ՏԵՂավորված մի ղարաբաղցի ասում էր “սա էլ Հայաստանի Թալիշն է…”

Տեղ գյուղ: Չնայած ես հենց այնտեղ էի, բայց փնտրեցի, թե հայերեն Վիքին ինչ կարող է ասել լրացուցիչ: Պարզվում է, այն գտնվում է Գորիս-Ստեփանակերտ նախկին մայրուղու վրա, ծովի մակարդակից մոտ 1350-1400մ բարձրության վրա։

Նախկի՞ն…Արդե՞ն… Սպասեք գոնե բուղը նստի:

Տարօրինակ մի զգացողություն է այսՏԵՂ, Երբ գիտակցում ես, որ այն, ինչ տեսնում ենք ադրբեջանական սոցիալական մեդիայում, տեղի է ունենում հենց այս սարերի հետեւում, այսքան մոտ մեզանից:

ՏԵՂացի մի պապիկ ասում էր, որ Ղարաբաղից մի 5-6 ընտանիք են գյուղում ապրում: Ոմանք վարձով, ոմանց էլ տանտերը հյուրընկալում է: ՏԵՂավորված մի ղարաբաղցի էլ ասում էր “սա էլ Հայաստանի Թալիշն է…”: Ցավոք, հենց այդպիսի տպավորություն է: Ով ժամանակին եղել է Թալիշում, հաստատ կզգա դա:

Մարութ Վանյան

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբը անցնում է երկրորդ փուլին

Հոկտեմբերի 18-20-ը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբն ամբողջական կազմով հանդիպել է Երևանում։

Հանձնախումբը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի, ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների, Արցախի թեմի առաջնորդի, ինչպես նաև այցելել է Մայր աթոռ և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Հանդիպումների ընթացքում տեղեկություններ է փոխանցել իրականացված աշխատանքների և ապագա անելիքների վերաբերյալ։

Եռօրյա աշխատանքի և հանդիպումների ընթացքում հանձնախումբը, կարևորելով նախորդիվ իրականացված աշխատանքը, գոհունակությամբ ընդգծել է, որ Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի հարցը տարբեր ձևաչափերով բարձրաձայնվել և արձանագրվել է մի շարք պետությունների և միջազգային կառույցների հայտարարություններում։ Այս հանգամանքը հիմք է ստեղծում հանձնախմբի գործունեության երկրորդ փուլի մեկնարկի համար, որը միտված է ամրագրելու և զարգացնելու արձանագրված արդյունքը և ջանքեր գործադրելու վերադարձի իրավունքի շուրջ քննարկումների համար անհրաժեշտ միջազգային բանակցային ձևաչափի ստեղծման ուղղությամբ։

Հանձախմբի կողմից քննարկվել են առաջիկա վեց ամիսներին իրականացվելիք աշխատանքները, որոնք ներառում են Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության, հանրային և մասնավոր գույքի պաշտպանության, Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների վերադարձիև Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության տեսանկյունից կենսական կարևորության այլ ուղղություններ։

Սույն հարցերի ուղղությամբ համադրված գործելու անհրաժեշտության օրակարգով Հանձնախմբի և «Հայաքվե» նախաձեռնության կողմից կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում որին մասնակցություն են ունեցել Հայաստանի և Արցախի քաղաքական, հասարակական, դիվանագիտական և վերլուծական շրջանակների չորս տասնյակից ավել մասնակիցներ։

Հանձնախումբը վերահաստատել է վերոնշյալ նպատակներին հասնելու ուղղությամբ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության իր պատրաստակամությունը։

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը ստեղծվել և լիազորվել է Արցախի խորհրդարանի 2023 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ։

Երկգլուխ Ալեն Սիմոնյանը

2020 թվականի մարտին, երբ Արցախում ընտրությունների էին պատրաստվում, այն ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ասել է

«ՀՀ իշխանությունը կհամագործակցի Արցախում ձևավորվող նոր իշխանության հետ. «Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է…Ստեփանակերտի ուղղությամբ յուրաքանչյուր կրակոցը, դա կրակոց է նաև Երևանի ուղղությամբ… Մենք կողջունենք արցախցու ընտրությունը»:

ԱԺ նախագահի պաշտոնում Ստեփանակերտ չայցելած եւ Արցախը անպետք գավառ համարող Սիմոնյանին 2020-ին պետք էր, որ Արցախում անպայման իշխանության գա Փաշինյանին լոյալ Արայիկ Հարությունյանը։

2023-ի ամռանը Ալեն Սիմոնյանը միացրել է երկրորդ գլուխը եւ արդեն ասում էր, որ Հայաստանը չի կարղ իրեն վտանգել Արցախի համար, ու եթե խոսի Բերձորի միջանցքի մասին, ապա Բաքուն էլ կպահանջի “Զանգեզուրի միջանցքը”։

2024-ի հոկտեմբերին այլեւս չկա Բերձորի միջանցքը, բայց Բաքուն ավելի համառ է պահանջում ոչ միայն “միջանցքը”, այլեւ ամբողջ Զանգեզուրը։ Իսկ Ալեն Սիմոնյանը ասում է, որ ՄԱԿ 4 բանաձեւրը Ալիեւին իրավունք են տվել Արցախը զավթելու։ Այսօր էլ նա հայտարարեց, որ “Ղարաբաղը միշտ եղել ու հիմա էլ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի մաս է”։

Ալեն Սիմոնյանը իր խմբակի հետ՝ մարդկային դեգրադացիայի, ազգային անպատվության մարմնավորումն է։ Նրանք ոչ միայն հայերի դեմ ագրեսիայի իրավունք են “նվիրում” առանց փաստաթղթային հիմնավորման, այլեւ ջանքեր են գործադրում պայմանագրային հիմք ստեղծել՝ ագրեսիան հիմնավորելու համար։

Մոլդովայում եվրաինտեգրման հանրաքվե․ սփյուռքը օգնեց, ի՞նչ կլինի Մերձդնեստրի հետ

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է կիրակի օրը Մոլդովայում կայացած եվրաինտեգրման հանրաքվեի բոլոր քվեաթերթիկները. 50,46%-ը կողմ է արտահայտվել ԵՄ-ին, իսկ 49,54%-ը՝ դեմ։ Արտերկրում բնակվող մոլդովացիներն ամենաշատն են քվեարկել ԵՄ-ին ինտեգրվելու օգտին։

Դեռ ձայների հաշվարկի ավարտից առաջ նախագահ Սանդուն մեղադրել է Մոլդովայի ռուսամետ ուժերին երկրում իրավիճակը ապակայունացնելու և ընտրություններին միջամտելու փորձերի մեջ։ Նրա խոսքով, «հանցավոր խմբերը», իբր, ծրագրել են գնել 300 հազար մոլդովացիների ձայները։ Հանրաքվեն, ի դեպ, անցկացվել է նաեւ ռուսամետ Մերձդնեստրում։

Կրեմլը հայտնել է, որ Մոլդովայի իշխանությունները կեղծել են հանրաքվեի արդյունքները։ Նրանք զարմացած են, թե ինչպես են փոխվել վերջնական թվերը ձայների հաշվարկի վերջնական փուլում։

Փաստորեն, սփյուռքը օգնեց Մոլդովային ընտրել եվրոպական ինտեգրումը։ Նշենք, որ Ռումինիայում ապրում է մոլդովական մեծ սփյուռք, Մոլդովան հաճախ հաճախ համարվում է Ռումինիայի մաս։ Շատ ռոմանախոս մոլդովացիներ աշխատում են եվրոպական երկրներում: 

Հիմա, երբ սկսվի եվրաինտեգրման գործընթացը, անհասկանալի է, ինչ է լինելու Մերձդնեստրի հետ, որտեղ տեղակայված են ռուսական զորքեր։   

Ասում են ղարաբաղցին չի կռվել, ո՞նց չեն կռվել․ տղաս, եղբայրս, թոռս ու թոռնուհուս ամուսինը զոհվել են

Forrights

Գոհար Առաքելյանի թոռը, թոռնուհու ամուսինը ժամերի տարբերությամբ զոհվել են սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական հարձակման դեմ պայքարում։ Մարտերին մասնակցել են նաև մյուս երկու թոռները: Տիկին Գոհարի ընտանիքում կորուստներն այսքանով չեն ավարտվում։ 90-ականներին որդին է զոհվել, 2020-ին՝ եղբայրը։ Արցախցի կինը Forrights.am-ի հետ զրույցում ներկայացրել է իր ընտանիքի պատմությունը։

Սեպտեմբերի 19-ի առավոտյան Գոհար Առաքելյանի հիմնական խնդիրը բլոկադայի պայմաններում առողջական ծանր խնդիրներ ձեռք բերած ամուսնու՝ Շամիրի, դեղորայքի խնդիրը լուծելն էր։ Սակայն, կայծակնային արագությամբ մտահոգությունները փոխվել են, երբ հնչել են ադրբեջանական առաջին կրակոցների ձայները։

«Շամիր պապին պառկած էր, բլոկադայի պատճառով հվանդություն էր ձեռք բերել։ Գնացի, որ պապիի դեղերը բերեմ, ճանապարհին մտա տելեկոմ (կապի օպերատորի գրասենյակ), հենց դուրս եկա, մի հատ ուժեղ գմփոց լսեցի։ Ասացին՝ թշնամին խփեց Հարավ գյուղին, առավոտ ժամը 10-ն էր։ Մի քիչ գնացի, հասա դպրոցին, մարդիկ վազում էին ու գոռում՝ կռիվը սկսվել է, թշնամին հարձակվել է։ Հասա դեղատնի մոտ, մի հատ էլ խփեցին, Ասկերանի պոլկի վրա խփեցին։ Փողոցում էլ չգիտես, թե ինչ էր կատարվում․ էլ կին, երեխա, տղամարդ, սաղ գոռոցով գնում էին»,-պատմում է տիկին Գոհարն ու ներկայացնում, որ այդ պահին երեք թոռներն ու թոռան ամուսինն առաջնագծում են եղել։

Տիկին Գոհարի թոռներից Մասիսը Շուշիի ուղղությամբ է եղել, Հայկը՝ Ասկերանում, Վահեն՝ Ցորի զորամասում, թոռան ամուսինը՝ Սասունը, ևս առաջնագծում է եղել։

Զանգում եմ մյուս թոռանս՝ Գայանին, հարցնում եմ ի՞նչ կա, ասում է, որ ամուսինը՝ Սասունը, զանգել ասել է՝ էրեխուն վերցրու, շուտ մտի պադվալը։ Վազելով եկա տուն, չէի մտել ներս, տեսնեմ հարևանի հարսը կանգնած լացում է․ ասում է՝ Գոհար տատ, Հարավից մարդկանց տարհանում են, մերոնք ճանապարհին են, անտառներով գալիս են քաղաք»։

Նրանց տնից քիչ հեռավորության վրա զորամաս է եղել։ Տիկին Գոհարն ու հարևաները բակում կանգնած տեսել են, թե ադրբեջանցիներն ինչպես են այն խոցում։ «Գլխներով երկու սնարյադ եկավ ու ընկավ դրա վրան։ Մեր տնից երկու կիլոմետր հեռավորության վրա էր այդ պոլկը, բայց պարզ երևում էր»։

«Մեր բակից տեսնում էի, թե ինչեր են անում Շուշիի կողմից, ինչեր են թափում պոստերի վրա։ Մարդիկ կանգնած նայում էին։ Մասիսն այդ կողմն էր։ Ոչ մի տեղեկություն չկար, կապերը չկար, կռիվն ուժեղ գնում էր»,-տարեց ամուսիները թոռներից որևէ լուր չունենալով նկուղից նկուղ են տեղափոխվել։

«Պադվալից դուրս եկանք, լասեցինք, որ կռիվը կանգնել է, բանակը լուծարում են։ Մի քիչ անցավ տեսանք, որ բոլոր զինվորները գալիս են, վազում եմ մոտները, իմ թոռներից եմ հարցնում, բան չեն ասում։ Օրը մթնեց, բայց ոչ մի ձեն չունենք նրանցից։ Աղջիկս է Հայաստանից զանգում, ասում է՝ մամ, սաղ իջնում են, Մասիսիը չկա։ Գալիս եմ Շամիրին ասում եմ՝ գնա, Ցոր, իմացի ինչ կա։ Մի կերպ վեր է կենում, գնում»,-վատառողջ Շամիր պապը Ցորի զորամասի մոտ ականատես է լինում, թե ինչպես են ծնողները եկել ու իրենց տղաներին են փնտրում։ Նա այստեղ էլ լսել է դաժան իրականությունը։

«Մասիսի նշանածի հարազատները եկել են, որ Վահեից լուր իմանան Մասիսի մասին։ Վահեն մյուս թոռս է։ Մութ է լինում, ոչինչ չի երևում, Վահեն դուրս է գալիս ու ձայն է տալիս, թե ով է Մասիսիով հետաքրքրվում, Շամիրը լսում է ու գոռում՝ Մասիսին ի՞նչ է եղել։ Վահեն, որ տեսնում է պապն է, չի դիմանում, վազում է մոտն ու ասում՝ պապի, քեզ պինդ պահի, էլ ոչ Մասիսի ունենք, ոչ Սասուն»,- հարազատները հետո համածառայակիցներից են իմացել, թե թոռներն ի՞նչ հանգամանքներում են զոհվել։ «Մասիսիը դիրքի ավագն է եղել, թշնամին նրան սնայպերով է խփել։ Սեպտեմբերի 19-ին նա արդեն չկար, սեպտեմբերի 20-ին էլ Սասունին են խփել, ԱԹՍ-ն է խփել։ Մասիսիը նոր էր նշանվել, չէր հասցրել ամուսնանալ, իսկ Սասունը մեկ երեխա ունի»։

Դաժանությունն այսքանով չի ավարտվել տիկին Գոհարի համար։ Վտանգված է եղել նաև նրանց կյանքը։ Նշում է, որ ադրբեջանցիները զինված հասել են իրենց թաղամաս։

«Սպեցնազը եկել կանգնել էր մարդկանց ու թշնամու միջև, զենքերով եկել էին, եթե մեր սպեցնազը չգար, գալու էին մեզ կոտորեին։ Թշնամուն ես տեսնում էի, մտել էին մեր թաղամասի տները, որոնք թողել գնացել էին արդեն»,-տիկին Գոհարն ասում է՝ իրենք չէին կարող առանց երիտասարդների մարմինները գտնելու հեռանալ։

«Ահավոր վիճակ էր, լույս չկար, վառելիք չկար, մարդիկ են եղել, որ իրենց դիակները հայաթում՝ ծառի տակ, հուղարկավորել, գնացել են։ Առանց դագաղի հուղարկավորում էին Ստեփանակերտում»,-ասում է տիկին Գոհարն ու հիշում, թե ինչպես որդին էլ զոհվեց թոռների նման՝ հայրենիքը պաշտպանելիս։

«Իմ տղային էլ են սնայպերով խփել՝ 93 թվականին, անունը Գուրգեն է»։

Սասունի և Մասիսի դիերը. 130 դիեր Կարմիր Խաչի մեքենաներով տեղափոխել են Հայաստան, ընտանիքին մի կտրոն տվել, որ Երևանում դիերն իրենց փոխանցեն։

Հայաթափվող Արցախից դուրս գալ նաև տիկին Գոհարի ընտանիքին է որոշել։ Մեքենան վարել է առողջական խնդիրներ ունեցող ամուսինը։ «Հակարիի կամուրջն անցանք, հասանք Գորիս, Շամիրն ասաց՝ էլ չեմ կարողանում քշել, ուր ուզում եք գնացեք, արդեն Հայաստանի հողում ենք»։

Տիկին Գոհարին այսքանից հետո մի բան է վշտացնում․ «Ասում են՝ ղարաբաղցիները չեն կռվել։ Մեկն էլ մենք ենք, չե՞նք կռվել։ 1993 թվականին 18 տարեկան տղաս, 2020-ին 50 տարեկան ախպերս, 2023-ին՝ թոռս ու ոռանս ամուսինը։ Ո՞նց չեն կռվել, ո՞նց, դրանից ես շատ եմ նեղվում։

Նարեկ Կիրակոսյան

Եվրախորհրդարանում կքննարկվի հայ-ադրբեջանական հարաբերությունները և Ադրբեջանում քաղաքական վիճակը

Եվրախորհրդարանի անդամները հոկտեմբերի 22-ին կքննարկեն Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքները, իսկ հոկտեմբերի 24-ին կքվեարկեն բանաձևի օգտին:

Դրա մասին հայտնել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Քննարկումն ու բանաձևը կկենտրոնանան նաև Ադրբեջանի և հարևան Հայաստանի հարաբերությունների վրա։ Ըստ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի վերջերս արած հայտարարության՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիր կարող է ձեռք բերվել մինչև հաջորդ ամիս Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի (COP 29) մեկնարկը:

Հայաստանն ու Ադրբեջանը խրված են տասնամյակներ տևած հակամարտության մեջ, որը սրվեց անցյալ տարի, երբ Բաքուն ռազմական հարձակում սկսեց և գրավեց Լեռնային Ղարաբաղի շրջանը, ինչը հանգեցրեց մոտ 100 հազար հայերի արտագաղթի:

Ուստի Եվրախորհրդարանի անդամները խստորեն դատապարտեցին անհիմն ռազմական հարձակումը՝ որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և կոչ արեցին ԵՄ-ին վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում», – ասված է մամուլի հաղորդագրությունում։

Նոյեմբերին տեղի կունենա Հայկազովի գազալցակայանում պայթյունի զոհերի հիշատակի երեկո

Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակի երեկոն նախատեսվում է անցկացնել նոյեմբերի կեսերին։ Միջոցառումը նպատակ ունի հարգել ողբերգական դեպքի զոհերի հիշատակը և աջակցել նրանց ընտանիքներին ու հարազատներին։

Քանի որ պայթյունի զոհերի ցանկը մեծ է, կազմակերպիչները դիմում են զոհերի ընտանիքներին՝ խնդրելով արձագանքել և մասնակցության ցանկություն հայտնել։ Մասնակցել ցանկացող հարազատները կարող են դիմել կազմակերպիչ Гаяне Закиян-Агаян-ին՝ անձնական նամակով ուղարկելով հանգուցյալի լուսանկարը՝ իր անուն-ազգանունով։

«Մեզ համար շատ կարևոր է, որ որևէ մեկին չանտեսենք և բոլոր ցանկացողներին տեղեկացնենք միջոցառման մասին։ Եթե ունեք ծանոթներ կամ բարեկամներ, որոնց հարազատները զոհվել են պայթյունի ժամանակ, բայց հնարավորություն չունեն տեղեկանալ հուշ-երեկոյի մասին, խնդրում ենք նրանց փոխանցել այս լուրը կամ տարածել այս տեղեկությունը», — նշում են կազմակերպիչները:

Միջոցառման վայրի, ժամի և այլ մանրամասները կհրապարակվեն հետագայում։ Կազմակերպիչները խնդրում են բոլոր ցանկացողներին հնարավորինս շուտ կապ հաստատել՝ մասնակցության ցանկություն հայտնելու համար։ Այս տվյալները կարևոր են՝ միջոցառման կազմակերպման հաջորդ քայլերն ապահովելու համար։

Նշենք, որ հիշատակի երեկոյի նպատակն է համախմբել բոլոր այն մարդկանց, ովքեր կորստի ցավն են կիսում, և նրանց տալ հույսի ու համերաշխության պահ։

«Այսօրվա առանցքային հարցը Մինսկի խմբի ռեսթարթն»

Արցախի հայը ձգտում է անկախության ու ինքնիշխանության, որովհետեւ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում միայն մորթվում ու ցեղասպանվում է։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

Արցախցիներն այսօր ակցիա արեցին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցեցին արցախյան ավելի քան 60 ՀԿ-ների ստորագրությամբ նամակը։

«Այսօրվա առանցքային հարցը Մինսկի խմբի ռեսթարթն է, որովհետեւ Մինսկի բանակցային գործընթացի բոլոր սկզբունքները 2020 թվականի ագրեսիայից հետո մինչեւ 2023 թվականի հայերի բռնի տեղահանումը խախտվել են։ Մինսկի խմբի բանակցային գործընթացի բովանդակությունը մենք պետք է դարձնենք իրականությանը մոտիկ, այն է՝ երբ Մինսկի խումբը ձեւավորվեց, ձեւավորվեց Արցախի հարցի հետ կապված, եւ այն ժամանակ արդեն որոշ դրույթներ շրջանցվեցին, դա ցեղասպանության հարցն է։ Մենք ի վերջո պետք է հասկանանք, որ Արցախի հարցը հայոց հարցի եւ ցեղասպանության հարցի մի մաս է։ Եվ այն, ինչ 1991 թվականին Բաքուն չկարողացավ ԼՂԻՄ-ում իրականացնել, իրականացրեց 2021 թվականի սեպտեմբերին եւ հասավ վեջնարդյունքի՝ ցեղասպանելով հայաթափեց Արցախի փոքր բեկորը։ Այսինքն՝ եթե մենք ռեսթարթ չենք տալիս Մինսկի խումբը, ընդհանուր առմամբ հայոց հարցը փակելու ենք, որովհետեւ Հայաստանի հայությունն էլ կցեղասպանվի ու կվերանա»,- հայտարարեց Մարիամ Ավագյանը։

Նա հավելեց, որ արցախցիների այս ակցիաները հանրային դիվանագիտության կարեւոր բեկոր են եւ պետք է շարունակական լինեն։ Ըստ Ավագյանի՝ պետք է հասնել նրան, որ Մինսկի խմբի բանակցային գործընթաց մտնի մի կարեւոր սկզբունք, որ զոհը չի կարող ապրել իրեն ցեղասպանող պետության սահմաններում։ «Դա մենք պետք է մշակենք ու դեմ տանք Մինսկի խմբի եւ ասենք՝ մենք չենք կարող մեզ մորթող պետական համակարգի վերահսկողության ներքո ապրել»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Առավոտի

Առաջիկա 3 օրերին աստիճանաբար կտաքանա 2-5 աստիճանով

Այսօր Երեւանում

Հոկտեմբերի 22-ին ցերեկվա ժամերին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +13+15։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +6+9,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +10+12,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +5+8,

Լոռիում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +9+12,

Տավուշում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +13+16,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4+8,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +10+14,

Արարատում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+16,

Արմավիրում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +13+15,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+7,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝-1+2, ցերեկը՝ +5+9։

Բայդենն Ալիևին կոչ է անում “ստեղծագործական մոտեցում” ցուցաբերել

ԱՄՆ նախագահը Ալիևին նամակ է հասցեագրել՝ հորդորելով ավարտին հասցնել Հայաստանի հետ Խաղաղության պայմանագիրն այս տարվա ընթացքում:

«Միացյալ Նահանգների նախագահն ուրախ է տեսնել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն առաջընթացը Խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Վաշինգտոնը մնում է հաստատակամ՝ աջակցելու երկու երկրների միջև տևական ու արժանապատիվ խաղաղությանը, որը վերջապես վերջակետ կդնի դարավոր հակամարտությանը», – գրել է Ջո Բայդենը Ադրբեջանի նախագահին ուղարկած նամակում, որը հրապարակել է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը։

«Խաղաղության պայմանագիրը ոչ միայն կերաշխավորի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով մեծացող առևտրի, ներդրումների, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցության համար», – նշել է Բայդենը։

Նամակը հրապարակվել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև շաբաթներ առաջ Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ անցած հանդիպումից հետո, որտեղ Բլինքենը խրախուսել էր ջանքեր գործադրել՝ համաձայնագիրը հնարավորինս շուտ վերջնական տեսքի բերելու համար:

Նույն կոչով Բաքվին է դիմել նաև Սպիտակ տան ղեկավարը։ «Այժմ, երբ աշխարհի ուշադրությունը ուղղվում է դեպի Բաքու՝ COP29-ի կապակցությամբ, Դուք բացառիկ հնարավորություն ունեք համաշխարհային հանրության առջև ցույց տալու Ձեր հանձնառությունը խաղաղությանը», – գրել է Ջո Բայդենը, ընդգծելով. – «Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների համաձայնեցումը կպահանջի ստեղծագործական մոտեցում ու փոխզիջում բոլոր կողմերից։ Սակայն ես վստահ եմ, որ Դուք կշարունակեք քայլերն այդ ուղղությամբ, և քաջալերում եմ Ձեզ ավարտին հասցնել պայմանագիրն այս տարվա ընթացքում»։

Մահացել է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը՝ Էրդողանի գլխավոր հակառակորդը

ВВС

ԱՄՆ-ում մահացել է նախկին իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան մեղադրել է 2016 թվականի հեղաշրջման փորձի մեջ։

Ըստ Հերկուլի (Գյուլենի հետևորդների կայք) X-ում, քարոզիչը մահացել է հիվանդանոցում հոկտեմբերի 20-ին։ Նա 83 տարեկան էր։

Գյուլենի շարժումը, որը Թուրքիայում կոչվում է «Հիզմեթ», քարոզում է հանդուրժողական իսլամը և շեշտը դնում է կրթության, ազատ շուկայի և տարբեր դավանանքների միջև փոխգործակցության վրա:

«Հիզմեթ»-ի գործունեության առավել տեսանելի ձևը դպրոցների հիմնումն ու կառավարումն է ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում:

Նրա շարժումը սկզբում ղեկավարեց դպրոցներ, իսկ հետո սկսեց կրթական հաստատություններ բացել Թուրքիայում և ամբողջ աշխարհում:

Երբ շարժումը մեծացավ, նրա հետևորդները սկսեցին բիզնեսի մեջ մտնել և աշխատել կառավարությունում և բանակում:

Երկար ժամանակ Գյուլենը համարվում էր երկրորդ մարդն Էրդողանից հետո Թուրքիայում ունեցած ազդեցության առումով։

Նախկինում նրանք մարտական ​​ընկերներ էին, բայց հետո նրանց ճանապարհները շեղվեցին։

2013 թվականին Էրդողանին մոտ կանգնած մի շարք պաշտոնյաներ մեղադրվել են կոռուպցիայի մեջ։

Շատերը կարծում էին, որ մեղադրանքի հետևում կանգնած են «Հիզմեթ» շարժման ոստիկաններն ու դատախազները:

Թուրքիայի նախագահը դեմ է արտահայտվել շարժմանը` խոստանալով փակել հարյուրավոր դպրոցներ և ազատել կառավարությունը գյուլենականներից, որոնց նա անվանել է «պետություն պետության մեջ»:

2014 թվականին թուրքական իշխանությունները Հիզմեթը ճանաչեցին որպես ահաբեկչական կազմակերպություն և Գյուլենին հետախում հայտարարեցին։

Այդ ժամանակ քարոզիչն արդեն բնակվում էր ԱՄՆ-ում. Գյուլենը բուժման նպատակով գնացել է այնտեղ 1999 թվականին և այդպես էլ չի վերադարձել Թուրքիա։