Ռուսաստանի ներխուժման երրորդ տարելիցին Կիև են ժամանել 13 պետությունների ղեկավարներ

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երրորդ տարելիցին Կիև են ժամանել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, Կանադայի վարչապետը, Լիտվայի և Լատվիայի նախագահները, ինչպես նաև Ֆինլանդիայի, Դանիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի ղեկավարները, Էստոնիայի և Իսպանիայի վարչապետերը։

Կանադան Ուկրաինային կնվիրաբերի LAV III IFV, մի քանի F-16 սիմուլյատորներ և զինամթերք: Ջասթին Թրյուդոն կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն է հարձակվել հարեւան պետության վրա՝ Ուկրաինայի պատմությունը ջնջելու համար։ Կանադայի իշխանությունները մտադիր են նաև 5 միլիարդի սառեցված ռուսական ակտիվները փոխանցել Ուկրաինային։

Եվրամիությունը մարտին Ուկրաինային կտրամադրի 3,5 միլիարդ եվրո օգնություն։ Այս մասին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է լայնամասշտաբ ներխուժման տարելիցի օրը։ Շվեդիան ծրագրում է ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը՝ փոխանցելով մի քանի տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր։

Նորվեգիան հումանիտար օգնություն կտրամադրի Ուկրաինային, իսկ Ֆինլանդիան 4,5 մլն եվրո կհատկացնի ենթակառուցվածքների վերականգնման և եվրաինտեգրման համար։ Ուկրաինացիների համար լավ «նվեր» կլինեն Ռուսաստանի դեմ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կողմից հայտարարված պատժամիջոցները։

Կիևում ավարտվել է Ռուսաստանի ներխուժման երրորդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայի մայրաքաղաք ժամանած օտարերկրյա առաջնորդների մամուլի ասուլիսը։

Ահա այնտեղ քննարկվածի արագ ակնարկ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ մինչև 2030 թվականը, եթե երկիրը շարունակի «աշխատել նույն արագությամբ և նույն որակով»։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն չեղարկվի այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի ցուցադրի իր պատրաստակամությունը կայուն խաղաղության։

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ դեմ չի լինի պատերազմի ավարտից հետո Ուկրաինա խաղաղապահ զորքեր ուղարկելուն, սակայն հավելել է, որ մինչ այդ «շատ հարցերի պատասխաններ պետք է տրվեն»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ «շատ լավ զրույց» է ունեցել Դոնալդ Թրամփի հետ Կանադայի գլխավորած G7 հանդիպման ժամանակ։ Զելենսկին չի հրապարակել զրույցի բովանդակությունը՝ ասելով միայն, որ Կիևը «հույս ունի, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել [Ուկրաինային] այլ գործընկերների հետ միասին»։ Զելենսկին նաև ասել է, որ հույս ունի, որ պատերազմը կավարտվի այս տարի:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ «այս աշխարհում ուժն կարող է այլևս իրավասու չհամարվի»՝ ակնհայտորեն անդրադառնալով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև վերջին բանակցություններին:

Բաքվում շինծու դատավարություն է ընթանում Հայաստանի 23 քաղաքացու հանդեպ. ՀՀ արտգործնախարար

Շինծու դատավարություններ են ընթանում Ադրբեջանում կամայականորեն կալանավորված ՀՀ 23 քաղաքացու նկատմամբ։ Այս մասին Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում ելույթի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հենց հիմա շինծու դատավարություններ են ընթանում 23 հայ քաղաքացու նկատմամբ, որոնք կամայականորեն ձերբակալվել են Ադրբեջանում։ Ընդ որում, ամբողջությամբ խախտվում են պատշաճ դատավարության նորմերն ու երաշխիքները»,– նշեց Միրզոյանը։
Նրա խոսքով` չնայած 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն` Հայաստանի արևելյան հարևանը վիճարկում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Նա հիշեցրել է, որ դեռ 1 տարի առաջ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը խորհրդին տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ը 2 խումբ է ուղարկում Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 115 հազար էթնիկ հայերի վիճակի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով:
«Մենք կարծում ենք, որ այդ առաքելության արձանագրած արդյունքները կարևոր ներդրում կլինեն հաշտեցման աշխատանքներում։ Մենք մի քանի առաջարկ ենք ուղարկել Ադրբեջանին, այդ թվում` խաղաղության համաձայնագրի, տրանսպորտային ենթակառուցվածքների բացման, փոխադարձ զենքի վերահսկման և ստուգման մեխանիզմների համատեքստում, ինչպես նաև այլ հարցերի շուրջ»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով` Հայաստանը ելնում է ռազմավարական պայմանավորվածություն ձևավորելու անհրաժեշտությունից, որը թույլ կտա կարգավորել հիմնական հարցերը։ Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ կառուցողական պատասխանը և հետագա փոխգործակցությունը, ինչպես նաև երկու կողմերի քաղաքական կամքի դրսևորումը էական ներդրում կունենան տարածաշրջանում նոր դարաշրջանի հռչակման գործում:
Միրզոյանը հավլել է, որ այս համատեքստում Երևանը պատրաստ է շրջել թշնամանքի էջը և շարժվել դեպի ինստիտուտցիոնալ խաղաղություն։

Դեսպան Դըկոտինյի, էս ինչե՞ր ես խոսում

«Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ–ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր»։

Այս մասին «Հայաստանի հանրային ռադիո»–ի հետ հարզազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը։ Եվ այսօր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ արդար, կայուն, ամուր խաղաղության, որպեսզի վերացվեն Հայաստանի վրա կախված սպառնալիքները»,–ասել է նա։

Ֆրանսիայի դեսպանը մոռանում է սեփական երկրի Ազգային ժողովի զույգ պալատների բազմաթիվ  բանաձևերը, համաձայն որոնց նախ Արցախի կարգավիճակը վիճելի է ճանաչվում, դատապարտվում է վեճերի լուծման ռազմական ճանապարհը, նաև կոչ է արվել վերադառնալ 1994 թ․ ստատուս-քվոյին։ Ֆրանսիան, որը տասնյակ տարիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է եղել (այս պահին էլ համանախագահ է), երբեք չի ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, համարելով, որ Արցախի կարգավիճակը պետք է հանրաքվեյով լուծվի։

Հիմա ի՞նչ է փոխվել։ Արդյո՞ք 2023-ի սեպտեմբերի 17-ի ստամբուլյան կոնսենսուսն է ամեն ինչ փոխել։ Թե՞ Ֆրանսիան հանուն ԱՄՆ նոր վրչակազմի հետ գործարքի համաձայն է զոհբերել Արցախը։  

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն ասել է.

«Բնականաբար միջազգային հանրության արձագանքը համարժեք չէր, այլապես ԼՂ բնակչությունը դեռ ԼՂ–ում կլիներ։ Ֆրանսիան բոլոր ջանքերը գործադրեց, այդ ընթացքում 3 անգամ պահանջեց և կարողացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նույնիսկ քննարկումներ ունենալ թե շրջափակման, թե բռնի տեղահանման ժամանակ, բայց միջազգային հանրության արձագանքը համապատասխան չեղավ»։

«Ինչ վերաբերում է ԼՂ բնակիչների վերադարձին իրենց օջախներ, ապա դա իրավունք է։ Դա վարկած չէ, դա իրավունք է։ Այդ իրավունքը ճանաչվել է արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023թ․ նոյեմբերի 17-ի որոշմամբ, և այդ որոշումը պարտադիր ուժ ունի, այսինքն՝ Ադրբեջանը պարտավոր է կատարել դա։ Այդ որոշման մեջ նաև մանրամասն նշված են վերադարձի չափանիշներն անվտանգության, ժառանգության պաշտպանության առումով, մշակութային կամ կրոնական իրավունքների առումով։ Ամեն ինչ գրված է սևով սպիտակի վրա»,–ասել է նա։

Փաստորեն, դեսպանը համարում է, որ Ադրբեջաննը պետք է ապահովի արցախցիների վերադարձը։ Բայց ի՞նչ է փոխվել 2023-ի սեպտեմբերից, երբ արցախցիները ստիպված էին լքել Ադրբեջանի կողմից զավթած Արցախը։ Չէ որ ռուսական զորքերի պատճառով չէ, որ արցախցիները թողել են իրենց հազարամյա բնօրրանը։ Ֆրանսիան համարում է, որ ցեղասպանության վտանգը վերացե՞լ է, թե արդեն չի համարում Արցախի հարցը վիճելի։  

Օլիվիե Դըկոտինյիի խոսքով, Ֆրանսիայի դիրքորոշումն շատ հստակ է՝ նախևառաջ աջակցություն ցուցաբերել բռնի տեղահանվածներին և Հայաստանին, որը նրանց ընդունել ու հյուրընկալել է։ Նա նշել է, որ Ֆրանսիան ցուցաբերված մարդասիրական օգնության ծավալներով այս առումով առաջինն է եղել 2023–ի վերջին ամիսներին և 2024–ին՝ աջակցելով նրանց՝ հաստատվել այստեղ, բայց առանց վերադարձի իրավունքի իրենց դիրքերը երբևէ զիջելու։

Թե ինչպես է Ֆրանսիան փաշինյանական դիրքորոշմանը հանգել, կարելի է միայն կռահել։ Փաշինյանը, Հայաստանը խաչմերուկի վերածելով, կարող է օգնել Ֆրանսիային վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ և մի փոքր մասնակցություն ունենալ Մերձվոր Արևելքում իր երբեմն պրոտեկտորատների ճակատագրի լուծմանը։

«Հենց մի քանի օր առաջ աշխատանք չունենալու պատճառով եւս մեկ ընտանիք տեղափոխվեց Ռուսաստան»․ Եղցահողի համայնքապետ

Արցախցիներին հատկացվող 50 հազարների ծրագրի դադարեցումը մարդկանց սոցիալական խնդիրները կսրի։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը։

«Կարելի է ասել՝ այս պահին մեր գյուղացիներից ոչ մեկ էլ ապահովված չէ մշտական աշխատանքով, քանի որ քաղաքացիության հետ կապված եւ այլ խնդիրներ կան։ Ոչ բոլորի առողջությունն է ներում բանվորի աշխատանք կատարելու համար, իսկ ՀՀ կառավարությունը թո՞ւյլ է տալիս արցախցիներին ինչ-որ այլ տեղ աշխատել։ Արցախցիները Հայաստանի Հանրապետությունում կամ բանվորի կարգավճակում են, կամ տաքսիստի։ Բնակվարձերի առումով մեծ խնդիրներ կառաջանան, այդ գումարով գոնե կարողանում էին բնակարանային հարցերը լուծել, ինչ-որ կոպեկներով էլ սննդի հարց լուծել»,- ասաց Արտակ Հակոբյանը։

Նա նշեց, որ Եղցահողից բռնի տեղահանված անձանց հետ ամենօրյա կապի մեջ է, նրանք բնակվում են Հայաստանի տարբեր մարզերում։ Շատերն ունեն սոցիալական խնդիրներ, որոնք հետեւանքով նաեւ որոշ ընտանիքներ արտագաղթում են։ «Հենց մի քանի օր առաջ աշխատանք չունենալու պատճառով եւս մեկ ընտանիք տեղափոխվեց Ռուսաստան։ Եվ այդպես շարունակվում է»,- հավելեց նա։

Արտակ Հակոբյանը Հայաստանի կառավարության այս գործելաոճում միտում է տեսնում։ Մեզ հետ զրույցում, սակայն ասաց, որ չի ուզում այդ մասին շատ խոսել։ «Բայց ինչ վերաբերում է ՀՀ կառավարության դիրքորոշմանը 070 կոդով անձնագրերի վերաբերյալ, ես դա սխալ եմ համարում, որովհետեւ ուզում եմ Արցախի հարցին վեջակետ դնել։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ։ Եթե սա սադրանք չէր, եթե սա կազմակեպված չէր, հարց է ծագում՝ ինչո՞ւ մինչեւ 2020 թվականը Արցախի 070 կոդով անձնագրերը Հայաստանի Հանրապետությունում վավեր անձնագրեր էին, իսկ հիմա արդեն ոչ։ Մարդիկ կանգնել են խնդիրների առաջ՝ մինչեւ քաղաքացիություն չընդունեն, աշխատանքի չեն տեղավորում, ոչ մի արտոնություն չեն տալիս, նույնը բնակարային ծրագրին է վերաբերում։ Այսինքն՝ այս ճանապարհով վերացվում է Արցախի գաղափարը»,- ասաց նա։

Արտակ Հակոբյանը միաժամանակ ասաց, որ իշխանությունների այս գործողությունների միջոցով հնարավոր չէ փակել Արցախի հարցը։ Նա ասաց, որ անձամբ ինքը ՀՀ քաղաքացիություն չի ստացել, իրեն համարում է Եղցահողի բնակիչ ու համայնքի ղեկավար։ «Եվ ինձ պես մի շարք արցախցիներ նույն կարգավիճակում են։ Այսինքն՝ մարդիկ մտածում են վերադառնալու մասին։ Միեւնույն է, եթե նույնիսկ ՀՀ քաղաքացիություն էլ ընդունենք, դա ոչ մի բան չի փոխելու մեր կյանքում, ո՞վ է արցախցիների աշխատատեղերի մասին խոսում։ Ինչ վերաբերում է բանակապահովման ծրագրին, մեր համայնքից շահառուներ կան, բայց ոչ մեկի հարցն այս պահի դրությամբ դեռ լուծված չէ։ Տարբեր խնդիրներ կան՝ եւ փաստաթղթերի, եւ բանկերի, եւ վարկերի հետ կապված։ Մի հատ ժամկետանց անձնագիր փոխելու համար եսիմ ինչ թղթաբանություն են անում, ապուպապերի ծննդականներ բերեք, զագսի վկայականներ բերեք։ Բաքվից տեղահանված մարդիկ երրորդ անգամ արդեն բռնի տեղահանման են ենթարկվել, Բաքվում են թողել իրենց անձնագրերն ու ծննդականները, բայց այսօր պահանջում են, ասում են՝ մինչեւ այդ ծննդականը չլինի, ոչ մի հարց չի լուծվում։ Այսինքն՝ մարդիկ այսօր բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնած»,- ասաց Արտակ Հակոբյանը։

Արցախի Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքի բնակիչները եւս այդ աջակցության գումարի կարիքն ունեն, թեպետ համայնքի բնակիչների մի մասը աշխատանք գտել են, աշխատում են։ «Բայց աշխատեն, չաշխատեն, այդ գումարը ամեն մեկիս համար էլ մեծ նշանակություն ունի»,- հավելեց նա։

Նասիբյանը նշեց, որ Լիսագորի բնակիչները Հայաստանի տարբեր մարզերոմ են տեղակայված, համայնքի կոմպակտ բնակեցում չկա, բայց փորձում են մարդկանց հետ կապը պահել։

Գագիկ Նասիբյանի խոսքով՝ Լիսագորի բնակիչների շրջանում մեծ արտագաղթ չկա։ «Ինձ չի թվում, որ մարդիկ կփորձեն արտագաղթեն, ուր էլ գնան, ինձ թվում է՝ այստեղից լավ չի լինի։ Հայաստանում մենք մեր հայրենիքում ենք, ցանկալի է, որ այստեղ մնանք»,- ասաց նա՝ հավելելով, որ Արցախ վերադարձի հնարավորություն այսօր չի տեսնում։

Ռոզա Հովհաննիսյան

Պայթուցիկ սարքեր են նետվել Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության վրա

Ֆրանսիայում՝ Ուկրաինա Ռուսաստանի զինված ներխուժման մեկնարկի երրորդ տարելիցին, պայթյուն է որոտացել Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ։ Երկուշաբթի՝ փետրվարի 24-ին, ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ առավոտյան գլխավոր հյուպատոսության շենքի պատին երեք պայթուցիկ սարք են նետել, որոնցից երկուսը պայթել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։

Հարձակվողը փախել է։ Ոստիկանությունը դեռ մանրամասներ չի հրապարակում պայթուցիկ սարքերի տեսակի մասին և որևէ վարկած չի ներկայացնում հարձակման դրդապատճառների մասին։ Դատախազությունը հետաքննություն է սկսել գույքին դիտավորությամբ վնասելու փաստով, սակայն նշել է, որ շենքին տեսանելի վնաս չի պատճառվել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան RBC-ին ասել է, որ պայթյունը «ահաբեկչական հարձակման բոլոր նշաններն ունի»։

Հյուպատոսությունը գտնվում է Ամբրուազ Պարեի պողոտայում։ Թաղամասում են գտնվում նաև Եգիպտոսի, Թունիսի, Հայաստանի և այլ երկրների դեսպանություններն ու հյուպատոսությունները։

«Հրաժեշտի աչքեր»-ը՝ վերադարձի հույսով

«Հակարիի կամրջից այն կողմ իմ մանկությունն էր, երազանքնեերն ու հորս եւ այլ տղաների ձեռք բերած հաղթանակը։ Կամրջից այս կողմ ես մնացել էի անզոր, մեղավոր։ Այդ ամենը սփոփելու համար սկսեցի նամակներ գրել մորս, որոնք դարձան պատմվածքներ»,- ասում է Հերմինե Ավագյանն, ում նամակներն Արցախին ու իր մայրիկին դարձան պատմվածքներ՝ «Հրաժեշտի աչքեր» վերնագրով։

Նախորդ տարի գրքի և արվեստի փառատոնին Newmag-ի և Թովմասյան հիմնադրամի կողմից հայտարարված արցախյան հեղինակների գրական մրցույթի դափնեկիրն է Հերմինեն, գիրքի հրատարակման գլխավոր հովանավորը «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամն է։

Newmag-ի օրերս տեղի ունեցած գրքի եւ արվեստի փառատոնին գիրքը հասանելի դարձավ ընթերցողներին։

Շնորհանդեսի ժամանակ բանաստեղծ Ներսես Աթաբեկյանը, խոսելով Հերմինեի գրքի մասին, նշել է․ «Դժվար է ցավի մեջ տրամաբանորեն դատելը։ Գիրքը գուցե լիներ սովորական գիրք, եթե չլիներ ցավի զգացողությունը։ Ցավը մղում է գործելու։ Այս գիրքը ոչ թե պատմվածքների ժողովածու է։ Հերմինեի պատմությունների հիմքում իրական հերոսներ են՝ աշխարհի ամենագեղեցիկ ու սիրելի անկյունում ապրած։

