Հեղինակ՝ naira
Ղարաբաղյան ֆանտոմային ցավերը հետապնդում են Մոսկվային և Բաքվին
Ռուսական РИА Новости գործակալության տեղեկացված աղբյուրը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը Ադրբեջանի ԱԳՆ արձագանքի կապակցությամբ Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը կճանաչի նոր ռուսական շրջանները և Ղրիմը։
«Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքի կապակցությամբ Մոսկվան ակնկալում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների դաշնակցային բնույթը, որը ամենաբարձր մակարդակով ամրագրված է 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրում, Բաքուն ավելի հավասարակշռված դիրքորոշում կընդունի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կճանաչի Ռուսաստանի մոտեցումների արդարացիությունը Հատուկ ռազմական գործողության համատեքստում և Ղրիմի, Սևաստոպոլի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի մեր երկրին պատկանելության վերաբերյալ դիրքորոշումը», -հայտարարել է նա։
«Ինչպես որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», – հավելել է գործակալության աղբյուրը։
Ղարաբաղյան ֆանտոմային ցավերը չեն հետապնդում ո՛չ Մոսկվային, ո՛չ էլ Բաքվին։ Հողի սրբազան իրավունքը չի կարող նվաճվել, նույնիսկ հողի նվաճման պարագայում, և չի կարող “ճանաչվել”։ Մոսկվան և Բաքուն չգիտեն, թե ինչպես մարսել Ղարաբաղը, ավելի ճիշտ՝ գիտեն, որ չեն կարողանա այն մարսել։
Սերժ Սարգսյանը խոսել է մինչև 2019 թվականը Ղարաբաղյան կարգավորման պլանի մասին
Հարցը լուծվում է հետևյալ կերպ. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությամբ, որը ուներ պարտադիր իրավական ուժ և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Երկրորդ մենք Ադրբեջանին էինք վերադարձնում յոթ շրջաններից հինգը, խաղաղապահ ուժեր էին գալիս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ և կախված նրանից թե ինչպիսի տեմպերով և երբ կորոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, կորոշվեր նաև երկու շրջանների ճակատագիրը։
Ես բազմաթիվ անգամներ եմ ասել, որ մեր ցանկությունն է, որ խնդիրը լուծվի, դուք ինձնից երբևէ լսե՞լ եք արդյոք ոչ մի թիզականության հետ կապված որևէ գաղափար»,–ասաց նա։
Սերժ Սարգսյանն ասաց, որ առաջարկվող լուծումը շատ լավն էր։ Նա հայտարարեց, որ ինքը երբևէ չի ասել, որ ամեն անգամ, երբ գնում էինք զիջումների, Ադրբեջանը նոր զիջումներ էր ակնկալում։
«Մենք հետ չենք կանգնել, որևէ բանակցային փաստաթղթից, իրենք են հետ կանգնել։ Փակուղին շատ նորմալ է, բայց ե՞րբ չի եղել փակուղի։ Սկսած 1994 թվականից տարբեր ժամանակներում եղել են փակուղիներ, բայց փակուղին չի նշանակում, որ վսյո, վերջնականապես ամեն ինչը որոշվեց։ Կներեք, բազմաթիվ անգամ դուրս ենք եկել այդ փակուղուց։
Բա, Քի Վեսթը փակողի չէ՞ր, որ չստացվեց, բա Կազանը փակուղի չէ՞ր։ Բա փակուղուից հետո ինչպե՞ս նորից բանակցությունները շարունակվեցին և էական փոփոխություններ չեղան։ Բա բանակցությունները այդպես է, եթե փակուղի չլիներ, հարցերը կլուծվեին էլի»,– ընդգծեց Սերժ Սարգսյանը։
Ձգտում եմ մարդկանց դրական էմոցիաներ պարգևել․ արցախցի ֆլորիստ
Արցախցի Ասյա Բաբայանը տարիներ առաջ է սկսել զբաղվել ֆլորիստիկայով։ Մինչ այդ տարբեր ոլորտներում էր փորձում իր ուժերը, սակայն ֆլորիստիկան՝ իր բոլոր նրբություններով ու գաղտնիքներով, լիովին գրավեց աղջկան։
