Ուկրաինայում ապառազմականացված գոտուց հետո` Եվրոպա. ՆԱՏՕ-ի գեներալը սպառնում է մտնել Քյոնիգսբերգ

Ուկրաինան կարող է հանրաքվե անցկացնել Դոնբասից զորքերի դուրսբերման և ապառազմականացված գոտի ստեղծելու վերաբերյալ, հայտարարել է նախագահ Զելենսկին։ Նա պնդում է ռուսական զորքերի դուրսբերման վրա Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Սումիի մարզերից։

«Անկախ նրանից՝ ընտրություններ կլինեն, թե հանրաքվե, ուկրաինացի ժողովուրդը պետք է դիրքորոշում արտահայտի», – ասել է նա։

Ըստ Զելենսկու՝ ԱՄՆ-ի «փոխզիջումային տեսլականը» Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումն է Դոնբասից և ապառազմականացված գոտու ստեղծումը, սակայն հարցը, թե ով կկառավարի այս տարածքը, դեռևս լուծված չէ. Վաշինգտոնը «փնտրում է ինչ-որ ձևաչափ»։

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վստահ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մտադիրվում սահմանափակվել միայն Ուկրաինայի դեմ պատերազմով։ «Մենք Ռուսաստանի հաջորդ թիրախն ենք», – ասել է նա դեկտեմբերի 11-ին Բեռլինում ունեցած ելույթի ժամանակ։ Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի խնդիրն այժմ պատերազմը դադարեցնելն է, նախքան դրա սկսվելը։ «Դրա համար մենք պետք է լիովին գիտակցենք սպառնալիքը», – ընդգծել է նա՝ հավելելով, որ վտանգն արդեն իսկ գոյություն ունի։

Եվրոկորպուսի նախկին հրամանատար Յարոսլավ Գրոմաձինսկին հայտարարել է, որ դաշնակիցները պատրաստ են ոչնչացնել Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքները Քյոնիգսբերգի մարզում, եթե Կրեմլը որոշի հարձակվել Լեհաստանի կամ Դաշինքի երկրների վրա։

«Մենք կայրենք ամեն ինչ 300 կիլոմետր շառավղով և կհրկիզենք 900 կիլոմետր շառավղով։ Եվ մենք դա կանենք լիակատար վճռականությամբ», – վստահեցրել է Գրոմաձինսկին։ Գեներալը հայտարարել է, որ եթե սպառնալիք առաջանա, դաշնակիցները իրենց իրավունք են վերապահում մտնել Քյոնիգսբերգ և չեզոքացնել ռուսական ուժերը։

Ակնհայտ էր ի սկզբանե, որ այս ամենը կապված է երեկվա լսումների հետ

Այսօր Քննչական կոմիտեն Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացրել։

ՙՙՄեզ համար ակնհայտ էր ի սկզբանե, որ այս ամենը կապված է երեկվա լսումների հետ: Սա այն մեսիջն է, որը մենք ստանում ենք Հայաստսնի իշխանություններից։ Չէմ բացառում, որ հետագայում այդ ամենը շարունակական բնույթ կկրի, բայց մեր հստակ դիրքորոշումը հետևյալն է՝ Արցախյան հակամարտության էջը չի կարող փակված լինել առանց հաշվի առնելու 120 հազարից ավելի արցախցիների ինքնորոշման հարցը”:

Այս մասին այսօր լրագրողներին ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ “Սա հստակ է, և մենք շարունակելու ենք մեր պայքարը: Իհարկե, ցավալի է, որ մեր հայրենիքում ականատես ենք լինում նման դրսևորումների: Առգրավվել են համակարգիչներ, այնպես որ սպասենք զարգացումներին և Քննչական կոմիտեի արձագանքին: Ինչ-որ բան են փնտրել, փաստաթղթեր երևի թե, իրենց ասելով՝ Ներդրումային հիմնադրամի հետ կապված։ Բայց մենք բոլոր փաստաթղթերը բռնի տեղահանումից հետո ներկայացրել ենք Քննչական կոմիտե: Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունենում՝  շոուի երկրորդ կամ երրորդ սերիան է: Սպասենք  ու կտեսնենք”, նշել է նա:

Կկայանա՞ Գարեգին Բ-ի և Փաշինյանի հանդիպումը

Գարեգին Բ կաթողիկոսի որոշումը՝ հետաձգել Եպիսկոպոսաց Ընդհանուր ժողովը, որը նախատեսված էր դեկտեմբերի 12-14-ը, որը, հավանաբար, պետք է դառնար Փաշինյանի և Գարեգին Բ-ի միջև դիմակայության վերջնական կետը, կտրուկ փոխել է իրավիճակը: Այսօր Էջմիածինը հայտարարություն է տարածել, որ ժողովը անպայման տեղի կունենա՝ առանց ամսաթիվ նշելու։

Ժողովը չեղարկվեց Գարեգին Բ-ի Շվեյցարիա և Մարսել կատարած այցից հետո, որտեղ նա, ըստ երևույթին, որոշակի երաշխիքներ և աջակցություն էր ստացել: Միևնույն ժամանակ, Գերմանիա կատարած իր վերջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չկարողացավ հստակ բացատրել եկեղեցու դեմ իր արշավի դրդապատճառը: Նա մեկ պնդում էր, որ քահանաները օտարերկրյա ազդեցության գործակալներ են, ապա հայտարարում էր եկեղեցական բարեփոխումների անհրաժեշտության մասին և վերջապես հայտարարեց, որ պարզապես ցանկանում է վերահսկել եկեղեցու ֆինանսավորման աղբյուրները։

Ակնհայտ էր, որ եկեղեցու դեմ արշավը Եվրոպայում ընկալվում էր եթե ոչ բացասական, ապա թյուրըմբռնմամբ։

Նույն այդ օրերին հայկական լրատվամիջոցներում հայտնվեցին «արտահոսքեր», որ կաթողիկոսի «հրաժարականը» դեկտեմբերից հետաձգվում է մինչև հաջորդ տարվա հունվար, և որ Փաշինյանի և Գարեգին Բ-ի միջև հանդիպում է նախապատրստվում։

Միևնույն ժամանակ, հանրությունը կոշտ արձագանքեց կառավարամետ ՀԿ-ականի պնդումներին, որ անվտանգության ծառայությունները, իբր, «ունեն տեղեկատվություն, բայց ոչ ապացույցներ», որ որոշ քահանաներ գործակալներ են: Դանիել Իոննիսյանը, մասնավորապես, փորձեց դրանով արդարացնել կառավարության գործողությունները, բայց մեղադրվեց ստալինիզմի և եզովիզմի մեջ։

Արևմտյան հիմնադրամների հետ աշխատող առաջատար քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբը նախորդ օրը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ կոչ անելով իշխանություններին դադարեցնել եկեղեցու գործերին հակասահմանադրական միջամտությունը։

Եվրամիությունը ակնկալում է, որ հայկական կողմը թափանցիկ կլինի ձերբակալվածների հետ կապված դատական ​​​​գործընթացներում: Այս մասին հայտարարել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պերունչիկը Civilnet-ին տված հարցազրույցում։

«Եվրամիությունը ակնկալում է, որ Հայաստանը կհետևի միջազգային չափանիշներին, մասնավորապես՝ մարդու իրավունքների հարցերում: Եթե ​​երկիրը չպահպանի օրենքի գերակայությունը կամ միջազգային չափանիշները, մենք դրա մասին բացահայտ կխոսենք: Ի վերջո, ընկերները խոսում են ամեն ինչի մասին, նույնիսկ խնդիրների», – նշել է Պերունչիկը։

Դեսպանը նաև ընդունեց, որ իր շրջապատում կան մարդիկ, ովքեր հիշեցնում են իրենց, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ձերբակալությունների հետ կապված, սխալ է։

Դեսպանը չառանձնացրեց քահանաների ձերբակալությունները, բայց պարզ է, որ չորս արքեպիսկոպոսների կեղծ մեղադրանքներով ձերբակալությունը Եվրոպայում հալած յուղի պես չի ընդունվել։

Փաշինյանը գործնականում չի կարողացել «համոզել» Եվրոպային, որ Էջմիածնի դեմ արշավը՝ ռուսական «հիբրիդային» սպառնալիքի դեմ պայքարի մաս է, և աջակցություն ստանալ։ Նույնը վերաբերում է նաև Թրամփի վարչակազմին, որը հռչակում է քրիստոնյաների պաշտպանություն և չի կարող բացահայտորեն աջակցել Հայ եկեղեցու «ռեֆորմացիային»։ Հատկապես՝ հաշվի առնելով Հռոմի պապի փորձերը միավորել քրիստոնեական եկեղեցիները։ Հռոմի պապի վերջերս այցը Թուրքիա և Լիբանան և նրա հանդիպումները հայ պատրիարքների հետ դարձել են նշանակալի գործոն։

Այս համատեքստում Փաշինյանին, դեմքը փրկելու համար, մնում է հանդիպել Գարեգին Բ-ի հետ և հասնի “փոխզիջման”, օրինակ՝ համաձայնության եկեղեցու որոշակի ֆինանսական թափանցիկության, եկեղեցու նոր կանոնադրության մշակմանը կառավարության մասնակցության վերաբերյալ և այլն։

Այս ֆոնին մնում է անպատասխան կարևոր հարց. արդյո՞ք կաթողիկոսը կհրաժարվի, որպես «զիջում», Էջմիածնի սեփականության իրավունքից Արցախում և այլուր, օրինակ՝ Երուսաղեմում գտնվող եկեղեցիների նկատմամբ։ Եվ արդյո՞ք նա կլուծարի Արցախի թեմը։

Լուսանկարում Դադիվանքն է

Ուկրաինան կարող է շուտով անդամակցել ԵՄ-ին

Լվովում կայացած ԵՄ եվրոպական հարցերով նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նշվել է, որ Հունգարիայի շրջափակման պատճառով Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու վերաբերյալ բոլոր տեխնիկական աշխատանքները կավարտվեն նախապես։

Լվովում կայացած հանդիպմանը ներկա ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինայի ապագա անդամակցությունը ԵՄ-ին դիտարկում է որպես Կիևի համար եվրոպական անվտանգության երաշխիքների հիմնական տարր։ «Սա բարգավաճ և կայուն Ուկրաինայի ամենաապահով ուղին է, և դա կլինի բանալին ցանկացած խաղաղ կարգավորման կայունությունն ապահովելու համար», – ընդգծել է Կոսը։

Դեկտեմբերի 18-19-ը Բրյուսելում նախատեսված տարվա ԵՄ վերջին գագաթնաժողովի հիմնական հարցերից մեկը կլինի Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու վերաբերյալ բանակցությունների մեկնարկի ապաշրջափակումը։ Չնայած Կիևի կողմից բանակցային կլաստերների բացման համար անհրաժեշտ բոլոր պահանջները կատարվել են, այս գործընթացը Հունգարիան արգելափակել է։

Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ ուկրաինական ճգնաժամի լուծման ծրագրերը նախատեսում են, որ Ուկրաինան միանա ԵՄ-ին մինչև 2028 թվականը՝ միաժամանակ հրաժարվելով ՆԱՏՕ-ին անդամակցելուց։

Freestyle Chess Grand Slam Final-ի հաղթողը Լեւոն Արոնյանն է

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը Քեյփթաունում (Հարավային Աֆրիկա) անցկացված Freestyle Chess Grand Slam Final-ի եզրափակիչում 1,5:0,5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ նվաճեց տիտղոսը։

Freestyle Chess Grand Slam Final-ի մրցանակային հիմնադրամը 750 հազար դոլար է։

Միքայել Սրբազանին թույլ են տվել տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց. Փաստաբան

Միքայել Սրբազանին թույլատրել են տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց՝ բժշկական համապատասխան օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Միքայել Սրբազանի փաստաբան Նարինե Ֆարմանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ պաշտպանների, Միքայել Սրբազանը վիրահատության կարիք ունի և ցանկանում է, որ վիրահատությունը կատարվի «Իզմիրլյան» հիվանդանոցում։

Փաշինյանը հազիվ հասավ Գերմանիայից Մոսկվա

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը առաջարկել է համաձայնեցնել գրաֆիկները Միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ հռչակագրի իրականացման շրջանակում։

Նիկոլ Փաշինյանը հազիվ է հասել Մոսկվայի նիստին, քանի որ նրա ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել գիշերը՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման և բազմաթիվ ռուսական օդանավակայանների փակման պատճառով: Համբուրգից թռչող նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում, իսկ այնտեղից նա մեկնել է Մոսկվա։

Այսօր գիշերը մոտ 300 անօդաչու թռչող սարքեր են հարձակվել ռուսական քաղաքների վրա. ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները կարողացել են խփել դրանց մեծ մասը, սակայն անօդաչուների և զենիթային զենքերի բեկորները, ինչպես նաև որոշ անօդաչու թռչող սարքեր հասել են թիրախներին՝ առաջացնելով ավերածություններ և հրդեհներ։

Փաշինյանը սովորաբար “համատեղում” է Ռուսաստան և արևմտյան մայրաքաղաքներ կատարած ուղևորությունները՝ ցույց տալու համար իր հավատարմությունը հավասարակշռված քաղաքականությանը: Գերմանիայում նա հայտարարել է, որ Հայաստանը չի մտադիրվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց ձգտում է ինտեգրվել ԵՄ-ի հետ: Առայժմ այս գործընթացները կարող են համատեղվել. հենց որ սա խնդրահարույց դառնա, կառավարությունը կորոշի, թե ինչ անել, ասել է Փաշինյանը։

Խուզարկությունը կապված է 2021 թ․ իրադարձությունների հետ․ Երիցյան

“Քրեական վարույթը, որի շրջանակներում այսօր իրականացվում է խուզարկությունը Արցախի ներկայացուցչյունում, նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին և այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ: Խոսքը վերաբերվում է կոնկրետ իրավաբանական անձի և Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագրի կնքման հետ”: Այս մասին այսօր լրագրողներին ասել է փաստաբան Ռոման Երիցյանը։

“Ցեսիայի պայմանագիրը կնքվել է ՀՀ կառավարության և Արցախի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում: Այսինքն այստեղ բացահայտ հանցագործության տարրեր, ուսունասիրելով խուզարկության մասին դատարանի որոշումը, ես չէմ արձանագրում և առհասարակ չէմ հասկանում թե ինչ կապ ունի 2021 թվականին տեղի ունեցած տվյալ իրադարձությունը Արցախի ներկայացուցչության մշտական տեղակայման վայրի հետ:

Եթե անգամ ենթադրենք, որ կատարվել է որևէ ոչ իրավաչափ արարք, ապա այն կատարվել է ոչ Արցախի ներկայացուցչության մշտական տեղակայման վայրում: Թե ինչ բովանդակության փաստաթղտեր են փնտրում Արցախի ներկայացուցչության շենքում, պարզ չէ: Ըստ դատարանի որոշման, դա պետք է կապ ունենա իմ կողմից վկայակոչված գործողության հետ, որը կատարվել է ՀՀ կառավարության և Արցախի Հանրապետության կառավարության մշակված ծրագրերով: Այսինքն, օրինակ, ՀՀ կառավարությունը մշակել է ծրագիր, ըստ որի այն իրավաբանական անձինք, ովքեր գույք են ունեցել Ադրբեջանի տիրապետության տակ անցած Արցախի տարածքներում, կառավարության որոշման համաձայն պետք է ստանային փոխհատուցում, և Արցախի ներդրումային հիմնադրամը պետք է փոխհատուցեր բանկերին տվյալ միջոցները:

Այս բոլոր գործողությունները կատարվել են 2020-21 թվականներին և այսօր 2025 թվականի հունիս ամսին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում է իրականացվում խուզարկություն:  Զարմանալի չէ, որ մինչև այս պահը նրանք չէն գտել գեթ մեկ փաստաթուղթ, որը կարող է ունենալ որևէ նշանակություն տվյալ վարութի համար: Ավելին՝ դետարանի որոշման մեջ նաև արծարծվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթն ու նրա տրված ցուցմունքն այս կապակցությամբ։ Հետագայում կարվի լրցուցիչ հայտարարություն”, ասել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Փախստականի վկայականի ժամկետը կերկարացվի ավտոմատ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտություն չկա։

ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշման համաձայն՝ 2024 թվականին փոխարինված ԺՊ վկայականների վավերականության ժամկետը կերկարաձգվի ավտոմատ կերպով՝ Կառավարության համապատասխան նոր որոշման ընդունումից անմիջապես հետո։

Մուտքի ուղղությամբ սահմանը հատելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։

«Եթե ԺՊ վկայականը ստանալուց հետո անձնագիրը փոխվել է (կորուստ, ժամկետի ավարտ, վնասում), ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նոր տվյալներով վկայական ստանալու, քանի որ ԺՊ վկայականը տրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։

Սահմանահատումից առաջ կարող եք ստուգել ձեր քարտի QR կոդը, որը ցույց է տալիս վկայականի վավերականության ժամկետը։ Սակայն եթե մինչև այս տարվա վերջ փորձեք QR-ով ստուգել, երկարաձգված ժամկետը չի երևա, քանի որ համակարգը կթարմացվի միայն Կառավարության նոր որոշման ընդունումից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

««Մենք չենք ասում՝ պատերազմեք, մենք ասում ենք՝ քաղաքական օրակարգ բեր այդ հարցը»․ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար, իրավապաշտպան Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արցախի ներկայացուցչությունում ընթացող խուզարկությանն ու Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։ Նա ասաց, որ Փաշինյանի հայտարարությունների ու այսօրվա գործողությունների միջեւ կարող է կապ լինել։

«Իսկ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը կամ ՀՀ վարչապետը։ Արցախի ժողովուրդը՝ այդ իրավունքի տերը պետք է որոշի՝ վերադառնում է, թե չի վերադառնում։ Տվյալ պարագայում ՀՀ վարչապետը կարող է միայն ՀՀ կառավարության դիրքորոշումը ձեւակերպել, որը մեզ համար խիստ անընդունելի է։ Դատապարտելի է, որ Հայաստանի կառավարությունը նման դիրքորոշում ունի, ընդ որում՝  իրավունքները վաճառքի է հանում եւ հավասարության նշան է դնում Արցախի ժողովրդի վերադարձի ու ադրբեջանցիների չակերտավոր վերադարձի միջեւ, որտեղ որեւէ եզր չկա՝ ոչ պատճառների մասով, թե ով ինչպես է լքել իր տունը, ոչ փոխհատուցումների, ոչ ժամկետների, ոչ ծավալների եւ ոչ էլ իրավական հիմքերի առումով։ Քիչ թե շատ կարող է քննարկելի ու համադրելի լինել ադրբեջանահայության վերադարձը եւ Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձը, բայց քիչ թե շատ, որովհետեւ ադրբեջանահայությունը բռնի գաղթել է ցեղասպանական քաղաքականության հետեւանքով, իսկ Հայաստանի ադրբեջանիցները հանգիստ, առանց որեւէ բռնության, առանց սպառնալիքի իրենց կամքով հեռացել են Հայաստանից»,- ասաց Բեգլարյանը։

Նա նշեց, որ ՀՀ իշխանություն այլեւս մանդատ էլ չունի, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելով՝ հրաժարվել է մանդատից։ «Բայց, եթե այլ կերպ մեկնաբանենք, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանի հրամանը վերաբերում է ամբողջ միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստանին։ Ընդ որում Հայաստանի դիմումի հիման վրա է դա ընդունվել։ Այսինքն՝ տվյալ դեպքում ՀՀ կառավարությունն ասում է՝ ես չեմ կատարում դատարանի հրամանը, մի հատ էլ արդարացնում է ցեղասպանությունը»,- նշեց նա։

Բեգլարյանն ասաց, որ շատ արցախցիներ ուզում են վերադառնալ, բայց դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն, իսկ պայմաններ ստեղծվելու համար ՀՀ-ն պետք է միջազգային հանրության մոտ այս հարցը պաշտոնապես բարձրացներ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ բանակցություններում։ «Մենք չենք ասում՝ պատերազմեք, մենք ասում ենք՝ քաղաքական օրակարգ բեր այդ հարցը եւ միջազգային դատարանի հրամանը կատարելու համար դիմիր միջազգային համապատասխան կառույցներին ու պետություններին եւ ասա, որ այս հրամանն Ադրբեջանն անբարեխիղճ կերպով չի կատարում։ Ուզում եմ հասկանալ՝ սա պատերա՞զմ է։ Սա նշանակում է, որ ինքը ոտնահարում է իրավունքները, իր պարտավորությունները չի կատարում, այդ թվում՝ անձամբ իր ստանձնած պարտավորությունները դատարան դիմելու հիմքով»,- նշեց նա։

Արտակ Բեգլարյանը չբացառեց, որ Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցող խուզարկությանը կարող են հաջորդել ձերբակալություններ․ «Կարող են լինել ձերբակալություններ, վաղուց քաշքշում են, տարբեր քրեական գործերով տարբեր կարգավիճակներ են տալիս Արցախի պաշտոնյաներին»։

Ղարաբաղի հարցը փա՞կ է, թե՞ ոչ․ ինչ են փնտրում Արցախի ներկայացուցչությունում

Երեկ Համբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ “Ղարաբաղյան հարցը փակված է”։ Դրանից բառացիորեն մի քանի ժամ առաջ Երևանում Արցախի ներկայացուցչությունում կայացած լսումների ժամանակ Արցախի ԱԺ նախագահ, Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը փակված չէ։ Նա կոչ է արել Հայաստանին շարունակել պայքարը Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացման համար։ Ի պատասխան այսօր առավոտից Քննչական կոմիտեն խուզարկում է Արցախի ներկայացուցչությունը, որտեղ երեկ խոսում էին արցախցիների վերադարձի մասին։ Ընդ որում, վերադարձի մասին խոսելիս արցախցի գործիչները նշվում էին, որ դա տեղի կունենա հարմար պահին, ոչ ի վնաս Հայաստանի անվտանգությանը։

Փաշինյանը կրկնել է, որ Ղարաբաղի հարցը փակ չհամարողները պատերազմ են սադրում, ինչպես նաև “խանգարում են” ՀՀ Կառավարությանը փակել “Արևմտյան Ադրբեջանի” հարցը։ Նա նույնականացնում է արցախցիների՝ Արցախ վերադառնալու և ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հարցերը, չհիշատակելով նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնի տեղահանված մոտ 800 հազ․ հայերի իրավունքները։

«Ես 2025 թվականի օգոստոսի 18-ին իմ ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Եվ ես հիմա ուզում եմ բաց, հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ։ Ես առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ, այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ, որովհետև ես արդեն ասել եմ բաց, հրապարակային, ես մեր Ղարաբաղի ժողովրդին էլ եմ ասել, որովհետև ասում են․ «Բա պիտի վերադառնանք»։ Ես ասել եմ, դա իրատեսական չի», – ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ պետական պարտքի ավելացման հիմնական պատճառներից մեկը՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր ժողովրդի կարիքները, մենք այդքան ծախսը անում ենք, որ մարդիկ մնան Հայաստանում, որովհետև եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, մենք նորից կսկսենք Ղարաբաղյան շարժումը»։

«Ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Հիմա Ղարաբաղյան շարժումը ավարտվել է, եւ սկսելու փորձերը օգտակար չեն, բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանը օգտագործում է անընդհատ Արևմտյան Ադրբեջան, ինչ-որ անհասկանալի տերմինաբանություն։ Հիմա պետք է հասկանալ, որը որի պատճառն է, որը պատճառ է և որը հետևանք է։ Բայց ես ասում եմ․ եկեք նստենք, միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակենք, ոնց ենք այդ թեման հանում, որովհետև այդ թեման հանել նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով  ընդհանրապես բացառել որեւէ կոնֆլիկտային իրավիճակ», – ասաց Փաշինյանը։

«Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել «Արեւմտյան Ադրբեջան», և այո, ընդունում եմ նա նաեւ, որ եթե մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն պետք է դա ամբողջական իրականացնենք։ Սա է իմ պատկերացրած ճանապարհը», – նշեց Փաշինյանը։

Փաստացի Փաշինյանն ասում է, որ այլևս Արցախի մասին չպետք է հիշատակվի Հայաստանում, քանի որ դա կլինի “Ադրբեջանի տարածքային ամբողջության” խախտում։ Նա կարծում է, որ եթե Արցախի մասին չխոսենք, կոնֆլիկտային իրավիճակ չի լինի։ Նա չի ասում, որ նույնիսկ եթե արցախցիների մասին բոլորը մոռանան, Բաքում միևնուն է Հայաստանը համարելու է “Արևմտյան Ադրբեջան” և ավելի համառ է պահանջելու ադրբեջանցիների վերադարձը, քանի որ այլևս չի վախենա, որ դրա դիմաց Հայաստանը կպահանջի ԱդրԽՍՀ հայության իրավունքների վերականգնումը և արցախցիների վերադարձը։ 

Ինչո՞ւ եք պետական պարտք վերցնում, որ արցախցիները մնան Հայաստանում։ Ասեք, որ նրանք ոչ մի հեռանկար չունեն, քանի որ դուք դեռ խնդիր ունեք 300 հազ․ ադրբեջանցի տեղակայել Հայաստանում, ապահովել նրանց անվտանգությունը և ինքնավարությունը։ Արցախցիներին էլ թող մտածեն, թե ինչ են անելու։   

911, 1–02 և 1–01 հեռախոսահամարների փոխարեն կգործի 112-ը

Ոստիկանության և փրկարար ծառայության ահազանգերի հեռախոսահամարների՝ 1–02, 911, 101, փոխարեն առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը ԵՄ–ում առավել տարածված և բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է։ Այդ հեռախոսահամարի նախատեսում դրական է գնահատվել նաև ՀՀ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում։

1–02, 911 և 101 հեռախոսահամարները կշարունակեն իհարկե գործել, բայց դրանց ստացված զանգերը կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին և համապատասխան իրազեկման արշավներ իրականացնելուց հետո դրանք սահուն կերպով կհանվեն շրջանառությունից։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11–ին, կառավարության նիստում նշեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունները:

Նա հավելեց, որ զանգի սպասարկումը ժամկետային տեսանկյունից կնվազեցվի մինչև 10 վայրկյան, իսկ արձագանքի միջին տևողությունը մինչև 10 րոպե։

Փոխնախարարի խոսքով, այսօր զանգի սպասարկումը մոտ 18 վայրկյան է, իսկ զանգի միջին տևողությունը՝ 23 րոպե, իսկ 25-30 տոկոսի դեպքում ընդհանրապես, չեն հասցնում զանգին պատասխանել, հետո հետադարձ զանգ է կատարվում։