ԵՄ-ն հերքում է Հայաստանին տրվելիք օգնության ուշացումը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կտրականապես հերքել է  հայկական լրատվամիջոցների հրապարակումները այն մասին, թե ԵՄ ֆինանսական օգնությունը Հայաստանին հետաձգվում է Եվրոպական միության բյուջետային դեֆիցիտի և Ուկրաինայի համար ծախսերի առաջնահերթության պատճառով։ Այս մասին ասվում է պատվիրակության՝ NEWS.am-ի հարցման պաշտոնական պատասխանում։

«Հրապարակ» թերթը գրել էր, որ ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտնել էր, որ Հայաստանին խոստացված 50 միլիոն եվրոյի օժանդակության տրամադրումը հետաձգվում է։ ԵՄ-ն Հայաստանին խոստացել է տրամադրել այդ գումարը՝ այդ թվում խորհրդարանական ընտրություններից առաջ «ապատեղեկատվության եւ արտաքին ազդեցության դեմ պայքարի» համար։

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ԵՄ պատվիրակությունից վստահեցրել են, որ նման հարց չի քննարկվում։

«Կցանկանայինք կտրականապես հերքել նման մեղադրանքները: Հայաստանի համար նախատեսված ԵՄ օգնության որևէ ուշացում կամ վերաբաշխում չի եղել: Ընդհակառակը, մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը»,– ասվում է պատասխանում։

Որպես հաստատում՝ պատվիրակությունը վկայակոչել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի՝ մարտին կայացած այցը։

«Հայաստանի ֆինանսական աջակցության փաթեթը վերջին անգամ քննարկվել է հանձնակատար Մարթա Կոսի մարտ ամսին այցի ժամանակ, որի ընթացքում նախատեսվածի համաձայն տեղի է ունեցել Հայաստանի համար ԵՄ 270 մլն եվրո արժողությամբ «Դիմակայունության և աճի ծրագրի» երկրորդ փուլի ստորագրումը:

Այլ ներդրումային նախագծեր նույնպես ընթացքի մեջ են, այդ թվում՝ մասնավոր հատվածի, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների ոլորտներում, և այդ ներդրումների և ԵՄ կողմից ֆինանսավորվող բոլոր ընթացիկ նախագծերի մասին տեղեկատվությունը հասանելի է, մասնավորապես, մեր կայքում :

Մայիսի 5-ին Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների կապակցվածության ոլորտներում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ուղղությամբ»,- նշված է NEWS.am–ի հարցման պատասխանում:

Ադրբեջանցիներն են խնդրել քանդել Ստեփանակերտի եկեղեցին. հայի դեմք չտեսնենք

Այսպես կոչված Կովկասի մուսուլմանական վարչությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում գտնվող Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ եկեղեցիների քանդման վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանական կողմն իր գործողություններն արդարացրել է նրանով, թե իբր այդ կառույցների քանդումը «կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում չէ»։ Մայր Աթոռի հայտարարությունն էլ որակել են որպես «հարցը քաղաքականացնելու փորձ»։

Վարչությունից պնդել են, թե այդ կառույցների «ապամոնտաժումն» իրականացվել է ադրբեջանցիների դիմումի հիման վրա։

Փաստորեն, Ստեփանակերտում չգիտես որ տեղից բերված և վերաբնակեցրած ադրբեջանցիները չեն ցանկանում ամեն օր անցնել հայկական եկեղեցու կողքով, սակայն հանգիստ ապրում են հայերի տներում, սովորում Արցախի համալսարանում և օգտվում հայերի կողմից ստեղծված բարիքներից։

Մինչև Բաքվի մուսուլմանական վարչության հայտարարությունը Ալիևը, խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասել է, որ հայ-իրանական սահմանով ճանապարհորդող Ադրբեջանի քաղաքացիները «չպետք է հայի դեմք տեսնեն»։ Եվ ամենատարօրինակն այն է, որ այս «պայմանը» ընդունվել է Հայաստանի կողմից․ ՀՀ կառավարությունը վազելով համաձայնվել է էլեկտրոնային հեռահար մաքսային ապառատներ տեղադրել՝ Ալիևի՝ հայերին չտեսնելու ցանկությանը բավարարելու համար։ Էլ ավելի տարօրանակն այն է, որ այս պայմանը ընդունվում է Հայաստանի արևմտյան գործընկերների կողմից, որոնք Ալիևին չեն ասում՝ դու չես որոշում, թե ով կստուգի ձեր փաստաթղթերը օտար երկրի մաքստանը։

Այս «ըմբռնումը» հանգեցրել է նրան, որ հիմա «ադրբեջանցիները խնդրում են հեռացնել» Ստեփանակերտում ամեն ինչ, ինչը նրանց հիշեցնում է հայերի մասին։ 

       

Ինչո՞ւ 44-օրյայի ժամանակ ճեղքումը տեղի ունեցավ միայն մեկ ուղղությամբ

Հադրութ

Սոցիալական ցանցերում շարունակեւմ են քննարկել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերջերս արված հայտարարությունը․ նա փաստացի պնդում էր, որ 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ 283 կիլոմետրանոց շփման գծից 265 կիլոմետրը պահպանվել է մեկ ամիս։ Աղդամի, Մարտակերտի և Քելբաջարի ուղղությունները մնացել են հայկական վերահսկողության տակ մինչև վերջ։ Փլուզում տեղի է ունեցել միայն մեկ հատվածում՝ հարավայինում՝ Ջաբրայիլից մինչև Հորադիզ։ Նշվում է, որ այս հատվածը գտնվում էր Հայաստանի գլխավոր շտաբի հրամանատարության ներքո։ Այս ուղղությամբ զորքերի կիրառման վերաբերյալ հիմնական որոշումները անձամբ հաստատվել են Նիկոլ Փաշինյանի կողմից։

Հենց այս ուղղությամբ է տեղի ունեցել ճեղքումը, որը հանգեցրել է ոչ միայն Արցախի հարավի և Հադրութի, այլև Շուշիի կորստին։ Քարվաճառը, Ակնան և Քաշաթաղը, ինչպես հայտնի է, ռուսական զորքերի մուտքից հետո են անցել Ադրբեջանի վերահսկողությանը՝ ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Ավելի ուշ Ալիևը խոստովանեց, որ եթե հայկական կողմը ռուսների վերահսկողությամբ չհանձներ Քաշաթաղը և Քարվաճառը, Ադրբեջանը կարող էր չունենալ բավական ուժ դրանք գրավելու համար։

Այսպիսով, 2020 թվականի նոյեմբերից հետո մնաց միայն մի փոքր միջանցք, որը կապում էր Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ, ինչն արդեն իսկ կանխորոշում էր Արցախում ցեղասպանությունը՝ կամ բնիկ հայ բնակչության լիակատար ոչնչացմամբ, կամ բռնի տեղահանության միջոցով: Ըստ երևույթին, այն ժամանակ միջանցքը բաց էր թողնվել, որպեսզի արցախցիների մեծ մասը կարողանար հեռանալ, իսկ մնացածը հետագայում ընդուներ Ադրբեջանի իրավասությունը։

Սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց. արցախցիները չհեռացան, և նույնիսկ 2023 թվականի իննամսյա շրջափակման պայմաններում նրանք պատրաստվւմ էին դժվարին ձմռանը և դիմադրությանը: Արցախցիները հեռացան միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո, երբ պարզ դարձավ, որ Արցախը քաղաքականապես հանձնվել է։

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, նա “պայամանավորված պարտության” մեջ մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, որը դավադրություն մեջ էր մտել Ալիևի հետ: Արևմտամետ փորձագետները խոսում են Ալիևի և Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ հանցավոր պայմանավորվածության մասին․ չէ որ Մոսկվայի հսկողության ներքո էր 2023 թվականին տեղի ունեցել Արցախի լիակատար հայաթափումը։

Հարցը, թե արդյոք Արցախի հանձնումը պայմանավորված պարտություն էր, և թե ովքեր էին այս հանցավոր դավադրության կողմերը, դառնում է արդիական և մի օր կհանգեցնի քրեական մեղադրանքների: Դավադրության կողմերի մասին կարելի է դատել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրողների (Փաշինյան, Ալիև, Պուտին) և 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Պոլսում տեղի ունեցած գաղտնի հանդիպման մասնակիցների (ԱՄՆ, Ռուսաստան և ԵՄ) ցանկով:

Քննարկում․ աշխատունակ արցախցիների միայն 30%-ն է աշխատում

Արցախից բռնի տեղահանվածների համար զբաղվածության երկու պետական ծրագրեր են գործում։ Այս մասին այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման եւ աշխատանքային ներուժի զարգացման վարչության զբաղվածության ծրագրերի համակարգման բաժնի պետ Նվարդ Սարգսյանը։

