Ամենավերջին ապացույցը Ռուբեն Վարդանյանի նկարն է, որի վրա երեւում են խոշտանգման հետքերը

Փետրվարի 28-ին՝ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայության իրավունքների պաշտպանության օրը, հարգանքի տուրք մատուցվեց 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ այն, ինչ այսօր կատարվում է հայ ժողովրդի հետ, դա ուղիղ շարունակությունն է Սումգայիթում, Բաքվում, Գանձակում եւ այլ բնակավայրերում հայերի նկատմամբ տեղի ունեցածի։

«Բաքվում գտնվող մեր հարազատների ու հայրենակիցների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին բազմիցս խոսել ենք։ Հրապարակվել են զեկույցներ, մանրամասն ներկայացվել են խոշտանգումների ու կտտանքների ապացույցներ։ Եվ ամենավերջին ապացույցը Ռուբեն Վարդանյանի՝ օրերս տարածված նկարն է, որի վրա շատ հստակ երեւում են խոշտանգման հետքերը։ Այն հայտարարությունները, որոնք արվել են եւ պարոն Վարդանյանի, եւ նրա պաշտպանությունն իրականացնող անձանց կողմից, եւս մեկ անգամ վերահաստատեցին մեր բոլոր մտահոգությունները ու մտավախությունները խոշտանգման եւ կտտանքների վերաբերյալ։ Այսինքն՝ որեւէ կասկած չունեինք, որ այդպիսին է իրավիճակը, բայց այն, ինչ ունեցանք, եւս մեկ անգամ եկավ վերահաստատելու մեր մտահհոգությունները։ Ըստ այդմ՝ մենք ուղղակի իրավունք չունենք գոնե մեկ օր հապաղելու, պետք է մոբիլիզացնենք բոլոր ջանքերը՝ Հայաստանում, Սփյուռքում, արտերկրում մեր բարեկամների շրջանում՝ օր առաջ մեր հայրենակիցներին հայրենքի վերադարձնելու համար»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Նա կոչ արեց հանրությանը՝ չլինել անտարբեր, ըստ Ստեփանյանի՝ մարդիկ պետք է հասկանան, որ պայքարում են ոչ թե կոնկրետ անձերի, այլ պայքարում են հայ ժողովրդի համար։ «Այնտեղ կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը։ Երբ փորձում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վրա սլաքներն ուղղել եւ դրանով արդարացնել իրենց անգործությունը, մի մոռացեք, որ բացի նրանցից Բաքվում գտնվում են նաեւ 15 այլ քաղաքացիներ, որոնք գերեվարվել են իրենց տներից, ռազմի դաշտից, Լաչինի միջանցքից։ Շրջափակման ժամանակ էլի Արցախից բազմաթիվ կոչեր են հնչել, եւ ես պետք է ցավով ասեմ, որ այն ժամանակ եւս անտարբերությունը թոթափելու վարքագիծը չենք դրսեւորել։ Մենք իրավունք չունենք անտարբեր լինելու, պետք է թակել բոլոր դռները»,- ասաց նա։

 

 

Ակցիա Ծիծեռնակաբերդում. ցեղասպանությունը շարունակվում է՝ Սումգայիթում, այժմ՝ Բաքվի բանտերում

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ Սումգայիթի ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում։ Ցուցարարները պահանջել են նաեւ ազատ արձակել Բաքվի բանտերից հայ գերիներին ու պատանդներին։

Լուսանկարը՝ Ալվարդ Գրիգորյանի

“Դոգ”-ին որպես անօրինական միգրա՞նտ են ձերբակալել․ “Հետք”-ը գտել է նրա անունը

«Հետքը» պարզել է, որ Դոգ մականունով Վարդան Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում ՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում (HENDERSON DETENTION CENTER):

ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) կայքի որոնման համակարգով էլ լրատվամիջոցը գտել է Վարդան Ղուկասյանի ձերբակալման մասին տեղեկատվությունը։

Վերջին շրջանում Թրամփի՝ ԱՄՆ-ում ապօրինի միգրանտների դեմ տարվող քաղաքականության շրջանակներում արդեն ձերբակալվել և արտաքսվել են հազարավոր միգրանտներ։

Վադան Ղուկասյանը մի քանի անգամ տարբեր հայտարարություններով իր աջակցությունն է հայտնել Թրամփի և Իլոն Մասկի որոշումներին։

Վարդան Ղուկասյանի հնարավոր արտաքսման մասին տեղեկատվություն դեռ չկա։

ՀՀ կառավարությունը հայազգի գերիների նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ է ստանում․ ԱԳՆ

Հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: 

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները կարևորող գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

Խորը մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին:

Այդպիսի գործելաոճի մասին են վկայում նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից արտահայտված մտահոգությունները, «Human Rights Watch»-ի և այլ կազմակերպությունների կողմից փաստագրված՝ հայ ռազմագերիների խոշտանգման դեպքերը, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային կառույցների, այդ թվում՝ Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի հետ համակարգված համագործակցությունից խուսափումը: Հայաստանի կառավարությունը շարունակում է ստանալ հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ:

Հայազգի ռազմագերիները, պատանդները և այլ պահվող անձինք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս նրա կողմից ստանձնած հանձնառությունների և միջազգային պարտավորությունների: Հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում. համապատասխան միջազգային բազմակողմ փաստաթղթերի պարզ թվարկումը ներառում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան, Ժնևի IV կոնվենցիան (1949 թ.), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն այս դատական ​​բեմականացումն օգտագործում են որպես Հայաստանի Հանրապետության վրա քաղաքական ճնշումների և հասարակության շրջանում մանիպուլյացիայի գործիք՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի և ողջ հասարակության համար։

Առանձնակի ուշադրության է արժանի այն, որ այս գործընթացներն ընթանում են ադրբեջանական լրատվամիջոցներում հայերի դեմ էթնիկ ատելության շարունակական քարոզչության պայմաններում:

Ամենից զատ և առաջին հերթին՝ ցանկացած հակամարտության ամբողջական կարգավորում ներառում է ժողովուրդների պատրաստումը խաղաղության, իսկ չլուծված մարդասիրական խնդիրների հավելյալ ու արհեստական ձգձգումն առնվազն չի ծառայում այդ նպատակին և միայն նվազեցնում է դրա հավանականությունը: Այս գիտակցումը բազմիցս է ընդգծվել Ադրբեջանի հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, գործընկերների ու կառույցների կողմից: Ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունների ընկալումներում ևս այն կգերակայի թշնամանքի շարունակական սնուցման ու կարճաժամկետ հաշվարկների նկատմամբ:

Հարցի վերջնական հասցեագրման մերժման պայմաններում Հայաստանը չի կարող անմասն և անտարբեր մնալ, ուստի շարունակելու է այն բարձրացնել տարբեր հարթաներում և ձևաչափերով՝ ակնկալելով լուծումներ և դրական առաջընթաց»:

 

Փաշինյանի «իրական Հայաստանի» համար 70 հոգի չի հավաքվի. նա կհամոզի առանց տեսախցիկի, քանի որ ամոթ է

Երեկ Նիկոլ Փաշինյանի առաջարկեց 20-30 հոգանոց խմբերով գալ կառավարություն՝ անկաշկանդ մթնոլորտում «իրական Հայաստանի» թեման քննարկելու: Իսկ եթե 70 հոգանոց եւ ավելի մեծ խմբեր ձեւավորվեն, ինքն անձամբ կայցելի եւ դասախոսություն կկարդա։

Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանը հրապարակել է ինչ-որ գաղափարախոսություն, որն առաջարկում է դարձնել «իրական Հայաստանի» հիմք, իմա՝ Սահմանադրություն։

Փաշինյանը խոստովանել է, որ հայ ժողովուրդը չի ընդունում ապազգային, հակապատմական ր հակապետական, իրավազուրկ և սահմանազուրկ Հայաստան-խաչմերուկի գաղափարը։

Նա այդ թեմայով անհաջող հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, սակայն նույնիսկ «ոչ դաշնակցական» հայ հանրությունը չի «ողջունել» «իրական Հայաստանի» գաղափարը։

Ավելին՝ փետրվար 12-ին ազգային երեք ավանդական կուսակցությունների՝ ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել առ այն, որ կշարունակեն ջանքերը ոչ միայն Հայոց Ցեղասպանության ճանաչման, այլև հատուցման հասնելու համար, ընդ որում՝ հավելեալ թափով։ Կշարունակվեն ջանքերը, ուղղված արցախահայության իր հայրենիք վերադարձի իրավունքի ապահովելուն, Բաքվում գերևարված Արցախի ղեկավարության և այլ քաղբանտարկեալների ազատ արձակման։ «Ցեղասպան Թուրքիոյ և անոր գործընկեր Ազրպէյճանի հայաջինջ քաղաքականութիւնը կը մնայ առկայ նաե՛ւ այսօր», ասված է հայտարարության մեջ: Այսինքն՝ ոչինչ չի փոխվել։

Թուրքիայի նախագահը մեկ անգամ չէ, որ ասել է՝ Հայաստանի կառավարության հետ խնդիր չունենք, «խաղաղությանը» խանգարում է Սփյուռքը։ Եւ քանի որ Փաշինյանը Սփյուռքում գեթ մեկ մարդ չի գտել, որը հրապարակավ կպաշտպաներ իր «գաղափարախոսությունը», քանզի Սփյուռքին «վախեցնելու» ոչինչ չունի, նա որոշել է ուղղակի «անջատել» Սփյուռքը Հայաստանում կատարվող իրադարձություններից եւ «վախեցնել» ՀՀ քաղաքացիներին։

Նա իր մոտ խմբեր է հրավիրում, որոնց կասի այն, ինչ ասել է 7 տարի առաջ․ ես ձեր տղաներին կազատեմ հանուն հայրենիքի զոհվելու պարտականությունից, քանի որ եթե Հայաստանի «իրական» սահմանները ճանաչվեն, պատերազմ չի լինելու, բանակի կարիք՝ առավել ևս չի լինի։ Նա չի կարող դա ասել հրապարակավ, քանի որ ամոթ է, այդ պատճառով հրավիրում է իր մոտ փոքր խմեր, հասկանալով, որ նույնիսկ 70 հոգի չի հավաքվի այդ «գաղափարախոսության» շուրջ»։ Եւ այդ հանդիպումները հրապարակային չեն լինի։

Տրամաբանությունը չի փոխվել․ 2018-ին Փաշինյանը ասում էր «ընտրողներին», որ ձեր տղաները այլևս չեն զոհվի Ղարաբաղի համար։ 2021-ին նա «ընտրողներին» ասել է, որ կատարել է խոստումը, իսկ եթե «նախկինները» գան իշխանության, ապա տղաները կրկին կզոհվեն հանուն Ղարաբաղի։ Հիմա նա կասի, որ թույլ չի տա տղաները զոհվեն հանուն «ոչ իրական Հայաստանի», և եթե այն ժամանակ «մեղավորը» «Ղարաբաղյան կլանն» էր, հիմա Դաշնակցությունն է և ամբողջ Սփյուռքը։

Որ ոք չի ուզում, որ իր տղան զոհվի, նույնիսկ հանուն Հայաստանի։ Եւ Փաշինյանը կհամոզի մարդկանց, որ ավելի լավ է Հայաստանը ոչ թե պետություն, այլ խաչմերուկ լինի, բայց տղաները չզոհվեն, քան մենք մեր իրավունքների և հողերի տեր կանգնենք, և կրկին պատերազմ լինի։

Եթե չուզենաք «ինտեգրվել» խաչմերուկին, ինչպես արցախցիները չուզեցան, կմնաք առանց տուն-տեղ, իսկ «չուզողները» կհայտնվեն Բաքվի բանտում։ Իսկ եթե «իրական Հայաստանը» չստացվի, կապրեք այլ երկրի կազմում։ Մեկ է՝ Հայաստանում պետական ավանդույթը մոռացվել է։

Այդ ամենը առանց տեղախցկի կասվի, որ մարդիկ չամաչեն իրենց ընտրությունից։

«Ես Զելենսկիին դիկտատո՞ր եմ անվանել։ Չեմ հավատում, որ կարող էի դա ասել»․ Թրամփ

Հինգշաբթի օրը BBC-ի թղթակից Քրիս Մեյսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի ներկայությամբ Դոնալդ Թրամփին հարցրեց, թե արդյո՞ք նախագահ Թրամփը դեռևս Զելենսկիին բռնապետ է համարում:

«Ե՞ս էի դա ասել։ Չեմ հավատում, որ ես դա կարող էի ասել», – պատասխանել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը իր սեփական «Truth Social» սոցիալական ցանցում գրառում էր կատարել, որում Ուկրաինայի նախագահին անվանել էր «բռնապետ առանց ընտրությունների»։ Այն բանից հետո, երբ Զելենսկին համաձայնեց մետաղների գործարքին և ասաց, որ պատրաստ է հրաժարական տալ, Թրամփը փոխեց կարծիքը:

Զելենսկին ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ այսօր պայմանագիր կստորագրվի Ուկրաինայի տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող մետաղների պաշարները ԱՄՆ-ին փոխանցելու մասին։ Պուտինն առաջարկել է Թրամփի հետ նույնանման համաձայնագիր ստորագրել ռուսական տարածքների, այդ թվում՝ Դոնբասի մետաղների վերաբերյալ։

Վերլուծաբաններն ասում են, որ Թրամփին անհրաժեշտ է կես տրիլիոն դոլար արժողությամբ մետաղների գործարքը, որպեսզի ամերիկացի ժողովրդին բացատրի Պուտինի հետ իր հանցավոր գործարքը և Ուկրաինայի մասնատումը: Մարդիկ հասկանում են միայն «փողի լեզուն», և եթե ամերիկացիներին ասեն, որ պատերազմի համար իրենց փողերը իզուր չեն վատնվել, նրանք «կմարսեն» Թրամփի գործարքը Պուտինի հետ և Ուկրաինայի մասնատումը՝ որպես «կայսրությունների» բաժանման մաս։

New Perspective. արցախցիների հետ աշխատում են Արցախում ողբերգությունն ապրած մարդիկ

Արցախում 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները հոգեբանական խորը տրավմա են պատճառել մեր հայրենակիցներից շատերին։

«Խորապես գիտակցելով հարկադիր տեղահանության պայմաններում Արցախի ժողովրդի հոգեբանական աջակցության կարևորությունը՝ մենք հավաքել ենք արցախցի հոգեբանների թիմ։ Այսպես առաջացավ «New Perspective» նախաձեռնությունը։ Ծրագրի առաքելությունն է վերականգնողական տարբեր մեթոդներով նպաստել արցախցի հայրենակիցների համայնքային մտածելակերպի և ինքնության պահպանմանը, ինչպես նաև նրանց ինտեգրմանը նոր հասարակությանը։

Նախաձեռնությունը գործում է բացառապես անհատույց հիմունքներով։ Մեր բոլոր մասնագետները Արցախից են։ Մինչև բռնի տեղահանումը, ապրելով հայրենիքում անմարդկային շրջափակման պայմաններում, նրանք չեն դադարեցրել աշխատանքը՝ իրենց հայրենակիցներին ցուցաբերելով անհրաժեշտ հոգեբանական օգնություն։ Հայրենիքից հեռու, անորոշության պայմաններում մեր մասնագետներն ուժ գտան շարունակելու այս չափազանց կարևոր առաքելությունը։

Մեր ծրագրի առանձնահատկությունն այն է, որ շահառուների հետ աշխատում են մարդիկ, ովքեր իրենք են ապրել Արցախում տեղի ունեցած ողբերգությունը, ինչպես նաև ամեն օր հաղթահարում են դրա հետևանքները։ Սեանսներն անցկացվում են արցախյան բարբառով, որն ավելի ջերմ ու վստահելի մթնոլորտ է ստեղծում։

Նախագիծը արագ զարգանում և ընդլայնում է իր աշխարհագրությունը։ Մեզ մոտ աշխատում են ոչ միայն հոգեբաններ, այլև սոցիալական աշխատողներ և պարուսույց։ Այս կերպ մենք նաև պահպանում ենք արցախյան մշակույթը։

Այս փուլում նախագիծը իրականացվում է Indie Peace անկախ կազմակերպության կողմից՝ Եվրամիության աջակցությամբ և ընդգրկում է Երևանը, Մարտունին և Ստեփանավանը։ Ծրագրի շահառուներն ի սկզբանե եղել են միայն Արցախից բռնի տեղահանվածները։ Սակայն այժմ մենք աշխատում ենք նաև Հայաստանում բնակվող հայրենակիցների հետ, որպեսզի ապահովենք բոլոր անհրաժեշտ պայմանները Արցախի բնակիչների շփման և նոր հասարակության մեջ ինտեգրվելու համար։

Այսօր նախագծում ներգրավված է մոտ 200 մարդ։ Դատելով դրական արձագանքներից՝ նախագիծն օգնեց ոչ միայն անմիջական մասնակիցներին, այլեւ բարերար ազդեցություն ունեցավ նրանց ընտանիքների վրա, ինչից ելնելով տեսնում ենք դրա շարունակականության անհրաժեշտությունը։

Առաջիկայում նախատեսում ենք բացել հասարակական կազմակերպություն, ինչպես նաև ընդլայնել ծառայությունների շրջանակը և գործունեության աշխարհագրությունը։ Մասնավորապես, մենք ցանկանում ենք նախագիծը սկսել Հայաստանի հեռավոր շրջաններում»։

Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց «New Perspective» նախագծի համակարգող Կատերինա Կալոեւան։

Արսեն Աղաջանյան

ՀՀ ԱԳՆ-ն՝ Սումգայիթում տեղի ունեցածի կապակցությամբ

1988թ. այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ և ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը՝ տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ և զանգվածային բռնության։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Սումագայիթում հայկական ծագում ունեցող քաղաքացիների զանգվածային սպանությունները և խոշտանգումները շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում՝ նույն օրինաչափություններով և զարհուրելի դաժանությամբ։ Այդ իրադարձությունների հետևանքով հարյուրավոր հայեր սպանվեցին, շուրջ կես միլիոն հայ ենթարկվեց բռնի տեղահանության: Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբեր, երբ ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը:

Վերհիշելով այս իրադարձությունները՝ մենք ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում դրանց անմեղ զոհերի հիշատակին: Միաժամանակ հավատում ենք, որ այս իրադարձությունները միայն ոգեկոչման ամսաթվեր չեն, այլ պահեր` արժևորելու թշնամանքի հաղթահարման անհրաժեշտությունն՝ ապագայում դրա դրսևորումների կրկնությունը բացառելու նպատակով:

Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Ռուբեն Վարդանյանին

Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին: Նա ինստագրամի իր էջում տեղադրել է Վարդանյանի նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության և խոշտանգումների վերաբերյալ գրառում եւ լուսանկար:

Աբդուլլահ Օջալանը կոչ է անում աջակիցներին վայր դնել զենքերը

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով ցմահ բանտարկություն է կրում թուրքական բանտում, իր կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքերը և ցրել PKK-ն։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Իր ուղերձում նա փաստացի հանդես է եկել թուրքական պետության դեմ զինված պայքարի դադարեցման օգտին։

«Ես ստանձնում եմ պատմական պատասխանատվությունը զինաթափման այս կոչի համար: Անցկացրեք ձեր համագումարը և որոշումներ կայացրեք պետության և հասարակության հետ ինտեգրվելու վերաբերյալ։ Բոլոր խմբավորումները պետք է վայր դնեն զենքերը, իսկ ՔՍԿ-ը պետք է ցրվի»,- ասել է նա։

Ավելի ուշ քրդամետ DEM կուսակցության համանախագահ Թայիփ Թեմելի օգնականը պարզաբանեց, սակայն, որ Օջալանի կոչը չի վերաբերում Սիրիայի հյուսիս-արևելքում գործող խմբավորումներին։

Հիշեցնենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիրն ու առաջնորդը 1999 թվականից ցմահ պատիժ է կրում Մարմարա ծովի հարավարևելյան մասում գտնվող Իմրալի կղզու բանտում։ Թուրքիայում արգելված է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։

Ակցիաներ ի պաշտպան Ռուբեն Վարդանյանի և մյուսների։ Ա․ Քոչարյանի տարoրինակ արձագանքը

Կառավարության շենքի դիմաց այսօր հավաք է կազմակերպվել՝ հաջակցություն Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայերի:

Նշենք, որ երեկ համացանցում տարածվեցին Ռուբեն Վարդանյանի լուսանկարները դատարանի դահլիճից, որտեղ նա հյուծված տեսք ունի:

Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը երեկ հայտարարություն է տարածել՝ ահազանգ հնչեցնելով։ “Ես նաև կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի»,-հայտարարել է Վարդանյանի փաստաբանը։

Նշենք նաև, որ Ռուբեն վարդանյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ հացադուլ է հայտարարել Բաքվում տեղի ունեցող դատական ֆարսի դեմ:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է․ «Փետրվարի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ի նախաձեռնությամբ ի հիշատակ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի և ի պաշտպանություն բռնագաղթած հայության իրավունքների Ծիծեռնակաբերդում հագանքի տուրք է մատուցվելու բոլոր զոհերի հիշատակին, որից հետո շարժվելու ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ ժամը 15:00-ին իրականացնելու ենք ակցիա՝ ի աջակցություն  Բաքվում ապօրինաբար պահվող մեր պատանդների՝ մեր բողոքը արտահայտելով միջազգային հանրության հանցավոր լռության և անտարբերության։

Ռուբեն Վարդանյանի հայտարությունները Բաքվի բանտից և արդեն մեկ շաբաթ տևող հացադուլը մեզ բոլորիս հստակ ուղերձ պետք է լինեն, որ իրավունք չունենք անտարբեր մնալու և պարտավոր ենք անել մեզանից կախված ամեն ինչ մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակման համար։

Խնդրում ենք բոլորին միանալ ակցիաներին և արտահայտել համերաշխություն Բաքվի ռեժիմի կողմից խոշտանգումների ենթարկվող մեր հայրենակիցներին»։

Բաքվում պահվող գերիների մասին խոսում է նաև իշխանությունը։ Սկզբից Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ գերիներից ցուցմունքներ են կորզում հոգեմետ դեղեևորի օգտագործմամբ, իսկ հետո Արարատ Միրզոյնը սկսեց տարվեր ատյաններում խոսալ գերիների խնդրի մասին։

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը այսօր նույնիսկ հայտարարել է, որ «եթե նայենք մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության ընթացքում դիմագծերին, դուք կտեսնեք, որ այնտեղ խոշտանգումներ են իրականացվում: Հիմա այդ խոշտանգումների դեմ ինչ ճանապարհ կա, որպեսզի դրա դեմն առնենք. իհարկե՝ միջազգային հանրության որոշակի արձագանք: Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվի բերդում: Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բան է ասել, որ այսօր դրանք օգտագործվում են իր դեմ: Մի ասա այն, ինչը որ կօգտագործվի ինչ որ պահի քո դեմ”:

Նա ասել է, որ դատավարությունն կօգտագործվի ՀՀ-ի դեմ: “Դուք իրավունք չունեիք գերեվարվելու: Նման մակարդակի պաշտոնյանների գերեվարումը սպառնալիք  է երկրի համար»,-ասել է Քոչարյանը: 

Էթնիկ զտումն ուղեկցվել է արցախահայության դեմ դաժան հանցագործություններով

«2020 թվականին քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության դեմ, որի ընթացքում Արցախի եւ Արցախի բնակչության համար ստեղծվեցին գոյաբանական լուրջ խնդիրներ»,- այսօր «Լեռնային Ղարաբաղ. փախստականներ, իրավունքներ եւ հնարավորություններ» թեմայով գիտաժողովի ժամանակ ասաց ԼՂ փախստականների իրավապաշտպան միության նախագահ Գոռ Պողոսյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են միջազգային մարդասիրական իրավունքի եւ պատերազմի վարման նորմերին։ Խոսքն ինչպես քաղաքացիական բնակչության թիրախավորման, արգելված զինատեսակների կիրառման, ռազմագերիների եւ զոհվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խաղաղ բնակիչների նկատմամբ անմարդկային խոտանգումների մասին է, այնպես էլ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման։

Ըստ Գոռ Պողոսյանի՝ Արցախի հայաթափումը տասնամյակներ շարունակ եղել է ադրբեջանական իշխանությունների գերնպատակը։ Ուստի, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը նպատակ էր հետապնդում արցախցիներին ահաբեկել, էթնիկ զտումների ենթարկել եւ իրենց սեփական հայրենիքում ապրելու ու արարելու իրավունքից զրկել։ Նա հավելեց, որ Արցախի հայաթափման վաղեմի ծրագրի մասին են վկայում պատմական իրադարձությունները, մասնավորապես, 1918-1920 թվականներին Արցախը ենթարկեցնելու Ադրեբջանի անդադար ջանքերը, որոնք մշտապես ուղեկցվել են հայության հոծ զանգվածների ջարդերով, կոտորածներով ու թալանով։ Ասվածի վառ վկայությունն է 1920 թվականին Շուշիի հայության կոտորածը։ Այս պատմական իրադարձությունները սերտորեն կապված են ներկայիս քաղաքական իրավիճակի հետ։ Ադրբեջանը տառապում է հայատյացության ամենասուր ախտանիշով, որն անպատժելիության պայմաններում հանգեցնում է մարդկության դեմ հանցագործությունների անընդհատ կրկնությանը։

«44-օրյա պատերազմն ամենեւին էլ վերջ չդրեց Ադրբեջանի ռազմատենչ նկրտումներին։ Այս ամենը չարժանացավ միջազգային հանրության եւ կառույցների համապատասխան արձագանքին ու հանգեցրեց հումանիտար սարսափելի աղետի։ Ադրբեջանը փակեց արցախահայության համար կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը։ Շրջափակումը խաթարեց արցախահայության կենսագործունեությունը եւ վտանգանեց մեր կյանքի անվտանգությունը։ Միջազգային հանրության հռչակագրային բնույթ կրող խոսքերը, առանց գործնական քայլերի, բնավ չկանգնեցրին Ադրբեջանին։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց շուրջ 10 ամիս շրջափակման մեջ գտնված ԼՂ բնաչության վրա, որին հաջորդեց արցախահայերի էթնիկ զտումը։ Արցախի էթնիկ զտումն ուղեկցվել է միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների խախտումներով, արցախահայության դեմ դաժան հանցագործություններով։ Ադրբեջանի քաղաքական վերնախավը ձեռնամուխ եղավ հանցագործությունների, որոնք ներառում էին ապօրիի ձերբակալություններ, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ խաղաղ բնակչության շրջանում, ահաբեկելով ու բռնության ենթարկելով նույնիսկ կանանց, երեխաներին ու ծերերին։ Այս իրադարձությունների բերումով գոյաբանական խնդրի առաջ կանգնած արցախահայությունը ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը։ Փաստորեն, Ադրբեջանի դաժան գործողությունները ոչ միայն նպատակ էին հետապնդում հասնելու տարածքային հաջողությունների, այլ ակնհայտ կերպով հետանդում էին հայի ինքնության վերացման նպատակներ։ Այս ամենը բացահայտ ցեղասպան քաղաքականություն է, որը տեղի է ունենում քաղաքակիրթ աշխարհի աչքերի առաջ»,- նշեց Պողոսյանը։

Նա շեշտեց, որ Ադրբեջանն այսօր էլ չի դադարեցնում հայերի ինքնության ու պատմական վկայության ոչնչացումը։ Բաքուն շարունակում է իրականացնել հայկական մշակութային ժառանգության սպանդ՝ հետեւելով իր որդեգրած մշակութասպան քաղաքականությանը։ Արցախի հայկական կրոնական ու մշակութային հուշակոթողներից շատերը ոչնչացվել, պղծվել ու այլախեղվել են, իսկ մյուսը մասը շարունակում են գտնվել լիակատար ոչնչացման վտանգի տակ։ Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները կոպտորեն խախտում են մարդու իրավունքների համընդհանուր հռչակարգրի, Ժնեւի կոնվենցիայի եւ դրա լրացուցիչ արձանագրությունների, Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ մի շարք այլ կոնվենցիաների հիմնարար դրույթները։

«Մարդկության դեմ կատարված այս հանցագործությունները, ցավոք, այսօր չեն ստացել համապատասխան պատիժ, ինչի ուշացման պարագայում ծնվելու են այլ հանցանքներ։ Այսօր խախտված են արցախահայերի հիմնարար իրավունքները, մասնավորապես, մեր հայրեիքի վերադարձի, անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքը, որի շուրջ միջազգային հանրությունը պարտավոր է հստակ դիրքորեոշում հայտնել եւ գործուն քայլեր ձեռնարկել։ Անհրաժեշտ են հստակ միջազգային մեխանիզմներ, որոնք կապահովեն արցախահերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձն իր հազարամյան հայրենիք»,- նշեց Գոռ Պողոսյանը։

Նա հավելեց, որ արցախցիների միասնական ընդհանուր գաղափարն է՝ վերադարձ իր պատմական հայրենիք։ «Մեր միության առջեւ դրված գերնպատակը համարում ենք արցախահայերի՝ միջազգային ամուր երաշխիքներով ապահովված անվտանգ եւ արժանապատիվ վերադարձն ու բնական կենսագործունեությունը հազարմյա հայրենիքում։ Եվ մեր ուժերը կենտրոնացնում ենք մեր նպատակները միջազգային բոլոր կարող դերակատարներին տեղ հասցնելու, Արցախի խնդիրը մշտապես միջազգային օրակարգում պահելու համար»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան