Լաթաքիայում բախումների ժամանակ երկու հայ է զոհվել՝ հայր ու որդի

Սիրիայի Լաթաքիա քաղաքում բախումների հետևանքով երկու հայ է զոհվել, հայտնում է «Գանձասարը»։

«Հայր և որդի՝ Անտուան և Ֆատի Պութրոսները կրակոցների զոհ են դարձել»,- մանրամասնել է թերթը։ Նշվում է, որ հուղարկավորությունը կատարվելու է այսօր՝ Լաթաքիայի Ս. Աստվածածին եկեղեցում»,- ասվում է հաղորդագրությունում։

Մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում բախումներ էին սկսվել անվտանգության ուժերի և նախկին նախագահ Ասադի կողմնակիցների զինված խմբերի միջև։ Մարտի 7-ին նոր իշխանությունները վերահսկողության տակ էին վերցրել Լաթաքիա քաղաքը՝ հեռացնելով Ասադի զինված կողմնակիցներին։ Բախումների հետևանքով զոհվել էր շուրջ 200 անձ։

«Մենք գաղափար չունենք, թե ինչ է կատարվում դրսում, որովհետեւ մեր բնակարաններից դուրս չենք գալիս: Երեկ կրակոցներն ու բախումները  հայաշատ թաղամասում էր, որտեղ գտնվում է հայկական եկեղեցին ու դպրոցը: Կրակոցները չեն դադարել մինչեւ առավոտ:

Այս մասին ավելի շուտ  NEWS.am-ին հայտնել է հայկական «Գանձասար» պարբերականի Լաթաքիայի թղթակից Նաիրի Կարապետյանը:

Սիրիական անվտանգության ուժերը և նրանց դաշնակիցները վերջին երկու օրվա ընթացքում սպանել են ավելի քան 300 ալավի խաղաղ բնակիչների, իսկ զոհերի թիվը հասցնելով 524-ի, ըստ SOHR-ի:

Արժեքները դարձնելով արվեստ․ Տիրուհի Իշխանյան

Step1.am-ը կանաց միամսյակի շրջանակներում շարունակում է ներկայացնել արցախցի ուժեղ, փխրուն եւ չնահանջող կանանց։

Տիրուհի Իշխանյանը  եղբոր հարսանիքին մասնակցելու համար գլխազարդ էր փնտրում հեռավոր 2018թ․, երբ հասկացավ, որ զարդերի շուկան Ստեփանակերտում շատ սահմանափակ է։

Որոշ ժամանակ անց նշանածի՝ Մոնթեի հետ որոշեցին իրենք ստեղծել զարդեր, որոնք հարկ չի լինի փնտրել Արցախից դուրս։

Առաջին փորձերը կատարեց չորացրած ծաղիկների հետ։

«Մի օր տեսա, որ այդ չորացրած ծաղիկներն էլ կարելի է օգտագործել։ Ու այս օրվանից կախազարդերի մեջ ավելացրի ծաղիկներ, այդ ընթացքում ինձ համար բացահայտեցի Աստղաշենի աստղաձև քարերը։ Սկզբում շատ էի մտածում՝ քարը կկարողանա՞մ զարդ դարձնել։ Աստղաշենի քարերով և էպօքսիդով պատրաստված կախազարդերը շատ սիրված դարձան»,- հիշում է Տիրուհին

Գլխազարդերից ու կախազարդերից հետո գեղեցիկը ստեղծելը դարձավ ավելի սիրելի զբաղմունք։

Արծաթագործությունը եւ իրենց միահյուսված անունները սկիզբ դրեցին «ՄոնՏիրու» բրենդին, որն այսօր արդեն ճանաչված ու սիրված է շատերի կողմից։

44-օրյա պատերազմը բեկումնային էր։

Հազարավոր զոհերի շարքում էր նաեւ Տիրուհու հարազատ եղբայրը՝ Արտակ Իշխանյանը։

«Արտակն աջակցում էր ամեն ինչում, ոգևորում ու ոգևորվում ցանկացած վաճառքի ժամանակ։ Արտակը ոչ միայն իմ եղբայրն է, այլև «ՄոնՏիրու»-ն հենց իր հարսանիքի շնորհիվ էր ծնվել, նրանից հետո շատ դժվար էր նորից սկսելը»,- ասում է Տիրուհին։

«Բայց այնպիսի պատվերներ էինք ստանում, որ դժվար էր մերժելը»,- հավելում է նա։

«Շատ էին զոհված հարազատների նկարներով զարդերի պատվերները, բայց մի յուրահատուկ պատվեր ստացանք… Ամուսինը ծաղկեփունջ էր նվիրել կնոջ ծննդյան օրվա առթիվ, այդ ծաղկեփնջի չորացած ծաղիկներով կինը հուշանվեր ու կախազարդ էր պատվիրել, որ հոր ծաղիկները միշտ աղջկա մոտ լինեն ու հիշեցնեն ջերմ հայրիկին»:

Հոջորդ դժվար ժամանակաշրջանը ապրանքանիշի, Մոնթեի ու Տիրուհու համար իրենց որդու ծննդի հետ էր կապված։

«Հղիության շրջանում չի թույլատրվում էպօքսիդով աշխատել, հեղուկ վիճակում այն թունավոր է, դրա համար հղիության ու երեխային կերակրելու շրջանում դիմակով էի մտնում սենյակ, արագ դասավորում էի չորացրած ծաղիկներն ու քարերը, իսկ Մոնթեն արդեն լցնում էր էպօքսիդը։ Այդ շրջանում աշխատանքի մեծ մասը Մոնթեն էր անում»,- իրենց առաջնեկի դժվարին փուլի մասին այսպես է պատմում Տիրուհին։

Դեռ Արցախի կորստից առաջ էին սկսել ստեղծել արժեքահեն զարդեր՝ Մոնթեի արձանը, Բռի եղցի վանքը, Պապ ու տատը, Աղջկաբերդը։

Տիրուհու խոսքով, Արցախի կորստից հետո որոշեցին, որ մեր հուշարձաններին այսպես պետք է կյանք տան՝ ոսկյա եւ արծաթյա զարդեր ստեղծելով, որ միշտ կրեն ու գոնե այդպես մոտ զգան իրենց։

Վերջին շրջանում Ստեփանակերտի հայտնի «երեք կռան» արձանն են դարձրել կախազարդ ու մատանի։ Միտք ունեն շարքը շարունակել եւ պատմական ու հարազատ արձանները դարձնել կիրառական արվեստ։

7-ամյա «ՄոնՏիրուն»-ն հիմա ավելի ինքնուրույն է։

«Սկզբում մեր նվազագույն աշխատավարձերն էինք ներդնում, որպեսզի բրենդը ճանաչելի դառնա, հետո արդեն վաճառքից գոյացած գումարներից էինք ներդնում, իսկ հիմա «ՄոնՏիրու»-ն աճեց մեզ հետ և, կարելի է ասել, ինքն է իր ծախսերը հոգում»,- ասում է Տիրուհին։

Գեղեցիկը ստեղծող զույգը հավատում է, որ սա պայքարի եւս մեկ ձեւ է՝ թանկ արժեքները պահպանելու համար։

Տիրուհին նշում է, որ արդեն քանի տարի է՝ զարդերի տուփերի վրա էլ է գրված՝ «Պատրաստված է Արցախում», սա արցախյանը պահելու յուրօրինակ ձև է, կործանումից մշակութային կոթողները փրկելու փորձ՝ կիրառական արվեստի միջոցով։

Մարիամ Սարգսյան

Երկրաշարժից տուժածների և վնասների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել

Ժամը 10:20-ի դրությամբ տուժածների և վնասների վերաբերյալ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր չեն ստացվել, հայտնում են ՆԳՆ-ից։

ՆԳՆ Փրկարար ծառայությունը ՏԻՄ-երի հետ այս պահին իրականացնում է միջոցառումներ՝ տեղի ունեցած երկրաշարժի հնարավոր վնասների հայտնաբերման ուղղությամբ։

Մարտի 8-ին, տեղական ժամանակով ժամը 09:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։26-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.88⁰ և արևելյան երկայնության 44.29⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ ուժգնությամբ։

Դիտորդները մեղադրում են Սիրիայի նոր իշխանություններին տասնյակ ալավիների սպանության մեջ

ВВС

Սիրիայի նոր կառավարությանը հավատարիմ անվտանգության ուժերը արևմտյան Լաթաքիա նահանգում գնդակահարել են ալավիական փոքրամասնության 52 մարդու, հայտնում է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR):

SOHR-ը վկայակոչում է տեսագրություններ, որոնցում երևում է, թե ինչպես են տասնյակ քաղաքացիական հագուստով դիակներ կուտակվել Լաթաքիայի տներից մեկի այգում:

Երկրի ՆԳՆ-ի աղբյուրը սիրիական պաշտոնական SANA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ եղել են «առանձին ​​խախտումներ» և խոստացել է դադարեցնել դրանք։

BBC-ն չի կարողանում ճշտել այն պնդումները, որ տղամարդիկ սպանվել են Սիրիայի նոր կառավարիչների տակ գտնվող ուժերի կողմից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Լաթաքիայում ուժայինների եւ պաշտոնանկ արված նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների միջեւ բախումների մասին։ SOHR-ի տվյալներով՝ դրանցում մահացել է ավելի քան 70 մարդ։

Ինչպես նշել է կազմակերպությունը, դրանք ամենակատաղի բախումներն են դեկտեմբերին Ասադի տապալումից հետո։

Ըստ SOHR-ի՝ զոհվածների թվում են անվտանգության աշխատակիցներ, Ասադին հավատարիմ զինյալներ և խաղաղ բնակիչներ:

Ծովափնյա շրջանը ալավիական փոքրամասնության կենտրոնն է և այդ էթնիկ խմբին պատկանող Ասադների ընտանիքի հենակետը։

Համայնքի անդամներն ասում են, որ երկրում իշխանափոխությունից հետո հետապնդումների են ենթարկվել հատկապես գյուղական վայրերում:

Հաղորդվում են նաև Հոմս և Հալեպ քաղաքներում բախումների մասին:

Հինգշաբթի օրը սիրիական Sana գործակալությունը հայտնել է, որ պաշտոնանկ արված նախագահի կողմնակիցները հարձակվել են Միջերկրական ծովի ափին գտնվող Ջաբլե քաղաքի հսկիչ անցակետերից մեկի վրա։

Այս վայրի մոտ է գտնվում ռուսական «Խմեյմիմ» ավիաբազան։

Արաբական լրատվամիջոցները հայտնում են ավելի քան 150 զոհի մասին։

Ամեն ինչ թանկանում է․ արցախցիների կյանքը էլ ավելի կդժվարանա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ հարկերի բարձրացման հետ միաժամանակ Հայաստանում բարձրանում են սննդամթերքի գները։

Առանց տուն և աշխատանք մնացած արցախցիների վրա դա երկակի ազդեցություն է թողնում, իսկ եթե դրան գումարենք, որ կառավարությունն ապրիլից կկրճատի արցախցիներին տրվող բնակնպաստը, կարելի է ենթադրել, թե ինչ է լինելու մարդկանց վիճակը։ Արդեն հիմա շատերը փոխում են վարձակալած համեմատաբար հարմարավետ տները ավելի էժան և փոքր տների հետ՝ միանալով ընտանիքներով մի կտուրի տակ։ Ով աշխատում է, ստացած գումարի մեկ երրորդը հարկ է տալիս, մնացածը՝ գրավադրված ոսկու տոկոս։  Ուտելու փող չի էլ մնում․ 

«Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թ. փետրվարը 2024 թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 2.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%:

Համաձայն Վիճակագրական կոմիտեի՝ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.5%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 0.5% գնաճ:

2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բրնձի՝ 1.8%, հացի՝ 2.8%, ալյուրի՝ 4.3%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.6%, 0.3%, 0.3% գնաճ:

Մարգարինի գինը 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ նվազել է 5.3%-ով, մակարոնեղենինը՝ 2.6%-ով, տավարի մսինը՝ 1.3%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.9%, 0.4%, 0.1% գնաճ:

2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ ոչխարի մսի եւ իշխան ձկնատեսակի գներն աճել են եւ 4.6%-ով եւ 17.7%- ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 0.5% եւ 4.3%-ով:

Թեյի գինը 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ աճել է 6.7%-ով, շոկոլադինը՝ 10.3%- ով, կարագինը՝ 13.4%-ով, սուրճինը՝ 17.1%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 2.8%, 1.0%, 0.4%-ով:

Միաժամանակ, 2025 թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ պանրի գինը նվազել է 5.4%-ով, խոզի մսինը՝ 3.4%-ով, հրուշակեղենինը՝ 1.8%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.3% եւ 0.6%-ով:

Ձվի գինը 2025թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ նվազել է 6.1%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 3.5%-ով:

2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արեւածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.4%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.6% գնանկում:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 5.8%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.4%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 2.1% գնաճ:

Եթե փորձենք խոսել հակիրճ, ապա Հայաստանի Հանրապետությունում բարձրացվող հարկերին զուգահեռ համատարած թանկություն է եւ գնաճ»:

 

Թրամփ. Իրանը կա՛մ գործարք կկնքի ԱՄՆ-ի հետ, կա՛մ «շատ շուտով ինչ-որ բան տեղի կունենա»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը կամ պետք է համաձայնության գա Վաշինգտոնի հետ, կամ մոտ ապագայում բախվի հետևանքների։

«Մենք Իրանի հետ մի իրավիճակ ունենք, և ինչ-որ բան տեղի կունենա շատ շուտով, շատ, շատ շուտով: Հուսով եմ, որ դա խաղաղության համաձայնագիր կլինի, բայց մյուս տարբերակը ևս կլուծի խնդիրը», – Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը:

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քայլեր կարող է ձեռնարկել ԱՄՆ-ը, սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ համակերպվել Թեհրանի հետ հարաբերություններում առկա իրավիճակի հետ։

ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելի գործողությունները Պաղեստինում և Լիբանանում Համասի և Հեզբոլլահի դեմ, ինչպես նաև Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացված իշխանափոխությունը բավականաչափ թուլացրել են Իրանին, որպեսզի կոշտ պահանջներ ներկայացվի նրան։ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ կարող է թույլ տալ Իսրայելին հարվածել Իրանին:

Թուրքիան Ադրբեջանով հանդերձ անհամբեր սպասում է այդ պահին՝ Հյուսիսային Իրանն ու հայկական Սյունիքն ու Վայոց Ձորը գրավելու համար։

Երկրաշարժ Հայաստանում

Երևանի ժամանակով 09:27-ին երկրաշարժ է տեղի ունեցել։ Լոռու մարզում՝ օջախի 10 կմ խորությամբ, 4,38 մագնիտուդով: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 40,91⁰ և արևելյան երկայնության 44.56⁰ աշխարհագրական կոորդինատներով։ Աղբյուր՝ ԱՄՆ երկրաբանական ծառայություն:
Հայաստանում` Վրաստանի պետական սահմանից 45 կմ հեռավորության վրա 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են տեղական աղբյուրները։

Հայաստանի սահմանների հարցը կընդգրկվի՞ ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, քանի որ «գերադասում է Իրանի հետ գործարք կնքել», Reuters-ը մեջբերում է Թրամփի խոսքերը Fox Business-ին տված նրա հարցազրույցից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու գործադիր հրամանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Վաշինգտոնը ստիպված չի լինի հաճախակի օգտագործել այն։

Իրանը ուղիղ բանակցությունների մեջ չի մտնի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ նրանք շարունակում են Թեհրանի դեմ առավելագույն ճնշումների և սպառնալիքների քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է այսօր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով Խամենեիի նամակի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը։

Պաղեստինում և Լիբանանում Իսրայելի գործողություններից, ինչպես նաև Սիրիայում Թուրքիայի իշխանափոխությունից հետո, որոնք հանգեցրին Մերձավոր Արևելքում իրանամետ ուժերի ռեսուրսների կրճատմանը, Իսրայելը և Թուրքիան ԱՄՆ աջակցությամբ շարունակում են ճնշում գործադրել Իրանի վրա՝ ստիպելու նրան հրաժարվել տարածաշրջանային գերիշխանությունից:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera-ին տված հարցազրույցում ուղղակիորեն հայտարարել է, որ Իրանը հսկայական ռեսուրսներ է ծախսել «տարածաշրջանում իր նվաճումների համար», ակնարկելով, որդրանք անիմաստ էին։

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ղեկավարի պաշտոնակատար Սեյեդ Մոհամմադ Խաթամին կոչ է արել Թուրքիայի արտգործնախարարին ներողություն խնդրել նման հայտարարությունների համար և խուսափել դրանք կրկնելուց՝ ասելով, որ դա կբխի Թուրքիայի շահերից:

Իրանում ասում են, որ դեռ ոչինչ ավարտված չէ, և ամեն ինչ կարող է փոխվել։ Սիրիական Լաթաքիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ վերջնական արդյունքը չի ձևավորվել, և ԱՄՆ-ի խաղադրույքը Թուրքիայի և իսրայելամետ Ադրբեջանի վրա կարող է տապալվել:

Իրանն այժմ Հարավային Հայաստանում դիմակայում է Թուրքիային և Իսրայելին՝ փորձելով կանխել Մեղրիի ճանապարհի բացումը, որը վերջնականապես կմեկուսացնի Իրանը Եվրոպայից։ Միևնույն ժամանակ, Թուրքիան և Ադրբեջանը սկսել են Իրանի վրա ճնշման վճռական կարևոր փուլը։ Ալիևն ու Էրդողանը սկսեցին խոսել Նախիջևանի մասին, որը իբր պետք է «վերադարձնել» թյուրքական աշխարհ։

ԱՄՆ-ը պաշտոնապես չի հայտնել իր դիրքորոշումն այն մասին, թե ինչպես է գնահատում Թուրքիայի գործողությունները  տարածաշրջանում, և արդյոք տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ Հայաստանի սահմանային խնդիրները, կլինեն ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգում։

«Մենք միտում ենք տեսնում, շատ հստակ է՝ ուզում են հայերի ունեցվածքը Երուսաղեմի մեջ խլել»

Շուտով կլրանա 500 օրը, ինչ Երուսաղմեի հայ համայնքը հերթապահությամբ իրականացնում է Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքի պահպանությունը։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիգ Գիրագոսյանը, ով հայկական թաղամասի համար պայքարողների թվում է։ «Մենք օրական 24 այստեղ հերթապահում ենք, պահում ենք տարածքը»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքը հայոց պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Հետագայում հայ համայնքի ճնշման ներքո պատրիարքարանը չեղարկել է այս պայմանագիրը՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանը նամակ է ուղարկել վարձակալության պայմանագիրը չեղարկելու մասին։ Հայկական թաղմասի վրա մի քանի հարձակումներ են եղել անցած մեկ տարվա ընթացքում։ Դատական գործընթաց կա, Բեդիգ Գիրագոսյանի խոսքով՝ դատական նիստը սեպտեմբերին է լինելու։ Հայ համայնքի ներկայացուցիչները հույս ունեն, որ նիստը  հերթական անգամ չեն հետաձգի։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն օրեր առաջ մեկ այլ խնդրի մասին էր ահազանգել՝ Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարեր շարունակ Հայոց պատրիարքարանին պատկանող գույքը և այն աճուրդի հանել՝ 1994 թվականից ի վեր իբր գոյացած համայնքային պարտքերը բռնագանձելու համար։ Պատրիարքարանը վարչական հայց էր ներկայացրել քաղաքապետարանի այս որոշման դեմ։ «Եթե Աստված մի արասցե Պատրիարքարանի միջնորդությունը մերժվի, Երուսաղեմի քաղաքապետարանը կալանք կդնի Պատրիարքարանին պատկանող անշարժ գույքի վրա, և այն աճուրդի կհանվի՝ ենթադրյալ վիճելի պարտքերը վերականգնելու համար, որոնք երբեք չեն ապացուցվել դատական կարգով և, ըստ սովորական պրակտիկայի, մինչ այժմ երբեք չեն կիրառվել»,- հայտարարել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը։

Բեդիգ Գիրագոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայկական թաղամասի շուրջ իրավիճակն ընդհանուր առմամբ լարված է՝ մի կողմից «Կովերի պարտեզի» հարցն է, մնուս կողմից էլ՝ պատրիարքանի պարտքի հարցը։ «Քաղաքապետարանի կողմից մեծ պարտք է դրված պատրիարքարանի վրա՝ մոտ 10 մլն դոլար։ Հուսանք՝ կլուծվի, տեսնենք, թե ինչպես։ Մենք միտում ենք տեսնում, շատ հստակ է՝ ուզում են հայերի ունեցվածքը Երուսաղեմի մեջ խլել, ճնշումը շատ մեծ է։ Բայց ես կարծում եմ, որ պատրիարքարանն էլ իր մեղքն ունի՝ փաստաբաններն ու հաշվապահներն անգործություն են ցուցաբերել, 20 տարի է՝ ուղղակի ձգձգում են այս հարցերը»,- ասաց նա։

Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայէլի վարչապետ Բենյամին Նեթանյահուին արնոնայի հարցով՝ հորդորելով դադարեցնել պատրիարքության դեմ ձեռնարկած քաղաքապետարանի գործողությունները և վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար

Բեդիգ Գիրագոսյանն ասաց, սակայն, որ Իսրայելի իշխանությունների կողմից հայ համայնքին աջակցող քայլեր տեսանելի չեն։ «Երեւի ընդհանրապես չեն ուզում մեզ տեսնել այս տարածքի վրա»,- հավելեց նա։

Հայաստանի իշխանությունները եւս լուռ են, Երուսաղմեի հայ համայնքի ունեցվածքի հարցով պետական մակարդակով աշխատանք տեսանելի չէ։ Բեդիգ Գիրագոսյանն ասաց, որ Իսրայելի հայ համայնքը Հայաստանի իշխանություններից որեւէ սպասելիք չունի այսօրվա իրավիճակում։ «Այդ մարդիկ իրենց գործը չեն անում երկրի ներսում, ուր մնաց երկրից դուրս՝ Երուսաղեմի հայ համայնքի խնդիրներով զբաղվեն»,- նշեց նա։

Չնայած այս դժվարություններին՝ Իսրայելի հայ համայնքը վճռական է տրամադրված, ասում է Բեդիգ Գիրագոսյանը։ «Մենք շատ վճռական ենք մեր տներում ու մեր հողի վրա, պատրիարքարանի պաշտպանության հարցում։ Չենք նահանջելու, չենք զիջելու»,- ասում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

“Մեղավոր եմ զգում, որ նրանց արյամբ շաղախված հողը թողեցինք թշնամուն”

44-օրյա պատերազմ, փշրված երազներ

 Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Հախումյանի կինը՝ Աննան, Արցախի տեղահանությունից հետո իր երկու փոքրիկ երեխաների հետ բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Կարող էր մեկնել ՌԴ, որտեղ ապրում են ծնողներն ու եղբայրները, սակայն նա ամեն ինչից վեր է դասել մնալ Երևանում՝ Եռաբլուրին ավելի մոտ, որտեղ ամփոփված է ամուսնու մարմինը։

Էրիկը ԱՀ ՊԲ պայմանագրային զինծառայող էր։ Կրտսեր եղբոր՝ Արկադիի հետ զոհվել է 2020-ի նոյեմբերի 6-ին։ Իսկ ընդամենը 3 օր հետո հայտարարվել է զինադադար:  

Աննան պատմում է.

-Ինչպես շատերը, ես նույնպես 2020-ի պատերազմի ժամանակ երեխաներիս հետ մեկնել էի Երևան։ Փոքր աղջիկս՝ Լինան, դեռ 2 տարեկան չկար, իսկ մեծը՝ Էլենը, 5 տարեկան էր։ Էրիկն ամեն օր զանգում էր, հույս տալիս, որ շուտով կավարտվի ամեն ինչ, ու մենք տուն կվերադառնանք: Նոյեմբերի 5-ին, ուշ երեկոյան զանգեց, հարցրեց մեր որպիսության մասին, խոսեցինք երկար, բարի գիշեր մաղթեցինք իրար: Լուսաբացին եկավ բոթը։ Չէի ցանկանում հավատալ։ Իմ լացի ձայնից երեխաներն արթնացան ու, թեև չէին հասկանում՝ ինչ է պատահել, լացում էին ինձ հետ։ Այդ մի քանի րոպեների ընթացքում ինձ թվաց, թե խելագարվում եմ, ոչինչ չէի զգում։ Ականջիս մեջ գույժն էր՝ Էրիկն ու եղբայրը զոհվել են։

Շատ երազանքներ ու նպատակներ ունեինք, որոնք իրականություն դարձնելու համար Էրիկը ջանք չէր խնայում։ Շատ հոգատար ամուսին ու հայր էր։ 2015-ին ենք ամուսնացել և այդ ժամանակահատվածում ես հասկացել էի՝ որ նա է իմ ամուր թիկունքն ու հենարանը։ Կյանքիս ամենալավ տարիներն էին։ Մենք անխոս հասկանում էինք իրար։ Բարի էր անչափ, համեստ, աշխատասեր ու նվիրված։ 2020-ի նոյեմբերի 6-ին փշրվեցին մեր բոլոր երազանքները, մեկ վայրկյանում կորցրի իմ թիկունքը, երեխաներս անհայր մնացին։ Հոգուս ցավը չի անցնում, ու այն միշտ ինձ հետ է լինելու։ Երեխաներիս համար առավել դժվար է։ Ինչքան էլ ես ու իմ հարազատները փորձենք, միևնույն է՝ չենք կարող երեխաներիս լիարժեք կյանք տալ։ Եվ այդ միտքը շատ է տանջում ինձ։

44-օրյա պատերազմից հետո վերադարձա Արցախ՝ չնայած հարազատներս համոզում էին մեկնել իրենց մոտ՝ Ռուսաստան։ Չէի կարող լքել Էրիկին։

Ստեփանակերտից հաճախակի էի գալիս Եռաբլուր՝ ամուսնուս մոտ։ Դա այն միակ վայրն է, որտեղ ես սփոփվում եմ հուշաքարից ինձ նայող Էրիկի բարի ու խոսուն հայացքով։ Նրա հայացքն ինձ ուժ է տալիս, միաժամանակ զգաստացնում։ Եռաբլուրում ես թեթևություն եմ զգում։ Խոսում եմ Էրիկի ու բոլոր նահատակների հետ ու թվում է, թե նրանք լսում են ինձ։ Մեղավոր եմ զգում, որ նրանց արյամբ շաղախված հողը թողեցինք թշնամուն։ Ամուսնուս հիշատակն ինձ պարտավորեցնում է մեր փոքրիկներին տալ արժանավայել դաստիարակություն, ոտքի կանգնեցնել ու իրականացնել մեր կիսատ երազանքները։

2023-ի Արցախի տեղահանությունից հետո Աննան որոշեց բնակություն հաստատել Երևան քաղաքում՝ Էրիկին ավելի մոտ: Զոհվածի կինը բախվում է տարբեր խնդիրների, բայց գիտի, որ պարտավոր է կյանքին ասել այո Էրիկի հիշատակը դա է պարտադրում, և ինքը վհատվելու իրավունք չունի

 

 Տեղահանությունից հետո, երբ հաստատվեցինք Երևանում, երեխաներին դպրոցում ու մանկապարտեզում տեղավորելուց հետո, որոշեցի աշխատանք գտնել։ Ավարտել եմ ԱրՊՀ “Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն” բաժինը, ինչպես նաև վարսահարդարություն եմ սովորել։ Դիմել եմ տարբեր տեղեր, չեմ կարողանում աշխատանք գտնել։ Իմ դժվարությունները դեռ առջևում են, երեխաներս մեծանում են ու առանց աշխատելու չեմ կարողանալու լիարժեք հոգալ նրանց կարիքները։ Ինձ ու երեխաներիս օգնում են ծնողներս, հարազատներս, սակայն ես չեմ ցանկանում ձեռքերս ծալած նստել և անընդհատ աշխատանք եմ փնտրում։ Իհարկե, տարբեր խնդիրների եմ հանդիպում, սակայն Արցախի ու մարդկային կորուստներից հետո, դրանց մասին խոսելը ամոթալի եմ համարում։ Աշխատում եմ հաղթահարել ու առաջ նայել:

Այսօր ինձ համար ամենակարևորը երեխաներիս պատշաճ դաստիարակելն ու խնամելն է։ 44-օրյա պատերազմից հետո փոքրիկներս ծանր ապրումներ ունեցան։ Լինան, թեև երկու տարեկան էր, սակայն լավ հիշում է հորը և մինչև այսօր սպասում է նրան։ Սկզբնական շրջանում շատ դժվար էր։ Լինան ամենուր հորն էր տեսնում, խոսում հետը։ Ամեն առավոտյան ասում էր՝ մամա, գիշերը պապային տեսա, գրկել ու համբուրում էր ինձ։ Իսկ Էլենը, որ բնավորությամբ շատ է հորը նման, դարձել էր քչախոս, պարփակված իր մեջ։ Հետզհետե երեխաներս հասկացան, որ իրենց, ինչպես նաև շատ-շատ փոքրիկների հայրիկներ Եռաբլուրում են և այնտեղից հսկում են մեզ։

44-օրյա պատերազմում զոհված Էրիկի երեխաները մենակ չեն Մայր Հայաստանում

 -Սկզբից չէին համակերպվում նոր միջավայրին, անընդհատ ուզում էին տուն վերադառնալ, արցախցի ընկերներին էին կարոտում։ Սակայն հետզհետե նրանք հարմարվեցին, նոր ընկերներ գտան։ Այցելում են տարբեր խմբակներ, գնում են պարապմունքների և իրենց ակտիվորեն են դրսևորում։ Դպրոցում և մանկապարտեզում շատ լավ վերաբերմունքի են արժանանում։ Տեղահանությունից հետո, որպես զոհվածի երեխաներ, մասնակցել են տարբեր բարեգործական միջոցառումների, ինչի համար շնորհակալ եմ նախաձեռնողներին ու կազմակերպիչներին։ Նմանատիպ միջոցառումները ոգևորում են երեխաներին և ուժ տալիս մայրերին։ Մենք հասկանում ենք, որ մենակ չենք։

Ամենամեծ երազանքս Արցախ վերադառնալն է և այնտեղ արժանավայել ապրելը։ Հավատում եմ, որ կգա այդ ժամանակը, ու մենք, որպես իրական տերեր, հայրենիք կվերադառնանք․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Սիրիայի նոր կառավարությունը սպառնալի՞ք է զգում

Սիրիայի անվտանգության ուժերը լրացուցիչ համալրումներ են ուղարկել Ջաբլա, մինչդեռ բախումները շարունակվում են քաղաքի մի քանի շրջաններում՝ սիրիական ափին, հայտնում է Al Arabiya-ն։

Սիրիական անվտանգության ուժերը ուրբաթ օրը հայտարարել են, որ լայնածավալ գործողություններ են սկսել Լաթաքիայում և Տարտուսում նախկին ռեժիմի մնացորդները մաքրելու համար:

Սիրիական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Տարտուս և Լաթաքիա նահանգների կենտրոնը և պատրաստվում են մուտք գործել գյուղ։

Ջաբլայի մի քանի շրջաններում բախումները դեռ շարունակվում են։

Նշվում է, որ Ասադի կողմնակիցների հարձակումներն ու դարանակալումները եղել են համակարգված ու ծրագրված, իսկ Ասադի կողմնակիցների դեմ Սիրիայում անվտանգության ներկայիս օպերացիան ամենամեծն է։

Բացի այդ, հինգշաբթիից ուրբաթ կատաղի բախումներ տեղի ունեցան սիրիական բանակի ուժերի և Ասադի հավատարիմների միջև՝ Հալեպ-Լաթաքիա ճանապարհին բանակի հետ կապված ռազմական շարասյան վրա հարձակումից հետո:

«Լյոխ լավա լինելու»․ Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել

Ռուբեն Վարդանյանը Բաքվի  բանտից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակային դարձնել այն: Աուդիոուղերձում նա մասնավորապես խաղաղության կոչ է հղել՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա.

Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ փոխանցված ընտանիքի միջոցով

«Հարգելի հայրենակիցներ,

Այսօր մարտի 5-ն է: Ես ուզում են ձեզ երկու խոսք ասել որպես Ռուբեն Վարդանյան, այնպիսին, ինչպես ես կամ՝ ոգով հայ, ռուսերեն մտածող ու խոսող: Աշխարհի մարդ, երջանիկ իմ կնոջ հետ միասին, բոլորին սիրող,ինքնակրթվող և  հավատով առ Աստված:

Առաջին  հերթին, ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել՝  մտքերով, աղոթքներով, նամակներով ինձ աջակցելու, այստեղ կատարվողի նկատմամբ անտարբեր չլինելու համար: Ես դա զգում եմ, ու դա ինձ ուժ է տալիս: Միտքը նյութական է: Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս նորմալ է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես երբեք:

Ուզում եմ ներողություն խնդրել իմ սիրելի կնոջից, իմ ընտանիքից, բոլոր հարազատներից ու մերձավորներից, որոնց իմ այս որոշումով ցավ ու հուզմունք եմ պատճառում: Բայց դուք գիտեք, որ մեզնից յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի, և ես ինձ համար այս ճանապարհն եմ ընտրել: Մեր ճակատագրերը կանխորոշված են Աստծո կողմից, իսկ ճանապարհները միշտ մենք ենք ընտրում: Եթե նույնիսկ հրաժարվում ենք մեր ընտրությունից, դա մեր փոխարեն միշտ անում է մեկ ուրիշը:

Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ իմ այս որոշումը ոչ մի կերպ պայմանավորված չէ ինձնով , իմ վիճակով կամ մեկուսարանում իմ պայմաններով, ինչպես անցած անգամ, երբ 20 օր շարունակ, մինչև ապրիլի 24 -ը, գիշերը 12 -ը հացադուլի մեջ էի: Սա… բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում այս դատական պրոցեսը:

Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է:

Իմ պահանջները նույնն են: Եթե դատում եք՝ դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ:  Իմ գործն արհեստականորեն մի՛առանձնացրենք: Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ [19]87 թվականից:

Մի՛ խախտեք ձեր սեփական օրենքներն ու ընթացակարգերը: Մի՛ կեղծեք փաստաթղթերը, մի՛նենգափոխեք արձանագրությունները: Չէ որ դուք ամեն ինչ ունեք՝ իմ բոլոր գաջեթները, իմ բոլոր փաստաթղթերը: Դատը մի դարձեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու: Եթե դատում եք՝ դատեք ճիշտ:

Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց  ուզում եմ ասել հետևյալը՝ դատում են ոչթե ինձ ու մյուս 15  հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի:

Ինձ մեղադրում են ամեն ինչում, ամեն ինչում, ինչ տեղի է ունեցել [19]87 թվականից  ի վեր: Խնդիր չկա. ես պատրաստ եմ կրել ամենածանր պատիժը դրա համար, միայն թե դա  օգներ խաղաղության ու հանգստության հաստատմանը: Բայց պատրանք է,  թե ձեզ հետո բոլորը հանգիստ են թողնելու և դուք հանգիստ կարող եք անել ձեր գործն ու վայելել կյանքը՝ չմտածելով այս խնդիրների մասին, որոնք առջևում են:

Երբ տեղափոխվում  էի Արցախ, ես գիտեի ինչի եմ գնում: Ցանկացած մարդ իր կյանքում ամեն բան անում է միայն իր համար, հանուն իրեն, և Աստծո առաջ պատասխան է տալիս միայնակ՝ իր բոլոր մտքերի, խոսքերի, գործողությունների համար: Ես դրանում խորապեսհամոզված եմ: Եվ եթե նույնիսկ ինչ-որ մեկն իրեն զոհում է հանուն Հայրենիքի, ընտանիքի կամ սկզբունքների, դա միմիայն իր անձնական որոշումն է և իր պատասխանատվությունը: Այնպես որ, այս իմաստով ես ամեն ինչ գիտակցված եմ արել:

Չգիտեմ՝ ես կունենամ արդյոք հնարավորություն ձեզ հետ շփվելու, թե ոչ, ուստի ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբևէնեղացրել եմ խոսքով, գործով կամ անուշադրությամբ: Ներող եղեք: Ես դա չեմ արել վատ մտքով, նախանձից, գոռոզություն կամ վրեժխնդրությունից դրդված: Ես չէի ուզենա որևէ մեկին ցավ պատճառել:

Հատուկ ուզում եմ խոսել մի մարդու մասին, որին ցավ պատճառելու միտքն այստեղինձ համար ամենածանրն է: Խոսքը Ալվարդի մասին է: Եթե ես Ձեր ու Ձեր ամուսնու հետ ձեր մեքենայում չգտնվեի, նա հիմա ձեր կողքին կլիներ: Խնդրում եմ ինձ ներեք: Ինձ համար դա ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով  ևս մեկ մարդ այստեղ տառապում է բոլորիս հետ միասին:

Նաև ուզում եմ առանձին ներողություն խնդրել բոլոր երեխաներից, որոնք զրկվեցին իրենց հայրենիքից, որչկարողացա անել ամեն ինչ, ինչ կարող էի և պետք է անեի, որպեսզի դա տեղի չունենար: Ես արեցի այնքան, որքանի համար կարծում էի բարոյական իրավունք ունեմ, քանի որ ձեզ հետ էի: Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց կանխել որոշ բաներ, որոնք իմ կարծիքով…իմ կարծիքով մեզ որպես ազգ վերջնականապես կկոտրեին: Ինձ հաջողվեց դա կանգնեցնել և մի փոքր փոխել պատմության ընթացքը:

Ես երջանիկ էի լինել ձեզ հետ, Արցախի ժողովրդի հետ այդ ծանր օրերին, ողջ ընթացքում զգալ ձեր սերը, վստահությունը, ջերմությունն ու երախտագիտությանը: Ես հպարտանում եմ ձեզնով՝ ինձ հարազատ իսկական պարզ մարդկանցով, ու սիրում եմ բոլորին:

Ես շատ երջանիկ  մարդ եմ: Աստված ինձ հրաշալի ընտանիք, ընկերներ է տվել: Ես հսկայական թվով նախագծեր եմ իրականացրել իմ յուրահատուկ գործընկերների հետ: Ես շատ բան եմ տեսել աշխարհում: Բայց չնայած բոլոր դժվարություններին, շրջափակմանը, ապագայի անորոշությանը, ծանր պայմաններին, դրանք  իմ կյանքի լավագույն օրերից էին. մենք միասին վերականգնում էինք Հակոբավանքը, հաց էինք կիսում և պարում մեր պարերը:

Երջանիկ եմ, որ հաջողվեց մեծաթիվ ընկերների ու գործընկերների հետ մի քանի տասնյակ նախագծեր իրականացնել Արցախում: Այդ թվում հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ մահմեդական ընկերոջը(չեմ ուզում անունը նշել՝ խնդիրներ չստեղծելու համար)` Շուշիի մզկիթը միասին վերականգնելու համար:

Հիշեք, որ չարին երբեք չի կարելի չարությամբ պատասխանել. նա դրանից մեծանում է և ավելի ու ավելի ուժեղ դառնում: Սումգայիթից հետո տեղի է ունենումԽոջալուն, և այդպես անվերջ: Այդ ճանապարհն ինձ համար միշտ անընդունելի է եղել,  որովհետև այն ապագա չունի, դա միայն փակուղի է, որը, ցավոք, լավ ելք չի ունենում:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեծ թվով ադրբեջանցիների, որոնց հետ այստեղ առնչվել եմ, մարդկային արժեքներին նրանց հավատարմության համար, անգամ այն դեպքում, երբ նրանք ինձ թշնամի են համարում և իրենց մոտ կուտակված դժգոհություն կա: Նրանք պահպանել են իրենց մարդկային կերպարը: Իսկ բոլոր նրանց, ովքեր իրենց այլ կերպ են պահել,  ես անկեղծ խղճում եմ և ներում, ինչպես նաև այն հայերին, որոնք Հայաստանում են նույն կերպ վերաբերվում ինձ և ընտանիքիս:

Ես լավատես եմ և հավատում եմ, որ չնայած այս ամենին, հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, և նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց: Հավատում եմ, որ  կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ:

Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված: Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց հետ, էլիտա, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել:

Դա մեծ պատասխանատվություն է այն էլիտայի համար, որը էլիտաէ համարվում ոչ թե նրա համար, որ շատ փող, կապեր, ուժ կամ անգամ՝ ինտելեկտ ունի, այլ այն էլիտայի, որը հասկանում է, որ ում շատ է տրված, նրանից  էլ ավելին է պահանջվում:Եվ այդ իրական էլիտայի մոտ անձնականը միշտ հանրության նկատմամբ պարտքից հետո է, ազգի  ու երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը միշտ գերակա է անձնական  բոլոր շահերի ու ցանկությունների նկատմամբ:

Եվ վերջինը՝ ի հիշատակ այս սարսափելի հակամարտության բոլոր զոհերի: Ես խորապես համոզված եմ, որ կան ավելի կարևոր բաներ, քան մեկ մարդու կյանքը. դա քո մեջ բարու, լույսի, արժեքների, սրբությունների, հոգևոր հիմքերի նկատմամբ հավատի պահպանման անհրաժեշտությունն է, որը մարդուն տարբերում է ռոբոտից: Քանի որ առանց դրա աշխարհը կխարխափի  քաոսում կամ կկործանվի ջրհեղեղներից կամ ուրիշ աղետներից: Չի կարելի դառնալ ոսկե հորթի ստրուկը: Այդ ամենն արդեն եղել է մարդկության պատմության մեջ: Եկե՛ք թույլ չտանք դրա կրկնությունը և  դրա համար գործադրենք բոլոր ջանքերը, քանի որ արժեքների նկատմամբ հավատը մեր ապագայի հիմքն է:

Ուստի հանուն այս հիմնարար արժեքների, հիմնասյուների և  պատգամների պահպանման, որոնք ինձ համար կարևորագույն նշանակություն ունեն,  ես պատրաստ եմ ինքս ինձ հետ հաշտգնալ մինչև վերջ ու միանգամայն երջանիկ լինել։ Քանի որ երջանկությունն սկսվում և ավարտվում է քո մեջ, երբ դու ինքդ քեզ հետ ներդաշնակ ես:

Ես ուրախ եմ, որ կարող եմ ծառայել իմ ժողովրդին և այն սկզբունքներին, որոնք ես համարում եմ կարևոր ողջ մարդկության, ոչ թե միայն մեր ժողովրդի համար:

Եվ վերջինը. Ես այստեղ հասկացա, որ երբեք չի կարելի տրվել հուսալքությանը, անտարբերությանը, և հասկացա, թե ինչու է դա յոթը մեղքերից ամենասարսափելին: Մի ժամանակ կարծում էի ավելի վատ է նախանձը կամ գոռոզությունը: Մինչդեռ հուսալքությունը, վհատությունընշանակումէ,  որ քո մեջ մարել է Աստծո կայծը, որ դու դադարել ես հավատալ, որ դու պարզապես ձեռքերդ բարձրացրել ու հանձնվելես:Կոչ եմ անում՝երբեք դա չանեք: Կուզենայի, որ մենք երբեք չհիասթափվեինք և չտրվեինք հուսալքությանը: Խնդրում եմ: Դա մեր ապագայի հիմքն է, այդ իսկ պատճառով ես գնահատում եմ այն շանսը, որ ինձ տրվել է: Ես կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ և կշարունակեմ անել, ինչ կարող եմ:

Ես բոլորիդ սիրում եմ: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես միշտ եղել եմ, կամ ու լինելու եմ ձեզ հետ: Ես մարդ եմ, որն ուզում է ապրել, սիրել և շարունակել իր գործունեությունը: Բայց ես կարծում  եմ, որ այն, ինչ անում եմ, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու ձեզ այն անտարբերությունից, որում գտնվում եք:

{Շարունակում է հայերեն }Լյոխ լավա լինելու:

Վստահ եմ, որ չնայած բոլոր դժվարություններին, որոնք կանգնած են մեր առջև, մենք կհաղթահարենք դրանք: Ես ձեզ հետ եմ որպես Ռուբեն Վարդանյան, Կառլենի տղան, Համո Վարդանյանի թոռը և իմ ողջ ժառանգությամբ՝ ծնողների, նաև արցախցի տատիկի ժառանգությամբ:  Շնորհակալ եմ ձեզ , որ ինձ տվել եք  հայ լինելու և իմ հայրենիքը սիրելու այս երջանկությունը»:

Ամբողջական տեքստը ռուսերեն այստեղ