2023 թ. 10 ամսում ՀՀ–ի ապրանքաշրջանառությունը ավելացել է 41.2 տոկոսով, հատկապես Ռուսաստանի հետ

2023 թ. 10 ամսում ՀՀ–ի ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 15 մլրդ 500 մլն դոլար կամ 141.2 տոկոս 2022–ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Կոմիտեն հրապարակել է արտաքին և փոխադարձ առևտրի ցուցանիշները 2023 թ. հունվար–հոկտեմբերին` 2022 թ. նույն ժամանակահատվածի համեմատ։
Ըստ այդ ցուցանիշների` ՀՀ ապրանքաշրջանառությունը 2022 թ. հունվար–հոկտեմբերի համեմատ կազմել է շուրջ 15 մլրդ 500 մլն դոլար կամ 141.2 տոկոս, արտահանումը` 5 մլրդ 795 մլն դոլար կամ 138,5 տոկոս, ներմուծումը` 9 մլրդ 650 մլն դոլար կամ 142,9 տոկոս։
Հաշվետու ժամանակահատվածում արտաքին և փոխադարձ առևտրի կառուցվածքն ըստ երկրների հետևյալ պատկերն ունի` արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ կազմել է 53.3 տոկոս, դեպի ԵՄ` 11.1 տոկոս, այլ երկրներ` 35.6 տոկոս։
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա ԱՊՀ երկրներից այն կազմել է 28.4 տոկոս, ԵՄ երկրներից` 17 տոկոս, այլ երկրներից` 54.6 տոկոս։

Լեզվի կոմիտեն ամփոփել է «Տարվա բառը-2023»-ի արդյունքները

Լեզվի կոմիտեն ամփոփել է «Տարվա բառը-2023»-ի արդյունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քվեարկվածներից ամենաշատ ձայներն է ստացել ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ բառը (42%)։

«Թեև դիմացինի ապրումները սեփականի պես զգալը միշտ էլ հատուկ է եղել մարդուն, բայց «ապրումակցում» բառը նորաբանություն է։ Հավանաբար ստեղծվել է «կարեկցում» բառի նմանությամբ, բայց որպես երևույթ ավելի ընդգրկուն է։ Ունի բառարանային գրանցում։

Ինչո՞ւ է նախապատվությունը տրվել այս բառին։ Մարդկային հարաբերություններին ուղղված մեր թարմ հայա՞ցքն է բնորոշում այն, մեր կարիք-ակնկալի՞քը դիմացինից, թե՞ այդ ամենամարդկային հատկանիշը կորցնելու վախը։ Գուցե բոլորը միասին։

Այնուամենայնիվ, մեծամասնության համար անցնող տարվա բառը ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ-ն է (эмпатия)։

Երկրորդ տեղում ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ բառն է (30%)։ Սա մենիմաստ բառ չէ, բայց մեզ համար այսօր այն նախ և առաջ նշանակում է պատերազմի, հակամարտության բացակայություն, և բնական է, որ շատերի հայացքը նրան է ուղղված։ Կարևոր է նաև մարդու ներքին խաղաղությունը։ Իսկ դրա համար այս բառի մյուս իմաստներն են պետք․ լռություն, հանդարտություն, անդորրություն, հաշտություն և այլն։

Երրորդ տեղում ՀԱՅԱՍԱԹ բառն է (7%)։ Հայասաթ-1-ը հայկական առաջին տիեզերական արբանյակն է։ Բառը ստեղծվել է հայ և լատիներեն ծագմամբ satelles` արբանյակ բառերից, որոնք միացել են ա հոդակապով։ Բնորոշում է մեր լավատեսությունը Հայաստանի գիտական ապագայի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

10 արցախցի երեխա եւ 90 տարեց խնամքի կենտրոններում են

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, առանց ծնողական խնամքի մնացած 10 երեխա այս պահին գտնվում են ՀՀ խնամքի հաստատության հոգածության ներքո։ Հումանիտար կենտրոնում տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Բացի այդ, խնամքի հաստատություններում են նաև գտնվում ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 90 միայնակ տարեցներ, որոնք, նախարարի վստահեցմամբ, ստանում են բոլոր այն ծառայությունները, որոնք հասանելի է ՀՀ քաղաքացիների համար։
Ինչ վերաբերում է ԼՂ–ից բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց, ապա, ըստ Մկրտչյանի, նրանք, ովքեր առաջին անգամ կդիմեն փորձաքննություն անցնելու համար, կանցնեն ՀՀ–ում գործող նոր ընթացակարգով, այն է` ֆունկցիոնալության գնահատմամբ։
«Նրանք, ովքեր առաջին անգամ չեն դիմում, կրկին սահմանված կարգով` գոյություն ունեցող փորձաքննության ընթացակարգի միջոցով, կանցնեն այդ փորձաքննությունը, կստանան համապատասխան ցուցում, որից հետո նախարարությունում հավաստագրված կազմակերպությունների միջոցով կստանան համապատասխան աջակցող միջոցներ` սայլակներ, քայլակներ, օրթեզներ, պրոթեզներ և այլն»,– ընդգծեց նախարարը։

Երուսաղեմի հայկական թաղամասի վրա զինված հարձակումից հետո ձերբակալված երկու հայերն ազատ են արձակվել

Երուսաղեմի հայկական թաղամասի վրա զինված հարձակումից հետո ձերբակալված երկու հայերն ազատ են արձակվել։  Նրանք դատարանի որոշմամբ արդարացվել են։

Հիշեցնենք, որ նախօրեին մի խումբ ահաբեկիչներ սև շորերով ու դիմակներով, թվով մոտ 30 հոգի, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում էին գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով:

Հրապարակած տեսանյութերից հստակ երևում է՝ ինչպես են զինված ու դիմակավորված անձինք հարձակվում ու հարվածներ հասցնում հայ համայնքի ներկայացուցիչներին և հայ հոգևորականներին։

Հարձակման հետևանքով հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևորականների առողջությանը պատճառվել է վնասներ, այդ թվում` ծանր: Հարձակման ենթարկված հայ համայնքի 2 ներկայացուցիչ բերման էին ենթարկվել։ Ոստիկանություն էին տարվել հարձակումն իրականացրած զինված խմբի մի շարք անդամներ:

Տրանսպորտից 100 դրամով օգտվելու հնարավորություն չի լինի. գրեթե նույն գինն է գալիս. Ավինյան

Երևանում հասարակական տրանսպորտի վճարային նոր համակարգ կներդրվի 2024 թվականից։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք տրանսպորտի վճարի թանկացում կլինի։

Ավինյանը նշեց, որ ինքը դա թանկացում չի կոչի։ Նրա խոսքով` այն նախագիծը, որը քննարկվում է հանրային տրանսպորտի ոլորտում, և այն նախնական առաջարկը, որ արվել է քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների գործընկերների կողմից, պրոդուկտային տարբերություն է տալիս ներկայիս համակարգի հետ։ Նա միաժամանակ ընդգծեց, որ տրանսպորտից միանգամյա` 100 դրամով օգտվելու հնարավորություն չի լինելու։

«Գրեթե նույն գինն է գալիս, ինչ հիմա, կամ որոշ դեպքերում ավելի էժան, եթե եռամսյակային կամ տարեկան տոմս առնեն։ Լինելու է մեկ օրվա, մեկ շաբաթվա, մեկ ամսվա, մեկ տարվա և մեկ–երկու այլ տեսակի տոմսեր»,– ասաց Ավինյանը։

Նրա խոսքով` որոշակի արտոնություններ են սահմանվելու տարբեր խավերի համար։

«Դա որոշ չափով կմեղմացնի այն հավելյալ բեռը, որը կարող է առաջանալ մարդկանց համար»,–ասաց նա։

Ըստ Երևանի քաղաքապետի` տրանսպորտի վճարի սակագները դեռ քննարկման փուլում են, բայց դրանք պետք է լինեն այնպիսին, որ հոգան տրանսպորտի և մետրոյի սպասարկման ծախսերը։

