Գործարք մինչև ապրիլի 6-ը՞։ «Հիմար մարդիկ ասում են՝ «Ինչո՞ւ ես սա անում»»։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը՝ Իրանի հետ համաձայնության հասնելու մինչև ապրիլի 6-ի վերջնաժամկետը։

«Ես գիտեմ, որ նախագահը վերջնաժամկետ է սահմանել ապրիլի 6-ը, որին ընդամենը մեկ շաբաթ է մնացել», – ասել է Լևիթը մամուլի ասուլիսի ժամանակ։

Թրամփը պատրաստ է ավարտել պատերազմը Մերձավոր Արևելքում՝ Հորմուզի նեղուցը թողնելով փակ նավագնացության համար և Իրանի զգալի վերահսկողության տակ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով նախագահի վարչակազմի պաշտոնյաներին։

Վերջին օրերին Թրամփը և նրա օգնականները եզրակացրել են, որ նեղուցը բացելու փորձը կերկարաձգի հակամարտությունը նախատեսված չորսից վեց շաբաթից ավելի։ Պաշտոնյաների խոսքով՝ նախագահը որոշել է, որ ԱՄՆ-ն պետք է հասնի իր հիմնական նպատակներին՝ քայքայել Իրանի նավատորմը և հրթիռային պաշարները, այնուհետև կրճատել ռազմական գործողությունները, միաժամանակ դիվանագիտական ​​ճնշում գործադրելով Թեհրանի վրա՝ ազատ առևտուրը վերսկսելու համար։

Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ «կնախընտրեր վերահսկողություն հաստատել [Իսլամական Հանրապետության – խմբ.] նավթի նկատմամբ», համեմատելով այս քայլը Վենեսուելայում Վաշինգտոնի գործողությունների հետ։ Սպիտակ տան ղեկավարը այս մասին խոսել է Financial Times-ին տված հարցազրույցում։

«Անկեղծ ասած, ես ամենից շատ կցանկանայի Իրանից նավթը վերցնել, բայց ԱՄՆ-ում որոշ հիմար մարդիկ ասում են. «Ինչո՞ւ ես սա անում»։ Բայց նրանք հիմար մարդիկ են», – Դոնալդ Թրամփի խոսքերն է մեջբերում FT-ն։

Ռուսաստանը հերքել է Հայաստանի երկաթուղու կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու մասին լուրերը

Ռուսաստանը չի բանակցում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու հարցը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում՝ Միջազգային տրանսպորտի և լոգիստիկայի ֆորումից առաջ։

Նրա խոսքով՝ կոնցեսիայի փոխանցման հարցը չի քննարկվել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ղազախստանի հետ։

«Մենք չենք պլանավորում որևէ կոնցեսիա փոխանցել, և մեր հայ գործընկերները պաշտոնական մակարդակով դա մեզ հետ չեն քննարկել», – նշել է նախարարը։

Արցախցիները բոլորն էլ ունեն ՀՀ քաղաքացիություն․ ինչո՞ւ են ստիպում փոխել անձնագիրը

Արցախից բռնի տեղահանված Անուշ Ալեքսանյանը չի կարողանում օգտվել սոցիալական աջակցության ծրագրերից, քանի որ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը չի հաշվառում նրան։ Անուշ Ալեքսանյանը կարծում է, որ այսպիսով իրեն ստպում են, որ փոխի 070 կոդով անձնագիրը։

2023 թվականի հոկտեմբերի 26-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանվել է, որ բռնի տեղահանված անձինք պետք է ստանան ժամանակավոր պաշտպանություն ու դրանից բխող փախստականի կարգավիճակ։ Անուշ Ալեքսանյանը եւս դիմել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, բայց ստացել է մերժում։ Անուշ Ալեքսանյանը հարցադրում է անում՝ եթե մյուս արցախցիներին տրամադրել են ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, ինչո՞ւ իրեն չեն տրամադրում։ Նա նշում է, որ իրեն հատուկ չեն հաշվառում, որպեսզի ստիպեն անձնագիրը փոխել։

Step1.am-ի հետ զրույցում Անուշ Ալեքսանյանը, անդրադառնալով արցախցիների քաղաքացիության հարցին, ասում է․ «Արցախցիները բոլորն էլ ունեն ՀՀ քաղաքացիություն․ ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով ենք ստացել քաղաքացիություն։ Իսկ Հայաստանում ապրողները, ովքեր եղել են ՀԽՍՀ քաղաքացի, նրանք ՀՀ քաղաքացիություն ստացել են օրենքի 10-րդ հոդվածի առաջին կետով»։

Հիշեցնենք, որ այս օրենքի 3-րդ կետը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիներին, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն: Այս կետի հիմքով անձը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե օրենքով սահմանված կարգով դիմել եւ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ:

Անուշ Ալեքսանյանը նաեւ հիշեցնում է, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի եւ Արցախի վերանմիավորման որոշման 3-րդ կետի համաձայն՝ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները»։

«Հիմա ստացվել է այնպես, որ ինչ-ինչ պատճառներով՝ կամ Ադրբեջանի պահանջով, կամ այլ պատճառով որոշել են արցախցիներին տարանջատել։ Արցախցիների մի մասին տալիս են փախստականի վկայական, մյուս մասին չեն տալիս։ Չեն ասում, թե ինչ հիմքով մի մասին չեն տալիս, ոնց որ ամբողջ հայ ազգին անգրագետի տեղ դնեն։ Ես ինքս Արցախում եմ ծնվել, այնտեղ ծնվել եմ, դպրոցն ավարտել եմ, եկել եմ Հայաստան, համալսարան եմ ընդունվել, հետո աշխատել եմ։ Եվ այնպես է ստացվել, որ քանի որ այստեղ եմ ապրել, անձնագիրս Հայաստանում եմ ստացել։ Հիմա էլ ինձ չեն տալիս փախստականի կարգավիճակ, ասում են՝ դու ՀՀ  քաղաքացի ես։ Ես էլ ասում եմ՝ բա մյուս արցախցիներն ո՞ւմ քաղաքացին են։ Փաստորեն հերիք չէ, որ դուք ձեր քաղաքացիներին տեր չեք կանգել, հիմա էլ ասում եք՝ փախել եք, նաեւ ստիպում եք, որ 070 ծածկագրով անձնագիր ունեցող անձինք իրենք դիմեն ու նոր անձնագրեր ստանան, որ հետագայում ասեք՝ դուք եք հրաժարվել ձեր անձնագրերից։ Մենք էլ ասում ենք՝ եթե այդպես է, դուք անվավեր համարեք 070 ծածկագրով անձնագրերը։

Մեր պահանջներից մեկն այն է, որ 070 կոդով անձնագիրը վավեր համարեն, արդեն 3 տարի է՝ դատական գործընթացը գնում է, բայց իրենք այդ հարցին չեն անդրադարձել։ Մեր խոցելի վճակից ելնելով՝ իրենք այնպիսի քաղաքականություն են վարում, որ մենք ստիպված լինենք փոխել մեր անձնագրերը։ Մեզ չեն հաշվառում, եթե չեն հաշվառում, թոշակից ու նպաստից չենք օգտվում, աշխատանքի չենք ընդունվում»,- ասաց Անուշ Ալեքսանյանը։

Նա նշում է, որ եթե իր անձնագիրը վավեր է, ինքը պետք է եւ հաշվառվի, եւ ընտրություններին մասնակցի, եւ աշխատանքի ընդունվի։ Այսինքն՝ իրեն պետք է համարեն ՀՀ քաղաքացի, բայց չեն համարում։ «ՀՀ քաղաքացի չեն համարում, բայց դատարանը գրել է՝ քանի որ Միգրացիոն ծառայության ներկայացուցիչը համաձյան է, որ անձնագիրը վավեր է, մենք չենք անդրադառնում Անուշ Ալեքսանյանի այդ պահանջին։ Ես չեմ հասկանում՝ մենք այսքան պայքարել ենք, որ նման մի աբսուրդ որոշում կայացնե՞ն։ Մեր դատական պաշտպանությունը դժվարացնում են, որ ստիպված լինենք ենթակվել այդ չարաշահմանը ու փոխենք մեր անձնագրերը։ Իմ կարծիքով՝ դա հանցագործություն է, որովհետեւ որեւէ օրենքով սահմանված չէ, բայց մեզ ստիպում են։ Ընդ որում՝ մարդը կարիքից ելնելով է ստիպված իրենց պահանջները կատարում, իսկ դա հանցագործություն եմ համարում ես, նույնիսկ մտածում եմ դատախազություն դիմել։ Մեզ ստիպվում են, որ մենք դիմենք ու ստանանք այլ կոդով ՀՀ քաղաքացիություն, այն դեպքում, երբ մենք առանց այդ էլ ՀՀ քաղաքացի ենք»,- հավելեց նա։

Անուշ Ալեքսանյանն ասում է, որ այս իրավիճակում չի կարողանում օգտվել սոցիալական ծրագրերից․ «Ստացվում է, որ ես չեմ կարողանում ապրել, հետո էլ ասում են՝ արցախցիների համար այս ենք անում, այն ենք անում։ Եթե արտերկրից գումարները ստանում են՝ արցախցիներին օգնելու համար, թող ամեն մեկին իր բաժին գումարը տան»։

Նա նաեւ ասաց, որ դիմել է բնակապահովման ծրագրին, բայց պատասխանել են, որ ՀՀ քաղաքացի չէ, չի կարող շահառու լինել։ «Փաստորեն ի՞նչ է ստացվում, էլեկտրոնային հարթակներն այնպես են ծրագրավորում, որ այդ ծրագրերը 070 կոդով անձնագիրը չճանաչեն։ Դա ներքին կարգով են անում, արդյոք դա օրինակա՞ն է»,- նշեց Անուշ Ալեքսանյանը։

«Մենք ի՞նչ գիտենք՝ վաղը-մյուս օրը ի՞նչ կլինի։ Կարող է այնպես ստացվի, որ մենք կարողանանք գնալ մեր հայրենիք, մենք թողել ենք մեր սեփականությունը, ամեն ինչ, կարող է փոխհատուցման հարց լինի։ Հիմա կարող է այնպես ստացվի, որ ով անձնագիրը փոխել է, չթողնեն գնալ։ Արդեն ասում են, որ մենք ստանում ենք ՀՀ քաղաքացիություն, եթե գնանք Ղարաբաղ, որպես տուրիստ պետք է գնանք։ Փաստորեն, եթե ես անձնագիրս փոխեմ, պետք է որպես տուրիստ գնամ իմ տուն, իմ ծննդավայր, դրա համար էլ չեմ փոխում անձնագիրս։ Ի՞նչ գիտենք՝ վաղը ի՞նչ է  լինելու, ի՞նչ որոշում է կայացվելու, կարող է՝ մենք հնարավորություն ենք ունենում գնալու մեր տները»,- հավելեց նա։

 

Ծնվել է Արտակ Բեգլարյանի 3-րդ բալիկը՝ Շուշին

Այսօր ծնվել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի երրորդ երեխան՝ Շուշին:

«Իմ մեծագույն սերն ու շնորհակալությունը հրաշածին կնոջս՝ Արմինե Վարդանյանին:

Թո՛ղ բոլորիդ ընտանիքներում թևածի մանկան ավետաբեր ճիչը»,-Facebook–ի իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը։

Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Իսպանիայի ազգային գրադարանում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը, որը կյանքի է կոչվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ նշյալ գրադարան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։

ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ ցուցադրության հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Իսպանիայի մշակույթի գծով պետական քարտուղար Ջորջի Մարթի Գրաուն, գրադարանի տնօրեն Օսկար Արոյո Օրտեգան, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը։

Բացման արարողությանը ներկա են եղել Իսպանիայի մշակութային գործիչներ, պաշտոնատար անձինք, գործարարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնց համար կազմակերպվել է առանձին շրջայց։

Համատեղ ցուցադրությանը ներկայացվել են Մատենադարանում պահվող կարևորագույն հայկական ձեռագրերի ընտրանուց շուրջ մեկուկես տասնյակ թանգարանային առարկաներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանից դուրս։

Նախաձեռնությունը դիտարկվում է որպես մշակութային դիվանագիտության արդյունավետ գործիք՝ ամրապնդելով ՀՀ դիրքերը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ոլորտում։

Ցուցադրության համադրողն է Իվեթ Թաջարյանը։ Այն կգործի մինչև 2026թ․-ի հունիսի 21-ը։

Պակիստանը հայտարարել է Իրանի հետ «առաջիկա օրերին» բանակցություններ սկսելու մասին

Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացում միջնորդող չորս երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի ունեցավ Պակիստանում: Հանդիպումից հետո Իսլամաբադը վերահաստատեց իր պատրաստակամությունը հյուրընկալելու ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ և հայտարարեց, որ նման բանակցություններ կարող են տեղի ունենալ «առաջիկա օրերին»: Այս հայտարարությունը հնչեց Իրանում ցամաքային գործողության սպասման և Թեհրանի կողմից բազմիցս հնչող հայտարարությունների ֆոնին, որ բանակցություններ չեն ընթանում, և որ Իրանը չի մասնակցում դրանց նախապատրաստմանը։

Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները անցյալ շաբաթավերջին հավաքվեցին Իսլամաբադում՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Հանդիպման առաջին օրվանից հետո Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է հյուրընկալելու Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ «առաջիկա օրերին»։

Ամերիկյան համալսարանում դասերն առցանց կլինեն Իրանի պատճառով

Հայաստանի ամերիկյան համալսարանում անվտանգության նկատառումներով դասերն այսօր կանցկացվեն առցանց։ Այս մասին ասվում է համալսարանի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ խնդիրը Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքներն են։
«Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Համալսարանը ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա։

Իրանը խոցել է Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ «թռչող ռադարը»

Ամերիկյան Boeing E-3 Sentry վաղ նախազգուշացման և հրամանատարական (AWACS) ինքնաթիռը, կարծես, լուրջ վնասվել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ արքայազն Սուլթանի ավիաբազայի վրա Իրանի հարձակման ժամանակ: Վնասված ինքնաթիռի լուսանկարները հրապարակվել են սոցիալական ցանցերի օգտատերերի և Իրանի պետական ​​​​հեռարձակողի՝ IRIB-ի կողմից: Կիրակի՝ մարտի 29-ին, բրիտանական BBC լրատվամիջոցները և AFP լրատվական գործակալությունը հայտնել են, որ ստուգել են լուսանկարները: Լուսանկարներից դատելով՝ ինքնաթիռը, կարծես, կիսով չափ կոտրվել է։

Եթե ​​ինքնաթիռն իսկապես դուրս գա օգտագործումից, դա լուրջ հարված կլինի Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական ուժերին, ասում են փորձագետները: E-3 Sentry «թռչող ռադարը» կարող է հայտնաբերել ինքնաթիռներ, հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր հարյուրավոր կիլոմետրերի հեռավորությունից, ինչը թույլ է տալիս համակարգել օդային գործողությունները Իրանի վրայով: Այս վերջին սերնդի հետախուզական ինքնաթիռի արժեքը գնահատվում է առնվազն 400-500 միլիոն դոլար: Ոչ մի E-3 Sentry երբեք չի կորցվել մարտական ​​​​գործողություններում: ԱՄՆ ռազմաօդային ուժերն ունեն 16 նման ինքնաթիռ, որոնցից վեցը, ըստ Air & Space Forces Magazine-ի, տեղակայվել են Պարսից ծոցում։

Մարտի 28-ին Սաուդյան Արաբիայի Ալ-Խարջ քաղաքի մոտակայքում գտնվող Արքայազն Սուլթանի ավիաբազայի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համատեղ հարված է տեղի ունեցել: Տասներկու ամերիկացի զինծառայող վիրավորվել է, որոնցից երկուսը ծանր վիճակում են: Հաղորդվում է, որ առնվազն երկու Boeing KC-135 տանկեր նույնպես զգալիորեն վնասվել են:

Արաղչին հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին մարդասիրական օգնության համար։

«ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին` իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»,–գրել է նա X–ի իր միկրոբլոգում։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Բելառուսին

Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Բելառուսին ընկերական հանդիպմանը, հաղորդում է Ազատությունը։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նախքան խաղի մեկնարկը հավաքականի երկրպագուների ՖԱՖ ու «Ռեդ Իգլս» շարժումները բողոքի ակցիա իրականացրին՝ պարզելով «Հեռացեք, ֆուտբոլ ունենանք» գրությամբ պաստառ:

Ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսին: Եղիշե Մելիքյանի ընտրանին հունիսի 6-ին կընդունի Ղազախստանի, իսկ հունիսի 9-ին՝ Մոլդովայի հավաքականին։

Ուրիշնրի այս նամակները կարելի է և պետք է կարդալ

Ասում են՝ մարդիկ սիրում են կարդալ այլոց նամակագրությունը, սակայն դա սիրուն բան չէ։ Բայց ահա այս նամակագրությունը հայ և ֆրանսիացի գրողներ Հերմինե Ավագյանի և Ուլիս Մանեսի միջև հաստատ արժե կարդալ։ Սիրուն, շա՜տ սիրուն է ստացվել։
____
«Ես գրեցի իմ հայրենի Արցախի մասին այն, ինչ կարող էի գրել։ Ես չօգտվեցի պատմագիտական գրքերից, չհամոզեցի քեզ ոչ մի հարցում, պարզապես թերթեցի մի գիրք, որ սրտիս մեջ է։ Չգիտեմ, թե որքանով ունկնդիր եղար այդ գրքին, կամ հետաքրքի՞ր էր կարդալ։ Դա մի փոքրիկ պատմություն էր մի փոքրիկ երկրի մասին, որն աշխարհի քարտեզի վրա չկա։ Գիտեմ, դժվար էր հավատալ այդ երկրի գոյությանը, բայց ես այնտեղից եմ գալիս, եթե ապացույցներ ես ուզում, ուրիշ ապացույց չունեմ, ես եմ՝ իմ ներսի քարտեզով․․․» Hermine Avagyan
«Ես ընկալում եմ Արցախի ամբողջ հմայքը և ճանաչում եմ նրա դժբախտությունը։ Ես գիտեմ, որ նրա գեղեցկությունը վեհ է, ողբերգությունները՝ շատ։ Գիտեմ, որ նրա հույսերը փխրուն են, բայց անկոտրում։ Գիտեմ՝ նա փոքր է, բայց անսահման։ Եվ վերջապես գիտեմ՝ նա չի մահանա, քանի դեռ մենք խոսում ենք նրա մասին, քանի դեռ հիշում ենք նրան»։ Ulysse Manhes

Իրանը հարվածել է Իսրայելի հարավում գտնվող քիմիական գործարանին

Իսրայելի հարավում գտնվող Նեոտ Հովավի խոշոր արդյունաբերական գոտում գտնվող քիմիական գործարանը հրդեհ է բռնկվել իրանական հրթիռային հարվածից հետո, հաղորդում է Ynetnews-ը՝ հղում անելով իշխանություններին։

Աշխատողներն ու անձնակազմը տարհանվել են։ Մասնագիտացված վտանգավոր նյութերի մոնիթորինգի խմբերը և  ստորաբաժանումները գնահատում են արդյունաբերական գոտում վտանգավոր նյութերի արտահոսքի ռիսկը։ Շտապօգնության բժշկական անձնակազմը հայտնել է, որ մեկ մարդ թեթև վիրավորվել է։

Արդյունաբերական գոտու մոտ գտնվող աշխատողները ստիպված են եղել փակել իրենց բիզնեսները՝ վտանգավոր նյութերի արտահոսքի վերաբերյալ մտահոգությունների պատճառով։

Իրանական Fars լրատվական գործակալությունը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ Իրանը հարվածել է երկրի հարավում գտնվող իսրայելական ռազմական գործարանին։ Այս հարվածը Իրանի գործարանների և արդյունաբերությունների վրա հարձակումների վերաբերյալ նախազգուշացում է։