ՀՀ–ն ու Ադրբեջանը հանդիպում են անցկացրել անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցով

Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպում են անցկացրել անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը»,– ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:

Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5,5 տարի ժամկետով: Հունվարի 15–ին Սյունիքի մարզի դատարանը նրան մեղավոր է ճանաչվել։

Նշենք, որ մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։

Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։

 

«2023-ի սեպտեմբերի 25-ին Հայկազովի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը ռազմական գործողությունների հետեւանք է»․ փաստաբան

2023-ի սեպտեմբերի 25-ին Արցախում, Ստեփանակերտին մոտ գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով անհայտ կորած անձանց 7 ընտանիք դիմել էր փաստաբան Անուշ Շահրամանյանին անվճար իրավաբանական աջակցության համար՝ դատական կարգով անհայտ կորած հարազատին անհայտ բացակայող ճանաչելու հարցով։

Բոլոր գործերով կազմվել է դիմում եւ ուղարկվել դատարան առանց պետական տուրք վճարելու։ 6 գործից 4-ը առանց որեւէ խոչընդոտի վարույթ է ընդունվել ու բավարարվել՝ տվյալ անձինք 2023-ի սեպտեմբերի 25-ից ճանաչվել են անհայտ բացակայող, երկուսը դեռ ընթացքի մեջ են։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի համաձայն՝ «Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դիմողները՝ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործերով»,- նշում է փաստաբանն ու ավելացնում, որ բոլոր գործերով հիմնավորվել է, որ սեպտեմբերի 25-ը ռազմական գործողության հետեւանք է, ու դիմողները ազատված են պետական տուրք վճարելուց։

«Մեծամասամբ դատավորները ընդունում էին դա ու առանց պետական տուրք վճարելու դիմումը վարույթ ընդունում եւ բավարարում։ Սակայն եզակի դեպքերում առաջին ատյանի դատարանը վերադարձնում է դիմումը այն պատճառաբանությամբ, թե դիմողը պետք է վճարեր պետական տուրքը, քանի որ սեպտեմբերի 25-ի պայթյունը դժբախտ պատահար էր, ոչ թե ռազմական գործողությունների հետեւանք։ Ուստի դիմողը ազատված չէ պետական տուրք վճարելուց։ Այդ որոշումների դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որոնցից մեկը բավարարվել է, իսկ մյուսը ընթացքի մեջ է»,- տեղեկացնում է Անուշ Շահրամանյանը։

ՀՀ Վերաքննիչ դատարանը հստակ դիրքորոշում է հայտնել. «2023 թվականի սեպտեմբերի 25-ի պայթյունը ռազմական գործողություների հետևանք է, և անձը անհայտ կորել է ռազմական գործողությունների պատճառով, ուստի դիմողը օրենքով ազատված է պետական տուրք վճարելուց»։ Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվել է։

«Այս դատական պրակտիկան ունի առանցքային նշանակություն ոչ միայն պետական տուրքից ազատման տեսանկյունից, այլև պայթյունի զոհերի և նրանց ընտանիքների իրավական կարգավիճակի հստակեցման առումով։ Վերաքննիչ դատարանի որոշումը փաստացի հաստատում է, որ սեպտեմբերի 25-ի զոհերը պետք է դիտարկվեն որպես ռազմական գործողությունների հետևանքով տուժածներ»,- ասում է փաստաբանը։

Մարիամ Սարգսյան

Իրանի չափազանց լուրջ զգուշացումը եւ երաշխիքները Հայաստանին

Դոնալդ Թրամփի վարչակազմը, որն իր գործունեության մեկ ամսից էլ քիչ ժամանակում արդեն գլխիվայր է արել աշխարհի մեծ մասը, կամաց-կամաց մոտենում է իրանական խնդրին։ Վարչակազմից երկու հակասական ուղերձներ են հնչում՝ մի կողմից Թրամփը խոսում է Իրանի հետ բանակցությունները վերսկսելու մտադրության, մյուս կողմից՝ կոշտ ճնշման մասին։ Հնարավոր է, որ այս երկու մեթոդները կիրառվեն միաժամանակ. Իրանին «կստիպեն» «բանակցել» ուժային հարվածների միջոցով։

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, ով այժմ գտնվում է Վաշինգտոնում, կարող է ԱՄՆ-ից թույլտվություն ստանալ Իրանի ռազմավարական թիրախներին հարվածելու համար։ Թեհրանում, ըստ ամենայնի, պատրաստվում են նման սցենարի, ինչպես նաև սիրիական մոդելով վարչակարգի փոփոխության փորձերին։

Այս իրավիճակում Թեհրանը բանակցություններ է վարում իր հարեւանների հետ՝ կանխելու նրանց մասնակցությունը հակաիրանական գործողությանը։

Վերլուծաբաններն արդեն բացահայտ ասում են, որ Իսրայելը օգտագործելու է Բաքվի հետ իր կապերը, որը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից՝ գրավելու հայկական և իրանական տարածքները։ Բաքուն բացահայտ խոսում է Իրանում «Հարավային Ադրբեջանի» և «Արևմտյան Ադրբեջանի», այսինքն՝ Հայաստանի նկատմամբ իր հավակնությունների մասին։ Սա կլինի Բաքվի մասնակցության գինը Իրանի դեմ ամերիկա-իսրայելական կոալիցիայում։

Իսրայելա-ամերիկյան գործողությունը կհանգեցնի Իրանի և Հայաստանի մասնատմանը, և այդ երկրները կարող են միայն միասին կանգնել նման ծրագրերի դեմ: Հենց դրա մասին է զգուշացնում իրանը Հայաստանին։

Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը դիտարկում է նման սցենար։ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում է Բենիամին Նեթանյահուի հետ միաժամանակ. Փաշինյանի համառ «խաղաղ» մտադրությունների համատեքստում չեն բացառվում այս հարցով շփումներն իսրայելական կողմի հետ։

Երեկ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին մամուլի ասուլիս է տվել Երեւանում, որտեղ մի շարք կարեւոր հայտարարություններ է արել։

Նախ, նա «երաշխիքներ» տվեց, որ Իրանը թույլ չի տա «Զարգեզուրի միջանցքի» բռնի բացումը և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը։

Միաժամանակ նա հայտարարեց, որ Հայաստանը ինքը բավարար ռեսուրսներ ունի դիմակայելու համար՝ ակնարկելով, որ Երեւանին անհրաժեշտ է քաղաքական կամք։ Իրանն այսպիսով զգուշացնում է, որ եթե Երևանը քաղաքական կամք չդրսևորի՝ դիմակայելու կամ փորձի համաձայնության գալ Իսրայելի հետ, ապա Իրանը դժվար թե կարողանա օգնել։

Դեսպանն ասել է, որ Թեհրանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի տարածաշրջանում էսկալացիայի օջախներ չառաջանան։ «Ճանապարհներ բացելու ուժային փորձերը արդարացում չունեն։ Պետք է ամեն ինչ անել ռազմական բախումներից խուսափելու համար։ Մենք օգտագործում ենք մեր հարաբերությունները Ադրբեջանի և այլ երկրների հետ, որպեսզի կանխենք նման սցենարը»,- ասել է Իրանի դեսպանը։

Սոբհանին ընդգծել է, որ Իրանի վրա ԱՄՆ ճնշումը մինչ այժմ ունեցել է հակառակ արդյունքը, և որ ԱՄՆ-ի կողմից առավելագույն ճնշման դեպքում Իրանը կորդեգրի առավելագույն դիմադրության քաղաքականություն։

Սա նախազգուշացում է Հայաստանին, որ Թեհրանը դիմադրելու է, հնարավորեն ռազմական գործողություններ, և Հայաստանի դիրքորոշումը կարևոր գործոն է ընդհանուր դիմադրության մեջ։

