Էրդողանը պահանջել է արագացնել ընդհանուր թյուրքական այբուբենի ստեղծումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է արագացնել ընդհանուր թյուրքական այբուբենի ստեղծումը։

«Մենք պետք է արագացնենք ընդհանուր թյուրքական այբուբենի ձևավորման գործընթացը», – ասել է նա Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Ադրբեջանում։

Նա նշել է, որ ընդհանուր թյուրքական այբուբենով արդեն հրատարակվել են Չինգիզ Այթմատովի ստեղծագործությունները, ինչպես նաև «Օղուզնամեն» և այսօր յուրաքանչյուր ղեկավարի կհանձնվի այդ հրատարակություններից մեկական օրինակ. «Առաջարկում եմ դեկտեմբերի 15-ը սահմանել որպես Ընդհանուր թյուրքական լեզվի օր»։

Հռոմի պապը նոյեմբերին կայցելի փյունիկյան և հայկական քաղաքակրթությունների ծննդավայր

Վատիկանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը նոյեմբերի վերջին կայցելի Թուրքիա և Լիբանան, հաղորդում է Reuters-ը։

Սա կլինի 1,4 միլիարդ անդամ ունեցող կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդի առաջին այցը, որը կատարվելու է Իտալիայի սահմաններից դուրս:

ԱՄՆ-ից առաջին Հռոմի պապը՝ Լևոնը Թուրքիա կայցելի նոյեմբերի 27-ից 30-ը, իսկ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը կմեկնի Լիբանան։

Ինչպես սպասվում է, այցի ընթացքում նա ելույթ կունենա Մերձավոր Արևելքում քրիստոնյաների աղետալի վիճակի մասին և խաղաղության կոչեր կանի ողջ տարածաշրջանում:

Լիբանանը համարվում է փյունիկյան քաղաքակրթության ծննդավայրը, իսկ Փոքր Ասիան և Միջագետքը՝ հայկական քաղաքակրթության ծննդավայրը։

Փաշինյանից փորձում են ազատվե՞լ։ «Խաղաղության» և «ապաշրջափակման» մենաշնորհը կոտրվել է

Երկու ամիս է անցել Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Երևանի և Բաքվի փաստաթղթերի կնքումից։ Բաքուն անմիջապես պայմանավորեց Վաշինգտոնում նախաստորագրված «խաղաղության պայմանագրի» վերջնական ստորագրումը Հայաստանի Սահմանադրության փոփոխություններով, ինչին Փաշինյանը պատասխանեց, որ պատրաստ է ընդունել նոր Սահմանադրություն, բայց միայն 2026 թվականի ընտրություններից հետո։ Սա նշանակում է, որ «խաղաղության պայմանագիրը» չի կարող ստորագրվել առնվազն մեկ տարի։ «Մի խանգարեք ինձ վերընտրվել, հակառակ դեպքում պայմանագիր չի լինի», – ասում է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է «Թրամփի ճանապարհին», ապա երկու ամիս անց պարզ է դառնում, որ նույնիսկ տարրական պատկերացում չկա, թե որտեղ է անցնելու այս ճանապարհը։ Սա անուղղակիորեն հաստատեց Նիկոլ Փաշինյանը, ով «խնդրեց» Ալիևին ցույց տալ «Զանգեզուրի միջանցքի քարտեզը»։ Այլ կերպ ասած՝ դեռ ոչինչ չկա, միայն բառեր։

Ահա թե ինչու է հիմնական «խաղը» կենտրոնացած «Զանգեզուրի միջանցք» բառերի շուրջ։

Բաքվի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հայտարարել է. «Վաշինգտոնի գագաթնաժողովում TRIPP երթուղու մասին հայտարարությունը, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը Զանգեզուրի միջանցքով, կարևոր քայլ է մեր տարածաշրջանում կապերի դիվերսիֆիկացման առումով»։

«Վաշինգտոնի գագաթնաժողովի հիմնական արդյունքներից մեկը Զանգեզուրի միջանցքի բացումն էր», – հայտարարել է Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։ «Զանգեզուրի միջանցքը կարևոր է որպես նոր տրանսպորտային զարկերակ և ծառայում է որպես երկրորդ երթուղի ինչպես Միջին միջանցքի, այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում», – հավելել է Ալիևը։

Հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև Կոպենհագենում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումը։ Հայաստանը հաստատում է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ոչ մի կերպ չի վերաբերում Հայաստանի Հանրապետության տարածքին։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ի պատասխան «Արմենպրես» գործակալության գրավոր հարցման։

Բաղդասարյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են միայն TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, որոնք հստակորեն ամրագրված են մի շարք միջազգային փաստաթղթերում։

Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումը կարող է «խաղաղության օրակարգի» «սխալ ընկալում» առաջացնել Հայաստանում՝ ակնարկելով, որ հայ հասարակությունը կարող է հիասթափվել և չընտրել Փաշինյանի կուսակցությանը։ Սակայն Անկարայի և Բաքվի կողմից այս տերմինի համառ օգտագործումը ենթադրում է, որ Փաշինյանին վերընտրելու նպատակ այլևս չի հետապնդվում։ Բաքուն և Անկարան հասել են իրենց նպատակներին, և հիմա ժամանակն է ազատվել Փաշինյանից։

Հայկական ընդդիմությունը շարունակում է պնդել, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը նախատեսված են Նիկոլ Փաշինյանին հաջորդ ընտրություններում աջակցելու համար, բայց փորձում է նախաձեռնությունը զավթել։

Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտարարելով ընտրարշավին իր թիմի մասնակցելու մասին, նշել է, որ «առաջարկվող միջանցքը էական նշանակություն ունի միայն  ադրբեջանա-թուրքական հարաբերություններում»։ Նա քարտեզի վրա ցույց տվեց, որ միջանցքը որևէ գլոբալ  տնտեսական կամ լոգիստիկ նշանակություն չունի, և որ այն զուտ թուրքամետ նախագիծ է։ Ինչպես Ալիևն է ասում՝ “երկրորդ երթուղի”։

TRIPP-ից Հայաստանի ակնկալիքների մասին հարցին ի պատասխան՝ Քոչարյանն ասաց, որ դրանք կարող են լինել, «եթե Երասխ-Ջուլֆա-Իրան երկաթուղին գործարկվի, և մենք երկաթուղային կապեր հաստատենք Իրանի հետ, և եթե մենք երկաթուղային կապ ստանանք Ադրբեջանի միջով»։

Այլ կերպ ասած՝ Քոչարյանը չի մերժում «Թրամփի ճանապարհը», այլ ցանկանում է այն «ընդլայնել»։ Նա նշեց, որ «ճանապարհը հետաքրքրություն է ներկայացնում Թուրքիայի աշխարհաքաղաքական նախագծի համար, որը նրան կկապի Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ։ Ադրբեջանի համար այն հետաքրքրություն է ներկայացնում Նախիջևանի և Թուրքիայի հետ կապվելու առումով։ Իսկ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող միջանցքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Իսրայելի համար՝ Իրանի դեմ իր վաղեմի ծրագրերի համար»։

Քոչարյանը առաջարկեց, որ Հայաստանն ինքը կառուցի ճանապարհը և ներգրավի Իրանին դրանում։

Միջանցքին «երկրորդ հայացքը» կարող է զրկել Նիկոլ Փաշինյանին խաղաղության և հաղորդակցությունների ապաշրջափակման խոսույթների մենաշնորհից։ Իսկ ընդդիմության կողմից «ռևանշիստական» հայտարարությունների բացակայությունը կարող է ամբողջությամբ վերացնել Փաշինյանին «այլընտրանքի բացակայությունը» արտաքին հովանավորների համար։

Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումը, «Կոպենհագենի պայմանավորվածությանը» հակառակ, ենթադրում է, որ Փաշինյանն այլևս «միակ և անկրկնելի» չէ։ Հատկապես, որ այսօր Ալիևը զանգահարել է Պուտինն և շնորհավորել նրան ծննդյան օրվա արթիվ

Նաիրա Հայրումյան

Հոկտեմբերի 10-ից եղանակը կցրտի

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում, սոցիալական ցանցերում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ​​ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն Գարիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ սառը ճակատը երկիր կհասնի արդեն հոկտեմբերի 10-ին։ Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, իսկ շրջանների մեծ մասում կլինեն առատ տեղումներ։

Թրամփը նշել է Ուկրաինային «Տոմահավկ»-ների հնարավոր փոխանցման պայմանները

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ըստ էության որոշում է կայացրել՝ Ուկրաինային հեռահար «Տոմահավկ» թևավոր հրթիռներ մատակարարելու վերաբերյալ։

