Դատարանը վերացրել է Ղարիբ Բաբայանի ելույթների սահմանափակումը. դասը քաղված է

Դատարանը որոշել է վերացնել արցախցի գիտնական Ղարիբ Բաբայանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունն ու հրապարակային խոսքի սահմանափակումները, ասաց նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։ Նա չի բացառում, որ այս որոշումը թույլ կտա հետագայում գործն ամբողջությամբ կարճել։

Հունվարի 30-ին գիտնական Գարիբ Բաբայանը սոցցանցերում տեսանյութ է տարածել, որում Երևանի Հանրապետության հրապարակում մի խումբ մարդիկ ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղ» երգը։ Տեսանյութի հրապարակումը լայն արձագանք է առաջացրել. հունվարի 31-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ տեսանյութում նկարահանված անձինք Իրանի քաղաքացիներ են, ովքեր դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը գտնվել են Հայաստանում։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է նաև, որ տեսագրությունը պարունակում է անհանդուրժողականության և ատելության դրդման տարրեր։ Այդ հիմքով Քննչական կոմիտեն գործ է հարուցել՝ նշելով, որ գրառման մեջ տեղ գտած հայտարարությունն ուղեկցվել է «հանրապետության իշխանությունների և իրավապահ մարմինների նկատմամբ ատելության կոչերով»։ Բաբայանը բերման է ենթարկվել։

Ղարիբ Բաբայանի գործը մեծ աղմուկ է բարձրացրել՝ չնայած ուշ ժամին ու ցրտին, հարյուրավոր մարդիկ եկել էին դատական ​​նիստին, որտեղ կարող էին Բաբայանին ձերբակալել։ Ու թեև դատարանը Բաբայանին չի կալանավորել, սակայն սահմանափակումներ է կիրառել, այսինքն՝ անուղղակիորեն ճանաչել է նրա «մեղքը»։

Ղարիբ Բաբայանի պատմությունը դարձավ «դաս» և նախերգանք Հայաստանում ադրբեջաներեն լեզվի, դրոշի և, համապատասխանաբար, պահանջատիրության «նորմալ» ընկալման համար։

Օրերս համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է մեքենան երթևեկում Երևանում, բեռնախցիկից կախած ադրբեջանական դրոշը։ Քննչական կոմիտեն չի ձերբակալել տեսանյութի հեղինակին, սակայն  մեքենայի տիրոջը մեղադրել է «համարանիշը դրոշով ծածկելու մեջ»։

Այս պատմությունը հասարակության մեջ որևէ հնչեղություն չառաջացրեց՝ ցույց տալով, որ իրավապահ մարմինները ադրբեջանական խորհրդանիշների հրապարակային և լկտի ցուցադրումը չեն ընկալում որպես հայկական օրենքների խախտում։

Արդյո՞ք հաջորդ քայլը կլինի Երևանում ինչ-որ տեղ Ալիևի հուշարձան կանգնեցնելը։

Կանայք, որ սպասում են արդեն մեկ ու կես տարի

Կանանց միամսյակի շրջանակում Step1.am-ը կներկայացնի կանանց, որոնք անցել են կյանքի բարդ ուղի եւ շարունակում են անցնել՝ դիմակայելով նոր մարտահրավերների։

 

Մնացականյաների ընտանիքում այսօր գերակշռում են կանայք։

Ելիզավետան, Անահիտն ու Սիրանուշը, Սվետլանան, Մանեն սպասում են իրենց ԱՄԵՆԱԹԱՆԿ ՄԱՐԴԿԱՆՑ։

Տարիներ առաջ, հետպատրազմյան Արցախում որդիներին մեծ դժվարությամբ մեծացնելիս, տիկին Ելիզավետան չէր էլ պատկերացնում, որ մի օր որդիները անհայտության ուղին կբռնեն:

Ո՞վ է հաղթում պատերազմում, եթե բոլորը կորցնում են։

Արցախի հայաթափումից անցել է շուրջ մեկ ու կես տարի։ Մնացականյաններն այն քչերից են, որոնց ցավը հասցե չունի։

Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում էին ապրում։  Սեպտեմբերյան հարձակման ժամանակ տիկին Ելիզավետան Ստեփանակերտում էր՝ հաց էր տարել աղջկա եւ ավագ որդու ընտանիքների համար։

-Պատերազմը սկսեց շատ հանկարծակի։ Ես չէի պատկերացնում, որ դա վերջին անգամն է, որ գյուղից դուրս եմ գալիս,- ասում է տիկին Ելիզավետան։

Զինադադարի կնքումից հետո Արցախի մի շարք  բնակավայրերում հայտնվեցին ադրբեջանցիներ, որոնց ներկայությունն արդեն ահաբեկում էր բնակիչներին, իսկ որոշ տեղերում ադրբեջանցիները բռնություն են կիրառել խաղաղ բնակչության դեմ։

«Հարսս ու թոռներս էլ գերի կնկնեին, եթե ամուսինս ժամանակին չհասներ»,- ասում է նա ու ավելացնում, որ հարսը վախի մթնոլորտում չի կարողացել տնից ոչինչ վերցնել՝ ոչ ոսկի, ոչ գումար։

Մի կերպ հասել են Ստեփանակետ, որտեղ մի քանի ժամ ողջ ընտանիքով միասին էին՝ Լեռնիկն իր ընտանիքով, Եղիշեն՝ իր ընտանիքով, Լիլիթը՝ իր ընտանիքով եւ Մնացականյան ամուսիները՝ Բորիկն ու Ելիզավետան։

Այդ պահի ամենամեծ կորուստը ոսկին ու գումարն էր եւ ոչ ոք չէր էլ պատկերացնում, թե ինչ է սպասվում։

Ինչպես հազարավոր ընտանիքներ, այնպես էլ Մնացականյանները, վառելիքի անհրաժեշտություն ունեին։

«Տղաները գնացին բենզինի հետեւից»,- սա Լեռնիկի ու Եղիշեի վերջին առաքելությունն էր Արցախում։

«Արդեն մեր հերթն է մոտենում, գալիս ենք»,- անընդհատ ամուսնու վերջին խոսքերն է հիշում Անահիտը՝ Լեռնիկի կինը։

Հետո հնչեց պայթյունը, որ լսելի էր Ստեփանակերտից, բայց առատ անձրեւի պատճառով դժվար էր հասկանալ, ամպրոպ է, թե պայթյուն։

Հայկազովում տեղի ունեցած պայթյունը սկիզբ դրեց Մնացականյանների ընտանիքի քաոսին, որ շարունակվում է արդեն մեկ ու կես տարի։

«Մեզ համար տեղահանությունը սկսեց որոնելով՝ հիվանդանոցներ, դիահերձարաններ, նույնիսկ ճանապարհին ռուսական ու ադրբեջանական  ուղեկալներին էինք ցույց տալիս Լեռնիկի և Եղիշեի նկարները՝ հուսալով որևէ լուր իմանալ»,- պատմում է Անահիտը՝ Լեռնիկի կինը։

«Էլ տեղ չի մնացել որ չդիմենք, մի անգամ Կարմիր խաչից զանգեցին, մտածեցինք՝ նորություն ունեն, պարզվեց՝ իրենք են մեզ հարցնում՝ որևէ նորություն կա՞»,- ասում է տիկին Ելիզավետան։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ասկերանի շրջանի Հայկազով վայրի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով 238 է քաղաքացի է զոհվել, 23 քաղաքացի անհետ կորած է համարվում:

ԴՆԹ նմուշներ չեն հայտնաբերվել։ Լեռնիկն ու Եղիշեն ու ևս 21 հոգի անհայտ կորած են համարվում՝ առանց կարգավիճակի հաստատման։ Թեև որևէ պաշտոնական տեղեկություն չկա, որ տղաները ողջ են, բայց և չկա որևէ հաստատում հակառակի մասին, ինչը ընտանիքներին հույս է տալիս, որ մի օր նրանք անպայման վերադառնալու են:

Մնացականյանների ընտանիքը հիմա ապրում է Նուբարաշենում։

Սիրանուշը՝ Եղիշեի կինը նշում է, որ վերջին շրջանում ստիպված էր աղջկան հոգեբանի մոտ տանել։

Սիրանուշն աշխատում է մանկապարտեզում՝ ժամանակավոր աշխատանք է։ Անահիտը՝ Լեռնիկի կինը, նոր մասնագիտություն է սովորել՝ վարսահարդար է։ Անահիտի եւ Լեռնիկի աղջիկը՝ Մանեն, ամեն օր հիշում է հայրիկին, բայց թե որտեղ է նա՝ չգիտի․․․

Եղիշեի որդին ձեռքում պահում է հեռախոսը, որի վրա հայրիկի նկարն է։

Այս ընտանիքում հիմա կանայք շատ են։ Կանայք, ովքեր ապրում են հույսով ու սպասումով, բայց ամեն օր սեփական պատերազմը ունեն՝ նոր մարտահրավերների, խնդիրների, փոխվող տների, հույսի ու հուսալքության հետ։

Մարիամ Սարգսյան

ԵՄ-ն չի կարողացել ընդունել Ուկրաինայի «միջազգային ճանաչված սահմաններին» աջակցող բանաձև

Նախօրեին Բրյուսելում հավաքված ԵՄ երկրների առաջնորդները չկարողացան ընդունել Ուկրաինային աջակցության միասնական բանաձեւ. Հունգարիան չստորագրեց բանաձեւը։ Բանաձեւը պարունակում է կետ, որը հակասում է ԱՄՆ դիրքորոշմանը, եւ այն վերաբերում է Ուկրաինայի հնարավոր տարածքային զիջումներին, որոնք նախատեսված են ամերիկյան «կարգավորման» ծրագրով։

Եվրոպական խորհուրդը պնդում է, որ Ուկրաինան օգտագործում է իր ինքնապաշտպանության իրավունքը ռուսական լայնածավալ ագրեսիայի դեմ, ԵՄ-ն վերահաստատում է իր անսասան աջակցությունը երկրի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ ԱՄՆ նախագահի վարչակազմի հայտարարությունների ֆոնին, թե Կիևի համար «անիրատեսական» է վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված տարածքները, Բրյուսելի առաջնորդները կարևոր համարեցին ընդգծել «միջազգային ճանաչված սահմանները»:

Բայց Հունգարիայի դիրքորոշումը ցույց տվեց, որ այս սկզբունքը կարող է չգործել, ինչը նշանակում է, որ «միջազգային ճանաչված սահմանները» մշտական ​​չեն և սուրբ կով չեն: Հունգարիան նույնպես դեմ չէ ստանալ Ուկրաինայի Կարպատյան հատվածը, որն իրենն է համարում։

ԵՄ երկրները չափազանց անհանգստացած են Եվրոպայում սահմանների փոփոխություն թույլ տալու ԱՄՆ-ի փորձից, քանի որ նրանք տարածքային պահանջներ են ակնկալում առաջին հերթին Ռուսաստանից։ Բալթյան երկրներն ու Լեհաստանն այս մասին բացահայտ են խոսում։

Նույն արտակարգ գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդները որոշել են ուժեղացնել ԵՄ պաշտպանությունը և այդ նպատակով հատկացնել 800 միլիարդ եվրո։ Միաժամանակ նախագահ Մակրոնն առաջարկել է ընդլայնել Ֆրանսիայի միջուկային զսպման վահանը ողջ Եվրամիության վրա։ Բայց դա դժվար թե կանխի «Եվրոպայի սահմանների փոփոխությունը»։

Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները օրերս մտադիր են հանդիպել Սաուդյան Արաբիայում և պարզաբանել հիմնական հարցը՝ արդյո՞ք Ուկրաինան համաձայն է հրաժարվել Ռուսաստանի կողմից արդեն իսկ օկուպացված տարածքներից և խաղաղություն հաստատել։ Թե՞ Ուկրաինան՝ ԵՄ աջակցությամբ, կշարունակի պայքարը, թեև ԱՄՆ-ն ասում է, որ տարածքների վերադարձն իրատեսական չէ։ Զելենսկին կանգնած է չափազանց բարդ ընտրության առաջ, որը կորոշի աշխարհում հետագա զարգացումների պարադիգմը։

Դա վերաբերում է նաև Հարավային Կովկասին, որտեղ Շառլ Միշելին և Մակրոնին հաջողվեց ստանալ Հայաստանի կառավարության համաձայնությունը՝ երկրի սահմանները 1991 թվականի Ալմա-Աթայի տխրահռչակ հռչակագրի շրջանակներում սահմանելու մասին։ Հենց այս սահմաններն են կոչվում «միջազգային ճանաչված»: Բայց եթե Ուկրաինայում գործարք կնքվի, որը կխախտի 1991 թվականի սահմանները, ապա ԵՄ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված Պրահայի համաձայնագիրը ինքնաբերաբար կդադարի գործել:

Ռումինիան կանխել են հեղաշրջում, որը կբերեր ՆԱՏՕ-ից դուրս գալուն

Ռումինիայի իշխանությունները ձերբակալել են վեց մարդու, ովքեր մեղադրվում են Մոսկվայի հետ рфьфеуч դավադրության մեջ։

Ըստ իշխանությունների՝ ձերբակալվածները ծրագրում էին խարխլել երկրի ինքնիշխանությունը՝ ձգտելով դուրս բերել Ռումինիան ՆԱՏՕ-ից և փոխել սահմանադրական կարգը: Այս մասին հայտնում են ռումինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դատախազությանը։

«Նրանց նպատակն էր դուրս բերել Ռումինիան ՆԱՏՕ-ից, վերացնել գործող սահմանադրական կարգը և քաղաքական կուսակցությունները, ստանձնել կառավարության իշխանությունը, ներմուծել նոր սահմանադրություն և փոխել երկրի անվանումն ու դրոշը»,- ասվում է հայտարարության մեջ։

Դավադիրները կապ են ունեցել նաև ռուս գործակալների հետ ինչպես բուն Ռումինիայում, այնպես էլ Մոսկվա կատարած այցերի ժամանակ։

Լիաննա Պետրոսյանը կոչ է անում բոյկոտել “նոր ծրագիրը”

Lianna Petrosyan-ը գրում է․

Հարգելի հայրենակիցներ,

սոցապի հրապարակած վերջին որոշման նախագիծը վերջնական որոշում չէ, ունի բազմաթիվ բացեր, անհասկանալի հարցեր, այդիսկ պատճառով՝ հորդորում եմ անցնել

https://www.e-draft.am/projects/8387

հղումով և ԴԵՄ քվեարկել նախագծին։

Խնդրում եմ՝ հնարավորինս տարածել։

Հետագա ընթացքի մասին կտեղեկացնեմ։

Թարմացված

Հ. Գ. Նախագիծը 40+10-ի՝ վերափոխված 50/40/30 հազար ծրագիրը չէ։ Բայց ծրագրի հետ որոշակի կապ ունի։

Կառավարությունը 50 հազ․ փոխարեն իբր “նոր ծրագիր” է ներկայացրել արցախցինրի համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունհանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունման դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներն ապրիլ ամսվանից հրատապ սոցիալական աջակցություն կստանան։

Աջակցության ամսական չափը կկազմի՝
☑️ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի անունից դիմում ներկայացնող անձի համար՝ 40,000 դրամ,
☑️ ընտանիքի մյուս յուրաքանչյուր տեղահանված անդամի համար՝ 10,000 դրամ:
Միջոցառման շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներ կհամարվեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «14.00»-ից բարձր անապահովության միավոր ունեցող կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները։
Հրատապ աջակցությունից օգտվել չեն կարող՝
• պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող ընտանիքները,
• պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող ընտանիքները,
• ընտանիքները, որոնց անդամներից մեկը ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք։
Դիմելու ընթացակարգը կներկայացվի լրացուցիչ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ և մինչև մարտի 21-ը Ձեր առաջարկ-դիտարկումներն ուղարկել e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/8387

Ինձ համար բեկումնային կետն այն էր, երբ 2023 թ․ օգոստոսին ՄԱԿ-ի ԱԽ-ն չկարողացավ բանաձեւ ընդունել Արցախի հարցով

Step1.am-ի հարցազրույցը շվեդ հեղինակ և լրագրող Ռասմուս Քանբեքի հետ։

Ռասմուս, դուք վերջին արտասահմանցի լրագրողն էիք, ով կարողացավ Արցախ այցելել ու «լքել» այն։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք՝ արցախահայերս, «լքեցինք» Արցախը։

Նախ, ես չեմ կարող խոսել այն մարդկանց անունից, ովքեր ստիպված են եղել հեռանալ իրենց տներից։ Հաշվի առնելով դա, վստահ եմ, որ դա նրանց կամավոր ընտրությունը չէր: Գոնե սա այն է, ինչ ինձ ասում են փախստականները։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը երկար տարիներ ռազմավարական աշխատանք է կատարել` այս արդյունքին հասնելու համար։ Դա արվել է, ի թիվս այլ բաների` համակարգված ռազմականացման եւ ատելության խոսքի բորբոքման միջոցով:

 Ես շատ եվրոպացիներից եմ լսել, որ “դրսում” շատերն անգամ Հայաստանի տեղը չգիտեն: Դուք ինչպե՞ս իմացաք Արցախի մասին եւ ինչո՞ւ որոշեցիք գնալ այնտեղ։ Հավատու՞մ եք, որ մի օր նորից կվերադառնաք Արցախ։

Երբեմն կյանքում այնպիսի բաներ են պատահում, որոնք դուք չեք կարող վերահսկել: Այս հակամարտության մեջ խրված լինելն իմ կյանքում այդ չվերահսկվող բաներից էր: Երբ ես սկսեցի գրել այդ մասին, այլեւս չկարողացա կանգ առնել։ Պարզապես, տեղի ունցեցածի մասին մակերեսային զեկույցների հիասթափությունից դրդված: Ինչ վերաբերում է, արդյո՞ք ես կարող եմ նորից վերադառնալ այնտեղ, ապա տեսնենք, թե ինչ կլինի, ավելին ասելու բան չկա այստեղ:

Արցախի շրջափակման ժամանակ մենք շատ ենք շփվել, խոսել հեռախոսով: Հետո, երբ ես եկա Հայաստան, դուք ասացիք, որ արդեն ձեզ համար պարզ էր, որ էթնիկ զտումներ են լինելու։ Բայց անկեղծ ասած, ես դա չէի զգում, նույնիսկ երբ հատում էի Հակարիի կամուրջը։ Ինչո՞ւ դրսից դա պարզ էր, իսկ մեզ համար՝ ոչ։

Չեմ կարծում, որ լայն հանրության համար արտաքինից պարզ էր ամեն ինչ: Ես քիչ ժամանակ չեմ ծախսել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի շուրջ, հատկապես քաղաքական մակարդակում: Ինձ համար բեկումնային կետն այն էր, երբ 2023 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ բանաձեւ ընդունել: Կարծում եմ, ակնհայտ դարձավ, որ դա նույնն է, ինչ Ադրբեջանին կանաչ լույս տալ` Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվելու համար: Այնուամենայնիվ, այդ մասին պատշաճ չհայտարարվեց:

 Այսօր շատ է խոսվում արցախահայերի վերադառնալու իրավունքի մասին։ Արցախահայերն ասում են՝ ուզում ենք գնալ տուն, ադրբեջանցիներն ասում են՝ «բարով եք գալիս», միայն վերցրեք մեր երկրի ​​անձնագիրը եւ ապրեք այստեղ` որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ Արցախահայերն ասում են՝ ոչ, մենք այդպես չենք խաղում, մենք այլ կարգավիճակով ենք ցանկանում վերադառնալ: Հայաստանի իշխանությունները գրեթե չեն խոսում Արցախի մասին, իսկ եթե խոսում են` հիմնականում սոցիալական խնդիրների մասին է, որից, ի դեպ, արցախահայերը շատ դժգոհ են։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող են արցախահայերը վերադառնալ, եթե կարող են։

Ես վերլուծաբան չեմ, ոչ էլ միջազգային իրավունքի իրավաբան եւ չեմ կարող սպառիչ պատասխաններ տալ այս հարցերին։ Բայց իմ ընկալմամբ, Արդարադատության միջազգային դատարանում տեղի ունեցող գործընթացները շատ կարեւոր են այս պարագայում։ Ինչեւէ, հիմնական խնդիրը մնում է. ատելության համակարգված խոսքը շարունակվում է մնալ Ադրբեջանում, եւ հենց դա զանգվածային արտագաղթի պատճառ դարձավ։

Հայաստանում ԵՄ դեսպանները, ներառյալ՝ Շվեդիայի, հանդիպել են արցախահայության հետ, լսել նրանց, փորձել հասկանալ նրանց հուզող խնդիրները, հասկանալ, թե ինչպես եւ ինչով կարող է օգնել Եվրոպան։ Դուք ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է օգնել Եվրոպան: Մենք գիտենք, որ դուք էլ ձեր  սեփական խնդիրներն ունեք այնտեղ, հատկապես հիմա, երբ նման իրավիճակ է ստեղծվել Ուկրաինայի շուրջ: ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եւ այլն…

Շատերի համար դա զգայուն հարց է, եւ ես համոզված եմ, որ այդ հարցի պատասխանը պետք է արցախցիները տան, որոնց Հայաստանի կառավարությունը պետք է լսի։ Նույնը պետք է միջազգային հանրությունը կատարի։ Ես, որպես լրագրող, նույն հարցերն եմ տալիս։

Թվում է, թե հայ-ֆրանսիական հարաբերություններում ամեն ինչ պարզ է՝ հաշվի առնելով այնտեղի հայկական սփյուռքը: Հայաստանի եւ Ֆրանսիայի բարեկամությունը (որն այդքան նյարդայնացնում է Ալիեւին), Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին եւ արցախահայերին/փախստականներին, Ֆրանսիայի սոցիալական-քաղաքական աջակցությունը եւ այլն։ Մի խոսքով, Ֆրանսիայում գիտեն, թե որտեղ են Հայաստանն ու Արցախը, իսկ Շվեդիայում գիտե՞ն։ Գիտե՞ն, թե ինչ տեղի ունեցավ Արցախում, բացի ձեզանից։

Հանրությունը (Շվեդիայի) նույնն է, ինչ ամբողջ աշխարհի մեծ մասում՝ նրանք չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել: Բայց Շվեդիայի կառավարությունից ինձ հասնող ազադանշաններից պարզ է դառնում, որ նրանք լավ տեղեկացված են իրողություններից։ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը չափազանց անհանգստացնող է միջազգային հանրության համար։ Ինքս էլ եմ փորձում պատասխաններ ստանալ, բայց մեծ հույսեր չունեմ․ այս պարագայում մենք նույն իրավիճակում ենք։

Դուք բազմիցս եղել եք Հայաստանում եւ հիմա նորից վերադարձել եք։ Ինչ-որ բան փոխվո՞ւմ է:

Կարծում եմ, որ 2023-ից հետո Հայաստանը զգալի ուշադրություն եւ աջակցություն է ստանում արևմտյան հանրությունից։ Հնարավոր է, որ որոշ քաղաքական գործիչներ վատ են իրազեկված իրադրությունից, սակայն դա հավանաբար այն պատճառով է, որ նրանք չեն զգում, որ այլեւս պետք է կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի վրա: Ասվածի մի փոքր կոշտ ձևակերպմամբ, դա բավական դրական լիցք է հաղորդում Հայաստանին։ Կարծում եմ՝ դիվանագետները գտնվում են վստահության կառուցման գործընթացի միջանկյալ փուլում, եւ հույս ունեմ, որ դրա արդյունքը կլինի հումանիտար իրավունքների ամրապնդումը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, իհարկե, մեծ փոփոխություն է ավելի քան 100,000 փախստականներ ընդունելը։ Կարծում եմ՝ շատերը բախվում են առօրյա դժվարությունների, ինչպես օրինակ՝ բնակարանային խնդիրների եւ իրենց մասնագիտության շրջանակում աշխատանք գտնելու դժվարություններին։

Միգուցե դուք հաճույք եք ստանում Արարատ լեռանը նայելիս` երբ Հայաստան եք այցելում, գուցե ձեզ դուր է գալիս Երեւանը, բայց դուք չեք կարող չտեսնել աղքատությունն այստեղ։ Դուք գիտեք, որ Հայաստանն առերեսվում է տարբեր սոցիալ-քաղաքական խնդիրների։ Օրինակ Երեւանի քաղաքային իշխանությունները պատրաստվում են 52 մլն դոլար ներդրել Կասկադի շինարարությունն ավարտին հասցնելու համար: Եթե ​​համարենք, որ Շվեդիայում IKEA, Volvo ու H&M չկա, եթե համարենք, որ Շվեդիան Հայաստանի պես աղքատ երկիր է (Աստված մի արասցե), Շվեդիան իրեն թույլ կտա՞ր նման շռայլություն եւ ինչպե՞ս դա կընկալվի ձեր հասարակության կողմից։ Կծափահարե՞ք, թե՞ կասեք՝ երկրում 120 հազար փախստական ​​կա, փող ծախսելու շատ ավելի առաջնային բաներ կան։

Ամենն, ինչ կարող եմ ասել, այն է, որ հայ լրագրողներին կոչ եմ անում լինել ավելի համարձակ՝ հետաքննել պատասխանատուներին եւ շարունակել քննադատական ​​հարցեր տալ նրանց, հատկապես այն ժամանակ, երբ չարաշահումներ են տեսնում։ Կոնկրետ այդ ներդրմանը, թեմային ես ծանոթ չեմ:

 Ի՞նչ կարող եք ասել Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» մասին։

Կարող եմ ասել այն, որ մենք այն չպետք է դատավարություն անվանենք: Ադրբեջանում արդար դատավարություններ չկան այս հարցերի վերաբերյալ։ Ինձ համար դա պարզապես շարունակությունն է այն հռետորաբանության, որը նրանք օգտագործում էին Լեռնային Ղարաբաղի դեմ տարիներ շարունակ՝ նպատակ ունենալով արտաքին թշնամու կերպար ստեղծել, որպեսզի զանգվածներն իրենց շուրջ համախմբեն:

Եկեք «կարդանք» ձեր գիրքը: Դուք այն անվանել եք «Ամեն օր ես դանդաղ մեռնում եմ» (I DIE SLOWLY EVERY DAY): Այդ ո՞վ է ամեն օր այդպես դանդաղ մեռնում: Ո՞վ է գրքի շապիկի տղամարդը:

Մի պատրվակով դա լուսանկարիչ Արեգ Բալայանն է ասել: Կարծում եմ, նա ուժասպառ էր եղել պատերազմից հետո եւ մեր՝ Լեռնային Ղարաբաղ կատարած հաշվետու ճանապարհորդությունը ստիպեց նրան կազդուրվել հոգեբանորեն։ Ինչ վերաբերում է գրքի շապիկի տղամարդուն, ապա փաստցի նրա մասին գրքում նշված չէ։ Բայց ես նրա դեմքի արտահայտության մեջ շատ ուժ տեսա։ Այնտեղ շատ հույզեր, էմոցիաներ կան:

 Ինչի՞ մասին է գիրքը:

Ես Արցախ եմ այցելել 2021 թվականին եւ գիրքն այդ ճանապարհորդության մասին է։ Երբ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Կոռնիձորում էի, հրատարակիչս զանգահարեց ինձ՝ ասելով, որ ցանկանում են նաեւ գրքի անգլերեն տարբերակ հրատարակել։ Ես այդ պահին ականատես էի լինում արցախահայերի զանգվածային գաղթին։ Նրանց ասացի, որ կընդունեմ թարգմանության առաջարկը պայմանով, որ մի քանի գլուխներ պետք է ավելացնեմ այն մասին, թե ինչ էր կատարվում այդ ժամանակ։ Գիրքը 2020-ից մինչեւ 2023թ. Ժամանակաշրջանի իրադարձությունների մասին է։ Ես փորձել եմ վկայություններ հավաքել Արցախ եւ Հայաստան կատարած իմ ճանապարհորդություններից։

 X-ում ասացիք, որ դժվարությամբ եք գրքերը Հայաստան հասցրել: Ի՞նչ էր պատահել։

 Դա ուղղակի հայկական բյուրոկրատիա էր։ Բայց ամեն ինչ արագ կարգավորվեց, կասկածելի ոչինչ չկար։

 Ո՞ւմ համար եք գրել գիրքը՝ հայերի՞, թե՞ շվեդների։ Ո՞վ է թիրախային լսարանը:

Հայաստան եմ այցելել, որպեսզի գրքի օրինակներից նվիրեմ արցախցիներին։ Այսպիսով, անկեղծ ասած, հենց նրանք են առաջին թիրախային խումբնը: Ես ուզում էի գիրքը ցույց տալ այդ մարդկանց, ում մասին պատմում եմ այնտեղ, որպեսզի համոզվեն, որ նրանք մոռացված չեն: Երկրորդ թիրախային խումբը փորձագիտական ու դիվանագիտական շրջանակներն են, ովքեր հետաքրքված են Հարավային Կովկասով:

Ի դեպ, Ռասմուս Քանբեքի գիրքը կարող եք ձեռք բերել, հետեւելով այս հղմանը:

Հարցազրույցը` Մարութ Վանյանի

“Փաշինյանն իրեն վտանգի մեջ է զգում, որովհետեւ իր բոլոր գործարքները Մոսկվայի հետ տապալվել են”

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Պարոն Ղուկասյան, ԱՄՆ եւ ՌԴ հարաբերությունների զարգացման պայմաններում հնարավո՞ր է, որ Մինսկի խումբը վերականգնվի, ի՞նչ միտումներ եք տեսնում այս նոր դասավորությունների համատեքստում։

-Ես կարծում եմ, որ շատ արագ եք արձագանքում փոփոխություններին, դեռ նման արմատական փոփոխությունների մասին խոսելը վաղաժամ է։ Այս պահի դրությամբ մենք չունենք տեղեկություն ԱՄՆ-Ռուսաստան գործարքի մանրամասնությունների մասին։ Բոլորը հասկանում են, որ ինչ-որ գործարք սեղանին կա, եւ ԱՄՆ քայլերը վկայում են այդ մասին, որ իրենց միջազգային հարաբերություններում իրենք շարժվում են ըստ այդ գործարքի։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եւ վեհաժողովում բանաձեւը դրա մասին են վկայում, Ուկրաինայի ղեկավարության հետ տեղի ունեցը նույնպես այդ ծրագրի տրամաբանության մեջ է։ Բայց գործարքի առարկան հայտնի չէ։ Եվ բոլոր հրապարակային քննարկումները, նույնիսկ Թրամփի ելույթը կոնգրեսականների առջեւ, որը երեկ տեղի ունեցավ, փակագծերը չեն բացում։ Այս պահին դեռ չենք կարող պատկերացնել, թե որքանով է այդ գործարքը ռուս-ամերիկյան օրակարգի բոլոր խնդիրները լայն ու համապարփակ ներառում։ Բայց առհասարակ ակնհայտ է, որ Արցախի խնդիրն այդ օրակարգի մեջ կա։

Իսկ հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ ԱՄՆ-Ռուսաստան  համաձայնության շրջանակներում կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության պայմանագիր» կնքվել։

-Ոչ, իմ կարծիքով՝ նման հնարավորություն չկա։ Այս պահի դրությամբ փաստաթղթի ստորագրման համար նախապայմաններ չեմ տեսնում։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը չի համաձայնում իր առաջարկած տարբերակներին։ Նա նաեւ էսկալյացիայի վտանգի մասին էր խոսել, ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։

-Կարծում եմ, որ Փաշինյանն իրեն վտանգի մեջ է զգում, որովհետեւ իր բոլոր գործարքները Մոսկվայի հետ տապալվել են։ Առ այսօր Արցախին վերաբերող ինչ գործարք ինքը կնքել է, ոչ մի արդյունք չի տվել «խաղաղության պայմանագրի» իմաստով։ Եվ հիմա ինքը, այո, քաղաքական հող է նախապատրաստում վաղը իր հասցեին հնչեցվող մեղադրանքների համար։ Խոսքն այս մեղադրանքների մասին է՝ որոշում էիր կայացնում 2019 թվականին Արցախը ռուսական հսկողությանը հանձնելու մասին, գնացիր պատերազմի՝ այդ որոշումն իրականացնելու համար, դրանից հետո 2022 թվականի մայիսին Մոսկվայի հետ համատեղ որոշում կայացրեցիր լուծարել Արցախի Հանրապետությունը, դրանից հետո եղավ շրջափակում եւ Արցախի վրա հարձակում ու էթնիկ զտում։ Արդյունքում՝ Հայաստանը չունեցավ «խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ։

Հիմա հավանաբար եւ վստահության պաշարն է սպառված, եւ առարկայական լծակներ չկան՝ ազդելու իրադրության վրա։ Այսինքն՝ Փաշինյանի համար հարցն ամբողջությամբ կախված է արտաքին գերտերությունների դիրքորոշումներից, թե ինչ կորոշեն ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչ դիրքորոշում կունենա Ռուսաստանը։ Իր ձեռքում ոչինչ չկա, բնականաբար, նման պայմաններում ինքը պետք է մտահոգված լինի։ Իր որոշումը եւ պատկերացումը, որ Թուրքիայի միջոցով կարելի է «խաղաղության պայմանագրի» հասնել՝ անտեսելով ԱՄՆ-ն, Ֆրանսիայն եւ Եվրամիությունը, ի հակառակ իրենց շահերի այստեղ թուրքերի եւ Իրանի հետ կնքել «3+3» ձեւաչափով ինչ-որ «խաղաղության պայմանագիր», նույնպես ոնց որ թե այդ ճանապարհը չի աշխատում։

Եվ ստացվեց, որ ընտրություններին ընդառաջ Փաշինյանն ամբողջությամբ կորցրեց իր ընտրազանգվածը, այսօր միայն իր վարչական ռեսուրսի եւ սոցիալապես ամենատգետ խավի վրա է հենվում իր հեղինակությունը։ Ինքն արդեն տեւական ժամանակն է՝ քարոզում է, որ պետք է ժխտել ցեղասպանությունը, մերժել Արցախի ինքնորոշման իրավունքը, հրաժարվել բոլոր ազգային կարեւոր հարցերից, Հայաստանի Անկախության հռչակագրում ձեւակերպված դիրքորոշումներից։ Դա էլ վնաս պատճառեց իրեն որպես քաղաքական գործչի, բայց օգուտ չբերեց՝ Թուրքիայի միջոցով պայմանագիր կնքելու Ադրբեջանի հետ։

Այս պահի դրությամբ տեսնում ենք, որ արդեն ինքն է խոսում, որ կա էսկալյացիայի մեծ հավանականություն։ Եվ արդեն անձամբ իր պատասխանատվության դաշտում է մեր պաշտպանական հնարվորությունների հարցը։

Ռոզա Հովհաննիսյան

Մակրոնի «միջուկային զսպումը» շոկ է առաջացրել Մոսկվայում

Ռուսաստանը միջուկային զենքի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները համարում է սպառնալիք, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Իհարկե, դա սպառնալիք է Ռուսաստանի դեմ։ Չէ՞ որ ​​նա մեզ սպառնալիք է համարում, եվրոպական երկրների և Բրիտանիայի գլխավոր շտաբների պետերի հանդիպում է հրավիրում, ասում է, որ անհրաժեշտ է միջուկային զենք կիրառել, պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ռուսաստանի դեմ։ Սա, իհարկե, սպառնալիք է»,- ասել է Լավրովը։

Նախարարը Նապոլեոնին և Հիտլերին անվանեց «[Մակրոնի] նախորդներ, որոնք նույնպես ցանկանում էին կռվել Ռուսաստանի դեմ»։

Հիշեցնենք, որ Մակրոնը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն դուրս բերի իր միջուկային մարտագլխիկները Եվրոպայից, ապա Ֆրանսիան կարող է փոխարինել դրանք։ Նա ասել է, որ Եվրոպային անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ միջուկային զսպման միասնական համակարգ։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը կանխատեսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «անհետացումը» «ոչ ուշ, քան 2027թ. մայիսի 14-ին»։

Այդպես է Մեդվեդեւն արձագանքել Ֆրանսիայի նախագահի ազգին հղած ուղերձին, որի ընթացքում Մակրոնը հայտնել է միջուկային զսպման անհրաժեշտության մասին։

«Մինչ ես խոսում եմ ձեզ հետ, Ռուսաստանը երկար տարիներ սպառնալիք է դարձել Ֆրանսիայի եւ Եվրոպայի համար», ասել է Մակրոնը: Բայց ինքը՝ Մակրոնը, մեծ սպառնալիք չի ներկայացնում: Նա ընդմիշտ կվերանա ոչ ուշ, քան 2027թ. մայիսի 14-ին։ Եվ ոչ ոք նրան չի էլ հիշի»,- Х սոցցանցում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը։

Մոսկվան երկար ժամանակ համագործակցում է Բաքվի հետ Մակրոնի դեմ՝ Ֆրանսիային մեղադրելով «տարածաշրջանի» գործերին միջամտելու մեջ։ Բաքուն նույնիսկ ֆրանսիական գաղութներում ֆինանսավորեց «հակագաղութային» շարժումներ։

Մոսկվան անհամբեր սպասում է Մակրոնի հեռանալուն, որպեսզի կարողանա ընդլայնել իր տարածումը Վարշավայի պայմանագրի տարածքում՝ առանց որևէ դիմադրության։ Մոսկվայի միակ «փաստարկը» մնում է միջուկային զենքը, ինչի պատճառով էլ Մոսկվան թշնամաբար է արձագանքել միջուկային զսպման մասին Մակրոնի հայտարարությանը։

Ինքնասպանությունների կեսը առցանց կազինոների պատճառով է. հարկերը կբարձրացնենք, բայց կազինոները չենք փակի

Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որը նախատեսում է խաղային ընկերությունների համար տուրքերի կրկնապատկում։ Նախաձեռնության հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կարծիքով, դա թույլ կտա բյուջեն համալրել տարեկան 13 մլրդ դրամով։

Բացի այդ, օրենքը նախատեսում է մեկ խաղային օպերատորի ստեղծում, որը կստանձնի առցանց կազինո շուկայի վերահսկողությունը: Այս օպերատորը կսահմանափակի մոլախաղերի մուտքը, իսկ պետական ​​ծառայողների և սոցիալական խոցելի խմբերի նկատմամբ կկիրառվի ամբողջական արգելք։

Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանում զգալի թվով ինքնասպանությունների պատճառ է դարձել խաղամոլությունը։ Նրա խոսքով, դա ազդում է նաև բանակի վրա. զինվորականների շրջանում ինքնասպանությունների դեպքերի կեսից ավելին կապված է առցանց կազինոների կորուստների հետ։

Սակայն ոչ թե որոշվել է արգելել կազինոները, այլ բարձրացնել տուրքերը։

2024 թվականին առցանց կազինո հաշիվները համալրվել են 811 մլրդ դրամով. Եթե ​​այդ գումարներն ուղղվեին տնտեսություն, ապա երկրի ՀՆԱ-ն կարող էր աճել 10-15%-ով, իսկ կառավարության եկամուտները՝ 7,34%-ով։

2024 թվականին Հայաստանում խաղային ընկերությունները բյուջե են վճարել 27 միլիարդ դրամ (67 միլիոն դոլար)։ Սակայն, անուղղակի հաշվարկներով, երկրի բնակիչները 800-ից 900 միլիարդ դրամ (մոտ 2,26 միլիարդ դոլար) են ծախսել առցանց կազինոների և խաղադրույքների վրա։ Հայաստանի պետական ​​բյուջեն կազմում է մոտ 7 մլրդ դոլար։

ԵԽ պատգամավորները նախատեսում են Բաքվում հայ գերիների թեմայով հրատապ դեբատներ անցկացնել

Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների կտտանքների ու խոշտանգումների ենթարկվելու հանգամանքն ու դրա վերաբերյալ միջազգային կառույցների ահազանգերը խիստ մտահոգություն ու դժգոհություն են առաջացրել նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի ունեցած տեղեկություններով այս օրերին քննարկումներ են տեղի ունենում, թե հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում կայանալիք  լիագումար նիստում ԵԽ պատգամավորների այս վրդովմունքն արձագանքի ի՞նչ ձև պետք է ստանա։ Չի բացառվում հարցի վերաբերյալ հրատապ դեբատների անցկացումն ու բանաձևի ընդունումը։