Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի հանդիպում Կարսում. քննարկել եներկաթգծի գործարկման հարցը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեսքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:

ՔՊ-ի ծուռ հայելին․ եթե Հայաստանը չի բողոքում, ինչո՞ւ պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ն բողոքի

ՔՊ-ական Արսեն Թորոսյանն իմաստ չի տեսնում, որ Հայաստանն աղմուկ բարձրացնի, երբ ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի եկեղեցին։ «Ասենք արեցինք և ի՞նչ, դա ի՞նչ է տալու Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է նա։

Ըստ նրա՝ եթե Հայաստանն այս մասով ինչ-որ գործողություններ անի՝ կվերակենդանացնի Ղարաբաղյան շարժումը։

 «Երբ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման փուլում ես, երբ ուզում ես հարաբերությունները նորմալացնել և նման հարց ես բերում օրակարգ, դա ճիշտ չէ։ Մենք փորձում ենք խաղաղություն կառուցել մեր հարևանի հետ, կարծում եմ` եթե անգամ իրենք անում են այդպիսի քայլեր, ուզում են սադրել, մենք պետք է իմաստուն գտնվենք և չանենք նման քայլեր»

«Իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում»,- ասել է ՔՊ-ականը։ Թորոսյանն ասել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է բարձրացնել այդ հարցը, բայց Հայաստանը՝ ոչ։

Այս փոքր դիրքորոշման մեջ՝ Հայաստանի ներկայիս կառավարության ամբողջ կերպարն է՝ ամեն ինչ այլասերող ծուռ հայելի։ Եթե Հայաստանը բողոք չի բարձրացնում հայկական եկեղեցու քանդման դեմ, ինչո՞ւ պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամ մեկ այլ երկիր դա անի։ Եթե Հայաստանը չի խոսում դրա մասին, վախենակոց “խաթարել խաղաղությունը”, ուրիշները իրենց վրա նման պատասխանատվություն հաստատ չեն վերցնի։ 

Այդպես է բոլոր հարցերում՝ ՀՀ Կառավարությունը հրաժարվում է նույնիսկ Սահմանադրությամբ ամրագրված իր պատրականություններից, բայց հետո մեղադրում ուրիշներին՝ զոհված զինծառայողներին, որ լավ չեն կռվել, արցախցիներին, որ չեն ցեղասպանվել, նախկիններին, որ չեն նախատեսել Նիկոլի գալուստը։ Նույն տրամաբանությամբ պետք է մեղադրել Ստեփանակերտի եկեղեցինռրը կառուցողներին, այնտեղ մոմ վառողներին, որ “ուրիշի տարածքում” հայ են մնացել։     

Թագավորը և նա, ով կցանկանար Թագավոր լինել

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և նրա կինը՝ թագուհի Կամիլան, երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, պաշտոնական այցով ժամանեցին Միացյալ Նահանգներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը հյուրընկալեցին բրիտանական թագավորական զույգին Վաշինգտոնի Սպիտակ տանը։

Երեքշաբթի օրը Չարլզ III-ը նախատեսում է ելույթ ունենալ ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատներում: Սա երկրորդ անգամն է, որ բրիտանական միապետը ելույթ է ունենում ԱՄՆ խորհրդարանում. նախորդ ելույթը Եղիսաբեթ II-ը ունեցել է 1991 թվականին։

Այս տարվա հուլիսի 4-ին ԱՄՆ-ն կնշի Բրիտանական կայսրությունից անկախության հռչակման 250-ամյակը: ԱՄՆ-ն և Իռլանդիան միակ նախկին բրիտանական գաղութներն են, որոնք չեն մտնում Բրիտանական համագործակցության մեջ: Անցյալ տարի, երբ Թրամփը այցելեց Մեծ Բրիտանիա, բրիտանական թերթերը հաղորդեցին ԱՄՆ-ի՝ Բրիտանական Համագործակցությանը միանալու հնարավորության մասին՝ հիմնվելով Թրամփի կողմից թագավորական ընտանիքի նկատմամբ ունեցած մեծարանքի վրա։

Որպես աշխարհի ամենահզոր պետության նախագահ՝ Թրամփը չի թաքցնում իր թագավորական նկրտումները՝ հասկանալով, որ նախագահությունը անցողիկ է, մինչդեռ թագավորական իշխանությունը՝ հավերժական։ Ավելին, Թրամփը չունի և չի կարող ունենալ այն լիազորությունները, որոնք ունեն նույնիսկ ժամանակակից միապետները՝ հողին տիրանալու իրավունք տրամադրելը։

Թրամփի ոչ մի նվաճում չի կարող ճանաչվել առանց «երկրի վրա Աստծո փոխարքաների»՝ միապետների հավանության։

Պարի միջազգային օր. Վաղը Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Ապրիլի 29-ին Երևանում իրականացվող Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ժամը 14:00-ից 17:30-ը կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փակ են լինելու Ամիրյան-Զաքյան, Արամի-Աբովյան, Արամի-Նալբանդյան, Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան խաչմերուկները, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցը (Դեղատան փողոցից սկսած):

Նախարարությունից հայտնել են, որ  Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես կգա «Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնությամբ, որի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։

Պարի միջազգային օրվան նվիրված լայնամասշտաբ հանրային մշակութային իրադարձությունը կմիավորի շուրջ 4000 պարողների՝

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող պետական պարային ստուդիաներից

Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությանից

Հայաստանի պարարվեստի ազգային միության կազմում գործող խմբերից

հանրաճանաչ պարային խմբերից

ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից

ՀՀ մարզերում գործող պարային խմբերից

Միջոցառման նպատակն է հանրայնացնել հայկական պարարվեստը, ընդգծել դրա կենսունակությունն ու նշանակալիությունը, ինչպես նաև ապահովել հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն ազգային պարարվեստի ժառանգության պահպանման ու արժևորման գործում։

Պարի միջազգային օրվա միջոցառումները կանցկացվեն մայրաքաղաքի կենտրոնում․

Ժամը 16:00` Հանրապետության հրապարակում կմեկնարկի «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագիրը կրող միջոցառումը, որը կազդարարի տոնական օրվա ծրագրի մեկնարկը:

Ժամը 18:00` Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում միաժամանակ կմեկնարկեն պարային ֆլեշմոբեր։

Ժամը 19:00` Ազատության հրապարակում կազդարարվի տոնական օրվա միջոցառումների ավարտը:

ԿԳՄՍ նախարարությունը և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հրավիրում են բոլորին՝ միանալու տոնին և մասնակցելու «Արի՛, պարի՛» նախաձեռնությանը՝ դառնալով հայկական պարի կրողն ու տարածողը։

Ի՞նչ կտա Զելենսկու այցը Հայաստան

Հայկական լրատվամիջոցները հայտնում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցի մասին Հայաստան՝ մայիսի 3-4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի նիստին մասնակցելու համար։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Զելենսկու այցը գաղտնի է պահվում։ Սակայն այն, որ Զելենսկին շուտով Հայաստան կայցելի, կարելի էր ենթադրել օրերս Ադրբեջան կատարած նրա անակնկալ այցից, որտեղ նա բանակցություններ է վարել Ալիևի հետ։ Չեխիայի և մի շարք եվրոպական երկրների ղեկավարները նույնպես այցելել են Բաքու՝ մինչեև այցելել Հայաստան։ Կասկած չկա, որ երևանյան գագաթնաժողովից հետո մյուս ղեկավարները ևս կայցելեն Բաքու՝ «հավասարակշռություն» պահելու համար։

Այնուամենայնիվ, Զելենսկու հարցը առանձնանում է։ Չնայած Ռուսաստանի և Հայաստանի դաշինքին, Պուտինին գործնականում արգելված է այցելել Հայաստան՝ Միջազգային քրեական դատարանի մեղադրանքներից ելնելով։ Մինչդեռ, Զելենսկու այցը Ռուսաստանում արդեն ընկալվում է որպես մարտահրավեր՝ Հայաստանի համար հետևանքներով։ Արդյո՞ք այդ հետևանքները «չեզոքացվելու» են եվրոպական միջամտությամբ։

Վերադառնալով Զելենսկիին, հարկ է հիշել, որ Եվրամիությունը վերջերս Ուկրաինային հատկացրել է 90 միլիարդ դոլարի վարկ, որը կուղվի ռազմարդյունաբերությանը։ Զուգահեռ, Զելենսկին ակտիվորեն շրջագայում է աշխարհով մեկ՝ գովազդելով ուկրաինական անօդաչուների և հակաօդային տեխնոլոգիաները։ Նա նմանատիպ առաջարկներ է արել Պարսից ծոցի արաբական պետություններին, Սիրիային և նույնիսկ Ադրբեջանին։

Դժվար է ասել, թե արդյոք նմանատիպ առաջարկ կարվի նաև Հայաստանին։ Դեռևս 2020 թվականի Արցախյան պատերազմից առաջ Զելենսկին բացահայտորեն աջակցում էր Ադրբեջանին. ընտրություններում հաղթանակից անմիջապես հետո նա լուսանկարվեց շաուրմայով SOCAR բենզալցակայանի առջև, իսկ պատերազմից հետո նա բազմիցս շնորհավորեց Ալիևին «Ղարաբաղի վերադարձի» կապակցությամբ։

Զելենսկին ակնհայտորեն նախընտրում է Ալիև-նվաճողի կերպարը Փաշինյանի կերպարին, որը ճնշում է ներքին ընդդիմությանը և ինքնությանը, մինչդեռ արտաքին քաղաքականության մեջ հարմարվողական է և հակված է տեղի տալ ճնշմանը։

Հայաստանում անցկացվող եվրոպական գագաթնաժողովները, որոնց Ալիևը հրաժարվեց մասնակցել, որոշակի խանդ են առաջացնում Բաքվում, և Ալիևն այժմ կոչ է անում եվրոպացի առաջնորդներին գոնե «պահպանել հավասարությունը»։ Սակայն Ալիևի մտերմությունը Էրդողանի հետ, Իրանի դեմ պատերազմ մտնելուց նրա փաստացի հրաժարումը, Օրբանի պարտությունը Հունգարիայում և Բաքվի ու Մոսկվայի միջև հարաբերությունների «վերականգնումը» Ալիևին դուրս են դնում եվրոպական հանրությունից։ Իսկ Հայաստանին ֆրանսիական զենքի մատակարարման մասին խոսակցությունների ֆոնին Ալիևի «օտարացումը» դառնում է ավելի ակնհայտ։

Ի՞նչ է Զելենսկին որպես «նվեր» բերելու Հայաստանին։ Կարո՞ղ է տեղի ունենալ այն, ինչ այսօր հաղորդել են հայկական թերթերը՝ Բաքվում պահվող 19 հայ բանտարկյալներից 11-ի վերադարձը։

Նոր անձնագրի վրա՝ զինանշանը, իսկ զինանշանի վրա՝ Արարատն ու ծովը

Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացը մտնում է եզրափակիչ փուլ։ Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է համակարգի ներդրման մանրամասները։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ սա կարևոր է նաև Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացն ավարտին հասցնելու տեսանկյունից, որպեսզի ՀՀ քաղաքացիները գործնականում առանց վիզայի կարողանան Եվրամիության երկրներում ճամփորդել։

Այնուհետև ՀՀ վարչապետն ու ներքին գործերի նախարարը քաղաքացիներին ներկայացրել են, թե ինչ տեսք է ունենալու ՀՀ նոր անձնագիրը։

«Առաջին փոփոխությունը գույն փոփոխությունն է։ Մենք որոշել ենք, որպեսզի կենսաչափական անձնագիրը կարմիր երանգ ունենա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անձնագրի առաջին էջի վրա՝ ձախ կողմում Հայաստանի ուրվագծային քարտեզը կլինի, իսկ աջ կողմում՝ ՀՀ զինանշանը և որոշակի տեքստային ինֆորմացիա։

Փաշինյանն իր ներածական խոսքում նշել է, որ կենսաչափական անձնագրերը և նույնականացման քարտերը քաղաքացիների համար հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։

Փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են, ինչպես նշվել էմ, հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ՝ նախ արտացոլված է Հայաստանի Հանրապետության քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Փաշինյանը ընդգծել է, որ որոշ տառեր ավելի մեծ են արտացոլված և որոշակի միտք ու տրամաբանություն կա դրա մեջ դրված.  «Մասնավորապես՝ «Ա» տառը՝ նկատի ունենալով ազատություն, անկախություն, «Ե» տառը՝ երջանկություն, «Է» տառը՝ նկատի ունենալով, որ գրաբարում «Է»-ն Աստված է նշանակում, Աստծուն ընդգծելով, «Ժ» տառը՝ ժողովրդին ընդգծելով, «Ի» տառը՝ ինքնիշխանությունն ընդգծելով, «Խ» տառը՝ խաղաղությունը, «Կ» տառը՝  կյանք, «Հ»-ն՝ Հայաստան, «Մ»-ն մարդ, «Ջ»-ն՝ ջուրն ենք ցանկացել ընդգծել նաև որպես կյանքի խորհրդանիշ,  «Ո» տառը, քանի որ նախնական տարբերակում «Օ» տառ չի եղել, նկատի ենք ունեցել օրենքը, օրինականությունը, «Պ» տառը՝ նկատի ենք ունեցել պետությունը, «Ս» տառը՝  նկատի ենք ունեցել սերը, «Ք» տառը՝ Քրիստոսին, որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն:

Տարբեր էջերում զետեղված պատկերները սկսվում են հայի ծագումնաբանությամբ՝ Հայկ Նահապետի պատկերով և Գեղամա լեռներում և Ուխտասարում հայտնաբերված ժայռապատկերներով: Այնուհետ՝ Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը: Էրեբունի ամրոցի պատկերը՝ վերականգնված գիտնականների կողմից: Հաջորդիվ՝ ներկայացված են Արտաշեսյան ժամանակաշրջանի սահմանաքարերը, որոնց վրա արամեերեն արձանագրություններ են: 

Հաջորդ էջում ներկայացված է Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը, որը խորհրդանշում է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու փաստը 301 թվականին:

Ներկայացված են ժամանակակից պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, Կառավարության շենքը, Ազգային Ժողովի շենքը, Սահմանադրական դատարանի շենքը: Պատկերվել են նաև Երևանի Կասկադը և Ալեքսանդր Թամանյանը՝ որպես ժամանակակից քաղաքաշինության նահապետ:

Այբբենական կարգով ներկայացված են Արագածի մարզը՝ Արագած լեռն ի չորս գագաթներով, Արարատի մարզը՝ Խոր Վիրապով, Արմավիրի մարզը՝ լավաշի թխման գործընթացով, այգիներով ու պտուղներով, Գեղարքունիքի մարզը՝ Սևանա լճով և 10-րդ դարի Բերդկունք ամրոցով, Կոտայքի մարզը՝ Գառնու հեթանոսական տաճարով, Լոռու մարզը՝ Լոռի բերդ ամրոցով, Շիրակի մարզը՝ Գյումրիի պատմական կենտրոնի փողոցով և հայտնի Ֆայտոնի տեսարանով, Սյունիքի մարզը՝ Բաղաբերդ ամրոցով, Տավուշի մարզը՝ Սրանոցի կամրջով, Վայոց Ձորի մարզը՝ Ջերմուկի ջրվեժով և Ջերմուկի հայտնի խորհրդանիշ եղնիկով:

Հատկանշական է, որ Խոր Վիրապի պատկերը այնպիսի ռակուսով է ներկայացված, որպեսզի չերևա Արարատ սարը։ Սայայն անձնագրի երեսին պատկերված է Հայաստանի զինանշանը՝ Արարատի և ծովի պատկերով։

Թրամփը դժգոհ է պատերազմը դադարեցնելու Իրանի առաջարկից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Մերձավոր Արևելքի հակամարտությանը վերջ դնելու Իրանի առաջարկից, քանի որ այն չի անդրադառնում Թեհրանի միջուկային ծրագրին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։

«Նրան դուր չի գալիս առաջարկը», – ասել է պաշտոնյան։

CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների, հաղորդել է, որ Թրամփը, հավանաբար, չի ընդունի Իրանի պլանը։ CNN-ի տվյալներով՝ Հորմուզի նեղուցի վերաբացումը՝ առանց Իրանի ուրանի հարստացման և պաշարների հետ կապված հարցերը լուծելու, կարող է զրկել ԱՄՆ-ին բանակցություններում հիմնական լծակներից։ Մյուս կողմից, Հորմուզի նեղուցի շրջափակման պահպանումը կերկարաձգի էներգակիրների բարձր գները, որոնք արդեն բերել են գազի գների կտրուկ աճի ԱՄՆ-ում, հավելել են նրանք։

Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփը նախկինում քննարկել է իրանական նախաձեռնությունը իր ազգային անվտանգության ավագ խորհրդականների հետ։ Թեհրանը առաջարկել է դադարեցնել պատերազմը Միացյալ Նահանգների հետ և Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումները՝ պայմանով, որ Իրանի նավահանգիստների ամերիկյան շրջափակումը վերացվի, և միջուկային բանակցությունները հետաձգվեն։

Հրապարակ․ գերիներին կվերադարձնեն, բացառությամբ Արցախի ղեկավարության

Հրապարակ թերթի տեղեկություններով, Ալիեւն ուզում է մինչեւ ՀՀ ընտրությունները գերիների 2 խմբի վերադարձնել Հայաստանին: Մի խմբում կլինեն 8 հոգի, մյուսում` 3: Բացառությամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, 19 գերիներից 11-ը, որոնց մեծ մասը 2020 թվականից ի վեր Բաքվի բանտում տառապում էր, կվերադառնա հայրենիք:

Ապրիլի 28-ին և 29-ին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ օդերևութաբանները կանխատեսում են օդի ջերմաստիճանի անկում ամբողջ Հայաստանում։

Ապրիլի 28-ից 30-ը որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ՝ ամպրոպով, հնարավոր է կարկուտ, իսկ լեռներում՝ ձյուն։

Ապրիլի 28-ին և 29-ին ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով։

Ապրիլի 28-ին ջերմաստիճանը կլինի՝ +14°C Շիրակում, +16°C Կոտայքում, +12°C Գեղարքունիքում, +15°C Լոռիում, իսկ Տավուշում և Արագածոտնում +18°C։ Արֆրֆտում, Արմավիրում և Վայոց ձորում ջերմաստիճանը կլինի +20°C, իսկ Սյունիքում՝ +15°C։

Երևանում նույնպես սպասվում են կարճատև անձրևներ՝ ամպրոպով, ինչպես նաև փոթորկային քամի (16-19 մ/վ)։ Ջերմաստիճանը կբարձրանա մինչև +18°C։

Բարևներ Հորմուզից․ հեղուկ գազը Հայաստանում կտրուկ թանկացել է և անհետացել

Հայաստանում հեղուկ գազի սուր դեֆիցիտ է առաջացել: Գազալցակայանների մեծ մասը կա՛մ ընդհանրապես չի աշխատում, կա՛մ վառելիքը տրամադրում է սահմանափակ քանակությամբ և կտրուկ բարձրացած գներով: Եթե դեռ մեկ շաբաթ առաջ հեղուկ գազի մեկ լիտրի միջին արժեքը 190 դրամ էր, ապա այսօր Արմավիրում և Հրազդանում այն հասել է 270 դրամի, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ 300 դրամի:

Տնտեսագետները նշում են, որ պատերազմը Իրանում, նաև Հորմուզի փակումը գրեթե զրոյացրել են Իրանից և Իրաքից Հայաստան եկող հեղուկ գազի մատակարարումները։ Վերջին օրերին փակ էր նաև Վերին Լարսը, այսինքն, չկան նաև Ռուսաստանից մատակարարումներ, և դա միանգամից բերեց կրիզիսի։

«Վերին Լարսի» բացումը մասամբ կթուլացնի լարվածությունը, սակայն համակարգային խնդիրները չի լուծի, ասում են փորձագետները։

Որ խոսքերի համար են ձեռբակալել Արթուր Ավանեսյանին ու ևս երեք հոգու․ ծիծաղելի էլ չի

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։

Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։ 

Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից հրապարակված հեռախոսազրույցների ձայնագրություններում Արթուր Ավանեսյանը (Կանդազ) խոսում է երեք արցախցիների հետ՝ կոչ անելով նրանց մասնակցել ընտրություններին և քվեարկել «Հզոր Հայաստանի» օգտին։ Ձայնագրություններում կաշառքի մասին որևէ խոսք չկա. զրույցներում Ավանեսյանը խոսում է արցախյան բարբառով. «Եթե մեզ ձայն տաք, կունենաք և աշխատանք, և հող, և տուն»։

«Հզոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը գրել է, որ Կանդազը ձերբակալվել է իր վերջին երեք բառերի համար, չնայած այդ «խոստումները» ներառված են կուսակցության նախընտրական ծրագրում.

Համ աշխատանք ենք ունենալու (300.000 աշխատատեղ) ,

Համ հողն ենք մեր ունենալու (Ուժեղ խաղաղություն) ,

Համ մեր տունն ենք ունենալու – (20.000 մատչելի բնակարան):

Եթե այսպես գնա, հունիսի 7-ին կձեռբակալեն բոլոր ընտրողներին, որոնք հեռախոս ունեն։

Գերմանիայի կանցլեր. Իրանը նվաստացնում է ամերիկացիներին, իսկ Ուկրաինան կկորցնի տարածքներ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ Միացյալ Նահանգները «ակնհայտորեն» չունի Իրանի դեմ պատերազմի ռազմավարություն, այդ թվում տեսլական՝ թե ինչպես այն պետք է ավարտվի։ «Այս պահին ես չեմ հասկանում, թե ինչ ռազմավարական տարբերակ կընտրեն ամերիկացիները, հատկապես որ իրանցիները ակնհայտորեն շատ հմուտ են բանակցություններում, կամ, ավելի ճիշտ, շատ հմուտ են չբանակցելու հարցում», – ասաց նա երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, Գերմանիայի արևմտյան Մարսբերգ քաղաքի մարզադահլիճում աշակերտների հետ հանդիպման ժամանակ։

Հետևաբար, ասաց նա, Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշումը անմտածված էր։ Նա հույս հայտնեց, որ այն արագ կավարտի։ Այնուամենայնիվ, Մերցը չի կարծում, որ Իրանում պատերազմը, հավանաբար, շուտով կավարտվի։

«Իրանցիները, ակնհայտորեն, ավելի ուժեղ են, քան մենք կարծում էինք, և ամերիկացիները չունեն իսկապես համոզիչ բանակցային ռազմավարություն», – բացատրեց նա։ Միևնույն ժամանակ, ռազմական հակամարտության ընթացքում Իրանի ղեկավարությունը, մասնավորապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), «նվաստացնում» է ամերիկյան ազգին, կարծում է Մերցը։

Նա նաև կրկնեց, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ՝ առանց եվրոպացիների հետ նախնական խորհրդակցությունների: Կանցլերը նշեց, որ արդեն երկու անգամ իր կասկածամտությունն է հայտնել այդ գործողությունների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Եթե ես իմանայի, որ սա կտևի հինգ կամ վեց շաբաթ և միայն կվատանա, ես նրան ավելի կտրականապես կասեի դա», – հավելեց նա: Այդ մասին հայտնում է DW-ն։

Ուկրաինան, հավանաբար, կկորցնի որոշ տարածքներ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում, բայց միևնույն ժամանակ պետք է ունենա Եվրամիությանը միանալու հեռանկար, ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հաղորդում է Reuters-ը:

«Որոշ պահի Ուկրաինան կստորագրի հրադադար, որոշ պահի, հուսով եմ, նաև խաղաղության պայմանագիր Ռուսաստանի հետ: Այդ դեպքում, հնարավոր է, Ուկրաինայի տարածքի մի մասը դադարի լինել ուկրաինական», – ասաց Մերցը:

Նրա կարծիքով, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ մասին հայտարարի բնակչությանը և փորձի ապահովել աջակցություն հանրաքվե անցկացնելով, նա պետք է կարողանա նաև ժողովրդին ասել. «Ես ձեզ համար բացել եմ Եվրոպա տանող ճանապարհը»: