Մարտ 2020. Զոնտիկներ, վերջին անգամ

2020 թվականի մարտ. Բնական-պատմական արգելոց Հունոտի կիրճ կամ Արցախի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ «Զոնտիկներ»։

Այդ պահին ոչ ոք չէր պատկերացնում, որ մենք վերջին անգամ ենք այստեղ։ Գարունը, ինչպես կասեր բանաստեղծը, զարթոնքի, նոր կյանքի ու հույսի ժամանակ է։ Այսօր մենք նշում ենք տարագրությունից հետո առաջին գարունը։ Հավատանք, որ հույսով…

Լուսանկարնեը՝ Ալվարդ Գրիգորյանի

Նոր որոշում՝ արցախցիների կուտակային կենսաթոշակների հետ կապված

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Արցախի կառավարությունը 1 ամիս առաջ փոփոխություն արեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որ այն արցախցիները, ովքեր ուզում են շուտ ստանալ իրենց կուտակած միջոցները, կարողանան հիմա վերցնել: Հիմա Արցախի կառավարությունը համապատասխան կարգ է մշակում՝ գործընթացը կազմակերպելու համար:

Մեր տեղեկություններով, երեկ վերջապես վերականգնվել է Արցախի ԱԺ կայքը, որտեղ պաշտոնապես հրապարակվել է օրենքը` այն չէր գործում արցախցիների բռնի տեղահանումից հետո՝ ադրբեջանական հարձակումների պատճառով։ Իսկ փոփոխությունը հետեւյալն է․ «Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված՝ մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են, եւ դրա արդյունքում ձեւավորված միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ փոխանցվում են  նրա այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ փոխանցվում նրա բանկային հաշվին՝ ԱՀ կառավարության սահմանած կարգով»։

Օրենքն ուժի մեջ է մտնում ԱՀ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակվելուն «հաջորդող 10-րդ օրվանից»: Փոփոխված դրույթի կիրարկումն ապահովող կառավարության որոշում կընդունվի 1 ամսվա ընթացքում, 9 ամսվա ընթացքում էլ գումարները կվերադարձվեն:

ՀՀ Կենտրոնական բանկը, որին դիմել էին արցախցիները, ձեռնպահ է մնացել այս գործընթացից, թեպետ կուտակային ֆոնդերի հետ ինքն է աշխատել: Մեր հարցմանը ԿԲ-ից պատասխանել են, որ հատկացումները կամ դրանց հետագա ճակատագրի հարցերը չեն մտնում ԿԲ իրավասությունների մեջ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Տղաների երգչախումբը» սկսեց կատարել «ռեքվիեմը». մենք թույլ ենք և այլընտրանք չունենք

Բեռլինում Միրզոյան-Բայրամով բանակցություններից հետո երկու նախարարներն էլ մեկնել են Անթալիա՝ դիվանագիտական ​​ֆորումի, ըստ երևույթին, վերջնական տեսքի բերելու Հայաստանի հանձնման պայմանները։

«Տղաների երգչախումբն» էլ սկսեց երգել, որ բոլորը Հայաստանից սպասում են «վերջին քայլին»։

Էդմոն Մարուքյանը «ռազմավարական հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով»՝ Խոջալուի ճշմարտության և Արցախում հուշարձանների ու գերեզմանոցների ոչնչացման փաստերի հրապարակումից հետո, լքեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։ Համացանցում Մարուքյանի հեռանալը դիտարկվել է «առնետների փախուստը խորտակվող նավից» համատեքստում։

Ալեն Սիմոնյանը հերթական անգամ «մահապարտի ճեպազրույց» է տվել՝ ասելով, որ չի բացառում նոր «պայմանագրային» պատերազմ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև (նախկին պատերազմները պայմանավորված էին), որ մենք պետք է ձգտենք անդամակցել ԵՄ-ին, որ Ուկրաինայում պատերազմը սկսվել է Արցախյան պատերազմով և որ 2021 թվականին Փաշինյանի թիմի վերընտրությունը, իբր, կանխել է Հայաստանի ընդգրկումը Միութենական պետության կազմում։ Բայց ճեպազրույցի ժամանակ “կոդային” բառերը հետեւյալն էին․ «Հայաստանը Թուրքիայից և Ադրբեջանից ուժեղ չէ, մենք չենք կարող դիմակայել, մեր դաշնակիցը, ով պետք է մեզ պաշտպանի, լավագույն դեպքում չի պաշտպանում, եթե ոչ նրանց հետ պայմանավորվածության մեջ է։ Մենք չենք բացառում նոր “համատեղ գործունեություն”՝ հարված Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխանության դեմ»։

Մեկ այլ «մենակատար» Սամվել Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մեզ ընտրության առաջ են դրել. կամ տալիս ենք միջանցքը (կարդա՝ Սյունիքն ու Հայաստանի ողջ հարավը) ու կոնֆլիկտի մեջ ենք մտնում Իրանի հետ (այստեղ նա խոստովանեց, որ Ռուսաստանը, Արևմուտքը, Թուրքիան և Հայաստանի իշխանությունը նույն խաղն են խաղում Իրանի և Ֆրանսիայի դեմ), կամ  դաշինքի մեջ ենք մտնում Ռուսաստանի և Իրանի հետ՝ ընդդեմ Արևմուտքի։ Երկու տարբերակում էլ Հայաստանը վերանում է որպես պետություն, իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունը մնում է։

Երգչախմբին միացավ նաև ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում, որտեղ կանխատեսվում էր նաև պատերազմ, ագրեսիա, և որ ամենակարեւորն էր՝ արձանագրվում երկրում դիմադրության բացակայություն։ «Մենք չենք կարողանում ազգային ճակատ ստեղծել, չգիտենք՝ իմպիչմենտը կաշխատի՞, հաջորդ անգամ՝ մարտի 13-ին կհանդիպենք, եթե ողջ լինենք»։

Իր հերթին Բաքվում ադիբուդիյով զինված քննարկում են, թե Հայաստանը ինչ ճանապարհով կգնա՝ անմիջապես կհամաձայնի՞ կապիտուլյացիայի, կձգձգի՞ “պայմանագրի ստոորագրումը”  մինչեւ Սահմանադրությունը փոխելը (ինչը հղի է էսկալացիաներով), թե՞ կդադարեցնի բանակցությունները, որը նորից կբերի պատերազմի։ Բայց, չգիտես ինչու, Բաքվում ավելի շատ վախենում են վերջին տարբերակից, քանի որ դա ներքին դիմադրություն է ենթադրում։

Բոլոր «երգչախմբային ելույթներում» դիմադրության նույնիսկ նշույլի բացակայությունը առանցքային գործոն է, քանի որ իրադարձությունների նման ընթացքի միակ այլընտրանքը կարող է լինել դիմադրությունը։ Իզուր չէ, որ Ֆրանսիայի նախագահը Փաշինյանին հրավիրել է Փարիզ հենց Դիմադրության անդամ Միակ Մանուշյանի վերաթաղմանը։ Սա հավանաբար վերջին հրավերն էր։

Մարուքյանը համաձայն չէ եւ հրաժարական է տալիս

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում:

Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:

Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը:

Աննա Այվազյան․ «Պետք է աշխատի ԵԱՀԿ-ն, Մինսկի խումբը՝ նոր որոշումներով, նոր միջազգային խաղաղապահներով, կարգավիճակով»

«Մենք, Նիկոլ, քեզնից ենք պահանջում մեր թողածը Արցախում։ Արցախի ամեն թիզ հողի վրա արյուն է թափված, ո՞ւմ ես դու տալիս այդ հողը, իսկ մեզ տալիս 3 մլն դրամ։ Սա ի՞նչ խաբկանք է, ո՞ւմ տեղն ես դու դրել արցախցուն։ Արցախցին պիտի հետ վերադառնա»,- «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքում ասաց արցախցի Աննա Այվազյանը։

Նրա խոսքով․ «Պետք է աշխատի ԵԱՀԿ-ն, Մինսկի խումբը՝ նոր որոշումներով, նոր միջազգային խաղաղապահներով, Արցախի կարգավիճակը հաստատելով։ Այն ժամանակ արցախցին կգնա այնտեղ եւ կդառնա իր հողի ու երկրի տերը։ Սա պիտի լինի մեր պահանջը ազգովի։ Կռվով լինի, խելքով լինի, զենքով լինի, մենք հասնելու ենք մեր նպատակին։ Արցախը մերն է եւ մերն էլ մնալու է։ Իշխանիկներն ասում են՝ Արցախի հարցը մեռած է, այլեւս չկա։ Ղալաթ են անում, որտեղ արցախցի կա, այնտեղ Արցախ կա։ Այս իշխանիկներին մենք դատելու գործ ունենք, եւ պետք է դա միասին անենք»,- հայտարարեց նա։

Աննա Այվազյանը նաեւ ասաց, որ արցախցիների անունից պահանջում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հերքի իր արած հայտարարությունը, թե «Արցախը Ադրբեջան է»։ «Պահանջում ենք հանդես գա հեռուստատեսությամբ եւ հերքի իր ասածը, Արցախը երբեք Ադրբեջան չի եղել եւ չի լինելու, Արցախը հայկական է, Հայաստանինն է, արցախցունն է»,- նշեց նա։

 

«Նիկոլն ասաց՝ Արցախն Ադրբեջան է, մենք լռեցինք։ Աշխարհն ասաց՝ ուրեմն հայերը բոլորն էլ համաձայն են»

«Արցախն այս պահին չկա, բայց մենք պիտի վերադարձնենք Արցախը, որովհետեւ եթե Արցախը չվերադարձնենք, Հայաստան չի լինելու»,- «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքում ասաց «Միասին» այլընտրանքային շարժման համակարագող Արամ Սարգսյանը։

«Այսօրվա դրությամբ տարբերակը հետեւյան է, որ սկսենք իմպիչմենթի գործըթնաց։ Այսինքն՝ Ազգային ժողովում 35+1 ձայնով սկսենք այս ստորագրահավաքը, որից հետո 72 ժամվա ընթացքում պետք է լինի քվեարկություն։ Մենք հաշվարկեցինք, եթե չունենք մեծ ճնշում ԱԺ մեծամասնություն կոչվածների վրա, ապա այդ գործընթացը հիմա սկսելը նշանակում է բերել պարտության։ Մենք պետք է այստեղ հավաքենք այնքան ժողովուրդ, որն իր կամքը թելադրելու է։ Ուրիշ ելք չունենք»,- ասաց նա։

Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընդունել է մի ծրագիր, բայց իրականացրել է այլ բան․ «Ինքն այսօր օրենքից դուրս է, Նիկոլ Փաշինյանն իր կաբինետով օրենքից դուրս է, որովհետեւ խախտել է օրենքը»։ Նա նաեւ ասաց, որ կառավարման համակարգը պետք է փոխել, որպեսզի մեկ անձ չկայացնի որոշումներ, ինչի հետեւանքով հայտնվել ենք այս վիճակում։

«Մեզ անհրաժեշտ է մի քանի օր, մենք պետք է հանդիպումներ ունենանք մարզերում, որպեսզի կարողանանք տեսնել մարզերի տրամադրությունները։ Մարտի 13-ին ձեզ նորից հրավիրելու ենք հրապարակ։ Եթե «գեղը կանգնած լինի», այլեւս որեւէ բան չենք ասելու ձեզ, գնալու ենք գործողության»,- հայտարարեց Արամ Սարգսյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ն այս պահին իր ամենավտանգավոր դարաշրջանն է ապրում։ Հիմա գլխավոր հարցը միավորվելն է։ «Աշխարհը մեզ ուշադիր դիտում է։ Երբ հարց էր առաջանում՝ աշխարհն ինչո՞ւ է այսպես արձագանքում, շատ պարզ պատճառով։ Նիկոլն ասաց՝ Արցախն Ադրբեջան է, մենք լռեցինք։ Աշխարհն ասաց՝ ուրեմն հայերը բոլորն էլ համաձայն են։ Նիկոլն ասում է՝ տալիս ենք, որովհետեւ խաղաղություն ենք ուզում, մենք էլի լռել ենք, չենք ասել, որ համաձայն չենք։ Մենք պետք է ոտքի կանգնեք, որ տեսնեն՝ հայ ժողովուրդն իր արժեքային համակարգին ու իր ազգային շահերին համապատասխան է գործում»,- նշեց նա։

 

Արցախյան մշակույթի պահպանման հեռուստամարաթոն. մարտի 23

Արցախյան մշակույթը, որպես հայ դարավոր մշակույթի բաղկացուցիչ մաս, կանգնած է ոչնչացման իրական վտանգի առաջ։

Այս մշակույթի անմիջական կրողները արցախյան ստեղծագործական խմբերն են, որոնց միջոցով պետք է պահպանվի Արցախի մշակութային ու պատմական ժառանգությունը։

Չի կարելի թույլ տալ, որ լուծարվեն պատմական այս դժվարին ժամանակաշրջանում ստեղծված Արցախի ստեղծագործական խմբերը։ Եվ հենց այդ նպատակով է ստեղծվել «Արցախի մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել և ապահովել Արցախի ստեղծագործական խմբերի հետագա գործունեությունը, արցախյան մշակույթի ակտիվ ներկայացումը արտերկրում։

«Արցախի մշակույթի պահպանման կենտրոնը» հարթակ է, որտեղ համախմբվում են Արցախի պետական ​​և սիրողական բոլոր ստեղծագործական խմբերը։ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնին աջակցելու նպատակով կկազմակերպվի հեռուստամարաթոն։

«Կոչով դիմում ենք Հայաստանի և արտերկրի բոլոր հիմնադրամներին, կազմակերպություններին ու հասարակական գործիչներին, բոլորին, ովքեր միշտ եղել են Արցախին մոտ և կարծում են, որ Արցախի հարցը փակված չէ։ Մասնակցեք հեռուստամարաթոնին և ձեր անձնական ներդրումն ունեցեք ազգային գործին։ Դարձեք արցախյան մշակույթի փրկիչներից մեկը։ Հավաքված միջոցները կուղղվեն Արցախի ստեղծագործական խմբերի զարգացմանը և նրանց միջոցով՝ արցախյան մշակույթի պահպանմանը։ Միջոցները կուղղվեն օկուպացված Արցախում մնացած մշակութային և պատմական ժառանգության ցուցահանդեսների կազմակերպմանը, զեկույցների պատրաստմանը, ղարաբաղյան բարբառի պահպանմանը։ Կհատկացվեն նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններում մշակութային և կրթական աշխատանքներին։

Արդյունքում կպահպանվեն Արցախի ստեղծագործական խմբերը, աշխատանքով կապահովվեն արցախցի 500 փախստականներ՝ մշակույթի գործիչներ։ Մեր կազմակերպությունը կնպաստի Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանը և արցախյան հիմնախնդրի առաջմղմանը արտերկրում։

Հեռուստամարաթոնը կանցկացվի մարտի 23-ին ուղիղ եթերում»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց հասարակական կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Ապրես Մարգարյանը։

Արսեն Աղաջանյան

«Որպեսզի մեր մյուս հանրահավաքին արդեն սյունեցիներն այստեղ չլինեն»

«Որպեսզի մեր մյուս հանրահավաքին արդեն սյունեցիներն այստեղ չլինեն, մենք պետք է հասկանանք, որ քիչ ժամանակ ունենք»,- «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքում ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Նիկոլ Փաշինյանը բերում է մեզ այնպիսի վիճակի, որ իրերի հետագա ընթացքն անպայման ենթադրում է պատերազմ։ Մարդ, որն Արցախը տվեց, որ ստանա խաղաղություն, խաղաղությունը չստացավ, հիմա էլ ասում է՝ այդ խաղաղությունը չկա։ Հլա մի կողմ թողենք հարցը՝ եթե խաղաղությունը չկա, դու ի՞նչ ես անում։ Ես սկսում եմ կասկածել, որ ինքն է զանգում, ասում՝ ես գնում եմ հաթաթա տամ հայերին, որ հեսա պատերազմ է լինելու։ Տպավորություն է, որ ինքն ասում է՝ եկեք արագացրեք էս պատերազմը, Սյունիքն էլ վերցրեք, ինչ թողնում եք թողեք։ Շատերն ասում են՝ ինքը դավաճան է, բայց ինքը մեզ ընկեր չէ, ո՞նց կարող է դավաճանել։ Ինքը անգամ դավաճան էլ չէ մեզ համար, դե հիմա հասկացեք, թե ում ենք բերել իշխանության։ Հիմա հասկանո՞ւմ եք, որ մեր խնդիր շատ բարդ է։ Որեւէ հարցի կպնում ես, անպայման առնչվում ես այն խնդրի հետ, որ Փաշինյանը չպետք է լինի»,- ասաց նա։

Հայրիկյան․ Ուղիղ մեկ շաբաթ հետո մենք դատախազության դիմաց պահանջելու ենք Նիկոլին ձերբակալել

«Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է պաշտոնից հեռանա, այլ պետք է բանտ տարվի»,- «Ազատության» հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

Նա համախմբվելու կոչ արեց՝ այսօրվա մարտահրավերին դիմակայելու համար։ «Միայն այստեղ հավաքվածները եւ նրանց համակրած քաղաքական ուժերը չէ, որ հասկանում են Նիկոլի վնասակարությունը։ Մենք տարբեր քաղաքական ուժերով պիտի հայտարարի գանք։ Բոլոր քաղաքական ուժերը թող իրենց փեշերից քարերը թափեն եւ հասկանան, որ այսօր մենք հրատապ խնդիր ունենք։ Մի կանգնեք մի կողմ ու թամաշա արեք, սա բոլորիս պարտականությունն է»,- ասաց նա։

Պարույր Հայրիկյանը նշեց, որ ծրագիրը նպատակաուղղված է ավելի մեծ քանակությամբ մարդկային ուժեր հավաքելուն, որպեսզի աշխարհի համար ակնհայտ դառնա, որ Նիկոլ Փաշինյանն իր արատավոր դրսեւորումներով հայ ժողովրդին չի ներկայացնում։ «Նախորդ հանարահավաքում բաժանվեց փաստաթուղթ՝ 100 պատճառ, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Բայց այդ 100 պատճառներից նույնիսկ 5-ը բավական է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը բանտ տարվի։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է պաշտոնից հեռանա, այլ պետք է բանտ տարվի։ Սեփական ժողովրդին այսքան կորուստներ ու չարիք պատճառած մարդն ի՞նչ իրավունքով պետք է հեռանա պաշտոնից»,- հայտարարեց Հայրիկյանը։

Նա հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները 4 տարի ստացել են բարձր աշխատավարձ, բայց բարեփոխումները չեն արվել։ Ըստ Հայրիկյանի՝ սա կոռուպցիոն հանցագործություն է։ Տասներկու կուսակցություններ այս մասին հայտարարություն են ներկայացրել Գլխավոր դատախազին։ «Ուղիղ մեկ շաբաթ հետո ժամը 4 անց կես մենք դատախազության դիմաց պահանջելու ենք Նիկոլին ձերբակալել, տանել դատարան ու կալանավորել»,- ասաց նա։

Ստեփանակերտ, Գարեգին Նժդեհ․ Պալիտի թաղը

Ստեփանակերտի Գարեգին Նժդեհ թաղամասը գտնվում է քաղաքի ամենակենտրոնում՝ Մարտունու և Մագդա Նեյման փողոցներին կից: Փողոցից մի փոքր ներքև գտնվում է քաղաքի հրշեջ կայանը և հանրահայտ «պալիտի շենքը», ինչի պատճառով փողոցը անվանում են կամ «պաժարնուն տիյերի թյաղը», կամ «պալիտին տիյերի թաղը»:

Դեպի թաղամաս տանող խաչմերուկում գտնվում էր Ստեփանակերտի մամուլի ակումբը:

Նժդեհի փողոցի կենտրոնում «Բորիկ ձյաձայի մագազինն էր», իսկ խանութի առաջ փոքրիկ սեղան կար, որտեղ պապիկները խաղում էին՝ հիմնականում նարդի:

Փողոցում փոքրիկ հողաբլուր կար, իսկ հողաբլուրի հենց տակը աղբարկղեր: Ձմռանը դա երեխաների ամենասիրելի վայրն էր՝ սահնակ էին քշում: Առանձին մարտահրավեր էր երեխաների համար՝ սահնակ քշել մինչև հողաբլրի հենց ծայրը և աղբարկղերի մեջ չընկնելը:

Այդ փողոցի երեխաները, որոնք հիմա արդեն բավականին մեծ և հասուն մարդիկ են, հիշում են հենց ձմեռը, ցուրտ օրերը, տարաներով բերվող ջրերը՝ սառցադաշտ սարքելու համար և իհարկե այդ ամենի պատճառով ջղայն հարևաններին, որոնք ստիպված տան պատերից բռնած էին իջնում:

Քրիստինա Ալավերդյան

 

Նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները

2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։

Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։

Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիային Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության պայմանագրի խիզախ և միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը՝ ամփոփելով Բեռլինում կայացած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

«Մենք՝ որպես դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ դա հնարավոր է, որպեսզի վերքերը բուժվեն, և մարդիկ խաղաղություն գտնեն: Ճանապարհի յուրաքանչյուր մետր նշանակություն ունի»,- գրել է Բերբոքը։

Եթե ​​Հայաստանի իշխանությունները հանուն խաղաղության ընդունեն ռազմական ագրեսիայի արդյունքը, ապա իրենց հասցեին օկուպացիայի մեղադրանքներ կստանան

Արցախյան հիմնախնդիրն անհրաժեշտ է անընդհատ բարձրաձայնել և ուշադրության կենտրոնում պահել։ Այդ մասին Step1.am-ի հետ զրույցում ասել է Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

«Միայն Ադրբեջանի հանցագործությունների դեմ քաղաքական և իրավական պայքարի միջոցով Հայաստանը կարող է ձևավորել սեփական պաշտպանության մեխանիզմներ, բայց ոչ մի դեպքում՝ լռությամբ կամ զիջումներով։ Ադրբեջանը Արցախում պատերազմը սկսել է 1992 թվականին՝ խարխլելով միջազգային խաղաղ գործընթացները։ Եվ մինչ միջազգային հանրությունը ուտոպիստական ​​ծրագրեր էր առաջարկում, Ադրբեջանն ուժ էր հավաքում և 2020-2023 թվականներին կրկնակի ագրեսիա իրականացրեց, այս անգամ Արցախի ցեղասպանության արդյունքում հասնելով իր նպատակին։

Հենց սա պետք է հիմք հանդիսանա խաղաղ կարգավորման բանակցությունների համար։ Եթե ​​Հայաստանի իշխանությունները որոշեն աչք փակել Ադրբեջանի հանցագործությունների վրա՝ հանուն խաղաղության ընդունելով ռազմական ագրեսիայի արդյունքը, նրանք կստանան օկուպացիայի մեղադրանքներ և էլ ավելի մեծ ագրեսիա։ Ո՛չ Ալիևը, ո՛չ Փաշինյանը չեն կարող Ղարաբաղի հարցը հեռացնել տարածաշրջանային քաղաքական օրակարգից»։

Ալվարդ Գրիգորյան