Աջակցությունը կտրենք, որ բնակծրագրին մասնակցեն․ Փաշինյանը կրկնեց աբսուրդը

ԱԱԾ տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված անձանցից 19 հազարն արտագաղթել է Հայաստանից։

ՆԳՆ տվյալներով՝ 2024 թվականին ընդամենը 5210 արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն։ Վերջին տվյալներով՝ ընդամենը 542 ընտանիք է ձեռք բերել բնակարանի գնման սերտիֆիկատ, եւ ընդամենը 5 ընտանիք է կարողացել տուն ձեռք բերել։

Ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը՝ արցախցիների խնդիրները լուծելու համար, այս հարցն այսօրվա ասուլիսում ուղղվեց Նիկոլ Փաշինյանին։

Նա ասաց, որ քննարկել են, թե ինչո՞ւ մարդիկ չեն դիմում՝ բնակապահովման ծրագրից օգտվելու համար։ «Ներկաներից մեկը կարծիք հայտնեց, որ կարող է պատճառներից մեկն այն է, որ մենք մեր աջակցության ծրագրերը, որ այդպես շարունակաբար տալիս ենք, դա ինչ-որ առումով պրոցեսը խոչընդոտում է։ Մարդիկ ասում են՝ աջակցությունը ստանում ենք, լավ-վատ յոլա ենք գնում, երբ որ սա չի լինի, նոր կմտածենք՝ դիմենք, թե չդիմենք»,- ասաց նա։

Անդրադառնալով արտագաղթի տեմպերին՝ Փաշինյանն ասաց․ «Մարդկանց հոսք կա, բայց մենք դեռ պետք է նույնականացնենք՝ նույն մարդը գնացել, չի եկե՞լ։ Չեմ բացառում եւ հավանականություն կա, որ մարդկանց մի մասը գնացած կլինի։ Այդ աղետից հետո շատերը Ռուսաստանում ունեն ազգականներ, նույնիսկ ընտանիքի անդամներ, եւ ուղղակի գնացել ու ապրում են իրենց մոտ»։

“Ես ի՞նչ կապ ունեմ Ղարաբաղի լուծարման հետ, դա Հայաստանին չի վերաբերվում”

Այսօր հրավիրած ասուլիսում հարց ուղղվեց Նիկոլ Փաշինյանին այն մասին, որ արցախցի որոշ պաշտոնյաներ եւ ՀՀ ընդդիմադիր գործիչներ հայտարարել են, որ այսպես կոչված «Արցախի լուծարման» փաստաթուղթը խմբագրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ամսաթիվը չեմ հիշի, խոսակցություն է գնացել տեքստի մասին, բայց իքս պահի հարց է ծագել՝ էս ո՞ւմ տեքստն է, ինչ-որ մեկը ստորագրելո՞ւ է այդ տեքստը, թե՞ չի ստորագրելու։ Ո՞վ է ստորագրելու, էս ի՞նչ տեքստ է, ո՞ւմ համար է։ Եվ եղել է արձագանք Լեռնային Ղարաբաղից, որ հայտնի չէ, սա ում տեքստն է, ում ստորագրությունն է լինելու այդ տեքստի տակ։ Բայց եթե չեք կարա ասեք՝ ում տեքստն է, հետեւաբար, մենք ի՞նչ առնչություն ունենք այդ տեքստի հետ։ Այսինքն՝ մի հատ տեքստ կա, ո՞ւմ համար է այդ տեքստը, չգիտենք, ո՞վ է ստորագրելու այդ տեքստը, չգիտենք, մեզ՝ Հայաստանին ինչ-որ բան առաջարկվո՞ւմ է տեքստի հետ կապված, ոչ։ Հետեւաբար, մենք ի՞նչ կապ ունենք այդ տեքստի հետ։ Ձեր ինչ-որ բան առաջարկվո՞ւմ է, եթե չի առաջարկվում, դուք ի՞նչ կապ ունեք տեքստի հետ։ Եվ հաջորդիվ այդ տեքստը արդեն հայտնվում է կայքում՝ որպես Լեռնային Ղարաբաղի փաստաթուղթ։ Այս է ամբողջ պատմությունը, ես ընդամնեը ցանկացել եմ ճշտել՝ էս ո՞ւմ տեքստն է եւ ի՞նչ առնչություն ունի մեզ հետ»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց․ «Եթե դա լիներ տեքստ, որը որեւէ կերպ մեզ հետ առնչվում է, մենք վերաբերմունք կցուցաբերեինք»։