«Իմ մի ես-ը ապրում է կամրջից այն կող, մյուսը՝ այս։ Հավատում եմ, որ մի օր այդ երկու ես-երը ամբողջանալու են եւ հանդիպելու են կամրջի ոչ թե այս, այլ ՝ այն կողմում» -Արցախում մեզ վերագտնելու հավատի մասին է նշել Հերմինեն։

Մարիամ Սարգսյան

 

Գերմանիայում ընտրություններում հաղթել են պահպանողականները

Պաշտոնական նախնական արդյունքների համաձայն՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորած պահպանողական ХДС/ХСС դաշինքը հաղթում է Բունդեսթագի արտահերթ ընտրություններում՝ հավաքելով ձայների 28,6%-ը՝ փետրվարի 24-ի գիշերը Գերմանիայի Դաշնային ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն։

Երկրորդ տեղը զբաղեցրել է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը՝ 20,8%, իսկ ձախ կենտրոնամետ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (SPD) զբաղեցրել է երրորդ տեղը՝ 16,4%: Չորրորդ տեղը բաժին է ընկնում «Ալյանս 90/Կանաչների» ձախ լիբերալներին (ձայների 11,6%-ը), հինգերորդ տեղում է Ձախ կուսակցությունը (8,8%)։

Լիբերալ Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունը (FDP) և ձախ պոպուլիստական ​​Sahra Wagenknecht Union (SWV) կուսակցությունը չեն կարողացել անցնել Բունդեսթագ։ Առաջինը ստացել է ընտրողների ձայների ընդամենը 4,3%-ը, իսկ երկրորդը՝ 4,972%-ը, իսկ խորհրդարան անցնելու շեմը կազմում է 5%, ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների։

Այսպիսով, այն մանդատները, որոնք կստանան CDU/CSU-ն և SPD-ն, պետք է բավարար լինեն իշխող «մեծ կոալիցիա» ձևավորելու համար։

Միևնույն ժամանակ, Գերմանիայի ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 23-ին նշել է, որ անձամբ չի բանակցելու Ֆրիդրիխ Մերցի և CDU/CSU դաշինքի հետ կոալիցիա կազմելու շուրջ և չի միանա նոր կառավարությանը։ «Ես առաջադրվել եմ կանցլերի պաշտոնում»,- եզրափակեց նա։ Bild տաբլոիդը նրա խոսքերը մեկնաբանել է որպես հրաժարականի ակնարկ։

Ֆրիդրիխ Մերցը խոստացել է Գերմանիայի նոր կառավարություն ձևավորել մինչև Զատիկը՝ 2025 թվականի ապրիլի 21-ը։ Քաղաքական գործիչը հրաժարվել է խոսել այն մասին, թե ով կարող է միանալ դրան, սակայն ընդգծել է, որ իր կուսակցությունը չի կառավարելու երկիրը AfD-ի հետ միասին։

50 հազ․ դրամ օգնության դադարեցումը՝ արցախցիներին Հայաստանից բռնի տեղահանման խթան է

Հայաստանում իշխանության և մերձիշխանական շրջանակների մակարդակով շարունակում են հնչել արցախցիների նկատմամբ վիրավորական և արհամարհական վերաբերմունք պարունակող հայտարարություններ։ Այս հայտարարությունները կարծես թե նպատակ ունեն թաքցնել Արցախի և արցախցիների խնդիրը մոռացության տալու Հայաստանի կառավարության քաղաքականությունը։ «Արհամարհական» հայտարարություններն այն մասին, որ արցախցիները չեն կռվել կամ հայ չեն, կոչված են հայ հասարակությանը ցույց տալ, որ Արցախի ժողովուրդը «արժանի չէ» ջերմ ընդունելության և օգնության։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում ու հարցազրույցներում գործնականում չի խոսում արցախյան խնդրի մասին՝ այն համարելով փակված։ Մյուս կողմից՝ իշխանությունը որոշումներ է կայացնում, որոնք պետք է վերջնականապես փակեն արցախցիների հարցը՝ ստիպելով նրանց կա՛մ արտագաղթել, կա՛մ անիրավ վերաբնակեցնել Հայաստանի սհմանամերձ հատվածներում։

50 հազար դրամ օգնության դադարեցնելը արցախցիների մոտ խուլ հուսահատություն է առաջացրել։ Շատերը բողոքի ակցիաների կոչ են անում, իսկ մյուսներն ասում են, որ այս երկրում բողոքի ակցիաները հիմա միայն մեկ արդյունք ունեն՝ մի երկու անցանկալի մարդկանց կձերբակալեն, իսկ հարցը չի լուծվի։

Արցախցիներն այժմ միայն հրաշքի հույս ունեն, որը չի լինում։

Տանտերերը սկսել են համաձայնվել բնակարանների գների որոշակի նվազմանը, սակայն դա հարցը չի լուծում։ Հարցը պետք է լուծվի իշխանության մակարդակով։ Իսկ կառավարության երկու ձախողված ծրագրերը՝ արցախցիների բնակարանաշինությունն ու զբաղվածությունը, փակում են բոլոր ելքերը:

Եթե ​​չկա բնակարան ձեռք բերելու հույս և աշխատանք, որը թույլ կտա ընտանիք պահել, իսկ պետական ​​օգնությունը դադարեցվում է, ապա սա արցախցիների Հայաստանից վտարման ուղիղ ճանապարհ է։

Կարելի է խելոք դեմքով թվարկել, թե ինչ “գլոբալ” խնդիրներ է փորձում լուծել Հայաստանի իշխանությունը արցախցիների հաշվին՝ բնակեցնել սահմանամերձ տարածքները, հեռացնել «ռեւանշիստ» արցախցիներին քաղաքական ու հասարակական կյանքից և միևնույն ժամանակ քաղաքական դիսկուրսից հեռացնել հայկական հողերի ապաօկուպացիայի թեման։ Բայց այս փաստարկները ոչ մի կերպ չեն արդարացնում ղարաբաղցիներին օգնելու դադարեցման անմարդկային որոշումը։

Սոցիալական հարցերի նախարարը ցինիկաբար ասում է, որ դա արվում է, որ արցախցիները, ովքեր իբր 50 հազարի վրա են հույս դնում, աշխատանք գտնեն, քաղաքացիություն վերցնեն ու աստծուց լքված գյուղերում տուն գնեն տված սերտիֆիկատով։ Նախարարը չի ընդունում, որ արցախցիների համար մեր մեջ ասած հիմար զբաղվածության ծրագիր մշակելու վրա ծախսված գումարները մսխվել են. այս գումարով հնարավոր կլիներ բացել մի քանի ձեռնարկություններ, որտեղ արցախցիները կաշխատեին ու փող կվաստակեին՝ չսպասելով պետական օգնության։

Բայց ոչ, կառավարությունը նախընտրեց արցախցիների զբաղվածության ծրագրի համար միջոցները հատկացնել գործող հայաստանյան ընկերություններին, որոնք պետք է արցախցիներին աշխատանքի ընդունեին անկապ բարդ սխեմայով։

Ինչ վերաբերում է բնակարանային ապահովման ծրագրին, ապա այն ի սկզբանե մեռելածին էր՝ թե՛ վկայագրերի տրամադրման կարգի և պահանջների առումով, թե՛ հատկացված գումարի, թե՛ հիփոթեքային վարկ ստանալու անհնարիութան առումով։ Այն, որ հարցը քաղաքացիություն ընդունելու մեջ չէ, վկայում է այն, որ արդեն քաղաքացիություն և վկայական ստացած մի քանի հարյուր ընտանիքներ դեռևս չեն կարողացել բնակարան գնել, քանի որ դա ի սկզբանե անհնար էր։

Արցախի ժողովրդին օգնության դադարեցման հարցը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես արցախցիներին՝  Հայաստանից բռնի տեղահանման պատմություն։

Նաիրա Հայրումյան

 

«Տեղ ազատենք հույսի համար»․ Ծովինար Բարխուդարյան

Արցախի Հանրային հեռուստատեսության մեկնաբան Ծովինար Բարխուդարյանը, ումից լավ լուրի սպասում ունեինք Արցախում, ունեցավ իր գիրքը՝ մեր բոլորիս ճակատագրերի ու ցավի վավերագրումը՝ «Վերջին կարմիր շրթներկը»։

Օրերս NewMag հրատարակչության գրքի եւ արվեստի ձմեռային փառատոնի շրջանակներում լույս տեսավ նաեւ Ծովինարի գիրքը։ Չորս պատերազմների միջով անցած Ծովինարն, ով հեռուստատեսային իր ուղին սկսել է «Կարկաչ» ծրագրում, իր կարկաչուն ծիծաղով ուժ ու հույս էր հաղորդում ամենադժվար օրերին։

«Պատերազմներն ինձ սովորեցրել են չվախենալ, բայց վերջին իրադարձությունները վախի եւ բոլոր զգացողություններն են մեզանից խլել»,- ասում է Ծովինարը։

Տեղահանությունից հետո Ծովինարն իր արդեն հարազատ հեռուստատեսությունում՝ «5-րդ» ալիքում մեկնարկեց «Ականատեսը» հեռուստանախագիծը, որը Ծովինարի պատերազմական օրագիրն էր՝ մինչեւ տեղահանությունը։ «Ականատեսն» ու 12 կանանց իրական, ցավոտ պատմություններն այժմ գիրք են դարձել Ծովինարին շատ բնորոշող՝ «Վերջին կարմիր շրթներկը» վերնագրով։

«Ծովինարի «Ականատեսը» պատմեց բոլոր արցախցիների անունից եւ ռեաբիլիտացվող Ծովինարի հետ ռեաբիլիտացվում էր Արցախի ժողովուրդը՝ Ծովինարի պատմածով»,- գրքի շնորհանդեսին նշել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ամենավատ բանն աշխարհում փակվող աչքերում վերջինը լինելն է։ Մարդիկ, գուցե կուզենային այդ պահին կողքին տեսնել ծնողին, հարազատին, կնոջը, երեխային, բայց վերջին հայացքում մնում ես դու»,- իր համար ամենադժվար պահերի մասին է պատմել Ծովինարի 12 հերոսներից բժիշկ Հերմինե Զարգարյանը, ում համար պայթյունից հետո Արցախը մի այլ կերպ է դաջվել հուշերում։

«Հաճախ, երբ գնում եմ հարցազրույցի, ամեն ինչ կորցրած մարդիկ դժվարանում են պատմել, ասելով՝ մեզ մնացել է մեր ցավը, դա է՞լ ես ուզում վերցնել։ Բայց սիրելի իմ հայրենակիցներ, ցավը պատմել է պետք, որ հույսի համար տեղ ազատենք»,-ասում է Ծովինարն ու հավատում, որ աղոթելով, դարձի գալով մի օր կվերականգնենք այն դրախտը, որ խլվել է մեզնից։

Մարիամ Սարգսյան

Դիլիջանի գիշերօթիկը կվերակառուցվի արցախցիների համար սոցիալական կացարանների

Լուսանկարը՝ Forrights-ից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ը տեղեկացրել է, որ Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքում, որն այս պահին գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում, նախատեսված են շինարարական աշխատանքներ․ շենքն ապագայում ծառայելու է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցների համար։

Հիշեցնենք, որ խոսքն այն նույն շենքի մասին է, որտեղ 15 արցախցի էին բնակվում, նրանց այլ կացարան են առաջարկել, բայց մինչ բոլորի տեղափոխումը անջատել են լույսն ու գազը։ Մարդիկ ձմեռվա կեսին մնացել են ցրտի եև անելանության մեջ։

Այս պահին շենքը շահագործման ենթակա չէ, ռիսկային է, ոչ անվտանգ, չկան կոմունալ ծառայություններ, չկան նաև իրավական հիմքեր՝ այստեղ քաղաքացիներին ծառայություններ մատուցելու, ասում է նախարարությունը։

Չշահագործվող, լքված շենքում վերջին տարիներին ինքնակամ բնակություն էր հաստատել ԼՂ–ից բռնի տեղահանված շուրջ 40 հայրենակից․ նրանցից շուրջօրյա խնամքի կարիք ունեցող անձինք ուղեգրվել են խնամքի կենտրոններ, նախարարության առաջարկով ընտանիքների մի մասը տեղափոխվել է Երևանում, Աբովյանում, Գյումրիում, Մարալիկում գտնվող սոցիալական կացարաններ, ոմանք էլ նախընտրել են ապրել վարձակալությամբ տներում։

Այս պահին շենքում մնացել է 12 անձ, որոնց ևս առաջարկվել են առավել ապահով ու արժանապատիվ պայմաններ։ Նրանցից մեկն առաջիկա օրերին կտեղափոխվի Աբովյանում գտնվող սոցիալական բնակֆոնդ։

Ընտանիքներից մեկը՝ 8 անձից բաղկացած, պատրաստվում է տեղափոխվել վարձակալությամբ ապրելու (կարող են դիմել նաև ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին), մյուս 3 անձանց հետ քննարկվում են տեղափոխման հնարավոր տարբերակները։

Շենքից տեղափոխվելուց հետո հայրենակիցները կկարողանան օգտվել նաև կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված սոցիալական աջակցությունից, ասում են նախարարությունում։

Հուշերը՝ ֆիլմերի տեսքով. կիրակնօրյա ամփոփում

«Արցախ Ալյանս» երիտասարդական կազմակերպությունը Արցախի բռնատեղահանությունից հետո մեկնարկեց մի նախագիծ, որը վավերագրությունների շարք է՝ Արցախի տարբեր շրջաններից ու գյուղերից։

Օրերս Երեւանում կայացավ կազմակերպության նկարահանած ֆիլմերից առաջինի ցուցադրությունը, որին ներկա էին ֆիլմերի հերոսներն ու իրար հանդիպելու ոչ մի առիթ բաց չթողնող, համայնքային կյանքի կարոտ արցախցիներ։ Մարդիկ, ովքեր կորցրել էին ամեն ինչ, պատմում են իրենց տան, պատերազմների, երազանքների ու կարոտի մասին։

«Մենք փորձեցինք որքան հնարավոր է արագ սկսել նկարահանումները, որպեսզի մարդկանց հուշերը չխամրեն»,- նշել է կազմակերպության ներկայացուցիչ Զոյա Սարգսյանը։

Կազմակերպությունը ստեղծվել է Արցախում, Ռուբեն Վարդանյանի աջակցությամբ, եւ չնայած շրջափակմանը, հնարավոր է եղել որոշ ծրագրեր իրականացնել Ստեփանակերտում եւ Մարտունում։

«Երբ եկանք այստեղ, կարծում էինք ոչինչ չենք կարողանա անել եւ իմաստ էլ չկա, բայց նորից ուժ գտանք մեր մեջ շարունակելու մեր գործունեությունը ՝ վավերագրելու մեզ հետ կատարվածը եւ աշխատելու հանուն Ռուբեն Վարդանյանի տեսլականի, նրա երազած հայրենիքի»,-նշում է Զոյան։

 

Ֆիլմաշարը, որ նկարահանել են անցած տարվա ընթացքում, ընդգրկում է 50 պատմություն, 50 ճակատագիր ու կարոտ։ Այս ֆիլմերը կարծես կամուրջներ են հիշողության ու հույսերի միջեւ։

Ֆիլմաշարերից զատ, նախագծել են արտեֆակտների հավաքագրում եւ նկարահանում։ Նորաստեղծ կայքում ե՛ւ ֆիլմերն են, ե՛ւ բերված հիշողությունները։

«Հավաքվել ենք, ոչ այնքան կիսելու, որքան ամբողջացնլու մեր հուշերը։ Այն ինչ մեր սրտում եւ մտքում է՝ պետք է մասունք առ մասունք պահել եւ ամբողջացնել, տանել Արցախ, իսկ որ դա լինելու է ոչ ոք կասկած չունի»,- իր խոսքում նշել է Նարինե Աղաբալյանն ու հավելել, որ Ռուբեն Վարդանյանը ուրախ կլինի, լսելով, որ իր սիրելի երիտասարդները շարունակում են միասին սկսած գործն ու Արցախի սրտի զարկերը դեռ բաբախում են։

Միջոցառման ներկաները ֆիլմի հերոսների խոսքով մտովի այցելեցին Մարտունի, Հադրութ, Ստեփանակերտ, ֆիլմի կադրերով շրջելով հայրենի հողում՝ ամեն մեկն իր երազով ու հույսով լեցուն։ Վավերագրությունների նկարահանումները դեռ շարունակվում են եւ ֆիլմերը պարբերաբար կցուցադրվեն առաջիկայում։

Մարիամ Սարգսյան

Զելենսկին պատրաստ է հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին միանալու

Նախագահ Զելենսկին այս պահին տեղի ունեցող մամուլի ասուլիսում հայտարարել է իր պատրաստակամության մասին հրաժարական տալ պաշտոնից՝ Ուկրաինայի համար խաղաղության դիմաց։

Ինչպես գրում է РБК-Украина-ն, մամուլի ասուլիսում Զելենսկիին հարցրել են՝ պատրա՞ստ է արդյոք հեռանալ նախագահի պաշտոնից։ Նա պատասխանել է, որ խաղաղության դիմաց պատրաստ է լքել պաշտոնը։

«Եթե Ուկրաինայի համար խաղաղություն կա, և եթե իսկապես անհրաժեշտ է, որ ես թողնեմ իմ պաշտոնը, ես պատրաստ եմ։ Երկրորդ հարցն է՝ ես կարող եմ այն ​​փոխել ՆԱՏՕ-ի անդամակցության հետ, եթե այդպիսի պայմաններ լինեն, անմիջապես, որպեսզի երկար չխոսեմ այդ մասին», – պատասխանել է Զելենսկին լրագրողին։

Նա ասաց, որ կենտրոնացած է Ուկրաինայի անվտանգության վրա այսօր, ոչ թե 20 տարի հետո, և մտադիր չէ տասնամյակներ շարունակ մնալ իշխանության ղեկին:

Նա ասել է, որ ԱՄՆ-ն իրեն առաջարկել է համաձայնագիր, որի համաձայն Ուկրաինան պետք է վերադարձնի երկու դոլար իր ստացած օգնության յուրաքանչյուր դոլարի դիմաց:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ չի ստորագրի համաձայնագիրը, որի համար, ըստ նրա, վճարելու են «ուկրաինացիների 10 սերունդներ»:

Նա նաև մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, թե Վաշինգտոնը 350 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային, բայց դրա դիմաց ոչինչ չի ստացել։

Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ը Կիևին հատկացրել է 100 միլիարդ դոլար, այն էլ դրամաշնորհների, այլ ոչ թե վարկերի տեսքով։ Ուստի նա պատրաստ չէ ճանաչել իր պարտքը Վաշինգտոնին։