
Ռուսական բանակը լիովին վերահսկողության տակ է վերցրել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքը և շարունակում է հարձակումը բոլոր ուղղություններով, հայտարարել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
Նա ասել է, որ 2026 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել ավելի քան 1700 քառակուսի կիլոմետր տարածք և 80 բնակավայր։
Մարտի վերջին Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարեց, որ Ռուսաստանը, ամերիկյան կողմի հետ շփումներում, Ուկրաինային երկու ամիս է տվել Դոնբասից իր զինված ուժերը դուրս բերելու համար։ «Եթե Ուկրաինան չհեռանա, ապա Ռուսաստանը կգրավի Դոնբասը, և այդ ժամանակ կլինեն այլ պայմաններ», – ռուսական պայմանները թվարկել է Ուկրաինայի առաջնորդը։
Երեկ Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասից ուկրաինական բանակի դուրսբերումը ռազմավարական կորուստ կլինի Կիևի համար։
«Նրանք ուզում են, որ մենք դուրս գանք Լուգանսկի և Դոնեցկի շրջաններից։ Իհարկե, ռազմավարական առումով սա կորուստ է մեզ համար, ռազմական առումով՝ սա կորուստ է զինված ուժերի համար։ Ամրացումներ, պաշտպանության գիծ, մենք անկասկած թուլանում ենք», – ընդգծել է Զելենսկին։