Նաիրա Հայրումյան

Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը վանդալիզմի է ենթարկել

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի կայքում տեղադրբժվել է տեսանյութ, որը վկայում է Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղում կատարված վանդալիզմի մասին։
“Ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը շարունակում է ոչնչացնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ, ամբոջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր: Այդ քաղաքականության հերթական թիրախը դարձավ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը: Այդ մասին հայտնի դարձավ https://t.me/ararathau տելեգրամյան ալիքի կողմից 2025 թ. փետրվարի 4 –ին հրապարակած լուսանկարից:
Այս բոլոր փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ Արցախի տարածքում գտնվող ամբողջ համամարդկային արժեք ներկայացնող ժառանգությունը գտնվում է ամբողջական ոչնչացման և յուրացման վտանգի տակ, ինչը նույնպես ցեղասպանության դրսևորում է։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը տարիներ առաջ պետական մակարդակով ոչնչացրեց Ջուղայի հազարամյա խաչքարերը և մնաց անպատիժ։ Բնավ էլ անսպասելի չէ, որ նույնը կատարվելու է բռնազավթված Արցախում, որտեղ Ադրբեջանն իրեն վերապահում է գործողությունների ազատություն։ Եվ Արցախում հայկական մշակութային ժառանգության հանդեպ կատարվող վանդալիզմը արձանագրում են նաև միջազգային գիտական կենտրոնները, որոնք մեզ կարևոր հիմք են տալիս ադրբեջանական` ցեղասպան և ահաբեկիչ պետությանը միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար”, ասված է Օմբուդսմենի կայքում։

«Ղողանջ» կենտրոնն իր հովանու տակ է վերցրել արցախցի երեխաների և մանկավարժների

Արցախի տեղահանությունից հետո՝ գրեթե մեկուկես տարի է, ինչ «Ղողանջ» կենտրոնը, որը Երևանում գործում է 2001 թվականից, իր հովանու տակ է վերցրել ինչպես արցախցի երեխաների, այնպես էլ արցախցի մի խումբ մանկավարժների։ ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարարի խորհրդական, երկարամյա մանկավարժ, հոգեբան Աիդա Գյանջումյանը Դիանա Գրիգորյանի առաջարկությամբ ստանձնեց կենտրոնում կյանքի կոչված «Մենք Արցախի մշակույթի պահապաններն ենք» ծրագրի ղեկավարի պաշտոնը։

Կենտրոնում գործում է 8 խմբակ՝ հայրենաճանաչություն, մարաշի ասեղնագործություն, ազգային երգ, ազգային պար, կերպարվեստ, կավագործություն, ծրագրավորում, հոգեբանություն։ Այս խմբակները ծառայում են մեկ ընդհանուր նպատակի՝ երեխաների մեջ պահել սերը դեպի հայրենիքը, մշակույթը, մեր արմատները և, իհարկե, առաջ շարժվել հայեցի դաստիարակությամբ։

Կենտրոնի աշխատանքների մասին է պատմում Աիդա Գյանջումյանը։

-Մինչև 2022-ի դեկտեմբերի 12-ի շրջափակումը ես Արցախից մի խումբ երեխաներ էի բերել Երևան՝ Եվրատեսիլին մասնակցելու համար, ու շրջափակման պատճառով չկարողացանք վերադառնալ տուն։ 38 օր մնացինք Գորիսում։ Այդտեղ ես հանդիպեցի երկու հրաշալի մարդու՝ Դիանա Գրիգորյանին և Նունա Ալեքյանին։ Այդ հանդիպումը մեծ նշանակություն ունեցավ իմ կյանքում։

Արցախից տեղահանվելուց հետո՝ երբ հասանք Երևան, Դիանա Գրիգորյանի հրավերով աշխատանքի մտա «Ղողանջ» կենտրոնում, որտեղ աշխատում եմ մինչև հիմա։ Կենտրոնում Դիանա Գրիգորյանի  նախաձեռնությամբ կյանքի կոչվեց «Մենք Արցախի մշակույթի պահապաններն ենք» ծրագիրը, որը հովանավորվում է «Սյուն» հիմնադրամի կողմից։

Կենտրոնն իր հարկի տակ է ընդունել արցախցի երեխաների ու մանկավարժների։ Այստեղ են աշխատում ազգային երգ առարկայից Արմինե Յախշիյանը, դաշնակահարուհի Ինգա Լալայանը, ազգային պար առարկայից՝ Լարա Սաֆարյանը, ասեղնագործությունից՝ Նորա Գաբրիելյանը։ Նվիրված, թիմային աշխատանք ենք տանում, որպեսզի կարողանանք մեր ազգային մշակույթը երեխաների միջոցով հարատև պահել։

Սկզբնական շրջանում որոշել էինք արցախցի երեխաների հետ հոգեբանություն առարկան առանձին պարապել հատուկ մոտեցում ցուցաբերելու համար։ Այժմ բոլոր երեխաները միասին են պարապմունքներ անում, որովհետև սահուն ինտեգրում է կատարվել։ Ղողանջի բոլոր երեխաները լավ հասկանում են արցախյան բարբառը, երբեմն էլ բարբառով են խոսում իրար հետ։ Ուրախությամբ եմ ասում, որ կենտրոնում տիրում է լույսի, բարու և ջերմության մթնոլորտ։