Ռուսաստանն ընդդեմ Հայաստանի. իսկ Աղդամի ռուս-թուրքական կենտրո՞նը

Ռուսաստանը դեկտեմբերի 26-ի «ԱՊՀ գագաթնաժողովից» հետո բացահայտ հայտարարում է, որ այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում վերջին մի քանի տարիների ընթացքում, Մոսկվայի պլանն է։ Պատահական չէ, որ Բաքուն հայտարարեց «ռուս խաղաղապահների» մինչև 2025 թվականը Արցախում ներկայության մասին, որտեղից նոր տեղահանվեց բնիկ հայ բնակչությունը, իսկ տարածքը օկուպացվեց։

Ռուսաստանը բաց չի թողել բանակցությունները որպես միջնորդ մոդերացնելու նախաձեռնությունը։ Արևմուտքը վերջին տարիներին չի ընդգրկվել բանակցային գործընթացում. Երևանն ու Բաքուն քայլերը համակարգում են  բացառապես Մոսկվայի հետ, հակառակ դեպքում «արևմտյան հարթակներում» առաջին հերթին անվավեր կհայտարարեին եռակողմ հայտարարությունը։ Այնպես որ, եռակողմ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ֆորմատը գործում է անխափան։ Իսկ Արեւմուտքը օգնում է այս ձեւաչափին։ Ի վերջո, հենց Բրյուսելում Փաշինյանը հայտարարեց «Արցախը Ադրբեջանի կազմում» ճանաչելու մասին, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։ Կարծես թե՝ որտեղ է Բրյուսելը, որտեղ՝ Ալմա Աթան։ Բայց, փաստորեն, պարզվեց, որ արևմտյան ուղու վրա ավելի խորացավ Մոսկվայի հովանու ներքո եռակողմ ձևաչափը։

Հիմա, երբ ամբողջ «կեղտոտ գործը» արվել է Արևմուտքի և Հայաստանի ղեկավարության կողմից, Մոսկվան կրկին հայտարարում է, որ ինքն է որոշողը, իսկ Փաշինյանը՝ լենինյան գլխարկը հագած, գլխով է անում։

«Փաստն այն է, որ կա եռակողմ հայտարարություն. այն ստորագրված է ղեկավարության մակարդակով։ Ռուս զինվորականների մնալը Ղարաբաղում նախատեսվում է մինչև 2025 թվականի նոյեմբերը»,- Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Թվում է, թե ինչ մնացել եռակողմ հայտարարությունից, բայց չէ որ այն ընդունվել է, որպեսզի ռուսական զորքերը հայտնվեն Ղարաբաղում, ուստի այդ կետը խստորեն պահպանվելու է։ Որովհետև Ռուսաստանն այլ բան չի կարող առաջարկել՝ միայն ուղղակի օկուպացիա և ռազմական ներկայություն։

Ռուսաստանի հովանու ներքո խաղաղության պայմանագիր կնքելը բլեֆ է, ասում է Անդրիաս Ղուկասյանը։ «Եթե դա հնարավոր լիներ, ապա վաղուց խաղաղ պայմանագիր կնքված կլիներ։ Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, եթե լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների կոնսենսուսը։ Ռուսաստանի հովանու ներքո համաձայնություն լինել չի կարող, և տարիներ շարունակ մենք տեսնում ենք Կրեմլի անզորությունը՝ ինչ-որ բան անելու՝ շրջանցելով ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- «Кавказский узел»-ին պարզաբանել է քաղաքագետը։

Ասելով, որ Ռուսաստանը չի պաշտպանել Հայաստանին, ենթադրում եք, որ Մոսկվան պետք է ուղղակի հակահարձակմա՞ն անցներ։ Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` անդրադառնալով այն նկատառմանը, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կատարել Հայաստանի Հանրապետության հանդեպ իր պարտավորությունները, երբ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա։

«Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է, որ իրավիճակը մնա վերահսկողության տակ և չխախտվեն խաղաղ կարգավորման հիմքերը», – ասել է դեսպանը՝ հաստատելով, որ Ռուսաստանի համար չկա «ինքնիշխան սահմաններ, դաշնակցային պարտավորություններ» հասկացություն, միայն «խաղաղությունը ռուսական ձեւով»։

Ինչ վերաբերում է այն նկատառմանը, որ մի կողմից ՌԴ ԱԳ նախարարը Հայաստանին մեղադրում է ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ սերտ հարաբերությունների մեջ, իսկ մյուս կողմից՝ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ համատեղ մոնիտորինգային կենտրոն է ստեղծել Արցախում, այդպիսով, ըստ էության, տարածաշրջան բերելով ՆԱՏՕ-ի անդամին, դեսպանն ասաց. «Մենք գիտենք, թե ինչ հարաբերություններ ունեն Թուրքիան և Ադրբեջանը, և Թուրքիայի ներկայությունը համատեղ մոնիտորինգի կենտրոնում, հավանաբար, հենց այդ իրականության արտացոլումն է»:

«Երբ մենք խոսում ենք ՆԱՏՕ-ի մասին, մենք դրան ոչ մի կերպ չենք կարող հակազդել, առճակատում չենք պարտադրում և քաղաքականությունը դիտարկում ենք կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ»,- նշել է դեսպանը։ Այսինքն՝ պետք է հասկանալ, որ Թուրքիան դեմ չէ Ռուսաստանին, բայց Հայաստանը դեմ է դրան։ Սա է “ռուսական խաղաղությունը”։ Աղդամ ֆորևա։

Սանոսյանը «8 գյուղերի» պահանջի մասին

Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում միջազգային բանկային տարբեր դոնոր կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Սանոսյանն անդրադարձել է նաև Բաքվի կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին «8 գյուղերի վերադարձի» վերաբերյալ։  Նախարարը նշեց, որ այդ թեմայի մասին բազմաթիվ անգամ խոսել են: «Կան որոշ տարածքներ, որոնք Ադրբեջանն է նախանշում, և կան տարածքներ, որ Հայաստանն է դրանց մասին խոսում: Հիմա գործընթացը կարող է կազմակերպվել հետևյալ կերպ, որ այդ տարածքները նախանշվեն, դրանց իրավաբանական հիմքերը պետք է հանել, այնուհետև տեղի ունենա երկու գործընթաց՝ մեկը փոխանակումն է, մյուսը ֆիզիկապես թողնել, զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ: Կարգավորում նկատի ունեմ այն, որ այդ տարածքները որոշակի կամերես ունեն, և դելիմիտացիա, դեմարկացիա կոչվող երևույթը կարող է այս հարցի պատասխանը տալ: Իմ պատկերացմամբ՝ այս հարցին կարելի է պատասխանել հենց այդ աշխատանքային խմբի շրջանակներում, երբ սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա տեղի ունենա»,- եզրափակեց Գնել Սանոսյանը:

7 դասարանի Հայոց պատմության աղմկահարույց դասագրքում 46 շտկում կարվի

Sputnik. «Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքում 46 շտկում կարվի, և դրանք ներդիրի տեսքով կներկայացվեն դպրոցներին։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը։
Նա նշեց, որ կիրականացվեն բովանդակային նյութերի 15 էական, 13 աննշան, տարեթվերին վերաբերող 13 և ուղղագրական 5 շտկումներ։
Բացի այդ շտկումներից, կփոխվի նաև Վանի թագավորության` բազմիցս քննարկված քարտեզը։
«Այդ քարտեզը թյուրիմացաբար է դրվել ժամանակի սղության ու տարբեր հանգամանքների պատճառով։ Կլինի նոր մշակված քարտեզ, որը ներկայացվել է Էրեբունու թանգարանի մեր գործընկերներին։ Կփոխվի նաև Ղազար Փարպեցու պատկերը, որը ևս սխալ է տեղադրված»,– հայտնեց Սողոմոնյանը։
Սողոմոնյանը հավելեց, որ ուսումնասիրվել են բոլոր քննադատությունները և դիտարկումները, ինչպես նաև Մայր աթոռի նամակը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ ակտիվ քննարկվում և մասնագիտական տարբեր շրջանակներում քննադատվում է պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը։ Մասնագետները բազմաթիվ սխալներ են մատնանշում, որոնք վերաբերում են մասնավորապես Ուրարտուի ժամանակաշրջանին, որևէ տեղ հիշատակում չկա, որ Երևանի պատմությունը սկսվում է Էրեբունուց։