«Առաջինը 2023 թվականից ԼՂ-ից տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսման դասընթացի կազմակերպման եւ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրն է։ Ծրագրին կարող են դիմել կառավարության որոշման պահանջներին համապատասխանող անձինք։ Ծրագիիրը եռաբաղադրիչ է՝ առաջինը մասնագիտական ուսուցումն է, երկրորդ բաղադրիչը վերաբերում է աշխատանքային փորձի ձեռքբերմանը, իսկ երրորդ բաղադրիչը համադրում է այս երկու ուղղությունները՝ նախ ուսուցում, ապա աշխատանքային  փորձ եւ աշխատանքի տեղավորում։ Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի փետրվարից եւ գործում է մինչ այսօր։ Մինչեւ 2026 թվականի ապրիլի 23-ը շահառուների թիվը կազմել է 2901»,- ասաց նա։

Նվարդ Սարգսյանի խոսքով՝ երկրորդ ծրագիրը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ինքնազվաղվածության խթանման ծրագիրն է։ Այս ծրագրի մեկնարկը տրվել է մոտ մեկ ամիս առաջ, 153 անձ արդեն բավարարել են որոշման պահանջներին ու դարձել ծրագրի շահառու։ «Այս ծրագրի նպատակը ոչ միայն աջակցություն տրամադրելն է, այլեւ ձեւավորել կայուն եկամուտ, ստեղծել կարողություն՝ հնարավորություն տալով շահառուներին ստեղծել սեփական բիզնեսը եւ զարգացնել այն։ Ծրագրի շրջանակներում շահառուին տրամադրվում է դրամաշնորհ՝ գործարար ծրագրով նախատեսված ծախսերի 70 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան 2 մլն դրամը։ Իսկ գործարար ծրագրի շարունակական լինելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմի առնվազն 3 մլն դրամ, ապա շահառուին տրամադրվում է հիմնական ծախսերի փոխհատուցում մինչեւ 1 մլն-ի չափով»,- հավելեց նա։ Այս ծրագրի շահառու դառնալու համար արցախցին պետք է բնակապահովման ծրագրի շահառու լինի եւ հավաստագրով արդեն բնակարան ձեռք բերած լինի։

Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանն էլ ասաց, որ Արցախում տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 72 հազար էր, իսկ ընդհանրապես աշխատունակ բնաչության թիվը 105 հազար էր, այսինքն՝ դրա մեջ մտնում էր 16-63 տարեկան բնակչությունը։ «Սա բավականին մեծ թիվ է՝ հաշվի առնելով, որ ընդամենը 25 հազար զբաղված արցախցի ունենք այսօր Հայաստանում։ Այսինքն՝ Արցախի տնտեսապես ակտիվ բնակչության մոտավորապես 30 տոկոսն է այսօր ներառված աշխատաշուկայում։ Մի ուրիշ խնդիր էլ ունենք՝ Արցախում բնակչության մոտ 60 տոկոսը գյուղական բնակչությունն էր եւ ինքն ուներ իր սեփական հողը, զբաղմունքը, իր այգին ու անասունները։ Իսկ Հայաստանում տեղահանված բնակչությունը սեփական գյուղատնտեսական հող չունի։ Եվ սա նույնպես պատճառ է, որ գյուղական բնակչության զգալի մասը, որն ուրիշ զբաղվածություն ուներ, ամբողջովին փոխվել է։ Եվ հնարավոր է՝ այս գյուղական բնակչությունն այսօր դարձել է քաղաքային բնակչություն՝ քաղաքային բնակչությանը հարիր խնդիրներով եւ զբաղվածության լրացուցիչ խնդիրներով»,- ասաց նա։

Հայկ Խանումյանը բարձրացրեց նաեւ պահեստազորում գտնվող սպաների հարցը, ասաց, որ նրանց հետո լրացուցիչ աշխատանք չի կատարվում, որպեսզի նրանք հարմարվեն աշխատաշուկային։

 

Ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը

Քիչ առաջ հակակոռուպցիոն կոմիտե բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նա ձերբակալվել է։

Թե ինչ գործի շրջանակներում է նա ձերբակալվել, առայժմ չեն կարող իֆորմացիա տալ։

Իրանը առաջարկել է եռաստիճան կարգավորման ծրագիր

Իրանը Միացյալ Նահանգներին նոր առաջարկ է ներկայացրել, որով կոչ է անում բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար և դադարեցնել պատերազմը։ Իսկ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգվում են երրորդ ռաունդ։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի և իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։

Առաջարկը փոխանցվել է պակիստանցի միջնորդների միջոցով։ Այն ենթադրում է հրադադարի երկարաժամկետ երկարաձգում կամ պատերազմն ավարտող լիարժեք համաձայնագիր։ Axios-ը նշել է, որ Սպիտակ տունը ստացել է այն, բայց դրա պատասխանը պարզ չէ։

Հայաստանը մերժում է ազգայինը, մինչդեռ Իսրայելը զարգացնում է սիոնիզմը

Իսրայելի նախկին վարչապետներ Նաֆթալի Բենեթը և Յաիր Լապիդը հայտարարեցին «Բի-Յահադ» («Միասին») խորհրդանշական անվամբ միասնական քաղաքական հարթակի ստեղծման մասին: Այս դաշինքը, որը ձևավորվել է «Եշ Աթիդ» և «Բենեթ 2026» կուսակցությունների կողմից, ունի հավակնոտ նպատակ՝ հոկտեմբերին կայանալիք ընտրություններում վերջ դնել Բենյամին Նեթանյահուի երկարատև կառավարմանը: «Այսօր մենք միավորվում ենք՝ ստեղծելու ուժեղ և կայուն սիոնիստական ​​կառավարություն», – հայտարարեց Լապիդը։

«Սիոնիստական ​​կառավարություն»՝ ահա սրանք են բանալի բառերը. Իսրայելը վարում է ակնհայտորեն ազգայնական քաղաքականություն՝ չթաքցնելով իր հանձնառությունը՝ օգտագործելու ամբողջ հրեա ժողովրդի ներուժը ազգային նպատակներին հասնելու համար: Փխրուն եզրին, երբ քննարկվում է Իսրայել պետության գոյությունը՝ Իրանի դիմադրողականության ֆոնին, սիոնիզմը որպես ազգային միասնություն դառնում է հրեական ազգի միակ հենասյունը։

Հայաստանում ամեն ինչ հակառակ ուղղությամբ է ընթանում: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում «ազգային» բառը հիշատակվում է ընդամենը երեք անգամ՝ «Ազգային ժողով», «ազգային մարզադաշտ» և «ազգային չափանիշներ» ԵԱՏՄ-ում։ «Ազգային» բառը հեռացվում է նույնիսկ ազգային թատրոնների անվանումներից՝ փոխարինվելով այն «պետական» բառով։

Հայաստանի կառավարության քաղաքականությունը նպատակաուղղված անջատում է Հայաստանը սփյուռքից, ճնշում ազգային եկեղեցին և ազգային պատմությունը՝ նպատակ ունենալով քայքայել ազգային իրավունքների և պահանջների հիմքը։

Հրեաները իրենց ազգային գաղափարախոսությունն անվանում են սիոնիզմ՝ միավորվելով Սիոն լեռան շուրջ։ Հայաստանի կառավարությունը հեռացնում է Արարատ լեռան պատկերը իր ազգային խորհրդանիշներից։

Իսրայելը բացահայտ խոսում է իր սահմանները «գետից մինչև ծով» ընդլայնելու մասին՝ նկտի առնելով Լիբանանի և Սիրիայի որոշ հատվածների օկուպացիան, մինչդեռ Հայաստանի կառավարությունն ասում է. «Մոռացեք Արցախի, Նախիջևանի և Կարսի մասին»։

Տարիներ շարունակ Իսրայելը հրեաներին գրավել է իրենց պատմական հայրենիք՝ առաջարկելով նրանց արտոնություններ, մինչդեռ Հայաստանի կառավարությունը վանում է 150,000 արցախցիներին՝ նախընտրելով ներգրավել «ավելի էժան» օտարերկրացիների։

Մինչև 1998 թվականը զոհվածների ընտանիքները պահանջում են իրնեց ևս ընդգրկել նոր նախագծում

Օրերս e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծ։ Ըստ այդմ առաջարկվում է նաև փոխհատուցում տրամադրել ոչ միայն 2017 թվականի հունվարի 1-ից հետո, այլև 1998-2016 թվականներին տեղի ունեցած այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով։ Նախատեսվում է ընդլայնել ու հստակեցնել այդ ընտանիքների սոցիալական երաշխիքները․ կբարելավվի նաև պատճառված վնասի հատուցման գործընթացի արդյունավետությունը։

2008–2016 թվականների դեպքերի շահառուներն արդեն որոշված են Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից կայացված որոշումների շրջանակում. նրանց գումարը կփոխանցվի հիմնադրամի կողմից։

1998-2007 թվականների դեպքերի համար շահառուները կճշտվեն առկա փաստաթղթերի հիման վրա։ Կստեղծվի նաև միջգերատեսչական հանձնաժողով, որի եզրակացությամբ կամ դատական կարգով փաստաթղթերի բացակայության դեպքում կհավաստվի զինծառայողի կյանքին կամ առողջությանը մարտական գործողությունների հետևանքով վնաս պատճառված լինելը։

Սակայն հազարավոր զոհեր կան մինչև 1998 թվականն ընկած ժամանակահատվածում, այդ թվում Արցախյան առաջին պատերազմում զոհվածները, որոնց իրավահաջորդներն անարդարացիորեն դուրս են մնում նշված աջակցությունից։

Անհասկանալի է, թե ինչու է տարբերություն դրվում Հայրենիքի համար զոհվածների միջև։ Իրավամբ չպետք է տարբերակում դրվի, պետք է հավասարաչափ հարգել բոլոր զոհված զիվորների նվիրումն ու զոհաբերությունը և նրանց ժառանգներին չզրկել պետության կողմից տրվող այդ աջակցությունից։

Անահիտ Ղազարյան՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի այրի

-Հարգելի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Ձեր կողմից հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտի նախագիծ, որով նախատեսվում է ընդլայնել Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքներին և հաշմանդամներին տրվող սոցիալական երաշխիքները, ինչը վերաբերում է 1998-2017 թվականներին զոհված կամ հաշմանդամ դարձած մարդկանց։

Ելնելով սոցիալական արդարության և հավասարության սկզբունքից՝ գտնում եմ, որ անարդար որոշում է։ 1992-94 թվականները համարվում են Արցախյան առաջին պատերազմի ամենաթեժ տարիները, որոնց ընթացքում բազմաթիվ ազատամարտիկներ պայքարել ու հաղթանակ են ձեռք բերել։ Պետության կողմից նրանց կատարածը պետք է գնահատվի ըստ արժանվույն։ Խնդրում և պահանջում եմ նշված ծրագրի մեջ ներառել 1990-1997 թվականների զոհվածների ընտանիքներին։

Ալեքսանդր Աբրահամյան՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի հայր

-Որդիս զոհվել է 1994 թվականի մարտի 5-ին՝ Ջրականի ազատագրման մարտերում։ Նա դեռևս չէր հասցրել ընտանիք կազմել։ Արցախի ՊԲ սպա էր։ Ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում տարբերակում դնել զոհվածների միջև, այն դեպքում, երբ առաջին պատերազմի զոհված տղաների շնորհիվ է հաղթանակ կերտվել։ Կարծում եմ՝ տղաների հիշատակը պետք է գնահատվի ինչպես հարիր է և նրանց կանանց ու ծնողներին անհրաժեշտ է ընդգրկել նոր նախագծի մեջ։ Միաժամանակ գնահատում եմ պետության ջանքերը, որ փորձում է ընդլայնել շահառուների շրաջանակը, սակայն մեզ ևս չպետք է անտեսել։

Անահիտ Բալայան՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի այրի

-Ամուսինս զոհվել է 1993 թվականին։ Ֆեյսբուքյան հարթակում տեսա, որ շրջանառվում է մի նախագիծ, որը վերաբերում է 1998-2017 թվականների զոհվածների ընտանիքներին։ Այսինքն մինչև 1998 թվականի զոհերը չկան։ 57 տարեկան եմ, ունեմ մի շարք հիվանդություններ։ Քանի՞ տարի եմ ապրելու, որ պետության կողմից արժանանամ ուշադրության։ Նշեմ, որ, որպես զոհված զինծառայողի այրի, ստանում եմ ընդամենը 30000 դրամ, ու իմ նման կարգավիճակ ունեն շատ-շատերը։ Բոլոր զոհերը մի հարկի տակ պետք է լինեն և վերջ։ Կոչ եմ անում 90-ականների զոհված զինծառայողների կանանց, ծնողներին արձագանքել, պահանջել մեր իրավունքները։ Մենք պետք է պահանջենք, որ հարգեն մեզ ու առավել ևս մեր հարազատների հիշատակը։

Լաուրա Բարսեղյան՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի մայր

-Հիմնադրամի կողմից տրամադրվող աջակցության շահառու չեմ ու չեմ հասկանում, թե ինչումն է զոհվածների միջև տարբերություն դնելու պատճառը։ Ստանում եմ ընդամենը 30000 դրամ պարգևավճար։ Անընդունելի եմ համարում, որ զոհված զինծառայողների ընտանիքների միջև տարբերություն է դրվում։ Մենք բոլորս նույն հարկի տակ ենք։

Մելանյա Դանիելյան՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի այրի

-Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղից եմ տեղահանվել։ Ամուսինս զոհվել է 1992 թվականի մայիսի 15-ին, մարտական գործողությունների ժամանակ։ Խնդրում և պահանջում եմ, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իր նոր նախագծում հաշվի առնի նաև մինչև 1998 թվականի զոհված զինծառայողների ընտանիքներին և մեզ նույնպես հնարավորություն ընձեռի օգտվելու սոցիալական աջակցությունից։ Ես այլ որոշում չեմ ընդունում և գտնում եմ, որ զոհվածների ընտանիքներին պետք է նայել նույն աչքով։ Բոլորն էլ նույն ցավով ու դժվարություններով են անցնում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Հռոմի պապը կոչ էր անում սուլթանին դադարեցնել կոտորածը. հրապարակվել է Հեսեմանի գիրքը

Սպուտնիկ

Գերմանացի պատմաբան և լրագրող Միխայել Հեսեմանի «Հայոց ցեղասպանությունը» գիրքը, որը ներկայացնում է Վատիկանի արխիվներից գաղտնի փաստաթղթեր, հրատարակվել է Հայաստանում, հայտնում է Էջմիածնի Մայր Աթոռի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ գիրքը հրատարակվել է Էջմիածնի Մայր Աթոռի հրատարակչության կողմից։

Հեսեմանն ասել է, որ 2008 թվականին ինքը մուտք է գործել Վատիկանի արխիվներ և պատահաբար հայտնաբերել է մի թղթապանակ, որը պարունակում էր հայերի հալածանքների մասին նյութեր։

«Ես գտա ավելի քան 3000 էջ փաստաթղթեր, որոնք լույս են սփռում այդ իրադարձությունների վրա։ Հռոմի պապը անձամբ երկու անգամ գրել է սուլթանին՝ կոչ անելով դադարեցնել կոտորածները», – նշել է նա։

Հայտնաբերումից ցնցված՝ Հեսեմանը կապ է հաստատել իր ընկերոջ՝ Գերմանիայում բնակվող Ազատ Օրդուխանյանի հետ։ Օրդուխանյանն իր հերթին կապ է հաստատել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և այլ մարմինների հետ՝ պարզելու համար, թե արդյոք հայերը գիտեին այդ փաստաթղթերի մասին։ Պարզվել է, որ ոչ։

Գրքի հեղինակի խոսքով՝ փաստաթղթերը Վատիկան են հասել տարբեր աղբյուրներից. այս տեքստերը թույլ են տալիս վերականգնել այդ ողբերգական իրադարձությունների ամբողջական պատկերը։

Նամակները, վկայությունները և զեկույցները ուսումնասիրելով՝ հետազոտողը եզրակացնում է, որ Հայոց ցեղասպանությունը նախապես ծրագրված դավադրություն էր։

«Մենք հայտնաբերեցինք Սուրբ Աթոռ ուղարկված ցնցող վկայություններ և զեկույցներ։ Այս նյութերը հրապարակվել են իմ գրքում Գերմանիայում 2015 թվականին և դեր են խաղացել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչման գործում», – նշել է Հեսեմանը։

Նա ընդգծել է, որ անկախ և չեզոք աղբյուրները հատկապես արժեքավոր են։ Արխիվային տվյալների համաձայն՝ փորձեր են արվել կանխելու կոտորածները։ Մասնավորապես, որոշ գերմանացիներ դիմել են կանցլերին և զինվորական հրամանատարությանը, կաթոլիկ եկեղեցին փորձել է միջամտել, իսկ Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ը (1914-1922) նամակներ է գրել օսմանյան սուլթան Մեհմեդ V-ին։ Սակայն այս ջանքերը չեն դադարեցրել բռնությունը։

Հեսեմանը եզրակացրել է, որ հայկական ողբերգությունը հանգեցրել է հետագա այլ ցեղասպանությունների։

Հայաստանի հավաքականը լավագույնն է ծանրամարտի ԵԱ-ում․ news.am

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը լավագույնն է Բաթումիում ավարտված Եվրոպայի առաջնությունում։

Երկրորդ տարին անընդմեջ տղամարդկանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողն է:

Կանանց Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երրորդն է:

Հայաստանի առաջին մեդալը Բաթումիում նվաճել է Գառնիկ Չոլակյանը: 60 կգ քաշայինների պայքարում Չոլակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Երկամարտում նա հավաքեց 274 կգ (124+150):

71 կգ քաշային կարգում երկամարտի 330 կգ արդյունքով փոխչեմպիոն է հռչակվել Գոռ Սահակյանը (150+180):

79 կգ քաշայինների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 338 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ (152+186):

Կանանց հավաքականից Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) երկամարտի 210 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ (91+119), Աննա Ամրոյանը (77 կգ) հրում վարժությունում 136 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել եւ երիտասարդների ռեկորդ սահմանել:

Ապրիլի 24-ին Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է Էմմա Պողոսյանը (86 կգ): Երկամարտում նա հավաքել է 248 կգ արդյունք (107+141): Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Արա Աղանյանը (94 կգ): Երկամարտում նա գրանցել է 381 կգ արդյունք (175+206)։

Ապրիլի 25-ին տղամարդկանց 110 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկամարտի 415 կգ արդյունքով երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը (189+226):

+110 կգ քաշայինների պայքարում երկամարտի 451 կգ արդյունքով օլիմպիական փոխչմեպիոն, աշխարհի չեմպիոն  Վարազդատ Լալայանը երրորդ անգամ կարիերայում նվաճեց չեմպիոնի տիտղոսը (210+241):

Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին:

news.am

Թրամփ. Իրանի նավթային ենթակառուցվածքները կպայթեն երեք օրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի նավթային ենթակառուցվածքները կարող են լուրջ խնդիրների բախվել առաջիկա օրերին: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ նավթի փոխադրման համակարգը չի կարողանա դիմակայել բեռին և «կպայթի» երեք օրվա ընթացքում: Թրամփը բացատրել է, որ խնդիրը Իրանի սահմանափակ կարողություններն են՝ վերաբաշխելու նավթը. Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով երկիրը չի կարող բավարար քանակությամբ հում նավթ մղել խողովակաշարերից դեպի պահեստարաններ կամ տանկերներ։

Միևնույն ժամանակ, իրանական պետական ​​լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, պակիստանցի միջնորդների միջոցով, ԱՄՆ-ին է փոխանցել Իսլամական Հանրապետության «կարմիր գծերը»: Սրանք Վաշինգտոնի պահանջներն են, որոնց հետ Թեհրանը չի կարող համաձայնվել։

«Այս հաղորդագրությունները վերաբերում են Իրանի Իսլամական Հանրապետության որոշ «կարմիր գծերի», այդ թվում՝ միջուկային հարցերի և Հորմուզի նեղուցի», – հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Fars լրատվական գործակալությունը: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ փոխանցված հաղորդագրությունները «կապ չունեն բանակցությունների հետ» և «դիտարկվում են որպես Իրանի կողմից տարածաշրջանային իրավիճակը պարզաբանելու նախաձեռնություն»։

ԵՄ-ն վերանայո՞ւմ է իր քաղաքականությունը Թուրքիայի և Հայաստանի նկատմամբ

Politico-ն հաղորդում է, որ Թուրքիան կրկին հայտնվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և նրա վաղեմի հակառակորդ՝ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելի միջև հակամարտության կենտրոնում։

Անցյալ շաբաթավերջին ֆոն դեր Լեյենը ակնարկել է, որ Անկարան աշխարհառազմավարական սպառնալիք է ներկայացնում ԵՄ-ի համար։ «Մենք պետք է ապահովենք, որ եվրոպական մայրցամաքը ամբողջական լինի, որպեսզի այն չընկնի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցության տակ», – ասել է նա։

Միշելը քննադատել է ֆոն դեր Լեյենին իր խոսքերի համար և Թուրքիան անվանել է «ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակից, կարևոր գործընկեր, էներգետիկ միջանցք, Եվրոպայի պաշտպանության ոլորտի խոշոր խաղացող և լուրջ տարածաշրջանային տերություն»։

2021 թվականին Թուրքիա կատարած համատեղ այցի ժամանակ, Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, այն ժամանակվա Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը նստել է իր Էրդողանի կողքին՝ հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյենին մղելով հարևան բազմոց։

Եվրոպացի առաջնորդների 2021 թվականի այցը Թուրքիա տեղի ունեցավ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների Արցախյան պատերազմից հետո։ Սյդ այցը, կարծես, հավանություն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից դուրս ռուս-թուրքական ռազմական «լուծմանը»․ համանախագահությունում ԵՄ-ն ներկայացված էր Ֆրանսիան։ Չնայած Եվրախորհրդարանի և եվրոպական երկրների, մասնավորապես Ֆրանսիայի խորհրդարանների բանաձևերին, ԵՄ գործադիր ղեկավարությունը այդպես էլ չդատապարտեց հակամարտության ռազմական լուծումը։ Դրան հաջորդեց Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը 2022 թվականի փետրվարին և Սիրիայի բռնազավթումը թուրքական պրոքսիների կողմից։ Այժմ բոլորի աչքի առաջ տեղի է ունենում Լիբանանի և Գազայի օկուպացիան Իսրայելի կողմից։ Եվ ԵՄ դիրքորոշումն այս հարցում անհասկանալի է։

2022 թվականի հոկտեմբերին Շառլ Միշելը և Մակրոնը առաջարկեցին, որ Փաշինյանն ու Ալիևը Պրահայում ստորագրեն փաստաթուղթ, որը ճանաչում է իրենց երկրների խորհրդային սահմանները։ Դրանից հետո, 2023 թվականի սեպտեմբերին, ԵՄ-ի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Կոստանդնուպոլսում համաձայնության եկան հայկական Արցախի հայաթափման և “ստալինյան սահմանների” վերականգնման վերաբերյալ։

Մասնագետները նշում են, որ Արցախյան շարժման ամենասկզբում և ԵԱՀԿ-ի բանակցություններին ներգրավվելիս թաքնված որոշում էր կայացվել խորհրդային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ 1994 թվականի հրադադարից հետո ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէր համարվում միայն այն պատճառով, որ Արևմուտքն ու Ռուսաստանը խստորեն պահպանում էին խորհրդային սահմանները։ Իսկ 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո հակամարտությունը համարվում էր «լուծված», քանի որ վերականգնվել էին խորհրդային սահմանները։

Սակայն, Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ ինքնին խորհրդային սահմանների բռնի խախտում է: ԵՄ-ն այժմ անում է ամեն ինչ՝ մերժելու Ռուսաստանի իրավասությունը Ուկրաինայի օկուպացված տարածքների նկատմամբ և «պաշտպանելու» խորհրդային սահմանները՝ պաշտպանելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը: Բայց որքանո՞վ դա կհաջողվի: Եվ ի՞նչ կպատահի եվրոպական Բալկանների հետ, եթե Ռուսաատանն ու Թուրքիան անպատիժ մնան:

Միշելի և ֆոն դեր Լեյենի միջև Թուրքիայի շուրջ հակամարտությունը կապված է եվրոպական ղեկավարության դիրքորոշման հնարավոր փոփոխության հետ՝ որոշ երկրների էքսպանսիայի իրավունքի վերաբերյալ:

Միշելը սուր քննադատության ենթարկվեց Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի կողմից, որը հանդիմանեց բելգիացուն՝ ԵՄ անդամի երկրի տարածքը օկուպացրած պետությունը պաշտպանելու համար: «Թույլ տվեք հիշեցնել, որ Թուրքիան ներխուժեց Կիպրոս 1974 թվականին և շարունակում է օկուպացնել եվրոպական տարածքը», – նշեց Քրիստոդուլիդեսը:

Սակայն Միշելին այլևս հնարավոր չէ կանգնեցնել. վերջերս, նրա ձեռքով, Փաշինյանին և Ալիևին շնորհվեց արաբական մրցանակ՝ «խորհրդային սահմանները վերականգնելու» համար: