Ինչ կարժենա տրանսպորտը Երեւանում

Միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո հանրային տրանսպորտից օգտվողների համար առաջարկվող արտոնությունների փաթեթում հատուկ արտոնություն չկա Արցախից տեղահանավածների համար, այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ նկատեց ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությա անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Արտոնությունների փաթեթը նիստում քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էր ներկայացնում։

Գրիգորյանն արձագանքեց՝ նշելով, թե իշխանությունն աջակցության բազմաթիվ ծրագրեր իրականացնում է նրանց համար։

Միասնական տոմսային համակարգը կներդրվի հունվարին՝ 171 նոր ավտոբուսների ուղեգծեր մտնելուն պես։ Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ հունվարի 1-ից 8 հազար 800 դրամ կարժենա 30 օրվա տոմսային փաթեթը, 23 հազար 600՝ 90 օրվանը, իսկ մեկ տարվանը՝ 88 հազար դրամ: Բոլորի դեպքում երթևեկությունների թիվը կլինի անսահմանափակ։ Օրական տոմս էլ կլինի՝ 280 և 300 դրամ՝ 90 րոպեի համար։ Մեկ փաթեթից կարող է օգտվել միայն մեկ քաղաքացի:

«Հունվարի 1-ից հանրային տրանսպորտի ոլորտում տհաճ անակնկալ է լինելու երևանցիների և մարզերից մայրաքաղաք եկած քաղաքացիների համար։ Փաստերի ճնշման արդյունքում քաղաքային իշխանություններն ընդունում են, որ քաղաքային տրանսպորտի ոլորտում կա ստվերային շրջանառություն։ Տարբեր հաշվարկներով այդ ստվերն օրական կազմում է 80 000 դոլար կամ տարեկան մոտ 30 մլն դոլար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն 6 տարի է` երկրում իշխանություն է, բայց ստվերի հարցում կրավորական կեցվածք է ընդունել։ Սա կասկածներ է առաջացնում, որ իրենք անձնական շահագրգռվածություն ունեն այդ հարցում»,- ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ պետք է նորմալ բարեփոխումներն անել տրանսպորտային համակարգում, հետո միայն հասկանալ, թե որքան է պետք բյուջեից հատկացնել որպես դոտացիա, որ գինը չթանկանա։
Սուքիասյանը շեշտեց՝ օրական 50 000 ուղևորի կանխավարկածն ու այժմ տրամադրվող դոտացիայի չափը թույլ է տալիս եզրակացնել, որ միանգամյա ուղևորափոխադրման ինքնարժեքը 60-65 դրամ է։
Սուքիասյանն ընդգծեց՝ դա հնարավորություն է տալիս գինը պահել 100 դրամի սահմաններում ու ժամանակի ընթացքում լրացնել ավտոբուսների պարկը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ կառաջարկվի։
1 տարի տրանսպորտից անսահմանափակ օգտվելու համար ուղևորը պետք է վճարի 90 000 դրամ, 90 օր անսահմանափակ քանակությամբ տրանսպորտից օգտվելը քաղաքացու համար կարժենա 24 հազար դրամ, 1 ամսվա անսահմանափակ երթերը կլինեն 9000 դրամ։ Հասարակական տրանսպորտից ավելի քիչ օգտվողների համար քաղաքապետարանը սահմանափակ փաթեթներ է առաջարկում․ օրինակ 1 օրվա ընթացքում 8 անգամ տրանսպորտից օգտվելու համար պետք է 900 դրամ վճարել կամ էլ 300 դրամ տալ և 90 րոպեի ընթացքում 3 անգամ տրանսպորտից օգտվել։
Նշենք, որ ըստ նախագծի` Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:
Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։

ՄԱԿ–ը կհամագործակցի ՀԱՊԿ–ի հետ. Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել

Sputnik. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 79-րդ նստաշրջանի ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ համագործակցության մասին բանաձև է ընդունել։ Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Փաստաթղթում ասվում է, որ ՀԱՊԿ-ը զգալի գործնական ներդրում ունի իր խաղաղապահ ներուժի և տարածաշրջանային անվտանգության ու կայունության համակարգի ամրապնդման, ահաբեկչության և կազմակերպված անդրազգային հանցագործության դեմ պայքարում, թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության, անկանոն միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում, ինչպես նաև բնական և տեխնածին աղետների հետևանքների վերացման գործում: Իսկ դա նպաստում է համաշխարհային կազմակերպության նպատակների ու սկզբունքների իրագործմանը։
«ԳՎ–ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին առաջարկել է շարունակել կանոնավոր խորհրդակցությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ երկկողմ շփումների և տարբեր ձևաչափերի համաժողովների շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ը կշարունակեն համագործակցել հանուն ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային ռազմավարության հետևողական և համապարփակ իրականացման: Երկու կազմակերպությունները նաև կուսումնասիրեն խաղաղության պահպանմանն ուղղված համագործակցության հետագա զարգացման հնարավոր ուղիները։

ԵԽ-ն ո՞ւր է ուղարկում արցախցիներին․ սեփական արժեքների տրորումը կործանում է Եվրոպան

Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ իր հինգերորդ փուլային զեկույցը։

«Այս կարծիքում Խորհրդատվական կոմիտեն առաջին անգամ գնահատում է իրավիճակը Ղարաբաղի տարածաշրջանում։ Մոնիթորինգի այս շրջանի ընթացքում Ադրբեջանը վերահաստատել է իր արդյունավետ վերահսկողությունը Ղարաբաղի, ինչպես նաև հարակից յոթ շրջանների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Լաչինի միջանցքի գրեթե տասը ամիս շրջափակումից, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իշխանությունների ռազմական գործողությունից և միջանցքի հանկարծակի վերաբացումից հետո ավելի քան 100.000 հայեր լքել են տարածաշրջանը»,- ասվում է զեկույցում։

Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում Բաքվին ստեղծել քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ և կայուն վերադարձի համար, նաև ստեղծել սեփականության հարցերով զբաղվելու հատուկ մեխանիզմ: Իշխանություններին նաև կոչ է արվում գույքագրել, պաշտպանել և պահպանել հայկական բոլոր կրոնական և մշակութային վայրերը:

Այսինքն Եվրոպայի խորհրդի կոմիտեն «արդյունավետ» է համարում այն, որ Ադրբեջանը «վերականգնել է վերահսկողությունը» Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, նույնիսկ բնիկ հայերին իրենց տներից վտարելու եւ նրանց ժառանգությունը սեփականացնելու գնով։

Ո՞ր փաստաթղթի հիման վրա է ԵԽ-ն որոշել, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Չէ՞ որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ հենց եվրաատլանտյան երկրներն էին, որ գոռում էին Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի մասին, մեղադրելով խորհրդային իշխանություններին, որ նրանք ճնշում են մարդու բնական իրավունքնրը։ 30 տարի արեւմտյան երկրները ԵԱՀԿ-ի շրջանակներում պնդում էին, որ Արցախի հարցը վիճելի է եւ պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։

Հենց նրանք էին ծափ տալիս Արցախում անցկացվող ընտրություններին, արեւմտյան իրավապաշտպան կազմակերպություններն էին, որ ժողովրդավարությունն Արցախում ավելի բարձր էին դասում, քան Ադրբեջանում։

Հիմա Եվրոպան պնդում է ստալինյան սահմանները, Ալիեւի «ուժի իրավունքը» եւ միայն խնդրում է հին եկեղեցիները չքանդել։ Թեկուզ արդեն քանդածի համար մի բառ անգամ չի ասել Ալիեւին եւ չի նախատել ռուսական զորքերին։

Բա ի՞նչ է փոխվել։ Ե՞րբ եք Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Երբ 2023-ի սեպտեմբերի 17-ին ԵՄ ներկայացուցչին ուղարկել եք Պոլիս, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ Արցախը հայաթափելու որոշում կայացնե՞ն։

