Բաքվից վտանգավոր, սպառնալից պատումներ են ուղարկում․ ՀՀ ԱԳ փոխնախարար

«Սահմանազատումն ու սահմանագծումը մեր օրակարգում ամենազգայուն թեմաներից է Ադրբեջանի հետ հարաբերությունների շրջանակներում։ Բայց Բաքվի հռետորաբանությունն այնքան էլ լավատեսական ուղերձներ մեր չի ուղղում, ամեն անգամ նրանք վտանգավոր, սպառնալից պատումներ են ուղարկում։ Մեր գերիները շարունակում են այնտեղ մնալ, ինչն ամոթալի գործընթաց է Բաքվի համար»,- այսօր Երեւանում անցկացվող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հայկական կողմը խնդրում է, որպեսզի միջազգային գործընկերները ներգրավվեն «խաղաղության համար ներդրվող ջանքերին»։

«Շնորհակալ ենք Եվրամիությանը, բայց Եվամիության միջնորդական առաքելությունը հիմա չի գործում, մենք խոսել ենք նոր նախագահի ներգրավման մասին։ Եվ մենք ակնկալում ենք նրա այցը շատ մոտ ժամանակում, որ նա կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Նրանց ներգրավվածությունը կարեւոր է, որպեսզի այս գործընթացում ունենանք առաջընթաց եւ հաստատենք խաղաղություն»,-  ասաց Պարույր Հովհաննիսյանը։

Մարտունին, Ասկերանն ու Շուշին՝ օնլայն քաղաքներ Ֆեյսբուքում

Գյուղերն ու քաղաքները ֆեյսբուքյան խմբեր են դառնում՝ համայնքի պահպանության հույսով

Արցախի տեղահանությունից հետո հազարավոր արցախցիներ հեռացան Հայաստանից, հազարավորները մնացին, բայց կոմպակտ բնակավայրեր այդպես էլ ո՛չ ստեղծեցին, ո՛չ էլ ստեղծելու հույս կա։ Արցախի քաղաքներն ու գյուղերը վերջին շրջանում դառնում են հասարակական կազմակերպուըթյուններ, սոցիալական հարթակներում էջեր ու խմբեր, եւ միակ նպատակը՝ միասնական անցյալի պահպանումն է, համայնքի զգացողություն հաղորդելն ու իրարից տեղյակ լինելը։

Դատարկված քաղաքներն այսօր լուսանկարներով եւ կյանքի վառ գույներով են հիշվում։

Անի Սարգսյանը «Մարտունեցեք» խմբի հեղինակն ու ադմինիստրատորն է։ Խումբը ստեղծվել է շրջափակման ժամանակ, երբ դժվար էր սնունդ գտնելը. սկզբում փոխօգնության նպատակ ուներ, սակայն հետո առաջնահերթությունները փոխվեցին։

«Սկզբից շատ քիչ մարդիկ էին միանում խմբին, բայց փորձում էինք թեկուզ քիչ քանակով ապահովել ակտիվություն ու արդյունավետ աշխատանք: Մարդիկ խմբի միջոցով իմանում էին՝ որ խանութում ինչ ապրանք կա, որտեղից ձեռք բերել անհրաժեշտ ապրանքներ»,-ասում է Անին։

Տեղահանությունից հետո մարդիկ իրարից լուր ստանալու անհրաժեշտությամբ սկսեցին ակտիվորեն միանալ խմբին, այսօր Մարտունեցեք խումը 1600 անդամ ունի։

«Չէի սպասում, որ այսքան կմեծանա խումբը, բայց եւ հասկանում էի, որ կարոտը, հուշերն ու իրարից տեղեկություն ստանալը կարեւոր է։ Հիմա խմբում նրանք են, ովքեր համացանցից օգտվելու գիտելիքներ ունեն»,-ասում է խմբի հեղինակը։

Մի քանի հիմնական նպատակ է հետապնդում խումբը՝ առցանց ստեղծել քաղաքը, հավաքել նկարների եւ տեսանյութերի մեծ արխիվ, որտեղ մարդիկ գտնում են իրենց տները, թաղամասերն ու փողոցները։ «Երբ նոր էինք տեղահանվել, փորձում էի նաեւ սոցիալական ծրագրերով, աշխատատեղերով, օգնության ծրագրերով կիսվել»,-ասում է նա։

