Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ․ Ֆրանսիայի դեսպան

Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ։ Թվիթերի իր միկրոբլուգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին։

«Անվտանգային և մարդասիրական իրավիճակ – Հայաստանի տարածքային ամբողջականություն – Ֆրանսիայի բժշկական օգնություն – Ապակենտրոնացված համագործակցություն»,- գրել է դեսպանը՝ կից հրապարակելով ՀՀ քարտեզը։

«Լավ, դու խոսեցիր իրական Հայաստանի մասին, բայց քո պատմական թշնամին չի փոխվում»

Ապրիլի 10-ին «Մարաղա․ շարունակվող ցեղասպանություն. չընդհատվող պայքար» խորագրով քննարկման ժամանակ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Հայաստանի ու իրական Հայաստանի հակադրության մասին կան հայտարարություններ, ինչը ցավալի է, բայց և իրականություն։ Մենք ոչ թե ամեն անգամ նոր ցեղասպանություն ենք ունեցել, այլ ունեցել ենք մի ընդհանուր ցեղասպանական շղթայի 30-ամյա ընդհատված ժամանակահատված։ Եվ մինչեւ դա էլ 70-ամյա ժամանակահատվածում՝ սկսած Շուշիի ջարդերից, Բաքվի ջարդերից, հետո գալիս հասնում ենք Սումգայիթ, նորից Բաքու, Կիրովաբադ, Մարաղա, Հյուսիսային Արցախ, եւ այսպես շարունակ։ Եվ 30 տարի մեր Պաշտպանության բանակի շնորհիվ կանխվել է հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Այսինքն՝ ոչ թե առանձին դրվագներով ցեղասպանություն էր սա, այլ ամբողջական ցեղասպանության առանձին արարներ։

Եվ այսօր էլ չի վերացել այդ վտանգը, եթե հետեւեք, ապա կտեսնեք, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այց թվում՝ ցեղասպանագիտությամբ զբաղվող կենտրոններն անընդհատ ահազանգում են ՀՀ-ում հայ ժողովրդին սպառնացող ցեղասպանության մասին։ Եվ պետք է առնվազն չգիտեմ ինչ աստիճանի պարզամիտ լինել, որ այս ամեն ինչը չտեսնել, եւ խոսել՝ եկեք հրաժարվենք պատմական Հայաստան ասվածից եւ խոսենք իրական Հայաստանի մասին։ Լավ, դու խոսեցիր իրական Հայաստանի մասին, բայց քո պատմական թշնամին չի փոխվում։ Այսինքն՝ յաթաղանը ձեռքին եկել քեզ սպանում է, եւ դու խոսում ես չգիտեմ ինչերի մասին, խոսում ես հարեւանության մասին։ Եվ այս վտանգը չի վերանալու, այդ ֆոնին իրական պատմություն կա, թե ինչպես կարելի է այդ վտանգը չեզոքացնել, եւ այդ իրական պատմությունը Պաշտանության բանակն էր, այսինքն՝ Զինված ուժերն է, որը տալիս է այդ հնարավորությունը՝ ինքդ քեզ պաշտպանելու եւ չթողնելու, որ կրկնվի ցեղասպանության շղթան»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ այս ամենից հայ ժողովուրդը պետք է դասեր քաղի եւ որպես ազգ՝ խելքը գլուխի հավաքի՝ հասկանալով, որ ցեղասպանության վտանգը եւ սպառնալիքը՝ լինի դա Մարաղա, Սումգայիթ, Բաքու, Շուշի, թե ամբողջ Արցախը, չի դադարելու, եթե դու քո ազգային նպատակները դնում ես մի կողմ եւ սկսում ես խոսել մի լեզվով, որով տարածաշրջանում որեւէ մեկը չի խոսում։

Ըստ Ստեփանյանի՝ թշնամու ձեռագիրը չի փոխվել․ «Ընդամենը օրեր առաջ Ստեփանակերտի փողոցում Արցախում մնացած հազվադեպ մարդկանցից մեկին ծաղրում էին ուղղակի, խոսքը տարեց մարդու մասին է։ Այսինքն՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանանաք, մարդկանց ուղեղը մտնի, որ այլ տարբերակ, քան սեփական ուժերով պատասխանատվության ենթարկելը չկա՝ օգտագործելով միջազգային ատյանները, չկա։ Սա է այն ճանապարհը, որը կարող է կանխել այս չընդհատվող ցեղասպանությունների շղթան»։

Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ այն քայլերը, որոնք պետք է միտված լինեին միջազգային հարթակներում Ադրբեջանին պատժի ենթարկելուն, չեն արվել։ «Հայաստանի իշխանությունների կողմից այսօր խոսվում է Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու եւ դրանցից հրաժարվելու մասին, ինչը ոչ այլ ինչ է, քան համաձայնություն հայտնել Մարաղային, Բաքվին, Սումգայիթին եւ այն ամեինին, ինչը տեղի է ունեցել Արցախի ժողովրդի հետ՝ սկսած 2020 թվականից։ Մենք չպտեք է դադարենք պահանջատիրությունը առաջ մղել, անկախ նրանից, թե ով է դա ուզւոմ կամ չի ուզում, արդարությունը չի կարող բազմաթիվ երեսներ ունենալ։ Արդարությունն այն է, որ ոճրագործ ժողովրդի վերահսկողության տակ Արցախում հայի գոյությունն անհնար է, արդարություն այն է, որ այս մարդիկ, որոնք զոհ են գնացել ադրբեջանական ոճրագործություններին, ի վերջո պետք է տեսնեն, որ Ադրբեջանը ենթարկվում է պատասխանատվության։

Իսկ դրա համար պետք է օգտագործել բոլոր ատյանները՝ պահանջատիրությունը տեղ հասցնելու համար։ Շրջափակումը Լուի Մորենո Օկամպոյի կողմից գնահատվել է որպես ցեղասպանություն, ես ամբողջությամբ համաձայն եմ, այն, ինչ արել է Ադրբեջանը 2020 թվականից հետո, ոչ միայն շրջափակման ժամանակ, այս գործողությունները միտված էին նրան, որ հայ մարդն ուղղակի հրաժարվի Արցախից, դուրս գա։ Եվ տեսնելով, որ դա չի լինում, ի վերջո 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հերթական հարձակումն են գործել, եւ օգտվեով անպատժելիությունից, երբ ռուս խաղաղապահները միջամտություն չեն ցուցաբերում, իսկ միջազգային դերակատարներն ուղղակի աչք են փակել այդ ամենի վրա, Ադրբեջանը ժամանակավոր ավարտին է հասցրել Արցախի նկատմամբ իր ցեղասպանական նպատակները եւ այսօր էլ անցել է Հայաստանի Հանրապետությանը»,- հավելեց Գեղամ Ստեփանյանը։

 

32 տարի առաջ այս օրը Մարաղայում հայերի ջարդեր տեղի ունեցան. ՀՀ ԱԳՆ

32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղում հայերի դեմ իրականացված ջարդերը դարձան Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության հերթական մասը։ Դրա մասին ասված է Հայաստանի ԱԳՆ-ի՝ այսօր երեկոյան X-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ։

«Ավելի քան 50 խաղաղ բնակիչ գազանաբար սպանվել է, նույնքան էլ գերի է ընկել, մնացած հայ բնակչությունը՝ մոտ 5000 հոգի, բռնի տեղահանվել է։ Սա փաստագրված է Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում նման քաղաքականության կանխարգելման անհրաժեշտությունը»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի որդիների և թոռների սպանությունը

DW

Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի երեք որդիները։ Իսրայելի պաշտպանության բանակը  չորեքշաբթի օրը՝ ապրիլի 10-ին, հաստատել է, որ ավիահարված է հասցրել «երեք զինյալների»՝ Ամիրին, Մուհամեդին և Հազեմ Հանիեին: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ մահացածները ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի անդամներ են։

Ավելի վաղ քաթարյան Al-Jazeera հեռուստաալիքը հայտնել էր Գազայի հատվածում Հանիայի որդիների ու թոռների մահվան մասին։ Հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում Իսմայիլ Հանիեն պնդում է իր երեք որդիների և մի քանի թոռների նահատակությունը և ասում, որ իր սիրելիները զոհվել են հրետակոծության հետևանքով, երբ տոնի առաջին օրը այցելում էին փախստականների ճամբարում գտնվող հարազատներին՝ նշելու Ռամադան տոնի ավարտը։  Նա հավելել է, որ Համասի դեմ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր իր ընտանիքի 60 անդամ է սպանվել։ Ըստ ՀԱՄԱՍ-ի՝ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Շատի փախստականների ճամբարում ավտոմեքենայի հարձակման հետևանքով զոհվել են Հանիեի երեք որդիները, ինչպես նաև երեք թոռները:

Իսմայիլ Հանիեն գլխավորում է ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւը 2017 թվականից և համարվում է ամբողջ խմբավորման առաջնորդը, մինչդեռ Յահյա Սինվարը գլխավորում է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանումը Գազայի հատվածում, նշում է dpa-ն։ Հանիան ապրում է Կատարի մայրաքաղաք Դոհայում։

Արդեն տվե՞լ են գյուղերը

«Մենք պատրաստ ենք գնալ այս գործընթացին, և դեմ չենք այս գործընթացն սկսել Տավուշի մարզի Բաղանիս, Ղազախի շրջանի՝ Բաղանիս-Այրում, Տավուշի մարզի՝ Ոսկեպար, Ղազախի՝ Աշաղը-Ասկիպարա, Տավուշի մարզի՝ Կիրանց, Ղազախի շրջանի՝ Խեյրեմլի, Տավուշի մարզի՝ Բերքաբեր, Ղազախի շրջանի՝ Կըզըլ-Հաջիլի գյուղերի հատվածում՝ կա՛մ ամբողջական, կա՛մ հատվածական», այսօր խորհրդարանում ասել է Փաշինյանը:

Այսինքն, նա արդեն որոշել է, որ այսինչ գյուղերը «Ղազախի շրջանում» են։ Արդեն տվեե՞լ են գյուղերը։

Ինչ է բացել ու կարդացել Փաշինյանը

Հայաստան խմբակցության ղեկավարի հարցին, թե ինչու է Փաշինյանը փակել Արցախի հարցը այն պարագային, երբ կառավարության ծրագրում լիովին հակառակն է գրված, վերջինս պատասխանել է, թե հետո բացել կարդացել են փաստաթղթերը եւ տեսել, որ Արցախի հարցը փակված է վաղուց։ Հայաստան «ընդդիմադիր» խմբակցությունը եւ իշխող քպ-ն հանրությանն արդեն ծանոթ սցենարով շարունակում են բեմադրել տեսարաններ, որի իմաստը հանրությանը տեղի ունեցողին անցնցում համակերպելն է։

Տվյալ պարագային հարցուպատասխանը պետք էր Արցախի հարցը փակված հայտարարելու, Տավուշի գյուղերն այսպես կոչված «ադրբեջանի» տարածք հռչակելու եւ ամենակարեւորը՝ Հայաստանի՝ որպես պետականության, լեգիտիմությունը կասկածի տակ դնելու համար։ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի սահմանները դեռ պետք է ճանաչվեն։

Փաշինյանը նոր չէ, որ այս մասին հայտարարում է։ «Լեգիտիմություն» եզրը նա շրջանառության մեջ դրեց Արդարադատության նախարարությանը հանդիպման ժամանակ։ Կարող է հարց առաջանալ՝ ինչու է Փաշինյանը մի կողմից խոսում 29,8-ի եւ Ալմաթիի հռչակագրի մասին, մյուս կողմից հայտարարում, թե ՀՀ սահմանները դեռ պետք է չանաչվեն։ Եթե դեռ ճանաչված չեն, ապա ինչու է պարբերաբար տարածքներ նվիրաբերում այսպես կոչված «ադրբեջանին» եւ հիմնավորում դա «միջազգայնորեն չանաչված սահմաններով»։ Եթե Հայաստանի սահմանները դեռ պետք է ճանաչվեն, ուրեմն դեռ պետք է ճանաչվեն նաեւ այսպես կոչված «ադրբեջանի» սահմանները։

Ակնհայտ է միակողմանի գործընթացը, ակնհայտ է նաեւ, որ այն առաջնորդում է Փաշինյանը։ 29,8-Ալմաթին հանրության աչքին թոզ փչելու համար են, իրականությունը Հայաստանի սահմանները դեռ պետք է ճանաչվեն արտահայտությունն է։ Այսինքն՝ Փաշինյան-քպ-ի այն թեզը, ըստ որի՝ Հայաստանը տարածք, պատմություն, ինքնություն չունի։ Սա Հայաստանի պետականությունը լուծարելու գործընթացի «գաղափարաբանությունն» է, որը պետք է տեղի ունենա «լեգիտիմորեն», այն, ինչ արդարադատության նախարարությանը, իրավական համայնքին հրահանգում էր Փաշինյանը հայտնի հանդիպման ժամանակ։

Տավուշի 4 գյուղերի հանձնումը այս գործընթացի գործնական մեկնարկն է։ Այդ գյուղերի հանձնումով ՀՀ սահմանադրական տարածքում կիրառության մեջ է դրվելու Արցախում կիրառված սխեման (մանրամասն տես այստեղ

Պետությունը արցախցիներին կառաջարկի նաեւ սոցիալական բնակարաններ

Փոխվարչապետ Տիգրանհ Խաչատրյանը հայտնեց, որ արցախցիների քիչ թվով անդամներ ունեցող ընտանիքների համար, որոնք չեն կարողանա 6  կամ 9 մլն դրամով բնակարան գնել, նախատեսում են սոցիալական բնակարաններ, ինչի ուղղությամբ աշխատում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Վերցրել ենք բոլոր շենքերը, որոնք կարող են վերակառուցվել և հարմարեցվել այդ նպատակին, մենք նման ընտանիքներին կտանք բնակվելու իրավունք՝ առանց սեփականության իրավունքի»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։

Ներքին Խնձորեսկում հովիվը հայտնվել է սահմանագծին, հրաձգություն է տեղի ունեցել․ ԱԱԾ

Ս.թ. ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:

Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը:

Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Սարուշենցիները, պարզվում է, լքել են Արցախը՝ Փաշինյանին տապալելու համար

Նիկոլ Փաշինյանը, ով այսօր հռչակեց Հայաստանի հանձնման «մանիֆեստը»՝ չփորձելով անգամ հայոց պետականության վերացման ծանրակշիռ հիմնավորումներ գտնել, Արցախի մասին հարցերը «լուծեց» ավելի «գլոբալ» խնդիրներում և մարտահրավերներում։

Եվ քանի որ քաղաքական կրկեսում հարցերի էության խեղաթյուրումն ու այլասերումը չի վիճարկվում (Փաշինյանին ոչ ոք դատի չի տվել, իմպիչմենտի գործընթաց չի սկսել, իսկ խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական և իրավական գնահատականներով հանդես չի եկել Արցախում տեղի ունեցածի, Ռուսաստանի և մյուսների դերի վերաբերյալ), Փաշինյանը «ձիու վրա է» և ազատություն է տալիս պերճախոսությանը։ Ընդդիմությունը, ծուլորեն վիճելով, ընդհանուր առմամբ իրեն չափազանց ջենտլմենական է պահում` իրական գործընկերոջ և հանցակիցի պես:

Փաշինյանը հռետորական պոռթկման մեջ մեղադրել է Արցախի (2023թ. օգոստոս-սեպտեմբերին ընտրված) ղեկավարությանը Հայաստանում հեղաշրջման փորձի մեջ (!)՝ փաստորեն ասելով, որ արցախցիներն յուրովի “ինքնորոշվել են”. նրանք հասկացել են, որ 2023 թ. Ղարաբաղում «չի ստացվում» և որոշեցին միասին տեղափոխվել Երևան՝ իշխանությունը Փաշինյանից վերցնելու և ռուսներին տալու համար։

Փաշինյանը նաև ակնարկել է, որ հնարավորություն կար, որ Ստեփանակերտը բանակցություններ սկսի Բաքվի հետ եվրոպական հարթակում, բայց նրանց «թույլ չտվեցին» գնալ՝ ըստ երևույթին ակնարկելով ռուսներին։ Այն, ինչի մասին Ստեփանակերտը պետք է խոսեր Բաքվի հետ, կարելի է կռահել՝ բանակի զինաթափում, զինվորականների (այսինքն՝ գրեթե բոլոր տղամարդկանց) հանձնում, ադրբեջանական անձնագրեր գերիների ընտանիքների համար և այլն։

Արցախի ժողովուրդն ընտրեց երկրորդ տարբերակը՝ կոլեկտիվ արտագաղթ՝ ողջ արական բնակչության ոչնչացման սպառնալիքի ներքո։

Ի՞նչ արեց Հայաստանի ղեկավարությունը, որ արցախցիներն միայն այս երկու տարբերակները չունենան։ Փաշինյանը պատասխանելու փոխարեն փորձում է Արցախի ողջ բնակչության արտագաղթը ներկայացնել որպես Հայաստանում իշխանությունը տապալելու և իշխանության ղեկը Ռուսաստանին վերադարձնելու ցանկություն (կարծես հիմա այդ սանձերը Ռուսաստանի ձեռքում չեն)։

«ԼՂ-ի հետ տեղի ունեցածը ոչ թե ԼՂ-ի, այլ Հայաստանի դեմ հերթական դավադրության մասին է՝ Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու, Երևանում ներքաղաքական քաոս սարքելու, օրինական իշխանությունը տապալելու և խամաճիկ կառավարություն ստեղծելու նպատակով, ըստ էության՝ Հայաստանի վերացման հանձնախումբ։ Բայց դա չստացվեց, քանի որ ՀՀ ժողովուրդը հավատաց իշխանության գնահատականներին։ ԼՂ-ից մեր քույրերն ու եղբայրները նույնպես չեն մասնակցել օտար օրակարգերի իրականացմանը։ Վերջին տարիներին նրանց պատրաստում էին դրան՝ փորձելով նրանց մեջ ատելություն սերմանել Հայաստանի կառավարության և պետականության նկատմամբ։ Պետք է հարգանքի տուրք մատուցել ԼՂ-ից բռնի գաղթականներին այն բանի համար, որ նույնիսկ ողբերգական պահերին նրանք ցուցաբերեցին բացառիկ պետական մտածելություն։ Ինչը չի կարելի ասել նրանց էլիտայի մասին»։

Եւ դա ասում է Հայաստանի վարչապետը, այն Հայաստանի, որի հետ Արցախը 30 տարի անհաջող կերպով փորձում է վերամիավորվել, և ով անգամ տեղահանությունից հետո Արցախի բնակիչներին չի ճանաչել որպես ՀՀ քաղաքացի։ Սարուշենի և արցախյան մյուս գյուղերի բնակիչները, ովքեր սեպտեմբերի 19-ից ստիպված են եղել դժոխքի յոթ շրջանով անցնել իրենց ընտանիքները փրկելու համար, զարմացած նայում են միան իր իշխանության մասին մտահոգ Փաշինյանին։ Գրեթե 7 ամիսների ընթացքում Հայաստան գաղթած արցախցիները ոչինչ չարեցին, որը կարող էր վտանգել Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը։

Ի տարբերություն Փաշինյանի՝ արցախցիներն ունեն բնածին պետական ​​մտածելակերպ, և պետությունն ընկալում են որպես հավաքական անվտանգության և բարգավաճման երաշխավոր, այլ ոչ՝ որպես հավերժական իշխանության երաշխիք՝ Փաշինյանի կամ մեկ ուրիշի համար։

Փոխվարչապետը ներկայացրեց արցախցիների համար նախատեսված բնակարանային աջակցության ծրագիրը

Ազգային ժողովի նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված անձանց համար նախատեսվող բնակարանային ապահովման ծրագրին։ Նա հիշեցրեց, որ կառավարությունը որոշել է «40+10» հազար ծրագրին հատկացնել եւս 45 մլրդ դրամ եւ ծրագիրն առանց փոփոխությունների շարունակել մինչեւ 2024 թվականի դեկտեմբերը։

«Այս աջակցության ծրագիրը դիտարկվում է որպես Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանային աջակցության երկարաժամկետ ծրագրի մաս, մինչեւ մեր հայրենակիցները կդառնան բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագրի շահառու։ Շուտով կառավարությունը կհաստատի նաեւ բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագիրը, որը բռնի տեղահանվածների համար նախատեսում է 3-5 մլն դրամ աջակցություն՝ տուն գնելու կամ կառուցելու նպատակով։ Աջակցության շահառու կլինեն մեր այն հայրենակիցները, ովքեր Հայաստանում կհաստատեն երկարատեւ բնակություն։ Որպես չափորոշիչ կսահմանվի ՀՀ քաղաքացի դառնալու հանգամանքը։ Մեկ մարդու հաշվով 3 մլն դրամ կլինի աջակցության նվազագույն չափը, իսկ եթե շահառու ընտանիքը որոշի բնակարան գնել կամ կառուցել կառավարության կողմից որոշված բնակավայրերում, մեկ մարդու հաշվով աջակցությունը կավելանա մինչեւ 4 կամ 5 մլն դրամ։ Այս ցանկում ընդգրկվելու են մարզային այն բնակավայրերը, որտեղ կառավարությունն իրականացնում է սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումներ»,- ասաց Խաչատրյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ այդպիսի բնակավայրերում շահառուները կարող են ֆինանսական աջակցության մի մասն օգտագործել նաեւ տնամերձ հողամասի գնման, տունը նորոգելու եւ կահավորելու, ինչպես նաեւ գյուղատնտեսական նշանակության հողամաս գնելու համար։ Այն ընտանինքները, որոնք այդ բնակարաններում կբնակվեն 10 տարի, կստանան դրանց նկատմամբ սեփականության իրավունք։ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ սոցիալական բնակարաններ կտրամադրվեն այն անձանց, ովքեր օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունենա օգտվել բնակարաններ գնելու կամ կառուցելու ծրագրային աջակցությունից։

«Ծրագիրը կիրականացվի փուլերով, շահառու ընտանիքներին աջակցությունը հասանելի կդառնա որոշակի հաջորդականությամբ։ Առաջին տարվա համար աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնց կազմում կան երեք եւ ավելի անչափահաս երեխաներ։ Առաջնահերթություն կունենան նաեւ այն ընտանիքները, որտեղ կա առնվազն մեկ անչափաս երեխա եւ միաժամանակ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ։ Երկրորդ փուլում աջակցությունը հասանելի կդառնան երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար, եւ այդպես շարունակ։ Հաշվի առնելով, որ բնակարանային կարիքների հասեցագրման երկարաժամկետ ծրագիրը պետք է իրականացվի փուլերով, եւ մեր հայրենակիցների մի մասը ծրագրի աջակցությունից կօգտվեն երկրորդ, երրորդ կամ չորրորդ տարում, կշարունակենք վարձակալության ծախսերի աջակցություն ցուցաբերել նաեւ 2025 թվականից հետո, սակայն աջակցության չափորոշիչները կվերանայվեն՝ բարձրացնելով ծրագրի սոցիալական թիրախավորումը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Կառավարությունը շեղվել է նախընտրական ծրագրից․ “լուծումը ո՞րն է՝ հրաժարական, հեռացում, ընտրություններ”

«Կարո՞ղ եք մատնանշել որեւէ երկիր, որեւէ վայր, որտեղ արգելված կլինի վտարանդի կառավարության գործունեությունը»,- ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Արցախի պետական կառույցների գործունեությանը։

«Ես չգիտեմ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների որեւէ դրույթ, որը նախատեսում է Հայաստանում վտարանդի կառավարության կամ Ազգային ժողովի գործունեություն»,- պատասխանեց Փաշինյանը։

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շեղվել է նախընտրական ծրագրից, հաճախ ծրագրի ուղիղ հակառակն է իրականացնում․ «Խոսում էիք Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին, անվտանգության ապահովման մասին, հիմա այլ հետեւանքների մասին եք խոսում։ Եվ դրա՝ որպես ժողովրդավորության բաստիոն հռչակած երկրի լուծումը ո՞րն է՝ հրաժարական, հեռացում, ընտրություններ, նոր կառավարություն։ Եթե ծրագիրը փոխվել է, ծրագրում ամրագրված մոտեցումները չկան, չի կարող այդպիսի կառավարությունը լինել լեգիտիմ»։

Փաշինյանը նման կերպ արձագանքեց․ «Այո, ճիշտ եք ասում, այդ ծրագրում գրված է եղել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք, ես եկել եմ, ասել եմ՝ ժողովուրդ, եկեք առերեսվենք, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն այն չէ, ինչ մենք նկատի ենք ունեցել։ Նրանք, ովքեր ստեղծել են ինքնորոշում բառն ու եզրույթը, ասում են՝ հարգելի հայաստանցիներ, հարգելի Լեռնային ղարաբաղցիներ, այո, ԼՂ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, եւ դա պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալով։ Երբ ես եկել ու ասել եմ, որ պետք է նշաձողն իջեցնել, ես 2021 թվականի այդ նախընտրական ծրագրի հետեւից եմ գնացել։ Եվ գիտե՞ք ինչու է Լեռնային Ղարաբաղը հայաթափվել, որովհետեւ մենք բոլորս չենք առնչվել այս պարզ իրողության հետ։ Միջազգային հանրությունը ինձ ասել է, ձեզ ասել է, մեզ բոլորիս ասել է՝ հարգելիներս դուք այս գրածը կարդացեք, ձեր քաղաքականությունը կառուցեք ըստ այդմ, որ դուք հասկանալի լինեք աշխարհին, որովհետեւ ոչ ոք չի հասկանում՝ դուք ի՞նչ եք ասում»։

Արծվիկ Մինասյանն արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում է փաստերը։