Իսրայելի հետ համագործակցության համար մահապատժի է ենթարկվել Իրանի քաղպաշտպանության կոմիտեի ղեկավարը

Մահապատժի է ենթարկվել Իրանի ամենագաղտնի կազմակերպություններից մեկի՝ քաղաքացիական պաշտպանության կոմիտեի ղեկավար Մեհդի Ֆարիդը։ Դրա մասին հայտնում է Tabnak գործակալությունը։

Նա կախաղան է հանվել Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադի» հետ համագործակցության համար։

Նյու Յորքի քաղաքապետն ասաց այն, ինչ պետք է հայտարարեր Հայաստանի կառավարությունը

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերին, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում, մենք պետք է թույլ չտանք պատմության կրկնությունը։ Այս մասին ապրիլի 24-ին  հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։

«2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից արտաքսեց ավելի քան 100 հազար հայերի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ։

Հիշատակի այս օրը մենք վերահաստատում ենք հայ ժողովրդի և բոլոր ժողովուրդների՝ ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը»,- նշել է նա։

Սա այն է, ինչ պետք է հայտարարեր Հայաստանի կառավարությունը, որը գերադասում է կապ չտեսնել 1915 թ․ Հայոց ցեղասպանության և 2023-ին Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների միջև։ Ավելին, կառավարությունը, համարելով ցեղասպանության մեջ մեղադրանքները վտանգավոր, պատրաստվում է նոր Սահմանադրություն ընդունել, որով կճանաչի և կօրինականացնի ցեղասպանությունների հետևանքները։

Գիտաժողով Գորիսում՝ նվիրված Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցին

Ապրիլի 23-ին Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցին։

Ողջույնի և բացման խոսքով հանդես եկան Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, բ.գ.թ., դոցենտ Մհեր Քումունցը:

Գիտական զեկույցներով հանդես եկողների շարքում էր նաև Արցախից բռնատեղահանված, «Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Ժորա Հայրապետյանը։ Նրա գիտական զեկույցը «Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները. Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) մշակութային արժեքների ոչնչացումը Ադրբեջանի կողմից» թեմայով էր (գիտական ղեկավար՝ պգթ, իրավ դոցենտ Մ Թելունց):

Արցախցի ուսանողն իր զեկույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանությանը

-2023 թվականի սեպտեմբերին արցախահայությունը բռնի տեղահանվեց իր հայրենիքից՝ Արցախից, այնտեղ թողնելով նաև հարուստ հայկական ժառանգություն։ Ադրբեջանական վանդալիզմի զոհ են դառնում Արցախի պատմամշակութային արժեքները։

Չնայած դիվանագիտական ջանքերին և միջազգային արձագանքներին, Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու իր արշավը՝ լուրջ մարտահրավերներ ներկայացնելով Արցախում մշակությաին արժեքների պահպանության ջանքերին։ Այս արձագանքներն ընդգծում են մշակութային արժեքների պահպանմանն ուղղված համաձայնեցված համընդհանուր ջանքերի հրատապ անհրաժեշտությունը։ Արցախում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացման սպառնալիքի տակ է, և ողջ մարդկությունը պետք է պաշտպանի արդարության, մարդու իրավունքների և մշակութային բազմազանության սկզբունքները՝ մարդկության պատմության և մշակույթի հարուստ արժեքները գալիք սերունդներին փոխանցելու համար։

Մշակութային արժեքների ոչնչացումը և ավերումը խոր զգացմունքային հետևանքներ է թողնում տուժած համայնքի համար՝ համարվելով արցախահայերի և ողջ հայության մշակույթի իրավունքի իրացման կոպիտ խախտում․․․

Գիտաժողովի ավարտին մասնակիցները ստացան Ջիվան Արիստակեսյանի «Հանդիմանություն» գիրքը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Թրամփը ապրիլի 24-ի ուղերձում խոսել է տարածաշրջանի խաղաղ ապագայի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանությունը դարձյալ անվանել է Մեծ Եղեռն:

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ: Մարդկության պատմության այս դաժան գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն: Մեր հարգանքն ենք տածում այն խորը ուժի ու վճռականության հանդեպ, որը ցուցաբերեցին հայերը՝ հաղթահարելով անցյալի ահռելի ողբերգությունները և կերտելով ավելի լավ ապագա, որը սահմանված է տևական բարգավաճմամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ: Մենք կանգնած ենք նրանց կողքին», – նշված է Թրամփի ուղերձում:

Դոլանդ Թրամփը ուղերձում խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերություններից ու իր ստեղծած Խաղաղության խորհրդից. – «Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին կշարունակեն աշխատանքը՝ ուղղված առավել անվտանգ և բարգավաճ աշխարհի կառուցմանը: Իմ վարչակազմն ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ հայ ժողովրդի համար զգալի հնարավորություններ ստեղծելով և խթանելով երկարատև կայունությունը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում: Եվ այժմ, ամերիկացիներն ու հայերը կողք կողքի կանգնած են Խաղաղության պատմական խորհրդում՝ միավորված մեր նպատակի շուրջ՝ ուժի միջոցով խաղաղության նոր դարաշրջան ազդարարելու համար»:

Միացյալ Նահանգները թե՛ նախագահի, թե Կոնգրեսի զույգ պալատների մակարդակներով պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականից սկսած իր ապրիլքսանչորսյան ուղերձներում գործածել է հենց Հայոց ցեղասպանություն տերմինը:

Դոնալդ Թրամփն իր առաջին նախագահության շրջանում ևս Հայոց ցեղասպանության վերաբերյալ օգտագործել է Մեծ Եղեռն (Meds Yeghern) տերմինը, որն առաջինը 2009 թվականին կիրառել էր ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման:

Նոր Սահմանադրության թեստ․ ապրիլի 24-ին հայերը և աշխարհը բարձրաձայնեցին “ոչ”-ը

Ապրիլի 24-ը հայ ժողովրդի տրամադրությունների յուրատեսակ թեստ էր նոր Սահմանադրության նկատմամբ, որը հղում չի անելու Անկախության հռչակագրին: Հիշեցնենք, որ Անկախության հռչակագիրը ուրվագծում է հայկական պետության հիմքերը, այդ թվում՝ 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին բանաձևը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հետևանքները լուծելու անհրաժեշտությունը։

Մինչդեռ Հայաստանի հասարակությունը բաժանված է ընտրությունների հարցում, դատելով 2026 թվականի ապրիլի 24-ից, միջազգային հանրությունը և Հայաստանի ժողովուրդը միանշանակ պատրաստ չեն հրաժարվել ազգային իրավունքներից և, հետևաբար, ընդունել նոր Սահմանադրություն: Նրանք հրաժարվում են նոր աշխարհակարգը կրկին կառուցել հայերի ոսկորների վրա, ինչպես դա արվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Եթե չլուծվեն Հայոց ցեղասպանության հետևանքները, նոր աշխարհակարգը կլինի թերի և կարճատև։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ, այսօր՝ ապրիլի 24–ին, մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել։ Նրանք պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է. «Մենք պահանջատեր ենք մեր հողերին»։ Մեկ այլ պաստառի վրա վիլսոնյան Հայաստանի քարտեզն է, որի վրա գրված է, Սա է մեր երկիրը, մեր հողերը»։

Հայ քաղաքական ուժերը և հանրությունը դեմ են ազգային իրավունքներից և պահանջներից հրաժարվելուն, թեկուզ նշում են, որ տարածքային պահանջներ էլ չունեն: Պահանջատիրության բացակայությունը սակայն “հերքվում է” դեպի Ծիծեռնակաբերդ անվերջ մարդկային գետով։

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ՝ չնայած ցեղասպանության կապանքներից ազատվելու սեփական կոչերին:

Եթե մենք ինքներս հրաժարվենք մեր պատմությունից կամ սկսենք այն աղավաղել, ուրիշներն այն կգրեն մեր փոխարեն։ Եվ այդ տարբերակում մեզ պարզապես տեղ չի մնա՝ ոչ որպես սուբյեկտ, ոչ որպես ձայնի իրավունք ունեցող ժողովուրդ, ասել է Արման Թաթոյանը։

Մեզ անհրաժեշտ է ազգային հիշողության այնպիսի մոդել, որը՝ միավորում է հայերին՝ անկախ բնակության երկրից, ձևավորում է կայուն ինքնություն, և օգնում է որոշումներ կայացնել՝ ելնելով սեփական փորձից, այլ ոչ թե օտարների մեկնաբանություններից կամ շահերից, ասել է նա։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ լիագումար նիստի ելույթում ասել է, որ ցեղասպանությունը շարունակվում է։ 2023 թվականին հայերը կրկին բախվեցին մարդկության դեմ ծանր հանցագործության՝ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտմանը։ Ավելի քան 100.000 հայերի ստիպեցին լքել իրենց հայրենիքը։

111 տարի առաջ ասում էին՝ հայերը չպետք է այստեղ ապրեն, մեզ համար խնդիր են, պետք է իրենց կոտորել։ Հետո Արցախում նորից ասում են՝ հայերը չպետք է էստեղ ապրեն, մեզ խանգարում են, էթնիկ զտում պետք է լինի։ հետո գալիս է միջանցքի խոսակցությունը, որ ասում են՝ մենք պետք է գնանք–գանք, բայց դուք չպետք է այստեղ կանգնեք, նշել է Էդմոն Մարուքյանը։

Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պատմական արդարության վերականգնման հարց է և չի ենթադրում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է «Հզոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մենք հետաքրքրված ենք մեր հարևանների հետ նորմալ հարաբերություններով, բայց այդ հարաբերությունները չպետք է կառուցվեն մոռացության, այլ արդարության վրա։ Վաղ թե ուշ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների, բայց կարևոր է, որ ճշմարտությունը հասցվի թուրքական հասարակությանը», – նշեց նա։

«Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը» կոնֆերանսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին ԱԳ նախարար Արա Այվազյանը նշեց, որ ազգերը անհետանում են, երբ մոռանում են, թե ինչու են գոյություն ունենում։ Հարյուր տարի առաջ մեր նախնիները կորցրեցին ամեն ինչ, բացի անցյալի հիշողությունից։ «Մեր ժամանակակից հերոսները նույնպես զոհաբերեցին իրենց կյանքը, որպեսզի մենք չկորցնենք հիշելու իրավունքը», – ասեց Արա Այվազյանը։

Հայաստանի բարեկամական երկրներում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության տարելիցը

Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարելիցը և խոնարհվում է զոհերի հիշատակի առջև: Այս մասին X-ի էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Այս ապրիլի 24-ին Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարելիցը և խոնարհվում զոհերի հիշատակի առջև: Սա առիթ է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անքակտելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանին, իսկ ֆրանսիացիներին՝ հայերին»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերի հիշատակին:

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը հարգանքի տուրք է մատուցել՝ ծաղիկներ խոնարհելով հայ զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում են դեսպանությունից։

«1914–1921 թվականներին հայերի նկատմամբ իրականացված կոտորածներն ու այլ հանցագործությունները սարսափելի ողբերգություն էին։ Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի և տարածաշրջանի խաղաղ ու կայուն ապագայի ուղղությամբ»,- գրել է դեսպանը։

Ապրիլի 24-ին Բեռլինի Սուրբ Հեդվիգ Մայր տաճարի բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որը կազմակերպվել էր Գերմանիայում Հայաստանի դեսպանության կողմից։

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին, այնուհետև ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Վրաստանի հայ համայնքը հայտարարել է, որ իրենց թույլ չեն տվել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության օրը, Թուրքիայի դեսպանատան դիմաց խաղաղ ցույց անցկացնե։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարություն է տարածել։ Նա հիշեցրել է, որ 2006 թվականին Կանադան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 

«Ատելությանը դիմակայելու պատասխանատվությունը պատկանում է մեզ բոլորիս, և այդ պատասխանատվությունը սկսվում է հիշողությունից։ Հիշողության միջոցով մենք պարտավորվում ենք զգոն լինել, որպեսզի այս վայրագությունները երբեք չկրկնվեն»,-ընդգծել է Կանադայի վարչապետը։

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ պատմական ճշմարտության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ պայման է։

«Հելլենիզմի համար, որն իր բարեկամ հայ ժողովրդի հետ կիսում է հալածանքների և ողբերգությունների պատմական փորձը, հիշատակի միջոցառումները պարզապես տարելից չեն։ Դրանք մշտական հիշեցում են, որ պատմական ճշմարտության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ պայման է՝ ապահովելու համար, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները երբեք չկրկնվեն։ Այլևս երբե՛ք»,-իր գրառման մեջ նշել է հույն պաշտոնյան։

Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ կոչ անելով պահպանել պատմական հիշողությունը։

«Մենք խոր վշտով հիշում ենք այդ հումանիտար ողբերգության զոհերին եւ մտորում ենք դիմադրողականության եւ ինքնության նկատմամբ հավատարմության իմաստի մասին»։

Նա նշել է, որ Լիբանանը դարձել է հայերի համար ապաստան, ովքեր այնտեղ գտել իրենց երկրորդ հայրենիքը, նպաստել նրա զարգացմանը եւ դարձել նրա ազգային «հյուսվածքի» եւ հարուստ բազմազանության անբաժանելի մասը։

Հայոց եկեղեցու պատրիարքներ․ ո՜չ ուրացման, պետք է հատուցում, Արցախի ցեղասպանություն

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձում։

«Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ։ Այս ծանր կացության և առկա սպառնալիքների հանդիման, մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը։ Հիրավի, համազգային միասնականությամբ է, որ կարող կլինենք արդյունավորելու ջանքերը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և արգասավորելու քայլերն ու նախաձեռնությունները՝ հանուն ազգային առաջընթացի և խաղաղ ու անվտանգ կյանքի», ասված է Գարեգին Բ-ի ուղերձի մեջ։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն շեշտեց, որ իրենք մերժում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական ու տնտեսական ցանկացած հարաբերություն, որը կլինի ի հեճուկս ազգային գերագույն իրավունքների։
«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և մեր բռնաբարված իրավունքների համար վնասի հատուցումը, Արցախի ժողովրդի վերադարձը և միջազգային երաշխիքներով ինքնավարության վերականգնումը, կրոնական և պատմական հուշարձանների պաշտպանությունը և Բաքվից հայ գերիներ ազատ արձակումը մնում են պահանջատիրության հիմնական սկզբունքները ու հավաքական պահանջը»,– հավելեց նա։
Ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը, այս մասին հայտարարել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում։

«Պէտք է ընդունինք, թէ այս հողերուն տակ թաղուած են ոչ միայն մեր ցաւերը, այլ նաեւ ուրիշներու վէրքերը։ Միայն մեր պատմութիւնը պատմելով չէ, որ կը գտնենք ճշմարիտ հանգուցալուծում։ Պարտաւոր ենք նաեւ լսել ուրիշներուն, ըմբռնել անոնց ապրումները եւ փորձել գտնել այն ընդհանուր եզրերը, որոնք կրնան հիմք ծառայել ապագայի համար։

Այս իմաստով, մենք կը վերահաստատենք մեր կոչը՝ Հայ եւ Թուրք ժողովուրդներու միջեւ խաղաղութեան, հաշտութեան եւ բարեկամութեան հաստատման համար»,ասված է ուղերձի մեջ։

Ոչ ուրացումը, ոչ ալ թշնամանքը կրնան բուժել վէրքերը։ Նոյնպէս քաղաքական շահարկումները չեն ծառայեր ժողովուրդներու մերձեցման, ասել է Պոլսո պտրիարքը։

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար, հարգարժան Ջերի Փիլյը միացել է աշխարհի հայերին, եւ հատկապես Հայ Առաքելական եկեղեցուն, հանդիսավոր հիշատակի եւ աղոթքի համար։

Փիլեյը խոր մտահոգություն է հայտնել 2023թ․ Արցախից հայերի հարկադիր տեղահանման եւ տառապանքների առիթով, որոնք հանգեցրել են ողջ բնակչության զանգվածային արտագաղթին իրենց պատմական հայրենիքից։

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը համերաշխություն է հայտնում բոլոր տուժածներին՝ աղոթք բարձրացնելով բուժման, պաշտպանության եւ իրավունքների ու արժանապատվության վերականգնման համար»,- ասել է նա։ «Միեւնույն ժամանակ, մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության եւ խաղաղության ուղղությամբ շարունակվող ջանքերը»։

Փիլեյն ընդգծել է, որ արդար եւ երկարատեւ խաղաղությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի լիակատար հարգման վրա, ներառյալ տեղահանված անձանց անվտանգ եւ արժանապատիվ տուն վերադառնալու իրավունքը, կրոնական եւ մշակութային ժառանգության պաշտպանությունը եւ մարդու հիմնարար իրավունքների պահպանումը։

Պուտինը, որը 2015-ին Երևանում չարտասանեց «ցեղասպանություն» բառը, փոխել է իր դիրքորոշումը

Միջազգային հանրությունը պետք է միավորի ուժերը՝ կանխելու համար Հայոց ցեղասպանության նման բարբարոսության կրկնությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինը, որը Ֆրանսիայի նախագահի և այլ պետությունների ղեկավարների հետ միասին մասնակցում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին, իր ելույթում ոչմի անգամ չօգտագործեց «ցեղասպանություն» բառը։

Չնայած Ռուսաստանի Պետդումայի կողմից 1995 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Ռուսաստանի ղեկավարությունը միշտ խուսափել է «ցեղասպանություն» բառից՝ վերահաստատելով իր բարեկամությունը Թուրքիայի հետ։

Այսօր Պուտինը արտաբերեց “ցեղասպանություն” բառը։

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Անպաշտպան, անմեղ մարդկանց դաժան կոտորածը, որոնք սպանվեցին, վիրավորվեցին և վտարվեցին իրենց հայրենի քաղաքներից ու գյուղերից, ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, և դրա աղետալի հետևանքները հստակ ցույց տվեցին կրոնական ատելության, ազգայնականության և քսենոֆոբիայի հրահրման հետևանքները», – ասվում է Պուտինի՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների մասնակիցներին ուղերձում, որը տեղադրվել է Կրեմլի կայքում։

Պուտինը նշել է, որ այդ տարիների հալածանքներն ու ճնշումները չբուժված վերք են թողել հայերի բազմաթիվ սերունդների համար, սակայն նրանց կրած ողբերգությունը միավորել է մարդկանց, ովքեր ցուցաբերել են անսասան նվիրվածություն ավանդույթներին, իմաստությանը և քաջությանը։

Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միշտ անփոփոխ է եղել, և դեռևս 1915 թվականի մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որով դատապարտվել է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը որպես մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն, իսկ ավելի ուշ՝ 1995 թվականի ապրիլի 14-ի Պետդումայի հայտարարության մեջ, ասվում է ուղերձում։

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի որդիներն ու դուստրերը կշարունակեն գնահատել իրենց ազգային ինքնությունը, հազարամյակների մշակույթը, լեզուն, ազատությունը և հոգևոր արժեքները։

«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք», – ասվում է Ռուսաստանի ղեկավարի ուղերձում։

Արևմտյան հետախուզություններ. Չինացի հաքերները գործում են սառնարանների միջոցով

Չինաստանի կառավարության անունից գործող հաքերները պարբերաբար շահագործում են վարակված սարքերի, ինչպիսիք են տնային ռոութերները և խելացի սառնարանները, լայնածավալ ցանցեր՝ արևմտյան երկրների ենթակառուցվածքների և կառույցների վրա կիբերհարձակումներ իրականացնելու համար: Այս եզրակացությանն են հանգել անվտանգության գործակալությունները, այդ թվում՝ «Հինգ աչքեր» հետախուզական դաշինքին մասնակցող երկրների գործակալությունները, հաղորդում է Financial Times (FT)-ը։

Չինաստանի կիբերմարտավարության «նշանակալի փոփոխությունը» դժվարացրել է դրա հետ կապված հաքերների նույնականացումը, իսկ նրանց ենթադրյալ փորձերը՝ գողանալ գաղտնի տվյալներ և միջամտել այնպիսի օբյեկտների, ինչպիսիք են էլեկտրակայանները և կապի ցանցերը, ավելի հաջողակ են դարձել, ասվում է Գերմանիայի, Ճապոնիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի և Շվեդիայի հետախուզական ծառայությունների, ինչպես նաև «Հինգ աչքեր» դաշինքին մասնակցող երկրների հետախուզական ծառայությունների համատեղ հայտարարության մեջ։

Թրամփը բացառեց Իրանին միջուկային հարվաը և հայտարարեց Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի երկարաձգման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտադիրվում միջուկային զենք կիրառել Իրանի դեմ՝ պնդելով, որ ԱՄՆ զինված ուժերն արդեն ոչնչացրել են իրանական բանակի ռազմական ներուժը: Սպիտակ տունը նաև հրամայել է կրակ բացել Հորմուզի նեղուցում ականապատող նավերի վրա և հայտարարել, որ Իսրայելն ու Լիբանանը երեք շաբաթով երկարաձգել են հրադադարը։

Քանի դեռ Իրանն ու ԱՄՆ-ն խաղաղության բանակցությունների ուղղությամբ շարժվելու որևէ նշան չեն ցուցաբերում, Հորմուզի նեղուցը մնում է գրեթե ամբողջությամբ փակ։

Թեհրանը թույլ չի տալիս ԱՄՆ դաշնակիցների հետ կապված համարվող նավերի անցումը, մինչդեռ ԱՄՆ ռազմանավերը պահպանում են Իրանի ծովային շրջափակումը։

Պենտագոնը հերքում է այն տեղեկությունները, որ ԱՄՆ ռազմածովային ուժերին կարող է մինչև վեց ամիս պահանջվել առևտրային երթուղին ականազերծելու համար: «Հորմուզի նեղուցի վեցամսյա փակումը անհնարին սցենար է և լիովին անընդունելի է պաշտպանության նախարարի համար», – BBC-ին ասել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը։

Bloomberg-ը հաղորդում է, որ նավթի գները շարունակում են աճել արդեն հինգերորդ օրն անընդմեջ՝ Հորմուզի նեղուցի փակման մասին լուրերի ֆոնին: Հինգշաբթի օրվա վերջին Brent նավթի մեկ բարելը վաճառվում էր մոտ 105 դոլարով, իսկ այս շաբաթ այն աճել է մոտ 16%-ով։

Հինգշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփին հարցրել են, թե արդյոք ամերիկացիները պետք է սովորեն բենզինի բարձր գներին մոտ ապագայում։

ԱՄՆ նախագահը ուղղակիորեն չի պատասխանել, բայց ասել է. «Գիտե՞ք, թե ինչ են նրանք ստանալու դրա դիմաց: Գիտե՞ք, թե ինչ են նրանք ստանալու: Իրան՝ առանց միջուկային զենքի, որը կարող են օգտագործել մեր քաղաքներից մեկը պայթեցնելու կամ ամբողջ Մերձավոր Արևելքը պայթեցնելու փորձ կատարելու համար»։

Թրամփը նաև հայտարարել է, որ Լիբանանն ու Իսրայելը որոշել են երկարաձգել հրադադարը երեք շաբաթով: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այս որոշումը կայացվել է Իսրայելի և Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Օվալաձև աշխատասենյակում իր հանդիպումից հետո։

«Միացյալ Նահանգները կհամագործակցի Լիբանանի հետ՝ Հեզբոլլահից պաշտպանվելու համար», – գրել է Թրամփը իր սոցիալական ցանցում՝ Truth Social-ում։

Նա հավելել է, որ շուտով մտադիր է Վաշինգտոնում հյուրընկալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին։

Լիբանանում հրադադարը Իրանի պահանջներից մեկն էր Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։

Հեզբոլլահը նախկինում հայտարարել էր, որ կհամաձայնվի դադարեցնել Իսրայելի ռմբակոծությունը երկու պայմանով՝ իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանից և «լռություն լռության դիմաց» սկզբունքը։ Սակայն Նեթանյահուն ասել է, որ չի համաձայնի որևէ մեկին։

Փաշինյանը կոչ է անում դուրս գալ ցեղասպանության և պանդուխտության շրջանից

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ: Հուշարձանի մոտ Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարում էր ՀՀ օրհներգը։

Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։

Փաշինյանը ասում է, որ մենք հասել ենք նպատակին՝ պետություն և խաղաղություն, քանի որ “հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների, մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա”։

Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս, նշել է Փաշինյանը։

“Մեր գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված է, որ մեծ եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19-րդ դարի կեսերից և իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին”, ասել է Փաշինյանը։

“Այն ուժերը, որոնք հանդես են գալիս կորսված հայրենիքը վերադարձնելու պատմական սահմանների և արդարության վերականգնման կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է”, ասել է Փաշինյանը։

Սան Ստեֆանոյի կոնֆերանսի, դավադրության և Հայաստանի ներկայիս սահմանների մասին հիշած Նիկոլ Փաշինյանը չի հիշատակել ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը, որը գործում է առ այսօր և սահմանում է “խորհրդային” Հայաստանի տարածքը՝ առանց Արցախի, Նախիջենաի, Կարսի և Արարատ լեռան։

Այդ պայմանագրով սահմանված իրողությունների ճանաչումը արդեն հանգեցրել է ցեղասպանության շարունակությանը՝ Նախիջևանի և Արցախի հայաթափմանը, կանաչ լույս բացելով մնացյալ Հայաստանի հայաթափմանը։ Դրա վկայությունն է՝ Փաշինյանի ուղերձում և Քաղաքացիակայն պայմանագրի նախընտրական ծրագրում “ազգային” բառի ի սպառ բացակայությունը։ Ո՞վ է ապրելու ոչ ազգային Հայաստանում։

 

 

Սարգսյանը բացահայտում է գաղտնիքները, Քոչարյանը զղջում է իր հաջորդողի համար

Չնայած որ Սերժ Սարգսյանի Հանրապետական ​​կուսակցությունը հրաժարվեց մասնակցել 2026-ի ընտրություններին, երրորդ նախագահի գործոնը դառնում է առանցքայինը ընտրարշավում։

Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները նրան մեղադրում են Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ, մինչդեռ ինքը Սարգսյանն ակնարկում է, որ փորձում էր խուսափել Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներից, իսկ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանն ընտրություններին միևնույն է մասնակցում է՝ Սամվել Կարապետյանին աջակցելով։

2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանն հրաժարական տվեց՝ փաստացի կանխելով Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում։ Սերժ Սարգսյանի հեռանալը ուրախություն առաջացրեց Ռուսաստանում. Մարիա Զախարովան չէր թաքցնում գոհունակությունը Սարգսյանի հեռանալուց, որն անհարմար բանակցող էր Մոսկվայի համար։ Սարգսյանը քիչ էր մնում ստորագրեր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր։ Հետո Ռուսաստանը հազիվ կարողացավ Սերժ Սարգսյանին ներքաշել Եվրասիական միություն, ապա Լուկաշենկոյի միջոցով խոստովանեց, որ Ալիևը Սարգսյանին 5 միլիարդ դոլար էր առաջարկել Ղարաբաղի համար, բայց նա հրաժարվել է։

Ամբողջական տեղեկատվության բացակայության պայմաններում քաղաքական գնահատականներ տալը անշնորհակալ գործ է, բայց փաստն այն է, որ Սարգսյանը, որը փորձեց կանխել Հայաստանի միացումը Միութենական պետությանը, ի վերջո իշխանության բերեց Փաշինյանին, իսկ նրա կառավարման արդյունքները ակնհայտ են։

Այսօր Սերժ Սարգսյանն «խոստովանություն» արեց։

“Ութ տարի առաջ իմ հրաժարականի հայտարարությունում ես գրել էի մի նախադասություն, որը տեքստի շահառուներից մեկի խմբագրման և իմ «ոխերիմ» ընկերների հաջորդիվ մանիպուլյացիայի պատճառով փորձեցին դարձնել խարան ինձ համար”, գրել է Սերժ Սարգսյանը։

Խոսքը “Ես սխալ էի, Նիկոլը ճիշտ” նախադասության մասին է, որը, ինչպես ասում են, իսկզբանե հնչում էր այլ ձև՝ Ես սխալ էի, Նիկոլը և Կարենը ճիշտ”։  Փաշինյանը կուսակցությունն այդպես էլ չընտրեց ռուսամետ համարվող Կարեն Կարապետյանին վարչապետ։

Սարգսյանը ասում է, որ 2018-ին, դրժելով սեփական խոստումը, ընտրվեց վարչապետ, քանի որ ուզում էր “ապահովել Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունը”։ “Ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի։ Ինձ համար ակնհայտ էր, որ բանակցային այդ փուլում բանակցողի փոփոխությունը, բանակցությունների պատմության զրոյացումը ողբերգական հետևանք է ունենալու. մի բան, որը տեղի ունեցավ”, գրել է նա։

Խոսելով 2021 թ․ ընտրություններին “ստիպված” մասնակցելու մասին, Սերժ Սարգսյանն ասել է, որ այն ժամանակ ակնհայտ էր, որ “44 օր «հաղթելու ենք» ստով կապիտուլյացիա ստորագրած խաբեբան, ով 2021-ի քարոզարշավին խոստանում էր Արցախի դեօկուպացիա, իրականում ժողովրդի թիկունքում հանձնելու էր Արցախը և թշնամու դեմ մենակ էր թողնելու արցախահայությանը՝ որպես հետևանք թշնամու առջև բացելով Հայաստանի դարպասները”։

Հիմա էլ նա համարում է, որ այս պայմաններում արդար ու մրցակցային ընտրությունները անհնարին են։ Հայաստանն իր արմատից կտրած, ծնկի բերած, պարտքի մեջ թաղած ու ստով հեղեղած խմբակը պետք է հեռանա: Այլընտրանքը սարսափելի է՝ սարսափ մեր երկրի, մեր ժողովրդի ու հաջորդ սերնդի համար, ասել է Սերժ Սարգսյանը։

Այսօր Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով ռուսական մի ալիքի հարցին, թե “ինչի՞ համար եք ամենից շատ զղջում», ասել է. «Դե, թերևս, ինձ հաջորդողի հարցը»։