“Հադրութում մտել են մարդկանց տները, եւ այնտեղ սարսափելի դեպքեր են տեղի ունեցել”

44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանցիները Հադրութում մտել են մարդկանց տները, եւ այնտեղ սարսափելի դեպքեր են տեղի ունեցել։ Հադրութի շրջանում մնացած քաղաքացիական բնակչությունը դաժանաբար սպանվել է։ Այս մասին «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովում ասաց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։

«23 խաղաղ բնակիչներ սպանվել են իրենց տներում կամ բակերում, 16 հոգի դեռ անհետ կորած են համարվում, այդ թվում՝ 4 կին եւ 2 երեխա։ Սպանվածներից ամուսիներ Դավիթ եւ Նինա Դավթյանները Հադրութի Վարդաշատ գյուղից էին։ Նինա Դավթյանը կույր էր, 82 տարեկան։ Ամուսինը՝ Դավիթը 86 տարեկան էր։ Նինա Դավթյանին գնդակահարել են իր անկողնում, նրա մարմնի վրա գնադակի տեղ էր, նաեւ գլխին էր կրակած։ Դավիթ Դավթյանին գլխատել են հենց իր բակում։ Նրանց մարմինները գտել են երկու ամիս հետո։ Կամո Դավթյանը սպանվել է իր բակում, Բաքվից փախած Լենա Հակոբյանին գլխատել ու մասնատել են իր երկու հարեւանների հետ եւ երեքին հուղարկավորել հենց իրենց բակում։ Նրա ամուսնուն՝ Բենիկ Հակոբյանին մենք տեսել ենք հրապարած տեսանյութերով, որ ձեռքերը բարձրացրած գերի են տանում, բայց նրա ճակատագիրն առ այսօր անհայտ է։ Երկու տղամարդու գնդակահարել են հենց Հադրութի կենտրոնի հրապարակում, տեսանյութը կար համացանցում։ Նրանց փաթաթել են Արցախի դրոշով ու գնդակահարել։ Եվս մեկ տղամարդու գնադակահարել են Հադրութի մոտակայքում գտնվող Նուրաշեն գյուղում։ Անկողնային հիվանդին՝ Էռնեստին չեն կարողացել հանել, այդ մարդուն նույնպես մասնատել են։ Անհետ կորածներից երկու կին Մելիքաշեն գյուղից էին՝ մայր ու աղջիկ էին, նրանց չէին կարողացել հանել։ Եվս երկու անհետ կորած ունեին առողջական խնդիրներ, նրանց նույնպես չհաջողվեց համոզել, որ դուրս գան։ Իմ աշխատակցուհու հորն ու եղբորը գերի են տարել, ընդ որում՝ հորը տարել են Բաքու, հետո հետ են բերել։ Այդ մարդն արդեն կիսամարդ էր, որովհետեւ նրա մարմինն ամբողջությամբ կապտած էր։ Ձեռքերից ու ոտքերից կապել եւ կախել են 76 տարեկան տղամարդուն։ Նա վերադառնալուց հետո ընդամենը մեկ տարի ապրեց։ Իսկ իր որդուն՝ Կարախանյան Արսենին երկու ամիս պահել են Հադրութում եւ տանջամահ արել։ Ես 10 ֆիլմ եմ պատրաստել այս դեպքերի մասին, այդ ամենն ուղարկվել է միջազգային դատարաններ ու միջազգային կազմակերպություններին»,- ադրբեջանական վայրագություններից մանրամասներ ներկայացրեց Մարգարիտա Քարամյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը պղծել է հայերի գերեզմանատները, Հադրութի հուշահամալիրը։ Ադրբեջանը նաեւ բնապահպանական վնաս է հասցրել Արցախին։ Արցախի շրջափակման օրերին Սարսանգի ջրամբարն ամբողջովին ցամաքել էր, որովհետեւ Արցախը մնացել էր առանց էլեկտրաէներգիայի, եւ ստիպված էին ջրամբարն օգտագործել ու էլեկտրաէներգիա ապահովել մարդկանց։ Պատերազմի ժամանակ օգտագործվել են ֆոսֆորային ռումբեր, որոնք մեծ վնաս են պատճառել Արցախի անտառներին։ Հադրութի անտառն ամբողջությամբ այրվել էր 2020 թվականին։ «Էկոլոգիան պահպանում են մարդու համար, իսկ եթե մարդու կյանքն արժեք չունի, ուրեմն բոլոր պայքարներն անիմաստ են»,- ասաց Մարգարիտա Քարամյանը։

 

“Ադրբեջանն այսօր պատերազմում է մեր ժողովրդի հիշողության դեմ”

Ադրբեջանը Արցախում կիրառում է դեռ 1920-ական թվականներից որդեգրած իր քաղաքականությունը՝ տարածքի ազատում հայկական հետքից։ Այս պահին փորձում են ջնջել Արցախի հայկականությունը, դրանով նաեւ փորձելով փակել հայերի վերադարձը հայրենիք։ Այս մասին այսօր «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովում ասաց հուշարձանների պահպանության մասնագետ Արմինե Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ Արցախի տարածքում բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ պարզապես ավարվել են։ Դրանց թվում է նաեւ Շուշիի 19-րդ դարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ Կանաչ ժամը։ 2023 թվականի ապրիլին պարզ դարձավ, որ այն հիմնահատակ ավերվել է։ Հիմնահատակ ավերվել են նաեւ Բերձորի Սուրբ Համբարձման եւ Մեխակավանի Զորավոր Աստվածածնի եկեղեցիները։ Ոչնչացվել են նաեւ խաչքարեր, հուշահամալիներ։

«Այս քաղաքականությունը տարվում է մի քանի ուղղությամբ՝ առաջինը, ժառանգության ֆիզիկական ոչնչացում եւ երկրորդը, ժառանգության բռնի օտարում կամ բռնայուրացում։ Շատ դեպքերում Ադրբեջանը մեր հոգեւոր օջախները ներկայացնում է որպես աղվանական, ուդիական եկեղեցիներ՝ դրանով օտարելով հայերի մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանի նախագահը, այցելելով Հադրութի շրջանի Ծաղկավանք եկեղեցի, հրահանգել էր վերացնել հայկական բոլոր այն արձանագրությունները, որոնք կան մեր եկեղեցիների վրա՝ ասելով, որ դրանք ֆեյք արձանագրություններ են։ Երկրորդ ամենամեծ մարտահրավերն այն է, որ Ադրբեջանը վերջին շրջանում հիմնահատակ ավերում է նաեւ Արցախի բնակավայրերը։ Մենք ունենք մի քանի բնակավայրեր, որոնք ընդհանրապես արդեն գոյություն չունեն որպես այդպիսին։ Այդ թվում են՝ Քարին տակ, Մոխրենես գյուղերը։ Վերջին շրջանում նաեւ շատ ինտենսիվ կերպով վերացվում են Ստեփանակերտի թաղամասերը։ Մենք արդեն ունենք Ստեփանակերտի ավերված 19-րդ դարի թաղամաս։ Սա նույնպես փաստում է այն մասին, որ Ադրբեջանը գետնի վրա վերացնում է այդ տարածքի հայկականության պատմական փաստերը»,- ասաց նա։

Արմինե Հայրապետյանը նշեց, որ Արցախում ոչնչացվում են նաեւ հայկական գերեզմանոցները։ «Պատմամշակութային ժառանգությունը դա որեւէ ժողովրդի հիշողության կրիչն է։ Ադրբեջանն այսօր պատերազմում է մեր ժողովրդի հիշողության դեմ, որպեսզի ամեն ինչ վերացնի։ Դա նաեւ հոգեբանական ճնշում է, որպեսզի արցախահայությունը վերադարձի հետ հույսեր չկապի։ Երեւի թե հաշվարկ են անում այն մտքի վրա, որ տուն չունենալով՝ արցախցին վերադարձի պահանջ չի դնի։ Եվ շատ ցավալի է, որ Ադրբեջանում այսօր անցկացվող COP29-ին մասնակցող երկրներից որեւէ մեկի համար կարեւոր չեն այն համամարդկային արժեքները, ի դեմս հայկական պատմամշակութային ժառանգության, որոնք այսօր վերացվում են Արցախում։ Այդ երկերեսանիությունը, որը կա աշխարհում, երբեմն մեզ հուսահատեցնում է։ Միջազգային հանրությունը, որը որպես մարդու իրավունքների պաշտպան է հանդես գալիս, պետք է փորձի կանգնեցնել այն հայատյաց մեքենան, որը մարդկային ճակատագրերի եւ ողբերգությունների պատճառ է հանդիսանում»,- հավելեց Արմինե Հայրապետյանը։

Գերիների ազատ արձակման հարցը կապված է քաղաքական պահանջների բավարարման հետ

2020 թվականի պատերազմից հետո հարյուրավոր հայեր գերեվարվել են՝ նախնական տվյալներով՝ նրանց թիվը գերազանցում է 300-ը։ Այս մասին այսօր «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ մեծ ջանքերի շնորհիվ շուրջ 210 գերիներ հայրենադարձվել են։ Բայց 23 պաշտոնապես հաստատված հայեր այսօր գտնվում են Բաքվի բանտերում։ Նրանց ազատ արձակման հարցը ոչ թե կապված է բուն կոնֆլիկտի հետ, այլ քաղաքական պահանջների բավարարման հետ։ Այդ 23 անձանցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, մյուսները՝ 2023 թվականին։ Նշված 23 թիվը ներառում է նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այսինքն՝ ունենք 8 քաղաքական բանտարկյալներ՝ ի դեմս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության։

«Անազատության մեջ գտնվող հայերի շարունակական կալանավորումը պետական քաղաքականության մաս է, որը շահարկվում է բանակցային գործընթացում։ Ի սկզբանե մեծաթիվ գերիների վերաբերյալ տեսանյութեր ցուցադրվեցին, վաղ փուլում ադրբեջանական կողմը հրաժարվում էր հաստատումներ տալ, տեւական ժամանակ ընտանիքները գտնվում էին անարոշության մեջ։ Եվ այս անորոշությունն էլ հավելյալ հոգեկան տառապանքներ պատճառելու միտում ուներ։ Բարեբախատաբար, դատական գործընթացների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շնորհիվ գերեվարման դեպքերն սկսեցին հաստատվել։ Ավելի ուշ փուլում նաեւ գերեվարվածների հետ տեսակցությունների հնարավորություն ապահովվեց»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ այս անձանց ազատ արձակումը կապված է եւ քաղաքական, եւ դիվանագիտական, եւ իրավական աշխատանքի հետ։ «Խոշտանգումների դեմ պայքար մղող որեւէ միջազգային մեխանիզմ երեբեւ ի վիճակի չի եղել մուտք գործել եւ տեսակցել այնտեղ գտնվող գերիներին։ Արտաքին աշխարհի հետ կապը բացառապես ապահովվում է ԿԽՄԿ-ի շնորհիվ։ Բայց արձանագրեմ, որ կոնֆլիկտի վաղ փուլում արգելափակված է եղել նաեւ ԿԽՄԿ գործունեությունը»,- ասաց նա։

Սիրանուշ Սահակյնաի խոսքով՝ Բաքվի բանտերում գտնվող հայերը խոցելի վիճակում են, քանի որ նրանց շահերը չեն պաշտպանում անկախ փաստաբանները։ Իսկ Ադրբեջանում լիցենզիա ստացած եւ վախի մթնոլորտում գործունեություն ծավալող փաստաբաններն ի զորու չեն ապահովել իրավաբանական օգնությունը։ «Հայերանադարձվածների հետ մեր հանդիպումներն էլ վերահաստատում են, որ փաստաբանի ներգրավվածությունը եղել է ձեւական, նրանց չեն տեսակցել, չեն քննարկել գործերը։ Եվ շատ ավելի վատ պրակտիկա է գրանցվել, երբ նրանք ենթարկվել են վատ վերաբերմունքի նաեւ փաստաբանների ներգրավվածությամբ»,- հավելեց նա։

Ահա թե ինչու է Բաքուն պահանջում Հայաստանից՝ հետ վերցնել իրավական գործընթացները եւ միայն քաղաքական բանակցություններ վարել

«Ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան շատ վախենում դատական գործընթացներից, որովհետեւ դատական գործընթացում ճշմարտությունը բացահայտվում է հեշտությամբ։ Այն, ինչ մենք կրկին տեսանք՝ Հայաստանը երկու գործերով էլ շահեց, առ այն, որ հայ զինվորականների ու քաղաքացիների սպանությունն ուղղակի դիտավորություն էր, այդ համատեքստում՝ նաեւ բռնի տեղահանումը։ Մի քանի օր առաջ զեկույց հրապարակվեց իրավապաշտպանների կողմից, եւ այնտեղ մի շատ պարզ վերանագիր էր՝ իսկ ո՞ւր են Արցախի հայերը, ինչո՞ւ նրանք այնտեղ չեն ապրում։ Պարզ է, չէ՞՝ եթե 2000 տարի ապրել են այնտեղ մարդիկ եւ այսօր չկան, դա չես կարող բացատրել նրանով, որ մարդիկ ուղղակի գնացել են։ Պարզ է, որ նրանց վռնդել են, այն էլ՝ ռազմական գործողությունների միջոցով»,- այսօր «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Նրա խոսքով՝ վերադարձի իրավունքը պետք է լինի, եւ Ադրբեջանը չի կարող հերքել վերադարձի իրավունքը։ «Թեեւ միջազգային իրավունքում դուք բառացիորեն չեք գտնի այդ արտահայտությունը, բայց վերադարձի իրավունքը սովորույթային նորմ է։ Այսինքն՝ հարյուրամյակներ շարունակ պետություններն ընդունել են, որ բռնի տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ իրենց տները։ Այլ բան է, որ Ադրբեջանը դա օգտագործում է հայելանման իր փաստարկները ներկայացնելով, որ այդ դեպքում «ադրբեջանցիներն էլ պետք է իրավունք ունենան վերադառնալ Հայաստան»։ Եթե Հայաստանն առաջ է բերում վերադարձի իրավունքի հարց, ապա Ադրբեջանը փորձում է դա հակակշռել 1992-1994 թվականների պատերազմի արդյունքներով»,- հավելեց նա։

Արա Ղազարյանի խոսքով՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ որքան ժամանակը հոսի, այնքան այդ բեռն իրենց վրա մեծանալու է, իրենք չենք կարող հերքել, որ արցախցիներն իրավունք ունեն վերադառնալ։

«Եվ նրանք դա չեն էլ հերքում, այլ դրա փոխարեն հակափաստարկներ են բերում իրենց վերադարձի իրավունքի մասին։ Որպես լավ հասկանանք վերադարձի իրավունքը, դա ընդամենը տուն վերադարձ չէ, դա վերադարձ հայրենիք է։ Հայրենիքը դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տասնյակ բաղադրիչներն են։ Կարեւոր նշանակություն ունի քո սեփական երկիր վերադարձը, որտեղ երկիր բառը չի ասոցացվում քաղաքացիության հետ, այլ ասոցացվում է ազգության հետ։ Իսկ ազգությունն էլ ասոցացվում է այնպիսի բաղադրիչների հետ, որոնք յուրաքանչյուրիս համար իր հայրենիքն է՝ դա տունն է, եկեղեցիներն են, պատմությունն է, համայնքն է, բնիկ լինելու հանագմանքն է։ Այս գաղափարները դուք կգտնեք ՄԻԵԴ վճիռներում։ Եվ Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է, դրա համար հանկարծ Ալիեւը հիշեց, որ «Արեւմտյան Ադրբեջան» կա։ Այսինքն՝ նրան հուշեցին՝ եթե դու միայն գույքի վրա շեշտը դնես, որ մենք գույք ենք թողել Հայաստանում, մեծ հաջողության չես հասնի, որովհետեւ տեսական հիմքը թույլ է։ Իսկ եթե «հայրենիք» գաղափարը շահարկես, որ «Արեւմտյան Ադրբեջան» է եղել Հայաստանի տարածքում, կարող ես շատ ավելի լայն ներկայացնել տեսական հիմքերը, որ այնտեղ պատմություն ես թողել, որն իրականում չկա։ Իրականում կա միայն անշարժ գույք, որը թողել են ադրբեջանցիները Հայաստանի որոշ տարածքներում»,- նշեց Ղազարյանը։

Ըստ մասնագետի՝ այսօր միջազգային հանրության գնահատականն Ադրբեջանի նկատմամբ բացասական է, որովհետեւ Արցախում հայեր չեն ապրում։ Եվ Ադրբեջանը վախենում է դատական գործընթացներից, որովհետեւ վերադարձի իրավունքի հետ միասին պարզվել է, որ Ադրբեջանը միջազգային հանցագործ պետություն է եւ տարածաշրջանում բազմաթիվ հանցագործություններ է կատարել՝ ընդհուպ մինչեւ մարդկության դեմ հանցագործություններ։ «Եվ դրա համար է պահանջում Հայաստանի Հանրապետությունից՝ հետ վերցնել իրավական գործընթացները եւ միայն քաղաքական բանակցություններ վարել, որտեղ Ադրբեջանն ունի առավելություն եւ կարող է վերադարձի իրավունքը ասիմետրիկ կերպով կապել ադրբեջանցիների վերադարձի հետ։ Դրանով են շատ լավ այս դատական գործընթացները, որտեղ գերիշխում է նորմը, այսինքն՝ օրենքի գերակայությունը, որտեղ նույնիսկ պատերազմի դաշտում պարտված պետությունը կարող է 4։1 հաշվով պարտության մատնել Ադրբեջանին։ Արդարադատության միջազգային դատարանում երկու օր առաջ մենք դա տեսանք, որ Ադրբեջանի բազմաթիվ միֆեր ցրվեցին, եւ Հայաստանը որոշակի առավելություն ձեռք բերեց, այդ թվում՝ վերադարձի իրավունքի հարցով»,- ասաց Արա Ղազարյանը։

 

Աննա Մելիքյան․ Արցախում քաղաքացիական անձանց դաժան սպանությունները արձագանք չստացան

«Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով քննարկման ժամանակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանն անդրադարձավ Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործություններին։

Դեռեւս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրականացված մոնիթորինգի միջոցով պարզել էին, որ զոհված շուրջ 80 քաղաքացիական անձանցից մոտ կեսը զոհվել են դիտավորությամբ սպանության հետեւանքով։ Եվ նրանց մեծ մասը տարեց մարդիկ էին։

«Բոլորդ տեսել եք ահասարսուռ դրվագներ, բայց դրանք ավելին էին, ոչ բոլորն են հրապարակային ցուցադրվել։ Ցավոք սրտի, արձանագրել ենք տարեց անձանց գլխատումներ, խոշտանգումներ, գնդահակարություններ։ Քիչ ենք խոսել տուժած կանանց մասին․ փորձագիտական տվյալներով՝ առնվազն 7 կին ենթարկվել են խոշտանգման, այդ թվում՝ գլատվել են։ Նրանք ողջ են եղել, մինչեւ ընկել են ադրբեջանական զինծառայողների ձեռքը, որոնց կողմից տանջամահ են արվել։ Այդ դեպքերի մասին քիչ ենք խոսել, բայց 2022 թվականին, երբ կին զինծառայողները համանման վերաբերմունքի զոհ դարձան, նոր սկսեցինք խոսել, որ ոչ միայն տղամարդիկ են եղել պատերազմական հանցագործությունների զոհ, այլ նաեւ կանայք։ Երեխաներ էլ են զոհվել, ադրբեջանական զինծառայողները ոչ միայն ռազմական օբյեկտներն էին թիրախավորում, այլ ոչ ընտրողական բնույթի հարձակումներ էին իրականացվում»,- ասաց նա։

Աննա Մելիքյանը նաեւ ասաց, որ գերությունից վերադարձած հայ զինծառայողներն իրենց հետ զրույցում պատմել են խոտանգումների ու վատ վերաբերմունքի մասին, որոնց արժանացել են Բաքվի բանտերում։

«Ադրբեջանցիների կողմից հրապարակային ցուցադրվել են նաեւ դիապղծության դեպքեր, կարծես թե հատուկ հպարտությամբ էին ադրբեջանցիները պղծում հայերի մարմինները։ Ունենք դեպքեր, երբ գերիներին են գնդակահարել՝ տեսախցիկի առաջ։ Նման դեպքեր եւ 2016 թվականին են արձանագրվել, եւ շարունակվել են 2020 թվականին ու 2020-ից հետո։ Եվ պատճառն այն է, որ չկա պատժելիություն։ Ցավով պետք է արձանագրել, որ միջազգային հանրություննն էլ թերի արձագանք ցուցաբերեց եւ չդատապարտեց այդ հանցագործությունները։ Եվ կարծես թե միայն մեկ դեպքը՝ Հադրութում քաղաքացիական անձանց սպանությունը մի փոքր հրապարակային լուսաբանվեց եւ արձագանք ստացավ։ Մնացած բոլոր դեպքերը՝ ոչ պակաս ահասարսուռ, դատապարտման չարժանացան»,- հավելեց նա։

Երևանում ընթանում է կոնֆերանս Գրետա Թումբերգի մասնակցությամբ

Երևանում տեղի է ունենում «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և էկոլոգիայի պաշտպանության վրա» խորագրով կոնֆերանս, որի մասնակից է հայտնի էկոլոգ Գրետա Թումբերգը։ Նա հրաժարվել է մասնակցել Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի СОР29 համաժողովին՝ Արցախի հանդեպ Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության և էկոլոգիայի հետ կապված խնդիրների պատճառով։
СОР29-ից անդին՝ օկուպացված Արցախն է, Բաքվի գործողությունները մարդու իրավունքների դեմ և էկոլոգիայի նկատմամբ վայրագությունները։

Առաքյուլի Մարիամ Աստվածածնի եկեղեցի

Հարավային Արցախի ամենանշանավոր ու խոշոր բնակավայրերից է Առաքյալ-Առաքյուլը: Գյուղը 17-րդ դարում նույնպես ենթարկվել է Շահ Աբասի կողմից կազմակերպված հայաթափմանը և շուրջ երկու դար Առաքյուլ գյուղի բնակիչները ապրել են Արաքսի մյուս ափին՝ Ղարադաղում և միայն 1827-28 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո նրանց հաջողվեց վերադառնալ հայրենիք և հիմնել նոր գյուղ, հին անունով։ Բռնագաղթված առաքյուլցիների մի մասը Գյուլիստանի պայմանագրով վերադարձել և հիմնավորվել է պապենական գերեզմանատների կողքին: 2018 թվականի վիճակագրական տվյալներով, գյուղն ուներ 119 բնակիչ։

Առաքյուլի պարծանքը ճարտարապետական խստականոն սկզբունքներով կառուցված Մարիամ Աստվածածին եկեղեցին է: Գտնվում է գյուղամիջի բլրի վրա, որը և շահեկանորեն բարձր է շրջապատի բոլոր շենքերից: Ըստ ականատեսների, եկեղեցին կառուցվել է բաքվաբնակ Մակիչ Գրիգորյանի միջոցներով: Եկեղեցու նախագիծը պատվիրել է Թբիլիսիի ճարտարապետներին, իսկ հարդարանքի համար Բաքվից ուղարկել է յոթ հույն ծեփագործներ: Մնացած աշխատանքները կատարել են տեղացիները:

Ճարտարապետական նորամուծություններով բնորոշ եկեղեցին ունի ուղղանկյուն հորինվածք: Գմբեթի հետ միասին բարձրությունը կազմում է 18 մետր, գրեթե վեց հարկանի շենքի բարձրությամբ: Գմբեթը նստած է չորս խաչաձև, հոյակապ սյուների և դրանք իրար կապող կամարների վրա: Եկեղեցին ունի երեք դուռ, ինը լուսամուտ և երկու խորան: Պատերն իրականացված են տեղական գորշ սրբատաշ ու կոպտատաշ բազալտ քարերով:

Գմբեթի հետ միասին եկեղեցու բարձրությունը կազմում էր 18մ: Գմբեթը նստած էր չորս խաչաձև հոյակապ սյուներին և դրանք իրար կապող կամարների վրա: Եկեղեցին ունի երեք դուռ, ինը լուսամուտ, կիսակլոր բեմ և երկու խորան:

1960- ական թթ.. կեսերին եկեղեցու խոշոր , զարդաքանդակ զանգը տրվեց մարզային թանգարանին: Ավելի քան 200 ֆունտ քաշ ունեցող զանգը 18-րդ դ. գեղեցիկ մի գործ է, պատրաստված Նիժնի Նովգորոդում:

1992թ. ադրբեջանցիների կողմից Առաքյուլը գրավվելուց հետո, թշնամին պայթեցրել է եկեղեցին, սակայն հիմնահատակ կործանել չի հաջողվել:

Այժմ եկեղեցին կրկին անգամ բռնազավթված է Ադրբեջանի կողմից, և ըստ այդմ վտանգված է, քանի որ օկուպանտ երկիրը Արցախում հայկական հետքերի վերացման եռանդագին քաղաքականություն է վարում։

Արմինե Հայրապետյան

Պետդեպարտամենտը կղեկավարի Ռուբիոն, իսկ հետախուզությունը՝ Թալսի Գաբարդը, որը եղել է Արցախում

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը կարողացել է մեծամասնություն ապահովել Ներկայացուցիչների պալատում։ Մինչդեռ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք նոր նշանակումներ է կատարել իր ապագա վարչակազմում․ պետքարտուղարի պաշտոնը կզբաղեցնի սենատոր Մարկո Ռուբիոն, իսկ Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնը առաջարկվել է նախկին կոնգրեսականին, որը կոչ էր անում «ընդունել Ռուսաստանի լեգիտիմ մտահոգությունները» Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Չորեքշաբթի օրը Թրամփը պաշտոնապես նշանակել է Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոյին Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում իր ապագա վարչակազմում։ Հիշեցնենք, որ Ռուբիոն վերջին տարիներին սերտ աշխատում էր հայ համանքի հետ եւ Արցախում էթնիկ զտումների պատճառով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին օրինագծի համահեղինակն է։

Կոնսերվատիվ Fox News հեռուստաալիքի մեկնաբան և նախկին կոնգրեսական Թալսի Գաբարդը նշանակվել է Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում։

Գաբարդը հայտնի է որպես Կիևին ռազմական օգնության տրամադրման հակառակորդ։

Գաբարդը եւս սերտ կապեր ունի ԱՄՆ-ի հայկական կառույցների հետ։ 2017 թվականին նա այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ՝ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի կազմակերպած ֆորումի շրջանակներում։ Նա ծնվել է Հավայան կղզիներում, այն նահանգում, որը 2016 թվականին ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, գրում է «Սպուտնիկը»։

Ով իրավունք ունի գրանցի Արցախից դուրս բերված ավտոները

Lianna Petrosyan-ը իր ֆեյսբուքյան էջում մտորում է կարեւոր հարցի շուրջ․ ով պետք է սեփականացնի Արցախից դուրս բերված մեքենաները, այդ թվում՝ պետական։

Այդ հարցը վերաբերվում է ոչ միայն մեքեններին, այլեւ այն համակարգված մոտեցման բացակայությանը, որի պատճառով արցախցիների կոլեկտիվ իրավւնքի, գույքի եւ շահի հարցը դուրս է բերվում քննարկումներից։ 120 հազար արցախցիներին, որոնց իրավունքից եւ սեփականությունից զրկելը կոլեկտիվ սկզբունքով է իրականացվել, վերաբերվում են որպես առանձին անհատներ, կարծես ամեն մարդ ինքն է որոշել ամեն ինչ թողել, նստել, ասենք, պետության պատկանող մեքենան եւ դուրս գալ։  

Մեքենաների հարցը ակտուալ է, քանի որ ՀՀ կառավարությունը չի վերցնում Արցախից բերված պետական մեքենաները իր բալանս, Արցախի կառավարության բալանս եւս չկա։ Ավտոները կամ պետք է մնային Արցախում, կամ այստեղ որեւէ մեկի վրա գրանցվեն։

Արդյո՞ք դրանք պետք է գրանցվեն որպես պաշտոնյաների սեփականություն, թե՞ վարորդների կամ այն մարդկանց, որոնք եւ դուրս են բերել դրանք Արցախից։

“ՀՀ Կառավարությունը մեկ ամիս առաջ ընդունեց որոշում Արցախից բերված և գրանցում չունեցող, ոչ մասնավոր ավտոտրանսպորտային միջոցների սեփականաշնորհման վերաբերյալ։
Եթե այդ նույն մեքենան կարողանա շահագործել հասարակ վարորդը, ով՝ գուցե պատերազմների մասնակից է, գուցե ընտանիքում ունի կորուստներ՝ թե պատերազմների, թե՝ պայթյունի ժամանակ, կարող է գոնե դրանով տաքսի վարել և հոգալ իր և իր հարազատների օրհասական կարիքները”, գրում է Լիաննա Պետրոսյանը։
Այդ մեքենաները՝ ոչ թանկարժեք ջիպերը, ավելի քան մեկ տարի է, ինչ այստեղ են շահագործվում, որոշումն ընդունվել է ավելի քան մեկ ամիս առաջ, ասել է Պետրոսյանը։
Կառավարության որոշումը կազմված է այնպես, որ մարդիկ խոցելի լինեն ցանկացած որոշման պարագայում․ ինչպե՞ս նրանք կարող են ապացուցել, որ այդ մեքենան իրենցն է, կամ որ իրավունք ունեն դա շահագործելու։
Համակարգված որոշումից հերթական անգամ հրաժարվելը կբերի նոր կոնֆլիկտների եւ ներքին անհանդուրժողականության։ Գուցե, դա՞ է նպատակը։

Ռուսաստանի անձնագիր ունեցող հայերը նոյեմբերի 23-ից կարող են կորցնել քաղաքացիությունը

Այն անձինք, ովքեր 2017 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 22-ն արտերկրում Ռուսաստանի քաղաքացիություն են ընդունել և երդում չեն տվել, պետք է դիմեն Ռուսաստանի արտասահմանյան հաստատություն, որտեղ քաղաքացիություն ստանալու դիմում են ներկայացվել, հայտնել Է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը։
Նշվում է, որ մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը քաղաքացիություն ընդունած անձինք երդում տալու խնդիր չունեն:
Երդման ընթացակարգը ռուսաստանյան օրենսդրության պահանջ է դարձել 2017 թվականի սեպտեմբերի 1-ից և տարածվում է 18 տարին լրացած բոլոր դիմողների վրա: Սկսած այդ պահից` Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու որոշումն ինքնին հիմք չէ անձին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ճանաչելու համար: Քաղաքացիությունը ձեռք է բերվում անձի երդման պահից, այլ ոչ թե որոշման կայացման օրվանից:
Այն անձինք, ովքեր ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, սակայն երդման ընթացակարգ չեն անցել, 2024 թվականի նոյեմբերի 23-ից կզրկվեն Ռուսաստանի քաղաքացու կարգավիճակից։

Ռուսաստանը խոստովանեց, որ ինքն է ուզում “հուղարկավորել” Մինսկի խումբը

Ռուսաստանն ինքն էլ էր դժգոհ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից, ինչի մասին բազմիցս և բացահայտ հայտարարել է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ինքներս էլ դժգոհ էինք այդ կառույցի աշխատանքից, շատ էինք քննադատում այն, հատկապես այն բանից հետո, երբ արևմտամետները սկսեցին բացահայտ արգելափակել խմբի աշխատանքը», – ասաց Զախարովան:
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն պատմության մաս է դարձել: Բաքուն Երևանին առաջարկում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։
Մինսկի խումբը չի հայտարարել ինքնալուծարման մասին, և դրա մանդատը գործում է մինչև այժմ։ Մոսկվան, ըստ էության, ընդունում է, որ ՄԽ-ի պահպանումը առաջին հերթին անբարենպաստ էր իրեն համար։
Զախարովայի խոսքով` այն ամենը, ինչ դրական էր ԵԱՀԿ ՄԽ-ում, հիմնականում հիմնված էր ռուսական մշակումների վրա, որոնք արտացոլվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ պայմանավորվածություններում:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ 2022 թվականի փետրվարին արևմտյան երկրները թաղեցին ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ նրանք տրամադրված են պաշտպանելու սեփական շահերը, քաղաքականացնելու խնդիրը, այլ ոչ թե կարգավորելու այն։
«Մինսկի խումբը մենք քննադատում էինք տեղին և կոշտ։ Ընդհանուր առմամբ, իրավիճակի կարգավորման նպատակով մենք խմբի գործունեության մեջ ունենք ավանդ, որը բարձր մակարդակով բազմիցս գնահատվել է երկու երկրներում (Հայաստանում և Ադրբեջանում, – խմբ.)», – ասաց Զախարովան։

Երեկոյան տանը Աղազարյանը մայկով հավեսին ծիծաղում է բոլորի վրա

Աժ-ում բյուջեի քննարկմանը՝ մտքերի փոխանակության ժամին, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն, որը մինչեւ 1998 թ․ ՀՅԴ երդվյալ անդամ էր, անդրադարձավ մինչ օրս ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանի ելույթին:

«Հայ ժողովուրդն այն փոքրաթիվ ազգերից է մարդկության պատմության մեջ, որ հազարամյակների բովով անցնելով՝ այսօր ունի պետականություն»,- ասաց Աղազարյանը:

Աղազարյանը մեկ այլ օրինակ էլ բերեց. «Պարոն Ռուստամյան, մի լավ, զգացմունքային երգ կա՝ «Երթամ, հասնիմ զիմ Կիլիկիա»: Այդ երգը, երբ լսում եք, ի՞նչ ասոցիացիաներ եք ունենում։ Օրինակ՝ երբ ես լսում էի այդ երգը պատանեկան տարիքում, երիտասարդ տարիքում, լացում էի, բայց երբ մի քիչ մեծացա, ավելի ուսումնասիրեցի այդ դրվագները, հասկացա, բայց ես ինչի՞ համար եմ Կիլիկիայի համար լացում, ինչի՞ համար անտեղի էներգիա ծախսում դրա վրա: Կիլիկիան ո՜ւր, ես ո՜ւր։

Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ, Վանն իմ պատմական հայրենիքն է, Կարսն իմ պատմական հայրենիքն է։ Էն ժամանակ Ձեր նման կրթված, զարգացած, ուժեղ տղերք, թողեցին մեր հայրենիքը, գնացին ուրիշ տեղ, պետություն ստեղծեցին։ Փառք Աստծո, որ Դուք չեք թողնում հայրենիքը, պայքարում եք իշխանության գալու համար, որ մեզ հեռացնեք իշխանությունից։

Մենք էլ էդ ամեն ինչը հաշվի առնելով, փորձում ենք այնպես անել, որ սխալներ թույլ չտանք»,-դիմելով դաշնակցական Արմեն Ռուստամյանին, ասաց Հովիկ Աղազարյանը։