Եթե մեզ չընտրեք, անկախություն էլ չի լինելու․ Պապոյան

Gevorg Papoyan / Գևորգ Պապոյան

Պետք է հստակ գիտակցենք՝ այսօր դեռ հնարավոր է խաղաղության անիվը հետ պտտել։ Բայց եթե մենք ընտրվենք և առաջիկա 1-2 տարիների ընթացքում ավարտենք հիմնական գործընթացները, հնգամյա ծրագրի արդյունքում ամբողջ համակարգը վերջնականապես կայանա, հետո արդեն ոչ ոք չի կարողանա այն հետ պտտել։ Նույնիսկ եթե մենք իշխանության մեջ չլինենք։

Շատ ուղիղ եմ ասում․ եթե հունիսի 7-ին մենք չընտրվենք, TRIPP չի լինելու։ Խաղաղություն չի լինելու։ Արհեստական բանականության կենտրոն չի լինելու։ 4 միլիարդ դոլարի ներդրումներ չեն լինելու։ Ժողովո՛ւրդ ջան, անկախություն էլ չի լինելու․ շարունակելու ենք կախված մնալ և սպասել, թե ուրիշ որևէ երկիր մեզ բարեհաճի թույլ տալ իր շուկայում, թեկուզ բացօթյա շուկայում, վաճառել մեր ծիրանը կամ լոլիկը։

Սա ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքերն են, որը Քաղաքացիական պայմանագրի ներքին ընտրություններում զբաղեցրել է երրորդ տեղը։ Այսպիսին է լինելու կուսակցության նախընտրական քարոզչությունը, որի տրամաբանական շարունակությունն է՝ եթե մեզ չընտրեք, մենք ամեն ինչ կանենք, որ անկախություն չլինի։ 

Առաջին կարգի հաշմանդամը բախվում է դժվարությունների

Առաջին կարգի զինվորական հաշմանդամ, Արցախից տեղահանված Կամո Միրզոյանը կանգնած է մեծ դժվարության առաջ ինչպե՞ս ապրել, ի՞նչ է սպասվում նրա երկու հոգանոց ընտանիքին։ Կնոջ հետ ժամանակավոր ապրում է ամուսանցած դստեր տանը, քանի որ չի կարող բնակարան վարձակալել։ 2023 թվականին Արցախից տեղահանվելուց հետո բնակարան էին վարձակալել, սակայն հանգամանքների բերումով ստիպված տեղափոխվել են դստեր տունը։

-Արցախյան առաջին պատերազմի մասնակից եմ։ 20 տարեկանում վիրավորվել եմ Ակնայի մատույցներում, կորցրել ոտքս, ու հենակները դարձել են իմ հավերժ ուղեկիցը։ Թեև ամբողջ կյանքում ապրում եմ խեղված մարմնով, բայց հույսն ու հավատը երբեք չեն լքել ինձ։ Միշտ մտածում էի, որ ապրելու ենք հաղթանակած Արցախում, որի համար այնքան արյուն է թափվել: Արցախյան առաջին պատերազմից հետո ընտանիք եմ կազմել, հաղթահարել մի շարք դժվարություններ, աշխատել տարբեր տեղեր։ Միշտ փորձել եմ անտեսել, որ հաշմանդամ եմ, որպեսզի կարողանամ լիարժեք պահել ընտանիքս։ Եվ ստացվում էր, քանի որ երիտասարդ էի, աշխատելու մեծ էներգիա ունեի, իմ հայրենի հողում էի: Արդեն պատրաստվում էի վայելել իմ ստեղծածը: Սակայն 2023-ի սեպտեմբերին կորցրինք ամեն ինչ և, հայրենիքը լքելու խայտառակությունը մեր սրտում, հեռացանք Արցախից։

Ինչպես բազմաթիվ արցախցի փոքրակազմ ընտանիքներ, մենք կանգած ենք նույն խնդրի առաջ։ Ի վիճակի չենք բնակարան վարձակալել, որովհետև իմ թոշակով և իմ անձին տրվող 30000 դրամ բնակվարձի աջակցությամբ հնարավոր չէ տան վարձավճար ու կոմունալ ծախսեր վճարել և առօրյա ծախսերը հոգալ։ Էլ չեմ ասում, որ վերջին ժամանակաշրջանում առողջական խնդիրներս սկսել են ավելի զգացնել տալ։

Բոլոր տեղահանվածներն էլ գտնվում են ծանր կացության մեջ, բայց հաշմանդամ մարդկանց վիճակն ավելի ծանր ու անելանելի է։ Ոչ առողջություն ունենք, ոչ էլ ի վիճակի ենք աշխատել։ Հավաստագրով չենք կարող բնակարան ձեռք բերել, բանկերից նույնպես չենք կարող օգտվել, հաշվի առնելով մեր կարգավիճակը (տարիքային, աշխատանքի բացակայություն)։

Արցախցիների մի մասը ստիպված բռնել է արտագաղթի ճանապարհը՝ մտածելով, որ ուրիշ երկրներում կկարողանա ոտքի կանգնել։ Սակայն շատերը հետ են վերադառնում, որովհետև օտար հողը քոնը չէ, այնտեղ դու չես կարող լիարժեք ապրել։

Ես ցանկանում եմ Հայաստանում ապրել։ Այստեղ մեր հողն է, այստեղ մարդիկ հայերեն են խոսում, ու դու քեզ լավ ես զգում։ Միաժամանակ տեղահանված արցախցին զգում է աջակցության կարիք․ լինի դա հոգեբանական, թե՛ նյութական։ Քանի դեռ մենք անտուն ենք, ուրեմն ունենք աջակցության կարիք։ Արցախցին աշխատող, ստեղծող տեսակ է և սովոր է ապրել արժանապատվորեն։ Մեր անտուն լինելն ու վարձով ապրելը նեղում է մեզ։

Ես և կինս մշտապես չենք կարող ապրել աղջկաս տանը, քանի որ բնակարանը 2 սենյականոց է, որտեղ այս պահին ապրում ենք 8 հոգով։ Թեև քո հարազատի տանն ես, որտեղ քեզ գրկաբաց են ընդունում, բայց միևնույն է՝ անհարմարության զգացումը երբեք չի լքում քեզ։

Արցախ վերադարձի հույսն ու հավատն է ուժ տալիս մեզ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Եթե ​​«Խաղաղության խաչմերուկը» ի սկզբանե ֆեյք էր, ապա ո՞րն է իրական խնդիրը

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահ Թրամփի միջնորդությամբ, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ստորագրեցին հայ-իրանական սահմանի երկայնքով TRIPP-ի ստեղծման հռչակագիրը և նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև “խաղաղության համաձայնագիրը”։

Այս փաստաթղթերը ստորագրելուց հետո երեք կողմերը հայտարարեցին, որ տարածաշրջանում այլևս խաղաղություն է հաստատվել և այն անշրջելի է։ Սահմանի երկայնքով կրակոցներն ու զինված սադրանքները իրոք դադարեցին, Ադրբեջանը հայտարարեց իր տարածքի շրջափակման վերացման մասին՝ դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Մասնավորապես, Ռուսաստանից և Ղազախստանից հացահատիկը Հայաստան է մտել Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։ Իր հերթին, Ադրբեջանից բենզինի և դիզելային վառելիքի երկու խմբաքանակ է մտել Հայաստան՝ նույնպես Վրաստանի տարածքով։

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանությունները վախենում են արտաբերել «Արցախ» բառը նույնիսկ երաժշտական ​​ստեղծագործության վերաբերյալ, Ադրբեջանը շարունակում է պայմաններ առաջադրել խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար՝ փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը և հանել Անկախության հռչակագրին հղումը, այդ թվում՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման և 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու անհրաժեշտության մասին կետերը։

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ընդունել նոր Սահմանադրություն՝ առանց նշելու, թե արդյոք այն հղում կանի Անկախության հռչակագրին։ Սակայն, Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին հռետորաբանությունը ենթադրում է, որ նոր հանրապետության ստեղծման համար անհրաժեշտ կլինի նոր հռչակագիր, և հինը ինքնին կմոռացվի։ Փաշինյանը խոսում է հանրապետության մասին, որը սահմանափակվում է խորհրդային սահմաններով, թեկուզ այդ սահմանները չի հաստատվում որևէ միջազգային օրինական փաստաթղթով։

Սակայն, 1989 թվականի որոշումը և Հայաստանի Սահմանադրությունը մնում են ուժի մեջ։ Կարսի պայմանագիրը նույնպես չեղյալ չի հայտարարվել։

2026 թվականի հունվարին Բաքուն հայտարարեց, որ Նախիջևանի Հանրապետության Սահմանադրությունից հանվել է 1921 թվականի Մոսկվայի և Կարսի ռուս-թուրքական պայմանագրերի հղումը։ Այդ պայմանագրերի համաձայն՝ Նախիջևանի հայկական մարզը ժամանակավորապես փոխանցվել էր թուրքական Ադրբեջանի պրոտեկտորատին ԽՍՀՄ կազմում։

Բաքվի որոշումը նոր բանավեճ առաջացրեց այն մասին, թե արդյոք Կարսի պայմանագիրը դեռևս ուժի մեջ է, թե չեղյալ է հայտարարվել։ Եթե այն ուժի մեջ է, ապա Նախիջևանը չի կարող համարվել Ադրբեջանի լիարժեք տարածք, և այնտեղ չպետք է լինեն ռազմական ուժեր։ Եթե ​​պայմանագիրը անվավեր է, ապա ոչ միայն Նախիջևանը, այլև նույն պայմանագրերով Թուրքիային զիջված Կարսն ու Արդահանը պետք է վերադարձվեն Հայաստանին։

Պաշտոնապես Երևանը չի հիշատակում Կարսի պայմանագիրը՝ նշելով, որ Հայաստանը միայն Խորհրդային Հայաստանի տարածքն է համարում իրենը՝ համաձայն ԱՊՀ-ն հիմնադրող Ալմա-Աթայի հռչակագրի։ Ալմա-Աթայի հռչակագրի հղումներ կան նաև Փաշինյանի և Ալիևի կողմից 2022 թվականի հոկտեմբերին Շառլ Միշելի և Մակրոնի միջնորդությամբ ստորագրված Պրահայի հռչակագրում, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված «խաղաղության պայմանագրում»։

Հայ-ադրբեջանական վեճերի ներկայիս “լուծման” իրավական հիմքերի բացակայությունը, ինչպես նաև Թրամփի քաղաքականությունը խրախուսում են Ադրբեջանին պնդել ռազմական լուծման իր իրավունքը: Միևնույն ժամանակ, Ալիևը ոչ միայն չի ժխտում Ղարաբաղը և Նախիջևանը գրավելու իրավական հիմքերի բացակայությունը, այլև ուղղակիորեն պնդում է, որ դա կանխող օրինական փաստաթղթերը՝ Հայաստանի Սահմանադրությունը և Կարսի պայմանագիրը, պետք է չեղյալ համարվեն:

Այս զարգացումների ֆոնին, 2025 թվականի վերջին ամիսներին «գետնի վրա» ոչինչ տեղի չի ունեցել «Թրամփի ճանապարհի» կառուցման առումով: 2026 թվականի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Վենսը այցելեց Հայաստան և Ադրբեջան, սակայն այս այցը նույնպես չհանգեցրեց Թրամփի ճանապարհի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասների: Ընդհակառակը, հայտնի դարձավ, որ Բաքուն և Անկարան հրաժարվում են Նախիջևանի և Հայաստանի միջով Թրամփի ճանապարհը երկարաձգել մինչև Թուրքիա: Այսպիսով պարզվում է, տարածաշրջանի շրջափակման վերացման և այն միջազգային միջանցքների և «Խաղաղության խաչմերուկի» մաս դարձնելու մասին բոլոր խոսակցությունները կեղծիք են:

Իսկ եթե Հայաստանի վերածումը «Խաղաղության խաչմերուկի» ի սկզբանե նախատեսված չէր, ապա ստացվում է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հովանու ներքո Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարությունների համակարգված քաղաքականության միակ նպատակը Կարսի պայմանագրից անաղմուկ դուրս գալն է՝ Հայաստանի կողմից իր իրավունքներից հրաժարվելով և տարածաշրջանում նոր սահմանների օրինականացմամբ, որոնք հաստատվել են Հայոց ցեղասպանության շարունակության միջոցով։

Այս նպատակը եւս մեկ անգամ հաստատվում է Հայաստանում զուգահեռ իրականացվող քաղաքականությամբ, որն ուղղված է Հայ Առաքելական Եկեղեցու, Սփյուռքի, ավանդական հայկական կուսակցությունների եւ Ղարաբաղի գործոնի ազգայնակենտրոն դերի չեզոքացմանը։

Այս ուժերը պաշտոնապես մեղադրվում են Ռուսաստանի հետ կապված լինելու մեջ, եւ չնայած Հայաստանի իշխանությունները իրենք գործնական միջոցներ չեն ձեռնարկում ռուսական ազդեցության կամ ներկայության դեմ, հակառակը՝ վերջին տարիներին այն միայն աճել է, սակայն «ովքեր դեմ են կառավարությանը, կողմ են Ռուսաստանին, եւ, հետեւաբար, կողմ են պատերազմի վերսկսմանը» խոսույթը հաջողությամբ օգտագործվում է ազգային իրավունքների հարցը բարձրացնողներին ճնշելու համար։

Ազգային իրավունքների քննարկման բացակայությունը կարող է լինել Հայաստանում կայանալիք ընտրությունների եզակի առանձնահատկությունը։

Չնայած ոչ բոլոր քաղաքական կուսակցություններն են հայտարարել իրենց նախընտրական ծրագրերը, բայց Կարսի պայմանագրի, 1989 թվականի Միավորման որոշման եւ Վաշինգտոնում նախաստորագրված «խաղաղության պայմանագրի» անդրադառնալու խիստ տաբուն վկայում է հայկական քաղաքական ասպարեզում առկա բիրտ կոնսենսուսի մասին։

Մխիթարյանը կվերադառնա՞ Հայաստանի հավաքական

«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Վերջինս վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հաղորդվում է, որ Եղիշե Մելիքյանը և Հենրիխ Մխիթարյանը նաև քննարկել են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը ավելի վաղ խոսելով Հենրիխ Մխիթարյանի մասին, հայտարարել էր.- «Ես՝ որպես գլխավոր մարզիչ, շատ կցանկանայի նման ֆուտբոլիստի տեսնեի, բայց, ես ասել եմ՝ ոչ թե կբերեմ, ես կփորձեմ իր հետ խոսել: Կհանդիպեմ, կխոսեմ, բայց ամեն դեպքում, իր որոշումը ինչպես էլ լինի, ես իրեն հասկանում եմ և իր որոշումը կհարգեմ՝ գալուց էլ, չգալուց էլ»:

Մխիթարյանը 2022-ի մարտին հայտարարեց Հայաստանի հավաքականում մրցելույթներն ավարտելու մասին: Միլանում «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում հայ ֆուտբոլային աստղը վերահաստատել էր իր որոշումը և նշել. «Ես կայացրել եմ այդ որոշումը՝ իմ զգացմունքներից ելնելով, ոչ մեկ ինձ չի ստիպել, ոչինչ չի եղել, այդ պահին այդպես եմ որոշել և այս պահին որոշումս փոխելու մտադրություն չունեմ»:

Կարո՞ղ է արդյոք հայ ֆուտբոլիստը վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական, որը, ենթադրաբար, լքել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ անհամաձայնության պատճառով։

Ժնևի բանակցություններից առաջ Իրանը զորավարժություն է անցկացրել Հորմուզի նեղուցում

Իրանի միջուկային ծրագրի շուրջ վաղը Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի միջև նախատեսված բանակցություններից մեկ օր առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություններ է անցկացրել Հորմուզի նեղուցում, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Այս մասին հայտնում է Ազատությունը։

Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ` «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» անունով զորավարժությունների նպատակն է ստուգել զորքի պատրաստվածությունը «անվտանգության և ռազմական հնարավոր սպառնալիքների» դեմ:

Իրանն ու ԱՄՆ-ն այս ամսվա սկզբին վերսկսեցին բանակցությունները՝ տասնամյակներ շարունակվող վեճը լուծելու և նոր ռազմական բախումը կանխելու համար։ ԱՄՆ-ն մեծ թվով ռազմական տեխնիկա և զորք է ուղարկել տարածաշրջան, որտեղ ուղևորվում է արդեն երկրորդ ավիակիրը: Ամերիկացի պաշտոնյաները Reuters-ին ասել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է երկարատև ռազմական գործողությունների, եթե բանակցությունները ձախողվեն:

Մինչ այդ Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է փոխզիջումների՝ միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու համար, եթե Վաշինգտոնն էլ պատրաստ լինի քննարկել պատժամիջոցները վերացնելու հարցը:

BBC-ին տված հարցազրույցում Մաջիդ Թախտ-Ռավանչին շեշտել է՝ Թեհրանը միակողմանի զիջումների չի գնա, և հիմա գնդակն ԱՄՆ դաշտում է, որը պետք է ապացուցի, որ ցանկանում է գործարք կնքել։

«Մենք պատրաստ ենք քննարկել այս և մեր միջուկային ծրագրին վերաբերող այլ հարցեր, եթե նրանք ևս պատրաստ լինեն խոսել պատժամիջոցների մասին: Քանզի այդ ապօրինի պատժամիջոցները ևս պետք է լինեն բանակցությունների սեղանին», – ասել է իրանցի դիվանագետը:

Իրանի արտգործնախարարության տնտեսական դիվանագիտության դեպարտամենտի փոխտնօրենն էլ հայտարարել է՝ Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ այնպիսի համաձայնության, որը տնտեսապես շահավետ կլինի երկու կողմերի համար:

Հիմնադրվեց «Արցախ» եռամսյա գրական-գեղարվեստական ​​ամսագիրը

Елена Шуваева-Петросян

Փետրվարի 10-ին «Լուսարար» և «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությունները ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ առաջնորդվելով Արցախի գրական և գեղարվեստական ​​ժառանգության պահպանմանը և դրա լայն հանրությանը ներկայացնելուն նպաստելու ցանկությամբ։

Այս համագործակցությունն արդյունավետ իրականացնելու համար Կողմերը հիմնադրում են «Արցախ» եռամսյա գրական և գեղարվեստական ​​ամսագիր, որը կհրատարակի նյութեր և՛ հայերեն, և՛ ռուսերեն լեզուներով։ Կողմերը կձևավորեն ամսագրի մշտական ​​խմբագրական խորհուրդ և աշխատանքային խումբ և կձգտեն ներգրավել հայ և օտարերկրացի հեղինակների, որոնք ստեղծագործություններ են ստեղծում Արցախի բանահյուսության, պատմության և մշակույթի թեմաներով։

Հուշագիրը ստորագրել են «Լուսարար»-ի նախագահ Կիմ Գաբրիելյանը և «ԴԻԱԼՈԳ»-ի նախագահ Յուրի Նավոյանը։

«Արցախ» անունը կրող ամսագրի թողարկումը ավելին է, քան պարզապես հրատարակչական նորություն: Այն փորձ է վերականգնելու մի ամբողջ մշակութային աշխարհի ձայնը, որը վերջին տարիներին փորձություններ է ապրել և որի միջավայրը խաթարվել է: Նման ժամանակներում գրականությունն ու արվեստը դառնում են ոչ թե կյանքի «լրացում», այլ նրա հիմքը՝ մի բան, որը նպաստում է ինքնության պահպանմանը, սերունդների կապմանը և ընդհանուր հիշողության ու ներքին արժանապատվության պահպանմանը:

Երկլեզու ձևաչափը (հայերեն և ռուսերեն) նույնպես ծառայում է կարևոր նպատակի. այն ընդլայնում է լսարանը, ավելի մատչելի է դարձնում Արցախի մշակութային ժառանգությունը Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների ընթերցողների համար և օգնում է լեզվի և գրականության միջոցով կառուցել փոխըմբռնման և համերաշխության կամուրջներ:

Հուշագրի գործնական կողմերը արժանի են հատուկ ուշադրության. կողմերը գերազանցում են ընդհանուր հռչակագիրը և սահմանում են իրականացման կոնկրետ մեխանիզմներ՝ մշտական ​​խմբագրական խորհրդի և աշխատանքային խմբի ստեղծում, ինչպես նաև հայ և օտարերկրացի հեղինակների ներգրավման մտադրություն, որոնք կաշխատեն Արցախի բանահյուսության, պատմության և մշակույթի թեմաներով:

Սա նշանակում է, որ ամսագիրը ընկալվում է որպես կենդանի մշակութային օրգանիզմ, բաց մասնագիտական ​​երկխոսության և լայն ստեղծագործական համագործակցության համար: Նման նախագծերում հատկապես կարևոր է ոչ միայն «թիվ թողարկելը», այլև ստեղծել երկարաժամկետ հարթակ, որտեղ կձևավորվի համայնք՝ հեղինակներ, ընթերցողներ, խմբագիրներ, հետազոտողներ, թարգմանիչներ և արվեստագետներ: Այս համայնքը կարող է դառնալ մշակութային վերադարձի մի ձև՝ վերադարձ ոչ թե աշխարհագրության, այլ ավանդույթների շարունակականության իմաստով:

Այսօր Արթուր Մկրտչյանը կդառնար 67 տարեկան

Самвел Меликсетян

Այսօր Փետրվարի 16-ին Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԱՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մկրտիչյանի ծննդյան օրն է։

Այսօր նա կդառնար 67 տարեկան…

Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, այս պաշտոնում էր ընդամենը 97 օր, երբ նրան սպանեցին։
Արթուր Մկրտչյանի սպանությունը այդպես էլ չբացահայտվեց՝ մնալով առեղծված։

Արցախցիների չվճարված աշխատավարձի, վերջնահաշվարկների և արձակման նպաստների

Սիրելի հայրենակիցներ, ի պատասխան չվճարված աշխատավարձի, վերջնահաշվարկների և արձակման նպաստների վերաբերյալ բազմիցս բարձրացված հարցերի
Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի սեպտեմբեր 19-20-ը ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության հայաթափման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից սառեցվել են Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները, որի հետևանքով մինչև այսօր հնարավոր չէ վճարել ավելի քան 22 հազար աշխատողների չվճարված աշխատավարձը, վերջնահաշվարկները և արձակման նպաստները: Խնդիրը բազմիցս ներկայացվել է ՀՀ կառավարությանը, սակայն մինչև օրս որևէ լուծում չկա:
Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրի համաձայն 2023 թվականի հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատված աշխատողների վերջնահաշվարկները և արձակման նպաստները կազմել են ավելի քան 5 միլիարդ ՀՀ դրամ, իսկ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված աշխատավարձը` ավելի քան 550 միլիոն ՀՀ դրամ։
Արցախի տեղեկատվական շտաբ

«Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է բիզնես-ծրագիր զոհված զինծառայողներիների կանանց համար

«Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է տնտեսական զորակցման ծրագիր 2020-2023թթ. պատերազմական գործողությունների հետևանքով զոհվածների կանանց համար՝ բիզնես դրամաշնորհների հատկացման միջոցով։
Ծրագիրը հնարավորություն կտա շահառուներին զարգացնել ձեռնարկատիրական հմտությունները և կտրամադրի նպատակային ֆինանսական օժանդակություն՝ հիմնելու կամ ընդլայնելու սեփական ձեռնարկությունն ու այդպիսով ապահովելու ընտանիքի բարեկեցությունը:
Ծրագրին կարող են մասնակցել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու կին ձեռներեցներ։
Վերջնաժամկետը՝ 10.03.2026թ.,18:00
Մանրամասները՝ այստեղ

Թալիշ

Թալիշը հայտնի է նաև Թառիջ, Թարիջ Նոր, Թբլեցիք, Հոռեկ անուններով։ Գյուղը կառուցվել է հին Հոռեկ գյուղի ավերակների մոտ։
Ըստ պատմական աղբյուրների՝ մ․ թ․ 401 թ․ Ուտիքի գավառի Նիժ գյուղի Յալոյլաբլուր ամրոցի Թարիջ իշխանն իր հպատակների հետ եկել և կանգ է առել այժմվա Հոռեկա վանքի տարածքում հիմնել է Հոռեկա գյուղը: 19-րդ դարի սկզբիին Բոլնիսից Արցախ վերադարձած հայերը ավերված Հոռեկա գյուղի կողքին հիմնել են նոր գյուղ և այն կոչել Թբլեցիք։ Իսկ 1822 թ․ Մելիք Ֆրիդոնի 4-րդ որդի և գյուղի կալվածատեր Թալիշ բեկի անունով գյուղը սկսել է կոչվել Թալիշ։
Թալիշը նաև հայ գրչության կենտրոններից էր։
Խորհրդային շրջանում՝ Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո, Թալիշը գտնվում էր ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանի կազմում։
2020 թ. Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Թալիշը օկուպացվել է:

ԹՐԻՓՓ առանց «խաղաղության խաչմերուկի». ինչ է կատարվում հայ-իրանական սահմանին

Արտասահմանյան լրագրողները և նույնիսկ ՀՀ քաղաքացիները, ովքեր TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» մասին տեղյակ են լրատվամիջոցների «հարձակումներից», ենթադրում են, որ Սյունիքը իսկական շինարարական եռուզերիմեջ է, որ ինժեներները շրջում են՝ մատիտները ականջների ետևում դրած, չափումներ են անում, իսկ նրանց հետևում՝ ռելսերով բեռնված բեռնատարներ, և շուտով ռելսերը կշարվեն կոկիկ շարքով՝ Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ վերջնականապես կապելու մեծ առաքելությամբ։

Սակայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում «Թրամփի ճանապարհի» հռչակագրի ստորագրումից վեց ամիս անց Սյունիքում, հայ-իրանական հարավային սահմանին, որտեղ պետք է անցնի ճանապարհը, ոչինչ չի փոխել։ Խորհրդային դարաշրջանի գնացքների վագոնները դեռևս ժանգոտվում են արևի տակ, ոչ մի աշխատանք չի կատարվում, և միակ ակտիվությունը Հայաստանն ու Իրանը կապող նոր ճանապարհի վրա է։ Իրանական ընկերությունները կամուրջներ են կառուցում, թունելներ են փորում, ասֆալտում ճանապաչը, որով իրանական մեքենաների հոսքը չի դադարում։

TRIPP հռչակագրի ընդունումից վեց ամիս անց նույնիսկ ճանապարհի երթուղին և լայնությունն են անհայտ։ Նիկոլ Փաշինյանը ակնարկեց, որ ճանապարհը կլինի 500 մետր լայնությամբ։ Սակայն նա նաև հայտարարեց, որ Բաքուն և Անկարան չեն ցանկանում TRIPP-ը Նախիջևանի և Հայաստանի միջով երկարաձգել մինչև թուրքական սահմանը։ Այդ դեպքում ո՞րն է Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի համար ՀՀ տարածքով երկաթուղի կառուցելու իմաստը։ Նախկինում Փաշինյանը ոգևորությամբ բացատրում էր «գլոբալ» նախագծերին միանալը՝ խոստանալով ճանապարհների ապաշրջափակում և «Խաղաղության խաչմերուկ», բայց պարզվում է, որ ոչ միայն Հայաստանը չի ապաշրջափակվի, այլև կարգելափակվի նաև Իրանի կողմից։

Ալիևը, ինչպես միշտ, ավելի անկեղծ է։ Մյունխենի համաժողովում հայ լրագրողի հարցին պատասխանելով Բայդենի վարչակազմի օրոք Հայաստանի իշխանությունների կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որն առավելություններ ուներ TRIPP նախագծի նկատմամբ, Ալիևը պատասխանեց.

«Ինչ վերաբերում է այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկին», գիտեք, երբ նախագահ Թրամփը վերադարձավ (իշխանության), նա մեկնարկեց TRIPP-ը։ Երբ նախագահ Բայդենը վերադառնա, նա էլ կվերագործարկի ձեր «Խաղաղության  խաչմերուկը»։

TRIPP-ի վերաբերյալ Ալիևն ասաց, որ իրենք խնդիրներ չունեն նավթատարների կամ երկաթուղային լոգիստիկայի հետ կապված։ «Ադրբեջանը որևէ հատուկ դժվարություն չի ունենում տարանցիկ բեռնափոխադրումների ապահովման կամ իր արտադրանքի արտահանման հարցում, չնայած Զանգեզուրի միջանցքը լրացուցիչ ներդրում կլինի դրանում։ Բայց էլեկտրական գծերերի, օպտիկամանրաթելային մալուխների, տվյալների կենտրոններից և արհեստական ​​բանականությունից ստացված տեղեկատվության տեղափոխման և տարանցման հետ կապված հարցերը հենց այս ամենն են, որոնց մենք ներկայումս հատուկ ուշադրություն ենք դարձնում», – հավելեց նա։

«Հետևաբար, երբ մենք խոսում ենք միջանցքների մասին, մենք, իհարկե, պետք է ավելի լայն տեսանկյուն ունենանք. ոչ միայն երկաթուղիներ, ոչ միայն ճանապարհներ, այլ ամենը, ինչ նպաստում է կապակցվածությանը և բավարարում է ժամանակակից աշխարհի պահանջներին», – եզրափակեց Ալիևը։

Այլ կերպ ասած, Ալիևը հետաքրքրված է հայ-իրանական սահմանի վերահսկողությունով՝ հիմնականում էլեկտրաէներգիայի և օպտիկամանրաթելային մալուխներով տեղեկատվության փոխանցման համար։

Ռազմավարական առումով, Թրամփի ճանապարհը ժամանակավորապես պաշտպանեց Հայաստանը ագրեսիվ գործողություններից, բայց իրավիճակի ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել այս զսպող գործոնի վերացմանը։

Մինչև արցախցիների բնակարանի հարցը չլուծվի, ֆինանսական աջակցությունը էական ազդեցություն չի ունենա

Արցախցի լրագրող Նորայր Հովսեփյանի Դեմ առ դեմ ծրագրի հյուրն էր հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյաննը, որը տեղեկատվական-խորհրդատվական աջակցություն է տրամադրում իրավական և սոցիալական անիրավության և շփոթության մեջ հայտված արցախցիներին։

Մարտին կլարանա մեկ տարին, ինչ գործում է “Արցախցիներին աջակցման տեղեկատվական խորհրդատվական կենտրոնը”, որն ի սկզբանե աջակցություն էր տրամադրում թեծ գծի միջոցով։ Հիմա կարող են զանգահարել մեր թեժ գծին՝ 011 44 44 43, հերթագրվել, մոտենալ և ստանալ խորհրդատվություն, ասում է Լիաննա Պետրոսյանը։

Նրա խոսքով, Կենտրոնը 600-700 զանգ է ստանում օրական կտրվածքով։

Վերջին շրջանում հրատապ աջակցության հետ կապված խնդիրներ առաջացան, նաև պետռեգիստրում տվյալների հետ կապված, կամ ինչպես իրացնել հավաստագիրը, փաստաթղթերի վերականնման հետ կապված, թվարկել է Լիաննա։

Կառավարությունը փորձում է մեղմել արցխցիների սոցիալական խնդիրները, սակայն իրականությունը մի քիչ այլ է։ Աջակցության ծրագրերի մի մասը երկարատև կտրվածքով շարունակվում է, սակայն դա ամբողջությամբ չի բավարարում կարիքները, նշում է Լիաննա Պետրոսյանը։ Ընտանիքների գերակշիռ մասն աշխատում է, որ կարողանան վճարել իրենց ամենօրյա ծախսերը։ Կառավարությունը շարունակում է աջակցել, բայց դրանից, ցավոք, տեղահանվածների վիճակը չի բարելավվում, ասել է Լիաննա Պետրոսյանը։

Եթե 2024-ին բնակարանային աջակցության ծրագրի գրեթե 99 հազար շահառու կար, որոնք ստանում էին 50 հազ․ դրամ, ապա 2025-ին մոտ 44 հազարն են օգտվում 30 հազ․ դրամ աջակցությունից։ Նախորդ տարվա վերջին ծրագիրը երկարացվեց մեկ տարով, ասել է Պետրոսյանը։

Զուգահեռ ունենք հրատապ աջակցության ծրագիրը, որը տրամադրվում է հատուկ, կարիքավոր ընտանիքներին 40+10 սկզբունքով։ Ըստ պաշտոնական տվյակների՝ այս ծրագրի շահառու է 6000 ընտանիք։

25 հազար մարդ վերջին տվյալներով ունեն ձևակերպված աշխատանք։

Որպեսզի թվաբանություն անենք, գումարելով աջակցություն ստացող 44 հազար աջակցություն ստացողներին աշխատող 25 հազարը, պետք է հասկանանք, թե ինչ աշխատավարձ են մարդիկ ստանում, ունե՞ն նրանք սեփականություն թե ոչ, օգտվե՞լ են բնակապահովման ծրագրից, թե ոչ։ Բայց ակնհայտ է, որ նույնիսկ 150 հազ․ աշխատավարձով և 30 հազ․ աջակցությամբ ընտանիքը չի կարող միայն բնակվարձը տալ, ասել է Լիաննա Պետրոսյանը։

Ստացվում է, որ մինչև տեղահանվածի բնակարանային հարցը որպես առաջնային չլուծվի, այս ֆինանսական շարժերը էական արդյունք չի կարող ունենալ նրա սոցիալական վիճակի վրա։

Լիաննա Պետրոսյանը նշում է, որ կառավարական մարմինների հետ ոչ միայն հանդիպումների, այլև ամենօրյա նամակագրությամբ և առաջարկությունների ձևաչափով փորձում են հասցնել տեղահանվածների խնդիրները և ռեալ կարիքները։ Հաջողվել է որոշակի փոփոխություններ մտցնել ծրագրերի մեջ, որոշները դեռ քննարկվում է, ասել է նա։

Փետրվարի 1-ի դրությամբ բնակապահովման ծրագրով տրամադրվել է 4404 հավաստագիր, որոնցից իրացված է 1932-ը։ Ի սկզբանե ծրագրով նախատեսված է 25 հազ․ ընտանիքի բնակապահովում։ Լիաննա Պետրոսյանի գնահատմամբ՝ ծրագրի ցուցանիշները շատ ցածր են։

Կառավարության վերջին տվյալներով, 30 հազ․ արցախցի արդեն ստացել է ՀՀ նոր անձնագրեր։

Լիաննա Պետրոսյանի խոսքով, հունվարից ընթացակարգը փոխվել է, հիմա դիմումներն ընդունվում են բացառապես առցանց տարբերակով։ Դիմումը պետք է նաձնել առցանց, ստանալ ծանուցում, դրանից հետո ֆիզիկապես մոտենալ Դավթաշենի անձնագրային կենտրոն, հանձնել փաստաթղթերը և սպասել քաղաքացիություն շնորհելու մասին նամակին։

Այս ընթացակարգը խնդիրներ առաջացրեց արցախցիների շրջանում։

Մենք որոշեցինք, որ կարող ենք մեր հայրենակիցներին ցուցաբերել անվճառ օգնություն՝ հայտերը լրացնելու, նաև հետևում ենք ընթացքին, շտկում, եթե կան խնդիրներ, ասում է Լիաննա Պետրոսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ եթե մինչ 2026-ը տեղահանվածների բուժօգնությունը անվճար էր իրականացվում, ապա հիմա պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրումից հետո այն տեղահանվածները, որոնք 2025-ի նոյեմբերի դրությամբ ունեին 200 հազարից ավելի աշխատավարձ, ներառվել են համընդհանուր ապահովագրման համակարգի մեջ։