Մոսկվա գնալուց առաջ Միրզոյանը համոզում է, որ Հայաստանի սահմանները 1991-ին են գծվել

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հոկտեմբերի 4-ին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել էր վերջին շրջանում Ադրբեջանից ավելի հաճախ հնչող ռազմատենչ հռետորաբանությունը: Հաջորդ օրն Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն էր մեկնաբանություն տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարությունների վերաբերյալ: Այս կապակցությամբ «Արմենպրես»-ն  Անի Բադալյանին խնդրել է պատասխանել մեր մի քանի հարցերի:

-Տիկի՛ն Բադալյան, անդրադառնալով հոկտեմբերի 4-ի Ձեր մեկնաբանությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ ՀՀ ՍԴ կայացրած որոշման ուսումնասիրությունից իրենք եզրակացրել են, թե այդ որոշմամբ ավելի են ընդգծվում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները ՀՀ Սահմանադրության մեջ: Ի՞նչ կասեք այս մասին:

-Սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ և ուղիղ ասում է, որ 1990թ. Հայաստանի Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն սահմանադրական ուժ, որոնք բառացի արտահայտված են ՀՀ Սահմանադրության հոդվածների մեջ: Եվ հետևաբար, այն ինչ գրված չէ ՀՀ Սահմանադրության՝ նախաբանին հաջորդող տեքստի, այսինքն՝ Սահմանադրության հոդվածների մեջ, Սահմանադրությանը վերագրել հնարավոր չէ, և որևէ այլ մեկնաբանության տեղ պարզապես չկա, մանավանդ որ Բարձր դատարանն արձանագրել է, որ նախկինում իր կայացրած որոշումներում երբևէ այլ դիրքորոշում չի ամրագրվել: Այսպիսով, ՀՀ Սահմանադրության նախաբանում հիշատակված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները նրանք են, որոնք արտահայտված են ՀՀ Սահմանադրության հետագա տեքստի մեջ, իսկ այնտեղ որևէ բան չկա, որ հնարավոր լինի մեկնաբանել որպես որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ:

-Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում էլ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ: 

-Այս հարցին էլ Հայաստանի Հանրապետությունը բարձր և բարձրագույն մակարդակով անդրադարձել է մի քանի անգամ: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ վավերացված միջազգային պայմանագրերն ունեն ավելի բարձր իրավական ուժ, քան ՀՀ ներքին օրենսդրությունը: Այդ հոդվածի ձևակերպումն ավելի կոնկրետ հետևյալն է. «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում կա հոդված այն մասին, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են այդպիսի պահանջներ չառաջադրել ապագայում: Կա նաև հոդված, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության պայմանագրի իրագործումը ձախողելու համար: Այսինքն, երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, ստանա Սահմանադրությանը համապատասխանելու մասին եզրակացությունը ՍԴ-ի կողմից և վավերացվի ՀՀ Ազգային ժողովում, այն կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք: Հետևաբար, Խաղաղության պայմանագրի կնքումը կփարատի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ունեցած բոլոր մտահոգությունները երկու երկրների տարբեր օրենսդրական ակտերի վերաբերյալ, եթե այդպիսիք լինեն:

– Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է նաև, թե Ալմա-Աթայի հռչակագրին Հայաստանի արտահայտած հավատարմությունը դեռ չի նշանակում, թե Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, որովհետև Ալմա-Աթայի հռչակագիրը կապ չունի այն հարցի հետ, թե որտեղով են անցնում ԱՊՀ անդամ երկրների սահմանները և որ տարածքները որ երկրին են պատկանում: 

– Այդ մեկնաբանությունը բացարձակապես տեղին չէ, որովհետև 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրում հստակ նշվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրած երկրները ճանաչել են Խորհրդային Հանրապետությունների՝ ԽՍՀՄ փլուզման պահի դե յուրե տարածքների ամբողջականությունը և դե յուրե գոյություն ունեցած միջհանրապետական վարչական սահմանները՝ որպես պետական սահման: Իսկ այդ սահմանները հայտնի են, և այդ սահմաններն արտահայտող քարտեզներն առկա են և՛ Հայաստանում և՛ Ադրբեջանում:

Ի դեպ, Խաղաղության պայմանագրի ձևակերպումն այն մասին, որ կողմերը պարտավորվում են նաև ապագայում միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալ, հօդս են ցնդեցնում Ադրբեջանի այն պնդումները, թե Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու «պահեստային տարբերակ» ունի:

Իսկ Ալմա-Աթայի հռչակագրի այն մեկնաբանությունը, որ առկա է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ձևակերպումներում, իրականում կարող է նշանակել, որ Ադրբեջանն ինքը տարածքային պահանջներ ունի Հայաստանից, պարզապես Հայաստանին ուղղված մեղադրանքներով ցանկանում է դա քողարկելու ծխածածկույթ ստեղծել:

-Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը կրկին անդրադարձել է Հայաստանի կողմից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը՝ դա անվանելով զանգվածային միլիտարիզացիա: 

-Եթե համեմատենք Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը թե՛ բացարձակ թվերով, թե՛ համաչափությամբ, թե՛ ձեռք բերվող սպառազինությունների տեսակներով, կտեսնենք, թե ով է զանգվածային միլիտարիզացիա իրականացնում: Ընդհակառակը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, թե չի պատրաստվում միայն բանակի վրա հիմնված անվտանգության հայեցակարգ որդեգրել, և անվտանգության իր հայեցակարգի կարևոր մասն է համարում հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, խաղաղության հաստատումը տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, թե իրենց հիմնական անելիքը ռազմական կարողությունների հզորացումն է:

Ավելորդ չէ հիշեցնել, որ Հայաստանը բազմիցս Ադրբեջանին առաջարկել է և հիմա էլ առաջարկում է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմներ ստեղծել, և Ադրբեջանն այդ առաջարկը թողնում է անարձագանք՝ ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանություն որդեգրելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Վերահաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը բացի հնարավոր ագրեսիաներից պաշտպանվելը, այլ, այսինքն՝ հարձակողական օրակարգ չունի: Մինչդեռ, Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությանն ուղղված գրեթե ամենօրյա սպառնալիքներով:

-Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է նաև, թե Հայաստանը համաշխարհային առաջնորդներին ուղղված քարոզչություն է տանում՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովին չմասնակցելու ուղղությամբ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք: 

-Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ հոկտեմբերի 4-ի իմ մեկնաբանության մեջ բարձրացված հարցերին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը որևէ կերպ չի արձագանքել: Այդ հարցերը հետևյալն էին. արդյո՞ք Ադրբեջանը ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, արդյո՞ք հրաժարվում է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք հրաժարվում է խաղաղության օրակարգից: Պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը, համաձայնեցված հոդվածները ներառող Խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկները մերժելը հայաստանյան և միջազգային շատ փորձագետների ստիպում են եզրակացնել, որ Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունն առաջիկայում էսկալացնելու լեգիտիմության ծխածածկույթ ստեղծելու համար: Նման վերլուծությունների թիվն ընդ որում, գնալով շատանում է: Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ նման հեռանկարը բացառելու համար անհրաժեշտ է COP-29-ից առաջ ստորագրել Խաղաղության պայմանագրի համաձայնեցված բովանդակությունը, այլապես առանց դրա Բաքու մեկնող առաջնորդները կարող են ակամա դառնալ պատերազմի հրձիգներ: Հայաստանն էլ իր հերթին ասում է, որ պատրաստ է մինչև COP-29 խաղաղության պայմանագիր ստորագրելու տրամաբանությանը: Ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանել է COP-29-ը Բաքվում անցկացնելու որոշումը՝ որպես կողմերի միջև վստահության և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործիք, և չէինք ցանկանա, որ այն հակառակ նպատակով օգտագործվեր:

Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի երեխաներին համերգ կանցկացվի

Հոկտեմբերի 14-ին Փարիզի Մադլեն եկեղեցում տեղի կունենա «Իմ հայրենիք, իմ երազանք» («Ma Patrie, Mon Rêve») համերգը։ Այդ օրը կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ժորժ Գարվարենցի, Ֆրանսիս Պուլենկի, Ժորժ Բիզեի և այլ հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Համերգից ստացված հասույթը կտրամադրվի 2023 թվականի սեպտեմբերին իրենց հայրենիքը՝ Արցախը լքած երեխաներին օժանդակությամբ զբաղվող հիմնադրամներին։

ԱՄՆ-ից և Ֆրանսիայից հետո Փաշինյանի այցը Մոսկվա «տրամաբանական ավարտ» է

«ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Միջոցառումը տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի նախօրեին»,- հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Բաքվի ԱԳՆ-ն էլ հայտարարեց, որ Ջեյհուն Բայրամովը կմեկնի Մոսկվա։

Մոսկվայում տեղի կունենա նաև ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, և թեև Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին դեռևս չի հայտարարվել, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից հետո Փաշինյանի այցը Մոսկվա «տրամաբանական» է թվում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրներից Մոսկվան դառնում է միակ վայրը, որտեղ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել և «խաղաղության պայմանագիր» կնքել՝ 2020 թվականի պատերազմից առաջ գրված «սցենարով»։

Ալիևը մերժում է ֆրանսիական առաջարկները, իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա բանակցությունների վերջին փուլը Միրզոյանի և Ալիևի միջև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ձախողված էր հռչակվել։ Բացի այդ, ընտրություններից 1 ամիս առաջ Բայդենի վարչակազմը դժվար թե ժամանակ ունենա Հարավային Կովկասի համար։

Մոսկվայի «միջնորդության» համար հարթակը “մաքրված” է։ Եւ եթե Ալիևը բացահայտ է մերժում արևմտյան միջնորդությունը, ապա Փաշինյանը խաղում է «լավ տղայի» դեր՝ նա համաձայնում է արևմտյան միջնորդությանը, բայց միայն Ռուսաստանի օրակարգով՝ 1991 թվականի սահմանները, Հայաստանի համաձայնությունը  մշտական ​​զիջումների հանուն “խաղաղության”, Ալիևի դեմ իրավական և քաղաքական պատժամիջոցներից հրաժարում և այլն։

Փաշինյանի ձեռամբ արեւմտյան առաջնորդները հայտարարում են խորհրդային սահմանների, Ստալինի որոշումների եւ ռուսական Գխավոր շտաբի քարտեզների անձեռմխելիության եւ անվերապահության մասին։ Հետո Պուտինն ու Լավրովը, խոսելով խորհրդային սահմանների մասին, հղում են անում Միշելին եւ Բլինքենին։

Վերջին օրինակը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն էր Փարիզում, որը կրկին հաստատել է “Ալմաթիի” հռչակագիրը եւ 1991 թ․սահմանները Հայաստանի համար։

Շուշիի մշակույթի տան և Ղազանչեցոց տաճարի գնդակոծումը. պատերազմն առանց կանոնների էր

Չորս տարի առաջ՝ հոկտեմբերի 5-ին, ադրբեջանցիները հրթիռակոծել են Շուշի քաղաքի մշակույթի տան շենքը։ Զոհվել են բազմաթիվ քաղաքացիական անձինք և ոստիկաններ։ Ամբողջ շենքը տանիքից նկուղ քանդվել է։

Պարզ դարձավ, որ սա պատերազմն առանց կանոնների է, ադրբեջանցիները մտադիր չէին հետևել միջազգային կոնվենցիաներին, որոնք արգելում են «Սմերչ»-ի և շատ այլ արգելված զենքերի կիրառումը։ Ոչ ոք չի խանգարել նրանց հրթիռակոծել այն վայրերը, որտեղ թաքնվում էին խաղաղ բնակիչներ, բնակելի շենքերը, հիվանդանոցներն ու դպրոցները, կրոնական շենքերը:

Ղազանչեցոց տաճարի հրետակոծությունը ցնցեց աշխարհը, բայց չդադարեցրեց հանցագործությունները Արցախի դեմ։

Ալվարդ Գրիգորյան

Ուկրաինան ոչնչացրել է Ղրիմում նավթի ամենամեծ պահեստը

Տեղական փաբլիկները գրում են, որ Թեոդոսիայում մոտ 4:30-ին հզոր պայթյունների շարք է հնչել, որից հետո տեղի նավթային պահեստի տարածքում հրդեհ է բռնկվել։

Ուկրաինայի զինված ուժերը 2023 թվականից ի վեր անընդհատ փորձում են հարձակվել նավթի այս պահեստին, բայց միայն հիմա բախտը ժպտաց Կիևին, հայտնում է Twitter Dialog.UA-ն։

Թեոդոսիայի «քաղաքային նահանգապետ» Իգոր Տկաչենկոն հաստատել է նավթի պահեստում բռնկված հրդեհի փաստը։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ մարդկանց մեջ զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։ Իբր փոխվարչապետ Իգոր Միխայլիչենկոն մեկնում է Թեոդոսիա։

Ու թեև օկուպացիոն իշխանությունները դեռ չեն հայտնել նավթի պահեստում բռնկված հրդեհի պատճառների մասին, տեղի բնակիչները մի շարք կադրեր են տեղադրել համացանցում։ Հրդեհից առաջ նրանք լսեցին պայթյունի ձայներ, և ինչ-որ մեկը տեսախցիկից դուրս ասաց, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջապես հասան նավթի պահեստ։ Թեոդոսիայում հրդեհը տեսանելի է Կիրովսկուց ամբողջ ճանապարհին, որը գտնվում է ուղիղ գծով 25 կմ հեռավորության վրա։

Ավելին կարդացեք  «Диалог.UA» կայքում

“Սրբազան պայքարի” մասնակիցները պահանջում են իրագործե՞լ Միացումի մասին 1989 թ․ որոշումը

Երեկ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հանրահավաքի մասնակիցները գնացել են Սահմանադրական դատարան՝ ամոթանք տալու ՍԴ դատավորներին իրենց կայացրած վերջին որոշման համար:

Թե Սահմանադրական դատարանի որոշման որ մասն էր համարվում ամոթալի, չի հայտարարվել։ Սահմանադրական դատարանի որոշման մեջ ասվում է՝ քանի որ Անկախության հռչակագրում որպես Հայաստանի Հանրապետության հիմք հիշատակված Հայաստանի եւ Արցախի միավորման մասին 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշման իրագործման ուղղված ոչ մի հոդված չկա Սահմանադրության մեջ, ուրեմն, այն ուժի մեջ չէ։

Եթե “Սրբազան պայքարի” մասնակիցները համաձայն չեն Սահմանադրական դատարանի որոշման հետ, ուրեմն, նրանք համարում են, որ 1989 թ․ որոշումը ուժի մեջ է։

Դրա մասին ինչ-ինչ պատճառներով բացահայտ չի հայտարարվում, նաեւ պահանջ չի ներկայացվում այդ որոշումը իրագործել։

Ի դեպ, Բագրատ սրբազանը կոչ է արել չորեքշաբթի՝ ժամը 12-00-ին, գալ դատախազության առջև, “որովհետև մեր ձեռքում ունենք փաթեթներ ու բոլոր օջախների նպատմամբ քրեական գործեր հարուցվելու հայտեր են ներկայացվելու”։

«Մենք դատի ենք տվել զանազան պաշտոնյաների, ընդհուպ չարիքի։ Այս գործընթացքը շարունակվելու է թիրախային, մինչև հասնենք մեր ուզածին, իսկ մեր ուզածը մեկն է՝ Հայրենիք ու Պատիվ»,- ասել է նա։

Կրկին դեռ պարզ չէ, ինչ գործերով են դատի տրվել պաշտոնյաները։

 

 

Պատասխանելով Անդրանիկ Քոչարյանին

Ստեփանակերտ, 2020 թ․ հոկտեմբեր

Բաքուն վերջին օրերին ևս մեկ պահանջ դրեց Երևանի առջև՝ «պատժել ռազմական հանցագործներին»։ Բաքուն պնդում է, թե «Հայաստանը թաքցնում է ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների մասին տեղեկությունը»։

Հայաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողվի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադարձում է․

«Ո՞վ է որոշում, թե ինքնապաշտպանություն իրականացրած ինքնապաշտպանական ուժերը հանցագործություն է, թե՞ ինքնապաշտպանություն է։ Ի՞նչ հանցագործներ, իսկ այն հանցագործները, որոնք գտնվում են այնտեղ, և եթե հանցագործությունների մասին ենք խոսում, դա պետք է ստանա իր ապացույցները, որովհետև ինչի՞ց սկսվեց պատերազմը, դրա պատասխանը ոչ մեկը չի կարող չէ մինչև հիմա տալ»։

Այո, պարոն Քոչարյան, հենց այստեղ է թաղված շան գլուխը․ Հայաստանի ոչ մի կառավարություն, այդ թվում ներկայիս իշխանությունները չեն ասել, Արցախում այս 35 տարվա մեջ ինչ է կատարվել՝ ինքնապաշտպանությո՞ւն, հանցագործությո՞ւն, թե՞ ինքնորոշման իրավունքի իրացում հազարամյա հայկական հողում։

Հայաստանն այդպես էլ չդիմեց միջազգային դատարան՝ Սումգաիթի, Գանձակի /Կիրովաբադ/, Մարաղայի ցեղասպանական դեպքերի հետ կապված հայցերով։ Իսկ ներկայիս իշխանությունները ոչ միայն չեն դատապարտել Ալիեւի ռեժիմի հանցագործությունները Արցախում եւ Հայաստանի այլ շրջաններում, այլեւ ամեն օր առիթ են տալիս Բաքվին պնդելու, որ Հայաստանը օկուպացրել է Ղարաբաղը։  Ղարաբաղը Հայաստանի վզով փաթաթած թոկ է, Ղարաբաղը՝ Հայաստան չէ, Հայաստանի բանակը հանել ենք Արցախից, արցախցիները չեն կռվել, կամավոր են դուրս եկել, թեկուզ նրանց առաջարկվուն էր ինտեգրվել։ Այսքանից հետո Ալիեւի տեղ ով էլ լինի, ավելին կուզենա։

Այնպես որ, պարոն Քոչարյան, սպասում ենք 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության հանձնաժողովի զեկույցին։ Գոնե այնտեղ քաղաքական գնահատական կհնչի՞։

Նորերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020թ․ պատերազմը «սցենարով էր» իրականացվում, եւ նա այնքան բան գիտի, որ իրավապահները չգիտեն։

Ի՞նչ գիտի Փաշինյանը, որ իրավապահներին չի ասում։ Եւ եթե պատերազմը «սցենանարով էր», այսինքն կանխավ արդյունքով՝ Հայաստանի իշխանությունների կամքին հակառակ, ապա ինչո՞ւ հիմա Փաշինյանը չի զրոյացնում դրա արդյունքները եւ չի հրաժարցում նոյեմբերի 9-ի հայտարրաության տակ իր ստորագրությունից։

Ի միջայլոց, Բաքվի վերլուծաբանները ասում են, որ եթե Փաշինյանը պնդում է, իբր Ղարաբաղը Հայաստան չէ /թեկուզ ՀՀ Սահմանադրությունը այլ բան է ասում/, ապա ստացվում է, որ նոյեմբերի 9-ին, հայտարարելով Ղարաբաղից ՀՀ ԶՈւ-ն հանելու մասին, Փաշինյանը ճանաչել է Ղարաբաղի օկուպացիան Հայաստանի կողմից։ Բաքվում են ասում։ Եւ, բնականաբար, պահանջումպատժել մեղավորներին։

“Ինչպես ՌԴ նախագահի մուտքն է արգելված հարյուրավոր երկրներ, այնպես էլ Ալիեւը մուտքը կարգելվեր”

«Ադրբեջանի պահանջները վերջ չեն ունենալու։ Եվ սա միջանկյալ պահանջ է, պահանջներն անընդհատ շարունակվում են։ Հայաստանի Հանրապետության իշխանությունն էլ՝ պատերազմի վախից դրդված, անընդհատ գնում է զիջումների»,- step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ալիեւի պահանջներին, թե Հայաստանը պետք է հետաքննի եւ պատժի Արցախյան պատերազմի մասնակիցներին։

Փաստաբանը նշում է, որ ընդդեմ Ադրբեջանի միջազգային քրեական դատարան հայց չներկայացնելը Հայաստանի իշխանությունների ամենամեծ բացթողումներից է, քանի որ դրա միջոցով հնարավոր կլիներ Ադրբեջանի նկատմամբ ունենալ քաղաքական լրացուցիչ լծակ, որը միջազգային հարթակներում Հայաստանի բանակցային դիրքն ավելի ուժեղ կդարձներ։ «Ինչպես, օրինակ, ՌԴ նախագահի մուտքն է արգելված հարյուրավոր երկրներ, որոնք միջազգային քրեական դատարանի անդամ են եւ վավերացրել են Հռոմի ստատուտը, այնպես էլ Ալիեւը մուտքը կարգելվեր։ Եթե Հայաստանը միջացգային քրեական դատարանի օգնությամբ հասնի այդ նույն արդյունքին, Ադրբեջանի նախագահը չի կարողանա այցելել երկրագնդի պետությունների մեծ մասը եւ միջազգային դիվանագիտության տեսանկյունից կլինի իզգոյի կարգավիճակում»,- ասաց նա։

Այսինքն, Դավիթ Հովհաննիսյանի խոսքով, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը՝ ցեղասպանությունը պետք է միջազգային քրեական դատարանի կողմից գնահատական ստանար, եւ պատասխանատուները բացահայտվեին։ Պահանջատեր երկիրը պետք է լիներ Հայաստանի Հանրապետությունը, իսկ ՀՀ իշխանությունները պասիվ դիրք են որդեգրել։ Այս ֆոնին Ադրբեջանը փորձելու է ավելի ամրապնդել իր դիրքերը։

Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել։ Դավիթ Հովհաննիսյանը հիշեցնում է, որ 2020 թվականին Ադրբեջանն Արցախում կիրառել է արգելված զինատեսակներ՝ ֆոսֆորային ռումբեր, հրդեհել է անտառներ, բնապահպանական աղետ է առաջացրել։ «Այդ պատերազմական հանցագործությունների համար դեռ 2020 թվականին պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկվեին։ Իսկ 2023 թվականի Արցախի էթնիկ զտումն ու ցեղասպանությունն այդ անպատժելիության հետեւանք են։ Այսինքն՝ Ադրբեջանը միջազգային հարթակներում չպատժվեց 2020 թվականին իր կատարած ռազմական հանցագործությունների համար, չպատժվեց էթնիկ զտման ու ցեղասպանության համար, եւ այդ անպատժելիությունը հանցածին է, իրեն թվում է, թե իրեն ամեն ինչ կարելի է։ Ադրբեջանի իշխանություններն այս պահին ամենաթողության վիճակում են, դրա համար անտրամաբանական ու անհեթեթ պահանջներ են ներկայացնում։ Երեւի մտածում են, որ Հայաստանի իշխանությունները նաեւ դրան կգնան»,- հավելեց նա։

Ըստ Դավիթ Հովհաննիսյանի՝ պատերազմն անխուսափելի է, այսինքն՝ երբ Ադրբեջանը հարմար առիթ ունենա, հարձակվելու է, անկախ նրանից, թե ինչքան ենք զիջել ու ինչ ենք զիջել․ «Այսինքն՝ զիջումների քաղաքականությունը ոչ թե երկրաձգում կամ հեռացնում է պատերազմի վտանգը, այլ Ադրբեջանն ուղղակի հիմա պատրաստ չէ պատերազմի»։

Ռոզա Հովհաննիսյան

 

«Մեզ կարող են թույլ չտալ վերադառնալ տուն՝ պատճառաբանելով, որ մենք արդեն Հայաստանի քաղաքացի ենք»

Լուսանկարները՝ Դիանա Գաբրիելյանի անձնական արխիվից

Բնիկ, Ստեփանակերտի նախկին բնակիչ Դիանա ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ 27 տարի աշխատել է հանրապետական ​​դատախազությունում՝ գլխավոր վարչությունում։ Ամուսնացած է, ունի չորս դուստր։ Ամբողջ ընտանիքը երազում է տուն վերադառնալու մասին և չի շտապում Հայաստանի քաղաքացիություն ստանալ։

-Ավարտել եմ Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը։ Երբ սկսվեց ղարաբաղյան առաջին պատերազմը, ես դեռահաս էի և ամեն ինչ հիանալի հիշում եմ։ Մենք ապրում էինք մեր շենքի նկուղում՝ ռմբակոծության տակ։ Ոչ միայն մեր ընտանիքն է այդպես գոյատևել, բոլոր ղարաբաղցիներն են այդպես ապրել։ Դժվար էր ու վտանգավոր, բայց բոլորն օգնում էին միմյանց, կիսում մի կտոր հացը…