Ասյան պատմում է, որ իր առաջին փունջը մանդարինից է պատրաստել, և այդ մտահղացումը շատ է դուր եկել ընկերներին ու հարազատներին։ Ոգևորությունն այնքան մեծ էր, որ ֆեյսբուքյան էջ է բացել՝ այն անվանելով <<Букет со вкусом>>։ Նրա յուրահատուկ փնջերն անմիջապես գրավել են մարդկանց ուշադրությունը։ Ասյան իր փնջերի մեջ հավաքում էր քաղցրավենիքներ, մրգեր ու այլ ուտելիքներ, արդյունքում ստացվում էր զարմանահրաշ աշխատանք, որի կողքով անտարբեր անցել չես կարող։ Ինչպես ինքն է ասում՝ բացի ծաղիկներից ամեն ինչով փնջեր է պատրաստում և ամենակարևորը՝ կարողանում է ժպիտներ պարգևել մարդկանց։
-Ժպիտը պարգև է Աստծուց, որը տալով դիմացինին, ստանում ես նաև ինքդ։ Ես ուզում եմ, որ իմ շրջապատում բոլորն ուրախ և երջանիկ լինեն, ու այսօր այդ ժպիտները մեզ ավելի շատ են հարկավոր։ Իմ պատրաստած փնջերով ցանկանում եմ բարձրացնել մարդկանց տրամադրությունը ու նրանց սեր փոխանցել։
Անգամ, երբ Արցախը շրջափակված էր ու ամեն ինչի պակաս կար, ես շարունակում էի փնջեր պատրաստել, որոնք հիմնականում կենցաղային ապրանքներից էի հավաքում։ Պահանջարկը շատ մեծ էր։ Ես ուրախանում էի, որ կարողանում էի իմ մտահղացումներով մարդկանց հոգսերը թեթևացնել։
Արցախից տեղահանվելուց հետո Ասյան շարունակում է զբաղվել իր սիրած գործով՝ ձգտելով մարդկանց նվիրել դրական էմոցիաներ
-Միշտ ձգտում եմ մարդկանց նվիրել հետաքրքիր մի բան, որը երկար կհիշվի։ Ամեն մի փունջ հավաքելիս աշխատում եմ այն մատուցել նրբորեն, և որպեսզի պատվիրատուներս գոհ մնան, նախօրոք խորհրդակցում եմ յուրաքանչյուրի հետ։
Համագործակցում եմ նաև տարբեր բրենդների հետ և իրենց արտադրանքներով փնջեր եմ պատրաստում։ Իմ փնջերից յուրաքանչյուրն իր ուրույն գեղեցկությունն ու պատմությունն ունի։ Աշխատելու ընթացքում ես կտրվում եմ ամեն ինչից, մնում ինքս ինձ հետ։ Փորձում եմ իմ փնջերի միջոցով մարդկանց ցույց տալ, որ ամեն ինչ հնարավոր է, եթե ունես նպատակ ու աշխատասիրություն։ Ամեն օր մի նոր բան եմ սովորում ու կարծում եմ՝ գիտելիքով զինված մարդը միշտ կարող է հասնել ամենադժվար թվացող բարձունքներին։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Երուսաղեմում հայկական համայնքին պատկանող տարածքների նկատմամբ ոտնձգությունները շարունակվում են
Երուսաղեմում հայկական համայնքին պատկանող տարածքների նկատմամբ ոտնձգությունները շարունակվում են։ Օրթոդոքս հրեաների մի խումբ կիրակի օրը փորձել է առանց թույլտվության մտնել Երուսաղեմի հայկական թաղամասի փակ տարածք՝ Սուրբ Հակոբ տաճար։ Հայերը, զգուշանալով սադրանքներից, թույլ չեն տվել նրանց դա անել։
Հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիգ Գիրագոսյանը step1.a-ի հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը։
«Սադրանքները միշտ էլ կան, մեկ շաբաթ առաջ տոն էր իրենց մոտ, շատ էին գալիս-գնում մեր թաղ։ Մի երկու դեպք տեղի ունեցավ, մեկ անգամ գիշերով, մեկ անգամ էլ առավոտյան ուզում էին վանք մտնել։ Պահակը դուրս է եկել, իրենց ասել է՝ արգելված է, սա եկեղեցու տարածք է։ Ասել են՝ ոչ, սա մեր երկիրն է, կմտնենք։ Մեր թաղամասից մեկը փողոցով անցնում էր, որը եբրայերեն շատ լավ գիտի, կարողացավ իրենց խոսելով հեռացնել։ Եթե ուրիշ մարդ անցած լիներ տարածքով, կարող էր շատ ուրիշ ձեւով վերջանալ այս հարցը։ Իրենք ուզում են ամեն տեղ մտնել, իրենց ասում են՝ սա արգելված տարածք է, բայց իրենք ուզում են մտնել»,- ասաց Գիրագոսյանը։
Ըստ նրա՝ եթե, օրինակ, հրեաները գան մոտ 10 հոգով ու փորձեն մտնել հայկական տարածք, ավելի մեծ խնդրի առաջ կկագնի հայ համայնքը, պետք է զգոն լինել։ Գիրագոսյանն ասաց, որ հայկական համայնքը վճռական է տրամադրված, շարունակում են պաշտպանել հայկական տարածքները։ «Մենք մեր տարածքները պաշտպանում ենք այստեղ եւ ոչ ոքի թույլ չենք տա մեր 1600 տարվա պատմության հետ խաղալ»,- ասաց նա։
Բեդիգ Գիրագոսյանի խոսքով՝ հայկական թաղամասի վերաբերյալ դատական գործերից դեռ նորություն չկա։ Նա հույս հայտնեց, որ մինչեւ տարվա վերջ դատական նիստ կլինի, ասաց, որ շատ են հետաձգում գործի քննությունը։
Հիշեցնենք, որ Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքը հայոց պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Հետագայում հայ համայնքի ճնշման ներքո պատրիարքարանը չեղարկել է այս պայմանագիրը՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանը նամակ է ուղարկել վարձակալության պայմանագիրը չեղարկելու մասին։ Հայկական թաղմասի վրա մի քանի հարձակումներ են եղել անցած մեկ տարվա ընթացքում։ Այս գործը դատարանում է։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն էլ վերջեչս մեկ այլ խնդրի մասին էր ահազանգել․ Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարեր շարունակ Հայոց պատրիարքարանին պատկանող գույքը և այն աճուրդի հանել՝ 1994 թվականից ի վեր իբր գոյացած համայնքային պարտքերը բռնագանձելու համար։ Պատրիարքարանը վարչական հայց էր ներկայացրել քաղաքապետարանի այս որոշման դեմ։
Ռոզա Հովհաննիսյան
«Լավ սուտը թմրանյութի պես է․ ճշմարտությունն ասելը պատերազմում հեշտ չէ, բայց անհրաժեշտ»․ Հարություն Մանսուրյան
2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո լրագրության դերը, սահմանները և պատասխանատվությունը հայտնվեցին հանրային քննարկման կիզակետում։ Մեդիափորձագետ Հարություն Մանսուրյանը, տարիներ շարունակ Արցախի կյանքը վավերագրելով՝ ֆիլմեր նկարելով «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» եւ «Ստեփանակերտի մամուլի ակումի» հետ համատեղ, խոսել է լրագրողի առաջ կանգնած էթիկական ու մասնագիտական մարտահրավերների մասին։
«Ինչ-որ մի պահի ակնհայտ դարձավ, որ վատ խաղ են խաղում մեր գլխին։ Ավելի լավ է իմանաս դառը ճշմարտությունը եւ ապրես այդ ճշմարտությունը, քան այդ լավ սուտը, որ թմրանյութի նման քեզ քնեցնում է՝ մինչև նոյեմբերի 9-ը, երբ կարող էիր կաթված ստանալ»,- ասում է փորձագետը։
Մեդիա դաշտում ճշմարտությունն ասելը հաճախ դիտարկվում է որպես վտանգավոր քայլ, հատկապես պատերազմի ժամանակ, երբ նույնիսկ լրագրողները կարող են ընկալվել որպես թշնամի։ Կային նաեւ պատերազմի ժամանակ լրագրողներ, ովքեր իրենց տեսած իրականությունն էին մատուցում եւ որպես թշնամի էին ընկալվում, պետական քարոզչության հերքողներ էին համարվում։
Մանսուրյանը պատմում է դեպք Հադրութից․ « Հիշում են ինչպես էր «Բարս մեդիա»-ի մեքենան գնացել Հադրութ։ Ասում էին՝ իջնում եմ ներքեւ, իսկ իրենց պատասծանել են՝ մի իջեք, էլ մերը չէ»։ Նա ընդգծում է, որ այդ օրերին Հադրութից ստացած կադդրերը իրավական հիմքեր էին՝ քաղաքացիական անձանց գնդակահարությունները, ռազմական հանցագործությունները ներկայացնելու համար։
Նա նաեւ կարեւորում է նախորդ տարիների վավերագրական աշխատանքը՝ ասելով․ «Մենք մարդկանց ճակատագրեր ենք վավերագրել, Արցախի կյանքն ենք վավերագրել։ Վավերագրությունը կոնյակի նման է․ որքան գնում է, այնքան թանկ է դառնում»։
Մանսուրյանի խոսքով՝ կոնֆլիկտային լրագրությունը պահանջում է ճշմարտության բացահայտում՝ պահպանելով էթիկական սահմանները․ «Արժե բացահայտել ճշմարտությունը և տալ այդ ճշմարտությունը։ Մարդիկ իրավունք ունեն լսել ճշմարտությունը։ Կոնֆլիկտային լրագրությունը հենց դա է՝ տալ ճշմարտությունը էթիկայի սահմանների մեջ»։
Լրագրողը, ըստ Մանսուրյանի, կանգնած է երկակի ինքնության մեջ՝ քաղաքացի և մասնագետ․ «Դու և քաղաքացի ես, և լրագրող։ Մեզ հաճախ ասում են՝ թշնամու ջրաղացին ջուր մի լցրեք։ Ամենահեշտը լրագրության մեջ տալն է այն, ինչ մարդը ուզում է լսել։ Բայց ճշմարտության հետևից գնացող լրագրողը չպիտի վախենա։ Եթե զորքը հետ է գալիս, իսկ մենք լսում ենք, թե «հաղթելու ենք», վերջում միեւնույն է առերեսվելու ենք նոյեմերի 9-ին»,- ասում է նա։
Հարություն Մանսուրյանի խոսքերը նորից բարձրացնում են այն կարեւոր հարցը, թե ինչ է նշանակում լինել լրագրող ճգնաժամային իրավիճակում։ Երբ իրականությունը սուր է, ճշմարտությունը ցավոտ, իսկ լսարանը՝ հոգնած, լրագրողն էլ ստիպված է որոշում կայացնել՝ ծառայել հարմարավետ մոլորեցնո՞ւմին, թե՞ իրականությանը՝ անկախ դրա դառնությունից։
Մարիամ Սարգսյան
Պաշտոնական Երեւանն անում է այն, ինչի մեջ ԱՄՆ-ը մեղադրում է Բաքվին
ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հարձակում է սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Արդյո՞ք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը դա կգնահատի որպես կրոնական ազատությունների խախտում Հայաստանում։
Հունիսի 5-ին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) անցկացրեց առցանց լսումներ Ադրբեջանում կրոնական ազատության վիճակի վերաբերյալ, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Հանձնաժողովը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել կրոնական իրավունքների խախտումների մեջ ներգրավված պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ։
Լսումները կենտրոնացած էին Ադրբեջանի «մտահոգիչ» կրոնական ազատությունների և մշակութային ժառանգության ոչնչացման, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող կրոնական վայրերի ոչնչացման վրա, որոնք շարունակում են սպառնալիքի տակ մնալ, մինչ Ադրբեջանի իշխանությունները «վերացնում են հայկական մշակութային ժառանգությունը»։
Իր 2025թ․-ի տարեկան զեկույցում USCIRF-ը խորհուրդ տվեց ԱՄՆ Պետդեպարտամենտին Ադրբեջանը ներառել հատուկ հսկողության ցուցակում՝ «կրոնական ազատության կոպիտ խախտումների» համար։
Հանձնաժողովի նախագահ Շնեկը մտահոգություն հայտնեց Ալիևի ռեժիմի կողմից «Լեռնային Ղարաբաղում հին հայկական եկեղեցիների և այլ կրոնական ու մշակութային վայրերի շարունակական ոչնչացման և վերապրոֆիլավորման» վերաբերյալ։
Հանձնակատար Վիքի Հարցլերը կոչ արեց քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ կիրառել կրոնական իրավունքների խախտումների մեջ ներգրավված պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ։
Հանձնակատար Հարցլերը նաև ընդգծեց հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը հետագա ոչնչացումից պաշտպանելու կարևորությունը և խորհուրդ տվեց միջազգային դիտորդական առաքելություններ ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և վայրերը գույքագրելու համար՝ կոչ անելով Կոնգրեսին շարունակել ներգրավված լինել այս կարևորագույն հարցում։
Վկաները, այդ թվում՝ Օդրի Ալտստադտը (Մասաչուսեթսի համալսարան, Ամհերսթ), Ֆելիքս Քորլին (Ֆորում 18 լրատվական ծառայության խմբագիր), Արզու Գեյբուլան (Ազատ ձայների միավորման համահիմնադիր) և Հուսիկ Ղուլյանը (Caucasus Heritage Watch-ի առաջատար հետազոտող) քննարկեցին Ադրբեջանում կրոնական ազատության պայմանները և կիսվեցին ԱՄՆ կառավարությանն ուղղված առաջարկություններով՝ Ադրբեջանում կրոնական ազատությանն աջակցելու համար:
Մասնակիցները քննադատեցին Ադրբեջանի բռնապետական ռեժիմի քաղաքականությանը միջազգային արձագանքի բացակայությունը և կոչ արեցին կիրառել թիրախային պատժամիջոցներ, այդ թվում՝ «Գլոբալ Մագնիտսկու ակտի» շրջանակներում։ Նրանք նաև կողմ արտահայտվեցին, որպեսզի Ադրբեջանի հետ ցանկացած քաղաքական կամ տնտեսական հարաբերություն կառուցելը պայմանավորված լինի ռեժիմի կրոնական, քաղաքական և այլ հիմնարար մարդու իրավունքները պաշտպանելու հանձնառությամբ։
Լսւմներին նախորդող շաբա Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը (WCC) հայտարարություն տարածեց, որ իրենք «վկայում են տարածաշրջանում հայ քրիստոնյաների հազարամյակների ներկայության վերացման և եկեղեցիների, գերեզմանատների, հուշարձանների և այլ սրբազան ու մշակութային վայրերի լայնածավալ ոչնչացման մասին՝ համաձայն անկախ մարմինների կողմից փաստագրման, ինչպիսիք են՝ Caucasus Heritage Watch-ը, Save Armenian Monuments-ը, Monument Watch-ը և այլ մշակութային գործիչներ»։
«Այս լսումը համաշխարհային ուշադրության կենտրոնում էր Ադրբեջանի հանցագործությունների վրա՝ կարևորագույն պահին, ընդգծելով Միացյալ Նահանգների համար Բաքվի ցեղասպանական քաղաքականությանը նպաստելու անհապաղ անհրաժեշտությունը և Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը», – ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Հանձնակատար Հարցլերը կոչ արեց Կոնգրեսին պայմանավորել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ կրոնական ազատության բարելավումներով և շարունակել Ադրբեջանի գործողությունների նկատմամբ խիստ վերահսկողությունը։ «Կրոնական ազատության իրավիճակը Ադրբեջանում ինքնուրույն չի բարելավվի։ Դա կպահանջի ԱՄՆ կառավարության կողմից համակարգված ջանքեր», – նշել է Հարթցլերը։
Հանձնակատար Մոհամեդ Էլսանուսին մտահոգություններ է հայտնել կրոնական ուխտագնացության իրավունքի վերաբերյալ. «Շատ կարևոր է, կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը, որոնք մոտ 100,000 մարդ են, ովքեր այժմ փախստականներ են Հայաստանի Հանրապետությունում, ունենան ուխտագնացության հասանելիություն… Պետք է լինի որոշակի մեխանիզմ, որը թույլ կտա Լեռնային Ղարաբաղի հայերին այցելել իրենց գերեզմանատները և նաև դավանել իրենց կրոնը այդ եկեղեցիներում»։
«Caucasus Heritage Watch»-ի առաջատար հետազոտող Հուսիկ Ղուլյանը մեջբերել է արբանյակային ապացույցները մշակութային նպատակային ոչնչացման մասին. «2021 թվականին մեր մոնիթորինգային առաքելության մեկնարկից ի վեր մենք պարզել ենք, որ Ադրբեջանը ոչնչացրել է 14 ժառանգության վայր, այդ թվում՝ պատմական եկեղեցիներ և գերեզմանատներ, և վնասել է ևս 14-ը: Ներկայումս մենք գնահատում ենք 30 մշակութային արժեք, որոնք գտնվում են վնասի և/կամ ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ»:
Ղուլյանը զգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղում վերականգնման ջանքերը արագացնում են ոչնչացումը. «Ժառանգության չարաշահման տեմպը, կարծես, արագացել է 2024 թվականին, քանի որ Ադրբեջանի կողմից զարգացման աշխատանքները արագացել են: Հայկական մշակութային ժառանգության վնասի և ոչնչացման մեծ մասը Ղարաբաղում մինչ օրս կապված է եղել ճանապարհային աշխատանքների և վերականգնման հետ»:
USCIRF-ի 2025 թվականի տարեկան զեկույցը հղում է կատարել Freedom House-ի և Caucasus Heritage Watch-ի եզրակացություններին։
Վաղը Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կհայտարարի հաջորդ քայլերի մասին
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը վաղը հրավիրում է մամուլի ասուլիս, որի ընթացքում կամփոփվեն ՀՀ կառավարության եւ խորհրդի փորձագիտական խմբերի՝ վերջին շաբաթների աշխատանքի ու քննարկումների արդյունքները։
Step1.am-ի հարցին՝ խորհուրդն ի՞նչ է որոշել՝ շարունակո՞ւմ են կառավարության հետ քննարկումները, թե՞ մարդկանց պայքարի դուրս գալու կոչեր են անելու, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը պատասխանեց․ «Կառավարությունը մեր առաջարկած փոփոխություններին բավականին ընդառաջել է։ Առաջընթաց կա, բայց, իհարկե, դա մեզ դեռ չի բավարարում։ Մանրամասները կներկայացվեն վաղվա ասուլիսում»։
Նշենք, որ հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանը հայտարարել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմից դուրս գալու մասին։
Ավստրիական դպրոցում կրակոցներ են. առնվազն 5 մարդ է զոհվել
Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում, երեքշաբթի՝ հունիսի 10-ին, հարձակում է տեղի ունեցել աշակերտների և ուսուցիչների վրա: Ոստիկանությունը հայտնել է դպրոցի շենքում կրակոցների մասին: Ավստրիական լրատվամիջոցները հայտնել են, որ զոհվել է առնվազն հինգ մարդ։
Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է «մի քանի» մահվան մասին: Ավստրիական ORF ռադիոընկերության տվյալներով՝ ևս մի քանի մարդ ծանր վիրավորվել է։
Ներկայումս դեպքի վայրում լայնածավալ գործողություն է ընթանում, և դպրոցը տարհանվում է:
Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը. Ալի Խամենեիի խորհրդական
Ղարաբաղյան տրավման դեռ երկար ցավ կպատճառի Ռուսաստանին
Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ուկրաինական կարգավորման համատեքստում որպես օրինակ բերել է Լեռնային Ղարաբաղը։ «Եթե մենք դադարեցնենք հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով, կնքենք ինչ-որ հրադադար, ապա այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի», – RT-ին տված հարցազրույցում ասել է Մեդինսկին։
Նա կարծում է, որ նման սցենարի դեպքում Ուկրաինան որոշ ժամանակ անց կմիանա ՆԱՏՕ-ին, կփորձի վերագրավել տարածաշրջանը, և դա կլինի մոլորակի վերջը։ «Մենք չենք ուզում պատրվակ ունենալ՝ հսկա Ղարաբաղ, որը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, որի պատճառով կարող է սկսվել միջուկային պատերազմ», – հավելել է նա։ Ռուսաստանը ցանկանում է լիարժեք խաղաղություն կնքել նոր տարածքների ճանաչմամբ։
Դարեր շարունակ Կրեմլը փոքրիկ Ղարաբաղը համարում էր Ռուսական կայսրության տակ դրված ական՝ սկսած 1813 թվականից, երբ ռուս-պարսկական պատերազմից հետո տարածաշրջանը միացվեց Ռուսաստանին։ Այն միակ հայկական մարզն էր, որտեղ պահպանվել էին պետական կառավարման մարմինները՝ մելիքությունները, և հայոց կաթողիկոսը նստած էր Գանձասարում։ Ռուսաստանին միանալուց հետո կաթողիկոսությունը անմիջապես վերացվեց, և հայ ազնվականությունը, որն ուներ հողի ժառանգական իրավունք, ջարդուփշուր արվեց։
Խորհրդային տարիներին Ստալինը Նախիջևանը և Ղարաբաղը հանձնեց հանկարծակի ձևավորված Ադրբեջանին՝ դրանք որպես հայկական պետականության կենտրոններ վերացնելու համար։ Նախիջևանը հայաթափվեց, բայց Ղարաբաղը՝ ոչ, և 1990-ականների սկզբին Ղարաբաղում հայկական պետականության արմատները կրկին ամրապնդվեցին, վեր վարձրացան և քանդեցին անսասան թվացող խորհրդային ասֆալտը։ Այս արմատներից կրկին աճեց հայկական պետությունը Խորհրդային Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Շահումյանի տարածքում։
Մոսկվան ամեն ինչ արեց հայկական մեծ պետության ստեղծումը կանխելու համար՝ նախ անջատելով Արցախը նոր Հայաստանից և անվանելով այն «ինքնահռչակ չճանաչված հանրապետություն», իսկ 30 տարի անց՝ 2020-2023 թվականներին, օկուպացնելով Ղարաբաղը և վտարելով այս հողերի նկատմամբ անքակտելի իրավունք ունեցող բնակչությանը։
Ղարաբաղյան վերքը դեռ երկար ժամանակ ցավոտ կլինի Ռուսաստանի համար, և Մեդինսկին դեռ կհամեմատի Ղարաբաղի հետ Հյուսիսային Կովկասը, այն ամենը, ինչ Ռուսաստանը կարողացել է նվաճել Ուրալից այն կողմ վերջին 300 տարիների ընթացքում, չխոսելով Կալինինգրադի մասին։ Ղարաբաղը ազգային պետականության, նստակյացության և դիմադրության խորհրդանիշ է, իսկ դա անբուժելի վերք է Ռուսաստանի համար։
Ռուսաստանը կվճարի Ղարաբաղի համար մինչև վերջին Մուսկովիան։
Նաիրա Հայրումյան
Թրամփը Լոս Անջելես է ուղարկում ծովային հետևակայիններ և Ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր
DW
ԱՄՆ դաշնային կառավարությունը որոշել է կրկնապատկել Լոս Անջելեսում տեղակայված Ազգային գվարդիայի զորքերի թիվը՝ հակամիգրացիոն ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին, մինչև 4000 մարդ: Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 9-ին, X սոցիալական ցանցում հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը։
Ազգային գվարդիայի նոր ստորաբաժանումներից բացի, Լոս Անջելես կուղարկվի նաև Կալիֆոռնիայի Քեմփ Փենդլթոն բազայից 700 ծովային հետևակային: ԱՄՆ նախագահի վարչակազմը որոշումը հիմնավորել է «դաշնային աշխատակիցների և շենքերի նկատմամբ սպառնալիքների աճով», գրում է AFP-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը, անկարգություններ ստեղծելու համար մեղադրել է «պրոֆեսիոնալ խռովարարներին և անկարգությունների կազմակերպիչներին»: Նա սպառնացել է Կալիֆոռնիա ուղարկել դաշնային կենտրոնին, այլ ոչ թե տեղական իշխանություններին ենթարկվող ավելի շատ ուժայիններ: Իսկ իր Truth Social սոցիալական ցանցում գրառման մեջ Թրամփը սպառնացել է բռնությամբ այն ցուցարարների նկատմամբ, ովքեր «անհարգանք» կցուցաբերեն իր ուղարկած զինվորների նկատմամբ:
Կալիֆոռնիայի նահանգապետ և Դեմոկրատական կուսակցության անդամ Գևին Նյուսոմը Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար ծովային հետևակի ուժեր օգտագործելու Թրամփի որոշումը անվանել է «ոչ ամերիկյան»: Նյուսոմը կարծում է, որ նման ստորաբաժանումները պետք է պայքարեն արտաքին սպառնալիքների դեմ, այլ ոչ թե գործեն երկրի ներսում: «Նրանք չպետք է ուղարկվեն ամերիկյան հող՝ մեր սեփական քաղաքացիների դեմ պայքարելու և բռնապետ նախագահի խելահեղ ֆանտազիան իրականացնելու համար», – հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգապետը։
Միևնույն ժամանակ, Նյուսոմը խոստացել է դատի տալ Թրամփին։