Անհոգ մանկություն տալու փոխարեն մենք մեծ բեռ ենք թողել մեր երեխաների ուսերին, և միայն ու միայն ճիշտ դաստիարակելու դեպքում կարող ենք աջակցել նրանց ու հասցնել իրենց նպատակներին։ Մենք անում ենք հնարավորը, որ առողջ, հայրենասեր և ուժեղ սերունդ մեծանա։ Մեր կենտրոնում երեխաների մեջ սերմանվում է սեր դեպի մեր հարուստ ազգային արժեքները, դրանց ծագումնաբանությունը։ Ցանկանում ենք նրանց ցույց տալ, թե ով ենք, որտեղից ենք եկել և ուր ենք գնում։

Կազմակերպվում են էքսկուրսիաներ, հյուրընկալվում են տարբեր մշակութային գործիչներ։ Վերջին մեր հանդիպումը ՀՀ վաստակավոր գործիչ, երգիչ, երգահան Էդգար Գյանջումյանի հետ էր։ Երեխաներն իրոք զգացին՝ ինչ է բարությունը, մարդկային ջերմ փոխհարաբերությունը։ Նրանք իրենց աչքերով տեսան և ծանոթացան հայտնի երգահանի հետ և միասին երգեցին նրա երգերից։

2024-ի հուլիսի 17-ին է կայացել կենտրոնի հաշվետու համերգը, որին ներկա էին նաև հովանավորները։ Տեսնելով մեր կատարած աշխատանքները՝ նրանք առայսօր շարունակում են հովանավորել ծրագիրը։

Յուրաքանչյուր նախաձեռնություն ի կատար է ածվում Դիանա Գրիգորյանի շնորհիվ։ Բոլոր մանկավարժների անունից շնորհակալություն եմ հայտնում նրան արցախցի երեխաներին ու մանկավարժներին իր թևերի տակ առնելու համար։ «Ղողանջ» կենտրոնը մի օջախ է, որտեղ մենք մեզ զգում ենք՝ ինչպես մեր տանը։ Համոզված եմ, որ տիկին Դիանայի գլխավորությամբ հնարավորություններ կլինեն կյանքի կոչել նոր ծրագրեր ու մտահղացումներ։

Ղողանջի դռները բաց են բոլոր երեխաների առաջ։ Կենտրոնում սիրով սպասում են նրանց, ովքեր կցանկանան նույնպես ընդգրկվել այդ ջերմ ու համերաշխ օջախում։ Ցանկացողները կարող են դիմել «Մենք Արցախի մշակույթի պահապաններն ենք» ծրագրի ղեկավար Աիդա Գյանջումյանին՝ զանգահարելով 097207017 հեռախոսահամարին։ Կենտրոնը գտնվում է Նոր Նորքի 5-րդ մասիվի Արտեմ Միկոյան 1 հասցեում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Սպուտնիկը հետաքրքրվել է, արդյո՞ք ՀՀ ԱԳ փոխնախարարի այցը Սիրիա՝ Թուրքիայի նախաձեռնությունն էր

Դամասկոս կատարած այցի ընթացքում Սիրիային աջակցելու պատրաստակամություն է հայտնել ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Վահան Կոստանյանը:

. ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան նշել է բարեփոխումների այն ուղղությունները, որոնց հարցում Երևանը պատրաստ է աջակցել Սիրիային։

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Դամասկոսում Սիրիայի արտգործնախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երևանը պատրաստ է աջակցել հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտում։

Sputnik Արմենիան ԱԳՆ-ից հետաքրքրվել է, թե ում նախաձեռնությամբ է եղել Կոստանյանի այցը, արդյո՞ք դրա կազմակերպման մեջ որևէ կերպ ներգրավված է եղել Թուրքիան, ինչպես նաև, թե որ բարեփոխումների ոլորտում է Հայաստանը պատրաստ աջակցել Սիրիային։

Գերատեսչությունում նշել են, որ փոխարտգործնախարարի այցը եղել է «բացառապես հայկական կողմի նախաձեռնությամբ»:

Դրա նպատակը Սիրիայի նոր ղեկավարության հետ կապերի հաստատումն է, երկու երկրների միջև ավանդական բարեկամական համագործակցության վերականգնումը, ինչպես նաև հայ համայնքի խնդիրների քննարկումը:

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի ԱԳ նախարար դել Ասադ Ալ-Շայբանիի միջև հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից Սիրիային աջակցության տրամադրման հնարավորությունները, մասնավորապես, երկրի սոցիալ-տնտեսական, հումանիտար և կրթամշակութային ոլորտներում ընթացող բարեփոխումների և հետպատերազմական վերականգնման համատեքստում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, սիրիական կողմը բարձր է գնահատել հայկական պատվիրակության այցը Դամասկոս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ

ВВС

Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով պատժամիջոցներ է սահմանվում Միջազգային քրեական դատարանի նկատմամբ՝ մեղադրելով նրան ԱՄՆ-ի և նրա ամենամոտ դաշնակիցների՝ առաջին հերթին Իսրայելի նկատմամբ անօրինական թիրախավորման մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ ֆինանսական և վիզային պատժամիջոցներ կկիրառվեն այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցում են ամերիկացիների կամ նրանց դաշնակիցների դեմ հետաքննությանը, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին։

Թրամփի քայլը հետևեց այն բանին, որ անցյալ շաբաթ ԱՄՆ Սենատում դեմոկրատները արգելափակեցին ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու հանրապետականների փորձը՝ ի նշան բողոքի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերների դեմ:

Նեթանյահուն այժմ այցելում է Վաշինգտոն։

«ՄՔԴ-ն չարաշահել է իր լիազորությունները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության անհիմն օրդեր տալով», – ասվում է հրամանում:

Դրանում նշվում է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը «բարեկեցիկ ժողովրդավարություններ են, որտեղ կան բանակներ, որոնք խստորեն հետևում են պատերազմի օրենքներին»:

Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանը քայլեր է ձեռնարկել իր աշխատակիցներին ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներից պաշտպանելու համար՝ աշխատակիցներին նախապես վճարելով երեք ամսվա աշխատավարձ՝ հնարավոր սահմանափակումների ֆոնին, ավելի վաղ Reuters-ին հայտնել են աղբյուրները:

Հունվարին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկեց ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու օգտին, սակայն օրինագիծը չընդունվեց Սենատում:

Վաշինգտոնում տեղի է ունեցել Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահի հանդիպումը

Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։

Հանդիպման ընթացքում, վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում

Ինչո՞ւ հենց Լիաննա Պետրոսյանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին, hայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Վերջին օրերին կայացել են Լիաննա Պետրոսյանի հանդիպումները նաեւ Չեխիայի եւ մի շարք այլ եվրոպական պետությունների դեսպանների, ՀՀ առողջապահության նախարարի եւ այլ պաշտոնյաների հետ։

Լիաննա Պետրոսյանը մի քանի անգամ բացատրել է, որ “հասարակական գործիչ է”, ոչ ոք իրեն չի ընտրել եւ ինքը չի ներկայացնում ինչ-որ խմբերի, միայն հետապնդում է հանրային շահ։

Դեռ 2020-ի պատերազմից եւ Հադրութի օկուպացիայից հետո Երեւանում ապաստանած Լիաննա Պետրոսյանը լրագրող եւ պրպտող մարդ է։ Նա կարողացել է ոչ միայն կապեր հաստատել պետական եւ միջազգային մարմինների հետ, այլեւ տեղյակ է արցախցիների սոցիալ-տնտեսական կյանքի հետ կապված բոլոր իրավական նրբություններից։ Նրան դիմում են հազարավոր մարդիկ անձնական բազմաթիվ հարցերով եւ հիմնականում ստանում պատասխաններ։

Տեղահանությունից հետո ստեղծված իրավական խառնաշփոթում Լիաննա Պետրոսյանի սոցիալական կայքերում էջերը դարձել են ինֆորմացիայի երբեմն միակ միջոցը խճճված կարգավորումներից գլուխ չհանող արցախցիների համար։ Նա նույնիսկ սոցհարցում է անցկացրել իրեն վստահելու հարցով եւ ստացել բազմաթիվ ձայներ։

Սակայն կա երկու հարց, որոնք շատերի համար անհասկանալի են մնում։

1․ Ինչո՞ւ նախարարները, ՄԻՊ-ը, դեսպանները գերադասում են հանդիպել հենց Լիաննա Պետրոսյանի հետ։

2․ Արդյո՞ք Լիաննա Պետրոսյանը ունի բոլոր արցախցիներին տեղեկացնելու, համակարգելու կամ հարցերը լուծելու լծակներ կամ “ենթակառուցվածք”։

Առաջին հարցն առավել պարզ է․ ՀՀ պաշտոնյաները նախանձելի համառությամբ չեն շփվում Արցախի պետական, համայնքային, հասարակական կամ մասնագիտական միավորումների հետ։ Հանուն արդարության ասենք, որ 1,5 տարվա ընթացքում միայն վերջերս են արցախցիների հավաքական իրավունքները պաշտպանող հասարակական միավորումներ ստեղծելու փորձեր արվել։

Օտար երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունները փորձում են պարզել, թե ո՞վ է ներկայացնում արցախցիների հավաքական շահերը, եւ առաջին պլանում տեսնում են Լիաննա Պետրոսյանին։

Երկրորդ հարցի պատասխանն ավելի կարեւոր է։ Ցանկացած հավաքական իրավունքների պաշտպանություն ենթադրում է ինստիտուցիոնալ համակարգ, որը ունի երկկողմանի կապ՝ շահառուների եւ շահը ներկայացնողների միջեւ։

Այն, որ Լիաննա Պետրոսյանը մենակ է մասնակցում հանդիպումներին, նշանակում է, որ ինստիտուցիոնալ համակարգ չկա, եւ սա զուտ անձնավորված նախաձեռնություն է, որի իրավունքը ցանկացած ոք ունի։

Մնում է միայն պարզել, թե հավաքական առումով որքանո՞վ է օգտակար տվյալ նախաձեռնությունը եւ ո՞ւմ նախաձեռնությամբ են կազմակերպվում հանդիպումները։ Արդյո՞ք այդ հանդիպումները չեն ներկայացվելու ՀՀ եւ օտարերկյա պաշտոնյաների կողմից որպես “ղարաբաղցիների հետ” լիիրավ շփում, ինչը մեղմ ասած այդպես չէ։

Արցախցիներին՝ ընտանիքների եւ անձերի բաժանելու ՀՀ կառավարության մոտեցումը ի սկզբանե ուղղված էր “արցախցիների կոլեկտիվ իրավունքներ” հասկացողության բացառմանը եւ խնդիրները սոցիալական հարթություն տեղափոխմանը։ Բայց չէ՞ որ արցախցիները առանձին-առանձին չեն լքել Արցախը, դա արվել է կոլեկտիվ վտանգի՝ ագրեսիայի, ցեղասպանության եւ բռնի տեղահանության արդյունքում։ Եւ մոտեցումը եւս պետք է լինի կոլեկտիվ։

 

 

Զատուլինը խոստովանել է, որ Ալիևին Մոսկվան պետք էր Արցախը գրավելու համար

Բաքուն պահանջել է փակել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը երկրում, քանի որ Ղարաբաղի հարցի «փակումից» հետո Ադրբեջանի իշխանությունները առաջնահերթությունը տալիս են Թուրքիայի հետ համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը (Միացյալ Ռուսաստան)։

Նրա կարծիքով, «Լեռնային Ղարաբաղից հետո» Բաքուն այլեւս Ռուսաստանի կարիքը չունի։

Զատուլինը, փաստորեն, ընդունում է, որ Ռուսաստանն է օգնել Բաքվին գրավել Ղարաբաղը։ Սակայն Մոսկվան չի կատարել իր հիմնական «խնդիրը»՝ հայ-իրանական սահմանը դեռ բաց է, և ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող «Զանգեզուրի միջանցք» չկա։

Որոշ ժամանակ առաջ ВГТРК-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Կիսելևը հայտարարել էր, որ Փաշինյանը «ամբողջովին անտեսել է եռակողմ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները և Զանգեզուրի միջանցքը վերջնականապես բացելու Ալիևի կատեգորիկ պահանջը»։ Փոխարենը Փաշինյանն առաջարկեց իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը, ըստ Կիսելևի, «անընդունելի է Ադրբեջանի համար՝ դժվար լեռնային տեղանքով և կլիմայական ծանր պայմաններով ճանապարհներ կառուցելու անհրաժեշտության պատճառով»։

Այս հայտարարության պատճառով Հայաստանի արտգործնախարարությունը կանչել է ՌԴ դեսպանին։ Սակայն ակնհայտ է, որ ռուսներին չհաջողվեց հասնել իրենց ուզածին։ Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է Իրանի և որոշ արևմտյան ուժերի դիրքորոշմամբ, որոնք շահագրգռված չեն «միջանցքի» բացմամբ։

2014 թվականից Ռուսաստանը զինում է Բաքվին՝ միաժամանակ թուլացնելով իր «դաշնակից» Հայաստանին, իսկ 2020 թվականին զորքեր մտցրեց Արցախ՝ կանխելու հայկական դիմադրությունը։ Ռուսաստանը կատարել է բոլոր կեղտոտ աշխատանքը միջազգային հարթակներում՝ բազմիցս խափանելով Արցախի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, ոչնչացրել է Մինսկի խումբը և «համոզել» ԵՄ-ին և ԱՄՆ-ին, որ Արցախը հանձնելը այլընտրանք չունի։ Ռուսաստանը Հայաստանում ձևավորել է իշխանության և ընդդիմության միանգամայն լոյալ համակարգ, որը դեռևս չի վիճարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը և 1921 թվականի Կարսի պայմանագիրը։

Մոսկվան արել է այն ամենը, ինչ կարող էր, և այժմ դրա կարիքն այլևս չկա։ Այնպես որ Զատուլինն իզուր է բողոքում Բաքվից, որը Գրոզնիի երկնքում իր ինքնաթիռի կործանումից հետո արդեն բացահայտորեն «լքում» է Ռուսաստանը։

Ինչո՞ւ են սկսել Տավուշից: Տավուշը միակ հատվածն է, որ տասնամյակներ ի վեր ամրացվել էր

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա եւ չի եղել որեւէ սահմանազատման գործընթաց։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

«Դա Նիկոլի հորինածն է։ Սահմանազատում նշանակում է միջպետական պայմանագիր դրա վերաբերյալ։ Իսկ պայմանագիր նշանակում է ըստ մեր օրենքի՝ խորհրդարանի հավանություն, ՍԴ կարծիք, այնուհետեւ դրա վրա խարսխված համապատասխան գործընթաց։ Այսինքն՝ փաստաթղթի մեջ սահմանի մանրակրկիտ նկարագրություն, հետո սահմանանշում, հետո սյուների տեղադրում։ Մեզ մոտ զուտ տեղի է ունենում սյուների տեղադրում՝ առանց որեւէ իրավական հիմնավորման»,- ասաց Պապյանը։

Անդրադառնալով հարցին, որ առաջիկայում Տավուշի մարզում դարձյալ այսպես կոչված «սահմանազատման» գործընթացի ներքո տարածքներ կհանձնվեն թշնամուն, Արա Պապյանն ասաց․ «Ինչո՞ւ են սկսել Տավուշից, շատ պարզ է՝ Տավուշի հատվածը միակ հատվածն է, որ տասնամյակներ ի վեր ամրացվել էր։ Այսինքն՝ դա այն հատվածն էր, որն Ադրբեջանի հետ դիմակայության մեջ էր։ Մնացած բոլոր հատվածներն ու դիրքերն ադրբեջանցիները գրավել են՝ սկսած Արաքսի ափից մինչեւ Տավուշ։ Միակ հատվածը Կիրանց-Տավուշ հատվածն էր, որտեղ մեր դիրքերն ուժեղ էին, մենք բարձունքների վրա էինք, քիչ թե շատ ամրացված դիրքեր կային, այդ տարածքն է պետք առաջին հերթին քանդել, եւ դա քանդում են»։

Արա Պապյանն ասաց, որ գործընթացը կապված է Հայաստան-Վրաստան ճանապարհի, Հայաստան-Վրաստան-Ռուսաստան գազամուղի հետ։ «Ըստ էության մեզ մի պարկի մեջ են ամփոփում, որի հուսիսային հատվածը պետք եղած ժամանակ Տավուշով են փակելու, հարավային հատվածն էլ՝ Զանգեզուրով ինչ-որ մի տեղ, կլինի այսպես կոչված «Մեղրիի միջանցքով» կամ ավելի հյուսիսով։ Սա Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է՝ Հայաստանը կործանման տանելու, որպեսզի պարգեւավճար ստանա՝ եւս մի քանի տարի իր իշխանությունը, գուցե եւ իր գոյությունը երկարաձգելու համար»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան