Սամանթա Փաուերը կհանդիպի նաեւ արցախցիների հետ

Միացյալ Նահանգների ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը այցելում է Հայաստան, հայտնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը:

Ըստ հաղորդագրության՝ Սամանթա Փաուերը հուլիսի 8-ից հուլիսի 11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։

Այցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Նախատեսված է նաև Սամանթա Փաուերի հանդիպումը տեղահանված անձանց հետ՝ ուժեղացնելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի կառավարությանը հումանիտար, ներառյալ հոգե-սոցիալական և առավել երկարաժամկետ օգնություն տրամադրելու տեղահանվածներին՝ վերականգնելու իրենց կյանքը:

Ըստ որոշ աղբյուրների՝ Ադրբեջանում ավելի շատ գերեվարված հայեր կան, քան հայտարարվում է

Արցախի ՄԻՊ գրասենյակի տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 մարդ, որից 21-ը քաղաքացիական անձ, 6-ը՝ երեխա, ևս 21-ը համարվում է անհետ կորած։ Բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 238 մարդ է մահացել, 20 մարդու ճակատագիրն անհատ է։

2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ Հայաստանի քննչական կոմիտեի, զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 3822 է, իսկ 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ անհայտ կորել է։

«Ղարաբաղյան պատերազմներում անհայտ կորածների հարազատների միություն» հասարակական կազմակերպության տվյալներով՝ 90-ականների առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհայտ կորել է Արցախի 710 քաղաքացի, այդ թվում՝ 239 զինվորական և հինգ կին։

1992 թվականից հունիսի 29-ին Արցախում նշվում է Անհայտ կորածների օրը։ Ստեփանակերտի հուշահամալիրի Խաչքարի մոտ տեղի էր ունենում հիշատակի արարողություն։ Պաշտոնյաներն ասումէին, որ անհետ կորածների ճակատագիրը պարզելու փորձերը շարունակվում են, իսկ հարազատները խոսում էին իրենց սիրելիների վերադարձի հույսի մասին։

Այս ամենը տեղի չի ունենում 2024 թվականին։

«Ղարաբաղյան պատերազմներում անհայտ կորածների հարազատների միության» նախագահ Վերա Գրիգորյանն ասաց. «Այս տարի մեծ ցավով եմ ապրել Արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը։ Ոչ միայն անհայտ է մնում իմ միակ որդու ճակատագիրը, այլ նաև զրկվել եմ իմ հայրենիքից, ինչպես բոլորս։ Հուսով եմ, որ աշխարհով մեկ սփռված հայերը՝ մայրեր ու երեխաներ, ինչ-որ կերպ կիմանան մեր անհայտ կորած հարազատների ճակատագրի մասին։ Հունիսի 29-ը հույսի փարոս ու գործի կոչ էր:

Հարցումների միջոցով, նյութեր հավաքելով կամ սոցցանցեր դիտելով՝ մենք պարզել ենք, որ Ադրբեջանում գերության մեջ ավելի շատ հայեր կան, քան ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարում, այդ թվում՝ Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների մասին է խոսքը։ Ցավոք, Ադրբեջանը, ինչպես անցյալ տասնամյակներում, այնպես էլ այսօր, քաղաքական սակարկությունների մեջ օգտագործում է պատանդների, գերիների և անհայտ կորածների վերադարձի հարցը»։

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Վաշինգտոն. կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

Հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։

washingtonexaminer.com․ Էթնիկ զտումները չեն կարող լինել կայուն խաղաղության գինը

washingtonexaminer.com

Մայքլ Ռուբին

Մեկ տարուց էլ քիչ է անցել, ինչ ադրբեջանական զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղ՝ հին հայկական նահանգ, որը Իոսիֆ Ստալինը հանձնել է Ադրբեջանին, երբ բաժանում էր Կովկասը: Լեռնային Ղարաբաղը պատմականորեն նշանակալից է երկու պատճառով. նախ՝ այն Հայաստանի ավանդական սիրտն է՝ առաջին երկրի, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն:

Երկրորդ՝ դա ժողովրդավարության ինկուբատոր է։ Իսկապես, ժողովրդավարական շարժումը, որը հասավ եռման կետի և ի վերջո հանգեցրեց Խորհրդային Միության փլուզմանը, սկիզբ առավ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից:

Խորհրդային Միության փլուզումից հետո շրջանի հայ բնակիչները նախ խնդրագրի, ապա հանրաքվեի միջոցով հաստատեցին իրենց սահմանադրական ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանը մերժեց տարածաշրջանային ինքնորոշումը և անհաջող փորձեց ճնշել բիրտ ուժով։ Այն բանից հետո, երբ ադրբեջանական բանակը հետ մղվեց, Լեռնային Ղարաբաղը վայելում էր շուրջ երեք տասնամյակ իրական խորհրդարանական ժողովրդավարություն մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարությունը, առնվազն մինչև 2018 թվականը, բացակայում էր կամ անցողիկ էր:

Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարումն ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական զորքերը մտան տարածաշրջան՝ ոչնչացնելով աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տեղի խորհրդարանը պայթեցնելու որոշումը ընդգծեց նրա թշնամությունը ժողովրդավարության նկատմամբ։ Հատկապես վիրավորականն այն էր, որ ադրբեջանական ներխուժումը տեղի ունեցավ ընդամենը չորս օր այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտի պաշտոնյա Յուրի Քիմը հավաստիացրեց սենատորներին, որ Միացյալ Նահանգները չեն հանդուրժի Լեռնային Ղարաբաղում հայերի «էթնիկ մաքրման» փորձերը:

Նա մենակ չէր: Նույնիսկ այն ժամանակ, երբ Ալիևը նվաստացնում էր ամերիկացի բանագնացներին, պետքարտուղար Անտոնի Բլինքենի օրհնությամբ  շարունակում էր օգնությունն ու ռազմական տեխնիկան հոսել Բաքու: Freedom House-ն այս շաբաթ զեկուցեց, որ Ադրբեջանի «փաստաթղթավորված գործողությունները համապատասխանում են էթնիկ զտումների չափանիշներին, ինչպես այն հասկացվում է նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում», և դա պետք է վերջակետ լիներ:

Այդ դեպքում ինչո՞ւ են Բլինքենը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և ԱՄՆ ՄԶԳ-ի ադմինիստրատոր Սամանթա Փաուերը երկիմաստ դիրք բռնում ցեղասպանության առջև:

Կասկած չկա. Ադրբեջանին քծնելու ԱՄՆ որոշումը վերևից է գալիս։ Մայիսի 4-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին ասաց, որ իմաստ չի տեսնում գնալ Շուշի՝ պատմական հայկական քաղաք, որը Ադրբեջանը վերածել է դիվանագետների, ծախու լրագրողների և կոռումպացված վերլուծական կենտրոնների մեքքայի: Վաշինգտոնում ինչ-որ մեկը դասախոսություն կարդաց Լիբիի համար, քանի որ երկու օր անց նա ոչ միայն այցելեց Շուշի, այլև բաց թողեց էթնիկ զտումների և եկեղեցիների ու քրիստոնեական հուշարձանների ոչնչացման մասին որևէ հիշատակում՝ ասելով, որ տպավորված է:

Միայն Պետդեպարտամենտը չէ, որ հարգանք է ցուցաբերում Ալիեւի նկատմամբ։ Հունիսի 26-ին ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը շնորհավորել է ադրբեջանական բանակին՝ կրկին չնշելով շրջանառվող տեսանյութերի մասին, որոնք ցույց են տալիս գերի ընկած հայ զինվորների և քաղաքացիական անձանց բռնաբարությունները, անդամահատումները և մահապատժի ենթարկելը։

Նախագահ Ջո Բայդենի թիմը կարող է հավատալ, որ սա այն գինն է, որ պետք է վճարվի, եթե ԱՄՆ-ը կարողանա վերջնական խաղաղության համաձայնագիր ձեռք բերել հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար: Բլինքենը, Փաուերը և Սալիվանը կարող են նույնիսկ հավատալ, որ կարող են հասնել նրան, որ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնության գան խաղաղ համաձայնագրի շուրջ հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:

Բայդենի երեք օգնականներն էլ թաքցնում են Բայդենի թուլությունները՝ սեփական իշխանությունը բարձրացնելու համար։ Բոլոր երեք պաշտոնյաների աշխատանքի հեռանկարները կապված են Բայդենի քաղաքական երկարակեցության հետ, և նրանք հույս ունեն, որ խաղաղ համաձայնագրի հաղթանակը կարող է փոխել Բայդենի մարզավիճակի մասին խոսակցությունը:

Զավեշտն այն է, սակայն, որ մինչ Բայդենի օգնականները կարծում են, որ կարող են խաբել Ալիևին, նրանք չեն էլ պատկերացնում, որ նա ամեն օր խաբում է իրենց: Ալիևը կձգձգի և կսպասի ԱՄՆ ընտրություններին, նախքան որևէ տեւական խաղաղության համաձայնություն ձեռք բերելը։

Այնուամենայնիվ, Բլինքենի, Փաուերի և Սալիվանի հավակնությունները ավելի քիչ հավանական դարձրեցին որևէ խաղաղություն, քանի որ նրանք զրկվեցին բարոյական բարձր դիրքից՝ անտեսելով էթնիկ զտումները՝ հօգուտ անիմաստ և դատարկ ստորագրման արարողության:

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է, բայց դրա գինը չի կարող լինել էթնիկ զտում։ Ալիևի հանցագործությունները սպիտակեցնելը բարդ դիվանագիտություն կամ խաղաղության ճանապարհ չէ. ավելի շուտ դա խորացնում է հումանիտար ողբերգությունը, որի գինը արյունով կվճարի հաջորդ սերունդը։

Մայքլ Ռուբինը Washington Examiner-ի Beltway Confidential բլոգի հեղինակն է: Նա Մերձավոր Արևելքի ֆորումի քաղաքականության վերլուծության տնօրենն է և American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող:

Դավթյանները չեն օգտվում 40+10 աջակցության ծրագրից, բայց դրա կարիքն ամենաշատն ունեն

Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից Դավթյանների ընտանիքը տեղահանման ծանր փորձությունը հաղթահարելուց հետո չէր էլ կարող պատկերացնել, որ նոր՝ ավելի մեծ փորձության առջև կարող է կանգնել։ Արամն ու Ծովինարն իրենց երկու երեխաների և նորածնի հետ Հայաստան եկան ու ժամանակավոր ապաստանեցին Արամի ծնողների տանը, ովքեր 2020 թվականին Քարվաճառից տեղահանվել ու Չարենցավանի իրենց տանն էին ապաստանել։Երկսենյականոց այդ տանը մնացին մինչև նորածնի 40 օրը կլրանար։ Հետո տեղափոխվեցին Աբովյանի «Փարվանա» հյուրանոց, որտեղ սկզբնական շրջանում արցախցիներին անվճար հիմունքներով ընդունել էին։ Հետո հյուրանոցում սկսեցին վարձով բնակվել։

«Հյուրանոցի տնօրենն ասաց, որ չեն կարողնանում անվճար պահել մեզ, ասաց, որ պիտի յուրաքանչյուր անձի համար 50000 դրամ վճարենք։ Մենք 5 հոգի ենք, նորածին երեխայի գումարը չվերցրեց։ Նոյեմբերից մինչև մարտ ամիսը 200000 էինք տալիս ամեն ամիս ու բնակվում։ Մարտ ամսին ասացին, որ մեզ էլ չեն կարող պահել, մենք էլ մի կերպ 2 սենյականոց տուն ճարեցինք, 170000-ով, մի կերպ ապրում ենք»․ -պատմում է Ծովինարը։

Գոնե տան ամենամսյա վարձը վճարելու համար Դավթյանները հույսը դրել էին պետության կողմից տրվող աջակցությունների վրա։ Չստացան։ 40+10 հազարի ծրագրից մինչև հիմա չեն օգտվում, որովհետև Արամի ծնողները Հայաստանում տուն ունեն։ Արամն ինքնաբերաբար այդ տան համասեփականատերն է համարվում, իր հետ միասին տանը գրանցվում են նաև երեխաներն ու կինը։ Բայց նրանք այնտեղ մեկ ամիս էլ չեն ապրել։

Ծովինարի խոսքով՝ այնտեղ անհնար էր ապրել. «Դրա համար ենք դուրս եկել, շատ փոքր երկսենյականոց տուն է, անգամ երեխային լողացնելու համար «վաննա» չէինք կարողանում դնել»։

Դավթյանները չեն օգտվել նաև նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար միանվագ սոցիալական աջակցությունից։ Միայն ընտանիքի հայրն է աշխատում, աշխատանքն էլ հիմնական չէ՝ տաքսի է քշում։ Նրանք շատ ծանր ֆինանսական ու հոգեբանական վիճակում են գտնվում։

Ծովինարն ասում է․ «Դիմել ենք սոցապ նախարարության Աբովյանի մասնաճյուղ, ասում են, որ սոցիալական աջակցություն չենք ստանում, որովհետև Աբովյանում հյուրանոցում ենք բնակվել, բայց մենք ասացինք, որ հյուրանոցում անվճար չենք բնակվել, վարձով ենք բնակվել։ Հյուրանոցից տեղեկանք տարանք, որ այնտեղ վճարով ենք մնացել, բայց մինչև այսօր պատասխան չկա»։

Իրենց ամբողջ կյանքը Այգեստանում ապրած մարդկանց այսօր ասում են, որ Հայաստանում տուն ունեն և չեն կարող օգտվել պետության աջակցությունից, որն իրենց օդուջրի պես անհրաժեշտ է։  Բացի այդ, նրանք, հնարավոր է, նաև չկարողանան օգտվել բնակապահովման ծրագրից։

Դավթյանների օրինակն առանձին մոտեցման կարիք ունի և մշակված պետական հայեցակարգերի մեջ չի տեղավորվում։ Նրանք նույնպես բռնի տեղահանված են, նրանք առանձին ընտանիք են, նրանք 3 անչափահաս երեխա ունեն, ապրում են վարձով և ամենաշատն ունեն պետության աջակցության կարիքը։

Ասպրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Նյութը պատրաստված է “Ստեփանակերտ” մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում

«Ոսկե ծիրան»-ը կներկայացնի 4 ֆիլմ Արցախի մասին

Հուլիսի 7-ից 14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» XXI միջազգային կինոփառատոնը։ Ներկայացված են տարբեր ժանրերի ավելի քան 30 ֆիլմեր։

Փառատոնը բացվել է կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Յոթ քող» դրամայով, որը ներկայացվել է 2023 թվականի սեպտեմբերին Տորոնտոյի կինոփառատոնում։ Երկու «Օսկար»-ի դափնեկիր, հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին հրավիրվել է որպես պատվավոր հյուր։

Կինոփառատոնն անցկացվելու է երեք մրցութային անվանակարգերում. «Միջազգային մրցույթ» անվանակարգում ներկայացված է ինը ֆիլմ ավելի քան 10 երկրից։ «Տարածաշրջանային համայնապատկեր» անվանակարգում ներառված է 11 ֆիլմ ինչպես տարածաշրջանային հեղինակների, այնպես էլ համատեղ համահեղինակների կողմից: «Կորիզ» անվանակարգում ընդգրկված են հայ ռեժիսորների 10 կարճամետրաժ ֆիլմեր։ Նախատեսվում են ցուցադրություններ՝ նվիրված Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի հիշատակին և ստեղծագործությանը։

Փառատոնի շրջանակներում կներկայացվի Արցախի թեմայով չորս ֆիլմ։ Դրանք են՝ Շողակաթ Վարդանյանի «1489», Ալեքսիս Պազումյանի «Սև այգի», Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինում», Սարին Հայրապետյանի «Իմ անուշ տունը»։

Ալվարդ Գրիգորյան

Բաքուն աղավնի խեղդողի կերպարով նոր սպառնալիք է ստեղծում հայերի համար

Գնում ենք դեպի աշուն, դեպի նոր մի սադրանք ու սպառնալիք, այո´ հենց սպառնալիք, քանի դեռ ակնհայտ չկան դրա ռիսկերի գնահատականն ու ռիսկերի զսպման մոտեցումները։