Փաշինյանը հիմա էլ Ցեղասպանության փաստն անհերքելի է համարում

Փաշինյանն  այսօր հրավիրած ասուլիսում վստահեցնում էր՝ ինքը չի ուրանում Հայոց ցեղասպանությունը։

«Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը, հերքումը Հայաստանում քրեական հանցագործություն է։ Ցեղասպանության փաստն անքննելի է և անժխտելի», – նշեց վարչապետը։

Անցած շաբաթ նա շվեցարահայ համայնքի հետ հանդիպմանն ասել էր, թե դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։

Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարությունը նույիսկ նրա թիմակիցները չպաշտպանեցին։

Փաշինյանը կարծում է, որ Մինսկի խումբը խանգարում է Բաքվին՝ նոր կոնֆլիկտ ստեղծի

Հայաստանը համաձայն է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, եթե Երևանն ու Բաքուն նույն նպատակի համար են դա անում՝ խաղաղության հաստատման ու ամրապնդման համար։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Երևանի դիրքորոշումն այն է, որ եթե չկա կոնֆլիկտ, ապա ո՞րն է կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող ֆորմատի իմաստը։ Սակայն Հայաստանն ուզում է համոզվել, որ Ադրբեջանի համար ևս այս գործողությունը նույն բովանդակությունն ունի։ Եթե Ադրբեջանի մղումն է Մինսկի խումբը լուծարել և նոր կոնֆլիկտ սկսել Հայաստանի դեմ՝ տարածքային պահանջներ ձևավորելու հիմքով, ապա, իհարկե, Երևանը դեմ է։
«Եթե դա նշանակում է խաղաղություն, մեր ինչի՞ն է պետք Մինսկի խումբը, բայց եթե ֆորմատն Ադրբեջանին ինչ-որ ձևով խանգարում է, որ ինքը կոնֆլիկտ ստեղծի, ի՞նչ իմաստ ունի այդ խմբի լուծարումը, այսինքն՝ եթե լուծարումն Ադրբեջանի համար նշանակում է կանաչ լույս Հայաստանի դեմ տարածքային նոր պահանջներ ձևավորելու և խորացնելու համար, ապա ինչու՞ անել դա»,- նշում է Փաշինյանը։
Իսկ արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է նման մտադրություն ունենալ, կա՞ն կասկածների հիմքեր։ Փաշինյանն ասում է՝ այո, կան։ Որպես ամենաակնառու օրինակ մատնանշում է Արևմտյան Ադրբեջանի մասին խոսույթը։ Շեշտում է՝ դա ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։
Ադրբեջանը պաշտոնական մակարդակով Հայաստանի շուրջ 60 տոկոսն անվանում է Արևմտյան Ադրբեջան, ավելին՝ նույն անունով կազմակերպության հայեցակարգում այնպիսի ձևակերպումներ կան, որ ակնհայտ է՝ նման խոսույթ օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն առնվազն 60 տոկոսով։

Փաշինյանը համաձայնել է «անխոչընդոտ» հաղորդակցությանը Մեղրիով: Իսկ Իրանի՞ հետ սահմանը

Հայաստանը դեմ չէ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածի միջև անարգել երկաթուղային հաղորդակցությանը, բայց՝ Հայաստանի իրավասության շրջանակներում: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում շրջանցել Հայաստանի իրավազորությունը»,- շեշտեց նա:
Փաշինյանը չպարզաբանեց, թե ինչ է նշանակում «անարգել հաղորդակցություն Հայաստանի իրավասության շրջանակներում»։ Հայտնի չէ՝ դա նշանակում է Ռուսաստանի և Կալինինգրադի միջև կապի ձև՞, թե օտարերկրյա ընկերության ներգրավում։
Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհը մշտապես աշխատում է բոլոր ուղղություններով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու ուղղությամբ։ «Մենք պատրաստ ենք այդ որոշումներին»,- ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ Երևանն իր առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին և սպասում է պատասխանի։
«Թե ինչպես նրանք (Բաքուն-խմբ) կանվանեն դա (հաղորդակցության ուղիների վերաբացումը-խմբ.), ինչպես՝ մենք, դա առանձին թեմա է։ Ինչ լուծում էլ լինի, մենք այն կանվանենք մեր ձևով, իրենք՝ իրենց ձևով։ Կարևորը հարցի բովանդակությունն ու էությունն է»,- ասաց Փաշինյանը։
Նա միաժամանակ նշեց, որ պատճառ չի տեսնում, որ Ադրբեջանը մերժի այդ առաջարկները։
Փաստորեն, Փաշինյանը համաձայնում է «անխոչընդոտ» հաղորդակցությանը՝ չպատասխանելով երկու հիմնական հարցի՝ ի՞նչ է լինելու հայ-իրանական սահմանի հետ, և արդյոք ռուսական զորքերն են տեղակայվելու “նոր” ճանապարհի երկայնքով։

Փաշինյանը չպատասխանեց, թե ինչո՞ւ են դեմ Շվեյցարիայում Արցախի հարցով համաժողովի անցկացմանը

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խուսափեց պատասխանել հարցին, թե ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները դեմ, որպեսզի Շվեյցարան Արցախի հարցով միջազգային խաղաղության համաժողով կազմակերպի։

Ավելի վաղ այս հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել էր, որ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Նույն պատասխանն  այսօր տվեց Փաշինյանը։ «Հարցի հետ չեմ առնչվել, պատասխան չունեմ, չեմ էլ պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը։ Ես այդ թեմայի հետ առաջին անգամ եմ առնչվում, գուցե գրավոր ընթացակարգով այդ հարցին պատասխանեմ»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը 96 կողմ, 80 դեմ եւ 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է բանաձեւ, որը երկրի կառավարությանը կոչ է անում 2025 թ. հրավիրել միջազգային խաղաղության համաժողով՝ որտեղ պետք է քննարկվեր «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքին» վերաբերող հարցեր։

Հարցի քննարկման ժամանակ, ելույթ ունենալով խորհրդարանում, Շվեյցարիայի ԱԳ նախարար Ինյացիո Կասիսը բառացի հայտարարել էր. «Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն ցանականում այս համաժողովի անցկացումը»։

Ռոզա Հովհաննիսյան

 

Զախարովան որոշել է, որ Մինսկի խումբը դադարել է գոյություն ունենալ 2022 թվականին

ԵԱՀԿ Մինսկի խումբը «ավարտվեց» 2022 թվականի փետրվարից հետո, երբ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահները հրաժարվեցին կապ հաստատել Ռուսաստանի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հիշում եք, թե ինչպես միակողմանի, առանց որևէ խորհրդակցության, առանց հաղորդակցության նրանք (ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները – խմբ.) պարզապես հրաժարվեցին կապ հաստատել ռուս համանախագահի հետ և չեղարկեցին նախկինում ծրագրված բոլոր միջոցառումները։ Դե, հիմնականում, դրանով (Մինսկի խումբը – խմբ.) ավարտվեց»,- նշում է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ շփումներն իսկապես ավարտվեցին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների խզումից հետո։ Սակայն Մարիա Զախարովան նախընտրում է չհիշել այն փաստը, որ ի հակառակ Մինսկի խմբի մյուս համանախագահների, Ռուսաստանը միակողմանիորեն զորքեր մտցրեց Արցախ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո։ Ռուս “խաղաղապահները” այդպես էլ թույլ չտվեցին ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահների Արցախ այցելել։ 

Բացի այդ, այն, որ Մինսկի խումբը, ըստ Զախարովայի, ենթակա է լուծարման, հաստատվում է նաև Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ներկայացուցչի համատեղ հայտարարությունը, որը ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում (Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում – խմբ.):

«Այս ամենը հանգեցրեց նրան, որ Մինսկի խումբը պարզապես կորցրեց իր գործունեության օբյեկտը։ Հետեւաբար, Մինսկի խումբը, ակնհայտորեն եւ տրամաբանորեն, պետք է վերացվի։ Դա կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված հարաբերությունների կարգավորմանը»,- եզրափակել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Մինսկի խումբը չի դադարել գոյություն ունենալ, և հենց երեկ Կանադայի արտգործնախարարը կոչ արեց շարունակել Արցախի խնդրի քննարկումը Մինսկի խմբի ձևաչափով։

Կանադային արտգործնախարարը Արցախի հիմնախնդրի լուծումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով

Ինչպես հայտնում են Հայ դատի Կանադայի հանձնախմբից, Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտոնական շփումների արդյունքում Հայ դատի հանձնախումբը ստացել է նախարար Ժոլիի գրությունը, որտեղ վերջինս առանցքային նշանակության շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և  Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ։

Մասնավորապես, Բաքվում հայ ռազմագերիների և Արցախի նախկին առաջնորդների շարունակվող կեղծ դատավարությունների ֆոնին նախարար Ժոլին խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ է անում.

·       Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և կամայականորեն կալանավորված էթնիկ հայերի անվերապահ ազատ արձակում,

·         Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք,

·         Հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց հայրենի հողեր,

·         Հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն,

·         Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությանը համահունչ՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շրջանակում։

Նախարար Ժոլիի այս դիրքորոշումը համապատասխանում է Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին։ Հանձնախումբն իր կողմից ճշտված քաղաքական առաջնահերթությունների շրջանակում շարունակում է աշխատանքը Կանադայի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ։

“Կարմիր բերետները” Երեւանի ավագանու ընդդիմությանը դուրս հանեցին դահլիճից

Իրավիճակը Երևանի ավագանու արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է տրանսպորտի սակագնի փոփոխության հարցը, կտրուկ լարվեց։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ոստիկանությանը հրավիրեց դահլիճ, որ դուրս հրավիրեն  «Մայր Հայաստանի» ավագանու անդամներին։

ԱԱԾ-ն հաստատել է, որ Երեւանի հրապարակում “Գարաբաղ” էին երգում

Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել երեկ երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ, որում մի քանի տղամարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում «Ղարաբաղի մասին» երգ են կատարում:

ԱԱԾ-ն հայտնել է, որ տեսանյութում պատկերված անձինք Իրանի քաղաքացիներ են՝ Նադեր Ղաֆարին, Համեդ Ազիզի Մալեկին, Մեհդի Մոհամմադին, Բեհզադ Ղաֆարի Շաբանլոուն, Միլադ Ղահրամանիաֆշարը:

Այս անձինք, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Հայաստանում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 3-ը:

ԱԱԾ-ը, փաստորեն, հաստատում է, որ Պարսկաստանից թե այլ տեղից եկած մարդիկ կարող են գալ եւ Երեւանի կենտրոնական հրապարակում անարգել “Գարաբաղ” երգել։ Գարաբաղ կարելի է, Արցախ չի կարելի։ 

«Մենք ենք մեր սարերը». «Թևերը» բացվեցին Հայաստանում

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը ստեղծվել է բարերար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կողմից՝ Արցախի շրջափակումից քիչ առաջ։ Գործակալությունն իր հիմնադրման օրվանից իրականացնում է մի շարք ծրագրեր՝ ուղղված Արցախի բնակչության զարգացմանն ու աջակցությանը։

«Բռնի տեղահանությունից հետո «Մենք ենք մեր սարերը» նախաձեռնությունը շարունակում է իր առաքելությունը Հայաստանում՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր։ Դրանցից մեկը “”Թևեր” նախագիծն է: Այն նախատեսում է եռամսյա վերականգնողական կուրս արցախցի երեխաների և դեռահասների և նրանց ծնողների համար։ Ծրագիրն ուղղված է երեխաների և դեռահասների ֆիզիկական և բարոյահոգեբանական վերականգնմանը։

Անցկացվում են արտ-թերապիայի պարապմունքներ և սպորտային միջոցառումներ։ Մասնավորապես, նրանց հնարավորություն է տրվում անվճար հաճախել տարբեր մարզական խմբակներ։ Երեխաները կարող են ընտրել այն սպորտաձևը, որն իրենց ավելի հարմար է: Կան լողի, ֆուտբոլի, բասկետբոլի և այլնի բաժիններ։

Մեծ ուշադրություն է դարձվում նաև հոգեբանական վերականգնմանը։ Արտ-թերապիայի ընթացքում երեխաները օգտագործում են արվեստի տարբեր տեսակներ՝ արտացոլելու իրենց ներաշխարհը, զգացմունքներն ու փորձառությունները, ինչը մասնագետներին հնարավորություն է տալիս հասկանալ և վերացնել տրավմայի պատճառը:

Հոգեբանական օգնությունը տրամադրվում է ոչ միայն երեխաներին, այլև ծնողներին, քանի որ նրանց սթրեսային վիճակը բացասաբար է անդրադառնում երեխայի հոգեկանի վրա։

Բացի այդ, անցկացվում են մի շարք կրթական դասընթացներ և միջոցառումներ՝ օգնելու արցախցի մեր հայրենակիցներին հարմարվել նոր, անծանոթ միջավայրին։ Ներառյալ էքսկուրսիաներ և դասընթացներ ինչպես արցախցիների, այնպես էլ տեղի բնակչության մասնակցությամբ։

Ծրագրի աշխարհագրությունն այս փուլում ընդգրկում է Դիլիջանն ու Գյումրին։ Այս տարվա փետրվարից այն կգործարկվի Երեւանում, իսկ ավելի ուշ՝ Կապանում։ «Արդեն 300-ից ավելի երեխաներ և պատանիներ Արցախից մասնակցել են ծրագրին»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց «Թևեր» ծրագրի ղեկավար և համակարգող Սոնա Հովհաննիսյանը։

Արսեն Աղաջանյան

Խնապատից Ռոստով․ Հրանտի ԴՆԹ-ը հաստատվեց միայն մեկ ամիս անց

Նորան Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից է։  Ամուսնացել ու հարս է գնացել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղը։ Ամուսինը՝ Հրանտ Հախումյանը, զոհ է դարձել 2023-ի սեպտեմբերի 25-ի վառելիքի պահեստի պայթյունին։ Նորան երկու երեխաների և ամուսնու հարազատների հետ բնակություն է հաստատել ՌԴ Ռոստով քաղաքում։ Որդին՝ Լեոն, ծնվել է հոր զոհվելուց ամիսներ հետո։

Նորան վերապրում է շրջափակման օրերը, 2023-ի դաժան սեպտեմբերը

-Երբ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, շատերի նման ես ևս անհանգստացա։ Մտածում էի, թե ե՞րբ կբացվի ճանապարհը, ինչպե՞ս կկարողանանք հաղթահարել այդ արհավիրքը։ Ի՞նչ իմանայի, որ սարսափելին դեռևս առջևում է։ Մի անգամ Հրանտին առաջարկեցի՝ գուցե մե՞նք էլ շատերի պես մտածենք հեռանալու մասին։ Հետո ամաչեցի ասածիս համար․ նա այն տեսակի մարդ չէր, որ գյուղը լքեր, ծնողներին թողներ թշնամիներով շրջապատված սահմանամերձ բնակավայրում։

Ընդգրկվել էր աշխարհազորում, սակայն վառելիքի պատճառով չէր կարողանում վերջին օրերին գնալ ծառայության։ Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, տանն էր։ Ներս ու դուրս էր անում․ անհանգստանում էր ծառայակից ընկերների համար, ովքեր այդ պահին վտանգավոր տեղում էին։ Քիչ հետո մտավ տուն․ այլայլված ու հուզված էր։ Փարվեց մորն ու ասաց․ <<Մեր դիրքի տղաները զոհվել են․ երևի ինձ Աստված է պահել, որ տանն էի այդ պահին>>։ Հետո իրեն չէր կարողանում ներել․ <<Պետք է ոտքով հասնեի, ընկերներիս հետ լինեի>>։

Հրետակոծությունները մեկ րոպե անգամ չէին դադարում։ Գյուղում արդեն խուճապ էր։ Բնակչությունը տարհանվում էր Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ համեմատաբար ապահով էր։ Բոլորի հետ մենք նույնպես գնացինք։ Մեզ թողնելով այնտեղ՝ Հրանտը և եղբայրը՝ Արսենը, վերադարձան գյուղ։ Նրանց հայրը՝ Արթուրը, դիրքերում էր։ Տղաներն ասացին, որ առանց նրա գյուղից դուրս եկողը չեն։ Սեպտեմբերի 21-ին մեզ համար հաց բերեցին ու նորից Խնապատ վերադարձան։ Մի քանի օր հետո բոլորը միասին եկան օդանավակայան․ այնքան երջանիկ էինք, որ ողջ ու առողջ ենք բոլորս։ Տեղափոխվեցինք Ստեփանակերտ՝ բարեկամի տուն։ Արցախի հայաթափման մասին լուրեր էին պտտվում արդեն։ Այդ ընթացքում մի քանի ժամով գնացինք գյուղ՝ հագուստ և կարևոր փաստաթղթերը վերցնելու։

Հրանտն անընդհատ ասում էր՝ մի քանի օրից հետ ենք վերադառնալու։ Նա չէր ուզում հավատալ, որ կորցնում ենք Արցախը։ Մեր տան պատին ընտանեկան նկար ունեինք․ ինչքան ասացի՝ չվերցրեց:

Սեպտեմբերի 25-ին Նորան չգիտեր, որ վերջին անգամ է տեսնում ամուսնուն

 -Սեպտեմբերի 25-ին լսում ենք, որ վառելիք են բաժանում։ Հրանտը մեր բարեկամների հետ դուրս է գալիս տանից և գնում վառելիքի փնտրտուքների։ Հասնում են Ասկերան, սակայն դատարկաձեռն հետ դառնում։ Այդ օրը, սակայն, նա ինձ հաճելի անակնկալ է մատուցում։ Ներս է մտնում և ինձ տալիս մեր ընտանեկան մեծ նկարը, որի համար, վտանգելով կյանքը, Ասկերանից հասել է Խնապատ:

Կեսօրից հետո եղբայրներով կրկին դուրս են գալիս վառելիք գտնելու։

Ժամեր հետո պայթյունի ահավոր ձայն լսեցինք։ Այդ ժամանակ տեղատարափ անձրևն ավելի էր ուժգնացել կայծակի ու որոտի հետ։ Գիտակցում էինք, որ սարսափելի բան է տեղի ունեցել։ Մեզ զանգում են և ասում, որ Արսենը չի երևում։ Հարևանի մեքենայով հասնում ենք հանրապետական հիվանդանոց։ Տղաներն այնտեղ չէին։ Այդտեղ ասում են, որ ով ինչով կարող է՝ թող օգնի բուժանձնակազմին ու վիրավորներին։ Ինձ թույլատրում են մտնել, և ես օգնում եմ կարեցածիս չափով․ վիրակապեր էի դնում, հատակը մաքրում: Միաժամանակ մերոնց էի փնտրում բոլոր սենյակներում, սակայն՝ ապարդյուն։

Հանկարծ Արսենն է մտնում, գրկում ինձ ու ասում՝ Հրանտին չեն գտնում։ Սկսում ենք տարբեր հիվանդանոցներ գնալ։ Ոչ մի տեղ նրան չենք գտնում։ Ոչ մի ցուցակում նրա տվյալները չկային։ Հաջորդ օրը ամուսնուս հայրը կրկին գնում է դեպքի վայր։ Երբ գալիս է տուն, չի կարողանում լացը զսպել ու ասում է․ <<Այդ դժոխքից ոչ ոք չի կարող փրկվել։ Այնտեղ հնարավոր չի, որ մարդ ողջ մնա>>։ Մյուս օրը մեզ կանչում են քննչականից, լուսանկարներ ցույց տալիս, սակայն Հրանտն այդ նկարներում չկար։

․․․Արցախը գրեթե հայաթափվել էր։ Սեպտեմբերի 28-ին մեր ընտանիքը դուրս է գալիս Ստեփանակերտից ու հասնում Գորիս։ Գորիսում, հետո նաև Երևանում մենք շարունակում ենք փնտրտուքները։ Ամեն ինչ իզուր էր։ Մղձավանջային օրերը, որ անցկացրինք այդ ընթացքում, ես երբեք չեմ կարող մոռանալ։ Հեռախոսի ամեն մի զանգից վեր էի թռչում՝ մտածելով, որ գուցե մի բարի լուր լսեմ։ Վառելիքի պայթյունից ուղիղ մեկ ամիս հետո՝ հոկտեմբերի 25-ին, ինձ զանգում են և հայտնում, որ ԴՆԹ-ն հաստատվել է։ Մեկ օրվա մեջ պետք է որոշեինք մեր հետագա քայլերը։ Հրանտի ծնողներն ու ես որոշեցինք նրա աճյունը տեղափոխել Ռուսաստան, քանի որ ինքներս պետք է այնտեղ բնակություն հաստատեինք։ Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի Ռոստով քաղաքում հողին հանձնեցինք Հրանտին։

Ճակատագրի բերումով հենց այդ քաղաքում ենք ծանոթացել, և նույն ճակատագիրն այնպես է արել, որ այստեղ իր վերջին հանգրվանը գտնի Հրանտը։

Ամիսներ հետո ծնվեց մեր տղան՝ Լեոն։ Նրան կոչեցի Հրանտի սիրած ֆուտբոլիստի անվամբ։ Այդ անունը շատ էր սիրում և միշտ երազում տղային այդպես կոչել։ Շատ էինք սպասում մեր որդու ծնվելուն, ուրախանում էր, որ տղա է ծնվելու։ Էլինան անընդհատ հոր անունն է տալիս, կարոտում, անվերջ տեսնում երազներում։ Ես իմ մեջ ուժ եմ գտել ու նրան բացատրել, ասել ճշմարտությունը։ Երբեմն տեսնում եմ, թե ինչպես է չորսամյա աղջիկս փոքրիկ եղբորը փորձում բացատրել, որ իրենց հայրիկը Աստված պապիկի երեխան է դարձել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