Սպորտի և կամքի ուժը․ պատմում է Գարեգին Աղաբալյանը

Արցախի խառը մենամարտերի ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը պատմում է պաշարման ժամանակ երեխաների և մարզիչների մասին՝ ընդգծելով դժվարին ժամանակներում նրանց եզակի և ոգեշնչող սխրանքները սպորտի ոլորտում։

2022թ․դեկտեմբերի 12-ին, երբ Ադրբեջանի կողմից փակվեց Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը, Արցախը հայտնվեց շրջափակման մեջ։ Մինչև տարեվերջ ունեինք մրցաշարեր, պետք է մասնակցեինք  և՛ Երևանում, և՛Վրաստանում։ Բնականաբար, չկարողացանք։ 2023թ․ դիմավորեցինք նույն ձև՝ բլոկադայի մեջ։

Բլոկադայի ընթացքում  հեշտ չէր կազմակերպել մարզումներ, երեխաներին բերել մարզումների, նաև ամենակարևոր հարցերից էր այն, որ սննդի հետ կապված մեծ խնդիրներ կային, բայց կարողացանք 10-20 տոկոսով կազմակերպել պարապմունքները։

Գնալով ավելի էր դժվարանում, քանի որ ունեինք վառելիքի հետ խնդիրներ, սննդի հետ խնդիրներ, հոսանքի հետ խնդիրներ և այլն։ Պարապմունքները կազմակերպվեցին մինչև հունիս-հուլիս ամիսները, որից հետո հնարավոր չէր կազմակերպել մարզումային պրոցես։

Այնուհետև տեղի ունեցավ սեպտեմբերյան պատերազմը, որին մեր տղաներից շատերը մասնակցություն ունեցան։ Դրան հաջորդեցին Արցախը հայաթափելու չարաբաստիկ օրերը և տեղահանությունից հետո տեղավորվեցինք տարբեր վայրերումնշելով: Արցախում մարզվող երեխաների մոտ 70 տոկոսը շարունակում է սպորտով զբաղվել Հայաստանի տարբեր մարզերում, համայնքներում։

2024թ․ նախատեսում են ունենալ սեփական մարզադահլիճ, որը կանվանեն Արցախ։

Տաթև Ազիզյան

Ֆրանսիայի Սենատը կքննարկի Արցախի վերևաբերյալ բանաձեւը

Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղում ազերբայդժանի ռազմական հարձակումը դատապարտող և ագրեսիայի ու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման ցանկացած այլ փորձ կանխող բանաձեւի նախագիծ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի Սենատի պաշտոնական կայքում։

Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ և պահանջում է հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի երաշխիքներ։

Տոնոյան. Անդրանիկ Քոչարյանը փորձում է պարտության մեղքը բարդել բանակի վրա

Քաղաքական շահարկումներ ու բամբասանքներ՝ փաստերի փոխարեն  

2024 թվականի հունվարի 11-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով 44-օրյա պատերազմում պարտության պատճառների վերաբերյալ «համապարփակ հարցին», արել է հայտարարություններ, որոնք հաստատել են 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի իրական նպատակների վերաբերյալ նախկինում բազմիցս արտահայտված իմ մտահոգությունները։

Խոսելով պարտության պատճառներից՝ Անդրանիկ Քոչարյանը հիշատակել է «առանձին դրվագներ», մասնավորապես անդրադարձել է այն քրեական գործին, որով անցնում եմ ես ու մի շարք նախկին բարձրաստիճան զինվորականներ, որն արժանացել է հանձնաժողովի նախագահի «մանրամասն ուսումնասիրությանը»։

Հատկանշական է, որ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները ոչ միայն բամբասանք ու զրպարտանք պարունակող քաղաքական շահարկումներ են, այլև հակասում են ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որով հստակ ձևակերպված է, որ Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:

«Անորակ հրթիռների» գործով դատավճիռ դեռևս չի կայացվել, իսկ դատարանն այդպես էլ չընդունեց բաց դատավարություն անցկացնելու վերաբերյալ իմ և մյուս «մեղադրյալների» բազմաթիվ միջնորդությունները, քանզի բաց դատավարության անցկացման պարագայում հանրությանը հնարավորություն էր տրվելու տեսնել, որ գործ ունենք ոչ միայն անհիմն մեղադրանքի, այլև, ինչպես նախկինում հայտարարել եմ, քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդման հետ։

Ուստի, հաստատվում են դեռևս ԱԺ քննիչ հանձնաժողովի բաց նիստում բարձրաձայնված այն մտահոգություններս, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահն իր ողջ գործունեության ընթացքում, իրական քննության փոխարեն, զբաղված է եղել պարտությունը զինված ուժերի վրա «փաթաթելու» գործով, և հենց այդ տրամաբանությունից են բխում Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտիչ և օրենքին հակասող հայտարարությունները։

Սույն հայտարարությամբ ՀՀ Գլխավոր դատախազի ուշադրությունն եմ հրավիրում օրենքի վերը նշված կոպտագույն խախտման փաստի վրա:

Պատերազմ, արտագաղթ, կորուստներ: Բայց Գոհարը կանգ առնելու ժամանակ չուներ

Գոհար Պետրոսյանը մասնագիտությամբ սննդի տեխնոլոգ է։ Աշխատում էր գիտահետազոտական լաբորատորիայում, շրջափակումից ընդամենը մեկ օր առաջ մի քանի օրով Երևան էր եկել: Շրջափակումից 2 շաբաթ անց հասկացավ, որ դեռ երկար է մնալու այստեղ, և որոշեց ժամանակ չվատնել, հայտ լրացրեց «Ինսփայր» խանութում ժամանակավոր օգնականի հաստիքի համար, ինչպես նաև դրան զուգնթաց ցանկություն հայտնեց շոկոլադագործություն սովորել:

Հենց 3-րդ օրը աշխատանք առաջարկեցին, և ինչպես Գոհարն է ասում, որոշեց ամեն ինչ Աստծուն վստահել: Չորս ամիս անց Կարմիր Խաչի միջոցով Արցախ վերադարձավ, ասում է, որ մի կողմից ինչ-որ կիսատ բան էր մնացել, մյուս կողմից ուզում էր տուն վերադառնալ:

Գոհարին անընդհատ նույն հարցն էին տալիս, թե ինչու է վերադարձել, ասում է, որ տարբեր էին բոլոր պատասխաները, բայց պատասխաններից ոչ մեկն էլ ճիշտ չէր՝ «բլոկադայի ներսում և բլոկադայից դուրս աշխարհները անչափ տարբեր էին»:

Հետո եկավ սեպտեմբերի 19-ը, և փոխվեց ամեն ինչ՝ պատերազմ, արտագաղթ, կորուստներ: Գոհարը կանգ առնելու ժամանակ չուներ, հիմա էլ չունի և նրա նպատակը այսքան դժվարություններից հետո պրոֆեսիոնալ շոկոլադագործ դառնալն է:

Քրիստինա Ալավերդյան

ՀՀ ԱԳՆ-ն՝ Բաքվի հայերի ջարդերի մասին. էթնիկ զտումներ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է երեսունչորս տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերին ու նշել, որ ջարդերը դարձել են ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտումների քաղաքականության գագաթնակետը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարությունը հաղորդագրություն է զետեղել «X» հարթակում  և հավելել՝ ջարդերի պատճառով հարյուրավոր մարդիկ են սպանվել, անդամահատվել և անհետացել, կես միլիոն մարդ փախստական է ​​դարձել:

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և շեշտում ենք նման քաղաքականության կանխարգելման հրամայականը և բոլոր իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը»,-ասվում է տեքստում:

Ալեն Սիմոնյանը չափն անցել է․ Երեւանն ու Սեւանն էլ մերը չեն, ի՞նչ եք խոսում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին եւ դիտարկմանը, որ փաստորեն Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ասաց․ «ՀՀ տարածքային ամբողջականության մասին անձամբ Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարություններ է արել։ Եթե խոսքը գնում է 29 800 քառակուսի կմ մասին, այո, բառացի այդ թիվը չի ասվել։ Եվ մենք սպասում ենք եւ ակնկալում ենք, որ դա նույնպես տեղի կունենա։ Բայց դրա ադրբեջանական կողմի բացատրությունն այն է, որ սահմանագծում ու սահմանազատում չի իրականացվել։ Միգուցե դա պահում են ինչ-որ ձեւով սակարկման կամ հետագա բանակցությունների համար։ Կա քննարկվող պայմանագիր, որի կետերով մենք առաջ ենք գնում այս պահի դրությամբ»։

Նա նշեց, որ Ալիեւն իր այսօրվա հայտարարություններով պատասխանում է հայկական կողմի 30 տարվա հայտարարություններին։ «Դուք չեք տեսե՞լ, որ այն ամենը, ինչ անում է հարեւան երկրի ղեկավարը, ինքն անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ հարեւան կողմն արել է այս տարիների ընթացքում։ Չէ՞ որ մենք միշտ ասել ենք, որ դրանք մեր պատմական տարածքներն են եւ այլն։ Տրամաբանությունը մտել է հայելային խոսակցության մեջ։ Այսինքն՝ Ալիեւը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որոնք մենք 30 տարվա ընթացքում ստեղծել ենք։ Մենք ասել ենք, որ Նախիեջեւանը Հայաստան է, ասել ենք, որ Ղարաբաղը Հայաստան է, ասել ենք, որ գնալու ենք Բաքվում թեյ խմենք, իրենք ասել են՝ գալու են Սեւանում թեյ խմեն։ Այդ բառապաշարի մեջ ենք մտել, բայց, կրկնում եմ, կա պայմանագրային գործընթաց, որտեղ ամեն ինչ վերաբերում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին հավասարաչափ»։

Հարցին, թե պատերազմի հավանականություն կա՞, նա պատասխանեց «Մենք ունենք բանակ, մենք բանակը զարգացնում ենք եւ հարկ եղած դեպքում պաշտպանվելու ենք մինչեւ վերջ։ Բայց որեւիցե դեպքում չենք պատրաստվում ինչ-որ երկրի վրա հարձակվել եւ արդեն ասել ենք, որ որեւէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք»։

Արցախցիները կարող են Հայաստանում աշխատանքի անցնել՝ բացառությամբ այն աշխատատեղերի, որտեղ ՀՀ քաղաքացիություն է պահանջվում

Ներկայումս իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների գրանցումը Հայաստանի Հանրապետության հասցեներով։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով, արդեն գրանցված է ավելի քան 40 հազար քաղաքացի։

Անդրադառնալով հարցին, թե ինչու են նպաստ ստանալու հերթեր գոյանում եւ ինչո՞ւ քաղաքացիներին ժամանակավոր անձնագրեր չեն տրամադրում, Արմեն Ղազարյանը նշեց, որ բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառումն իրականացվում է սեպտեմբերի 24-ից, և աջակցության ծրագրերով վճարումները կատարվում են արագ, ոչ թե հասցեների հաշվառման հիմքով, այլ, ելնելով տեղահանված լինելու փաստից, իսկ մշտական ​​վճարումներից՝ նպաստներ, թոշակներ, այսինքն՝ իրական խնդիրներ, լիովին թվայնացված համակարգ չկա, և հաշվապահական հաշվառման գործընթացը ստիպված են լինում իրականացնել թղթային ձևով, ինչը դառնում է հերթերի պատճառ։

Հաշվառվել է ավելի քան 42 հազար քաղաքացի, առաջնահերթությունը տրվել է 63 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ կենսաթոշակների վճարումը չուշացնելու համար։ Ըստ Ղազարյանի, փաստորեն լուծված է Լեռնային Ղարաբաղի բոլոր կենսաթոշակառուների հաշվառման հարցը։ Միաժամանակ Ղազարյանը նշեց, որ ժամանակավոր անձնագրերի կարիք չկա, նրանք կարող են աշխատանք գտնել՝ օգտագործելով առկա փաստաթղթերը, բացառությամբ այն աշխատատեղերի, որտեղ ՀՀ քաղաքացիություն է պահանջվում։

120 հազար արցախցիներից Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է 735 մարդ

ՀՀ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը պարզաբանել է Լեռնային Ղարաբաղից փախստականներին տրվող ժամանակավոր պաշտպանության վկայականների էությունը։

Հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը Ղազարյանը հիշեց անցյալ տարվա հոկտեմբերին համապատասխան որոշման ընդունումը, որն ուժի մեջ է մտնում հունվարի 27-ից։ Համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղից փախստականները նշված վկայականով մեկնում են ՀՀ տարածքից դուրս։ Այդ վկայականը, որ քաղաքացին գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո և օգտվում է միջազգային պաշտպանությունից՝ Ժնևի կոնվենցիաներին համապատասխան, չի կարող փոխանցվել Ադրբեջանին։ «Սա լրացուցիչ պաշտպանության միջոց է ճանապարհորդելիս: Նման տեղեկանք արդեն տրվել է ավելի քան 53 հազար քաղաքացու»,- ասաց Ղազարյանը։ Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիություն ստանալուն, ապա, նրա խոսքով, պարզեցված ընթացակարգեր են կիրառվել: Քաղաքացիության 735 դիմում է ներկայացվել, ասաց Ղազարյանը։

Forrights. «Տեսնեիք՝ թուրքերը ոնց են ծաղրում, հրճվում, ծիծաղում մեզ վրա»․ Մեժլումյանների գաղթի ճանապարհը

Forrights

Մեժլումյանների ընտանիքի համար շատ ցավոտ է բռնի տեղահանումը․ թշնամուն են թողել Մարտունու հարազատ Մյուրիշենը ու իրենց ամբողջ հարստությունը՝ մեծ տունը, երկու տասնյակից ավելի անասնագլխաքանակով ֆերման։

«Ձմռան համար խոտ էի պահեստավորել, ամեն ցուլիկը 200 կիլոյից ավել միս ուներ, տոննաներով գարի էի պահեստավորել, խոզեր էլ ունեի։ Էդ ամենը որ ծախեի, Երևանում բնակարան կառնեի, հիմա ստեղ չէինք ապրի։ Ախր ամեն ինչ շատ հանկարծակի սկսեց», -ասում է 50-ամյա Անդրանիկ Մեժլումյանը։

200 հազար դրամով վարձակալած երևանյան բնակարանը մեծ չի, վերանորոգված չի՝ «պետական վիճակ», կահավորված չի եղել, դռան ու լուսամուտների արանքից սառնություն է մտնում ներս։ Անդրանիկն ասում է՝ դատարկ բնակարանի համար մի քանի մահճակալ, բազմոց ու գորգ նվիրել են անծանոթ մարդիկ․ «Շատ շնորհակալ ենք, մեծ օգնություն էր»։

Մեժլումյանները Արցախի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով բռնի տեղահանվել են բազմանդամ ընտանիքով՝ հարսներով, թոռներով։ 77-ամյա Զաբելա Մեժլումյանը պարբերաբար հոգոց հանելով դողացող ձեռքը ծնկին է հարվածում․ «Ինչեր թողեցինք, բալա, ինչեր թողեցինք, մեր երկիրը թողեցինք»։

Մյուրիշենը Արցախի սահմանային գյուղերից էր և ադրբեջանական հարվածն առաջինն ընդունողներից մեկը։ Բնակչության համար սեպտեմբերի 19-ի հարձակումը անակնկալ է եղել։ «Մեզ համար խաղաղ ապրում էինք․երեխեքս երկուսը պոստերում էին, մենք էլ մյուս տղայիս հետ գնացել էինք անտառ հատապտուղ հավաքելու։ Միաժամանակ բլոկադա էր, ժողովուրդը դաշտերից ձմռան պահուստ էր հայթայթում», -պատմում է 46-ամյա Շողիկ Մեժլումյանը։

Իր կյանքում Շողիկը 4 պատերազմ է տեսել։ Արցախյան առաջին պատերազմում կորցրել է հորը, 44-օրյայում՝ հարազատ Վազգենաշենը։ Հիշում է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով «թուրքերը եկել, առանց գրավելու տիրացել են գյուղին»․ «Էնքան ցավոտ էր, չեք պատկերացնի, եկան գլխներիս կանգնեցին, չէին թողում, որ մեր տներից մի ապրանք վերցնեինք »

Սեպտեմբերի 19-ին Մյուրիշենի տղամարդ բնակչությունը սկսում է ադրբեջանցիներով շրջափակված գյուղի ինքնապաշտպանությունը։ «Տղես աշխարհազորի մեջ էր, աղջիկս հղի, փոքր թոռնիկս լացում ա ձայներից, մտել ենք մի թաքստոց, լսում ենք դղրդոց։ Զանգում եմ տղաներիս, չեն պատասխանում։ Մի ահավոր վիճակ, չգիտեինք՝ էլ ինչ անել։ Որոշեցինք գնալ գյուղամեջ, խուճապ էր, մարդիկ չգիտեին՝ ինչ անեն, ուր գնան, երեխեքին ուր թաքցնեն էդ կրակոցներից», -արցունքների միջից պատմում է Շողիկը։

Սկսում են ինքնակազմակերպվել․ գյուղամեջում հավաքված բնակչությունը թաքնվում է մի մեծ տան մեջ, տղամարդիկ բաժանվում են խմբերի՝ մի մասը հսկում է, որ կանայք, ծերերն ու երեխաները կարողանան հեռանալ գյուղից, մի խումբն էլ դիմադրում է ադրբեջանական հարձակմանը։ Որոշում են հեռանալ հարևան գյուղեր, քանի որ Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհն արդեն գրաված է եղել։

«Գիշերը ժամը չորսն էր, տղամարդիկ որոշեցին գյուղից հանել կանանց, երեխաներին, ծերերին։ Մեր հագին եղած շորերով, լաթիկներով դուրս եկանք էդ տնից։ Մի մասը գնացին հարևան Բերդաշեն գյուղ, մյուս մասը՝ Կաղարծի։ Տղամարդիկ մնացին։ Մինչև վերջին պահը, որ զինադադար եղավ, նրանք՝ մի 25 հոգի, դիմադրել են։ Մարտունու դիրքերը կռվով չեն կարողացել վերցնել, զինադադարն եղավ, էկան լցվեցին։ Երբ շրջափակումը խորացավ, մեր գյուղի տղամարդիկ ստիպված դուրս եկան։ Առանց զոհերի», -վերհիշում է Շողիկը։

Մեժլումյանների ընտանիքը գյուղից տեղահանման ճանապարհին կիսվել է, հղի դստերն ու տատիկին կարողացել են տեղափոխել Ստեփանակերտ, մի մասն էլ մնացել է Բերդաշենում։ Շողիկն ասում է՝ հույս ունեին, որ հարցը կլուծվի, իրենք կմնան իրենց հարազատ վայրերում։ Բայց ամենացավոտն առջևում էր․ «Լուրեր էին տարածում, որ պիտի թողենք Ղարաբաղը, ամենավատն էդ էր։ Ասում էի՝ պատրաստ եմ մնալ ուրիշ գյուղում, մենակ թե մնամ Արցախում։ Բայց էդ էլ չեղավ, մեր վերջին հույսն էլ կտրվեց ու հրամայեցին բոլորիս դուրս գալ գյուղից։ Ժողովուրդը խուճապի մեջ էր, չգիտեր՝ ինչ թողի, ինչ վերցնի։ Ոչ էլ կարողացանք մեր հարազատների գերեզման գնալ, հրաժեշտ տալ։ Միանգամից խուճապի մեջ հայտնվեցին մարդիկ»։

Մարտունուց Ստեփանակերտ ճանապարհն անցել են 12 ժամում՝ վախը սրտներում անցնելով ադրբեջանական անցակետները․ «Տեսնեիք՝ ոնց են ծաղրում, հրճվում, ծիծաղում մեզ վրա։ Էդ ահավոր վիճակով հասել ենք Ստեփանակերտ։ Մարդիկ են եղել, որոնց կանգնեցրել, ստիպել են ասել իրանց ուզած արտահայտությունը։ Ժողովուրդը ստիպված իրանց ուզածներն անում էր, որ կենդանի դուրս գար էդ վիճակից»։

Սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունից հետո նրանք որոշում են հեռանալ Արցախից։ Դեպի Հայաստան ճանապարհն անցել են 3 օրում։ Գրեթե չորս ամիս է անցել մղձավանջային օրերից, բայց միևնույն է, Մեժլումյանները ուշքի չեն գալիս․ «Դժվար էլ ուշքի գանք, սաղ գիշեր մտովի Արցախում ենք»։

Հասմիկ Համբարձումյան

Սեյրան Օհանյան․ Արցախի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել, հարցը լուծված չէ