Լրագրողներից մեկը Թրամփին հարցրեց, թե արդյոք ԱՄՆ-ն այդ հրթիռները կմատակարարի Ուկրաինային, թե կվաճառի ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինային հետագա փոխանցման հնարավորությամբ։ Ի պատասխան՝ նախագահը պատասխանեց, որ «գրեթե որոշում է կայացրել»։

«Կարծում եմ՝ կուզենամ իմանալ, թե ինչ են նրանք (ուկրաինացիները – խմբ.) անելու դրանց հետ։ Ու՞ր են նրանք ուղղելու։ Կարծում եմ՝ պետք է հարցնեմ այդ մասին։ <…> Ես որոշակի հարցեր կտայի։ Ես չեմ պատրաստվում սրել այս պատերազմը», – Թրամփի խոսքերը մեջբերեց Reuters-ը։

Դեժա վյու. հակասեմիտիզմը կրկին աճում է Գերմանիայում

«2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր մենք Գերմանիայում ականատես ենք եղել հակասեմականության նոր ալիքի։ Այն դրսևորվում է հին ու նոր ձևերով՝ սոցիալական ցանցերում, համալսարաններում, մեր փողոցներում. այն ավելի աղմկոտ է, ավելի անամոթ և ավելի ու ավելի բռնի», – հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի վրա Համասի հարձակման երկրորդ տարելիցի օրը, տեսաուղերձում ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Կանցլերը կոչ է արել գերմանացիներին «այսօր, վաղը և մյուս օրը» դիմել «մեր հրեական ծագում ունեցող քաղաքացիներին, հրեական համայնքներին»։ Նա ասել է, որ ինքը և մյուս գերմանացիները «կանեն ամեն ինչ, որպեսզի Գերմանիայում հրեաները կարողանան ապրել առանց վախի և անվտանգության զգացումով»։

Ինչպես հայտնում է DW-ն, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2024 թվականի վերջը գրանցվել է հակասեմական դիտողություններ պարունակող 2225 իրադարձություն։ Եթե նախկինում օրական մոտ մեկ նման միջադեպ էր լինում, ապա այժմ միջինում հինգն են, ըստ հակասեմականության դեմ պայքարի հետազոտական ​​և տեղեկատվական կենտրոնների ասոցիացիայի (Rias):

Մերցի հայտարարությունը հնչում է դեժա վյուի պես. Գերմանիայում հակահրեական տրամադրությունները սովորաբար համաշխարհային պատերազմների պատճառ են դառնում։

Հոկտեմբերի 9-ին շրջիկ “անձնագրային բաժինները” կլինեն Գառնիում և Վարդենիսում

ℹ️ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 9-ին ծառայություններ կմատուցվեն․
🕙 ժամը 11։30-16:00
📌Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
🕚ժամը 11:30-16:00
📌Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Հոկտեմբերի 9-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Արարատի մարզի Արարատ և Արմավիրի մարզի Մեծամոր համայնքներում՝ հեկտեմբերի 2-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

Իսրայելը և Համասը բանակցություններ են սկսել

Շարմ էլ Շեյխում սկսվել են Իսրայելի և Համասի ներկայացուցիչների միջև անուղղակի բանակցություններ, որոնք միջնորդվել են Եգիպտոսի կողմից: Բանակցությունների նպատակն է վերջնական համաձայնության հասնել Գազայի հատվածի համար ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի շուրջ։

Համասը համաձայնել է Թրամփի ծրագրում մանրամասն նկարագրված «պատանդների փոխանակման բանաձևին՝ որոշակի «պայմաններով»։

Անցյալ ամիս Իսրայելը փորձեց ոչնչացնել Համասի բանակցային թիմը՝ Դոհայում ավիահարված հասցնելով, ինչը զայրացրեց ոչ միայն խմբին, այլև Դոնալդ Թրամփին և Կատարին՝ հակամարտության հիմնական միջնորդին։

Նույն բանակցային թիմի անդամները, որոնց գլխավորում է Խալիլ ալ-Հայյան, որի որդին զոհվել է հարվածի ժամանակ, այժմ գտնվում են Եգիպտոսում իսրայելական պատվիրակության կողքին։

Անպայման պետք է՞ խլել Հայաստանի հարավը, այլ ճանապարհ չկա՞

Միջազգային հարթակներում ապարդյուն փորձ է արվում արդարացնել Արցախի օկուպացիան և հարավային Հայաստանի անեքսիան։

Անկարայի և Բաքվի նախարարների և «փորձագետների» հետ ամեն ինչ պարզ է. նրանք նույնիսկ չեն թաքցնում, որ Հայաստանի հարավը նրանց անհրաժեշտ է «թուրքական գոտի» ստեղծելու համար։ Ռուս պաշտոնյաների հետ հարցերը նույնպես պարզվել է. ՀՀ ԱԳՆ-ը վերջերս հաստատել է, որ նույնիսկ «Թրամփի ճանապարհի» կառուցումից հետո ռուս սահմանապահները կտեղակայվեն հայ-իրանական սահմանին։ ԱԳՆ-ը չի նշել սակայն, թե ճանապարհի որ կողմում նրանք կտեղակայվեն՝ իրանական, թե՞ հայկական։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հարցրել է Ալիևին, թե կարո՞ղ է նա վերջապես ցույց տալ ճանապարհի քարտեզը և ասել, թե որտեղով է անցնելու «Զանգեզուրի միջանցքը»։

Նրանց հետ ամեն ինչ պարզ է, բայց ինչո՞ւ է պետք եվրոպացի պաշտոնյաներին թուրքական միջանցք՝ ռուս սահմանապահներով և Հայաստանի հարավի անեքսիայով։

Եվրոպացի պաշտոնյաները, իմաստուն դեմքերով, ասում են, որ «ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում տրանսպորտային կապերը քաղաքականապես ավելի ու ավելի կարևոր են դառնում թե՛ ԵՄ-ի, թե՛ Ադրբեջանի համար. տարածաշրջանի ներուժը կարող է բացահայտվել «Կենտրոնական Ասիան և Եվրոպան կապելով»»։

Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնելու համար անպայման պետք է խլե՞լ Հայաստանի հարավը: Ինչպես ասում են՝ где Кура, гдемой дом: Այլ երթուղիներ չկա՞: Թե սկզբնական նպատակը հենց Հայաստանի մասնատումն ու վերացումն է՝ Թուրքիային և Ռուսաստանին հաճոյանալու համար:

Արցախցի Բագրատը բարձր է պահում Ավետարանոցի պատիվը  

Արցախի Ավետարանոց համայնքի ղեկավար Սմբատ Մադաթյանը, թեև Հայաստանից տեղափոխվել ու բնակություն է հաստատել ՌԴ Ստավրոպոլ քաղաքում, միևնույն է՝ հեռուհեռվից չի դադարում ապրել համագյուղացիների կյանքով, կիսել նրանց տխրությունն ու ուրախությունը։ 2020 թվականին, երբ 44-օրյա պատերազմի հետևանքով թշնամու տիրապետության տակ անցավ Ավետարանոց գյուղը, Սմբատի մտքով չանցավ Արցախից հեռանալ։ Ընտանիքի հետ հաստատվեց Ստեփանակերտ քաղաքում, իսկ հետո, երբ ստանձնեց համայնքի ղեկավարի պաշտոնը, բարերաների օգնությամբ գրասենյակ բացեց ու իր շուրջը հավաքեց համագյուղացիներին։ Կրկնակի տեղահանությունը մեծ ցավ էր ինչպես նրա, այնպես էլ Ավետարանոցի ողջ բնակչության համար։ Տեղահանվելով Հայաստան, սակայն, ոչ բոլորը մնացին այստեղ և տարբեր պատճառներով ստիպված էին արտագաղթել այլ երկրներ։

Համայնքի ղեկավարը ցավ է ապրում, որ համագյուղացիները ցրված են տարբեր տեղերով

-Ամենօրյա կապի մեջ եմ համագյուղացիներիս հետ․ և՛ նրանց, ովքեր Հայաստանում են հաստատվել, և՛ նրանց, ովքեր ՌԴ-ում են։ Այս տարվա մեջ 4 անգամ եկել եմ Հայաստան, քանի որ այդտեղ դեռ շատ անելիքներ ունեմ։ Եռաբլուրում են մեր գյուղի հերոս տղաներն ամփոփված, ու նրանք սպասում են մեզ։ Հայաստանում մի խումբ երիտասարդների հետ պարտադիր այցելում ենք զոհվածների ընտանիքները, փորձում ինչ-որ բանով օգնել նրանց, թեկուզ՝ մի բարի խոսքով։ Այդ ավանդույթը, կարծում եմ՝ միշտ կպահպանվի, քանի որ մենք՝ ապրողներս, տղաներին ենք պարտական։

Մեր գյուղից արդեն 5 ընտանիք պետության կողմից տրամադրված հավաստագրով տուն է ձեռք բերել Հայաստանի տարբեր մարզերում։ Շուրջ 15 ընտանիք այս պահին զբաղված է թղթաբանությամբ։ Աջակցության դադարումից հետո մարդիկ տրամադրված են տուն գնել, քանի որ չեն կարող ամբողջ կյանքում վարձավճարով ապրել։ Մեր համագյուղացիների 80 տոկոսն աշխատում է։ Ճիշտ է, շատ դժվար է, սակայն Ավետարանոցի բնակչությունը սովոր է աշխատել ու ստեղծել։ 2020-ից հետո, երբ մենք կորցրինք ամեն ինչ, հասկացանք, որ չպետք է ընկճվենք, այլ մտածեցինք կրկին ստեղծելու մասին։ Բայց հետո պատմությունը, ցավոք, կրկնվեց, ու ողջ արցախահայությունը հայտնվեց տեղահանվածի կարգավիճակում։

Այնպես է ստացվել, որ այստեղ՝ Ստավրոպոլ քաղաքում, իրար հարևանությամբ ապրում ենք իմ համադասարանցու հետ։ Գյուղում նույնպես հարևաններ էինք։ Միասին աշխատում ենք  փափուկ կահույքի գործարանում։

Օգտվելով առիթից, որ ուսուցչի տոն օրն էր, ցանկանում եմ շնորհավորել Ավետարանոցի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչներին ու բոլորին մաղթել առողջություն և դժվարությունները հաղթահարելու կամքի ուժ։

 

Սմբատ Մադաթյանը կիսում է մեզ հետ իր ուրախությունը 8-ամյա որդին՝ Բագրատը, Ստավրոպոլի երկրամասում բարձր է պահել արցախցու անունը։ Մասնակցելով՝ Կուդո մարտարվեստի ամենամյա մրցույթին, իր տարիքայինների խմբում զբաղեցրել է պատվավոր երրորդ տեղը։

Արցախցի փոքրիկն այս մարտարվեստն ընտրել է նրա համար, քանի որ Կուդոն ոչ միայն մարտարվեստ է, այլ նաև կյանքի դպրոց։ Այն կոփում է թե՛ մարմինը, թե՛ միտքը՝ օգնելով  դառնալ ուժեղ, հավասարակշռված և ինքնավստահ։ 8-ամյա Բագրատը լավ գիտի, որ արցախցին պարտավոր է լինել ուժեղ, որպեսզի կարողանա դիմակայել բոլոր փորձություններին։

Փոքրիկ Բագրատը շատ է կարոտում Արցախը, իր ընկերներին։ 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ․ “նպատակը մեզ լռեցնելն է”

ՊՆ շենքի մոտ սեպտեմբերի 29-ին անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ եւ ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը եւ Ապիջան Սարգսյանը:

Անհետ կորածների ծնողներն այսօր բողոքի ակցիա արեցին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով դադարեցնել անհետ կորածների հարազատների նկատմամբ հետապնդումները։ Ծնողներն ասացին, որ տեղեկություն ունեն՝ Արսեն Ղուկասյանին եւ Ապիջան Սարգսյանին տեղափոխում են դատարան։ «Մեր տեղեկություններով՝ նրանց ձերբակալել են մի քանի օր առաջ ՊՆ-ի դիմաց իրականացրած ակցիայի համար։ Հորինված ինչ-որ մեղադրանքներ են, կարված գործեր են, ոչ մի հիմք չկար նրանց ձերբակալելու»,- ասաց անհետ կորած զինծառայողներից Դավիթ Ուզունյանի հայրը՝ Բագրատ Ուզունյանը։

Նա նշեց, որ այս ամենի նպատակն իրենց լռցնելն է։ «Ուզում են, որ մենք ձայն չհանենք, իրենք իրենց ուզածին հասնեն։ Այդ է, սրանք ապիկար, անբարոյական իշխանություն են, ինչի ասես ընդունակ են։ Մենք պահանջում ենք, որ Արսենին ու Ապիջանին ազատ արձակեն, ապօրինի կերպով ծնողներին ուզում են լռեցնել»,- ասաց նա։

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ արդեն 5 տարի է, որ անհետ կորած զինծառայողների ծնողները որեւէ տեղեկություն չունեն իրենց ընտանիքի անդամների, երեխաների մասին։ Ճշտված տվյալներով՝ 191 անձ անհետ կորած են, եւ հարազատները տեղեկություն չունեն նրանց մասին։

«Իրենց իրավունքն է՝ պահանջելու պետությունից, կառավարությունից, որպեսզի պատասխան տան, թե ի վերջո գործընթացն ինչ փուլում է։ Տարբեր գործընթացներ են տարվում Ադրբեջանի հետ, եւ մարդիկ իրավացիորեն պահանջում են, որ իրենց տեղեկություն տան՝ ի վերջո ի՞նչ է կատարվում այդ ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ էլ ծնողները Բաղրամյան պողոտան էին փակել, էլի հանդիպում էին խնդրել, հանդիպում տեղի չէր ունեցել։ հետո ամիսներ անց կիսատ-պռատ հանդիպում է տեղի ունեցել կառավարության շենքում, եւ վարչապետի աթոռը զբաղեցնողը էլի նորմալ պատասխան չէր տվել։ Դրանից առաջ գործընթացը համակարգում էր ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանը, Աբազյանին հանելուց հետո ներկա ԱԱԾ պետը գնացել էր Բաքու, բայց էլի մարդկանց որեւէ տեղեկություն չեն հայտնել։ Ի՞նչ է, այս մարդիկ իրավունք չունեն պահանջելու, թե գործընթացն ինչ փուլում է»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորն ասաց, որ ձերբակալված երկու ծնողներին տանում են կալանավորման։ «Սրբազանների գործից եւ Միքայել սրբազանին 2 տարվա ազատազրկում տալուց հետո թվում է, թե էլ զարմանալու բան չկա, բայց ամեն օր էս իշխանությունները ցույց են տալիս, որ էլ ավելի աբսուրդ ու սրբապիղծ որոշումներ կայացնելու հարցում իրենք անմրցելի են»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։

Ապիջան Սարգսյանը՝ 2020 թվականին անհետ կորած զինծառայողի հայրը, ազատ է արձակվել։ Այս մասին հայտարարել է Աջափնյակի շրջանային դատարանի շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցը։

Բերման ենթարկված Արսեն Ղուկասյանի վիճակը վատացել է Քննչական կոմիտեի շենքում քննչական գործողությունների ժամանակ։ Նրա համար շտապօգնություն է կանչվել, հայտնել է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Արցախի հարցով հայ լոբիստների հաջողությունը ԱՄՆ-ում

Անցած շաբաթ ԱՄՆ հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի հանձնառությունը՝ «ապահովելու Արցախի փախստականների վերադարձը, հայ գերիների ազատ արձակումը և քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությունը»:

Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Թրամփ-Վանսի վարչակազմը, անցած շաբաթ աննախադեպ քայլ կատարելով, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ակտիվորեն խրախուսում է Երևանին և Բաքվին ապահովելու «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»:

2025 թ․ սեպտեմբերի 25-ի նամակում, որը ստորագրված է Պետդեպարտամենտի օրենսդրական հարցերի վարչության ներկայացուցիչ Պոլ Գուալյանոնեի կողմից, նաև նշված է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Ադրբեջանում կալանավորված հայերի դատավարություններին և հաստատում է, որ «ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները Բաքվում այցելում են դատական նիստերին հնարավորության դեպքում», փոխանցում է հանձնախումբը:

Ըստ Հայ դատի՝ Գուալյանոնեն նամակը եզրափակել է՝ ընդգծելով, որ Պետդեպարտամենտը շարունակում է «կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում»:

Ավանդական հայկական լոբբին աշխատում է ԱՄՆ և այլ երկրների հետ երեք հիմնական ուղղությամբ․ արցախցիների վերադարձ, Բաքվում պահվող գերիների ազատ արձակում և Արցախում մշակութային ժառանգության պահպանում։ Ինքնին այս հարցերի ընտրությունը ոչ թե չի հակասում, այլև “լրացնում է” Հայաստանի իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը, որի իմաստն է՝ չանդրադառնալ Արցախյան խնդրի քաղաքական բաղադրչին և կենտրոնանալ միայն հումանիտար խնդիրների վրա։ Կան այլ լոբիստական խմբեր, որոնք քաղաքական հարցեր են առաջ տանում, բայց նրանց ազդեցությունը դեռ թույլ է։ 

“Արցախցիների վերադարձի” քաղաքականությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում ոչ միայն արցախցիների, այլև այն մարդկանց մոտ, որոնք չեն պատկերացնում, թե ինչպես պետք է արցախցիները վերադառնան, գերիներն ազատվեն, իսկ մշակույթը պահպանվի առանց քաղաքական լուծումների և միջազգային երաշխիքների։ Արցախյան հանրային ինստիտուտները հայտարարություններ են տարածել, ամրագրելով այն քաղաքական պայմանները, որոնք հնարավոր կդարձնեն վերադարձը։ Այդ պայամնների մեջ է՝ Արցախի հարցի օրինական լուծումը ինքնորոշման իրավունքի և միջազգային երաշխիքների հիման վրա։

ՀՀ իշխանությունները պնդում են, թե իբր Արցախի հարցը լուծված է 1991 թ․ Ալմա-Աթայի ստից հռչակագրին համաձայն, թեկուզ չկա որևեէ լեգիտիմ փաստաթուղթ, որտեղ դա ամրագրված է։ Հակառակ այդ պնդման միջազգային հարթակներում Արցախի հարցը դեռ չլուծված է համարվում։

Կոնգրեսի հայկական խմբի նամակը, որը նախաձեռնել էին կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեյվիդ Վալադաոն, հորդորում էր բոլոր կողմերին ներգրավել հենց այս չլուծված հակամարտությունում։

Ավելի վաղ Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, անարգել ու արագ վերադարձի վերաբերյալ որոշումը։ Բանաձեւը հորդորում է համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն սկսել արցախահայության հետ եւ տալ անհրաժեշտ բոլոր երաշխիքները նրանց պաշտպանության, հողի ու սեփականության իրավունքների վերաբերյալ։

Կոնգրեսին ուղղված նամակում Հայ լոբիստները նաև կոչ են արել Միացյալ Նահանգներին աջակցել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը, որը Շվեյցարիայի խորհրդարանի կողմից ընդունված դիվանագիտական ​​միջոցառում է։ Այն նպատակ ունի ստեղծել միջազգային բանակցային հարթակ՝ հայերի անվտանգ, պաշտպանված և միջազգայնորեն երաշխավորված վերադարձը միջնորդելու համար։ Այս նախաձեռնությունը հուլիսի 10-ին Կոնգրեսի ճեպազրույցի կենտրոնական թեման էր, որին մասնակցել են Կապիտոլիումի բլրի ավելի քան 200 աշխատակիցներ, քաղաքականության փորձագետներ և մարդու իրավունքների պաշտպաններ։ Սակայն ԱՄՆ նախագահի վարչակազմը չի պատասխանել այդ նախաձեռնությանը։

Դրա փոխարեն սեպտեմբերի 29-ին «Քրիստոնեական համերաշխության միջազգային» (ՔՀԻ) կազմակերպությունը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացրեց լրացուցիչ միջոցառում՝ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությունը որպես ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի անհրաժեշտ լրացում, մասնավորապես՝ վերադարձի իրավունքի իրականացման նպատակով։

Միջոցառմանը մասնակցել են Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը, Շվեյցարիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի) անդամներ Էրիխ Վոնտոբելը և Նիկոլաս Վալդերը, ինչպես նաև հայտնի բանակցող Փոլ Ուիլյամսը։

Միաժամանակ, ելույթ ունենալով տարբեր միջազգային հարթակներում, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ արցախցիների վերադարձի հարցը ոչ միայն իրատեսական չի համարում, այլև դրա մեջ վտանգ է տեսնում։

Հայ լոբիստական կազմակերպությունների գործունեությունը չափազանց արժեքավոր է այն առումով, որ Արցախի հարցը նախկինի պես վիճելի և չլուծված է համարվում միջազգային հարթակներում։