II ձմեռային համահայկական խաղեր Ջերմուկում

Ջերմուկում բացվեցին 2-րդ ձմեռային համահայկական խաղերը։ Շուրջ 1350 մասնակիցներ 18 երկրների 88 քաղաքներից կմրցեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, պարային սպորտ, յուկիգասեն (թիմային ձնագնդի) և շախմատ:

Խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել ճոպանուղու մոտ, որը վնասվել էր 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական գնդակոծության ժամանակ։ Այս ընթացքում փոխվել է ճոպանուղու մալուխը, իսկ ճանապարհն ինքնին բերվել է լիարժեք պատրաստության։

2022 թվականի սեպտեմբերին քաղաքի մոտ գտնվող բարձունքների գրավումից հետո Ջերմուկը այլեւս ամենապահանջված հանգստի վայրերից մեկը չէր։ Չնայած կառավարության կոչերին՝ այցելել Ջերմուկ, մարդիկ խուսափում էին դրանից, հատկապես, որ 2,5 տարի Հայաստանի իշխանությունները ոչինչ չարեցին գրավված բարձունքները վերադարձնելու և քաղաքին սպառնող վտանգը հեռացնելու համար։

Համահայկական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ՝ սկսած 1999թ.։ Ձմեռային խաղերը 10 տարվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ են անցկացվում (նախկինում դրանք անցկացվել են Ծաղկաձորում՝ 2014թ.)։

Լուսանկարները Սպուտնիկից

Թրամփը «միանում» է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու Պուտինի պահանջին

ԱՄՆ-ն առաջ է քաշում մինչև այս տարվա վերջ Ուկրաինայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկ, հատկապես, եթե մոտակա ամիսներին հնարավոր լինի հասնել հրադադարի Ռուսաստանի հետ պատերազմում։ Այս մասին Reuters-ին ասել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը։

Ուկրաինայի նախագահի և Գերագույն ռադայի ընտրությունները պետք է տեղի ունենային անցյալ տարի, երբ ավարտվեցին նախագահ Վլադիմիր Զելենսկու լիազորությունների և խորհրդարանի ներկայիս գումարման ժամկետը։ Սակայն դրանք հետաձգվեցին անորոշ ժամանակով, քանի որ Ուկրաինայում գործող ռազմական դրության համաձայն՝ ընտրություններն արգելված են օրենքով։

Վլադիմիր Պուտինն ասում է, որ Զելենսկին կորցրել է իր լեգիտիմությունը անցյալ տարի իր հնգամյա ժամկետն ավարտելուց հետո։ Ուկրաինայի օրենսդրությունը նախատեսում է, որ նախագահը շարունակում է պաշտոնավարել մինչև նոր ընտրությունների անցկացում։ Պուտինը հրաժարվել է նրա հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Հինա Թրամփը, փաստորեն, միանում է Պուտինի պահանջին։

Տարասովան անվիճելի է համարում, որ ռուս գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը լավագույնն է աշխարհում

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան անվիճելի է համարում, որ ռուս գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը ներկայումս լավագույնն է աշխարհում։ Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին։

Ստեղծվել է ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբ

Ստեղծվել է ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբ: X-ի իր էջում գրել է  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում 55 խորհրդարանականներին, ովքեր հավատարիմ են մեր երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը»,- նշել է դեսպանը։

Օսիպյան․ Նախապատրաստվում է այսպես կոչված «արեւմտյան ադրբեջանցիների» մուտքը Հայաստան

Նիկոլ Փաշինյանը նախապատարստում է այսպես կոչված «Արեւմտյան ադրբեջանցիների» մուտքը Հայաստան։ Step1.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը՝ անդրադառնալով «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի» ղեկավար, արցախցի Ղարիբ Բաբայանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդմանը։

Համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ մի խումբ անձինք Երեւանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով «Ղարաբաղ-Ղարաբաղ» էին երգում։ Արթուր Օսիպյանի խոսքով՝ այդ տեսահոլովակը Ղարիբ Բաբայանին էր ուղարկել նրա ընկերը։

«Ղարիբ Բաբայանն էլ իր կազմակերպության էջում էր հրապարկել տեսանյութը, իր հուզմունքն ու զայրույթն էր արտահայտել դրա վերաբերյալ։ Փաստորեն դա առաջին հերթին ԱԱԾ-ի ու ոստիկանության բացթողումն է, բայց այդ երեւույթը թողել են մի կողմ ու քրեական գործ հարուցել այն մարդու նկատմամբ, ով հնչեղություն է տվել դրան։ Այսինքն՝ եթե վաղը մենք տեսնենք,որ Երեւանի հրապարակում թուրքերը «Ղարաբաղ-Ղարաբաղ» են երգում, դա բարձրաձայնելը, դրան բացասական գնահատական տալը քրեական գործի հարուցում է ենթադրում։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը փաստորեն նախապատարստում է «Արեւմտյան ադրբեջանցիների» մուտքը Հայաստան»,- ասաց Արթուր Օսիպյանը։

Նշենք, որ Քննչական կոմիտեն այսօր հայտնել է, որ «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի» ղեկավար Ղարիբ Բաբայանը ձերբակալվել է։ Արցախցի Ղարիբ Բաբայանն իր ղեկավարած ֆեյսբուքյան  էջում տարածել էր տեսանյութ, որում մի խումբ մարդիկ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ են երգում Ղարաբաղի մասին: Տեսանյութը տարծողները նշել էին, որ նրանք ադրբեջանցիներ են։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ տեսագրությունում պատկերված անձիք Իրանի քաղաքացիներ են:

 Եվ, ահա, այս դեպքով ՀՀ իրավապահ մարմինները հանրային քրեական հետապնդում են հարուցել Ղարիբ Բաբայանի նկատմամբ։

 Քննչական կոմիտեից հայտնում են․ «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ղ․Բ․-ն 2025 թվականի հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կատարված տեսագրություն և դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ՝ այդ կերպ տարածելով քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։

 Նշված արարքը կատարելու համար Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։ Վերջինս ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան»։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախցի դասախոս է ձերբակալվել Իրանից եկած ադրբեջանցիներին նեղացնելու համար

Երեւանի կենտրոնական հրապարակում Իրանից եկած՝ թյուրքերեն “Գարաբաղ” երգի տեսագրությունը տարածելու համար ձեռբակալվել է արցախցի դասախոս։ Ինչպես գրում են համացանցում, խոսքը Ղարիբ Բաբայանի մասին է։

ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից՝ հայտնելով, որ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ․-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ․-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»։

 

 

ԱՄՆ-ը մեծ մաքսատուրքեր է սահմանել Կանադայից, Մեքսիկայից, Չինաստանից ապրանքների վրա

DW

Փետրվարի 1-ից ԱՄՆ-ը Կանադայից և Մեքսիկայից ապրանքների վրա մաքսատուրքեր կսահմանի 25%-ի չափով, իսկ Չինաստանից՝ 10%-ի չափով։ Այս մասին ուրբաթ օրը՝ հունվարի 31-ին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ «Նախագահը (Դոնալդ Թրամփը – Խմբ.) խոստացել է դա անել, և նա կատարում է իր խոստումը»,- Լևիտի խոսքերն է մեջբերում AP-ն։

Թրամփը նախկինում հիմնավորել է հարևան երկրների դեմ առևտրային մաքսատուրքերի անհրաժեշտությունը՝ ասելով, որ Մեքսիկան պետք է դադարեցնի այդ երկրից ԱՄՆ եկող անօրինական միգրանտների հոսքը, իսկ Կանադան պետք է դադարեցնի թմրանյութերի, մասնավորապես՝ ֆենտանիլի շրջանառությունը։

Երեւանցիները բոյկոտում են տրանսպորտի գնի բարձրացումը

Քաղաքացիները այսօր՝ փետրվարի 1-ին, բոյկոտում են տրանսպորտի թանկացումը: Բոյկոտին  է միացել Եերւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, որի անդամները տրանսպորտում մարդկանց հորդորում են վճարել 100 դրամ:

100 դրամի պահանջով փողոցում կլինեն ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, հայտնում է news.am-ը:

ԱՄՆ-ում ևս մեկ ինքնաթիռ է կործանվել, զոհերի կարգավիճակը գետնի վրա անհայտ է

Ամերիկայի ձայն

Ուրբաթ երեկոյան Ֆիլադելֆիայում վթարի է ենթարկվել բժշկական տարհանման ինքնաթիռը։ Jet Rescue Air Ambulance-ը հայտնել է, որ իր ինքնաթիռը կործանվել է անձնակազմի չորս անդամներով, մեկ հիվանդով (երեխա) և հիվանդի ուղեկցորդով:

«Այս պահին մենք չենք կարող հաստատել, որ ողջ մնացածներ չկան», – ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է, որ ժամը 18:30-ի սահմաններում վթարի ենթարկված Learjet 55 ինքնաթիռում վեց մարդ է եղել: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ դա տեղի է ունեցել Ֆիլադելֆիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռուզվելտ մոլի մոտ, և որ գետնին կան բազմաթիվ վիրավորներ կան:

Տեղական հեռուստաընկերությունների կողմից հեռարձակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռը կտրուկ սուզվում նախքան գետնին բախվել Ֆիլադելֆիայի հյուսիս-արևելյան խիտ բնակեցված տարածքում և պայթում հսկայական հրե գնդակի մեջ:

The Philadelphia Inquirer-ը հայտնել է, որ առնվազն մեկ տուն և մի քանի մեքենա այրվել են կրակի մեջ: Եղանակը ցուրտ էր և անձրևոտ, իսկ տեսանելիությունը՝ վատ։

Օդային շտապօգնության մեքենան թռել է Հյուսիսարևելյան Ֆիլադելֆիայի օդանավակայանից և ուղղություն վերցրեց դեպի Միսսուրիի Սփրինգֆիլդ-Բրենսոնի ազգային օդանավակայան, մոտ 1,100 մղոն (1,800 կիլոմետր) դեպի հարավ-արևմուտք, ասվում է FAA-ի հայտարարության մեջ:

Ֆիլադելֆիայի քաղաքապետ Շերել Փարքերը վթարի վայրում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ զոհերի թվի մասին տեղեկություն չունի։

Ֆիլադելֆիայում CBS-ի մասնաճյուղից հեռարձակված կադրերում երեւում է մեծ հրդեհ և մի քանի հրշեջ մեքենաներ վթարի վայրում: Հեռուստաընկերությունը հայտնել է, որ զոհերի կարգավիճակը դեռևս հայտնի չէ։

“На ходу” ռազմավարություն է փոխվում, Շուշին եւ Հադրութն այլեւս առաջնահերթություն չեն

Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց այն մասին, թե ինչո՞ւ չի իրագործել կառավարության ծրագիրը, մասնավորապես, դրանում ամրագրված Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիան ինչո՞ւ չի իրականացվել։

«Հենց ընտրությունների հաջորդ օրվանից մենք այդ ծրագրի հետեւից գնացել ենք, հետւողական գնացել ենք։ Գնացել ենք, գնացել ենք, եւ բաներ են պարզվել կամ պարզված բաների նկատմամբ մեր հայացքն է փոխվել։ Մենք նույն տեքստը կարդացել ենք, հասկացել ենք, որ այդ նույնը տեքստը 2019 թվականին ուրիշ կերպ էինք հասկանում։ Հետո տեսել ենք, որ այդպես չէ, պետք է որոշում կայացնես, այդ որոշումները կայացվել են, եւ այդ որոշումների արդյունքում է, որ մենք այսօր խոսում ենք իրական Հայաստանի՝ որպես ռազմավարության մասին»,- ասաց նա։

Այս պահին մենք ռազմավարություն ասելով նկատի ենք ունենում այս կապակցությամբ իմ ունեցած ելույթները և հայտարարությունները, բայց ես համաձայն եմ, որ դա պետք է փաստաթղթավորվի և այդ փաստաթղթավորման գաղափարախոսության ձևակերպման աշխատանքը գնում է: Այս մասին հայտարարեց Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետը խոսում է իրական Հայաստանի ռազմավարության մասին, մինչդեռ այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի, միակ հայտնի ռազմավարությունը 2020-ի ազգային անվտանգության ռազմավարությունն է, որտեղ ընդհանրապես հակառակի մասին է խոսքը:

“Այո, իմ ընկալումն այն է, որ ամեն ինչը պետք է համապատասխանաբար խմբագրվի, համապատասխան ձևակերպումներ ստանա: Հիմա որոշ տեղերում այդպիսի որոշումներ կան, ընդհուպ կրթության ոլորտում ենք մենք այդպիսի որոշում ներկայացնում, արտաքին քաղաքականության: Կիրանց-Բերքաբերք հատվածում սահմանազատումը այդ ռազմավարության գործնական իրագործումն էր»,-ասաց նա:

Զարմանալի բան է ստացվում․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը 2021-ին, պատերազմից ամիսներ անց, կրկին ընտրվել է՝ մինչ պատերազմն ընդունված ռազմավարությունով եւ դրա վրա կառուցված կառավարության ծրագրով, “на ходу” փոխում է ամեն ինչ, բայց հարկ չի համարում հրաժարական տալ, նոր ծրագիր գրել եւ նորից գնալ ընտրությունների։  

Դա հակաժողովրդավարություն է, եւ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները՝ ինքնախոստովանություն են առ այն, որ նա ավտոկրատ է։ Ի՞նչ է նշանակում՝ քաղաքականությունը հիմնվում է իմ հայտարարությունների եւ ելույթների վրա։ Մարդիկ ընտրել են ոչ թե անձերին, այլ ծրագիրը, եւ եթե այն փոխվել է, քաղաքական ուժը պարտավոր է հրաժարական տալ։  Այդպիսին է ժողովրդավարության իմաստը։

“Իմ ելույթների վրա” հիմնված քաղաքականությունը թույլ է տալիս արդարացնել ցանկացած բան, հետո ասել, որ եթե հասարակությունը դեմ լիներ, թույլ չէր տա դա անել։ 

Փաշինյան ժողովրդավարության բաստիոն համարող երկրներում դժվար թե հնարավոր լինի նման բացահայտ ավտոկրատիա։  Թեկուզ հիմա դեմոկրատիան նորաձև չէ, ավտոկրատիան է թռենդային։ 

«Ստեփանակերտ» մեդիաակումբը նոր ծրագիր է սկսել

Նորերս «Ստեփանակերտ» մեդիա ակումբը գործընկեր կազմակերպություններին ու հանրային գործիչներին էր ներկայացրել Արցախից բռնատեղահանվածների կարծիքների ուսումնասիրությանը, նրանց հրատապ խնդիրների քննարկմանը և Արցախում հայկական մշակութային ժառանգությանը նվիրված իր նոր ծրագիրը:

Ծրագրի շնորհանդեսի ժամանակ «Ստեփանակերտ» մեդիա ակումբ ՀԿ-ի նախագահ Գեղամ Բաղդասարյանն ամփոփ ներկայացրեց նախորդ՝ 2024 թվականին արված աշխատանքներն ու խոսեց նոր ծրագրի նպատակների ու գործնեության հիմնական ուղղությունների մասին:

Նոր ծրագրով նախանշվել են գործնեության հետևյալ ուղղությունները՝ Արցախից բռնի տեղահանվածների կարծիքների ուսումնասիրություն, նրանց հրատապ խնդիրների քննարկումներ, փորձագիտական երկխոսություն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի և հեռանկարների վերաբերյալ՝ արցախյան ու հայաստանյան քաղաքական վերլուծաբանների մասնակցությամբ, հայկական ու արտասահմանյան մամուլի մշտադիտարկում՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման թեմայով:

Ի տարբերություն նախորդ տարվա՝ բռնատեղահանվածների հրատապ խնդիրների քննարկումները կանցկացվեն «5+5» ձևաչափով՝ 5 արցախյան և 5 հայաստանյան հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Սույն ձևաչափի նպատակն է բռնատեղահանվածներին հուզող խնդիրների մասին խոսեն ոչ միայն արցախցիները, այլ նաև նրանց հայաստանյան գործընկերները, ու միասին էլ լուծումներ որոնեն: Բացի դրանից, ակնկալվում է, որ հայաստանյան գործընկերները միջնորդի դեր կխաղան ՀՀ իշխանությունների հետ երկխոսության հարցում՝ բռնատեղահանվածների հիմնական խնդիրների լուծման նպատակով:

Իսկ բռնատեղահանվածների կարծիքների ուսումնասիրության նպատակով կանցկացվեն առցանց քվեարկություններ՝ նվիրված այս կամ այն հրատապ խնդրին: «Ստեփանակերտ» մեդիա ակումբը «ՍիվիլՆեթ»-ի հետ համագործակցությամբ արդեն սկսել է առաջին առցանց քվեարկությունը՝ Արցախից բռնատեղահանվածների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալ-չստանալու թեմայով: Հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Հայկ Խանումյանն իր հոդվածում ի մի է բերել նշյալ հարցով «կողմ» և «դեմ» կարծիքները, վերլուծել դրանք ու տվել սեփական գնահատականը:

«Ստեփանակերտ» մեդիաակումբը արցախցիներին հորդորում է ակտիվորեն մասնակցել այդ քվեարկություններին, քանի որ նրանց կարծիքներն անչափ կարևոր են հետագա վերլուծությունների ու լուծումների համար:

Ինչ վերաբերում է Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, ապա «Ստեփանակերտ» մեդիա ակումբն արդեն անցկացնում է հայկական ու արտասահմանյան մամուլի ամենամսյա մշտադիտարկում՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման թեմայով: Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների դիտարկման արդյունքների մասին հաշվետվությունը հրապարակվել է Մեդիա ակումբի գործընկեր step1.am կայքում։