«Խաղաղության պայմանագիր չի կարող լինել, որովհետեւ պատերազմում պարտված իշխանությունները միշտ գտնվում են ճնշման եւ պարտադրանքի ներքո։ Այդ օրակարգը միակողմանի օրակարգ է, մեր կողմից դա խաղաղություն մուրալ է, իսկ հակառակորդի կողմից՝ խաղաղության պարտադրանք։ Մենք հասկանում ենք, որ իրենք ամբողջությամբ հայաթափելով Արցախը, ըստ էության ցեղասպանություն իրականացնելով Արցախի եւ Արցախի ժողովրդի նկատմաբ, հիմա արդեն անցել են Հայաստանի նկատմամբ իրենց ճնշումները շարունակելուն։ Հիմա եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի համար այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, այսպես կոչված ենթակառուցվածքների բացումը, իսկ մեզ համար՝ ամբողջ Սյունյաց աշխարհը, անվտանգության երաշխիք են հանդիսանում, որպեսզի իրենք կարողանան կապ ունենալ միմյանց միջեւ՝ միմյանց աջակցելու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Հարցին, թե ի՞նչ քայլեր է անում ընդդիմությունը, այդ թվում՝ Արցախի հարցում, Օհանյանը պատասանեց․ «Այսօրվա իշխանություններն ընդհանուր առմամբ ձեռքերը լվացել են եւ Արցախի ճակատագրի վերաբերյալ որեւիցե որոշում չեն ընդունում։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատասխանատու է միայն Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ զարգացման համար՝ առանց հասկանալու հետեւյալը, որ նախ Արցախը մեր հայոց աշխարհի մի մասն է, Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, Արցախի ժողովուրդն իրավունք ունի իր տարածքում անվտանգ ապրելու ու կայուն զարգանալու։ Ի վերջո, երբ Խորհրդային միությունը փլուզվել է, Արցախը դե ֆակտո ինքնորոշվել է այնպես, ինչպես Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը։

Արցախի այսօրվա ճակատագրի ու հետագա քայլերի համար երեք կետ պետք է ֆիքսել, որն էլ պետք է Արցախի վերաբերյալ մեր ռազմավարության հիմք հանդիսանա։ Առաջինը, հակամարտությունն ավարտված չէ, Ադրբեջանն իր հանցագործ կեցվածքով ցեղասպանություն իրականացրեց Արցախի ժողովրդի նկատմամբ, եւ ինքը միջազգային հարթակներում դրա համար պետք է պատասխան տա։ Երկրորդ, եթե Արցախի ճակատագրի մասին ենք խոսում, նշանակում է, որ Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանվի, Արցախի իշխանությունները, բոլոր ինստիտուտները պետք է գործեն, իսկ այդ գործելու միակ վայրը որտե՞ղ կարող է լինել, եթե ոչ մայր Հայաստանում։ Հնարավորություն պետք է ստեղծվի, որպեսի մայր Հայաստանում Արցախի ինստիտուտները գործեն, եւ դա որեւիցե վտանգ չի կարող ներկայացնել Հայաստանի անվտանգության համար։ Այս պայմաններում միջազգային հարթակում բանակցային գործըթնացն այլընտրանք չունի՝ որեւիցե ձեւաչափով, կա՛մ հին, կա՛մ նոր ձեւաչափով։ Այս երեք կետերը պետք է հիմք ընդունել եւ դրա համար ռազմավարություն մշակել։ Իսկ այդ ռազմավարությունն ո՞վ կարող է մշակել, կարող են մշակել միայն ՀՀ իշխանությունները Արցախի Հանրապետության իշխանությունների հետ մեկտեղ»,- ասաց նա։

Սեյրան Օհանյանը նշեց, որ ինքն անձամբ իր կողմից որոշակի առաջարկներ արել է Արցախի իշխանություններին, դրանք նաեւ որոշակի գաղտնիություն են պարունակում։

Դատարանը Բաքվում անփոփոխ է թողել Վագիֆ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը

Գերի վերցված տարեց մարդու՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող դատական ֆարսը շարունակվում է։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ բողոքարկման մասին որոշումն ընթերցվել է դատավարության ժամանակ, որը նախագահում էր Բաքվի Վերաքննիչ դատարանի դատավոր Հասան Ահմեդովը։ Ինչպես եւ պետք էր սպասել, վերաքննիչ բողոքը չի բավարարվել, առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է անփոփոխ։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, առեւանգվել է անցած տարվա ամռանը Լաչինի միջանցքը հատելիս, ընդ որում՝ առեւանգվել է ԿԽՄԿ-ի ձեռքերից։