Բեռնատարների վարորդները փակել են Վրաստանի սահման տանող ճանապարհները

Հայ բեռնատարների վարորդները փակել են Վրաստանի սահման տանող միջպետական ​​ճանապարհները Բավրա, Բագրատաշեն և Գոգավան գյուղերի մոտ։ Նրանք պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները լուծեն միգրացիայի սահմանափակումների հարցը իրենց ռուս գործընկերների հետ։

2025 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանում ուժի մեջ են մտել «Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» թիվ 115 դաշնային օրենքում կատարված փոփոխությունները, որոնք սահմանափակում են վիզայից զերծ երկրների քաղաքացիների մնալու տևողությունը։ Այժմ Ռուսաստան ժամանող օտարերկրացիները, որոնք մուտք են գործում աշխատանքից բացի այլ նպատակներով (եթե նրանց միգրացիոն քարտում «աշխատանքի» նպատակը նշված չէ), կարող են մնալ Ռուսաստանի Դաշնությունում օրացուցային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 90 օր։

ԵՄ-ն նոր ձևաչա՞փ է ստեղծում

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպական միության կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը։

“Գտնվելով խաչմերուկում՝ Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող շղթայում: Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել օգոստոսի 8-ին, կնպաստի փոխշահավետ տրանսպորտային կապերի զարգացմանը՝ ներառյալ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա անբաժանելի մասը՝ TRIPP ուղին («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») Հայաստանում, որոնք բոլորը գործելու են պետությունների լիակատար  ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո:

Ինչպես որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ձևակերպեց ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովում. «Հայաստանի սահմանների բացումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ լինելու է խաղի կանոնները փոխող իրադարձություն», ասել է Միրզոյանը:

Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են, որ Արևելյան գործընկերության փոխարեն ԵՄ-ն շուտափույթ ստեղծում է նոր ձևաչափ, որին կմասնակցեն Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրները, Ուկրաինան և Թուրքիան։ Նշվում է, որ ԵՄ-ն փորձում է մեծացնել իր դերը նոր տրանսպորտային նախագծերում։

Ինչի՞ համար են Գյումրու քաղաքապետին ձերբակալել՝ ռուսամետությա՞ն, թե՞ կոռուպցիայի

“Հայաստանում շարունակվում է կոռուպցիայի դեմ լայնածավալ արշավը, որը հանգեցրել է երկրի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Շիրակի քաղաքապետի ձերբակալությանը: Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու կոչ անող Վարդան Ղուկասյանը այժմ մեղադրվում է կաշառակերության և լիազորությունների չարաշահման համար”։

Նմամ տեղեկություններ են հայտնվել հատկապես ուկրաինական և ադրբեջանական լրատվամիջոցներում, որոնք, թաքնվելով “հակառուսականության” տակ, արդարացնում են Հայաստանում ներքին կայունությունը խաթարող Փաշինյանի ցանկացած քայլ։

Եթե Փաշինյանն ասում է՝ հոգևորականները «ագենտ են», ինչու այ՛դ հիմքով չի ձերբակալում․ վախենո՞ւմ է ՌԴ-ից, Factor-ի եթերում ասում է Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։

Իշխանամետ ուժերը Հայաստանում ևս շեշտում են Գյումրիի կոմունիստ-քաղաքապետ Վարդան Ղուկասյանի Միութենկան պետությանը միանալու մասին խոսքերը։ Գագիկ Մելքոնայնը նույնիս որոշել է, որ Ղուկասյանը իրաունք չունի Հայաստանում ապրել։

Իսկ ՀԷՑ-ը սեփականաշնորհող Ռոմանոս Պետրոսյանը չի թաքցնում, որ ամեն ինչ կապված է անցած ընտրությունների հետ․ “Գյումրիում «կոնսենսուս – 1» ձևաչափի անփառունակ վախճանի ականատեսն ենք”։  Ասել կուզի՝ դա այլևս չի կրկնվի, ընդդիմությունը չի հաղթի․ Փարաքարի սպանված քաղաքապետն ու Վարդան Ղուկասյանը վկա։

Մի քանի օր առաջ Վարդան Ղուկասյանը ասել է, որ ինքը հայամետ է և եթե հանդիպի Պուտինին, կհարցնի՝ թե ինչ եղավ Նախիջևանի հետ։

Ուկրաինական և ադրբեջանական լրատվամիջողները դրա մասին չգրեցին։ Սակայն, գուցե, հենց Նախիջևանն է դարձել Ղուկասյանի ձերբակալության պատճառ՝ արդեն Ռուաստանի “դաբրո”-ով։

Գյումրին սակրալ քաղաք է Հայաստանում, ցավոք, ոչ միայն գյումրեցու թասիբի և շնորհքի պատճառով։  Քաղաքաը համարյա Թուրքիայի հետ սահմանին է գտնվում, Գյումրում տեղակայված է ռուսական բազա, և ոչ ոք չի հաշվել, քանի գյումրեցի ունի ռուսական անձնագիր։ Ցանկացած անկարգություն կարող է զինված ներխուժման առիթ դառնալ։ Եւ տպավորությունն այնպիսին է, որ հենց այս սցենարն են սադրում բոլոր “շահագռգիր” կողմերը։

Ինչպես են գյումրեցիները արտահայտվում իշխանությունների մասին

Կեօսօրին Գյումրիում մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել, քաղաքապետարանի շենքի մոտ էին հավաքվել քաղաքացիները եւ բողոքում էին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու քաղաքապետարանի այլ պաշտոնյաների ձերբակալության դեմ։ Գումրեցիներից մեկն ասաց, որ Փաշինյանն Ալիեւի պես զորք է ուղարկել իրենց վրա։

«Փաշինյանը թող հիշի, որ ստեղից սկսեց իր երթը, երեւանցիք իրեն բանի տեղ չդրին։ Բայց ինքը պիտի մեզնից հեռու մնա, շատ հեռու, ստղից սկսել է, ստեղից էլ ինքը կպրծնի»,- ասաց գյումրեցիներից մեկը։

Գյումրեցիներն ասում են, որ Փաշինյանը Գյումրիիի քաղաքապետի պաշտոնում ցանկանում է դնել իր դրածոյին, որպեսզի իր համար բարենպաստ իրավիճակ ստեղծի 2026 թվականի ընտրություններում։

«Ստեղ կա մի շիզոֆրենիկ, որը հային ատում է, դա գործող վարչապետն է։ Դավաճանի ձեռքը էս ժողովուրդն ու ոստիկաններն ընկել են կրակը։ Ստեղ արդեն հարցն էն է, որ հայը Հայաստանի մեջ պայքարում է հայ մնալու համար»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Գյումրեցի մի կին էլ նշեց․ «Մեր զոհերի արյունը կորավ՝ Արցախը տալով։ Ոտնատակ տվեցին ամբողջ հայ ազգին, ամբողջ աշխարհը ծիծաղեց, այսպիսի ազգասեր, թասիբով ազգը կոտորել եք, հեռացեք։ Արցախը տվեցինք ու դուրս եկանք, շատ ամոթ է այս ազգի համար»

Գյումրիիի քաղաքապետարան է գնացել փոխոստիկանապետը եւ փորձում է հանգստացնել վրդովված գյումրեցիներին։

«Տեղի ունեցողը կարող եմ նկարագրել որպես քաղաքական հաշվեհարդարներ»․ Աննա Գրիգորյան

«Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը փորձում է չեզոքացնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց խոսքով ու գործունեությամբ որեւէ ազդեցություն կարող են ունենալ՝ լինի դա համայնքում, լինի հոգեւոր դասի ներկայացուցիչներ։ Բայց վերջին օրերին տեղի ունեցողը կարող եմ նկարագրել որպես քաղաքական հաշվեհարդարներ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ երկու համայնքում է վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվել՝ Փարաքարում ու Գյումրիում։ «Փարաքարի համայնքապետը՝ Վալոդյա Գրգորյանը սպանվել է, իսկ ամբողջական բացահայտում մինչեւ այսօր տեղի չի ունեցել, ինչքան էլ Քննչական կոմիտեն ասի, թե բացահայտել են անձին, ով կրակել է։ Միեւնույն է, ես տեսնում եմ, որ այնտեղ քրեական ենթատեքստ է, եւ ամբողջական բացահայտում պետք է լինի։ Մի դեպքում ունենք սպանված ընդդիմադիր քաղաքապետ, մյուս դեպքում էլ Գյումրիի համայնքապետը՝ Վարդան Ղուկասյան այսօր ձերբակալվել է։ Ես չգիտեմ՝ իրավական ինչ հիմնավորում կդնեն տակը, բայց ակնհայտ է, որ սա քաղաքական ենթատեքստ ունի։ Հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց, որ Վարդան Ղուկասյանին դուրս կշպրտեն հանրային քաղաքական կյանքից, եւ հիմա դրա գործընթացն է տեղի ունենում»,- ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ չկա իրավական գործընթաց, կա մեկ անձ, ով այսօր եւ դատավոր է, եւ դատախազ է, եւ քննիչ է, եւ փաստացի երկրի վարչապետի աթոռն է զբաղեցնում։ «Նույնիսկ փաստաբանն իր գրառման համար գետնին է տապալվում, ձերբակալվում ու կալանավորվում»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է Վաղարշապատի ընտրությունների միջոցով այնպիսի մթնոլոտ ստեղծել, որ 2026 թվականի համապետական ընտրություններից առաջ գոնե որեւէ հաջողություն ունենա։ «Բայց որքան շատ լինեն ռեպրեսիաները, սա ուղղակի հակարդարձ ազդեցությունն է ունենալու քաղաքական մեծամասնության վրա։ Որքան իրենք շատ ռեպրեսիոն ալիքն ուժեղացնեն, այնքան ժողովրդի հակազդեցությունը լինելու է։ Ուժով հնարավոր չէ մշտապես իշխանություն պահել։ Եթե նույնիսկ ժողովուրդն այդ հակազդեցությունը չի դրսեւորում փողոցային շարժումների ժամանակ, այդ հակազդեցությունը դրսեւորվելու է ընտրատեղամասերում։ Թող ինքը չմտածի, որ Սաակաշվիլիից ուժեղ տղա է, Քադաֆիից ուժեղ տղա է, քեզ նման բռնապետե՞րն են անցել-գնացել։ Էս ռեժիմն ավարտվելու է միանշանակ»։

Անդրանիկ Քոչարյան․ զեկույցի հրապարակմանը քրեական գործեր կհաջորդեն

«Զեկույցը գտնվում է գաղտնի բաժնում, որոշումը կայացրել է անձամբ ԱԺ նախագահը՝ հենվելով պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի եզրակացության վրա»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 44-օրա պատերազմի հանգամանքներն ուղումնասիրող քննիչ հանձնաժղովի զեկույցը չհրապարակելուն։

Քոչարյանն ասաց, որ պատգամավորները, ովքեր ունեն գաղտնիության թույլտվութուն, կարող են ծանոթանալ այդ զեկույցին։ «Եթե գոյություն ունի զեկույցը, որը հանձնաժողովի նախագահի կողմից ուղարկվել է ԱԺ նախագահին, ԱԺ Կանոնակարգ օրենքն ասում է, որ ԱԺ նախագահին ուղարկելուց հետո ԱԺ նախագահը մեկամսյա ժամկետում պետք է որոշում կայացնի՝ հաջորդ կանգառը որտե՞ղ կլինի։ Լիագումար նիստ՝ գրված է Կանոնակարգ օրենքում, 25 եւ 26-րդ հոդվածը կարգավորում է այդ հարցը, բայց այնտեղ կա մի կետ, որն ասում է, եւ այդպես են գուցե որոշ իրավաբաններ մեկնաբանում, որ ժամկետները խախտված են։ Բայց ժեմկետների խախտում չի կարող լինել, երբ նպատակը զեկույց ունենալն է։ Հիմա զեկույցը գոյություն ունի, եւ այդ զեկույցը կամ պետք է գնար լիագումար նիստ, կամ եթե խախտված է, պետք է ասվեր՝ զեկույցը չկա։ Բայց քանի որ զեկույցը կա, նրա հաջորդ կանգառը պետք է լինի լիագումար նիստերի օրակարգում հայտնվելը։ Այդ խնդիրն է, որն այս պահին առկախված է, եւ զեկույցը դրված է ԱԺ գաղտնի բաժնում։ Իմ տեսանկյունից կարող եմ ասել՝ սա միջանկյալ լուծում է, բայց զեկույցը գոյություն ունի»,- հավելեց նա։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ ժամկետը խախտված է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Ի՞նչ բան է ժամկետանց զեկույց, այսինքն՝ զեկույցը չկա՞։ Զեկույցի առկայության դեպքում ասել, որ զեկույցը ժամկետանց է, այսինքն՝ ո՞նց, էդ զեկույցը մեռա՞վ»։

Անդրադառնալով այն տեսակետներին, որ իշխանությանը նախընտրական շրջանում ձեռնտու չէ զեկույցը հրապարակելը, Քոչարյանն ասաց․  «Չեղավ, քննիչ հանձնաժողովը ոնց որ թե իշխանությունն է ստեղծել, չէ՞։ իշխանությանը մեղադրել, որ ինքը դեմ է զեկույցը ներկայանցելուն, ոչ։ Հարցի հետ կապված կա իրավական վեճ, ես բազմաթիվ իրավաբանների հետ քննարկել եմ, նույնիսկ միջազգային իրավունքի տեսակետից որեւէ խնդիր չկա, այ թե ինչո՞ւ է նման եզրակացության եկել Վլադիմիր Վարդանյանը, այդտեղ խնդիր է։ Զեկույցում ներառվել են վարչապետի 10 ժամանոց եւ բաց, եւ գաղտնի մասերը»։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ այդ զեկույցի հրապարակմանը քրեական գործեր կհաջորդեն․ «Բայց այդ զեկույցը դեռ գտնվում է առաջին բաժնում, դա էլ է խնդիր՝ զեկույցը պետք է հնարավորություն ունենա, առաջին բաժնից հետո ինքը ո՞նց է գնալու մյուս պետական կառույցներ՝ ՊՆ, ԱԱԾ, Գլխավոր դատախազություն, արտաքին հետախուզություն։ Բոլորին առնչվող փաստեր կան այնտեղ հավաքագրված, որը շատ անհրաժեշտ է մեր երկրի համար»։

Ըստ նրա՝ զեկույցի մեջ կան կտորներ, որոնք հնարավոր է բաց տեքստով ներկայացնել հանրությանը։

Ծիծեռնավանքը մինչև օկուպացիան (լուսանկարների շարք)

Արցախի հայկական ժառանգությունը համակարգված կերպով և անպատիժ ոչնչացվում է՝ քրիստոնեական աշխարհի լուռ համաձայնությամբ։ Քրիստոնեական հոգևոր հուշարձանները, եթե ոչ ամբողջությամբ չեն ոչնչացվում, ապա հայտարարվում են «ալբանական», դրանց սկզբնական տեսքը փոխվելուց և հայկական մշակույթի հետ կապող բոլոր ապացույցները ջնջվելուց հետո՝ վերականգնման պատրվակով։ Հին Ծիծեռնավանքի տաճարը բացառություն չէ։

Ծիծեռնավանքի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել Monument Watch անկախ ակադեմիական հարթակում։

Step1.am-ը հրապարակում է տաճարի լուսանկարները՝ Քաշաթաղի շրջանի օկուպացիայից առաջ։

Ալվարդ Գրիգորյան

Հայաստանում ապաստան գտած, ընտանեկան բռնության պատճառով փախած չեչեն կնոջը սպանել են

Հայտնաբերվել է ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած ու Երևանում ապաստանած Այշաթ Բայմուրադովայի դիակը, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:

«Հոկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա: Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակն է», – ասված է հաղորդագրությունում։

Նշանակվել է փորձաքննություն

Գյումրիի քաղաքապետը և ևս 7 անձ ձերբակալվել են (լրացված է)

Գյումրիի քաղաքապետը և ևս 7 անձ ձերբակալվել են կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով, հայտնում է Հակակոռուպցիոն կողմիտեն:

Հակակոռուպցիոնը մասնավորապես նշում է, որ մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

Սիրելի ժողովուրդ, սիրելի գյումրեցիներ, դուրս եկեք տներից, եկեք քաղաքապետարանի մոտ՝ պաշտպանելու ընտրված քաղաքապետի շահերը։ Այս մասին կոչով է հանդես եկել Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը։

նա, մասնավորապես, նշել է. «Եկել են ոստիկանության 6–րդ բաժնից, քաղաքապետին առայժմ առանձնացրել են 30-40 հոգով։ 100 հոգուց ավելի զինված մտել են քաղաքապետարանի շենք, կաթվածահար են արել ամբողջ աշխատանքը։ Կանայք, աղջիկներ կան, բոլորը վախի մեջ են, մի սարսափելի իրավիճակ է։

Ժողովուրդ, սիրելի գյումրեցիներ, ով սիրում է, հարգում է իր քաղաքը, հելեք, պաշտպանեք ձեր օրենքով ընտրված քաղաքապետի շահերը։ Եկեք, շրջապատեք քաղաքապետարանը, որ գործողություններ չկատարեն»։

Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ, Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Պետությունըչպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։

Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»,- գրել է նա:

Շողեր Սարգսյան․ որովհետև Արցախը իմ համար քաղաքական թեմա չէ, Արցախը տուն է

2022 թվականին Արցախի Հանրային Հեռուստատեսության նախաձեռնությամբ նկարահանվեց ,,Ամանորյա զարմանք երկիրՙՙ ֆիլմը: Այն ցուցադրվեց Նոր Տարվա շեմին: Չնայած շրջափակման ծանր պայմաններին, դերասաններին հոջողվեց փոքրիկ ժպիտ ու տոնական տրամադրություն պարգևել բոլոր մեր հայրենակիցներին:

Ֆիլմի գլխավոր դերակատարներից էր լրագրող և դերասանուհի Շողեր Սարգսյանը: Step1.am հետ զրույցում  Շողերը կիսվեց արցախյան հիշողություններով և պատմեց հարկադիր տեղահանումից հետո իր կյանքի ու գործունեության մասին:

Պատմիր հիշողությունների մասին, մանկությունից, որտեղ ես ծնվել, մեծացել, ինչով ես զբաղվել, ինչ հետաքրքիր, յուրահատուկ հիշողություններ ունես արցախյան առօրյա կյանքից։

Ծնվել և մեծացել եմ Ստեփանակերտում։ Մանկությունս՝ այն ամենագեղեցիկ ու խաղաղ Արցախն է, որտեղ սիրում եմ վերադառնալ իմ հիշողություններում։ Դավիթ Բեկ փողոցում կանգնած, մուգ կարմիր դարպասներով պապական տանս մասին հիշողություններում եմ հիմա։ Իհարկե, կորստի ու կարոտի դառնությունը շատ է, սակայն դրանց առանցքում այնքան լույս ու ջերմություն կա․ տատիկի՝ պատշգամբին սկուտեղում շարված չրեր, պապիկի՝ քաոսային դասավորված գրքեր, մեծ Բաբոյի տնկած թթի ծառ ու շնչող պատեր, որ իր ձեռքով շարել է մեծ Դեդոն։

Վաղ մանկության հիշողություններիս մեծ մասը կապված է հաստաբուն թթի ծառի ու ծառի ճյուղից կախված փայտե ճոճանակի հետ։ Ավելի ուշ Ստեփանակերտը իր սահմանները ընդլայնեց ինձ համար, և մեր տան բակից բացի ընդգրկեց նաև Մանկապատանեական ստեղծագործական կենտրոնը, որտեղ ստեղծագործել էին սովորեցնում։ ՄՊՍԿ-ից դեպի տուն Ազատամարտիկների փողոցով էի իջնում, որտեղ ակացիաներ էին աճում, ու Ստեփանակերտը ինձ համար ակացիայի, մայիսի, կանաչ խոտի, անթև դպրոցական հագուստի ու մինչև նախավերջին էջը գրված տետրերի, տաք հացի ու “ածովի” պաղպաղակի, դասից ուշանալու ու ընկերուհիներով ձյաձ Սամվելի գրախանութում ժամերով նվեր ընտրելու, Կոլցեվոյի մայթերին վաճառվող կանաչու ու հրապարակում անշտապ քայլելու բույրն ունի։

Անդրադառնանք վերջին ժամանակաշրջանի դեպքերին․ բլոկադա, մեկօրյա պատերազմ, տեղահանություն: Փորձիր նկարագրել քո ու քո ընտանիքի առօրյա կյանքը ու ապրումներն այդ ժամանակաշրջանում:

Այս թեմային շատ եմ անդրադարձել հարցազրույցներում, և երևի թե չունեմ ավելացնելու նոր բան։ Հիմա հիշողություններս ավելի աղոտ են ու չնայած դրանց դաժանությանը, միշտ ակամայից ժպիտով ենք հիշում, որ գազ չկար, լույս չկար, կապը՝ բախտի հարց էր, որ ձուն փոխանակվում էր շաքարավազով, շաքարավազն էլ մանկական տակդիրներով։ Որ սիսեռից սուրճ էինք պատրաստում ու մայոնեցից թխվածքաբլիթ։ Որ հացը ամեն անգամ ավելի սև էր, ավելի պինդ ու ավելի դառը՝ ճիշտ ամեն նոր օրվա նման։ Որ մարդիկ վաղաժամ մահանում էին, որ շատ մարդիկ՝ չէին ծնվում։ Տեղահանությանը չեմ ուզում անդրադառնալ, ներողություն եմ խդնրում, բայց այլևս նույն ապրումները պատմելը անապրելի է դարձնում իմ այսօրվա կյանքը։ Միայն կասեմ, որ անգամ այդ օրերին ես չէի փոշմանել բլոկադայի ժամանակ Արցախ վերադառնալու համար։

Ի՞նչ պայմաններում ես ապրում Հայաստանում ու ինչո՞վ ես զբաղվում տեղահանությունից հետո։  Պատմիր թատերական ոլորտում քո գործունեության մասին:

Երևանում ապրում եմ ընքանիքիս հետ, բարեբախտաբար մեզ հաջողվել է չբաժանվել իրարից, լինել միասին ու օգնել իրար չմնալ մշտատև սգո մեջ, ապրում ենք հանուն իրար և իրար համար։ Ընտանիքի ու սիրող մարդկանց ներկայությունը կյանքում շատ է օգնում այս փուլում։

Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա Երևանում վերադառնալ արվեստին և որ բոլոր ճանապարհները թատրնում ինձ դարձյալ կապում են Արցախին։ Սկսվեց ճանապարհը Պարոնյան թատրոնում, երբ ռեժիսորս՝ Ռուզան Խաչատրյանը բեմադրեց “Արևի մարդիկ” ներկայացումը։ Հիմքում Հերմինե Ավագյանի պատմվածքներն են, և այդ ներկայացումը ինձ հնարավորություն է տալիս 2 ժամով կրկին տանը լինել։

Այնուհետև միացա նաև Ստեփանակերտի Ռուսական դրամատիկական թատրոնին, որտեղ ստեղծագործական ազատությանը զուգահեռ գտա շատ մտերիմ ընկերներ, նոր իմաստ ու ոգեշնչում, մարդիկ, որ նոր էին ինձ համար, բայց այնքան հարազատ, որովհետև նույն ճանապարհն ու պատմությունն ենք կիսում։ Ի դեպ, այս օրերին ռուսական թատրոնը սկսում է իր պատմության նոր էջը, նոր անունով՝ “Եռ-Ակի” թատրոն, խորհուրդի հիմքում Ստեփանակերտի թատրոնի մոտ տեղակայված դիմակներով աղբյուրն է՝ իրեք կռանը։ Մեր ռեժիսոր Ժաննա Կրիկորովայի ղեկավարությամբ թատրոնը սկսում է նոր ճանապարհ՝ հավատարիմ իր գաղափարին՝ ամեն ինչի հիմքում սերն է։

Եվ իհարկե, ինձ համար շատ կարևոր ու մեծագույն ոգևորություն է, որ իր գործունեությունը Երևանում վերսկսել է Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան Պետական դրամատիկական թատրոնը։ Առաջիկայում ունենք մեծ առաջնախաղ, որը մեր փոքրիկ նվեր է հատկապես արցախյան բարբառը կրող, ճանաչող կամ պարզապես սիրող հանդիսատեսին։ Անհամբեր սպասւոմ եմ աշնանային առաջնախաղերիս։

Փորձերին զուգահեռ սովորում են “Գալյա Նովենց” թատերական դպրոցում՝ արցախցի երիտասարդների համար հատուկ բացված կուրսում՝ Հակոբ Ղազանչյանի ղեկավարությամբ։ Մի տեսակ հուզված եմ կյանքիս այս փուլի համար, զգացողություն է, որ վերջապես ունեմ հնարավորություն Արցախի հետ կապս ավելի ամուր և իմաստավորված ձևով պահել, որ ունեմ փոքրիկ առաքելություն։

Ի՞նչ դժվարությունների ես առնչվում Հայաստանում։

Դժվարությունները սկզբում և հիմա տարբեր են, ամենամեծ խնդիրս սովորելն էր ճիշտ արձագանքել ագրեսիվ մարդկանց քաղաքական թեմաներով, որովհետև Արցախը իմ համար քաղաքական թեմա չէ, Արցախը տուն է, որի կորուստը ես համահայկական ողբերգություն եմ համարում։ Բոլորս ենք անտուն մնացել, գոնե՝ հոգեպես։ Բայց ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանում են ինձ սովորեցրել սիրել ու սիրվել, ովքեր ցույց են տվել, որ ես մեծ համայքնի կարևոր մասն եմ և հասկացված եմ։

Մյուս դժվարությունը իմ համար Երևանի տեմպն ու կյանքի օրենքներն են, այստեղ հասկացա՝ ես փոքր քաղաքի մարդ եմ, ավելի կոնկրետ՝ ես մի հստակ քաղաքի՝ Ստեփանակերտի մարդ եմ։

Պատրաստվո՞ւմ ես արդյոք մասնակցել արցախցիների բնակապահովման ծրագրին։

Իմ ընտանիքը դեռ քննարկում է հնարավոր տարբերակները, բայց որևէ հստակություն այս պահին չկա։

Ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունես։ Որտեղ ես պատկերացնում քո ապագան՝ Հայաստանո՞ւմ, թե՞ կան արտագաղթի մտադրություններ։

Ես, ցավոք, դադարել եմ երկարաժամկետ ծրագրեր կազմել, բոլոր ծրագրերս ամենաշատը մեկ տարվա մասշտաբով են։ Աշխատում եմ սվորել ապրել այստեղ և հիմա, գիտակցված, կենտրոնացած, առանց ափսոսանքի։ Իհարկե, միշտ չի ստացվում, ավելի հաճախ մտքերս անցյալում են դեգերում։ Ապագայի մասին վախենում եմ մտածել կամ երազել։ Բայց այս պահին Հայաստանում ապրելու և գործելու ցանկությունս հստակ է՝ Արցախ վերադառնալու հույսով։

Կվերադառնայի՞ր արդյոք Արցախ, և ի՞նչ պայմանների դեպքում։

Ազատագրված հայկական Արցախ իմ ընտանիքը կվերադառնա առաջին իսկ հնարավորության դեպքում։ Ցավոք, սա դեռ երազանքների մասին է։

Արսեն Աղաջանյան

Երբ արցախյան խոհանոցն ու հիշողությունները տանում են «տոն»

Կիրակին արցախյան շնչով էր լցված «Տոն» երիտասարդական ռեսուրսային կենտրոնը։ Տարածքում, որտեղ միշտ արցախյան բարբառն է լսելի, այս անգամ համախմբողը նաև արցախյան խոհանոցի երկու անփոխարինելի «տիտաններն» էին՝ ժենգյալով հացն ու կուրկուտը։

Օրը կազմակերպվել էր YMCA Արցախի և Armenians Unified կազմակերպությունների կողմից։ Նպատակը՝ տեղահանված արցախցիներին նորից իրենց ուժերին հավատալու հնարավորություն տալը, արդեն իսկ ֆինանսավորված ծրագրերն ու հաջողված ստարտափերը ներկայացնելը, արցախյան խոհանոցի ավանդույթները պահպանելն ու վերջապես՝ իսկական տոն ունենալը։

Ինչպես Step1-ի հետ զրույցում նշեց «Տոն» երիտասարդական ռեսուրսային կենտրոնի պատասխանատու Արտակ Մկրտչյանը, կենտրոնի անունը պատահական չէ․ «Ցանկացել ենք, որ այստեղ բոլորը իրենց տանը զգան»։

Փառատոնի ընթացքում ներկաները հյուրասիրվեցին ավանդական կուրկուտով, ժենգյալով հացով ու գինով։ Մշակութային մասը ապահովեց «Մենք ենք մեր սարերը» համույթը՝ ստեղծելով իսկական արցախյան տրամադրություն։

Բոլոր կողմերում նկատելի էր երիտասարդական աշխուժությունը․ ծանոթ դեմքեր, տարիների հիշողություններով տարված մարդիկ, ժպիտներ, տաք գրկախառնություններ։

Կենտրոնը լցված էր ջերմությամբ ու միասնականության զգացումով՝ հիշեցնելով, որ Արցախը ոչ միայն տարածք է, այլև միասնություն հիշողություն ու երազանք։

Արտակ Մկրտչյանի խոսքով՝ հենց այսպես է հնարավոր կենդանի պահել մեր արժեքներն ու համախմբվել մի տանիքի տակ, որը մեզ շատ է պակասում։

Մարիամ Սարգսյան

ՀՕՄ-ը 115 տարեկան․ դարձյալ երիտասարդ

Հոկտեմբերի 19-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ՀՕՄ-ի 115-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին աշխարհի 26 երկրներից ժամանած շուրջ 200 հօմուհիներ, հյուրեր։

Միջոցառումն սկսվեց ՀՀ, Արցախի, ՀՕՄ-ի դրոշների ներս բերմամբ, ապա հնչեցին օրհներգները և կատարվեց միասնական աղոթք։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանի ատենապետ Մարո Քեշիշյանը։ Նա բոլորին շնորհավորեց հիշարժան օրվա առթիվ, մեծ գնահատանքով ներկայացրեց հօմուհիների անխոնջ ու նվիրական աշխատանքը, որի մասին է վկայում 115 տարիների անցած ուղին։

Արցախի Հայոց Թեմի Առաջնորդ Վրթանես Արքեպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրեց ՆՍՕՏՏ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը, իսկ ՆՍՕՏՏ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի օրհնության գիրը կարդաց Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը։

Միջոցառումն ուղեկցվում էր մշակութային ծրագրով։ Հանդես եկան <<Հայկազունք>> դհոլահարների համույթը, Շուշիի <<Վարանդա>> երգչախումբը, <<Նովա>> ժողովրդական անսամբլը, Գագիկ Գինոսյանի <<Կարին>> պարախումբը, մենակատար Մավր Մկրտչյանը։

Շնորհավորական ուղերձով ու մաղթանքներով  հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Ներկաները դիտեցին նաև ՀՕՄ-ի անցած պատմության մասին տեսաֆիլմը։

Հուզիչ ու ոգևորիչ էր ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Արուսյակ Մելքոնյանի խոսքը։ Նա, կարևորելով ու գնահատելով ՀՕՄ-ի անցած ճանապարհն ու հօմուհիների գործունեությունը, համոզմունք հայտնեց, որ ՀՕՄ-ը կշարունակի լինել ժողովրդի հետ ու կգործի ժողովրդի համար՝ հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ <<Միշտ լինել այնտեղ, որտեղ օգնության կարիք կա>>։

Միջոցառման վերջում կատարվեց պարգևատրման արարողություն։

Նշենք, որ ՀՕՄ-ի 115-ամյակին նվիրված տոնակատարությունների շարքում տարբեր միջոցառումներ են իրականացվել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