Արցախի հարցը փակված չէ․ միջոցառումներ եվրոպական 50 քաղաքներում

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը հունվարի 27-ին եւ 28-ին եվրոպական 14 երկրների ավելի քան 50 քաղաքներում անցկացրել է միջոցառումներ՝ ի աջակցություն Արցախի Հանրապետությանը։ Միջոցառումներին մասնակցել են Եվրոպայի հայ համայնքի եւ եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եվրոպացի գործիչներ, որոնք իրենց ազգային կառավարություններին եւ համաեվրոպական ղեկավար կառույցներին պահանջ ու հորդոր են ներկայացրել։

Այսօր միջացառում է անցկացվել նաեւ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում, որին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ եւ ֆրանսիացի գործիչներ։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն իր ելույթում նշել է, որ Արցախի հարցը փակված չէ, այն, ինչ կատարվեց, դատավճիռ չէ, պետք է համախմբվել։

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համակարգող հանձնախմբի անդամ, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Սարինե Աբրահամյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ հունվարի 27-ից սկսած եվրոպական 55 քաղաքներում տեղի են ունեցել տարբեր միջոցառումներ, ցույցեր, նաեւ եկեղեցիներում են անցկացվել տարբեր միջոցառումներ։ «Արցախի էջը փակված չէ։ Այս նոր նախաձեռնության շրջանակներում ամեն ինչ անում ենք, որպեսզի Եվրոպայում հայկական Սփյուռքի ներուժը կազմակերպենք, որը կնպաստի Եվրամիության մեջ հայկական լոբբինգին»,- ասաց Սարինե Աբրահամյանը։

Այսօր նաեւ Թբիլիսիում Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց է անցկացվել ցույց՝ հետեւյալ պահանջներով՝ պաշտպանել արցախահայության իրավունքները, ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ պատանդներին, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Վրաստանում հայ համայնքի ֆեսբուքյան էջի տեղեկացմամբ՝ «ցույցի մասնակիցներն իրենց պահանջները ներկայացրեցին, որոնք նշված էին պաստառների վրա, նաև ուսանողները կարդացին անգլերեն լեզվով դիմումը, որը նամակի տեսքով փոխանցվելու է Եվրամիության ներկայացուցչությանը եւ կարդացին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ուղերձը միջոցառման մասնակիցներին։ Այս ուղերձը ապացույց է, որ Արցախի Հանրապետության վերջին էջը չի փակվե, եւ պայքարը շարունակվում է»։

Վրաստանաբնակ Արթուր Միրզոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․ «Տեղեկացնեմ, որ այսօր Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց մեր անցկացրած ցույցին զուգահեռ կայացավ եւս մեկ ցույց` Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանությունների նախաձեռնությամբ, որոնք իմ տեղեկություններով՝ շրջանից կազմակերպված բերեցին մի խումբ ժողովուրդ ցույցի վայր։ Ինչպես ծրագրել էինք, այնպես էլ կայացավ ցույցը, ներկայացրեցինք մեր պահանջը, ուսանողները կարդացին Արցախի Հանրապետության ազգային ժողովի խմբակցությունների ուղերձը եւ անգլերեն լեզվով դիմումը, որը նամակի տեսքով փոխանցելու ենք վաղը Եվրամիության ներկայացուցչին։ Ցույցին ներկա էին բավականին շատ ոստիկանաններ, որոնք ապահովում էին ցույցի անվտանգությունը ենթադրյալ սադրանքներից»։

Լուսանկարները՝ Վրաստանում հայկական համայնքի եւ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժման ֆեյսբուքյան էջերից

 

Տեր Անդրեաս․ Որ Արցախն էլ չարժանանա Անիի ճակատագրին

Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցուց եկեղեցուց մինչև Մասյացոտն թեմի Ոսկեհատ, Այգավան, Լուսառատ, Տափերական, փոքր Վեդի համայնքների հոգևոր հովիվ։

Տեր Անդրեաս քահանա Թավադյանը այն եզակի մարդկանցից է, ում սիրում և հարգում է ամբողջ Արցախը։ Սեպտեմբերի 28-ին Արցախը լքելիս իր հետ վերցրել է առաջնորդարանի և Մայր տաճարի որոշ սրբություններ` սուրբ մեռոն, մասունքակիր խաչ, սկիհ, մաղզմա, Ավետարան և որոշ նյութեր թեմի արխիվից։

Step1.am-ի հարցին, թե պահպանվե՞լ է արդյոք Արցախի թեմը, պատասխանը այդքան էլ հաստատակամ չէր։ Թղթով և կնիքով այն պահպանվել է և գոյություն ունի, բայց հոգեւորականներով՝ ոչ։

Բոլոր հոգեւորականները Վեհափառ հայրապետի կողմից նշանակվել են տարբեր թեմերում իրենց ծառայությունը շարունակելու։ Կան նաև հոգեւորականներ, որոնք ծառայում են Ռուսաստանում։

Առաջնորդ Վրթանես սրբազանը տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ունի Արցախի պատմահոգեւորական հուշարձանների պահպանության գրասենյակի տնօրինման հանձնարարություն։

Իր ապագան Տեր Անդրեասը այստեղ դեռ չի տեսնում, որովհետև եկած օրվանից հետ վերադառնալու մասին է մտածում և կարծում է, որ վերադառնալու միակ հնարավորությունը կլինի այն ժամանակ, երբ բոլորը համախմբվեն և սկսեն մեկ մեխի խփել։

“Չգիտեմ, ինչքանով կլինի ճիշտ ասել, բայց կառավարության բոլոր գործողությունները տանում են նրան, որ եկեղեցին դուրս մղվի ժողովրդից։ Բայց եկեղեցին դա հենց ժողովուրդն է, և այդ երկուսը իրարից տարանջատելն անհնար է։ Եւ եթե մեր եկեղեցին դասվեց սովորական կրոնական կազմակերպությունների շարքում, չունենալով իր հատուկ տեղն ու առաքելությունը, ժողովուրդը որպես հայ քրիստոնյա կդադարի գոյություն ունենալ”,- ասում է Տեր Անդրեասը։

Արցախում մնացած եկեղեցիների և կոթողների մասին տեղեկություն չունեն, չեն կարողանում կապ հաստատել ո՛չ ռուս խաղաղապահների, ո՛չ էլ այնտեղ մնացած մարդկանց հետ։ Տեղեկանում են համացանցից և թշնամու տարածած հոլովակներից։

Թեմի տեղափոխման ժամանակ առաջնորդը նամակ էր գրել խաղաղապահներին, խնդրելով պահպանել հոգևոր ժառանգությունը, եկեղեցիներն ու վանքերը։ Այս պահին որոշ չափով պաշտպանություն կա, բայց թե հետո ինչ կլինի, անհայտ է։

«Եթե Աստծուն մեր կյանքի մեջ ներգրավենք, Աստծուն ունենանք մեր կողքին, մեր քայլերի հետ Աստված էլ քայլի և մեր քայլերով ապացուցենք, որ քրիստոնյա ենք` հաղթանակներ կունենանք։ Եթե շարունակենք ապրել աշխարհիկ կյանքով, ասելով, որ ուրիշ երկրներում աշխարհիկ կյանքով լավ են ապրում՝ երջանկություն չենք գտնի, և Արցախն էլ կարժանանա Անիի ճակատագրին»,- ասում է Տեր Անդրեասը։

Հայկ Հարությունյան

Արցախում մնացածները փող են աշխատում եւ շնորհակալություն հայտնում Պուտինին

Ինստագրամում վերջին 3 ամիսներին մեծ հայտնիություն ձեռք բերեց @artsakhim.sirtim էջը, որում պարբերաբար տեղադրվում են դատարկված Ստեփանակերտից նկարներ և հոլովակներ։

Էջը Արցախում մնացած Սարգիս Գալստյանի կին Մարգարիտայինն է․ նրանք մեծ լսարան կարողացան ձեռք բերել արցախցիների կարոտի վրա։

Այսօր Մարգարիտան Story բաժնում կիսվել էր հետևյալ գրառմամբ – «Դիր + այս սթորիին փակ խմբի համար»։ Փակ խումբը հավանաբար Ստեփանակերտից չհրապարակված նկարների և հոլովակների խումբ է։

Սթորիին + դնելուն պես պատասխան նամակ եք ստանում «բարև ձեզ, փակ խմբի մուտքը 500 դրամ է։ Գումարը կարող եք ուղարկել 753877737 իդրամ-ի հաշվին»։

Մնալով Արցախում, ապրելով ադրբեջանցիների տված ուտելիքով և բենզինով, նրանք մեր ազգի կարոտի և դժբախտության վրա գումար են աշխատում։ Իսկ գրառումներից մեկում ի ցույց են դնում տիրոջը՝ ռուսների տրամադրած ուտելիքը և շնորհակալություն հայտնում  Պուտինին, ում մեղքով արցախցիները զրկվեցին հայրենիքից։

Աղավնո, մնացել էր 2 օր․ տները պատված էին ռուսներին և ադրբեջանցիներին հասցեագրված “բարեմաղթանքներով

2022 թ․ օգոստոսի 23-ն էր, մնացել էր 2 օր։ Հասանք Աղավնո։

Խաղաղապահները զրահամեքենայով փակել էին գյուղ տանող մուտքը և ներս չէին թողնում նույնիսկ գյուղի բնակիչներին։ Որոշները 15 ժամից ավել գյուղի մուտքի մոտ խաղաղապահներին խնդրում էին իրենց ներս թողնել գյուղ, իրերը հանելու համար։

Մոտ մեկ ժամ մուտքի մոտ սպասում էինք քաղաքապետին, միայն իր հետ կկարողանայինք գյուղ մտնել։ Քաղաքապետի ժամանելու և գյուղ մտնելուն պես ռուսներից գյուղում ոչինի չնկարելու խիստ հրահանգ ստացանք։

Աղավնոն լրիվությամբ դատարկ էր։ Մնացել էին 7 հոգի, ովքեր բեռնատարն էին բարձում և պետք է դուրս գային հենց այդ օրը։

Գյուղի ամեն փողոցում մեկական հրշեջ մեքենա էր կանգնած այրվող տները հանգցնելու համար։ Նկատեցինք նաև ադրբեջանական հրշեջ։

Մեր խնդիրը տների վրա և մեջ թողնված արձանագրությունները նկարելն էր, որոնք գյուղացիները թողել էին գյուղի ապագա բնակիչներին։

Մինչ գյուղում շրջում էինք, ևս մեկ բնակիչ այրեց իր տունը, որը 5 րոպեից հանգցվեց հրշեջների կողմից։

Գյուղի տները պատված էին ռուսներին և ադրբեջանցիներին հասցեյին գրված «բարեմաղթանքներով»։

Աղավնոյից վերցրինք գյուղի ցուցանակներից մեկը, հասցրինք վերջին անգամ դիպչել գետի սառը ջրին, վերջին անգամ սուրճ խմեցինք գյուղապետարանում և տխուր ու դատարկված շարժվեցինք դեպի Ստեփանակերտ։

Հայկ Հարությունյան

Արցախի խորհրդարանը ողջունել է «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» նախաձեռնությունը

Հաջակցություն Արցախի՝ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ հունվարի 27-ին և 28-ին եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ։ Միջոցառումներին մասնակցում է Եվրոպայի հայությունը և տասնյակ եվրոպական կազմակերպություններ, որոնք իրենց ազգային կառավարություններին և համաեվրոպական ղեկավար կառույցներին իրենց պահանջն ու հորդորն են ներկայացնելու։ Այդ առիթով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի չորս խմբակցություններ ուղերձ են հղել միջոցառումների մասնակիցներին: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈւՂԵՐՁԸ
«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժման կողմից կազմակերպված համաեվրոպական միջոցառումների մասնակիցներին
Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արցախում 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությամբ, ունի մեկ անվանում՝ Օսմանյան կայսրության ժամանակներից սկիզբ առած թուրքական հանցավոր ծրագրերի շարունակություն: 100 տարի առաջ հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու գործողությունները կրկնվեցին մեր օրերում, բայց մեկ, չնչին տարբերությամբ՝ առաջատար դեր վերապահելով Ադրբեջանին:
Հազարամյա պատմություն ունեցող հայկական Արցախը, որ մշտապես դիմակայել է տարբեր հրոսակախմբերի ասպատակությունների, 21-րդ դարում, միջազգային իրավունքի անտեսման պայմաններում դեմ հանդիման կանգնեց ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից 2020թ. սեպտեմբերին պարտադրված պատերազմին, բազում զրկանքներ կրեց 9-ամսյա համընդհանուր շրջափակման օրերին և հրեշավոր ահաբեկչության ճանապարհով 2023թ. սեպտեմբերին ենթարկվեց էթնիկ զտման: Իրականացվող ցեղասպանության ու դրա սպառնալիքի ներքո 120 հազար արցախցի հայեր ստիպված էին հեռանալ իրենց բնօրրանից՝ թողնելով նախնիների հարուստ պատմամշակութային ժառանգությունը, քրիստոնեական սրբավայրերը և սեփական օջախները:
Հայերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների ցեղասպանական քաղաքականությունը, ատելությունն ու թշնամանքը տասնամյակներ շարունակ իր արտացոլումն է գտել Սումգայիթից մինչև Մարաղա՝ հայաշատ բնակավայրերում տեղի ունեցած ջարդերի, ոճրագործությունների միջոցով: Եվ այն իրողությունը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները շարունակում են գերեվարված մնալ Բաքվի բանտերում, հաստատում է այդ երկրի պաշտոնական շրջանակների կողմից հակահայկական քաղաքականությունը շարունակելու մտադրությունները:
Եվրոպայի 14 երկրների 50-ից ավելի քաղաքներում ի աջակցություն Արցախի նախատեսվող միջոցառումները, վերը նկարագրված աղետալի պայմաններում հույս ներշնչող բացառիկ ազդակներ են: «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի կողմից կազմակերպված հերթական միջոցառումը միավորել է Եվրոպայում ապրող մեր այն հայրենակիցներին, ում համար Արցախը տարիներ ի վեր եղել է ոգեշնչման աղբյուր, հարյուրավոր կազմակերպությունների, որոնք տարիներ շարունակ աշխատել են Արցախի միջազգային հեղինակությունը բարձր պահելու և տեսանելի դարձնելու ուղղությամբ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ծանր ու բարդ իրավիճակում հայտնված արցախահայության տրամադրությունները, բռնատեղահանված ժողովրդի անունից երախտագիտություն են հայտնում այն հոգատարության և աջակցելու պատրաստակամության համար, որ ցուցաբերում են հարյուրավոր եվրոպական կազմակերպություններ՝ Արցախին օժանդակելու նպատակի շուրջ օրակարգ ձևավորելու մեծածավալ աշխատանքի միջոցով:
Մենք շնորհակալ ենք նաև եվրոպացի մեր բոլոր բարեկամներին, ովքեր տևական ժամանակ պաշտպանել են Արցախի ժողովրդի ինքնորոշման և ինքնիշխան պետություն կառուցելու մեր իրավունքը:
Մեծ եռանդով միանում ենք արդարացիորեն ցանկագրված այն հորդորներին ու պահանջներին, որոնք ուղղվել են ձեր նստավայր երկրների կառավարություններին ու համաեվրոպական ղեկավար կառույցներին:
Խորապես համոզված ենք, որ համազգային համախմբումը և նրա սահմանների ընդլայնումը, Հայրենիքում պահանջված ու սպասվող աշխատանքի իրականացման հետ մեկտեղ կարող են ստեղծել այն նախադրյալները, որոնք անհրաժեշտ են մեր գլխավոր խնդրի՝ անվտանգության միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական վերադարձն իրականացնելու համար:
Հաջողություն ենք մաղթում բոլորիս՝ պատմական այդ առաքելության իրականացման ճանապարհին:
Արցախի Հանրապետության
Ազգային ժողովի խմբակցություններ՝
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»,
«Հայ Հեղափոխական
Դաշնակցություն»,
Արցախի «Արդարություն»,
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»
27 հունվարի, 2024թ.»

Մոսկվան անհամբեր սպասում է Հայաստանի «պարտությանը». անգղներն արդեն պատրաստ են

Ռուս պաշտոնյաները մի անգամ չէ որ կասկածել են Հայաստանի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը։ Ավելին, Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի տարածքը, իսկ Արցախը 2020 թվականից անվանում է «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի»։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր վերջին ասուլիսում ասաց, որ Մոսկվան Հայաստանին օգնության չեկավ 2022 թվականի սեպտեմբերին՝ Ջերմուկի վրա հարձակման ժամանակ՝ դաշնակցային պարտավորությունների չկատարումը հիմնավորելով նրանով, որ Հայաստանը իբր ճանաչված սահմաններ չունի։ Այս խնդիրը «լուծելու» համար, ըստ Միրզոյանի, Պրահայում Նիկոլ Փաշինյանը ճանաչել է ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» և հայտարարել, որ Հայաստանի տարածքը 29,8 հազար քառակուսի կիլոմետր է, և այն որոշված ​​է Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Մոսկվան էլի չեկավ օգնության, բայց դրանից հետո Փաշինյանը անցավ Հայաստանի տարածքները Ռուսաստանի և Թուրքիայի որոշված սահմաններով սահմանափակելու կատաղի քաղաքականության՝ արգելելով հիշատակել Արարատը, Արցախը (վայ, կներեք, Լեռնային Ղարաբաղը՝ Փաշինյանի մամուլի քարտուղարը), Նախիջևանը և մնացյալ հայոց բնօրրանը։

Մինչդեռ բառացիորեն 2020 թվականի օգոստոսին Փաշինյանը ասել էր. «Սևրի պայմանագրի շնորհիվ Հայկական հարցն արդարացի լուծում ստացավ հայ ժողովրդի պատմական բնօրրանում անկախ պետության ստեղծմամբ։ Պատմական արդարությունը վերականգնվեց»։

«Պատմական արդարությունը» վերաբերում է առաջին հերթին Թուրքիայի, Արցախի և Նախիջևանի հետ սահմաններին։ Արդեն 2022 թվականին Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Չավուշօղլուն ասել էր, որ եկել է ժամանակը ևս մեկ անգամ սահմանազատելու Հայաստանի և Թուրքիայի սահմանները։ Անկարան բազմիցս զգուշացրել է Հայաստանին չհիշատակել Սեւրի պայմանագիրը։

Վերջերս Փաշինյանը հայտարարեց «նոր» Սահմանադրության անհրաժեշտության մասին, որի խնդիրն, ըստ երևույթին, պետք է լինի առանց «պատմական արդարության» եւ բնօրրանի սահմանների հաստատումը կամ ընդանրապես սահմաններից հրաժարումը։ Խաչմերուկը ո՞ւր, սահմաննե՞րը ուր։

Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարություններից անմիջապես հետո Մոսկվան սկսեց խոսել «Հայաստանի պարտության մասին»։

Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռորոշ ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես, դա տեղի ունեցավ 2020 թվականի աշնանը և վճռական ներդրում ունի էլ ավելի բարդ իրավիճակի, նույնիսկ կարելի է ասել՝ Հայաստանի պարտությունը կանխելու գործում։ Այս մասին հունվարի 26-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մոսկվան անհամբեր սպասում է, որ Հայաստանը վերջնական պարտություն կրի և վերջնականապես կորցնի պետականությունը, ինչին, Մոսկվայի կարծիքով, արժանի չեն իր գաղութները։ Անգղներն արդեն պատրաստ են. Պուտինը, որը ԽՍՀՄ փլուզումն անվանեց «20-րդ դարի ամենամեծ աղետը», կիրականացնի ռեւանշը Էրդողանի օգնությամբ, ով վերջերս հայտարարեց, որ Թուրքիան «իրավասու է» ներկա լինել Հարավային Կովկասում և Բալկաններում։

Շուշիի ռեալական․ լույսի եւ ստվերի խաղը

«Սա հիմար հիմնավորում է։ Պետք է որոշում, որ Արցախից տեղահանվածները հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ»

ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած արցախցիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաեւ ժամանակավոր պաշտպանության վկայական։ Այսինքն՝ այսուհետ «070» կոդով անձնագիր ունեցող արցախցիները կարող են ճամփորդել միայն փախստականի վկայականի առկայության դեպքում։

 Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը այս պահանջը հիմնավորել է հետեւյալ կերպ․ «Ժամանակավոր պաշտպանության վկայականն այն մասին է, որ տվյալ անձն օգտվում է միջազգային պաշտպանությունից. այն է՝ որևէ պարագայում չի կարող հանձնվել, արտահանձնվել կամ որևէ կերպ հարկադրաբար տեղափոխվել կոնկրետ երկրի տարածք, տվյալ պարագայում՝ Ադրբեջան: Սա նպատակ է հետապնդում ճամփորդությունների ժամանակ հավելյալ պաշտպանության միջոց կիրառել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ»։

Ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է անձնագրային ծառայությունների կողմից տվյալ անձին հաշվառելիս դրան զուգահեռ։ Արցախցի պահեստազորի մայոր Արմեն Պետրոսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջնաժամկետը սահմանված է մինչեւ հունվարի 28-ը, բայց պետք է երկարաձգվի այդ ժամկետը, քանի որ անձնագրային ծառայությունները չեն հասցնում սպասարկել արցախցիներին, հաշվառման համար մեծ հերթերը շարունակվում են։

«Ոչ մի կարիք չկար այս որոշումն ընդունելու, արցախցիները նույն Հայաստանի քաղաքացիությունն ունեն, ի՞նչ կարիք կար ավելորդ որոշումներ ընդունելու։ Ընդհանրապես արցախցիների հաշվառումն էլ է ավելորդ, պետք էր սոցիալական ծառայությունների հաշվառման կետերում հաշվառեին այս մարդկանց, եւ վերջ, ոչ թե կոնկրետ հասցե պահանջեին։ Եթե հիմա ինչ-որ մեկը հաշվառվի մի հասցեի վրա, մեկ շաբաթ հետո ապրելու տեղը փոխի, ստացվում է, որ հաշվառվել է մի տեղ, բնակվում է մեկ այլ հասցեում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջան չարտահանձնելու մասին կառավարության հիմնավորումներին, Արմեն Պետրոսյանն ասաց․ «Սա հիմար հիմնավորում է։ Իրենք ուղղակի պետք է ընդունեն որոշում, որ Արցախից տեղահանված քաղաքացիները հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, ի՞նչ է նշանակում արտահանձնել, դա ապազգային որոշում է։ Ընդհանրապես ինչ անում է այս իշխանությունը, ապազգային է, որովհետեւ իրենց վերնագիրն է հենց այդպիսին՝ «Քաղաքացիական պայմանագիր», այսինքն՝ իրենց մոտ ազգային ամեն ինչը երկրորդական է։ Նույն հայոց պատմությունը վերածելով Հայաստանի պատմության՝ հետագայում օգտագործելու են միայն «հայաստանցի» տերմինը, իսկ հայաստանցի կարող է լինել ցանկացած ազգի մարդ։ Այսինքն՝ ազգին վերացնելու քաղաքականություն է իրականացնում այս իշխանությունը»։

Պետրոսյանի խոսքով՝ թոշակ եւ նպաստ ստանալու համար արցախցիների հաշվառման գործընթացը դեռ շարունակվում է, անձնագրային ծառայություններում հերթերը չեն նվազում։ «Մարդիկ գնում ու գիշեր-ցերեկ հերթեր են կանգնում, որպեսզի հաշվառվեն։ Իսկ հաշվառման համար խնդիրներ են առաջանում կոնկրետ հասցեներում գրանցվելու հետ կապված։ Շատ տան տերեր չեն թույլատրում, որ մարդիկ հաշվառվեն իրենց հասցեներում, իրենք էլ թաքուն չեն կարող հաշվառվել։ Բացի դրանից, անձնագրային կետերում ընդամենը մեկ կամ երկու պատուհան է աշխատում, եւ տեխնիկապես հնարավոր չէ շատ մարդ սպասարկել։ Այսինքն՝ խնդիրները շարունակվում են, մարդիկ կան, որ գիշերվա ժամը 4-ին կամ 5-ին են գնում հերթ կանգնում, որպեսզի հաշվառվեն։ Պետությունը պետք է փոխի իր անիմաստ որոշումները, մարդկանց նպաստներն ու թոշակները պետք է տան՝ առանց հաշվառելու»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքում փաստացի բնակության վայրում հաշվառվելու նպատակով ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժանմունքներ դիմող արցախցիները դուրս են գրվում իրենց նախկին բնակության վայրից, եւ միայն դրանից հետո են նրանց հաշվառում բնակության նոր վայրում։ Անդրադառնալով այս հարցին՝ Արմեն Պետրոսյանն ասաց․ «Սա լուրջ խնդիր է, հետագայում արցախցիների սեփականության իրավունքն է ոտնահարվում»։

Բերձոր, 2022 թ․, օգոստոս․ Քաղաքը լի էր ընտանի կենդանիներով, որոշ տների մոտ կեր էր թողնված

2022 թվականի օգոստոսի 23-ն էր։ Օգոստոսի 25-ին Բերձորն ու Աղավնոն պետք է հանձնվեին Ադրբեջանին։ Բոլոր լրագրողներն ու սրտացավ մարդիկ 2 օր առաջ հասցրել էին տեղում պատրաստել ռեպորտաժներ և անել վերջին լուսանկարները, քանի բնակավայրերի մուտքը դեռ բաց էր։

Ճանապարհին էինք և մտածում էինք, թե ինչպես պետք է համոզենք խաղաղապահներին թույլ տան մտնել բնակավայրեր և լուսանկարել։

Տեղ հասնելուն պես ականատես եղանք բացառիկ տեսարանի։ Կարծես թե ամբողջ Բերձորը հավաքվել էր քաղաքի կենտրոնական մասում, իսկ դեպի քաղաք ներս տանող բոլոր ճանապարհները փակ էին խաղաղապահների զրահամեքենաներով։

Վերջիններիս հետ կարճ բանակցություններից հետո թույլտվություն ստացանք ներս մտնել քաղաք, բայց այն պայմանով, որ չենք լուսանկարի։ Պայմանի հետ համաձայնվեցինք, բայց, իհարկե, չկատարեցինք։

Առաջին իսկ մետրերից տպավորություն էր, որ տասնամյակներ այստեղ մարդիկ չի ապրել։ Շենքերն ու տները այրված էին և դատարկված մինչև վերջին մեխը։ Մարդիկ նույնիսկ դռներն էին պոկել, որպեսզի թշնամուն ոչինչ չմնա, իսկ ինչ վերցնել կամ ավերել չեն կարողացել, թափել էին փողոցնելում և բակերում։

Քաղաքը լի էր ընտանի կենդանիներով, իսկ որոշ տների կողքին ափսեներում կենդանիների համար մարդիկ կեր էին թողել։ Ամեն մի քայլը գաղտնի նկարելով հասանք մինչև Բերձորի քաղաքային գրադարան, հանեցինք ցուցանակը և քայլեցինք դեպի մեքենան։

Հայկ Հարությունյան

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Հայաստանում հունվարի 28-ի լուսադեմից կդիտվի տեղումների դադար։ Օդի ջերմաստիճանը 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։ Այս մասին հայտնել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Երևան քաղաքում` հունվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 29-31-ին հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 27-ի ցերեկը՝ հանրապետության ամբողջ տարածքում, 28-ի գիշերը, 29-31-ին՝ առանձին շրջաններում, սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։

Հունվարի 28-ի ցերեկը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ստեփանակերտի ֆանտոմ դարձած թատրոն․ “լքված լոկացիաները գրավիչ են արվեստ ցուցադրելու համար”

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի շենքը կառուցվել է 1952 թվականաին և Ստեփանակերտի ամենակոլորիտային և տարբերվող կառույցներից մեկն է։

Շենքի մեծ մասը վերջին տարիներին գտնվում էր ոչ բարվոք վիճակում, սակայն այդ պայմաններում նույնիսկ կարողանում էր պահպանել իր գեղեցկությունը և գրավել երիտասարդներին։

Տարբերվող լուսանկարներ սիրողների համար դա իդեալական լոկացիա էր, որը հետ էր բերում շատերին անծանոթ խորհրդային շրջանը։

Չնայած շենքի մեծ մասի լքված լինելուն, նրա մի մասը օգտագործվում էր տարբեր արվեստի խմբակների համար։ Այնտեղ անցնում էին պարի, կիթառի, դհոլի և այլ դասընթացներ։

Թատրոնի շենքը գրավիչ էր նաև տարբեր խոշոր մշակութային միջոցառումների կազմակերպիչների համար։ Բոլորի կողմից սիրված Sunrise Stepanakert մուլտիմեդիա արվեստի փառատոնը 3 տարի անընդմեջ իր շուրջ է հավաքել Արցախի և մնացած Հայաստանի արվեստասեր և տաղանդաշատ երիտասարդությանը։

ԹՈՒՄՈ-ի նախաձեռնությամբ անցկացվել է “Կիժվելի Comics թատրոնում” միջոցառումը, որը հավաքել էր նկարչության սիրահարներին և ուղղակի մարդկանց, ովքեր ցանկանում էին ուրախ ժամանակ անցկացնել։

Հեռավոր 2018-ին անցկացվել է #ARTsakh Fest”-ը, եւ ըստ կազմակերպիչների “լքված լոկացիաները գրավիչ են արվեստ ցուցադրելու համար”: Շենքը իր շրջակայքով նման էր աերոպորտի, որը քեզ տանում էր հետ այն ժամանակները, երբ կյանքը հեշտ ու անհոգ էր։

Հայկ Հարությունյան

Ի՞նչ զինատեսակներ են տեղափոխվում Հնդկաստանից

Բաքվի լրատվամիջոցները տարածել են ենթադրական կադրեր հնդկական կայքից, որտեղ երևում է, որ բրեզենտով ծածկված բեռնատարները իրանական Ջուֆա գյուղից 2024 թվականի հունվարի 17-ին շարժվում են դեպի Հայաստան։ Այս ավտոշարասյունը, իբր, տեղափոխում է զինամթերք, որը կարող է հնդկական ծագում ունենալ:

Թեև Բաքվի լրատվամիջոցները պնդում են, որ բեռը ներառում է հնդկական ժամանակակից համակարգեր, Հնդկաստանի պաշտպանության նախարարության վերլուծաբանները ենթադրում են, որ դա կարող է լինել MArG TC-20 հաուբիցներ՝ արտադրված հնդկական Bharat-Forge պաշտպանական ընկերության կողմից։