծ դժվարությամբ ենք համակերպվում իրականությանը։ Մեզ համար շատ դժվար է հանկարծակի պոկվել մայր հողից ու հայտնվել բոլորովին այլ իրականության մեջ։ Ամենադաժանն այն է, որ անտեր թողեցինք մեր հարազատների շիրիմները ու չգիտենք՝ երբևէ կվերադառնա՞նք Արցախ։ Փորձում ենք չկորցնել մեր հույսը ու հավատալ, որ գոնե մեր սերունդները կվերադառնան ու տիրություն կանեն հայրենի հողին։

Մեր ընտանիքը մեծ է՝ 10 հոգանոց։ Ցավոք, ամուսնուս մայրն ամիսներ առաջ է հեռացել կյանքից ու մինչև վերջին շունչը չէր կարողանում համակերպվել, որ կորցրել է որդու շիրմին այցելելու հնարավորությունը։

Իհարկե, դժվարությունները շատ են, սակայն մենք փորձում ենք հաղթահարել դրանք՝ վերստին համոզվելով, որ կյանքը մշտական պայքար է,- ասում է տիկին Անահիտը և ավելացնում, որ պարտավոր են չնահանջել․ թոռնիկները ստիպում են ապրել։

Տեղահանվելուց հետո Ապրեսյանները Երևանի ՔանաքեռԶեյթուն վարչական տարածքում Սարկավագի 122/3 հասցեում  Angels Flowers ծաղիկների բիզնեսն են հիմնել։

Անգելինան ու Սամվելն են զբաղվում ընտանեկան փոքր բիզնեսով։

-Մեկ տարուց ավել է, ինչ Երևանում զբաղվում ենք ծաղկի բիզնեսով։ Սկզբից հեշտ չէր, բայց ընթացքում ամեն ինչ հունի մեջ ընկավ։ Կարողացել ենք ձեռք բերել հաճախորդներ և փորձում ենք մեր ծառայությունները գեղեցիկ ու նորովի մատուցել։ Ծաղկեփնջեր պատրաստելիս միշտ հաշվի ենք առնում պատվիրատուի ճաշակն ու նախասիրությունները։ Մեր ծաղկի սրահը բացի ծաղիկների վաճառք իրականացնելուց, հաճելի հավաքատեղի է նաև։ Մեր այցելուները վայելում են արցախյան կոլորիտը, ստանում ջերմություն։ Առանձնապես արցախցի հաճախորդները շատ են ուրախանում, երբ մտնում են սրահ՝ ասելով, ինչ լավ է կարող ենք մեր բարբառով խոսել։ Մեր ընտանեկան բիզնեսին օգնում է նաև քույրս՝ Գոհարը, իսկ նրա ու եղբորս երեխաները մեզ ուժ ու եռանդ են հաղորդում։

Երազում եմ, որ շուտ գա տունդարձի օրը․ նպատակ ունեմ՝ իմ ծննդավայր Ասկերանում ծաղկի սրահ բացել ու գեղեցկացնել մարդկանց կյանքը,-ասում է Անգելինան։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

«Այո, հաստատում եմ՝ վարչապետը կմեկնի Թուրքիա»․ Ալեն Սիմոնյան

«Այո, հաստատում եմ՝ վարչապետը կմեկնի Թուրքիա»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, եւ մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այդ ռիսկերը չեզոքացնենք։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ ուղղությամբ գործուն քայլեր է անում, եւ ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի՝ վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ Փաշինյանն Անկարա կմեկնի Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով։ Նա ասաց, որ հունիսի 20-ին կայանալիք այդ այցի ընթացքում տարածաշրջանային բոլոր հնարավոր հարցերը քննարկվելու են։

«Ես կարծում եմ, որ այդ այցը պատմական է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու»,- նշեց Սիմոնյանը։

Հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիայի՝ հնարավոր միջնորդ դառնալու մասին հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» Հայաստանն ու Ադրբեջանը ավարտին հասցրեցին միասնական։ Ըստ նրա՝ երկու կողմը կորոշեն, թե որտեղ կկնքեն այդ պայմանագիրը, ինչ միջնորդություն կլինի, եւ ընդանրապես կլինի՞ միջնոդրություն, թե՞ միջնորդության կարիք չկա։

«Դիվանագիտական հարաբերություններում տարբեր ֆորմատներ գոյություն ունեն, եւ ես չեմ բացառում, որ այլ ֆորմատների քննարկում եւս տեղի կունենա։ Արդյունքում՝ կընտրվի ինչ-որ մի ֆորմատ»,- հավելեց Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմության այն հայտարարություններին, թե այդ այցի ժամանակ թուրքական կողմը պահանջներ է դնելու Փաշինյանի առաջ, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Անկեղծ ասած՝ չիգիտեմ՝ ի՞նչ եք հարցնում»։

ՔՊ-ն հավատում է․ «Բաքվի ագրեսիայի որեւէ առիթ, պատճառ ու լեգիտիմություն չկա»

Կստեղծվի «ճանապարհային քարտեզ», որի վրա կհիմնվի Արցախի պետնախարարի գրասենյակի գործունեությունը

Նժդեհ Իսկանդարյանը մայիսի 20-ին նշանակվել է Արցախի պետական նախարար։ Կձևավորվի՞ նախարարների նոր կաբինետ, կներկայացվի՞ հանրությանը Արցախի պետական նախարարի ծրագիրը։ Իսկանդարյանը այս մասին խոսեց Step1.am-ի հետ։

 -Պարոն Իսկանդարյան, ինչպես տեղեկացանք, մայիսի 20-ին Ձեզ նշանակել են Արցախի պետական  նախարար: Արդյո՞ք ունեք ծրագիր որպես պետնախարար:

-Իհարկե, որպես պետնախարար ունեմ ծրագիր, ուղղված մեր հայրենակիցների խնդիրների լուծմանը: Ոչ ոք պատրանքներ չունի, մենք հասկանում ենք արցախցիների խնդիրների մասշտաբները Հայաստանում, ինքներս բախվում ենք իրականությանը, բայց մենք պետք է աշխատենք։

Ծրագիրը վերջնական կներկայացվի այն ժամանակ, երբ հանդիպումներ կունենամ բոլոր նախարարների հետ: Ես ուզում եմ լսել բոլոր նախարարներին, պարզել, թե որ հարցերն են նրանք դիտարկում որպես առաջնային խնդիրներ: Հաշվի առնելով բոլոր եզրակացությունները՝ կստեղծվի «ճանապարհային քարտեզ», որի վրա կհիմնվի արցախի պետական նախարարի գրասենյակի գործունեությունը։

Բայց կարող եմ ասել, որ գլխավոր ասպեկտը իհարկե սոցիալական հարցերը կլինեն: Մեր հանրությունը տեղյակ է, որ հարցերի լուծումը ՀՀ կառավարության դաշտում է, ու մենք ամեն ինչ կանենք այդ հարցերի բարձրաձայնման համար:

Սոցիալական խնդիրներից զատ, կան քաղաքական հարցեր ևս։ Դրանք թվարկված են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի պահանջագրում։

-Համաձայն  եմ, բայց ներկայիս փուլում անհրաժեշտ է կենտրոնանալ սոցիալական խնդիրների լուծման վրա։ Նախ՝ դա անհրաժեշտ է, որպեսզի արցախցիները չլքեն Հայաստանը։

Մեր հասարակությունում առկա լարվածության ֆոնին ես կարծում եմ, որ քաղաքական հարցերը պետք է բարձրացվեն մեծ զգուշությամբ։ Եվ դա տեղի կունենա։

Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ նկատի ունեն, թույլ տվեք հիշեցնել ՔՊ պատգամավոր տիկին Հակոբյանի խոսքերն, ում կողմից օգտագործված «սեպարատիստ» բառը հատուկ է Ադրբեջանի բառապաշարին: Ցավալի է, որ մեր հայրենիքում մենք բախվում ենք նման վերաբերմունքի:

-Ադրբեջանը շարունուկամ է վայրագությունները և արագորեն քանդում է Ստեփանակերտը և Արցախի այլ բնակավայրեր: Որպես Արցախի իշխանությունների և հանրության ներկայացուցիչ, կձեռնարկե՞ք որևէ քայլ այդ գործողությունների դեմ։

-Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցը անընդհատ բարձրաձայնվում է տարբեր հարթակներում։ Ցավոք, ադրբեջանական կողմը անպատիժ շարունակում է իր հանցագործությունները Արցախում։

Ինչ վերաբերում է հուշարձանների պահպանությանը, կարծում եմ, այդ գործում պետք է մասնակցեն ոչ միայն արցախցիները, այլև աշխարհասփյուռ հայությունն ու Հայաստանի պետական կառույցները։ Հակառակ դեպքում ես հաջողություն չեմ տեսնում այս հարցում։

Նույնը վերաբերում է նաև մասնավոր սեփականությանը։

Ինչպես գիտեք, մեր մարդու իրավունքների պաշտպանները և միջազգային փորձագետները մեծ աշխատանք են իրականցնում այդ վայրագությունների մասին բարձրաձայնելու և միջազգային ատյաններում դրանք ներկայացնելու համար: Ինչը միայն ողջունելի է։ Արցախի կառավարությունը ողջունում է այս նախաձեռնությունը և պատրաստ է աջակցել դրան, եթե նման առաջարկ լինի։

Շատ ցավալի է, որ փաստերը, որոնք վկայում են, որ Արցախը հայկական է, և որ հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել է այստեղ, դիտավորյալ ջնջվում են։ Երբ վերադառնանք, մենք կվերականգնենք մեր հայրենիքը։

– Երբ խոսքը գնում է վերադարձի մասին, հասարակությունը բողոքում է, որ չեն մանրամասնում, թե դա ինչպես պետք է լինի:

Ինչ վերաբերում է վերադարձին։ Իրականում այստեղ 2 տարբերակ կա՝ բանակցություններ և ռազմական չանապարհ: Բոլորը հասկանում են սա: Բայց նախընտրելի է լուծումը տանել ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակում, ինչին դեմ է Ադրբեջանը:

Անհրաժեշտ է անընդհատ բարձրաձայնել այդ խնդիրնրը և մեր հասարակության, և միջազգային հանրության շրջանակում, որպեսզի պարզ լինի՝ Արցախի ժողովուրդը պայքարում է իր իրավունքների համար՝ համաձայն բոլոր մարդկային և ժողովրդավարական նորմերի։

Դուք նաև Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ եք, խնդրում եմ պարզաբանել, ինչպե՞ս եք համատեղելու այս երկու պոզիցիաները։

-Տվյալ պայմաններում շատ դժվար է խոսել  դրա մասին: Ես չեմ բացառում, որ կլինեն հարթակներ, որտեղ որպես պետնախարար կկարողանամ ավելի նպաստել այս կամ այն հարցի լուծմանը: Բոլոր ջանքերը կարևոր են:

Այժմ Խորհուրդը սկսել է հանդիպումներ արցախցիների հետ տարբեր շրջաններում։ Մինչ այդ մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել Երևանում: Բազմաթիվ հարցերի շուրջ։ Ես չեմ բացառում, որ Խորհրդի կողմից հավաքված տվյալները օգտակար կլինեն պետական նախարարի գրասենյակի աշխատանքում։ Նաև համատեղ աշխատանքը կարող է օգտակար արդյունքներ տալ մեր հասարակության համար։

-Ձեր նշանակումը մեծ ռեզոնանս է առաջացրել Արցախի հանրության շրջանում:

-Մեր մոտ պաշտոնը բացասական ինչ-որ բանի հետ են կապում սովորաբար: Բայց մեր հայրենակիցները պետք է հիշեն, որ մենք աշխատում ենք առանց ռեսուրսների, կամավորական հիմունքներով։ Սակայն մեզ վրա մեծ պատասխանատվություն է դրված, ուստի ընդունելի են միայն մարդկանց համար դրական արդյունքները։

Ալվարդ Գրիգորյան

ՀՀ կառավարությունը կստանձնի զոհված արցախցի զինժառայողների 83 ընտանիքների վարկերի մարումը

ՀՀ կառավարությունը խոստացել է մարել 44-օրյա պատերազմում արցախցի զոհված զինծառայողների 83 ընտանիքների հիփոթեքային վարկերը։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդը։

Իրավապաշտպան և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նշել է, որ խոսքը 2020 թվականի պատերազմի արդյունքում օկուպացված Արցախի շրջաններից բռնատեղահանված ընտանիքների մասին է։

«2023 թվականի սեպտեմբերին արցախցիների տեղահանությունից հետո, Արցախի կառավարությունը, օբյեկտիվ պատճառներով, դադարեցրեց հայկական բանկերում վարկերի մարումը Հայաստանում բնակարան գնած 83 ընտանիքների տրված վկայականներով։ Արդյունքում, բանկերը սկսեցին պահանջել վճարումներ ընտանիքներից, հակառակ դեպքում սպառնալով զրկել նրանց բնակարանից։ Արցախի կառավարությունը պետք է մարեր վարկերը 20 տարվա ընթացքում։

Հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունները տագնապ հնչեցրին։ ՀՀ կառավարությանը ուղղված բազմիցս դիմումները ապարդյուն էին։ Այնուհետև մենք միավորեցինք ուժերը Արցախցիներ իրավունքների պաշտպանության խորհրդի հետ։ Սա կարելի է անվանել օրինակ, երբ հաջողությունը ձեռք է բերվում համերաշխության և ուժերի համախմբման միջոցով»։

Խոսելով այն մյուս ընտանիքների մասին, որոնք չեն հասցրել իրացնել 2020 թվականից հետո տրված Արցախի կառավարության վկայականները, Բեգլարյանը նշել է, որ «նրանց վկայականները անվավեր են ճանաչվել ՀՀ կառավարության կողմից, և այդ ընտանիքները պետք է մասնակցեն 2023-ից հետո հայտարարված ՀՀ կառավարության փախստականների համար նախատեսված բնակարանային ծրագրին», և հավելել է, որ «զոհված արցախցի զինվորների ընտանիքները Հայաստանում չունեն որևէ արտոնություն կամ սոցիալական կատեգորիա, իսկ բնակարանային աջակցության ծրագրի շրջանակներում նրանք ընդգրկված են ընդհանուր ցուցակներում, ինչը հիմնարար սխալ է»։

Ալվարդ Գրիգորյան

Եվս մեկ սարսափելի գիշեր Կիևում. առնվազն 14 մարդ է զոհվել

Նախնական տվյալներով՝ հունիսի 17-ի գիշերը Կիևի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, 44-ը՝ վիրավորվել։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։

Նրա խոսքով՝ հարված է հասցվել քաղաքի տարբեր շրջաններում գտնվող 27 վայրի։ Դրանց թվում են բնակելի շենքեր, ուսումնական հաստատություններ և կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտներ։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ ավերվել է ավելի քան 40 բնակարան։ «Կարող են մարդիկ լինել փլատակների տակ։ Մենք չենք բացառում, որ մահացածների թիվը կարող է աճել», – ասել է Կլիչկոն «Կիև» հեռուստաալիքի եթերում։ Ավելի վաղ նա հայտնել էր 16 տուժածների մասին։ «Կիևի վրա հարձակման ժամանակ, Սոլոմենսկի շրջանում, այն տան դիմաց, որտեղ բժիշկները օգնություն էին ցուցաբերում տուժածներին, մահացել է 62-ամյա ԱՄՆ քաղաքացի։ Բժիշկները հաստատել են կլինիկական մահը՝ կենսաբանական մահ», – գրել է Կլիչկոն իր Telegram ալիքում։

Թրամփը կատաղած է. նա կոչ արեց Թեհրանին տարհանվել

Դոնալդ Թրամփը վաղաժամ լքել է Կանադայում կայացած G8 գագաթնաժողովը, հրաժարվել է ստորագրել Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությունը, հրավիրել Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ և կոչ արել Թեհրանի բնակիչներին տարհանվել: Ըստ որոշ տեղեկությունների՝ ամերիկյան ծանր ռազմական օդանավեր են մեկնել Արևելյան կիսագունդ։

Թրամփը, որը 2020 թվականին (իր առաջին նախագահության ավարտին) Արցախի օկուպացիայից ի վեր ասում է՝ «տեսնենք, թե ով կհաղթի», երեկ հայտարարեց, որ Իրանն ավելի թույլ է, ինչը նշանակում է, որ այն պետք է բանակցի և կապիտուլյացիայի ենթարկվի:

Սակայն Թրամփի նյարդայնությունը ենթադրում է, որ Իրանն այդքան էլ թույլ չէ: Բացի այդ, այն սպասումը, որ Իսրայելի առաջին հարվածներից հետո Իրանի բնակչությունը կբարձրանա այաթոլլաների ռեժիմի դեմ կամ զանգվածաբար կհեռանա Իրանից՝ փլուզելով, ասենք, Հայաստանի, Ադրբեջանի, Իրաքի հետ սահմանները, ամբողջովին ճիշտ չստացվեց: Իրանցիները լքում են իրենց տները, բայց ոչ զանգվածաբար: Իսկ Իրանի պետական ​​հեռուստատեսության լրագրողների վարքագիծը, որոնց շենքը Իսրայելի կողմից ուղիղ եթերում հարձակման ենթարկվեց, ենթադրում է, որ իրանցիները չեն պատրաստվում հավաքել իրենց ճամպրուկները, ինչպես ասաց Նեթանյահուն:

Թրամփը վաբանկ է գնում, և հիմա ԱՄՆ-ն ստիպված կլինի անմիջականորեն մասնակցել հակամարտությանը, ինչը պահանջում է Կոնգրեսի որոշում և հասարակության հավանություն։ Իսկ ԱՄՆ հասարակությունն այժմ պատառոտված է հակասություններով, վերլուծաբանները խոսում են հնարավոր քաղաքացիական պատերազմի մասին՝ Թրամփի անօրինական միգրանտների դեմ պայքարի ֆոնին։ Թեկուզ Գերմանիայի կանցլեր Մերցը Թրամփին նվիրել է նր գերմանական պապի ինչ-որ փաստաթուղթ, ցույց տալով, որ Թրամփն էլ միգրանտ է։

«Միգրանտների և նստակյաց» էթնիկ խմբերի միջև պայքարը շարունակվում է դարեր շարունակ, և շատ նստակյաց ազգեր չեն մնացել, որոնք պահպանում են իրենց հողի իրավունքը և սովոր չեն արագ հավաքել իրենց ճամպրուկները։ Նստակյաց ազգերը էքսպանսիոնիստների գլխավոր թշնամին են, և Փոքր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի տարածաշրջանում հայ էթնիկ խմբի հետ պատերազմը պայմանավորված է նստակյաց հայ տարրը արմատախիլ անելու մտադրությամբ։

Իրանը աշխարհի այն քիչ երկրներից մեկն է, որը գոյություն ունի հազարամյակներ շարունակ, և իրանցիները կարծում են, որ չեն կարող փախչել, քանի որ իրենց համարում են այս հողի տերերը։ Սակայն, արցախցիների փորձը, ովքեր ստիպված էին լքել իրենց հազարամյա հողը ցեղասպանության սպառնալիքի տակ, ենթադրում է, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները կարող են դիմել ցեղասպանության սպառնալիքին՝ իրանցիներին իրենց հողից դուրս մղելու համար։ Ընդ որում, իրանցիները ճանաչել են Արցախը ցեղասպանելու և հայաթափելու Բաքվի իրավունքը։

Թրամփը հասկանում է, որ ինքը ստիպված է բացահայտ միանալ ցեղասպանությանը, ուստի նյարդայնանում է։ Բայց նա նաև հասկանում է, որ եթե «նստակյած» ազգերը հաղթեն, դա կարող է լինել Իսրայելի վերջը և Միացյալ Նահանգների փլուզման սկիզբը։

Շոումենի համար այնքան էլ հաճելի չէ ընտրության առաջ կանգնել՝ կամ դառնալ ցեղասպանության մեղսակից, կամ պատմության մեջ մտնել որպես Միացյալ Նահանգները կործանած նախագահ։

«Իրանը պետք է ստորագրեր այն «համաձայնագիրը», որը ես նրանց ասացի ստորագրել։ Ի՜նչ ամոթ է, այդքան շատ ավելորդ մահեր։ Պարզ ասած՝ ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ։ Ես դա ասել եմ անընդհատ։ Բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը», – գրել է Թրամփը իր TruthSocial ցանցում։

Թեհրանը լքելու մասին թվիթերից հետո Թրամփը հաջորդեց նույն թեմայով ևս մի քանի կարճ թվիթների, այդ թվում՝ հետևյալի. «ԱՄԵՐԻԿԱՆ ԱՌԱՋԻՆԸ նշանակում է շատ ՄԵԾ բաներ, այդ թվում՝ այն փաստը, որ ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ։ ԴԱՐՁՐԵՔ ԱՄԵՐԻԿԱՆ ԿՐԿԻՆ ՄԵԾ!!!»

Արարատ Միրզոյանը զանգել է ԵԱՀԿ․ Հայաստանն այլևս ապավինում է Թուրքիային

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր:

Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը:

“Վերջին զարգացումների” մասին օրերս Պրահայում խոսել է Նիկոլ Փաշինյանն, ով հայտարարեց, որ Հայաստանը կփորձի մինչև տարվա վերջ Բաքվի հետ ստորագրի “խաղաղության համաձայնագիր” և հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբից։

Ըստ երևույթին, իրան-իսրայելական հակամարտությունը արագացրեց գործընթացները, և Հայաստանը ավելի շուր կհրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Մինչ օրս այդ կառույցը ինչ-որ չափով Հայաստանի պաշտպանն է, սակայն պաշտոնական Երևանը այլևս ապավինում է Թուրքիային։

Հունիսի 20-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Անգորա, որտեղ նա հաստատ չի գնում պայմաններ առաջարկելու։

Արդեն այսօր Անկարայում Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերրիս Էքինջին հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն X–ում։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Այդ հարցերից մեկն է՝ հրաժարվել Մինսկի խմբից։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հաստատ դեմ չի լինի։

Նեթանյահու․ Իրանի գերագույն առաջնորդի սպանությունը «կավարտի հակամարտությունը»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ABC News-ին ասել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը «չի սրի հակամարտությունը», այլ «կավարտի այն»։

Նեթանյահուն այս հայտարարությունն արել է ի պատասխան ABC News-ի հարցման՝ մեկնաբանելու այն հաղորդագրությունը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդին սպանելու ծրագիրը՝ վախենալով, որ դա կսրացնի հակամարտությունը։

««Հավերժ պատերազմ» է ուզում Իրանը, և դա մեզ հասցնում է միջուկային պատերազմի եզրին։ Իրականում Իսրայելն ամեն ինչ անում է դա կանխելու, այս ագրեսիան վերջ տալու համար, և մենք դա կարող ենք անել միայն չարի ուժերին դիմակայելով», – ասել է Իսրայելի վարչապետը։

Հարցին, թե արդյոք Իսրայելը իրականում պատրաստվում է հարձակվել Իրանի գերագույն առաջնորդի վրա, Նեթանյահուն պատասխանել է, որ Իսրայելը «անել է այն, ինչ պետք է անի»։ Առանձին, վարչապետը նշել է, որ Իսրայելը թիրախավորում է առաջատար միջուկային գիտնականներին։

«Արդեն ակնհայտ է, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի ցույց»

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այս օրերին հանդիպումներ է անցկացնում մարզերում բանկվող արցախցների հետ։ Իսկ հունիսի 23-ին հայտարարելու են պայքարի նոր փուլ սկսելու մասին։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկա օրերին հանդիպումները շարունակելու են այն համայնքներում, որտեղ բնակվում են մեծ թվով արցախցիներ։ «Այնուհետեւ կամփոփենք արդյունքները, հետագա քայլերը մանրամասն կներկայացնենք։ Բայց արդեն ակնհայտ է, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի ցույց, որովհետեւ շատ հարցերի պատասխաններ մնացել են անբավարար»,- ասաց նա։

Օրերս խորհրդի անդամները հանդիպում են անցկացրել Մասիս համայնքում, ըստ Սայիդա Պողոսյանի, արցախցիները բոլորն էլ հասկանում են, որ այն հարցերը, որոնք առաջ են քաշվել, արդար են եւ պետք է ստանան լուծումներ։ Այսինքն՝ մարդիկ պատրաստ են պայքարի։ Սայիդա Պողոսյանն ասաց, որ միայն սոցիալական հարցերը չէ, որ հետաքրքրում են մարզերում բնակվող արցախցիներին։ Խորհրդի առաջ քաշած 12-13 կետերի ուղղությամբ մարդիկ պատրաստ են աշխատանք տանել ու պայքարել իրենց իրավունքների իրացման համար։

Սոցիալական աջակցության ծրագրերի կրճատման հետեւանքով, Սայիդա Պողոսյանի խոսքով, արցախցիները սոցիալական խնդիրների առաջ են կանգնում։ «Իրենք միշտ էլ աշխատում են, այն աջակցությունը, որը ստանում էին, դրանով վճարում էին տան վարձը, իսկ աշխատած գումարով ապրում էին։ Իսկ հիմա, եթե աջակցությունից զրկվեն, չեմ պատկերացնում, թե ինչ է սպասվում։ Մեր միակ մտահոգությունն այն է, որ արցախցիները Հայաստանը չլքեն, որովհետեւ Հայաստանը լքելու դեպքում կփակվի նաեւ Արցախ վերադարձի խնդիրը։ Չկա արցախցի, չկա Արցախի հարց։ Միայն Մասիսի շրջանում ապրում է մոտ 7500 արցախցի։ Իսկ դա մեծ թիվ է, քիչ չէ։ Ասացին, որ փորձում են աշխատել, ամեն աշխատանք էլ կատարում են, միայն թե գիտեն, որ իրենց ընտանիքն են պահում, իրենց հայրենիքում են մնում, իրենց եղբայրների գերեզմաններին են այցելում»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Իրանի հարևան Հայաստանը ոչ մեկին չի հետաքրքրում, չնայած սպառնալիքներն աճում են

Աշխարհի առաջնորդները ակտիվորեն զանգահարում են միմյանց՝ քննարկելու Իսրայելի հարձակումը Իրանի վրա, որը, ինչպես պարզվում է, այլևս դաշնակիցներ չունի: Ամեն դեպքում, ոչ մի երկիր պաշտոնապես չի հայտարարել, որ պատրաստ է կռվել Իրանի կողմից։

Հակառակը՝ վերջերս Իրանի հետ ռազմավարական համաձայնագիր ստորագրած Պուտինը զրուցում է Էրդողանի հետ, ով հետո զանգահարում է Ալիևին և Թրամփին, Թրամփը ինքը զրուցում է Պուտինի հետ, ով հետո զանգահարում է Նեթանյահուին և Պեզեշկիանին: Միայն Հնդկաստանի արտգործնախարարն է զանգահարել Հայաստան, մնացածը անհրաժեշտ չեն համարել հրապարակայնորեն հարցնել, թե ինչպես են ընթանում գործերը մի երկրում, որը չափազանց կախված է Իրանի հետ կապերից։

Հայաստանի չորս սահմաններից միայն երկուսն են բաց՝ Իրանի և Վրաստանի հետ: Դեռ Իրանի դեմ ագրեսիայից առաջ լուրջ խնդիրներ էին սկսվել հայկական արտադրանքի Վրաստան, իսկ այնտեղից՝ Ռուսաստան արտահանման հետ կապված: Խնդիրներ առաջացան ծաղիկների, կոնյակի և մրգերի հետ: Մասնավորապես, ինչպես պարզվեց, հայկական ծիրանով բեռնատարները 10 օր է, ինչ կանգնած են Ռուսաստանի սահմանին:

Այսօր հայ պաշտոնյաները խոստովանեցին, որ հայկական բեռները մնացել նաև են Իրանի Բանդար Աբբաս քաղաքում։

Իրան-Իսրայել հակամարտության հետ կապված՝ Հայաստանը քննարկում է տնտեսական զարգացման տարբեր, այդ թվում՝ ռիսկային սցենարներ, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Բարձր ռիսկի դեպքում դիտարկվում է տնտեսական աճի մինչև 1.3% դանդաղելու հավանականությունը։

«Իհարկե, մեր գործընկերները Էկոնոմիկայի նախարարությունում ուսումնասիրում են, թե ինչպես կարող է իրավիճակը ազդել լոգիստիկ երթուղիների վրա, չասած ավելի բացասական սցենարների մասին։ Օրինակ, եթե իրավիճակը այնքան սրվի, որ միջազգային ներդրողները սկսեն ռիսկային համարել Հայաստանում ներդրումները հակամարտության պատճառով։ Սա նաև կարտացոլվի մեր տոկոսադրույքների վրա», – ասել է նախարարը։

Միևնույն ժամանակ, կառավարությունը որևէ դժվարություն չի գրանցում Իրանի հետ մաքսային անցակետերի աշխատանքում և որևէ ուշացում չի տեսնում Հայաստանում պայմանագրային աշխատանքներ կատարող իրանական ընկերությունների աշխատանքում: Սա վերաբերում է նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը և այլ նախագծերին։

Վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանի կարծիքով, եթե Հայաստանի սահմանները Վրաստան-Ռուսաստանի և Իրանի հետ փակվեն, Թուրքիան կարող է «առաջարկություններ» անել Հայաստանին և ներկայացնել իր պայմանները։

Սակայն ոչ միայն Հայաստանի լոգիստիկան կարող է վտանգի տակ լինել։ Մասնագետները խոսում են ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքը» ճեղքելու և Հայաստանի հարավը անեքսիայի ենթարկելու շատ հավանական փորձերի, միջուկային արտահոսքի հնարավորության, այնպես էլ փախստականների հոսքերի մասին, որոնք կարող են հոսել դեպի Հայաստան։

Խոսքը ինչպես Իրանում բնակվող էթնիկ հայերի, այնպես էլ Իրանական Ադրբեջանից եկած էթնիկ թուրքերի մասին է, ովքեր կարող են օգտվել առիթից և ներխուժել Հայաստան։ Ավելին, շատ իրանցի ադրբեջանցիների համար Հայաստանը փակ երկիր չէ, շատերը հաճախ են լինում, իսկ ոմանք նույնիսկ ապրում են այստեղ։

Հատկանշական է, որ նման հեռանկարների ֆոնին Նիկոլ Փաշինյանը նույնպես չի զանգահարում իր գործընկերներին, չնայած կարող էր զանգահարել Մակրոնին կամ Իրանի նախագահին։ Ամեն դեպքում, նման զանգերի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։ Փաշինյանը ինտենսիվորեն պատրաստվում է Անգորա այցելելուն՝ Էրդողանին տեսնելու համար։

Պետք է հրաժարվել սերտիֆիկատների ծրագրից և անցնել փոխհատուցման՝ հիմնված Արցախի կադաստրային տվյալների վրա

Ստեփանակերտ

Արցախից տեղահանվելուց հետո Ժորա Հայրապետյանը ընտանիքով բնակություն է հաստատել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Նա սովորում է Գորիսի պետական համալսարանի Իրավագիտության բաժնում անընդունելի է համարում ՀՀ կառավարության վարած քաղաքականությունն Արցախից բռնատեղահանված բնակչության հանդեպ։

 – 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվեցին ավելի քան 100000 արցախցիներ։ Նրանք ստիպված եղան լքել իրենց օրինական բնակության և սեփականության վայրերը՝ տներ, հողամասեր, անձնական տնտեսություններ, որոնք իրավական տեսանկյունից գրանցված էին Արցախի կադաստրային համակարգում։

Այսօր այդ անձինք զրկված են ոչ միայն իրենց գույքից, այլև՝ սոցիալական ապահովվածությունից և բնակարանային անվտանգությունից։

Մինչդեռ, ՀՀ կառավարությունը ոչ միայն ուշացած և ոչ ամբողջական է արձագանքում այս ճգնաժամին, այլ նաև որդեգրել է մի շարք հակասական և խտրական մոտեցումներ, որոնք չեն նպաստում փոխհատուցման իրականացմանը։

Առավել խնդրահարույցներից է կառավարության կողմից ներդրված բնակարանային սերտիֆիկատների ծրագիրը, որը անընդունելի է ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ իրական կիրառման հնարավորություններով։ Այս ծրագիրն առերևույթ ներկայացվում է որպես փոխհատուցման մեխանիզմ, սակայն իրականում չունի գույքային իրավունքի համարժեքության երաշխիք, չի ապահովում շուկայական արժեքով փոխհատուցում և չի դիտարկվում որպես փոխհատուցում բռնի կերպով կորցված անշարժ գույքի համար։ Բացի այդ, այն ենթադրում է՝ պայմանավորվածություններ, որոնք մերժում են բռնի տեղահանման ենթարկված անձանց ամբողջական իրավունքների վերականգնումը՝ դարձնելով նրանց ապագան կախված շուկայի տատանումներից և փաստացի դնում պետական վերահսկողությունից դուրս։

Ժորա Հայրապետյանը կարծում է, որ ՀՀ կառավարությունը մինչ օրս չի ապահովել բռնի տեղահանված արցախցիների ժամանակավոր կացարանների վարձավճարների, կոմունալ և կեցության ծախսերի փոխհատուցման համակարգված, համապարփակ ծրագիր, ինչը սոցիալական լուրջ լարում է առաջացրել տեղահանված բնակչության շրջանում։

 -Այս խնդիրները կրկնակի մտահոգիչ են՝ հաշվի առնելով, որ Արցախի կադաստրի կոմիտեի էլեկտրոնային գույքային շտեմարանը փոխանցվել է ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, ինչն իրավական լիարժեք հիմք է՝ պետական փոխհատուցման գործընթաց սկսելու համար։

Բացի այդ, 2024 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է գրավոր կարծիք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որտեղ հստակ նշվում է աջակցության տրամադրման շարունակականության անհրաժեշտությունը ավելի երկար ժամկետներով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արցախցիներն այսօր չունեն կայուն սոցիալական կարգավիճակ։

Այս կարծիքը փաստում է, որ պետական մոտեցումն առայժմ չի ապահովում այդ մարդկանց իրավունքների, արժանապատվության և կենսապահովման նվազագույն երաշխիքները։

Այս պայմաններում ՀՀ կառավարությունը պարտավոր է՝ անհապաղ հրաժարվել սերտիֆիկատների ոչ արդյունավետ և ձևական ծրագրից, ձևավորել իրական փոխհատուցման համակարգ՝ հիմնված Արցախի կադաստրային տվյալների վրա, առանց քաղաքացիության պարտադրանքի փոխհատուցման ծրագիր մշակել Արցախցիների բնակարանային ապահովման համար և համապատասխանեցնել իր գործողությունները ինչպես ՀՀ Սահմանադրության, այնպես էլ միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերին։

Արցախցիները Հայաստանի Հանրապետության մասնիկ են, և որևէ պետական որոշում չպետք է անտեսի նրանց արժանապատվությունը, իրավունքը և պատմական կապը հայրենիքի հետ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