Առցանց քաղաք Շուշին ապրում է արդեն 4 տարի։ Անուշ Ասրյանը խմբի ադմինիստրատորներից մեկն է։ Շուշիի փորձն ավելի շատ է:

«Շուշին իմ սրտում» խումբը սկզբում միավորում էր բոլոր շուշեցիներին, հետո հասկացանք, որ Շուշին սիրողները շատ են եւ արդեն խումբ էինք ընդունում ոչ միայն շուշեցիներին»,- ասում է Անուշն ու նշում, որ հաճախ նաեւ վերանայում են անդամներին։

«Ես քսանհինգ տարի եմ ապրել Շուշիում եւ այս խումբը կարոտն առնելու առաջին հարթակն էր։ Վիրտուալ ընտանիք, որտեղ յուրաքանչյուրիս սրտում է Շուշին։ Համայնքային կապ ստեղծել՝ անկախ գտնվելու վայրից»,- սա էր նպատակը։

Շուշիի պատմական ու մշակութային արժեքները նկարների, հոդվածների ու տարաբնույթ հրապարակումների տեսքով տեղադրում են խմբում՝ արխիվային տարրը պահպանելու համար։

«Կարեւոր համարեցի ստեղծել շուշեցի անմահ հերոսների շարքը, ամբողջ շրջանի զոհվածների եւ պայթյունի ժամանակ զոհվածների պատմությունները։ Ցասումով ու ցավով էի տեղադրում, որովհետեւ նկարներում այն մարդիկ են, ովքեր մեծացել են իմ աչքի առաջ, այն մարդիկ, որոնց աչքի առաջ ես եմ մեծացել»,- պատմում է Անուշը։

«Բերդ» թերթը Ասկերանի շրջանի պաշտոնաթերթն էր։ «Երբ նշանակվեցի խմբագիր, որոշեցի ստեղծվել նաև համանուն ֆեյսբուքյան էջ։ Թերթի լույս ընծայման հետ մեկտեղ, ակտիվորեն գործում էր այն և, իհարկե, շրջանի բնակչության համար ավելի հասանելի էր, քան թերթը»,- ասում է Բերդի ֆեյսբուքյան հարթակի հեղինակ ու խմբագիր Կարինե Բախշյանը։

Նրա խոսքով տեղահանությունից հետո առավել կարեւորեց հարթակի ակտիվությունը, որովհետեւ սա միակ հնարավոր միջոցն էր տնազուրկ ասկերանցիներին համախմբելու։ «Մարդիկ սպասում են «Բերդի» լուրերին, առանձնապես՝ մեր շրջանի բնակչությունը։ Այսօր այդ հարթակը, կարելի է ասել, մեր ժողովրդի միակ կապող օղակն է, որտեղ մարդիկ իրազեկվում են շրջանի բնակչության հետ կապված իրադարձությունների մասին, ապրում հիշողություններով, որոնք նաև ապրեցնող են։ Հաճախակի եմ լսում՝ «լավ ա Բերդը կա» արտահայտությունը»,- պատմում է Կարինեն։

Սպիտակ, հզոր բերդը հեռուներում մնաց, բայց նույնիսկ Բերդ անունը համախմբում է ասկերանցիներին։ «Այո՛, փորձում եմ Բերդի միջոցով պահել Ասկերանը, և ուզում եմ, որ այդ հարթակը լինի համերաշխության, իրար թիկունք լինելու, հիշողությունների, հավատի և հույսի հարթակ, որտեղ մարդիկ կարող են մի փոքր ուրախ, անկաշկանդ, լավատես և անկեղծ լինել․․․ մենակ հեշտ չէ համակարգել ամեն ինչ և ակնկալում եմ մեր համերկրացիների համագործակցությունը։ Չունեմ արխիվ և շատ դեպքերում կարող է նաև ինչ որ տեղ մարդիկ նեղանան ինձանից, սակայն կարող են հուշել ու ինֆորմացիա տրամադրել և Բերդն ավելի արդյունավետ կգործի․․․»,- ասում է Կարինե Բախշյանը։

Ստեղծված բոլոր խմբերում կարելի է նկատել «քաղաքային» լավ ու վատ լուրեր՝ ով լքեց այս աշխարհը, ով ամուսնացավ ու ով ծնվեց, եւ բոլորն էլ մի միտք ունեն՝ վերադարձի մեծ սպասում։ Ու քանի դեռ չկա վերադարձ՝ օնլայնից բացի ունենալ օֆլայն հարթակ՝ իրական ու պինդ, կարոտն առնելու գրկախատնությունների համար։

Մարիամ Սարգսյան

“Առաջիկայում միջազգային կառույցներից մեկը գնահատական կտա հայ գերիների հարցով”

«Եվրոպական միության խորհրդարանը եւ մի շարք միջազգային կառույցներ հստակ, հասցեական հայտարարություններ են ընդունել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ ՔՊ-ական մեծամասնությունը հրաժարվեց ընդունել հայտարարություն։ Այսինքն՝ ԵՄ խորհրդարանը հասցեական հայտարարություն է տարածել, ՀՀ խորհրդարանը՝ ՔՊ-ի մեծամասնության պատճառով, ընդդիմության ներկայացրած հայտարարությա տեքստը վիժեցրեց»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ այս պահին ոչինչ չի արվում Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ։  Հայ գերիները բարձրացրել են իրենց  հանդեպ ապօրինությունների հարցը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել ու ասել, որ հրաժարվում է մասնակցել «դատավարություն» անվանվող այդ ֆարսին։

Հայկ Մամիջանյանը նշեց, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության, ԱԳՆ օրակարգում այդ հարցը պետք է լիներ առաջնային հարցերից մեկը։ Իշխանությունների այն հայտարարություններին, որ գործընթացը չեն հանրայնացնում, որպեսզի չվնասեն, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Իսկ չեք լսե՞լ, որ գործ չանելու լավագույն պատճառաբանությունը «մենք չենք հանրայնացնում»-ն է։ ՀՀ ԱԺ պատգամավորների՞ց էլ են դա գաղտնի պահում։ Մենք ամեն օր դրա մասին խոսում ենք, եթե մի կաթիլ գործ արած լինեին, ամեն օր կասեին»,- նշեց նա։

Հայկ Մամիջանյանն ասաց, որ իրենց կողմից աշխատանք է տարվում, առաջիկայում միջազգային կառույցներից մեկը գնահատական կտա հայ գերիների հարցով։ Նշեց, որ չի ցանկանում մանրամասներ հայտել, որպեզի չվնասի գործընթացին։

SEPA-ում նշված է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվեր այդ թվում ինքնորոշման իրավունքի վրա

«SEPA-ում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվեր երեք հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնցից մեկն ինքնորոշման իրավունքն էր, իսկ մյուսը՝ ուժի չկիրառումը կամ ուժի սպառնալիքի չկիրառումը։ Ես ակնկալում եմ, որ աշխարհը, միջազգային հանրությունը տեր կկանգնի Մինսկի խմբի համանախագահների հինգ հայտարարություններին եւ շատ ու շատ այլ փաստաթղթերի։ Նման կերպ խնդիրների լուծումը չպիտի դառնա նորմալ, եւ ես համարում եմ, որ եթե աշխարհի որեւէ կետում առաջնորդները նշում են, որ պարտադրված խաղաղությունն անընդունելի լուծում է, ես հույս ունեմ, որ նույն տրամաբանությունը կկիրառվի նաեւ իմ երկրի պարագայում»,- այսօր Երեւանում անցկացվող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ մի քանի անգամ առնչվել է ադրբեջանցի պատգամավորների հետ, նրանց ախորժակը գնալով մեծանում է։ «Մի անգամ, երբ ես խոսում էի հիմնարար իրավունքների՝ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի եւ այլ իրավունքների մասին, ադրբեջանցի պատգամավորն ինձ պատասխանեց՝ դու մոռանում ես, որ դու պարտված կողմ ես, ինչ ուզենք, այդ էլ կստորագրենք։ Մեկ այլ անգամ միջազգային մի հանդիպման ժամանակ մեկ այլ ադրբեջանցի պատգամավոր ասաց՝ մենք ձեր գերիներին երբեք էլ հետ չենք տալու, իրենց օգտագործելու ենք բանակցային առեւտրի համար։ Այ դա է ադրբեջանցիների մոտեցումը։ Եվ ՀՀ այսօրվա կառավարիչներն արել են շատ ավելի շատ, քան բարի կամքի դրսեւերումն է, սա արդեն Ադրբեջանի պահանջների կատարում է։ Նույնիսկ այս պարագայում Ադրբեջանը տրամաբանության դաշտ չի գալիս, անհնար է հասկանալ՝ իր վերջնական կարմիր գիծը որն է լինելու։ Հենց այդ պատճառով ենք ասում՝ խիստ կարեւոր է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում լինի միջնորդի ու երաշխավորի ինստիտուտ, առանց դրա հնարավոր չէ»,- հայտարարեց Մամիջանյանը։

Միասնական հարթակ՝ ՀՀ կառավարության, հասարակական, դոնոր կազմակերպությունների և Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ

 Այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանի Մարիոթ հյուրանոցում մեկնարկել է <<Կայուն զարգացում Արցախից բռնի տեղահանված անձանց համար. առաջիկա հնարավորություններ>> խորագրով համաժողովը:

Համաժողովի նպատակն է միևնույն հարթակում երկխոսություն ստեղծել ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների և Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովի ընթացքում քննարկումներ են ծավալվել բռնի տեղահանված անձանց զբաղվածության, բնակապահովման խնդրների շուրջ, որի արդյունքում առաջարկների զեկույց է կազմվելու:

Ըստ ՀԲԸՄ <<Սովորիր և վաստակիր. Արցախ>> ծրագրի ղեկավար Հայկուհի Գևորգյանի՝ համաժողովի ավարտին կազմված առաջարկություների զեկույցն ուղարկվելու է բոլոր պատկան մարմիններին, դոնոր կազմակերպութուններին, որպեսզի հետագա ծրագրերում նկատի ունենան:

Նրա խոսքով՝ <<Սովորիր և վաստակիր. Արցախ>> ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի տարեսկզբից, ավարտվել 2025 թվականին: Հիմնական խնդիրը զբաղվածության, ուսուցման, վերապատրաստման, հմտությունների զարգացման տեղափոխված բիզնեսներին աջակցությունն էր:

<<Տարվա ընթացքում աշխատել ենք 1000-ից ավելի արցախցիների հետ: Ընթացքում նոր մեթոդաբանություն մշակեցինք՝ հաշվի առնելով, որ այնտեղի աշխատաշուկայում տղամարդիկ մեծամասամբ ներգրավված էին պաշտպանության բանակում կամ հիմնական աշխատուժը եղել է պետական համակարգում, մանկավարժներ, տարբեր ոլորտի մասնագետներ, անհրաժեշտ էր իրենց կարիքների գնահատում, որպեսզի Հայաստանի աշխատաշուկայում կարողանանք նրանց աշխատանք առաջարկել>>,- հավելել է նա:

Ծրագրի ղեկավարի խոսքով՝ դասընթացներն ունեցել են 845 մասնակից, վերջին տվյալներով 320-ը աշխատանք ունի:

Ծրագիրն իրականացվում է HEKS/EPER կազմակերպության կողմից: Այժմ մտածում են կայուն զարգացման հնարավորությունների մասին:

Կարինե Բախշիյան

ԵՄ-ն Հայաստանի եվրոպական ձգտումների մասին․ որ չլինեն ոչ իրատեսական ակնկալիքներ

Այս Եվրոպական խորհրդարանը հանձն է առել էլ ավելի խորացնել կապերը Հայաստանի հետ. սա հանձնառություն է, որը մենք ունենք բոլոր քաղաքական խմբերով և այն օգնում է նաև մեր պատվիրակության աշխատանքներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ իր ելույթում նշեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսին:

«Ձեր խորհրդարանը օրենք է ընդունել, որը հայտարարում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, եւ սա վկայում է, որ ԵՄ-ն գրավիչ է հասարակության համար, և մենք դա ողջունում ենք։

Ճշմարտությունը այն է, որ ԵՄ-ն և Հայաստանը երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել, և ես պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի վրա, համատեղ հանձնառությունների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք։

Եվրոպայի խորհրդարանը արդեն հստակ արտահայտվել է, որ աջակցում է հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, բայց ամեն բան կախված է նաև Հայաստանից, թե ինչ տիպի հարաբերություններ է ձգտում ունենալ Հայաստանը։

Ամեն դեպքում ակնհայտ է, որ ԵՄ անդամակցության ցանկացած դիմում կներկայացվի և դիտարկվի ըստ պահանջների, ըստ առաջնահերթության, ըստ չափորոշիչների։ Շատ կարևոր է, որ մենք այս ուղերձը հասցնենք Հայաստանի ժողովրդին, որպես մարդիկ հասկանան, իմանան, թե ինչ ակնկալեն, ինչ մարտահրավերներ ակնկալեն, և որ չլինեն ոչ իրատեսական ակնկալիքներ»,- հայտարարեց նա:

Եղանակը կմեղմանա, բայց երեկոյան Երեւանում ձյուն կտեղա

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 25-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 25-26-ին՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն։
Մայրաքաղաքում փետրվարի 25-ի ցերեկը կլինի 0–2 աստիճան ցուրտ, իսկ երեկոյան ժամերին կլինի -5….-7 աստիճան։

Հայկական գործոնի զրոյացում. Հայաստանի հաջորդ Սահմանադրությունը՝ «խաչմերուկի» սխեմա

Այսօր Սաուդյան Արաբիայում կկայանա Ուկրաինայի հարցով ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների երկրորդ փուլը, որին, ըստ ամենայնի, կրկին չի մասնակցի Կիևը։ Սակայն Վաշինգտոնն ու Մոսկվան կարծում են, որ բանակցությունները արդյունավետ կլինեն, իսկ Թրամփը նույնիսկ ասել է, որ ուկրաինական պատերազմը կարող է դադարեցվել մի քանի շաբաթից։

Բանակցությունների առաջին փուլից հետո մի քանի օրվա ընթացքում շատ բան է փոխվել. Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել, որում Ռուսաստանը չի նշվում որպես ագրեսոր, իսկ Թրամփն ու Պուտինը սկսել են խոսել այն մասին, որ ԱՄՆ-ը մասնակցելու է հազվագյուտ մետաղների մշակմանը ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանում։

Այս ֆոնին երեկ եվրոպացի առաջնորդներն այցելեցին Կիև, որտեղ հայտարարվեց, որ Ուկրաինան կարող է դառնալ ԵՄ անդամ մինչև 2030 թվականը։ Ինքը՝ Պուտինը հայտարարել է, որ դեմ չէ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև բանակցություններին, սակայն չի ընդունում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Երեկ Ուկրաինան նոր հարձակում է ձեռնարկել Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա՝ փաստացի ոչնչացնելով Ռուսաստանի այս խոշորագույն ձեռնարկությունը։ Իսկ այսօր Ռուսաստանը հզոր հրթիռային հարված է հասցրել ուկրաինական բնակավայրերին։ Այնուամենայնիվ, Ռուսաստանում և Ուկրաինայում սկսեցին խոսել պատերազմի ավարտի մասին։

ԱՄՆ նոր վարչակազմն ասում է, որ Ուկրաինան չպետք է դիմակայեր Ռուսաստանին, քանի որ ի սկզբանե հայտնի էր, որ Կիևը չէր կարողանա հաղթել Ռուսաստանին նույնիսկ Արևմուտքի օգնությամբ։ Կողմերը կարող էին պայմանավորվել այն մասին, ինչ այժմ առաջարկվում է, 2022 թվականի մարտին Ստամբուլում։ Բայց չպայմանավորվեցին, և այս երեք տարիների ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին, տներ ու ենթակառուցվածքներ ավերվեցին, միլիոնավոր մարդիկ փախստական ​​դարձան, այդ թվում՝ ռուսներ։

Արցախում՝ 2020-2023 թթ., Պաղեստինում՝ 2023-25 ​​թթ. և Ուկրաինայում 2022-25թթ. նմանատիպ պրոցեսներ են տեղի ունենում՝ իրավունքը բռնությամբ կոտրելու միտմամբ։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից ի վեր Հայաստանի կառավարությունը բազմիցս ասել է, որ դիմադրությունն անիմաստ է. այն կբերի ավելի շատ զոհերի և նույնիսկ պետականության կորստի։ 2020 թվականին պաշտոնական Երեւանի ճիշտ քաղաքականությամբ հնարավոր կլիներ դիվանագիտական ​​մակարդակով պաշտպանել իրավունքը և հայկական գրծոնը։ Բայց Երևանը նախընտրեց «ձեռքերը վեր բարձրացրած» քաղաքականությունը, որով իշխանության եկավ Փաշինյանի կառավարությունը։ Այս քաղաքականությունը բերեց աշխարհաքաղաքականության մեջ Հայկական գործոնի զրոյացման։

Պաղեստինը դեռ դիմադրում է, և չի բացառվում, որ Պաղեստին պետություն ստեղծվի, և թեև Թրամփը պահանջում է բոլոր պաղեստինցիների արտաքսումը, արաբական աշխարհը թույլ չի տա, որ պաղեստինյան գործոնը զրոյացվի։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այն գոյատևել է 3 տարի, սակայն Թրամփի նոր աշխարհակարգը չի ենթադրում օրենքի գերակայություն, և Ուկրաինան ստիպված է լինելու զիջել իր տարածքների մի մասը։ Բայց կմնա աշխարհաքաղաքական գործոն։

Վերլուծաբանները նշում են, որ Զելենսկու հրաժարականից անմիջապես հետո Ուկրաինայում իշխանության կգան Պուտինին և Թրամփին հավատարիմ ուժերը։ Պատահական չէ, որ ԵՄ-ն փորձում է կասեցնել Զելենսկու հրաժարականը, որպեսզի ինչ-որ կերպ պահպանի իր ազդեցությունը գործընթացների վրա։ ԵՄ-ում արդեն բացահայտ ասում է, որ եթե Պուտինն ու Թրամփը սկսեն «պառակտել» ԵՄ-ն, ապա հնարավոր է վերադարձ Վարշավյան պայմանագրի սահմաններին։ Պուտինը նախկինում կոչ է արել դուրս բերել ՆԱՏՕ-ի զորքերը այն երկրներից, որոնք դաշինքի անդամ չեն եղել մինչև 1997 թվականը:

Ինչպե՞ս կդասավորվի Հայաստանի ճակատագիրը այս ֆոնին. Լավրովն այժմ սերտորեն ներգրավված է դրանում՝ երեկ նա Անկարայում էր, իսկ այսօր արդեն թռչում է Թեհրան, և հիմնական խնդիրներից մեկը Հարավային Կովկասն է, հաղորդակցությունների բացումը։ Փաշինյանը Զելենսկու նման հրաժարական չի տա. նա կասի, որ ամեն ինչ «ճիշտ» է արել, և առանց նրա ոչինչ չի ստացվի։

Այս ամենը հանգեցնում է նրան, որ Հայաստանի հաջորդ Սահմանադրությունը դառնալու է «խաչմերուկի» սխեման:

Նաիրա Հայրումյան

Արցախցիները չեն շտապում դառնալ ՀՀ քաղաքացի

2023 թվականի սեպտեմբերին բռնատեղահանված արցախցիների համար առաջին ու ամենամեծ շոկը ՀՀ քաղաքացիությունից զրկվելն էր: Այս որոշումը չէր ստացել որևէ իրավական ձևակերպում, այլ ընդամենն արձանագրվել էր ՀՀ պաշտոնյաների կողմից մեկնաբանություններով և վարչարարության փոփոխությամբ։ Այդուհանդերձ, մի շարք դեսպանատներ, հղում անելով ՀՀ կառավարությանը, սկսեցին 070 կոդով անձնագրեր ունեցողների վիզայի (մուտքի արտոնագրի) դիմումները մերժել, թեև իշխանությունները նշում էին, որ 1992 թվականից ի վեր ՀՀ անձնագրեր արցախցիներին տրամադրելու պատճառը հենց վերջիններիս ճամփորդելու հնարավորություն ընձեռելու, իմա՝ տեղաշարժի իրավունքից օգտվելու նպատակ էր հետապնդում:

«Ստեփանակերտ» մեդիա ակումբը նախորդ ամիս Civilnet.am կայքում հրապարակել է հոդված, որտեղ մանրամասն ներկայացրել է բռնատեղահանվածների կողմից քաղաքացիության համար դիմելու մոտիվացիաների, ինչպես նաև չդիմելու մտահոգությունների մասին: Հոդվածին զուգահեռ բռնի տեղահանվածներին առաջարկվել է մասնակցել ՀՀ քաղաքացիություն վերցնել-չվերցնելու մասին առցանց հարցմանը:

Ամփոփելով այն՝ նշենք, որ հարցման մասնակիցների գրեթե կեսը չի նախատեսում առաջիկայում դիմել ՀՀ քաղաքացիության ստանալու համար (հարցվածների 41%-ը) և նախընտրելի են համարում ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը, որն, ի դեպ, վավեր էր մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշման համաձայն՝ վկայականի վավերականության ժամկետի սպառված լինելու պարագայում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության ներքո ևս մեկ տարով (մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը)։

Հարցվածների 24%-ը նախատեսում է առաջիկայում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, իսկ 22%-ն արդեն իսկ ստացել է ՀՀ քաղաքացիություն: Հարցվածների 13%-ը ևս նախատեսում է ստանալ ՀՀ քաղաքացիություն, սակայն միայն բնակապահովման ծրագրից օգտվելու պարագայում:

«Ստեփանակերտ» մեդիա ակումբի սույն հարցմանը վերաբերող հրապարակման տակ նաև ֆեյսբուքյան օգտատերերն են կարծիքներ հայտնել: Նրանց մեծ մասը քաղաքացիության համար չդիմելու պատճառներից ամենահաճախը նշում է վերադարձի և սեփականության իրավունքի կորստի վերաբերյալ մտավախությունները: Այսպես, օրինակ, Արցախից բռնի տեղահանված Աննա Շաբոյանը գրում է. «Արցախ վերադառնալու մեր միակ հույսը 070 կոդն է, եթե դա էլ փոխենք, մենք այլևս պահանջատեր չենք կարող լինել. մեր հարազատների գերեզմանները, մեր պատմական հուշարձանները ումի՞ց կարող ենք պահանջել, եթե ինքներս հրաժարվենք այդ ամենից»:

Քաղաքացիություն ստացածների մեծ մասն էլ նշում է, որ դա արել է ստիպված՝ աշխատանքի ընդունվելու համար, քանի որ հատկապես պետական հիմնարկներում աշխատելու համար քաղաքացիությունը պարտադիր պայման է: Անուշ Խաչատրյանն այդ մարդկանցից մեկն է: Իր զինծառայությունը տեղահանությունից հետո ՀՀ-ում շարունակելու համար ստիպված է եղել քաղաքացիության համար դիմել, թեև խոստովանում է, որ հակառակ դեպքում չէր շտապի, քանի որ մինչև հիմա չի հասկանում, թե ինչու են իրեն զրկել ՀՀ քաղաքացիությունից, եթե հետո նորից պիտի ստիպեին ստանալ:

Հարցվածների 13%-ի մեջ մտնող Գոհար Խաչատրյանը տարեվերջին է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, քանի որ բնակապահովման ծրագրով իրենց ընտանիքի հերթը մոտենում է 2026 թվականին:

Բնակապահովման ծրագրից օգտվելու հնարավորությունը, որքան էլ գրավիչ թվա, մինևնույն է՝ զորակոչային տարիքի տղաներ ունեցող շատ ընտանիքների համար բավարար մոտիվացիա չէ: Սակայն 13%-ը շատ ցածր ցուցանիշ է նույնիսկ այսպիսի ընտանիքների հանգամանքը հաշվի առնելով: Պատճառը բնակարանային ծրագրի ձախողումն է: Պայմաններն այնպիսին են, որ շատ քիչ ընտանիքներ հնարավորություն ունեն ծրագրի միջոցով տուն կամ բնակարան ձեռք բերելու համար: Սակայն, կարծում ենք, ծրագրում ռեալ բարեփոխումներ արվելու պարագայում այս ցուցանիշը կբարձրանա:

ՀՀ միասնական սոցիալական ծառայության տվյալներով՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6724 անձ ՀՀ քաղաքացիության դիմում է ներկայացրել, որոնցից 5510-ը ստացել են քաղաքացիություն: Ավելի քան 100 հազար բռնատեղահանվածների պարագայում սա, իսկապես, շատ աննշան թիվ է, ու այն ավելի փոքր կլիներ, եթե քաղաքացիական ծառայության, հանրային պաշտոններ զբաղեցնելու, ինչպես նաև ուժային կառույցներում ծառայության անցնելու համար քաղաքացիության պարտադիրության հանգամանքը բացակայեր:

Ներկայացված թվերը շատ խոսուն են և, դրանք համադրելով հարցման արդյունքներին, կարող ենք փաստել, որ արցախցիներն առայժմ չեն շտապում դառնալ ՀՀ քաղաքացի:

«Ստեփանակերտ» մեդիա ակումբ

Կարեն Նասիբյանը աշխատանք և ապրելու վայր կունենա

Արցախի օրհներգի երաժշտության հեղինակ Արմեն Նասիբյանի որդին՝ ծայրահեղ պայմաններում ապրող Կարեն Նասիբյանն, աշխատանք ու ապրելու վայր կունենա: Այս մասին տեղեկանում ենք Հայորդի-ի տարածած հայտարարությունից:

«Սիրելի Հայրենակիցներ,

շատերդ եք կիսվում Արցախից բռնի տեղահանված և դժվար կացության մեջ հայտնված Կարեն Նասիբյան պատմությամբ, ով 28 տարի եղել է դաշնամուրի ուսուցիչ։

Հայորդիի թիմը որոշում կայացրեց Կարենին ապահովել աշխատանքով։

Հայորդիի երաժշտական խմբակում, ուր անվճար շուտով կհաճախեն մեր շահառու երեխաները, Կարենը կաշխատի որպես նվագացող իսկ մենք Հայորդիի միջոցներից կվարձատրենք նրան։

Հայորդիի հոգատար հետևորդները մինչև տարեվերջ կհոգան նրա տան վարձը։

Օրեր անց արդեն Կարենը կտեղափոխվի նոր բնակարան, որը կունենա բոլոր կոմունալ հարմարությունները»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ  Ազատություն ռադիոկայանն օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե Դիլիջանի նախկին գիշերօթիկի շենքում 10 օր առանց գազի, ջրի, հոսանքի բնակվող երաժիշտ Կարեն Նասիբյանն ինչ պայմաններում է ապրում:

Առաջարկվում է վթարի դեպքում ճանապարհը փակելու համար սահմանել 15 րոպե

Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում ճանապարհը փակելու համար հատկացնել առավելագույնը 15 րոպե։ Այս մասին փետրվարի 24-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը։

Նշված սահմանաչափը գերազանցելու դեպքում նախատեսվում է պատասխանատվություն նախատեսել։ Ճիշտ է, որոշ բացառություններով։ Նախագիծը որոշ գերատեսչությունների հետ քննարկելուց հետո վերադարձվել է քաղաքապետարան»,- ասաց Մարգարյանը։ Կարծիքներ, սակայն, միայն ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը չեն ներկայացրել։

Գուցե հարկե՞րը իջեցնեք, ոչ թե ստիպեք մարդիկ հայտարարագրեն վերջին կոպեկը

Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 2486 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 861 քաղաքացի) ետ է ստացել 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +79 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.4 հազար դրամ է (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ -600 դրամ): Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հայտարարագերլու իմաստը՝ խոշոր գույքի եւ գումարների հոսքի վերահսկողությունն է՝ կոռուպցիան բացառելու նպատակով։ Սակայն երբ կառավարությունը պահանջում է, որ մարդիկ վերջին կոպեկը հայտարարագրեն, դա միայն մեկ նպատակ ունի՝ տոտալ վերահսկողություն բոլորի գրպանների պարունական եւ կյանքի հանդեպ։ Մարդ պիտի վախենա իր հարազատին գումար փոխանցել, կամ բացատի, թե ինչու է օգնում սեփական որդուն։

Կառավարությունը մի կողմից բարձրացնում է հարկերը /ի միջայլոց, մի քանի բողոքի ակցիայից հետո բոլորը կուլ տվեցին հարկերի ահռելի բարձրացումը/, մյուս կողմից փորձում է գայթակղել քաղաքացիներին, որ նրանք հայտարարագրեն ամբողջ ունեցածը, հանկարծ չխուսափեն հարկերից, եւ դրա դիմաց ստանան տարեկան մինչեւ 100 հազ․ դրամ։ Իսկ ո՞վ է հաշվարկել, որքան ավել հարկ է մուծելու քաղաքացին այս տարի։ Եթե ուզում եք քաղաքացուն “փող վերադարձնել”, իջեցրեք հարկերը։