Հայրս՝ Սլավիկ Միխայելյանը, ծնված 1953թ., աշխատել է Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան գյուղերում որպես պարտօրգ, զոհվել է 1999թ.։ Մայրս Սենորա Միխայելյանը՝ ծնված 1953 թվականին, աշխատել է Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայում որպես գլխավոր բուժքույր։

Մենք չորս երեխա ենք՝ քույրս Լիանան, ես, եղբայրս Սասունը և քույրս՝ Լուսինեն։ 2002 թվականին ամուսնացա Վարդան Գաբրիելյանի հետ։ նա ծառայում էր է ԼՂՀ պաշտպանության բանակում։ Մեր ամուսնության մեջ 4 դուստրեր ունեցանք՝ Էլինան 19 տարեկան է, Աննան՝ 17 տարեկան, իսկ երկվորյակներ Մարիան և Մարիամը՝ 8 տարեկան։

Ամուսինս ծառայում էր բանակում, ես դատախազությունում աշխատանքի ընդունվեցի, աշխատավարձ էինք  ստանում, մեզ բավարարում էր։ Միշտ ապրել ենք վարձով, միայն 2021 թվականին ՊՆ-ն ամուսնուս՝ որպես զինվորական, երեք սենյականոց բնակարան է տրամադրել։ Մենք բոլորս ուրախ էինք, որ ունենք սեփական տունը, որի մասին միշտ երազել ենք։ Սակայն կարողացանք այնտեղ ապրել ընդամենը մեկուկես տարի։

2020 թվականի սեպտեմբերին, երբ պատերազմը սկսվեց, ես հավաքեցի երեխաներին և ստիպված եղանք մեկնել Հայաստան, իսկ ամուսինս մնաց Ղարաբաղում։ Երևանում մեր մտերիմ ընկերներն օգնեցին մեզ տեղավորվել հյուրանոցում։ Այնքան ապրեցինք այնտեղ, մինչև ռուսական խաղաղապահ զորախումբը մտավ Լեռնային Ղարաբաղ, և Ռուսաստանի ղեկավարությունը մեզ անվտանգության երաշխիք տվեց։ Հետո շատերս վերադարձանք հայրենիք, մեր տները։ Մենք հավատացինք խոստումներին, բայց ամեն ինչ ստացվեց ոչ այնպես, ինչպես սպասում էինք։

Իննամսյա շրջափակումը… Սարսափելի, դժվար ժամանակներ էին։ Հացի համար ժամեր շարունակ հերթեր էին, և մեծ դժվարությամբ էին սնունդ ստանում, որպեսզի երեխաները սոված չմնան։ Երբ սկսվեց ղարաբաղցիների արտագաղթը հայրենի վայրերից, մենք նույնպես հավաքվեցինք, վերցրեցինք այն, ինչ կարող էինք տեղափոխել, և 2023 թվականի սեպտեմբերի 27-ին մեր մեքենայով մեկնեցինք Հայաստան։ Մեքենայում մեր ընտանիքն ու սկեսուրն էին։ Մենք գրեթե երեք օր ճանապարհին էինք։

Գորիսում մեզ լավ ընդունեցին։ Բայց այնտեղ չմնացինք և գնացինք Երևան, որտեղ մի քանի օր ապրեցինք մեր ծանոթների տանը։ Դրանից հետո մեզ օգնեցին տուն գտնել Երևանից ոչ հեռու Եղվարդում, ինչի համար շատ շնորհակալ ենք մեր հարազատներից և Եղվարդի քաղաքապետից։ Սկզբում օգնություն էինք ստանում տարբեր կազմակերպություններից (իրեր, սնունդ և այլն)։ Պետությունից նպաստ ենք ստանում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 50000 դրամի չափով։ Ի դեպ, մայրս՝ Սինորան, ապրում է մեզ հետ։

Ամուսինս թոշակի անցավ և չկարողացավ այստեղ աշխատանք գտնել: Ո՛չ ես, ո՛չ մայրս չենք աշխատում։ Ավագ քույրս գնացել է Մոսկվայում աշխատելու, եղբայրս չի կարողացել այստեղ աշխատանք գտնել ու մեկնել է Ստավրոպոլ աշխատելու, միայն փոքր քույրս է կարողացել աշխատանքի ընդունվել Հայաստանի բանկերից մեկում։

Ես իսկապես ափսոսում եմ, որ չկարողացա բերել մեր բոլոր լուսանկարները, հատկապես մանկական: Լուսանկարների մեծ մասը մնացել է  Խնածախ գյուղում՝ ամուսնուս պապիկի տանը. մինչ մեկնելը հնարավոր չէր գյուղ այցելել։

Մենք հաճախ ընտանիքով խոսում ենք տուն հնարավոր վերադարձի մասին և միակարծիք ենք, որ ցանկանում ենք վերադառնալ։ Թեև մենք հիանալի հասկանում ենք, որ այն կյանքը, որը ունեցել ենք, այլևս չի լինի։ Բայց մեզ անվտանգության երաշխիք է պետք, առանց դրա՝ տարբերակ չկա։ Ռուսական երաշխիքը մենք արդեն տեսել ենք, ուստի դրա նկատմամբ այլեւս հավատ չունենք։ Նույնպես չենք հավատում ադրբեջանական երաշխիքին. անձամբ ես՝ չորս դուստրերի մայրս, ռիսկ չեմ անի ապրել նրանց երաշխիքով։ Անվտանգության միջազգային երաշխիքն է մնում. եթե ​​նման երաշխիք լինի, մենք պատրաստ ենք վերադառնալ։

Լսել եմ, որ Հայաստանի իշխանությունները արցախցի փախստականներին տուն կամ բնակարան ձեռք բերելու վկայականներ են տալու։ Բայց կարծում եմ, որ սա անիրատեսական է մեր ընտանիքի համար։ Այս գումարով մենք չենք կարողանա նույնիսկ մեկ սենյականոց բնակարան գնել, իսկ սահմանամերձ գյուղում, որտեղ տները էժան են, չենք ուզում ապրել։

Մենք նույնպես պատրաստ չենք ընդունել Հայաստանի քաղաքացիությունը, քանի որ եթե Արցախ վերադառնալու հնարավորություն լինի, նոր քաղաքացիությունը կարող է խանգարել մեզ։ Մեզ կարող են թույլ չտալ վերադառնալ տուն՝ պատճառաբանելով, որ արդեն Հայաստանի քաղաքացի ենք…

Ալբերտ ՈՍԿԱՆՅԱՆ

Նյութը պատրաստվել է “Ստեփանակերտ” մեդիաակումբ նախագծի շրջանակներում

Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:

ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հնարավորություններին։ Մատնանշվել են համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները:

Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, և կարծիքներ են փոխանակվել միջազգային ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ:

168 ժամ․ Աշխատավարձի, թոշակի ու նպաստի բարձրացում 2025թ. էլ չի լինելու

168 ժամ․ Այս տարվա բյուջեում սպասվող հարկային եկամուտների աննախադեպ թերակատարման պայմաններում, նախորդ շաբաթվա վերջին կառավարությունը հավանություն տվեց 2025թ. պետական բյուջեի նախագծին, որը կներկայացնի Ազգային ժողովին։ Շոուներ ու բեմականացումներ, ինչպես սովորաբար լինում էր, չեղան։ Ֆինանսների նախարարը բավարարվեց մի քանի թվեր հնչեցնելով՝ առանց համեմատելու նախորդ տարվա բյուջեի հետ

Հաջորդ տարի էլ նվազագույն աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում, ինչպես եղավ այս տարի։ Նվազագույն աշխատավարձ ստացողները, որոնք բավական մեծ թիվ են կազմում աշխատող քաղաքացիների շրջանում, կշարունակեն ստանալ 75 հազար դրամ։ Այնքան, ինչքան ստանում են։

Հաջորդ տարի չի նախատեսվում նաև կենսաթոշակների ու նպաստների բարձրացում, այնպես, ինչպես այս տարի։

«2025 թվականին պահպանվելու են 2024 թվականին գործող՝ հիմնական կենսաթոշակի չափերը»,- բյուջեի նախագծում ամրագրել է կառավարությունը։

Այնպես որ, կենսաթոշակառուներն ու նպաստառուները հաջորդ տարի էլ թոշակի ու նպաստի ավելացման առումով ուրախանալու առիթ չեն ունենան։