Ցեղասպան Բաքուն Շուշիում ներդրել է էլեկտրական ավտոբուսներ՝ որպես կլիմայի գլոբալ փափոխման դեմ կանաչ քաղաքականության նշան։ Նավթի վաճառքի վրա ճկուն ու հեռահար քաղաքականություն տանող Բաքուն աշնանը աշխարհին կներկայանա որպես գլոբալ կլիմայական փոփոխությունների դեմ ներքին քաղաքականություն վարող պետություն։ Ու ոչ միայն։ Բաքուն ամեն առիթ օգտագործում է աշխարհին ներկայացնելու իր կեղծ ու հորինված խոսույթները ինչպես Լեռնային Ղարաբաղի պատկանելության վերաբերյալ, կամ Շուշի քաղաքի հիմնման մասին կեղծիքներն է միջազգայնացնում, տալով քաղաքին տարատեսակ կենտրոնների կարգավիճակ ու գրանցելով իր հորինված մտքերը, մյուս կողմից, ավերելով Արցախ աշխարհը՝ տալիս է կեղծ տեղեկություն՝ Արցախի  ավերված վիճակը վերագրելով հայկական կողմին։ Բայց Բաքուն սրանով էլ չի բավարարվի։

Բաքուն փորձելու է COP29-ի շրջանակում թե անտեղյակ աշխարհին, թե ծախու կողմին ներկայանալ իր «անմեղ ու նվիրյալ», աղավնի խեղդած էկոակտիվիստների կերպարով՝ կրկին։ Բաքուն այդ կերպարը մեկ անգամ չէ, որ օգտագործել է ընդդեմ հայության, դրանով էլ  արդարացրեց Արցախի Հանրապետության հայաթափումը, երբ ակնհայտ ծուղակի մեջ ներառեց անհեռատես ու միամիտ հայությանը։

Բաքուն, օգտվելով իր նպատակասլաց ու պետականամետ տարվող ներքին ու արտաքին քաղաքականությունից, այսօր արդեն պատրաստում է աշխարհին ներկայացնելու և մատուցելու Հայաստանի իր ստեղծած կերպարը։ Օգտվելով նաև հայկական կողմի իշխանավորների ինքնագոհ ու քնկոտ հոգեվիճակից, կլիմայի փոփոխության կասեցման ֆոնին Հայաստանի համար մի մեղավոր կերպար կհորինի ու կմատուցի իրեն բնորոշ «նվիրվածությամբ»։

Հայկական պետական անվտանգային համակարգը նոր չէ, որ պարալիզված է։ Պատահական են, արդյո՞ք, որ այսօր մամուլի տարբեր էջերում կամ սոցցանցերում բարձրացվում են հարցեր, որ իբրև Հայաստանը քաղցկեղի բարձր մակարդակով առաջին շարքի երկիր է, Երևանը օդի աղտոտմամբ աշխարհի առաջին քաղաքներից մեկն է, ավտովրաերթից մահացությամբ Երևանը աշխարհի առաջին քաղաքներից է… Տեսնում ե՞ք, թե ինչ ճնշող հիբրիդային պատերազմի գործիքներ են կիրառվում։ Իսկ ի՞նչ գիտենք մենք հարևան պետությունների ու դրանց մայրաքաղաքների քաղցկեղի մակարդակի, վրաերթի դեպքերի, օդի աղտոտման մակարդակի մասին։ Իհարկե, ոչինչ։ Ու դա բացարձակ վկայություն չէ այն բանի, որ դրանց մոտ ամեն ինչ իրենց տեղում է կամ էլ դրանք այդ նույն հարցերում առաջին տեղերում չեն։

Մեր պետության այսքան բաց լինելը չի վկայում, թե մեր պետությունը նույնքան ժողովրդավար է․ թե ժողովրդավար լիներ, տեղում բարձրացված որևէ հարց լուծում կգտներ։ Սա ընդամենը նշանակում է, որ չկա պետության անվտանգային համակարգի ռազմավարություն, չկա պետության՝ արտաքին հիբրիդային հարվածները կանխող ու զսպող իմունային համակարգ, պարզապես չկա անկախ ու ինքնուրույն անվտանգային գործող համակարգ։ Ամեն ինչ թույլ ու անտարբեր հակադարձման ռեժիմում է։

Ի՞նչ է անում հայկական կողմը, ի՞նչ հանձնարարականներ են ստացել հայկական գիտական հիմնարկները ադրբեջանի վայրագ ու կողոպտիչ քաղաքականությունը Կասպիցի ջրերի, հանքարդյունաբերության, նավթարդյունաբերության, կայուն օրգանական աղտոտիչների, Արցախի 120 հազար բնակչությանը տաս ամիսներ սովամահության շրջափակման մեջ պահելու, լայնամասշտաբ պատերազմի պատճառով էկոլոգիական խնդիրներ հարուցելու հարցերը բացահայտելու նպատակով։

Հիշեցնեմ, որ այս տարի ապրիլի 24-ին օկուպացված Բերձորում 30 երկրներից 64 փորձագետների մասնակցությամբ Բաքուն անցկացրեց «COP29 և կանաչ հայացք ադրբեջանի համար» միջազգային կոնֆերանս։ Բաքուն չի թաքցնում, որ գլոբալ միջոցառումը կօգտագործի մեծագույնս օգուտ քաղելու և սեփական առաջնորդին որպես «խաղաղության աղավնի» ներկայացնելու համար։ Բայց Բաքուն չի թաքցնում, որ պատրաստվում է իրեն տրամադրված այդ բարձր ամբիոնից հնարավորինս վնասելու Հայաստանին։

Հայկական պետականությունը պետք է ձեռնարկի  ինքնապաշտպանական ու հակադարձման, նաև նախահարձակ քայլեր։ Հակառակ դեպքում, աշնանը սպասվող դիրքերում պարզապես տնկված ծառերը չեն պաշտպանի հայկական պետականությանը թրքական հայասպան քաղաքականությունից։ Ամեն ինչ ավելի քան լուրջ է ու սպառնալից։

Մարիամ Ավագյան

Շուշիից Պեկին. ո՞ւմ է ներկայացնում Օրբանը

Համաշխարհային լրատվամիջոցները հայտնում են, որ «ուկրաինական շրջագայության» շրջանակներում ԵՄ-ում վեց ամսով նախագահող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Կիևից և Մոսկվայից հետո մեկնել է Պեկին։ Լրագրողները բաց են թողնում մեկ այլ կարևոր կետ, որտեղ Օրբանը ժամանել է Մոսկվայից հետո՝ օկուպացված հայկական Շուշին, որտեղ նա մասնակցել է թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

ԵՄ առաջնորդներն ասել են, որ Օրբանը չի ներկայացնում ԵՄ-ն բանակցություններում։ Այդ դեպքում ո՞ւմ է նա ներկայացնում։ Դատելով երթուղուց՝ այն ներկայացնում է թյուրքական աշխարհը՝ ռուս-թուրքական դաշինքը, որը փորձում է դաշնակիցներ գտնել Արևմուտքի դեմ պայքարում՝ նոր աշխարհակարգ կառուցելու գործընթացում։

Չինաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լարվածությունը սրում է Չինաստանում թյուրքալեզու ույղուրների վիճակը, որոնց հարցը պեդալավորում է Թուրքիան՝ համոզելով Պեկինին գնալ փոխզիջումների:

ԵՄ ղեկավարներն արդեն հայտարարել են, որ Օրբանի այցը Շուշի նույնպես չի արտոնվել Եվրամիության կողմից։ Բայց Օրբանին այլեւս չի հետաքրքրում, նա պատրաստվում է Թրամփի իշխանության գալուն ԱՄՆ-ում։

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը

Կիրակի մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը, որի հյուրերի կազմում են Քեվին Սփեյսին, Ատոմ Եգոյանը եւ այլ աստղեր։

Փառատոնն  այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի եւ այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին, հայտնում է news.am-ը։

Ձախ կոալիցիան հաղթեց Ֆրանսիայում, Մելանշոնը՝ Իսրայելի և Հայաստանի մասին

«Նոր ժողովրդական ճակատ» (NPF) ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և ստացել 182 մանդատ Ազգային ժողովում, հայտնում են երկրի ՆԳՆ պաշտոնական տվյալները։

Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան (168 մանդատ), երրորդ տեղում՝ ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաքը» (RN)՝ Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելլայի ղեկավարությամբ, որը ստացել է 143 մանդատ։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,63 տոկոս։

Ընդ որում, ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր, իսկ մեծամասնության համար անհրաժեշտ է 289 մանդատ։

«Ազգային հանրահավաքը» գրավեց առաջին տեղը առաջին փուլում և հույս ուներ ուժեղ արդյունքի հասնել կիրակի օրվա քվեարկության ժամանակ, սակայն երկրորդ փուլից առաջ ձախերն ու Մակրոնի կողմնակիցները միավորեցին ուժերը՝ կանխելու ծայրահեղ աջերի հաղթանակը:

Երկու օրվա ընթցքում Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում իշխանությունը փոխվեց. ձախերը վերադարձան։ Առանցքային երկրներում իշխանափոխության հետ կապված բարձրացված հիմնական հարցերից մեկը Իսրայելի նկատմամբ վերաբերմունքն է։

«Իսրայելի և Գազայի հատվածի դեմ սանձազերծված բոլոր բռնությունները միայն մեկ բան են ապացուցում. բռնությունը բռնություն է ծնում և ինքն իրեն վերարտադրում։ Մենք սարսափում ենք, և մեր մտքերն ու կարեկցանքը ուղղված են բոլոր նրանց, ովքեր տուժել են դրանից: Անհրաժեշտ է զինադադար. Ֆրանսիան պետք է դրան հասնի քաղաքական և դիվանագիտական ​​ուժերով», – ավելի վաղ հայտարարել էր Ֆրանսիայի ծայրահեղ ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնը, նրա խոսքով, տարածաշրջանը պետք է վերադառնա Իսրայելի և Պաղեստինի ժողովուրդների խաղաղ գոյակցությանը, ինչպես նշված է ՄԱԿ-ի բանաձեւերում:

Բացի այդ, ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը Հայաստան է ժամանել 2024 թվականի ապրիլի 24-ին և մեղադրել Իսրայելին Ադրբեջանին զենք մատակարարելու մեջ՝ դրա դիմաց Իսրայելի գործողությունների համար հարթակ ստանալով։ 

«Աշխարհի բոլոր ժողովուրդները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որովհետև դա միակ գրավականն է, որ աշխարհը միասնաբար կգա մի գիտակցության, որ արգելվում է ցանկացած ցեղասպանական գործողություն։ Այն փաստը, որ դա չի արվել մինչ այսօր, թույլ է տրվել, որ Գազայում տեղի ունենան նույնատիպ ցեղասպանական գործողություններ»,- ասաց Մելանշոնը։

Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նա նշեց, որ պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառվի, որպեսզի կասեցվի նրա ծավալապաշտական նկրտումները։

«Երբ տեսնում եմ, որ եվրոպական իշխանությունները, որոնք, որպես կանոն, պետք է ի վիճակի լինեն ամեն ջանք գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների քաղաքակիրթ ճանաչմանը հասնելու համար, ոչինչ չեն անում և նույնիսկ պայմանագրեր են կնքում Ադրբեջանի հետ, ինչը երաշխավորում է Ադրբեջանի անպատժելիությունը։ Դա չպետք է անել։

Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ։ Եթե մեկ անգամ Ադրբեջանը պատժվի, դա այլևս չի կրկնվի, ուրեմն պետք է կիրառվեն պատժամիջոցներ ամբողջական ձևով»,- եզրափակեց նախկին պատգամավորը։

Մեծ Բրիտանիայում իշխանության եկած լեյբորիտները մոտավորապես նույն կարծիքին են Իսրայելի վերաբերյալ։

Իսրայելի եւ Հայաստանի հարցը համարվում է առանցքային նոր աշխարհակարգ կառուցելու համար, իսկ ձախերի և լեյբորիստների հաղթանակը Ֆրանսիայում և Բրիտանիայում վկայում է այն մասին, որ աշխարհում միտումները փոխվում են:

Էրդողանը ցանկանում է հաշտվել Ասադի հետ Պուտինի միջոցով և մերձանալ Իրանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիայում բանակցություններ անցկացնելու տարբերակը։

«Մենք այժմ գտնվում ենք մի փուլում, երբ հենց [Սիրիայի նախագահ] Բաշար ալ-Ասադը քայլ կատարի Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, մենք նույնը կանենք։ Որովհետև նախկինում մենք թշնամի չէինք Սիրիայի հետ, Ասադի հետ հանդիպել ենք որպես ընտանիքի անդամ։ Մենք ցանկացած պահի կարող ենք ուղարկել մեր հրավերները: Հուսով ենք, որ դրա շնորհիվ մենք կկարողանանք թուրք-սիրիական հարաբերությունները հասցնել նույն մակարդակի, ինչ նախկինում էր։ Պուտինը մտադրություն ունի Թուրքիայում հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս հարցում իր մոտեցումներն ունի նաև Իրաքի վարչապետը։ Մենք միշտ խոսում ենք միջնորդության մասին, բայց ինչո՞ւ մեր հարևանները չեն կարող միջնորդ լինել»,- Էրդողանի խոսքն է մեջբերում Anadolu գործակալությունը։

Ուրբաթ օրը թուրք առաջնորդն ասել էր, որ դիտարկում է Ռուսաստանի և Սիրիայի նախագահներին Թուրքիա հրավիրելու հարցը՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորումը և ընդհանրապես սիրիական կարգավորումը քննարկելու նպատակով։ Ըստ նրա, «եթե պարոն Պուտինը կարողանա այցելել Թուրքիա, դա կարող է լինել թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի սկիզբը»։ Նա նաև նշել է, որ «անհրաժեշտ է մշտական ​​կարգավորման մեխանիզմ ստեղծել»։

Հունիսի վերջին «Ալ Վաթան» թերթը, վկայակոչելով կառավարական աղբյուրները, հայտնել էր, որ Բաղդադը կդառնա Սիրիայի և Թուրքիայի միջև բանակցությունների վայր։ Պարբերականը չի նշել ենթադրյալ ամսաթիվը։

Նման հայտարարություն նա արել է Իրանում նախագահական ընտրությունների ավարտից հետո։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի նախագահական ընտրություններում հաղթած Մասուդ Փեզեշկիանը «իրականում թուրք է»։ Այս մասին քաղաքական գործիչը լրագրողներին ասել է ինքնաթիռում Գերմանիայից վերադառնալիս, հայտնում է թուրքական TRT Harber հեռուստաալիքը։

«Մասուդ Փեզեշկիանն իրականում ադրբեջանական ծագումով թուրք է։ Օրինակ՝ Թավրիզում նա խոսում է թուրքերեն։ Բայց երբ գնում է քրդաբնակ շրջաններ, այնտեղ էլ կարող է քրդերեն խոսել»,- ասել է թուրք առաջնորդը։

Էրդողանը հավելել է, որ կապ կհաստատի Իրանի նոր նախագահի հետ և կշնորհավորի նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Անկարան և Թեհրանը կշարունակեն զարգացնել արտաքին քաղաքական բոլոր տեսակի հարաբերությունները։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Իրանը Թուրքիայի կարևոր հարևանն է, և երկիրը կապված է նրա հետ պատմամշակութային կապերով։

Վորոնեժի շրջանի պահեստում բռնկված հրդեհի պատճառով տարհանվել է մոտ հիսուն մարդ

Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարել է Պոդգորենսկի շրջանի երեք բնակավայրերի մի քանի տասնյակ բնակիչների ժամանակավոր կացարաններում տեղավորելու մասին՝ կապված տարածքում հայտարարված արտակարգ իրավիճակի հետ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր նահանգապետը, հուլիսի 7-ի գիշերը մի քանի անօդաչու թռչող սարք են խոցել, որից հետո բեկորներն ընկան պահեստներից մեկի վրա և սկսվեց «պայթուցիկ առարկաների պայթյունը»։

«Մենք շարունակում ենք վերացնել Պոդգորենսկի շրջանում արտակարգ իրավիճակի հետևանքները։ Առայժմ երեք բնակավայրերից մոտ 50 մարդ տեղափոխվել է ժամանակավոր տեղավորման կենտրոններ։ Մենք նրանց տրամադրում ենք ողջ անհրաժեշտ օգնությունը»,- գրել է Գուսևը Telegram-ի իր ալիքում։

Որոշ բնակիչներ մնացել են հարազատների մոտ։

Առկա տեղեկությունների համաձայն՝ Վորոնեժից մոտավորապես 140 կմ հեռավորության վրա գտնվող Սերգեևկա գյուղի մոտ տեղակայված զինամթերքի պահեստը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Ըստ ուկրաինական աղբյուրների՝ հենց այս պահեստից են հրթիռներ, արկեր ու զինամթերք մատակարարվել Ուկրաինայում գտնվող ռուսական զորքերին։

Առաջին պայթյունի հնչելուց հետո սկսվել է պահեստավորված զինամթերքի պայթեցումը։ Ծխի սյունը տեսանելի է շատ կիլոմետրերի վրա։