2 օր հետո, սեպտեմբերի 19-ին սկսվեց Արցախի օկուպացիան, հակամարտության «ուժային կարգավորումը», եւ Եվրոպան աչք փակեց։ Իսկ եթե արժեք չկա, ուրեմն, չի լինի եւ Արեւմտյան քաղաքակրթությունը։

Հիմա ինքը Եվրոպան դառնում է աջ ազգայնական ուժերի եւ դիկտատորների մայրցամաք, որտեղ ուժի իրավունքը դառնում է օրենք։ Ցտեսութոյւն, Եվրոպա։

«Մեր երազանքը հիմա հակադրում են մեզ՝ Արցախյան շարժումը սկսվել է նրանով, որ պետք է միանանք Հայաստանին”․ Նարինե Աղաբալյան

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց իրավունքներն ու սոցիալական ներառումը» խորագրով քննարկման ժամանակ այսօր «Մենք ենք մեր սարերը» կազմակերպության անդամ, արցախցի Նաիրնե Աղաբալյանն անդրադարձավ հարցին, որ ՀՀ կառավարության՝ արցախցիներիկ համար նախպատեսված բնակապահովման ծրագիրը ձախողվել է։

«Երբ լավ չմշակված ծրագրի ձախողումը փորձում են բարդել արցախցիների վրա՝ պատճառաբանելով, որ արցախցին չի ուզում գնալ սահմանում բնակվել, արցախցին չի ուզում ընդունել Հայաստանի քաղաքացիություն, արցախցին չի ուզում ծառայել Հայաստանի բանակում, սա ոչ թե տանում է այդ խնդիրների լուծմանը, այլ ավելի է խորացնում այդ խնդիրները։ Իհարկե, ճգնաժամերը պետք է օգտագործել նաեւ որպես հնարավորություն, եւ եթե կա մարդկային այսքան հոսք, իհարկե, պետք է մտածել նաեւ Հայաստանի մեռնող գյուղերը բնակեցնելու, համայնքներն ուժեղացնելու մասին, բայց դա պետք է անել համալիր ծրագրերի միջոցով, ոչ թե մարդկանց պարտադրել անորոշ պայմաններով գնալ սահմանամերձ համայնքներ՝ չիմանալով՝ այդ տունն ի վերջո իրենն է, թե ոչ։

Այսինքն՝ անորոշությունն այնքան մեծ է, որ մարդիկ դժվարանում են այդ ընտրությունը կատարել։ Այսօր էլ բոլոր սահմանային համայնքներում ապրող արացախցիներ կան, եւ պետք չէ ներկայացնել, թե արցախցիները չեն ուզում գնալ սահման։ Կգնան, եթե լինեն համապատասխան պայմաններ»,- ասաց նա։

ՀՀ կառավարության բնակապահովման ծրագհրից օգտվելու համար պարտադիր պայման է, որ արցախցիները ձեռք բերեն ՀՀ քաղաքացիություն։ Անդրադառնալով այս նորմին՝ Նարինե Աղաբալյանն ասաց․ «Մեր երազանքը հիմա հակադրում են մեզ՝ 1988 թվականին Արցախյան շարժումը սկսվել է նրանով, որ պետք է միանանք Հայաստանին եւ ունենանք Հայաստանի քաղաքացիություն։ Հիմա այդ խնդիրն այնպես է մատուցվում, որ ակամայից մարդիկ մտածում են, որ պետք չէ ընդունել ՀՀ քաղաքացիություն։ Այսինքն՝ մենք 35 տարի ապրել ենք այն գիտակցմամբ, որ մեր անձնագրի մեջ քաղաքացիության դիմաց գրված է՝ Հայաստանի Հանրապետություն։ Սա շատերի համար հոգեբանական խնդիր է, երբ ասում են՝ Արցախի Հանրապետության անձնագիրը պիտի հանձնես, կարծես թե վերադարձի վերջին հույսը մարդկանց մոտ մարում է»։

Նարինե Աղաբալյանը նաեւ ասաց, որ բանկերն էլ են հրաժարվում վարկեր տրամադրել արցախցիներին՝ օգտվելու բնակապահովման ծրագրից․ «Օրինակ, եթե ես օգտվեմ այդ սերտիֆիկատներից եւ փորձեմ տուն ձեռք բերել, ապա հարց է առաջանում՝ եթե վաղը չափահաս երեխան որոշի տեղափոխվել մեկ այլ բնակավայր, եւ պետությունն առգրավի այդ բնակարանը, ապա բանկի համար խնդիրը ո՞նց է լուծվելու։ Եվ այդ հիմքով շատ բանկեր հրաժարվում են վարկեր տալ։ Առավել եւս, որ այսքան ողբերգությունից հետո շատ շատերն անվարկունակ կարող են ճանաչվել»։

Նա նաեւ ասաց, որ արցախցիները բավարար չափով ներգրավված չեն իրենց վերաբերյալ որոշումների կայացմանը։ Հիմա արդեն, տեսնելով, որ ծրագիրը ձախողվել է, արցախցիներն իրենց նախաձեռնությամբ առաջարկությունների փաթեթ են մշակել, որը փորձում են ներկայացնել ՀՀ կառավարությանը, որպեսզի կարողանան փրկել այս ծրագիրը։

Աբխազիայի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել

Աբխազիայում բանակցություններից հետո իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները ստորագրել են Համաձայնագիր, ըստ որի՝ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարականի դիմում է ներկայացնում։ Այս մասին ասվում է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի մամուլի ծառայությունում։

Բացի այդ, ըստ փաստաթղթի.

2. Կառավարական շենքերի համալիրի տարածքում և ներսում հավաքված քաղաքացիները ցրվում են 2024 թվականի նոյեմբերի 19-ին. Սույն կետը չկատարելու դեպքում Աբխազիայի Հանրապետության նախագահ Բժանիան. հետ է վերցնում իր հրաժարականի դիմումը։

3. Աբխազիայի Հանրապետության Ժողովրդական ժողով – խորհրդարանը 2024 թվականի նոյեմբերի 19-ին քննարկում է Աբխազիայի Հանրապետության նախագահ Բժանիայի հրաժարականի դիմումը:

4, Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար է դառնում Աբխազիայի Հանրապետության փոխնախագահ Գունբա Բ.Զ.-ն:

5. Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Գունբա Բ.Զ.-ն ներկայացված դիմումի համաձայն՝ պաշտոնից ազատում է Աբխազիայի Հանրապետության վարչապետ Անկվաբ Ա.Զ.-ին և միաժամանակ այս պաշտոնում նշանակվում է Բգանբա Վ. Ռ.-ն: Ներկայիս նախարարները պաշտոնավարում են մինչև Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնումը:

Պայմանագիրը ստորագրել են՝ Աբխազիայի Հանրապետության փոխնախագահ Բադրա Գյունբան, Ժողովրդական ժողովի նախագահ Լաշա Աշուբան, Պետական ​​մաքսային կոմիտեի նախագահ Օթար Խեցիան, ՌՊԿ «ԵՎ» կուսակցության նախագահ Ադգուր Արձինբան, Ժողովրդական ժողովի պատգամավոր Կանը։ Կվարչիա, ինքնիշխանության պաշտպանության կոմիտեի նախագահ Լևան Միկաան:

Տեղումները ձյան և անձրևի տեսքով. եղանակի կանխատեսում

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Թալինի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ԵԽ-ն կոչ է անում Բաքվին պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար

Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ իր հինգերորդ փուլային զեկույցը։

Նշվում է, որ ազգային փոքրամասնությունները ներկայացնող անձանց իրավունքները պաշտպանված են Սահմանադրությամբ և բազմամշակութայնության քաղաքականությամբ։ Այնուամենայնիվ, միայն դա բավարար չէ իրավունքների լիարժեք և արդյունավետ հավասարությունը երաշխավորելու համար:

Անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հայերին։ Նշվում է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտությանը հաջորդած իրավիճակի լուծման համար։ «Այս կարծիքում Խորհրդատվական կոմիտեն առաջին անգամ գնահատում է իրավիճակը Ղարաբաղի տարածաշրջանում։ Մոնիթորինգի այս շրջանի ընթացքում Ադրբեջանը վերահաստատել է իր արդյունավետ վերահսկողությունը Ղարաբաղի, ինչպես նաև հարակից յոթ շրջանների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Լաչինի միջանցքի գրեթե տասը ամիս շրջափակումից, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իշխանությունների ռազմական գործողությունից և միջանցքի հանկարծակի վերաբացումից հետո ավելի քան 100.000 հայեր լքել են տարածաշրջանը»,- ասվում է զեկույցում։

Որպես անհապաղ գործողությունների հանձնարարական՝ Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում իշխանություններին ստեղծել քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ և կայուն վերադարձի համար, նաև ստեղծել սեփականության հարցերով զբաղվելու հատուկ մեխանիզմ:

Իշխանություններին նաև կոչ է արվում գույքագրել, պաշտպանել և պահպանել հայկական բոլոր կրոնական և մշակութային վայրերը, ինչպես նաև հետաքննել տարածաշրջանում էթնիկ հայերի կողմից օգտագործվող պատմական և մշակութային հուշարձանների և գերեզմանոցների վանդալիզմի, ոչնչացման և փոփոխության բոլոր մեղադրանքները:

«Վերջապես, վկայակոչելով Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված խիստ հրապարակային նորմատիվները Ղարաբաղյան հակամարտության համատեքստում և դրա անմիջական ազդեցությունն էթնիկ հայերի նկատմամբ վերաբերմունքի վրա՝ Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում իշխանություններին ձեռնպահ մնալ և խստորեն դատապարտել անհանդուրժողականության և էթնիկ ատելության տարածման ցանկացած դրսևորում հայ համայնքին պատկանող անձանց նկատմամբ՝ հաշտեցման գործընթացը հեշտացնելու նպատակով»,- նշում են զեկույցի հեղինակները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ factor.am-ում։

Ավերվել է Արցախի Տանձատափ եկեղեցու մեծ մասը

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19–րդ դարի Տանձատափ եկեղեցու մեծ մասը։ Արբանյակային լուսանկարները, որոնք արվել են 2023 թ. հոկտեմբերի 5–ից մինչև 2024 թ. ապրիլի 30–ը, տարածել է «Caucasus Heritage Watch»–ը։

«Տանիքի մեծ մասը փլուզվել է, ինչպես նաև հարավային պատը, որի վրա տեղադրված էր խաչով փորագրված քարը:Եկեղեցին տասնամյակներ շարունակ մնացել է վնասված, բայց կանգուն` մինչև վերջին փլուզումը»,– ասված է կենտրոնի հայտարարության մեջ։
Նշենք, որ Միջազգային դատարանը 2021 թ. դեկտեմբերին պարտավորեցրել է Ադրբեջանին` նախազգուշացնել հայկական մշակութային ժառանգությանն առնչվող վանդալիզմի և պղծման գործողությունների մասին և պատժել դրանց կատարողներին։
Նշվում է նաև, որ հայկական եկեղեցին պետք է ընդգրկեն Ադրբեջանի հուշարձանների ցանկում և նախատեսեն դրավերականգնում հայ ճարտարապետների հետ համագործակցությամբ:

ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին

Արդարադատության միջազգային դատարանը մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։ Այդ մասին գրում է sputnik.armenian-ն`հղում անելով դատարանի X–ի էջին: Նշվում է, որ խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը պետք է հերքեն գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։

 

Բնակապահովման ծրագրին 1200 դիմումից 24-ն է հաստատվել․ ծրագիրն անհաղթահարելի է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ ծրագրում ընդգրկվելու համար դիմել է 1200 ընտանիք՝ 4199 անձ, որից միայն 24-ի դիմումն է հաստատվել, 264-ինը մշակման փուլում է, իսկ 912-ի դիմում մերժվել է, քանի որ ընտանիքի առնվազն մեկ անդամը չի բավարարել ծրագրի պայմաններից որեւէ մեկին:

Թեմայի շուրջ step1.am-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանի հետ։

Ի՞նչ են ցույց տալիս ձեր դիտարկումները, ինչո՞ւ է բնակապահովման ծրագրի շահառուների թիվն այսքան փոքր։

-Մենք մեր վերլուծություններն արել ենք՝ ելնելով արցախցիներից ստացած ահազանգերից։ Բնակապահովման ծրագրից օգտվելու շեմը շատ բարձր է, մասնավորապես, քաղաքացիություն ընդունելու պարտադիր պահանջն ինքնին արդեն եւ խտրական է, եւ անթույլատրելի։ Երբ պետությունը փախստականների համար է նման ծրագիր իրականացնում, չպետք է չափազանց բարձր շեմ սահմանի, ինչը հաղթահարելը կլինի անհնարին։ Մենք գործ ունենք զանգվածային բռնի տեղահանված անձանց հետ, ովքեր իրենց հետ չեն բերել փաստաթղթեր կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ ընտանիքներ չէին էլ կարող բերել իրենց փաստաթղթերը։ Իսկ Հայաստանի պետական մարմինները չեն տիրապետում այդ փաստաթղթերի ամբողջ բազային, նկատի ունեմ ծննդյան, ամուսնության, մահվան վկայականները։ Այսինքն՝ ողջամիտ չէ որոշ փաստաթղթերի առկայությունը պարտադիր համարել այն դեպքում, երբ դրանք ապահովելու պարտավորություն ՀՀ-ն չունի։ Թվերն արդեն խոսուն են՝ 1200 դիմումից 24-ն է հաստատվել․ սա հիմք է տալիս պնդելու, որ ծրագիրն ամբողջությամբ ձախողված է։ Եվ քաղաքացիության ընդունման պահանջի, եւ ժամկետների, եւ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու, եւ այդ փաստաթղթերը ձեռք բերելու մեխանիզմների տեսանկյունից ինքն անհաղթահարելի է։

Ծրագրի ամբողջ կոնտեքստը խտրական է, քանի որ Փախստականների մասին կոնվենցիայի դրույթներով՝ տվյալ երկրում փախստականները պետք է հավասարեցված լինեն օտարերկրացիներին։ Այս պահանջը ՀՀ-ն չի ապահովում, օտարերկրացիների համար նման պահանջներ օրենսդրությամբ նախատեսված չեն։ Իմ կողմից մատնանշված խնդիրները եւ դատական լուծում պահանջող մոտեցումներն ինքնին արդեն ծրագրի ձախողման մասին են խոսում։ Ծննդյան, մահվան, ամուսնության վկայականները պարտադիր է ներկայացնել այս ծրագրից օգտվելու համար, այնինչ, արցախցի գրեթե բոլոր ընտանիքերում կան առնվազն 90-ականներին մանհացած անձինք։ Այդ փաստաթղթերը պահպանված չեն, իսկ Հայաստանը չունի Արցախի տվյալների բազաները։ Ստիպված այս անձինք գնում են դատարաններ՝ դատական կարգով վերկանգնելու այս փաստաթղթերը։ Իսկ դատական կարգով վերկանգնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ռեսուրսներ, ժամանակ, հնարավորություններ։ Մյուս կողմից, պետության ռեսուրսներն են վատնվում, մասնավորապես, դատարանների ծանրաբեռնվածությունն է ավելանում։

Այսինքն՝ ստացվում է, որ այս ծրագիրը հիմնավին վերանայման կարի՞ք ունի։

-Այո, հիմնովին վերանայման կարիք կա, պարտադիր պայմանների վերացման կարիք կա։ Փաստաթղթերը վերականգնելու այլ ընթացակարգ պետք է նախատեսվի։ Այսինքն՝ պետությունը պետք է հնարավորություն տա անձանց գոնե փաստաթղթերի վերականգնման հարցում հեշտացված լուծումներ գտնել, ոչ թե դատարաններ գնալ։ Դատարան դիմելը նույնիսկ փաստաբանների համար է դժվար, իսկ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց համար այս փաստաթղթային աժիտոժից գլուխ հանելը շատ բարդ է։ Դա այն դեպքում, երբ ծրագրի իրականացման համար աննախադեպ սեղմ ժամկետներ են նախատեսված։ Դա նաեւ հոգեբանական ծանր վիճակի մեջ է դնում մարդկանց, որովհետեւ որեւէ փաստաբան չի երաշխավորի, որ դիմում տալու պայմաններում մեկ ամսից կամ երկու շաբաթից դատարանի որոշում կունենա։

Արցախցիները դժգոհում են հատկապես ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր պահանջից, սա արհեստական պահանջ են որակում։ Որքանո՞վ է իրավաչափ այս պահանջը։

-Ես արդեն ասացի, որ սա ամբողջությամբ խտրականություն է եւ հակասում է Փախստականների մասին կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Քաղաքական մոտեցումների մասին չեմ ուզում խոսել, բայց իրավական տեսանկյունից նման շեմ սահմանելն անթույլարելի է ու խտրական։ Պարտադիր պայմանը չպետք է լինի պարտադիր, կարող են լինել դեպքեր, երբ անձինք ուղղակի կամավոր ցանկություն կունենան ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Երկրաատեւ բնակություն հաստատելու պայմաններում մարդիկ իրենք կգան այդ որոշմանը՝ ուզում են քաղաքացիություն ընդունել, թե ոչ։

Ռոզա Հովհաննիսյան

Ամերիկացի օրենսդիրները Բաքվում հայտարարել են Երևանին աջակցության մասին

Բաքվում ընթացող COP29-ի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկացի օրենսդիրները՝ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող սենատորներ Էդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը, հայտարարել են Հայաստանին իրենց աջակցության մասին։

Ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին՝ ինչու ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատժամիջոցներ չեն սահմանում Հայաստանի նկատմամբ, սենատոր Ուայթհաուսը պատասխանել է․ «Ես աջակցում եմ Հայաստանին։ Չեմ ուզում կանգ առնել հյուրընկալող երկրի {Ադրբեջանի} մարդու իրավունքների հարցերի վրա, բայց եթե դա թեմա դառնար, ապա ես նույնքան կոմպլեմենտար չէի լինի»։

Ասուլիսի մյուս բանախոս սենատոր Էդ Մարքին իր հերթին պնդել է՝ ադրբեջանցի քաղբանտարկյալները, ռազմագերիները պետք է ազատ արձակվեն, Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի իրավունք ունենան, Ադրբեջանն ու Հայաստանը պիտի խաղաղության համաձայնագիր կնքեն։

«Ինչպես Շելդոնն ասաց, գիտեք, մենք, ի վերջո, պետք է համոզվենք, որ ռազմագերիները ազատ կարձակվեն, և որ հայ ժողովուրդը իրավունք ունի խաղաղ վերադառնալու Լեռնային Ղարաբաղ», – ասել է սենատոր Մարքին:

«Մենք շատ ենք ցավում, որ այդքան շատ հայեր են տեղահանվել։ Ես, մեղմ ասած, հեռու եմ այն ​​մտքից, որ հայերին կարելի է մեղադրել այս հարցում»,- նշել է sենատոր Շելդոն Ուայթհաուսը։

Երկրաշարժ Իրան-Հայաստան սահմանային գոտում

Իրան-Հայաստան սահմանային գոտում տեղական ժամանակով ժամը 12։41–ին երկրաշարժ է գրանցվել։ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Ցնցումները զգացել են Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։