ԱՄՆ դեսպանի հիմնադրամը 74 հազար դոլար կտրամադրի Մատենադարանին՝ Արցախի արխիվային փաստաթղթերի պահպանության նպատակով

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը պաշտոնատար անձանց, Շիրակի մարզի և Անիպեմզա բնակավայրի ներկայացուցիչների հետ այցելել են Երերույքի պատմական բազիլիկ տաճար, որտեղ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից տրված 175․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհով իրականացվում են կոնսերվացման աշխատանքներ։

Այցն ընդգծում էր Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանությանն ու վերականգնմանն աջակցելու Միացյալ Նահանգների հանձնառությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը կարևորել է ցուցաբերվող աջակցությունը, որը հնարավորություն է ընձեռում պահպանելու Հայաստանի մշակութային ժառանգության եզակի կառույցներից մեկը՝  Երերույքի տաճարը, որն ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում:

«Վերաիմաստավորված միջավայրում ներկայացնելով Հայաստանի հազարամյակների մշակույթը, պատմությունը, ճարտարապետությունը և արվեստը՝ հնարավորություն կունենանք  այստեղ կազմակերպելու կրթական ծրագրեր, որոնք, անկասկած, նպաստելու են պատանիների և երիտասարդների զարգացմանը և մեր մշակութային ժառանգության հանրահռչակմանը: Կարևորում եմ նաև Լեռնային Ղարաբաղի ձեռագրերի պահպանության աջակցության ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ: Վստահ եմ, որ սերտ և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական»,- նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ դեսպանատանը:

Դեսպան Քվինը նկատել է, որ մշակութային պահպանության ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը խոսում է երկու պետությունների միջև ամուր փոխգործակցության մասին։

«Միասին մենք պահպանում ենք պատմությունը և նպաստում փոխադարձ ըմբռնման և հարգանքի ձևավորմանը», – ասել է նա։

Երերույքի հինավուրց բազիլիկ տաճարը հիմնվել է 4-5-րդ դարերում և Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի պատմական նշանակության եզակի կոթող է։ Հուշարձանի պահպանության հարցում մարտահրավերներ են եղել` պայմանավորված թե՛ բնական, թե՛ մարդկային գործոններով, և այսօր հուշարձանի պահպանությունն առանցքային է Հայաստանի մշակութային ժառանգությունը հետագա սերունդներին փոխանցելու համար։

Երերույքում դեսպան Քվինը հայտարարել է ԱՄՆ դեսպանի մշակութային պահպանության հիմնադրամի նոր ծրագրի մասին, որով 74․000 ԱՄՆ դոլար է տրամադրվում Մատենադարանին՝ Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում ստեղծված հազվագյուտ ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանության նպատակով։

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում 2005 թ․ սկսած իրականացվել է մշակութային պահպանության 15 ծրագիր, որոնց ուղղվել է, ընդհանուր առմամբ, 1․6 միլիոն ԱՄՆ դոլար։

Երերույքի ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարեկարգում  (նախապատրաստում՝ որպես առկա մոնումենտալ քարերի ցուցադրավայր)։

Հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում վերջերս իրականացված ծրագրերից են Սանահին վանական համալիրի պահպանության աշխատանքները Լոռու մարզում,  Մեղրու Սբ Հովհաննես եկեղեցու վտանգված որմնանկարների վերականգնումը Սյունիքի մարզում և Արենի 1 քարանձավի  պահպանությունը Վայոց ձորի մարզում։

Հարկ է նշել, որ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ուղղությամբ պետության ուշադրությունը նկատելիորեն ավելացել է. 2024 թ․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության համար տրամադրվել է մոտ 1 միլիարդ 159 միլիոն դրամ ՀՀ դրամ, որը մոտ երկու անգամ ավելի է նախորդ տարվա հատկացման համեմատ և մոտ 5-6 անգամ ավելի՝ դրան նախորդող տարիների համեմատ։ Այս պահին նախարարության պատվերով վերականգնման և նորոգման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցում, Ագարակ պատմահնագիտական արգելոցում, Արմավիրի մարզի Այգեշատի Թարգմանչաց եկեղեցում, Լոռու մարզի Ամրակիցի Սբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցում, Լոռի բերդում (պարիսպներ, բաղնիքներ, պարսպապատ), Հաղպատի վանքում և այլն։ Շուտով կմեկնարկեն նաև Տավուշի մարզի Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի վերականգնման աշխատանքները։

Արցախյան Շուշին՝ «Հիշողության ուժ» ցուցահանդեսում

Օգոստոսի 19-ին Երևանի «Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Արցախի նկարիչների միության անդամ Սամվել Թավադյանի «Հիշողության ուժը» ցուցահանդեսի բացումը։

Մինչև 2020 թվականը Թավադյանն ապրել, ստեղծագործել է Շուշի քաղաքում։ Նրա բոլոր աշխատանքները, արհեստանոցը և տունը մնացին օկուպացված քաղաքում։ Շուշիում մնացած նյութական և ոչ նյութական ակտիվների շտեմարանում Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ներառել է նաև Սամվել Թավադյանի արվեստանոցն ու ստեղծագործությունների ժողովածուն։

Ստեփանակերտում ամեն ինչ նորից սկսեց՝ զրոյից։ Սակայն 2023 թվականի աշնանը Արցախի բնիկ բնակչության տեղահանության արդյունքում նկարիչը կրկին կորցրեց ամեն ինչ։ Հայաստանում նա երկար ժամանակ չէր կարողանում ստեղծագործել։

Դեկտեմբերին նկարչի հետ զրույցից հետո ինձ թվում էր, որ այս վիճակը տարիներ կտևի։ Բայց ցուցահանդեսի մասին լուրերը ցույց տվեցին, որ նկարիչը մարդկանց պատմելու շատ բան ուներ։

Դատելով ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունից՝ տեղի է ունեցել երկրորդ «վերադարձը»։ Իսկ շուտով Շուշիի ու Արցախի մասին նրա աշխատանքները կներկայացվեն այլ ցուցահանդեսներում։

Ցուցահանդեսի այցելուներից մեկը՝ շուշեցի Արմինե Սարգսյանը, խոստովանեց, որ «հասկանում և ընդունում է Թավադյանի աշխատանքները, ուստի մեծ ոգևորությամբ է այցելել ցուցահանդես և չի հիասթափվել»։

Սամվել Թավադյանը ծնվել է Արցախում։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Արցախում, Հայաստանում, Լիբանանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Մոսկվայում, Վրաստանում և այլ երկրներում։

Նարեկացի միությունում ցուցահանդեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 6-ը։ Մուտքն ազատ է։

Ալվարդ Գրիգորյան

Լուսանկարը՝ Արմինե Սարգսյանի

Արցախում հիմա պատերազմում են հայ ինքնության դեմ․ Շուշիի գերեզմանատները

1921 թվականից, երբ Արցախն ապօրինաբար բռնակցվեց նորաստեղծ արհեստական Ադրբեջան ինքնանվամբ պետությանը, վերջինս սկսեց պայքարն ընդեմ հայ ինքնության։ Այն, որ Արցախում հայկական հետքը վերացնելով տարածքը մահմեդականացնելու ակտիվ գործընթաց է սկսված, նորություն չէ։ Այդ ամենը կատարվում էր նաև խորհրդային տարիներին, ուղղակի քիչ ավելի դանդաղ ու երբեմն էլ զգուշորեն։ Հայկական պատմամշակութային ժառանգությունը, դեռ այն ժամանակվանից կա՛մ ոչնչացվում էր, կա՛մ մահմեդականացվում, կա՛մ աղվանականացվում։ Հայկական Շուշին այդ քաղաքականության փոքրիկ մոդելն է, որտեղ եկեղեցիները, հայկական գերեզմանոցները, զանազան պատրվակներով ավերվում էին, հայկական ճարտարապետությամբ տները փոքր ինչ վերափոխելով մահմեդականացվում էին։ Ու ամենևին պատահական չէին և չեն թիրախավորված հայկական գերեզմանոցները։

Պատմակեղծարար Ֆարիդա Մամեդովան «Աղվանքի քաղաքական պատմությունն ու պատմական աշխարհագրությունը (մ. թ. ա. III – մ. թ. VIII դդ.)» աշխատության մեջ, առաջնորդվելով փաստերի կեղծման ու աղավաղման հակագիտական մեթոդով, գրում է, թե իբր «Հայերի բնակավայրերն Ադրբեջանի տարածքում հայտնվել են ավելի ուշ շրջանում՜ XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին։ Մինչդեռ  հայկական  17-րդ դարով թվագրվող տապանաքարերը, չհաշված նախաքրիստոնեական ու վաղ քրիստոնեական, ինչպես նաև հայկական  զարգացած միջնադարյան գերեզմանները հակառակն են պնդում, ուստի դրանցից պետք էր ազատվել։

Դեռևս 1950-ական թվականներին իրենց հակամարդկային վանդալիզմի համար պարարտ հող նախապատրաստելու միտումով, Բաքվի թերթերում տպագրվում էին այսպես ասած “աշխատավորների”  նամակներ, որոնք կոչ էին անում ոչնչացնել հայկական գերեզմանոցները։ 1966 թվականին Բաքվում “Ստրոիտել” թերթում հրատարակվեց ոմն “ճարտարապետ” Ք․ Սայիդովի “մեռածները կերան ապրողներին” հոդվածը, որտեղ հեղինակն առաջարկում է քանդել Շուշիի 8 գերեզմանատներից 7-ը ու թողնել միայն մեկը՝ ադրբեջանականը։

Մի քանի տարի անց այդ գաղափարն իր արտացոլումը գտավ 1974 թվականին կազմված Շուշիի գլխավոր հատակագծում։ Նախատեսվում էր հայկական գերեզմանոցների տեղը կառուցել բարձրահարկ շենքեր և զբոսայգի։ Այսպես Ղազանչեցոց եկեղեցու հարավ–արևելյան հատվածում գտնվող ամենահին հայկական գերեզմանոցը հիմնովին ավերվեց ու հայերի շիրիմների վրա տներ կառուցվեցին, իսկ հայատառ արձանագրությամբ շիրմաքարերը օգտագործեցին որպես շինանյութ։

Այդ կապակցությամբ շուշիաբնակ Անանյանը դեռ 1982 թվականի ապրիլին նամակ էր հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին, որի մեջ ի մասնավորե ասված է․ “Գերեզմանոցի շուրջն ամեն կողմից անհատական մարդիկ բնակելի շենքեր են կառուցում, տապանաքարերից շատերը մնացել են տների բակերում, քանդում-կոտրատում-փչացնում են․․․։ 1992 թվականին Շուշին ազատագրելուց հետո, գերեզմանատան տարածքում կառուցված տների նկուղներում, բակերում, ցանկապատերի տակ ու տան պատերին հայտնաբերվել են տապանաքարեր ու մնացորդներ։

Շուշի քաղաքի Զաստավա կոչվող տեղամասի գերեզմանատան միջով դեպի անտառ տանող նոր ճանապարհ էր բացվել, որի կարիքը քաղաքը ընդհանրապես չուներ։ Նպատակը՝ գերեզմանոցի “արդարացված” վերացումն էր։

Քաղաքի հյուսիսային կողմի գերեզմանատան տարածքում 1960-80 թվականներին ադրբեջանցիները կառուցել են երկու ճաշարան, մեկը՝ խառը ապրանքների, մեկը՝ շինանյութերի խանութ իր պահեստով, երկու ավտոնորոգման և մեկ ավտոդողերի նորոգման պահեստներ, որպես շինաքար օգտագործելով շիրմաքարերը։

Բահաթրյանների, Չիթչյանների, Բունիաթյանների տոհմական գերեզմանատները թաղվել էին հողի մեջ, երբ  Ադրբեջանի կողմից հացի գործարանի, արևելյան երաժշտական գործիքների ֆաբրիկայի և շրջսպառընկերության համար ջրատար են անցկացրել։

Գերեզմանոցների մի մասը ֆիզիկապես ոչնչացվում էր, մի մասն էլ միտումնավոր պատվում ակացիաներով, փշոտ թփերով եւ մացառներով՝ վերածվելով շամբուտների, որը կլանում էր այն։

Նույն ձեռագրին մենք հանդիպում ենք այսօր, Արցախի տարբեր բնակավայրերում։

Արմինե Հայրապետյան

Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից. Ինչի՞ մասին է աղմկում Մոսկվան

Մոսկվան հուսով է, որ Հայաստանը, չնայած ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներդրումների և «պայծառ ապագայի» խոստումներին, չի հրաժարվի ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից, որն իրեն զգալի օգուտներ է բերում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Նրա խոսքով, ԵԱՏՄ շրջանակներում Մոսկվայի հետ դաշինքը հիմնված է փոխշահավետ համագործակցության վրա, և Հայաստանի տնտեսական աճը մեծապես պայմանավորված է այդ դաշինքով։ Նման դրական դինամիկայով քչերը կարող են պարծենալ, ընդգծեց նա։
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին մերձենալու Երեւանի ուղեգիծը՝ դիվանագետը նշել է, որ Հայաստանը «կուլ է տվել» Արեւմուտքի խայծը։
«Այստեղ մեր գործընկերները հավանաբար կուլ են տվել Արեւմուտքի խայծը, որը նրանց ներդրումներ, տեխնոլոգիաներ եւ լուսավոր ապագա է խոստանում։ Այս մոտեցումն արդեն քանիցս կիրառվել է հետխորհրդային տարածքում։ Իսկ թե ինչ է ստացվել՝ բոլորս հիանալի գիտենք եւ տեսնում ենք»,- ասել է նա։
Իզուր չէ, որ նման հայտարարությունը վստահվել է հայկական ազգանունով անձին. Ռուսաստանն իր ողջ ուժով փորձում է ցույց տալ, որ Հայաստանը գոյություն ունի միայն այն պատճառով, որ ռուսական կայսերական տարածքի մաս է կազմում, իսկ հայերը ռուսական իմպերիալիզմի հիմնական խոսափողներն են։ 
Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել հայոց պատմության դասագրքի վերաբերյալ, որում Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի գրավումն Իրանից կոչվում էր «անեքսիա»։ Դասագրքից բառը հանվել է, սակայն Մոսկվան հասցրել է հիշեցնել, որ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանը նվաճել է Իրանից, իսկ Գյուլիստանի պայմանագիրն իրականում անժամկետ է։ Սա հիշեցում է ոչ թե Հայաստանին, այլ Իրանին։ Չէ՞ որ Երեւանը փաստացի չի հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։

Լուկաշենկոյի բացահայտումները. ի՞նչ կապ ունի Մակրոնը Հայաստանի հետ

Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հետխորհրդային որոշ երկրներ ձգտում են օգուտ քաղել Ռուսաստանից՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Այս մասին նա հայտարարել է «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Հայերը մեզնից բացի ո՞ւմ են պետք. Ոչ ոք: Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և կենտրոնանան իրենց ռեսուրսների վրա։ Ի՞նչ Ֆրանսիան, ի՞նչ Մակրոն. վաղը նա չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն, ըստ Ֆրեյդի, մատնանշում է ամենազգայուն պահերը, “”կոճակը”, ըստ էության, պնդելով, որ Հայաստանը «գոյատեւում է», քանի որ կա Մակրոնը։ «Եթե Մակրոնը չլինի, բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- ասում է Լուկաշենկոն։

Ի՞նչ կապ ունի Մակրոնը Հայաստանի հետ։ Պետք է ենթադրել, որ Ռուսաստանը և Թուրքիան Հայաստանի վերացման իրենց ծրագրերում բախվում են ոչ թե որևէ մեկի, այլ հենց Մակրոնի դիմադրությանը։ Իսկ Մակրոնի գործոնն այնքան հզոր է, որ նույնիսկ Լուկաշենկոն դա խոչընդոտ է համարում։

Մակրոնը պնդում է ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանումը և Հայաստանին դիմադրելու կոչ է անում. Հիշեցնենք, որ Փաշինյանի վերջին այցը Փարիզ տեղի է ունեցել Ֆրանսիայի Դիմադրության հերոս Միսակ Մանուշյանի մեծարման կապակցությամբ։

Ֆրանսիան, չնայած ամեն ինչին, հայտարարեց Հայաստանին սպառազինություն մատակարարելու իր մտադրության մասին (կամ արդեն մատակարարել է այն)։ Ֆրանսիայի Ազգային ժողովի երկու պալատներն էլ ընդունել են երկուական բանաձեւեր, որոնք կոչ են անում վերադառնալ 1994 թվականի իրողություններին եւ վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի ձեւաչափով։

Պատահական չէ, որ Մոսկվան և Բաքուն փորձում են Ֆրանսիային դուրս թողնել Աֆրիկայում իր ավանդական ազդեցության գոտիներից։ Լուկաշենկոն գիտի, թե որտեղ է «կոճակը»։

Արցախի վանքերի մասին հոդվածների հրապարակումից հետո Վատիկանը հետաքննություն է սկսել

Sputnik. Իր պաշտոնաթերթում Արցախի «հին ալբանական» վանքերի մասին 2 հոդված հրապարակելու փաստով Վատիկանի վարչակազմը հետաքննություն է սկսել, հայտնել է իտալացի բլոգերներից մեկը:
Վատիկանի պաշտոնաթերթը՝ L’Osservatore Romano-ն, այդ հոդվածները տեղադրել է հուլիսի վերջին: Դրանցում խոսվում էր Դադիվանքի (կոչվել է նաև Խութավանք), Գանձասարի մասին՝ առանց հիշատակելու դրանց պատկանելությունը հայկական մշակույթին։ Ավելին, հոդվածում դրանք հիշատակվել են ադրբեջանական անվանումներով։ Վերջին 4 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների ու խաչքարերի ոչնչացման բազմաթիվ փաստերի մասին նույնպես ոչինչ չի ասվում։
Ընդ որում, դրանցում Ղարաբաղը կոչվել է ոչ թե միջազգայնորեն ճանաչված անվանմամբ (Karabakh), այլ «Գարաբաղ» (Garabagh)։
Դա առավել անսպասելի էր, քանի որ ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս I պապը քանիցս՝ և՛ Ադրբեջանի կողմից շրջափակման ժամանակ, և՛ բնակչության բռնի տեղահանությունից հետո, կոչեր էր հնչեցրել Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը թեթևացնելու մասին։
Պատմությունը, սակայն, այսքանով չի ավարտվել, այլ միայն սկսվել է։ Մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 1-ին, L’Osservatore Romano-ն հրապարակել է Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի պատասխան հոդվածը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հուլիսի 24-ի հոդվածներում խեղաթյուրվել է թե՛ հայկական, թե՛ ալբանական եկեղեցու պատմությունը։
Դրան հաջորդել է արևելյան եկեղեցիների հետ կապերի մասին Վատիկանի նվիրակ Կլաուդիո Գուջերոտիի հայտարարությունը, որտեղ նշվում է, որ նշված հոդվածները («Ալբանիայի հնագույն տաճարների մասին») չեն արտացոլում պաշտոնական Վատիկանի կարծիքը:
Այնուհետև սկսվել է ներքին հետաքննություն՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում են այդ հոդվածները հայտնվել մամուլում։
Թերթն ինքը հոդվածները տեղափոխել է վճարովի փակ հասանելիության բաժին (ըստ երևույթին` դրանց տարածումը սահմանափակելու համար)։
Հարցը հանրության ուշադրությանը հասցնելու գործում (ինչպես Իտալիայում, այնպես էլ Հայաստանում) մեծ դեր է խաղացել հրապարակախոս Կառլո Կոպոլան, որը համապատասխան հոդվածներ է տեղադրել իտալերեն և անգլերեն լեզուներով:

Այլ փուլ, երբ պետք էր պայքարել՝ նորից գաղթական չդառնալու համար

Գրիգորի Սահակյանը ծնվել է Սումգայիթում 1975 թ.:

Նախքան առաջին անգամ գաղթի ճանապարհով քայլելը բազում դժվարություններ և հալածանքներ են կրել Ադրբեջանում ապրած տարիների ընթացքում: Հայերի հանդեպ վատ վերաբերմունքը միշտ էլ կար: Մեղավոր ես, թե մեղք չունես, դու էիր հալածանքների ենթարկվում:

“Առաջին դասարան պիտի ընդունվեի, երբ ադրբեջաներենին չտիրապետելու համար ուզում էին ընդունել օժանդակ դասարան: Մորս ու մորաքրոջս հաջողվեց ապացուցել, որ մտովի թերզարգացած չեմ, ու միայն դրանից հետո սկսեցի սովորել: 3-4 ամսից հետո բոլոր առարկաներից առաջադիմություն ունեի: Նկարս կախեցին դպրոցի պատից` որպես լավագույն աշակերտ: Ադրբեջանցի երեխաների հետ շուն ու կատվի պես էինք: Ամեն խաղի վերջ կռիվ ու ծեծկռտուք էր»,-վերհիշում է նախկին հրամանատարը:

1988թ. հանկարծակի սկսվեցին ջարդերը. “Դասերս սովորելուց հետո որոշեցի ուրբաթ երեկոյան այցելել  մորաքրոջս տուն` միասին ռետրո ֆիլմ դիտելու: Հորս զանգից տեղակացանք, որ  մեր թաղամասի հայերին դաժանաբար ծեծում են, սպանում,  մեքենաները վառում: Այդ պահին պատուհանից  տեսնում ենք, թե ինչպես է կատաղած ամբոխը շարժվում դեպի մեր շենքը: Տանը 7 երեխա կար: Հարևանուհին մեզ փրկում է` ասելով, որ այս շենքում հայեր չկան:  Ճարահատյալ վիճակում էինք: Մեզ թաքցնում են, գտնելու դեպքում պետք է ադրբեջանական անուններով ներկայանայինք… Հարևանը խորհուրդ է տալիս  փախչել:  Ես դանակը վերցրել էի և ասել, որ բոլորին պաշտպանելու եմ: Մեզ բացատրեցին, որ եթե դուռը ծեծեն ու կոտրելով մտնեն, ձայներս գլուխներս չգցենք, պատուհանով բոլորին նետելու են հարևանի պատշգամբը: Միայն թե ողջ մնանք: Բարեկամս հին մեքենա է գտնում, որի վարորդը համաձայնում է 100 հազարի դիմաց մեզ փախցնել Բաքվից:  Ճամփին անցակետեր կային, որտեղ հայերին մորթում էին, բռնաբարում: Մեքենայի ապակիները սև կտորներով փակել էինք: Վարորդին թույլ չեն տալիս առաջ անցնել: Առջևում գտնվող անցակետում վառում էին այն մեքենաները, որոնց մեջ հայեր կային:

Հազարներով հայեր ուղղակի նստած էին թատրոնի շենքի մոտ` գետնին: Նկուղներից հին կահույք էին բերում, որպեսզի հղի կանայք կարողանան նստել: Զինվորներից բացի հայ տղամարդիկ ինքնակազմակերպված  կանգնել էին` զինված ինքնապաշտպանական գործիքներով: Մի շաբաթ այդտեղ մնալուց հետո բոլորը ավտոբուսներով դուրս եկան Սումգայիթից”:

Գրիգորի Սահակյանի ընտանիքը բնակություն հաստատեց Ստեփանակերտում. “Հայրս Սումգայիթի մեր տան բանալիները տվեց հարևանին, միայն մի ճամպրուկ շոր վերցրեց, և ես առաջին անգամ զգացի գաղթական լինելու դառնությունը։

1992թ. դպրոցն ավարտելուց հետո սկսվեց պատերազմը, և արդեն պարզ էր մասնագիտության ընտրությունը` զինվորական: Սկսվեց կյանքի մի փուլ, երբ պետք էր պայքարել՝ նորից գաղթականի ուղին չբռնելու համար. “Մի խումբ պատանիներով  մեկնել էինք ռազմաճակատ: Սկզբից միայն մարդասիրական աշխատանքներին էինք մասնակցում: Մտահոգ էինք` կռիվը կվերջանա, չենք հասցնի մասնակցել: Շրջափակում էր: Ռմբակոծման ձայների տակ  արտեր էինք ցանում, հավաքում  ցորենը, էշի վրա բեռնում, հերթ կանգնում, որ արկանքում աղենք: Սպիտակ կատու ունեինք, տան անդամի պես հացով կերակրում էինք: Այնուհետև մեզ սովորեցրին մարտարվեստը և պատերազմական գործողություններին մասնակցում էինք խիզախությամբ, սրտներումս վախ չկար: Մենք գիտեինք, որ պիտի պայքարենք, հաղթենք և հավատացեք` ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարելի է ինչ-որ ձևով խուսափել, փախչել։

Հաղթանակները, ոգևորելուց բացի, մեծ պարտականությունների առջև էին կանգնեցնում. 1993թ. ապրիլի 13-ին Հայկազովի զորամասի  տարածքում ընկերներով հավաքվել էինք ` իրար հավատարմության երդում տալու: Հաջորդ օրը պիտի մեկնեինք ռազմաճակատ:  Գինով լի շշի վրա գրել ենք մեր անունները և թաղել հողում: Երդվել ենք, որ ինչ էլ լինի` իրար չենք թողնի: 2013թ. ես այդ զորամասի հրամանատարն էի: Գինին հողից հանելու հանդիսավոր արարողությանը ներկա էին բոլորը: Այս անգամ հրավիրել էինք նաև Սրբազանին: Մենք պահել էինք մեր երդումը…. Պատգամը շարունակական է… Այս անգամ էլ շիշն այնտեղ է` նույն տեղում: Չգիտեմ` երբ ենք այն հանելու…”:

Գրիգորի Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամասը լավագույն արդյունքներն էր ցուցաբերում մրցույթների արդյունքում. “Ես միշտ ասում էի, որ բարձր պատրաստվածություն ունենալու շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվելու: Հորդորում էի պատրաստվել պատերազմի: 2016թ. ապրիլի 1-4 հաջողվում է հակառակորդին արժանի հակահարված տալ, իսկ 2020թ. առաջին հերթին պարտվեցինք քաղաքական դաշտում՝ խաղաղապահ զորքերը շարունակ բարենպաստ պայմաններ էին ստեղծել հակառակորդի համար”։

Արմատներով հողին կպած արցախցին նորից ստիպված է եղել լքել իր բնօրրանը. “Մեր նախնիները միշտ էլ ապրել են Արցախում: Մի կողմը Երե Հոռաթաղ գյուղից են, մյուսը` Կոճողուտից: Երկու ընտանիքներն էլ երկար ժամանակ ապրել են Մարտակերտի Վանք գյուղում:  Մայրս դերձակուհի էր, հայրս` հյուսն”։

Հայրը մահացել տեղահանումից մեկ ամիս անց:

Տաթև Ազիզյան

Մոսկվան Արցախում հյուպատոսություն չի բացի. Փոլադին գցեցին

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին ռուսական TASS գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկություն է հայտնել բացել Լեռնային Ղարաբաղում գլխավոր հյուպատոսություն՝ վկայակոչելով Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինին։

Ավելի ուշ Ադրբեջանի դեսպանը ադրբեջանական haqqin.az գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը «խեղաթյուրել է» իր խոսքերը՝ Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների բացման համատեքստում։ «Ես չեմ ասել, որ Ղարաբաղում կարող է հայտնվել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն։ Ես ասացի, որ այս հարցը քննարկման փուլում է»,- ասաց նա։

Այսինքն՝ պարզվում է, որ հյուպատոսության բացումը նախատեսված էր, բայց Պուտինի՝ Բաքու ժամանելու օրը հանկարծ պարզվեց, որ Փոլադին սխալ են հասկացել, կամ նրան պարզապես գցել են:

Արցախում հյուպատոսությունը կնշանակի Բաքվի ագրեսիայի արդյունքների ճանաչում, ներառյալ ռուսական զորքերի առանցքային դերի ճանաչում ագրեսիայի, ցեղասպանության և բնիկ բնակչության տեղահանության գործում։ Պուտինի այսօրվա հայտարարությունները Բաքվում, թե Ռուսաստանը պատրաստ է աջակցել կարգավորմանը և այլն, վկայում են այն մասին, որ Արցախի հարցը մնում է բաց, և նույնիսկ իր ողջ լկտիությամբ Մոսկվան ի վիճակի չէ միջազգային դիվանագիտական ​​ներկայացուցչություն բացել մի քաղաքում, որը ոչ մի փաստաթուղթով չի համարվում ադրբեջան։ Եթե ​​գոնե մեկ նման փաստաթուղթ լիներ, ապա Ալիեւն ու Պուտինը մի օր դրան կանդրադառնային։

Լավրով. Եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունը կա, ապա որտե՞ղ է Արցախը, իսկ եթե չկա, ապա ո՞ւր են Քարվաճառն ու Քաշաթաղը

«Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին»,- Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, ապա Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ասել է Լավրովը։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ապա, Լավրովի խոսքով, այստեղ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված մի շարք եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։ Դրանք ընդգրկում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն՝ վերջնական և ամբողջությամբ կարգավորման համար:

Լավրովն ուղիղ չխոսեց նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, որի վրա արդեն ծիծաղում է ով ասես։

Հիշեցնենք, որ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի՝ «Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն կապաարգելափակվեն։ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը»։

Նոյեմբերի 9-ի հայտարարության 7 կետերը խախտվել են Մոսկվայի և Բաքվի կողմից. դա վերաբերում է և՛ բնակիչների անվտանգության պաշտպանությանը (ի դեպ, բոլոր 9 կետերում մի անգամ էլ չեն հիշատակվել հայերը), և՛ Բերձորի միջանցքի գործողությանը, և՛ գերիների, փախստականների վերադարձին և ռուս «խաղաղապահների» գործողությունները։

«Վաղուց բոլորը ծիծաղում էին այս հայտարարության վրա, իսկ վերջերս Հայաստանում Իրանի դեսպանն ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարություն այլեւս չկա՝ եթե կա, ապա որտե՞ղ է Ղարաբաղը, որտե՞ղ է Լաչինի միջանցքը»,- հարցրեց նա։

Հայաստանի իշխանությունը համառորեն չի ասում, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կորցրել է ուժը, քանի որ հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի վերանայել հայտարարության այն միակ կետը, որն ամբողջությամբ իրականացվել է, և վերադարձնել Քարվաճառը, Քաշաթաղը և Ակնան, որոնք հանձնվել են առանց մեկ կրակոցի։ Եթե ​​նոյեմբերի 9-ի մասին հայտարարություն չկա, ապա ինչո՞ւ է Քարվաճառը վերահսկում Բաքուն։ Իսկ եթե կա, որտե՞ղ է Բերձորի միջանցքը։

Լավրով-Քալանթարյանը լավ կանի կողմնորոշվի։

Իսրայելի բանակցությունները ՀԱՄԱՍ-ի հետ. երկու կողմերն էլ պատրաստ չեն փոխզիջման

BBC

ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի օրը հորդորել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին չխափանել բանակցությունները, որոնք, ըստ նրա, կարող են լինել Գազայում զինադադարի հասնելու և պատանդներին ազատելու «վերջին հնարավորությունը»: Նախկինում միջնորդները և ամերիկացի պաշտոնյաները զգուշավոր լավատեսություն էին հայտնել բանակցությունների արագ և, որն ամենակարևորն է, հաջող ավարտի կապակցությամբ։ Սակայն, դատելով մամուլի հրապարակումներից, այն դեռ մոտ չէ. ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը պատրաստ չեն փոխզիջումների մի քանի առանցքային հարցերում։

Բլինքենը, հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո իր իններորդ տարածաշրջանային շրջագայության ժամանակ, ասաց, որ վերադարձել է Թել Ավիվ՝ գործարքը վերջնագիծը հասցնելու համար:

Բլինքենը հանդիպել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ նախքան Կահիրե մեկնելը, որտեղ հրադադարի շուրջ բանակցությունները պետք է վերսկսվեն այս շաբաթ։

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ն առաջարկներ էր ներկայացրել, որոնք ԱՄՆ-ի և միջնորդների կարծիքով՝ ի դեմս Կատարի և Եգիպտոսի, կլուծեն պատերազմող կողմերի միջև առկա տարաձայնությունները։

Բանակցային գործընթացի հիմքում ընկած է համաձայնագիրը, որը Բայդենը հաստատել է մայիսի 31-ին, սակայն վերագրել է Իսրայելին: Ըստ այդմ՝ ռազմական գործողությունները կսառեցվեն վեց շաբաթով, ինչը կհանգեցնի պատանդների և գերիների ազատ արձակմանը։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Նեթանյահուին լիովին պատասխանատու է Գազայում միջնորդական ջանքերը խոչընդոտելու և զինադադարի համաձայնության չհասնելու համար:

Արմատական ​​խմբավորումը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ մերժելով հինգշաբթի և ուրբաթ Դոհայում քննարկված պատանդների ազատ արձակման և հրադադարի համաձայնագրի պայմանները և մեղադրել Նեթանյահուին բանակցություններում նոր խոչընդոտներ ստեղծելու մեջ։

ՀԱՄԱՍ-ը պահանջում է «մշտական ​​զինադադար և Գազայի հատվածից զորքերի համապարփակ դուրսբերում»՝ ասելով, որ Նեթանյահուն ցանկանում է իսրայելական զորքերը պահել մի քանի ռազմավարական վայրերում։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Նեթանյահուն ինքը կիրակի օրը նախարարներին ասել է, որ բարձր չի գնահատում գործարքի հասնելու հնարավորությունները, հատկապես հաշվի առնելով, որ Իսրայելը արդյունավետ բանակցություններ է վարում միջնորդ երկրների հետ, այլ ոչ թե Համասի հետ, որը հրաժարվեց պատվիրակություն ուղարկել բանակցությունների վերջին փուլին։

Վերջին շաբաթներին ռազմական գործողությունները սպառնում էին վերաճել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի՝ հուլիսի վերջին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և Հեզբոլլահի հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունից հետո:

Իրանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա Իսրայելի դեմ պատասխան գործողություններից մինչ հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները շարունակվում են, բայց կպատասխանի, եթե բանակցությունները ձախողվեն, կամ եթե Թեհրանը ընկալի, որ Իսրայելը ձգձգում է այն: Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել է Իրանին ցանկացած սրացումից:

Իսրայելը հասել է իր ռազմական նպատակների մեծ մասին Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում, ասում են ԱՄՆ ներկայիս և նախկին պաշտոնյաները, բայց դժվար թե ամբողջությամբ ոչնչացնի զինյալներին՝ շարունակելով մարտական ​​գործողությունները, որոնք խլել են մոտ 40,000 մարդու կյանք:

ԱՄՆ-ը շարունակում է զենք մատակարարել Իսրայելին, սակայն որոշ պաշտոնյաներ կարծում են, որ Գազայում ռազմական ճանապարհով ավելիին հասնել հնարավոր չի լինի, նշում է USA Today-ը։

«ԱՄՆ-ի պատերազմներն Աֆղանստանում և Իրաքում ապացուցեցին, որ սովորական ուժերի պարտությունը բավարար չէ տեւական խաղաղության համար»,- ասել է պաշտոնյան: Համասը հիմնված է գաղափարախոսության վրա, որին կարելի է հաղթել միայն ոչ ռազմական ճանապարհով:

«Իսրայելի կառավարության ներսում լարվածություն կա՝ կապված Բենիամին Նեթանյահուի ձգտած «ընդհանուր հաղթանակի» իմաստի հետ», – ասում է Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Էդվարդ Ջերեջյանը: «Գազայի պատերազմի համատեքստում լիակատար հաղթանակ չկա»։

«Հավաքական վերադարձի» թեզի տակ ակնառու է սադրանքը, ընդհուպ մինչև ցնդաբանություն»

Step1.am-ի հարցերին պատասխանել է Ադրբեջանական ԽՍՀից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

-Տիկի՛ն Ավագյան, արցախցիները բարձրացնում են իրենց հավաքական վերադարձի հարցը։ Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս է հնարավոր արցախցիների վերադարձը, ի՞նչ պայմաններ պետք է ապահովվեն վերադարձի համար։ Շատ է խոսվում միջազգային մեխանիզմների ներքո վերադարձի հնարավորության մասին, ի՞նչ հնարավորություն կա։

-Հավաքական վերադարձ, այսինքն՝ որոշ արցախցիներ ուզում են ասել, ինչպես համախումբ արցախահայությունը՝ իրենց երեխաների, ծնողների, կանանց, իրենց կյանքը փրկելու համար պարզապես հեռացավ իր տուն ու տեղից, իր ծննդավայրից, թողեց իր հողն ու ջուրը, սար ու ձորը, վանքն ու խաչքարը, հիմա էլ համախումբ ետ դառնա՞։ Արցախահայության փախուստից հետո՝ թուրքի կողմից հայի սարքած կենսամիջավայրի համակարգված ավերումից բացի, որևէ այլ բան կա՞։ Այսինքն, «հավաքական վերադարձ» դեպի ցեղասպանության դժո՞խք։

Լավ, «միջազգային մեխանիզմների ներքո վերադարձի հնարավորության մասին», եւ դա ի՞նչ մեխանիզմ է, այդ ո՞ր մեկն է։ Հայտնի է, որ 1992 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության էին եկել, որ ղարաբաղյան հակամարտության հետ կապված հիմնական խաղաղապահ առաքելությունն իր վրա է վերցնելու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ն, որին էլ այդ ժամանակ տվեցին լիազորություններ։ Եվ ո՞ւր էր ԵԱՀԿ-ն, կամ էլ այսպիսի հարցադրում՝ արդյո՞ք, հայկական իշխանությունները հիշեցրին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ու ԵԱՀԿ-ին, ու դեռ նրանք էլ հիշեցին, թե հիմնական խաղաղապահ առաքելության լիազորություն ում էին տվել։ Դե, իհարկե, ո՛չ։ Ինչպես Ռուսիան ու Թուրքիան որոշել էին, այդպես էլ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից տարան կոնֆլիկտը ու հասցրին նոյեմբերի 9-ին, ապա և մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ու ԵԱՀԿ-ի սառը և անթարթ հայացքների տակ ։

Եթե խոսքը գնում է ինչ-որ «հավաքական վերադարձի» մասին, իսկ ինձ համար ակնհայտ է, որ այս թեզը շրջանառության մեջ դրած ուժերի համար դա պարզապես համախումբ արցախահայության վերադարձ է ցեղասպանի որջ, եւ ոչ ավելին, ապա որևէ «միջազգային մեխանիզմ» չի փրկի որևէ արցախահայի կյանք։ Ու ավելին,  «հավաքական վերադարձի» թեզի տակ ակնառու է սադրանքը, մտածված ու մշակված, ընդհուպ մինչև այն ցնդաբանությունը, որ թե՝ այսօր իլխամը խոսում է արցախահայերի վերադարձի մասին, ու եթե արցախահայերը չգնան, ապա միակողմանի մեղավոր է լինելու արցախահայը, որ դրանով առիթ է տրվում այդ հայակերին վաղը կամ մյուս օրը ձեռքերը տարուբերել միջազգային ամբիոնից ու ասել, թե «ես ասացի՝ եկեք, իրենք չեկան»։

Տպավորություն կա, որ ներսից անընդհատ տարվում է մեր զգոնության բթացման ընթացք։ Ինչու՞ հայկական քաղաքական-իշխանական վերնախավը միջազգային հարթակներում չի պատռում իլխամի նենգ ու ցինիկ վարքագիծը, որ մի կողմից ավերում է այսօր հայկական հետքը Արցախի ամեն մի անկյունում, ահաբեկում ու նսեմացնում է  հայությանը ամենահնարավոր միջոցներով, ու մեկ էլ ոչխարի մորթի հագած բորենու նման հայերին հետ է կանչո՞ւմ։

Դուք ասում եք, թե «արցախցիները բարձրաձայնում են իրենց հավաքական վերադարձի հարցը», իսկ այդ արցախցիները բացատրո՞ւմ են, թե ինչպես են հասկանում  «հավաքական վերադարձ» ասածը,  եթե բացատրեն, ապա այդտեղ էլ կհասկացվի, թե ինչպես է հնարավոր կամ ինչ պայմաններում։ Իսկ այն ինչ հնչում է՝ թե ներսում, թե դրսից՝ «հավաքական վերադարձ», բացարձակ ծուղակ է, որին, վստահ եմ, չի տրվի ո՛չ մի արցախահայ, և ո՛չ մի հայ։

Արցախ, ՏՈՒՆ վերադարձի լուծումը արցախահայությունը պետք է պահի իր ամուր ձեռքերի մեջ, գոնե այս անգամ։ Պետականություն հիմնած ու կառուցած արցախահայությունը ծնկած վիճակից ոտքի կկանգնի ու իր կենսատարածք՝ վերադարձի, պետականության վերականգման հարցերի լուծումները կմշակի ու կբարձրաձայնի, կգտնի դրան համարժեք համագործակցության դաշտ։ Արցախահայությունը իր կենսատարածքից պոկված վիճակում անգամ ունի իրավաքաղաքական ներուժ՝ խնդիրներ առաջ քաշելու ու տանելու լուծման։

Արցախահայությունը հասկանում ու տեսնում է Արցախի կորստի արմատները, որոնք, թերևս, մեզ շատերիս համար ցավեցնող ու անհանգստացնող էին, նույնիսկ ակնառու էին արդեն 30 տարիների ընթացքում։ Ինձ տխրեցնում է Արցախի Հանրապետության օրենսդիր ու գործադիր մարմիննների անտարբեր կեցվածքը իրենց կառավարման ներքո գտնված արցախահայության այսօրվա վիճակին, ու ոչ միայն, Արցախի՝ որպես պետականության, ապագայի նկատմամբ։

Արցախահայությունն իր պետականության տարածքից դուրս անգամ պարտավոր է մշակելու քաղաքական օրակարգ, վերականգնելու իր օրենսդիր ու գործադիր մարմինները, դրա համար բավարար ինտելեկտուալ ներուժ ունի, ու սա է, որ արցախահայությանը ՏՈՒՆ է տանելու։

-Դուք պարբերաբար բարձրաձայնում եք «անջատում հանուն փրկության» տարբերակի մասին։ Արցախի դեպքում ինչպե՞ս կարող է այն կիրառել, կմանրամասնե՞ք։

-Հիշեցնեմ, որ Հայաստանյան իշխանությունները միջազգային հարթակներում այդ սկզբունքը տարբեր ձևակերպումներով տարբեր ժամանակներում առաջ են քաշել։ 2016 թվականի ապրիլին Բաքվի երկրորդ ագրեսիայից հետո, ՀՀ առաջին նախագահը բարձրաձայնեց Արցախի համար այդ սկզբունքի կիրառման մասին, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը արձագանքեց և  բաց նամակով դիմեց ՀՀ առաջին նախագահին։ Արցախի Հանրապետության իշխանությունները նույնպես բարձրաձայնել են և «Remedial secession»-ը ներկայացրել «ճանաչում հանուն փրկության»։ Բայց իսկույն էլ ասես մոռացան։ Ասելիքս այն է, որ չձեռնարկեցին համարժեք քայլեր այդ սկզբունքը պաշտպանելու, իրողություն դարձնելու համար։ Ամեն հարցում հեշտությամբ մեղավորի հայտնաբերելը և սեփական անհեռատեսության ու անգործության արդարացումը ծանր, շատ ծանր է անդրադարձել Արցախի պետականության ու նրա ժողովրդի ճակատագրին։ Աններելի է։

Այո՛, ես վստահ եմ, որ «Remedial secession»-ը աշխարհում բազմաթիվ անգամ կիրառված եզակի սկզբունքներից է, որն արցախահայության կենսագործունեությունը կպաշտպաներ իր պետականության տարածքի վրա։ Ակնհայտ է, որ Բաքվի վերահսկողության տակ Արցախը կմնա հայաթափված ու ավերված, միջազգային որևէ մեխանիզմ կընկալվի արցախցու կողմից նույնքան կասկածելի, որքան ռուսական «խաղաղապահը»։ Ու բոլոր այս անվստահությունների հետևում  «թույլ» ազգերի, նաև հայության, գոյության սակարկման աշխարհաքաղաքական գինն է։

Բաքուն թերևս 1991 թվականի ագրեսիայով չհասավ իր նպատակին՝ ազատել հայությունից Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը, սակայն մշակված ու բազմաշերտ պետական քաղաքականությամբ 32 տարի անց՝ կիրառելով իրեն հենց բնորոշ ցեղասպանական մեթոդները, հայությանը կրկին զրկեց կենսատարածքից, ինչպես, ասենք, Գետաշենից ու Շահումյանից։

2020-2023 թվականների Բաքվի «հաջողությունը» ապահովված էր նաև 30 տարիների ընթացում արտաքին կառավարման դաշտում հայկական պետականության կենսագործունեության հյուծման անշեղ ընթացքով։ «Remedial secession» սկզբունքն ինքնորոշման իրավունքի ճանաչման պահանջն է՝ ցեղասպան Բաքվի որևէ տիպի վերահսկողությունից դուրս։ Դա ինքնորոշման իրավունքի ճանաչման պահանջի լիարժեք հիմնավորում է, թե կենսական ինչ անհրաժեշտություն է այդ ճանաչումը արցախահայության գոյության համար, դա ցեղասպանության կասեցման սկզբունք ու մոտեցում է, անվտանգության ապահովում՝ արցախահայության կենսատարածքում։

«Remedial secession» սկզբունքի իրականացումը պետք է դառնա հայկական պետական քաղաքականության հիմնական ուղղություն, պետք է համախմբել Արցախի համար այդ սկզբունքի կիրառման ջատագով միջազգային իրավունքի բազմաթիվ մասնագետների, քաղաքական գործիչների ջանքերը։ Այստեղ մեծ ու հիմնական դերակատարումը պետք է ունենան Արցախի օրենսդիր և գործադիր մարմինները, նրանք է, որ արցախահայության անունից պետք է ցուցադրեն իրենց կենսատարածքում անվտանգ ապրելու և այդ անվտանգությունը ապահովող պետականությունը վերականգնելու իրենց ձիրքն ու մղումը։

Ռոզա Հովհաննիսյան

Ալիևն ու Պուտինը պայմանավորվում են, հետո Պուտինը կասի Փաշինյանին

«Ես գիտեմ, որ Ադրբեջանը նպատակ ունի ավարտին հասցնել կարգավորման հետ կապված բոլոր ընթացակարգերը, ես դա լավ գիտեմ»,- Բաքվում ասել է Պուտինը Ալիևի հետ բանակցությունների ժամանակ։ Նա հայտարարեց, որ նախատեսում է Նիկոլ Փաշինյանին ասել բանակցությունների արդյունքների մասին։

BBC-ն, մեկնաբանելով Պուտինի այցը Բաքու, հիշեցրել է, որ օգոստոսին Բաքուն և Երևանը խաղաղ համաձայնագրի նախագծից բացառել են Ադրբեջանը և Նախիջևանը կապող տրանսպորտային երթուղու կամ, ինչպես այն Բաքվում անվանում են՝ «Զանգեզուրի միջանցքի» կետը: Այս հարցը հետաձգվել է բանակցությունների հաջորդ փուլում քննարկելու համար։

«Բաքուն և Մոսկվան ցանկանում էին, որ ճանապարհը վերահսկվի Ռուսաստանի կողմից, սակայն Հայաստանը դեմ էր դրան»,- գրում է BBC-ն։

Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Մոսկվան Հարավային Կովկասի կարգավորումը տեսնում է «եռակողմ ձևաչափի» շրջանակներում, այլ կերպ ասած՝ Մոսկվայի մասնակցությամբ և համակարգմամբ։

Մոսկվան և Բաքուն 4 տարուց ավելի տորպեդահարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը և պահանջում են չեղարկել նրա մանդատը։ ԱՄՆ Պետդեպարտամենտը, վերջերս պատասխանելով Մինսկի խմբին վերաբերող հարցին, չպնդեց դրա պահպանումը՝ ասելով, որ համաձայն է աջակցել ցանկացած կարգավորման, եթե այն լինի կողմերի համաձայնությամբ։

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմանը հասնելուն, մասնակցել ճգնաժամի կարգավորմանն այն մասով, որտեղ դա պահանջված է կողմերի համար, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե մենք ինչ-որ բան կարող ենք անել, որպեսզի խաղաղության համաձայնություն կնքվի, գործը հասցվի սահմանազատման, սահմանագծման, ապաշրջափակման… համապատասխան ուղղությունների լոգիստիկայում եւ տնտեսությունում, մենք ուրախ կլինեինք»,- ասել է Պուտինը նեղ կազմով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների ընթացքում։

Նա ավելացրել է, որ  Ռուսաստանն էլ է բախվում ճգնաժամերի, «նախ եւ առաջ, իհարկե, ուկրաինական ուղղությամբ», սակայն Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասի իրավիճակին, այդ թվում վերջին մի քանի տարիներին, թելադրում է նրան այդ իրադարձություններին մասնակցության անհրաժեշտությունը, «այն մասով, որտեղ դա պահանջված է կողմերի համար»։