Ընտրությունները և Հայաստանին «ինքնասպանության դրդելը». բոլոր մեթոդները «ընդունելի են», նույնիսկ Էփշտեյնը

Որքան մոտենում են Հայաստանում ընտրությունները, այնքան ավելի ակնհայտ է «ինքնասպանության մղումը», որին դրդում են Հայաստանին, քանի որ, ինչպես սպասվում է, ընտրություններից հետո պետք է սահմանադրական հանրաքվե տեղի ունռնա։ Այս հանրաքվեն կնշանակի, որ հայ ժողովուրդը «կամավոր» կհրաժարվի իր բոլոր իրավունքներից և կսահմանափակվի 29,800 քառակուսի կիլոմետր անօրեն տարածքով, որի հարավային մասը (հայ-իրանական սահմանը) արդեն 99 տարով փոխանցվել է մասնավոր ամերիկյան ընկերության։

Միայն Հայաստանի սահմանադրության փոփոխությունը կարող է թույլ տալ Թուրքիային և Ադրբեջանին հայտարարել իրենց ներկայիս սահմանների «օրինականությունը»։ Եւ միայն եթե Հայաստանը պնդի և վերականգնի իր իրավունքները, կարող է կայանալ նոր, արդար աշխարհակարգ։

Այնուամենայնիվ, այն փաստը, որ Հայաստանին ստիպում են հրաժարվել իր իրավունքներից, նշանակում է, որ նոր աշխարհակարգը ի սկզբանե արդար չի լինի։ Այդ կարգը «հաստատելու» համար օգտագործվում են բոլոր միջոցները, այդ թվում՝ ռազմական գործողությունները և ցեղասպանության սպառնալիքը։ Այս շանտաժին մասնակցող երկրները դառնում են հայ ժողովրդի շարունակական ցեղասպանության մեղսակից։

Նաև ամոթալի մեթոդներ են կիրառվում Հայաստանին իր իրավունքներից զրկելու համար։

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) այսօր տարածած հայտարարության մեջ նշել է, որ մանկապղծության մեջ մեղադրվող Էփշտեյնի ֆայլերը բացահայտում են նրա հանցավոր ցանցի և Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչումը ճնշելու ջանքերի միջև ուղիղ կապը։

Հայտարարության համաձայն՝ 2026 թվականի փետրվարի 11-ին X սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութում Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խոստովանել է, որ ամերիկացի միլիարդատեր Թոմաս Պրիցկերի հետ իր հանդիպումը, որը փաստաթղթավորված է Արդարադատության նախարարության գործերում, հատուկ կազմակերպված էր «հայկական լոբբիի դեմ» աջակցություն ստանալու համար՝ 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին։

ANCA-ի տվյալներով՝ օրինաչափությունը հստակ է. ցեղասպանության ժխտումը և «Էպշտեյնի գործերը» առանձին դեպքեր չեն։

«Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հերքել է Հայոց ցեղասպանությունը Անկարայի անունից» Դավութօղլուն օգտագործել է Էփշտեյնի ցանցը՝ Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելու համար», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ՝ կոչ անելով Թրամփի վարչակազմին ազատել Բարաքին աշխատանքից։

Մինչդեռ, ԱՄՆ Կոնգրեսի 1959 թվականի բանաձևը ճանաչել էր Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Բալթյան երկրները որպես կոմունիստական ​​Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ: Այս որոշման հիման վրա բոլոր երեք Բալթյան երկրները 1991-ին վերականգնեցին իրենց նախկին պետականությունը, այլ ոչ թե ստեղծեցին նորը: Հայաստանը անտեսում է այս որոշումը, իսկ ներկայիս ԱՄՆ վարչակազմն անամոթաբար «երաշխավորում» է խորհրդային սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրված «խաղաղության համաձայնագրում»:

ԱՄՆ-ն նաև անտեսում է նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ի Իրավարար վճիռը Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների վերաբերյալ, որը երբեք չեղյալ չի հայտարարվել կամ չի դատապարտվել: Հետագա աշխարհաքաղաքական իրադարձությունների պատճառով այն պարզապես չի իրականացվել:

Ո՞վ է խանգարում Հայաստանի ղեկավարությանը հարցնել ԱՄՆ Պետդեպարտամենտին Վիլսոնի Իրավարար վճիռի վավերականության և արդիականության մասին: Սա անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքելու և պետության սահմանները սահմանելու իրավական հիմք ունենալու համար, ըստ Էստոնիայում բնակվող պատմաբան Ռաֆիկ Գրիգորյանի:

Մինչդեռ, մի քանի տարի առաջ Ռուսաստանի քաղաքացի Ռուբեն Միրզախանյանը հայց էր ներկայացրել ՌԴ դատարան՝ պնդելով, որ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի համաձայն՝ իր ընտանիքի ունեցվածքը փոխանցվել է Թուրքիային, և ինքը այժմ դրան մուտք չունի։ Նա դիմել է բոլոր դատական ​​​​ատյաններ, և Ռուսաստանի Սահմանադրական դատարանը նրան տեղեկացրել է, որ Կարսի պայմանագրի հարցը Ռուսաստանի իրավասության մեջ չէ, չնայած Մոսկվան է ստորագրել Կարսի պայմանագիրը։ Ռուսական դատարանը նրան խորհուրդ է տվել դիմել միջազգային դատարան։

Օրերս հայտնի դարձավ, որ Միրզախանյանը դիմում է ներկայացրել Միջազգային դատարան՝ 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի օրինականությունը վերանայելու համար, և դատարանը ընդունել է նրա հայցը։

Մասնագետների կարծիքով՝ ոչ մի միջազգային մարմին, այդ թվում՝ ՄԱԿ-ի դեպոզիտարիումը, չունի Կարսի պայմանագիր կոչված փաստաթուղթ, չնայած այն է ներկայումս սահմանում Հայաստանի սահմանները, այդ թվում՝ Նախիջևանը։ Եւ պատահական չէ, որ հիմա է Ալիևը Նածիջևանի Սահմանադրությունից հանում Կարսիպայմանագրի հղումը՝ քանի որմինչ օրս նրան դա թույլ էին տալիս։

1921 թվականի մարտի 16-ին ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներկայացուցիչները ստորագրեցին Մոսկվայի պայմանագիրը։ Դրա համաձայն՝ Կարսի մարզը և Սուրմալուի շրջանը զիջվեցին Թուրքիային, իսկ հայկական Նախիջևանը դարձավ ինքնավար մարզ՝ Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո։ Միևնույն ժամանակ, Խորհրդային Հայաստանը ապահովեց ավելի քան 29,000 քառակուսի կիլոմետր տարածք, այդ թվում՝ Զանգեզուրը և Լոռին։

Սակայն դեռ 1920 թվականի փետրվարի 24-ին, Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովը, որը ստեղծվել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանները որոշելու համար, կայացրեց իր վերջնական որոշումը։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին, ապա գոյություն ունի միայն մեկ օրինական քարտեզ՝ Ազգերի լիգայի քարտեզը, որի որոշումները դեռևս չեն չեղարկվել: Մնացած բոլոր քարտեզները լիովին անօրինական են:

Ժամանակակից Նախիջևանի Ինքնավար Մարզի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը և հարակից տարածքները, ինչպիսիք են ժամանակակից Քաշաթաղը (Լաչին), Քարվաճառը (Քելբաջար), Շահումյանը, Քարխաթը, Թարթառը, Գետաբեկը, Շամխորի լեռնային մասը և Ակնան (Աղդամի շրջան), որոնք ներկայումս անօրինական կերպով վերահսկվում են Ադրբեջանի կողմից և զբաղեցնում են ընդհանուր 20,000 կմ² տարածք, Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի կողմից ճանաչվել են որպես Հայաստանի Հանրապետության մաս։

1920 թվականին այս տարածքներում բնակվում էր 450,000 մարդ, որոնցից 320,000-ը (72%) հայեր էին, 40,000-ը՝ (8%) քրդեր, իսկ 90,000-ը՝ (20%) թուրքեր։

Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները պարտավոր են դիմել Միջազգային դատարան, որը պետք է պատասխանի մեկ շատ պարզ հարցի՝ ո՞ւմ որոշումներն են օրինական Հայաստանի և Ադրբեջանի սահմանների վերաբերյալ՝ Ազգերի լիգայի (ՄԱԿ-ի նախորդի) թե՞ Ռուսաստանի ԿԿ Կովկասյան բյուրոյի որոշումները, գրում է լրագրող Վահրամ Աղաջանյանը։

Ինչպիսի՞ն կլինի եղանակը փետրվարի 25-ին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ փետրվարի 25-ին շրջանների մեծ մասում հնարավոր են տեղումներ. լեռներում՝ ձյուն, հովիտներում և նախալեռներում՝ անձրև և ձնախառն անձրև։

Փետրվարի 25-ից 27-ը հնարավոր են քամու պոռթկումներ մինչև փոթորկային ուժգնությամբ (15-19 մ/վ)։

Փետրվարի 25-ին Շիրակում օդի ջերմաստիճանը կլինի +6°C, Կոտայքում՝ +11°C, Գեղարքունիքում՝ +5°C, Լոռիում՝ +10°C, Տավուշում՝ +14°C, Արագածոտնում՝ +12°C, իսկ Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում և Սյունիքում՝ +15°C։

Երևանում տեղումներ չեն սպասվում, մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +14°C-ի։

Չինաստանը պատրաստ է գերձայնային զենք վաճառել Իրանին. Reuters

Իրանը մտնում է Չինաստանի հետ բանակցությունների վերջին փուլ՝ առաջադեմ հակածովային հրթիռներ գնելու վերաբերյալ, որոնք կարող են զգալիորեն փոխել տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը։

Ռոյթերսի տվյալներով՝ դրանք CM-302 գերձայնային հրթիռներ են, որոնք կարող են հարվածել մինչև 290 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներին։ Աղբյուրների համաձայն՝ Իրանի և Չինաստանի միջև բանակցությունները գրեթե ավարտվել են, և միայն մատակարարման ժամանակացույցն է մնացել չլուծված։

Ռազմական վերլուծաբանները նշում են, որ եթե գործարքը կյանքի կոչվի, Իրանը զգալիորեն կբարձրացնի իր ծովային կարողությունները։ Սա, առաջին հերթին, վերաբերում է Պարսից ծոցում և հարակից ջրերում ներկայումս գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերին հնարավոր սպառնալիքին։

Բարձրանալու են նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները

Բարձրանալու են նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները։ Այդ մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների, ինչպես նաև միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար թոշակը կբարձրանա 10 000 դրամով։ 36 000, 37 500 և 39 000 դրամի փոխարեն դրանք դառնալու են 46 000 դրամ, 47 500 և 49 000 դրամ։
Թորոսյանը նաև ընդգծեց, որ պատրաստվում են բարձրացնել զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։ Այստեղ բարձրացումները մի փոքր այլ կլինեն․ միջին բարձրացումը մոտ 8000 դրամ կլինի, բայց որոշ դեպքերում էլ կլինի 10 000 կամ 15 000 դրամ։ Որոշ դեպքերում մի փոքր ավելի ցածր կլինի այդ բարձրացումը։ Ըստ նախարարի՝ այս կենսաթոշակները բավականին բարձր են, միջինը մոտ 100 000 դրամ է։
«Բարձրանալու են նաև որոշ քաղաքացիների վճարվող կենսաթոշակները, որոնք համեմատաբար ցածր են։ Օրինակ՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակը։ Ապրիլի 1-ից բոլորն այդ տարբերակով են ստանալու, չհաշված հետվճարը 20 տոկոսի չափով»,- ասաց Թորոսյանը։

Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան` մինչև 10 հազ․ դրամ

Ընտրություններից մի քանի ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է՝ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան: Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում նա նշել է, որ համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ:

Մանրամասն հաշվարկներ վարչապետը չի հայտնել՝ շեշտելով, որ սրա մեջ ներառված չէ հետվճարը:

Դեռ երկու ամիս առաջ, սակայն, կենսաթոշակառուների մասին վարչապետ Փաշինյանը աղմկոտ հայտարարություն էր արել՝ պնդելով, թե նրանք չգիտեն՝ ինչպես արդյունավետ փող ծախսել։

«Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք. ի՞նչ է անելու թոշակառուն։ Այդ գումարը ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու», – ասել էր վարչապետը:

Այսօրվա ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշեց՝ որոշումը կայացվում է հիմա, քանի որ 2025-ի տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր, մեկ այլ պատճառ է այն, որ առողջության ապահովագրության համակարգի համար նախատեսված բյուջետային հատկացումները, հունվար-փետրվար ամիսների տվյալներով, իշխանության հաշվարկներով բավարար են դրա կարիքների համար: Մյուսը, նրա խոսքով, հարկերը վճարող քաղաքացիներն են:

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչպես և որքանով կբարձրանան քաղաքացիներին տրվող կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները։

Ըստ նախարարի, բոլորին տրվող թոշակներն ավելանալու են 10 հազար դրամով։ Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։

Բացի այս բարձրացումից, քաղաքացիներն իրենք էլ կարող են ևս մինչև 10 հազար դրամով բարձրացնել իրենց կենսաթոշակը՝ հետվճարի ծրագրով։

Ուղիղ 4 տարի է՝ Ուկրաինայի ժողովուրդը դիմադրում է ռուսական կայսրության բանակին

Ուղիղ 4 տարի է՝ Ուկրաինայի ղեկավարությունը, որքան էլ թերի և կոռումպացված լինի, դիմադրում է ռուսական կայսրության բանակին։
Ուկրաինան 4 տարի դաժան և մաշեցնող պատերազմից հետո, ոչ մի թիզ չի համաձայնվում զիջել առանց կրակոցի և նույնիսկ հակահարձակման է անցնում։
Չորս տարվա ընթացքում ռուսական զորքերին չհաջողվեց իրականացնել ոչ ենթադրյալ սկզբնական «խնդիրները» (Կիևի գրավում և Ուկրաինայում իշխանության փոփոխություն), ոչ էլ ավելի ուշ հայտարարված նպատակները՝ դուրս գալ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վարչական սահմաններ, այն դեպքում, երբ Ուկրաինան բազմիցս զիջում է Ռուսաստանին զինված ուժերի թվաքանակով։
Ռուսաստանը կորցրեց ինտեգրումը համաշխարհային ֆինանսական, տեխնոլոգիական և ինստիտուցիոնալ համակարգերին։ Պատժամիջոցները սահմանափակեցին հասանելիությունը կապիտալին, պահուստներին, շուկաներին, լոգիստիկային, տեխնոլոգիաներին և միջազգային ապահովագրությանը՝ տնտեսությունը մղելով ավելի թանկ և պակաս արդյունավետ շրջանակներ։ Խզվեցին կապերը գիտության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում, իսկ միջազգային ձևաչափերին մասնակցությունը հասցվեց նվազագույնի։ Ռուսաստանը դարձավ աշխարհի ամենապատժամիջոցային երկրներից մեկը։
44-օրյա դիմադրությունից հետո Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը զիջեց ավելի շատ տարածք, քան պատերազմով էինք զիջել։
Հայաստանը և հայկական բանակը 44-օրյա պատերազմի ընթացքում ունեին բոլոր հնարավորությունները պաշտպանելու Քարվաճառը՝ կանանց և երեխաներին դուրս բերելով Ստեփանակերտից, և նույնիսկ եթե մարզկենտրոնի ժամանակավոր կորստ լիներ, ապա՝ խրամատավորվելով, ձմեռային ամիսներին պաշտպանվելով և գարնանը ճիշտ արտաքին քաղաքականություն վարելով, հնարավոր էր անցնել հակահարձակման, վերագրավելով Ստեփանակերտը և ունենալով նվազագույն տարածքային կորուստներ, ստիպելվ թշնամուն զինադադարի։
Դրա փոխարեն Փաշինյանի կապիտուլյանտ ռեժիմը ստորագրեց Պուտինի կողմից գրված նոյեմբերի 9-ի դավաճանական հայտարարությունը, և երեք տարի անց հայկական բանակի ղեկավար կազմի հետ լուռ հետևեցին Արցախի մարզի հայաթափմանը և հայ ժողովուրդը մինչև այսօր դա հանդուրժում է։
Ուկրաինան գործում է իր շահերից ելնելով և, եթե պետք լինի, մերժում է Արևմուտքի առաջարկները ու շարունակում իր համար սրբազան պատերազմը։
Հայաստանն իր դավաճան իշխանություններով կատարում է բոլորի կամքը՝ թուրքերի, ռուսների և Արևմուտքի՝ զիջելով հայկական բոլոր շահերը և անցնելով բոլոր կարմիր գծերը։
Այսքանից հետո ծիծաղելի են այն հայերը, որոնք ծաղրում են Զելենսկուն և Ռուսաստան–Ուկրաինա հակամարտության մեջ բռնում են ռուսների կողմը։
Երջանահիշատակ Իգոր Մուրադյանի խոսքը հիշեցի․ պատերազմից ավելի վատ բան կա, դա՝ կապիտուլյացիան է։
Սամվել Ասլիկյան, Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

ԵՄ արագ արձագանքման խումբը Հայաստանում “կօգմի” նաև հանրաքվեին

Ազատությունը հայտնում է, որ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա՝ մշտական քաղաքացիական առաքելություն։

ԵՄ-ն մտադիր է «աջակցություն հայտնել Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և տեղեկատվական ամբողջականության ամրապնդմանն ինչպես 2026 թվականի հունիսի ընտրություններից առաջ, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի ընթացքում»։

Նոր առաքելությունը հավանության արժանանալու դեպքում ավելի շատ կկենտրոնանա հիբրիդային սպառնալիքների վրա՝ ներառելով «ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությունը, ինչպես նաև հնարավոր է՝ դրան անմիջապես հաջորդող սահմանադրական հանրաքվեն»:

Բրյուսելում՝ դիվանագիտական միջանցքներում, հույս կա, որ այս անգամ Ադրբեջանը կարող է ավելի դրական տրամադրված լինել Հայաստանում ԵՄ նոր առաքելության նկատմամբ, քանի որ այն շաղկապվելու է ԱՄՆ-ի գլխավորած խաղաղության գործընթացի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հետ, հայտնում է Ազատությունը։

Օրերս հաղորդվել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 200 միլիոն եվրո, որի մասին եվրահանձնակատար Մարթա Քոսը կհայտարարի մարտ ամսին Հայաստան կատարելիք այցի ժամանակ։

«Ազատության» տեղեկություններից դատելով՝ Հայաստանի կառավարությունը խնդրել է ԵՄ-ից ֆինանսավորում և «արագ արձագանքման խումբ», համարելով, որ առանց նման աջակցության չի կարողանա հաղթել ընտրություններում, ավարտել Ադրբեջանի հետ «խաղաղության գործընթացը» և անցկացնել սահմանադրական հանրաքվե։ ԵՄ-ն, հույս ունենալով, որ այս հարցերում Հայաստանին ուղղված աջակցությունը չի հրահրի բողոքներ Բաքվում, փաստորեն ընդունում է, որ այս երեք գործընթացներն էլ բխում են Ադրբեջանի շահերից։

 

Մարտունիում քանդել է Երկրորդ աշխարհամարտի և արցախյան ազատամարտի հուշահամալիրը

Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Արցախի հայկական մշակութային և պատմական ժառանգությունը։ Արցախի Մարտունի քաղաքում ամբողջությամբ ավերել է հուշահամալիրը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սոցցանցի օգտատեր Արտակ Մկրտչյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

«Այս հուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին, որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Այսօր այն այլևս չկա։

Սա վանդալիզմ չէ։

Սա մշակութային ցեղասպանություն է։

Սա նպատակային քաղաքականություն է ջնջելու հայկական հետքը, պատմությունն ու հիշողությունը Արցախում։

Առավել ցինիկ է այն փաստը, որ 2025 թվականին Ադրբեջանը ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, մինչդեռ օկուպացված տարածքներում շարունակվում է մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը։

Միջազգային հանրության լռությունը դառնում է համակերպում։

Մշակութային ժառանգության ոչնչացումը նույնպես հանցագործություն է։

Հուշարձանները կարելի է քանդել,

բայց ժողովրդի հիշողությունը երբեք։

Պատմությունը հնարավոր չէ ջնջել»,-գրել  է նա:

Զելենսկի. Չորս տարի է Պուտինը երեք օրում գրավում է Կիևը

«Այսօր լրանում է ուղիղ չորս տարի այն բանից հետո, երբ Պուտինը հայտարարեց, որ երեք օրում կգրավի Կիևը», – հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի չորրորդ տարեդարձի առթիվ։
«Եվ սա շատ բան է ասում մեր դիմադրության, այն մասին, թե ինչպես է Ուկրաինան պայքարել այս ամբողջ ընթացքում։ Այս խոսքերը շատ բան են ասում մեր միլիոնավոր մարդկանց, մեծ քաջության, քրտնաջան աշխատանքի, դիմացկունության և այն երկար ճանապարհի մասին, որն Ուկրաինան անցնում է 2022-ի փետրվարի 24-ից ի վեր», – հայտարարեց Զելենսկին։
«Մենք իրավունք ունենք ասելու. մենք պաշտպանեցինք մեր անկախությունը, մենք չկորցրեցինք մեր պետականությունը, Պուտինը չհասավ իր նպատակներին։ Նա չկոտրեց ուկրաինացի ժողովրդին, նա չհաղթեց այս պատերազմում։ Մենք պահպանեցինք Ուկրաինան և մենք ամեն ինչ կանենք խաղաղության և արդարության հասնելու համար», – հավելեց նա։

Մեծ Բրիտանիայի խոհրդարանում մեկնարկել է Արցախի վերաբերյալ խորհրդարանական հետաքննություն

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի է ունեցել «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննության գործընթացի մեկնարկը, որի նպատակն է ուսումնասիրել 2023 թվականից ի վեր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայկական ժառանգության ոչնչացումը, մինչ օրս ձեռնարկված իրավական արձագանքները, ինչպես նաև արդարության և հաշվետվողականության հասնելու հնարավոր ուղիները։ Առաջին նիստում ելույթ է ունեցել «Արցախի միության» նախագահ, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին  պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Հետաքննությունն իրականացնում են Միջազգային փաստաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտը (IBAHRI)` համագործակցությամբ Միջազգային իրավունքի, արդարադատության և հաշվետվողականության հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի  և Հայաստանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի։

Բազմակուսակցական հանձնախումբը նախագահում է խորհրդարանական Բրենդան Օ’Հարան, անդամակցում են նաև բարոնուհի Հելենա Քենեդին, խորհրդարանականներ Ջոն Ուիթինգդեյլը, Ջեսիկա Մորդենը, Լորդ Մաք’Իննեսը, Լորդ Ալթոնը և բարոնուհի Հուպերը։ Աշխատանքներին աջակցում է IBAHRI ծրագրերի համակարգող Էյն Մակդոնալդը։

Քննությունը ընթանալու է հինգ փուլով՝ քննարկելով․

  1. Մշակութային ոչնչացման վերաբերյալ ապացույցների և առկա իրավական արձագանքների քարտեզագրում։
  2. Դիմումների ընդունման գործընթացի մեկնարկ։
  3. Հանրային լսումներ՝ փորձագետների և վկաների մասնակցությամբ։
  4. Վերջնական զեկույցի հրապարակում։
  5. Շարունակական քննարկում Մեծ Բրիտանիայի կառավարության և միջազգային հաստատությունների հետ։

Խորհրդարանական հետաքննության աշխատանքներին  կարելի է հետևել սույն հղմամբ։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

24 փետրվար 2026թ.

ԱՄՆ վիզայի դիմորդները Հայաստանում պետք է անցնեն բժշկական հետազոտություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել ներգաղթային վիզայի դիմորդների համար։

«Ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները պետք է անցնեն բժշկական հետազոտություն ԱՄՆ դեսպանության կողմից հավատարմագրված բժշկի կողմից։

Բուժզննում անցնելը պարտադիր է ներգաղթային վիզայի դիմելու համար»,- հիշեցնում է դեսպանությունը։

Արցախից տեղահանված հաշմանդամ կինը հուսահատության մեջ է

Արցախից տեղահանված մեր հայրենակիցների վիճակն օրեցոր վատթարանում է։ Այդ են վկայում սոցիալական ցանցերում արվող բազմաթիվ մեկնաբանությունները, որտեղ երևում են, որ մարդիկ հուսահատ և հուսախաբ են։

Ստեփանակերտ քաղաքից տեղահանված, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող կնոջ երկու հոգանոց ընտանիքը հուսահատության մեջ է։ Տիկին Արեգան ու որդին ստիպված ապրում են քրոջ բազմանդամ ընտանիքի հետ։

Նրանք չեն պատկերացնում, թե ինչպես է լուծվելու իրենց կարգավիճակն ունեցող մարդկանց ճակատագրերը։

 – Որդուս հետ, ով մանկուց տառապում է անբուժելի հիվանդությամբ, բնակություն ենք հաստատել քրոջս տանը։ ՀՀ կառավարության կողմից արցախցիներին տրվող աջակցության ծրագրի փոփոխությունից հետո մենք զրկվեցինք բնակվարձի աջակցությունից և ստիպված տեղափոխվեցինք քրոջս ընտանիքի հետ ապրելու (թե մինչև երբ, չգիտեմ), քանի որ ի վիճակի չէինք տան վարձավճարներն ու կոմունալ ծախսերը վճարել։ Որպես զոհվածի այրի՝ ստանում եմ 30000 դրամ պարգևավճար։ Իմ և որդուս հաշմանդամության թոշակները կազմում են 43500 և 36000 դրամ գումար։ Կարելի է ասել, այդ գումարը հերիքում է միայն մեր դեղորայքին։ Այդպես էլ մենք չընդգրկվեցինք հրատապ աջակցության ծրագրի մեջ։ Հիմա ես չեմ հասկանում՝ մենք խոցելի խո՞ւմբ ենք, թե՞ ոչ։ Մեր առողջական խնդիրները չեն ներում, որ աշխատենք։

Իմ և որդուս ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացն ընթացքի մեջ է, սակայն չեմ կարծում, որ կկարողանանք հավաստագրով բնակարան ձեռք բերել։

Մեր կարգավիճակում գտնվող ընտանիքները շատ-շատ են, և ես ոչ միայն իմ անունից եմ բարձրացնում այս հարցը։ Մի՞թե հնարավոր չէ գոնե սոցիալական բնակարաններ տրամադրել, քանի որ բնակապահովման ծրագրով փոքրակազմ ընտանիքների համար տուն ձեռք բերելն անհնարին է։ Կամ էլ, առանց խտրականության, բոլոր արցախցիներին ընդգրկեն բնակվարձերի աջակցության ծրագրի մեջ։ Չափազանց ծանր է, երբ սոցիալական ցանցերում հանդիպում եմ մեր հայրենակիցների ծանր վիճակը փաստող նյութերի։ Մարդիկ ստիպված են ապրել փայտե կամ երկաթե տնակներում, որոնք զուրկ են ամենատարրական հարմարությունից։ Շատերին անձամբ ճանաչում և ցավ եմ ապրում, երբ մտաբերում եմ, թե ինչպես էին նրանք ապրում Արցախում։ Իսկ այսօր հայտնվել են ահավոր վիճակում, ապագան էլ բոլորովին չի երևում։

Մենք բնավ օգնություն չենք մուրում։ Պարզապես ես ցանկանում եմ իմանալ, թե ինչպե՞ս են լուծվելու մեր կարգավիճակն ունեցող մարդկանց խնդիրները, ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր ի վիճակի չեն տուն գնել։ Արդյո՞ք հերթով չեն հայտնվի դրսերում,-ասում է հուսալքված կինը և ավելացնում, որ արդեն քանի տարի է, ինչ պրոտեզավորված է նրա ողնաշարը, իսկ որդին հազվագյուտ հիվանդությամբ տառապում է դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներից։

Տիկին Արեգան ասում է, որ տեղահանությունից հետո Երևան քաղաքում հաստատվել են ստիպված, որովհետև հիվանդանոցները նրանց կյանքի անբաժան մասն են կազմում, իսկ մարզերից Երևան հասնելն այնքան էլ հեշտ չէ, առանձնապես, երբ հիվանդանոց վայրկյան առաջ հասնելը երբեմն կենաց ու մահու խնդիր է։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