Անաստաս Իսրայելյանը արցախցիներին հավաքի կոչ է անում

Հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանը, ով վերջերս նշել է, որ հեռացել է «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ»-ից, հայտարարությամ է հանդես եկել՝ վաղը՝ հունիսի 19-ին կառավարության դիմաց հավաքվելու կոչով։

Նրա խոսքով, մարտի 29-ի բազմահազարանոց հավաքի պահանջները մինչ օրս կատարված չեն, ինչը արտագաղթի նոր ալիք կարող է բարձրացնել։

«Սոցիալապես այսքան վատ վիճակում գտնվող ժողովրդի իրավունքները չպետք է ոտնահարվեն այստեղ։ Մեր հարցերի պատասխանները պետք է ստանանք, սոցիալական աջակցությունները կտրել են եւ արհամարհում են ցեղասպանությունից մի կերպ փրկված ժողովրդին»,- տեաուղերձի ընթացքում նշել է նա։

Իսրայելյանը նշում է, որ արցախցիների նպատակը հավաքական վերադարձն է, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե արցախահայերը մնան հայրենիքում եւ պայքարեն վերադարձի իրավունքի համար։ Զրկվելով սոցիալական՝  բնակարանային վարձակալության համար տրվող նպաստից, շատերը ստիպված են արտագաղթել։

Հիշեցնենք, որ պայքարի խորհրդանիշ համարվող վրանի՝ Օպերայի հրապարակից հեռացնելու պայմաններից մեկը 2 ամսով սոցիալական վճարների երկարաձգումն էր, որից հետո առաջարկվում է սոցիալական այլ ծրագիր, որը սակայն ոչ մի կերպ չի կարղ փոխարինել նախորդ՝ 40+10 ծրագրին։

Արցախի նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն առայժմ չեն կայացել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2025թ. մայիսի 21-ին լրացել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետը՝ Սահմանադրության 88-րդ և 168.1-րդ հոդվածների համաձայն։
Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն առայժմ չեն կայացել՝ պայմանավորված հետևյալ հանգամանքներով.
• Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան, Արցախի օկուպացիան և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը,
• Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումները՝ արցախյան հակամարտության կարգավորման և Արցախի պետական ինստիտուտների գործունեության, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը,
• Տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրը և դրանից բխող մարտահրավերներն ու սպառնալիքները։
ԱՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը:
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
18.06. 2025թ
Երևան

Սյունիքի հետ կապված վտանգի մասին հայտարարությունները համարում եմ սադրիչ, չհիմնավորված. Փաշինյան

«Վերջին մեկ շաբաթվա կամ ամսվա ընթացքում երևի անվտանգության խորհրդի 4, 5, 6 նիստ է հրավիրվել, բայց հաղորդագրություններ չեն լինում», – լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, չհիմնավորված և Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար», – հայտարարեց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը հիշեցրեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը, և «ինչպես ասել եմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»:

Վերականգնվել է Արցախի զոհված զինվորների թանգարանի կայքը. kniga.am

Armenian Global Community-ն հայտարարում է «ԼՂՀ զոհված զինվորների փառքի տարեգրություն» (kniga.am) կայքի վերականգնման մասին, որը նվիրված է ազգային-ազատագրական պայքարում զոհված և անհետ կորած Արցախի պաշտպանների, ինչպես նաև Հայրենիքի համար զոհված քաղաքացիական անձանց և կամավորների հիշատակին։

Կայքը անհասանելի էր Արցախի բոլոր պաշտոնական ռեսուրսների փակումից հետո, որտեղ այն նախկինում տեղակայված էր։ Ռեսուրսի վերականգնումը հնարավոր դարձավ բացառապես հոգատար մարդկանց ջանքերի շնորհիվ՝ առանց պաշտոնական մարմինների հետ կապվելու։ Նախաձեռնությունը և տեխնիկական իրականացումը իրականացվել են Armenian Global Community-ի աջակցությամբ։

Նախագիծը հիմնված է Գալյա Առուստամյանի կողմից հավաքված և կազմված համանուն գրքի վրա, որը Գարիկ Պողոսյանի նախաձեռնությամբ ռուսերեն է թարգմանել Նաիրա Ստեփանյանը։ Սա պարզապես կենսագրական ժողովածու չէ, այլ պայքարի և անձնազոհության կենդանի տարեգրություն, լեգենդ դարձած հերոսների ձայնը։

Կայքը հասանելի է նախկին հասցեով՝ kniga.am՝ առանց բովանդակության փոփոխությունների։

Հավերժ փառք Ազատության և Անկախության համար զոհվածներին։

ԱԺ–ում կա ՀԷՑ–ն ազգայնացնելու օրինագիծ, Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել

Հայաստանում կա իրավակարգ եւ դրա շրջանակներում կարծում եմ՝ ամենաարագ ու արդյունավետ գործելու տեղը Ազգային ժողովն է.մեր մասնագետները քննարկում են, ԱԺ–ում արդեն կա նախագիծ, որտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանը տրվում է. ՀԷՑ–ն ազգայնացնելու օրենքի նախագիծ և կից օրենքներում փոփոխությունների նախագիծ։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ գործողություններ է անելու Սամվել Կարապետյանի նկատմամբ եւ ինչպես է վեհարանից դուրս բերելու կաթողիկոսին։

«Քրեական վարույթները դրա հետ այս տրամաբանությամբ կապ չունեն։ Կապ կստեղծվի, թե ոչ, դա արդեն ուրիշ խնդիր է»,–ասաց նա։

Մինչդեռ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, քիչ առաջ հայտնեց ռուսաստանաբնակ միլիարդատիրոջ փաստաբան Արմեն Ֆերոյանը:

Կարապետյանի աջակիցներն այժմ հավաքված են Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության շենքի դիմաց:

Քննչական կոմիտեն դեռ պաշտոնական տեղեկություն չի տրամադրել:

Բոլորը բացում են աչքերը, ԱԱԾ պետը ազատվել է աշխատանքից, իսկ Սամվել Կարապետյանը դեռ չի հրաժարվել ՀԷՑ-ից

Հայաստանում իրադարձությունները զարգանում են լիովին կանխատեսելի սցենարով. ինչ-որ բան տալու համար նախ պետք է տիրանալ դրան։ Ինչպես դա արվեց Արցախի հետ, երբ Փաշինյանը նախ ասաց, որ Արցախը Հայաստան է՝ ստանալով իշխանություն Արցախի նկատմամբ, ապա, որպես “սեփականատեր”, հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջան է։

Նույն գործընթացն այժմ տեղի է ունենում Հայ Առաքելական եկեղեցու կալվածքների և ազգային ակտիվների, մասնավորապես՝ ՀԷՑ-ի հետ։ «Իր» կաթողիկոսին նշանակելուց հետո Փաշինյանը կարող է տիրանալ եկեղեցու հսկայական ունեցվածքին ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, այդ թվում՝ Երուսաղեմում։

Պետության մոտ գրանցված եկեղեցիների և վանքերի մոտ մեկ քառորդը պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն։ Այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Նախ պետք է տիրանալ դրանց, ապա հանձնել ում պետք է։

Նույնը կատարվում է նաև «Հայկական էլեկտրական ցանցերի» հետ։ «Էլեկտրական ցանցերի» և «Տաշիր խմբի» սեփականատեր, Ռուսաստանի անշարժ գույքի շուկայի առաջատար Սամվել Կարապետյանը դեռևս ազատ չի արձակվել։ Նրա եղբայրն ու եղբորորդին լքել են ոստիկանության շենքը, իսկ Սամվելի տեղը անհայտ է։

Բայց առավոտը եկավ, բոլորը բացեցին աչքերը, և պարզվեց, որ Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանը ազատվել է աշխատանքից։ Ըստ երևույթին, նրան չի հաջողվել համոզել Սամվել Կարապետյանին ինքնակամ հրաժարվել «Էլեկտրական ցանցերից»։ Իսկ մինչ այդ նա չի հասցրել Կարապետյանի դեմ գործ հարուցել, և ստացվել է, որ Սամվել Կարապետյանին պարզապես անօրինական կերպով առևանգել են։

Անկարա այցի նախօրեին. Ում համար են «մասնավորեցվելու» Հայաստանի էլեկտրացանցերը

Ռուս միլիարդատեր և բարերար, «Տաշիր» խմբի և «Հայկական էլեկտրական ցանցերի» սեփականատեր Սամվել Կարապետյանը գիշերը ձերբակալվել է։ Երբ նա դուրս էր գալիս իր տնից՝ ՀՀ ԱԱԾ փոխգնդապետi ուղեկցությամբ (ԱԱԾ-ն այդպես էլ դուրս չի եկել ռուսական ԿԳԲ-ի համազգեստից), Կարապետյանը իր բազմաթիվ կողմնակիցներին ասել է, որ շարունակելու է մնալ եկեղեցու հետ և որ թքած ունի «նրանց և իրենց Էլեկտրական ցանցերի վրա»։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իր հանկարծակի հարձակումները պայմանավորված են հայ քահանաների անարատության մասին մտահոգությամբ, իսկ խորհրդարանում նրա խմբակցության ղեկավարը նշում է, որ Կարապետյանի դեմ հարձակումները կապված են այն փաստի հետ, որ ժամանակն է մտածել «Հայկական էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) ազգայնացման մասին։

Սակայն իշխանամետ պատգամավորներն ու պաշտոնյաները չեն թաքցնում իրենց գրառումներում, որ խոսքը Հայաստանի Ռուսաստանից անջատման մասին. Փաշինյանի մամուլի քարտուղարը ուղղակիորեն ասում է, որ Հայ եկեղեցու կողմնակիցները գործում են «հյուսիսից եկած մետոդիչկաներով»։ Իսկ Սամվել Կարապետյանի ձերբակալության և «Էլեկտրական ցանցերից» նրա հավանական հրաժարման վերաբերյալ պնդում են, որ սա իբր Հայաստանի ցանկալի ազատագրումն է Ռուսաստանից։

«Ռուսաստանից ազատագրումը» ինքնիշխան Հայաստանի օգտին ենթադրում է մի փոքր այլ մեթոդներ, օրինակ՝ Կարսի պայմանագրի վերանայման պահանջը, «Գազպրոմի» հետ ստրկական պայմանագրերի, 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ միջպետական ​​համաձայնագրերի վերանայումը, ինչպես նաև Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին գրված հայտարարության ռեվիզիան։

Սակայն այս քայլերի փոխարեն Ռուսաստանից «խլում» են այն, ինչը սահմանմամբ չի կարող ռուսական լինել՝ Հայկական եկեղեցին, ինչպես նաև հայկական ծագում ունեցող օլիգարխին պատկանող ազգային ակտիվները։ Նույնիսկ Գարեգին կաթողիկոսի Ռուսաստանի հետ սերտ կապերի պայմաններում Հայ Առաքելական եկեղեցին մնում է միակ ազգային ամրոցը, որը մինչ օրս պահպանում է հայկական պետականությունը։

Կասկած չկա, որ Սամվել Կարապետյանը ազատ կարձակվի Հայկական էլեկտրացանցերից հրաժարվելուց հետո, և Մոսկվան դա չի համարի ոտնձգություն ռուսական կապիտալի նկատմամբ Հայաստանում։ Ինչպես որ արձագանք չեղավ Մոսկվայից այն փաստին, որ Բաքվի բանտում նստած մեկ այլ ռուսաստանյան միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց Ամերիաբանկի նկատմամբ իր իրավունքներից, և այն անցավ Լոնդոնում գրանցված վրացական ընկերությանը, որը, ենթադրաբար, ուներ ադրբեջանական կապիտալ։

Հատկանշական է, որ եկեղեցու վրա հարձակումները և հայկական էլեկտրացանցերի «կուլակաթափումը» տեղի են ունենում Նիկոլ Փաշինյանի Անկարա հաստատվելիք այցից մի քանի օր առաջ։ Տեղի է ունենում Հայաստանի «հանձնումը» Ռուսաստանից Թուրքիային, որը փաստագրվել էր Արցախի Ակնայի ռուս-թուրքական կենտրոնում։ 2024 թվականի գարնանը, բնիկ հայ բնակչության տեղահանությունից հետո, կենտրոնը փակելով՝ ռուս գեներալը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ ռուսական զինվորականները կատարել են իրենց առաջադրանքը և «ազատագրել են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը»։

Սա հայկական պետականության առաջին ամրոցի՝ Արցախի հանձնումն էր, որը հազարամյակներ շարունակ եղել է հայերի՝ իրենց հողի հանդեպ իրավունքների ամրոց։ Հիմա եկել է այլ ամրոցների հանձնման ժամանակը՝ հայկական եկեղեցու և ազգային ակտիվների։

Եկեղեցու հետ կապված՝ Պոկսո պատրիարք Սահակ Մաշալյանն արդեն արտահայտվել է․ իմիջայլոց նրան նշանակել է Էրդողանը և նրան անվանում են ապագա նոր Հայոց կաթողիկոս՝ Հայ եկեղեցու կենտրոնը Էջմիածնից Պոլիս տեղափոխելով։ Արքեպիսկոպոս Մաշալյանն ասել է, որ եթե ընտրություն լինի պետությանը կամ եկեղեցուն աջակցելու միջև, նա կանցնի եկեղեցու կողմը։ Նա նաև ասաց, որ Գարեգին Բ կաթողիկոսը շատ է հոգնել այս ամենից։ Այնպես որ, կաթողիկոսի հրաժարականը բացառված չէ։

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ին, ապա արևելյան դիվանագիտության մեջ ընդունված է թանկարժեք նվերներով գնալ սուլթանի մոտ, և հնարավոր է, որ շուտով հայկական էլեկտրական ցանցերը կկառավարվեն, ասենք, «Չալըք Էներջի»-ի կողմից։ Իսկ հայկական ԱԷԿ-ը, Ռուսաստանի կողմից Թուրքիայում կառուցված Աքքույու ԱԷԿ-ի հետ միասին, կդառնան տարածաշրջանային թուրքական միջուկային «խաղաղ» ծրագրի մաս։

Ինսայդերները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Բաքվի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման ժամանակն ու տեղը կքննարկի Անկարայում՝ կամ աշնանը ԱՄՆ-ում, կամ դեկտեմբերին ԱՄԷ-ում։ Ասում են, որ Փաշինյանին հաջողվել է օրակարգից հանել Սահմանադրության փոփոխությունների հարցը՝ բացատրելով, որ դա կարող է հանգեցնել իր իշխանության կորստի։

Բացի այդ, ինչպես գրում են հայկական լրատվամիջոցները, նա խոստացել է մինչ այդ «մասնավորեցնել» Հայ եկեղեցին, իսկ համաձայնագիրը ստորագրելուց հետո բարձրացնել 102-րդ ռուսական բազան դուրս բերելու և Մինսկի խմբից հրաժարվելու հարցը։

Նման քայլերի հետևանքները որևէ կապ չեն ունենա Հայաստանի ինքնիշխանության և Ռուսաստանից նրա ազատագրման հետ։ Իսկ Մինսկի խմբի մերժումը կնշանակի միջազգային անվտանգության համակարգից հրաժարում և տարածաշրջանային, այսինքն՝ թուրքական անվտանգության հովանոցի նախապատվություն։

Ապրես, Մերց. «Իսրայելն է մեր կեղտոտ գործն անում Իրանում»

DW

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հարգում է Իսրայելին Իրանի վրա հարվածների համար՝ դրանք անվանելով արևմտյան դաշնակիցներին մատուցված ծառայություն:

«Ես կարող եմ միայն ասել, որ մեծ հարգանք ունեմ այն ​​փաստի նկատմամբ, որ Իսրայելի բանակն ու կառավարությունը համարձակություն ունեցան դա անելու», – ասել է նա գերմանական հանրային հեռարձակող ZDF-ին երեքշաբթի օրը Կանադայում կայացած G7 գագաթնաժողովի շրջանակներում: «Հակառակ դեպքում մենք կտեսնեինք այս ռեժիմի ահաբեկչության կառավարումը ամիսներ և տարիներ շարունակ, իսկ հետո, հնարավոր է, միջուկային զենքով»:

«Սա այն կեղտոտ աշխատանքն է, որը Իսրայելը կատարում է մեզ բոլորիս համար», – ասել է Մերցը: «Մենք նույնպես տառապում ենք այս ռեժիմից»:

Մերցը նշել է, որ Թեհրանը «մահ և ավերածություններ է տարածել ամբողջ աշխարհում՝ հարձակումների և սպանությունների միջոցով», ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների միջոցով, ինչպիսիք են Լիբանանում «Հեզբոլլահը» և Գազայի հատվածում «Համասը»: Քաղաքական գործիչը վստահ է, որ Համասի զինյալների կողմից Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ին հարձակումը «երբեք հնարավոր չէր լինի առանց Թեհրանի ռեժիմի»:

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Գերմանիայի կառավարության ղեկավարը, եթե Իրանի իշխանությունները պատրաստ լինեին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, «հետագա ռազմական միջամտության անհրաժեշտություն չէր լինի»։

Հանրային-իրավական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ Թեհրանում իշխում է ահաբեկչական ռեժիմ։ «Լավ կլիներ, եթե դրան վերջ դրվեր», – իր ցանկությունն է հայտնել Գերմանիայի կանցլերը։

Նացիզմը երբեք չի անհետանա Գերմանիայից։ Միայն թե նախկինում «իսկական արիացիները» հրեաների դեմ էին, իսկ հիմա նրանք հրեաների հետ են՝ իսկական արիացիների՝ պատմական Արանի դեմ։

Իրանը խոսում է Բաքվի հետ Սյունիքի հարցով․ դեսպան

«Մեզ հետաքրքրող հարցերի շուրջ, ինչպես նաև հավանական մտահոգությունների վերաբերյալ խոսել ենք և կխոսենք», – այսօր հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք Ադրբեջանի հետ քննարկել են Հայաստանի Սյունիքի մարզի վրա հնարավոր հարձակումների հարցը, և արդյոք Բաքվից հավաստիացում ստացել են, որ նման քայլի չի դիմի՝ օգտվելով ստեղծված իրավիճակից:

«Մեր դիրքորոշումը հստակ է», – ի պատասխան «Ազատության» հարցերի ասաց դիվանագետը՝ շարունակելով. – «Ադրբեջանի դիրքորոշումն էլ հստակ արտահայտվել է՝ նրանք դատապարտել են ագրեսոր ռեժիմի կողմից իրականացված գործողությունները»:

“Սակայն, մենք գործ ունենք փաստերի հետ, մնում ենք զգոն։ Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը նույնպես հետևում է զարգացումներին։ Մենք շատ սերտ հարաբերություններ ունենք Հայաստանի կառավարության հետ և պարբերաբար հանդիպումներ ենք անցկացնում։ Այս ժամանակահատվածում երկրների վարքագիծը կազդի նրանց հետ մեր ապագա հարաբերությունների վրա։ Ընկերներն ու թշնամիները հայտնի են դժվար ժամանակներում», – նշել է Մեհդի Սոբհանին։

Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն այս ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար, հավելել է նա։

Իրանական կողմից Հայաստանում կատարվող աշխատանքներում որևէ փոփոխություն չի լինի։ Իրանում նույնպես որևէ փոփոխություն չի լինի, բոլոր ծառայությունները ժողովրդին մատուցվում են, աել է Սոբհանին։

«Պատերազմը տեղի է ունենում Իրանի տարածքում, այլ ոչ թե Հայաստանի։ Հայաստանի տարածքում համատեղ նախագծերն ակտիվորեն իրականացվում են», – նշեց նա։

Սոբհանին կոչ արեց չընկնել Իսրայելի թակարդը, որը ձգտում է իրանական հասարակության մեջ  հուսահատության կեղծ տպավորություն ստեղծել։

Ես նման տեղեկատվություն չունեմ, հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ մեկնաբանելով Նախիջևանի և Ղարաբաղի տարածքից Իսրայելի անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին տեղեկատվությունը։

Սոբհանին հայտնեց, որ Իրանը կապի մեջ է բոլորի հետ, այդ թվում՝ Ադրբեջանի կառավարության հետ։ «Մենք խոսել ենք մեզ հետաքրքրող հարցերի շուրջ, և մենք նաև խոսել ենք և կքննարկենք հնարավոր մտահոգությունների մասին», – հավելել է դեսպանը։

Մենք որևէ տեղեկություն չունենք միջուկային օբյեկտների վրա հարձակումների հետևանքով ճառագայթման արտահոսքի մասին, ասել է Մեհդի Սոբհանին։ Նրա խոսքով՝ ԱՏԷՄԻԳ-ը նույնպես համապատասխան զեկույց չի հրապարակել։

Նա հավելեց, որ Նաթանզիի միջուկային կայանը շատ հեռու է Հայաստանից, և անհանգստանալու պատճառ չկա։

Նա հավելեց, որ Իսրայելի կողմից ԱՄՆ-ին դիմելը ցույց է տալիս, որ Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակին և վախենում է պարտությունից։ ԱՄՆ նախագահի սպառնալիքները ցույց են տալիս, որ թշնամիները պարտության եզրին են, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ «Պարոն Թրամփը հիմա նստած է մեռած ձիու վրա։ Հիմարություն է կրկնել նույն սխալները և սպասել այլ արդյունքի», – նշեց դեսպանը։

Ամեն օր մոտ 600 բեռնատար է հատում հայ-իրանական սահմանը երկու ուղղություններով, սակայն ավտոբուսների թիվը նկատելիորեն նվազել է, ասել է Մեհդի Սոբհանին։

«Մինչ սրացումը, շաբաթական մինչև 20 չվերթ էր իրականացվում Հայաստանից դեպի Իրան և հակառակ ուղղությամբ։ Այժմ դրանք չեղարկվել են, ուստի Հայաստան գալ ցանկացողները ստիպված են ճանապարհորդել ցամաքային ճանապարհով», – ասաց դիվանագետը։

Սոբհանին մատնանշեց իրանական կողմի խնդիրը ուղևորներ տեղափոխող ավտոբուսների հետ։ Այսպիսով, նախորդ օրը 30 իրանցի արվեստագետներ ստիպված էին Ռուսաստանից և Թուրքիայից գալ Հայաստան։ Այնուհետև նրանք հայկական ավտոբուսներով վերադարձան Իրան։

Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է․ “Հիմա համացանցում կա քարտեզը, թե որտեղով են ինքնաթիռներ թռչում, և ակնհայտ է, որ Հայաստանը և մեր տարածաշրջանը փաստացիորեն օդային միջանցքի են վերածվել քաղաքացիական ինքնաթիռների համար»:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ սա ոչ միայն տնտեսական իմաստ ունի, այլև անվտանգային:

«Այս պահի դրությամբ մտահոգություն չկա, որ կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ մեր հարևանի հետ հարաբերությունների վրա, որովհետև խոսակցությունը շարունակվում է, ու կան կոնկրետ գործընթացներ, որոնք ընթացքի մեջ են»,- ասաց նա։

«Թիվ մեկ ռիսկնային է, որ կարող է այդ պատերազմը շատ երկար տևել և այլ բնույթի վերածվել: Հնարավոր է նաև այլ երկրների ներառվածություն: Մեզ ստաբիլ հարևան է պետք, այն ինչ տեղի է ունենում մեզ համար անընդունելի է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», Սիմոնյանն ասաց. «Մոռացեք «Զանգեզուրի միջանցքի» մասին, լինելու են ճանապարհներ, դրա մասին խոսել ենք, դրա իրավական ձևակերպումները բազմիցս տրվել են»:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ սահմանին տեղաշարժ չկա այս պահին։

«Պատերազմի հետ կապված ռիսկերը մինիմալ են այսօր, մենք պետք է աշխատենք, որ այն ընդհանրապես չեզոքացնենք, կառավարությունը գործուն քայլեր է անում»,- հավելեց ԱԺ նախագահը։

Իրանի եւ Իսրայելի հայերի տարհանման մասին այս պահին տեղեկատվություն չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Հարցնին, թե Իրան-Իսրայել պատերազմական գործողությունների հետեւանքով այդ երկրների հայ համայնքները կարող են վտանգի տակ հայտվել, քննարկվո՞ւմ են հայերի տարհանման կամ նրանց աջակցելու հարցերը, Խանդանյանը պատասխանեց․ «Ես այս պահին չունեմ նման տեղեկատվություն, եթե նման խնդիր առաջանա, արդեն կքննարկենք։ Ցավոք սրտի, մենք ունենք այդ փորձառությունը, պատերազմական գոտիներում գտնվող մեր հայրենակիցներին, օրինակ Սիրիայում, օգնություն տրամադրելու կամ որեւէ կերպ նրանց խնդիրները լուծելու։ Այս պահին նման ահազանգ չկա, բայց եթե լինի, արդեն Հայաստանի համապատասխան գերատեսչությունները կաձագանքեն»։

Սամվել Կարապետյնին չկարողացա՞ն ձերբակալել․ Նազելին մեղադրեց Ռուսաստանին

Անվտանգության ուժերը կոտրել են Երևանում Սամվել Կարապետյանին աջակցելու համար նրա տան մոտ հավաքված մարդկանցից երկուսի ձեռքերը։ Դրա մասին RT-ին պատմել է ինքը՝ «Տաշիր» խմբի նախագահը։ Նա միաժամանակ հաստատել է, որ իր 45 կողմնակիցներ ձերբակալվել են։

Սամվել Կարապետյանը RT-ին պատմել է, որ նախապես չգիտեր իր տունը խուզարկելու եկած ուժայինների մասին։

Նա հայտարարել է, որ իրեն ձերբակալելու փորձ կատարած Հայաստանի ուժայինների չէին սպասում, որ իր կողմնակիցների դիմադրությանը կհանդիպեն։

«Այս պահին մոտ 200-300 մարդ է հավաքվել Կարապետյանի տան մոտ։ Դրանք ընդդիմադիր պատգամավորներ և քաղաքացիներ են, որոնք որոշել են աջակցել «Տաշիր» խմբի ղեկավարին», -հավելել է Կարապետյանը։

Փաստորեն, ստացվում է, որ ուժայինները չեն կատարել հրամանը՝ մարդկանց կամ ինչ-որ արտաքին ուժերի ճնշման տակ։ Գուցե, հենց դա է զահրացրել Նիկոլ Փաշինյանին, և նա ցանկացած գնով հասնելու է իր հրամանի կատարմանը։  

Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանել է ՀՀ ՆԳՆ-ի կողմից իրեն ձերբակալելու փորձը:

Ուզում էին մասկի շոու անել ու ինձ ձերբակալել։ Իսկ մարդիկ, հասարակ մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին։

Նշենք, որ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ոստիկանները 45 հոգու են բերման ենթարկել տան մոտից։ Ոստիկանները քարշակով դուրս էին բերում Սամվել Կարապետյանի տան բակում կայանված մեքենաները։

Փաշինյանը մի քանի ֆեյսբուքյան գրառումներ է արել.

«Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել»,–գրել է նա։

Թրամփի երեք գրառումներ. Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված «գերագույն առաջնորդը»

Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է իր նախորդ գրառման շարունակությունը։

«Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված «Գերագույն առաջնորդը»։ Նա հեշտ թիրախ է, բայց այնտեղ անվտանգ է. մենք չենք պատրաստվում նրան դուրս բերել (սպանել նրան), գոնե դեռ ոչ», – գրում է Թրամփը։

«Բայց մենք չենք ուզում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունը սպառվում է», – շարունակում է ԱՄՆ նախագահը։

Մի քանի րոպե առաջ նա գրել է, որ «մենք ունենք Իրանի երկնքում լիակատար և լիակատար վերահսկողություն»։

Եվ հիմա Թրամփը Truth Social-ում հրապարակել է իր երրորդ գրառումը անընդմեջ, որը պարունակում է ընդամենը երկու բառ՝ մեծատառերով. «ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ»։

Վերլուծաբանները նշում են, որ մինչ ԱՄՆ այլ պաշտոնյաներ երդվում են, որ ԱՄՆ-ն որևէ կապ չունի Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ, Թրամփը օրը տասը անգամ ասում է, որ դա անում ենք «մենք»՝ նկատի ունի ԱՄՆ-ն և Իսրայելը։

Հավաք 1-3 հոգանոց ընտանիքերի խնդիրներով․ կառավարության տարբերակն անընդունելի է

Այսօր Երևանի Բաղրամյան, 59 հասցեում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնությամբ հանդիպում է կազմակերպվել Արցախից բռնատեղահանված 1-3 հոգանոց ընտանիքների ներկայացուցիչների հետ։

Խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը նախ հակիրճ անդրադարձ է կատարել այս ամիսների ընթացքում Խորհրդի կողմից իրականացված աշխատանքներին՝ նշելով այն փոքր հաջողությունները, որոնց հասել են ՀՀ Կառավարության հետ հանդիպումների ընթացքում։ Հիմնականում հաջողվել է պայքարի արդյունքում հասնել այն խոստմանը, որ 183 բնակավայրերում կբարձրացվի աջակցության չափը՝ մեկ անձի համար 3000000 դրամի փոխարեն դարձնելով 4000000 դրամի: Ինչպես նաև կթույլատրվի հավաստագրի գումարով անհատական տուն կառուցել շահառուի կողմից՝ առանց շինարարական կազմակերպության ներգրավման։

Հուլիսի 1-ից նախատեսվում է վերացնել բնակարանային ծրագրի փուլերը։ Հավաստագիր կտրամադրվի նաև շահառու ընտանիքներում 2025-ին ծնված երեխաներին:

Խոստացվող փոփոխություններով՝ լրացուցիչ հիփոթեքային վարկի մարման ժամկետը 10 տարուց կդառնա 20 տարի, ինչը հնարավորություն կտա մեր հայրենակիցներին մարել վարկը ոչ թե 10, այլ 20 տարվա ընթացքում՝ համապատասխանաբար ամսական վճարելով ավելի քիչ գումար։

Արդեն շրջանառության մեջ է ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով պետք է վերացվեն արցախցիների վարկային պատմությունների սև ցուցակների հարուցած խոչընդոտները։

Կընդլայնվի հավաստագրի մնացորդային գումարի օգտագործման սահմանաչափը՝ այն հասցնելով մինչև 50%-ի։

Կանգ առնելով Արցախից տեղահանված փոքրակազմ ընտանիքների բնակապահովման հարցի վրա՝ Ապրես Մարգարյանն ասաց, որ Խորհրդի կողմից ներկայացված մի շարք առաջարկներ ՀՀ կառավարության կողմից չեն ընդունվել։ Փոխարենը, որպես այլընտրանքային տարբերակ, առաջարկվել է մշակել հատուկ բնակվարձի լրացուցիչ ծրագիր։ Այդ մոտեցմամբ՝ քաղաքացիներին կարող է հնարավորություն տրվել ստանալ բնակվարձ՝ հավաստագրի գումարի չափով։ Այսինքն՝ քաղաքացին ընտրության հնարավորություն ունի՝ կամ օգտագործել հավաստագիրը, կամ դրա գումարի չափով ստանալ ամսական բնակվարձ։ Իհարկե, Խորհուրդն այդ ծրագիրն անհեթեթություն է համարում։

Խորհրդի անդամները նշել են, որ պատրաստվում են շարունակել պայքարը։ Արդեն մեկնարկել են հանրային քննարկումները նաև մարզերում բնակվող արցախցիների հետ։ Մասիս քաղաքում կազմակերպվել է հանդիպում, որն անցել է ակտիվ ու անկեղծ մթնոլորտում։ Մարդիկ իրենց առաջարկություններն են արել, որոնք Խորհուրդն անպայման հաշվի է առնելու։ Հանդիպումներ կկայանան նաև մյուս մարզերում և Երևան քաղաքում։

Ապրես Մարգարյանն ավելացրել է, որ հունիսի 23-ին Խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ և կիրազեկի առաջիկա մեծ հանրահավաքի մասին՝ իհարկե, ակնկալելով արցախահայության, ինչպես նաև հայաստանաբնակ մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունը։

Խորհրդի անդամները պատասխանել են հնչեցված մի շարք հարցերի, լսել մարդկանց առաջարկություններն ու տեսակետները։ Հանդիպման մասնակիցները համոզված են, որ միայն հանրահավաքների ու հանրային ճնշման միջոցով կարող են լուծվել արցախահայության առաջ ծառացած խնդիրները։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