Ես ուզում եմ օգնել վերականգնելու Հայաստանի, Արցախի ինքնիշխանությունը, վերականգնելու նրանց տարածքները․ Քենեդի

Եվս մեկ պատերազմ կանխելու և ազատության ու ժողովրդավարության սկզբունքները պաշտպանելու համար ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի տարածաշրջանային աջակցությունը հայերի ինքնապաշտպանության և ինքնորոշման իրավունքին և պաշտպանի արցախահայության անվտանգ վերադարձը իրենց պատմական հայրենիք։ Այս մասին իր տեսաուղերձում նշել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարած Ռոբերտ Քենեդի կրտսերը:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանը 2020 թվականից սկսած անխնա էթնիկ զտումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։ «Ընթացիկ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը հարձակման անցավ և տեղահանեց ամբողջ 120 հազար հայ բնակչությանը»,- հավելել է քաղաքական գործիչը։

«Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Գազայի և Իսրայելի վրա, ոչ ոք ոչինչ չի լսում հին հայկական տարածքներից մեկի ողջ բնակչության զանգվածային տեղահանման մասին: էթնիկ զտումների դատարկ դատապարտումը բավարար չէ։ Ի տարբերություն 1915-ի ցեղասպանության, այս մեկը շրջելի է: Սա մի իրավիճակ է, երբ խաղաղ պատժամիջոցները կարող են գործել: Միացյալ Նահանգները դեռևս ունի լծակներ այս տարածաշրջանում, և նա կարող է օգտագործել այս ուժը, որպեսզի մոբիլիզացնի այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին՝ շրջելու այս հումանիտար ողբերգությունը: Մենք պետք է նաև ուղիներ փնտրենք վերացնելու համար Հայաստանի շրջափակում Թուրքիայից և Ադրբեջանից: Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է և պետք է մուտք ունենա հարևան երկրների նավահանգիստներ»,- ասել է ամերիկացի քաղաքական գործիչը։

Նա վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կնպաստի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը։

«Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես կօգտագործեմ դիվանագիտությունը, մեր բարոյական հեղինակությունը, մեր տնտեսական լծակները և պատժամիջոցները Հայաստանը վերականգնելու համար։ Ես ուզում եմ օգնել վերականգնելու Հայաստանի, Արցախի ինքնիշխանությունը, վերականգնելու նրանց տարածքները։ Ես ուզում եմ դա անել խաղաղ ճանապարհով: Ինչ-որ տեղ նոր պատերազմ սկսելու փոխարեն, ես կցանկանայի կանգնեցնել դրանցից մեկը»,- ասել է Քենեդին:

Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը դատապարտում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ իրականացված բռնությունները

Խոր մտահոգությամբ տեղեկացանք Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին պատկանող «Կովերի պարտեզ» կալվածքի շուրջ շարունակվող սադրիչ գործողությունների մասին։ Դեկտեմբերի 28-ին երեք տասնյակից ավելի զինված անձինք ներխուժել են «Կովերի պարտեզ»-ի տարածք, իրականացրել բռնի գործողություններ, որի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Պատրիարքության  եկեղեցականներ և  տեղի հայ համայնքի անդամներ։

Ակնհայտ է, որ սադրիչները հերթական անգամ փորձում են ահաբեկության, սպառնալիքների ու բռնի գործողությունների միջոցով հասնել «Կովերի պարտեզ» կալվածքի յուրացմանը՝ ոտնահարելով օրենքով սահմանված ընթացակարգերը։

Խստորեն դատապարտելով կատարվածը՝ հույս ենք հայտնում, որ Իսրայելի իշխանությունները իրավաչափորեն կարձագանքեն Պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ դրսևորված  հանցավոր գործողություններին, պատասխանատվության կենթարկվեն մեղավորները և կբացառվի նմանօրինակ դեպքերի կրկնությունը։

Մեր զորակցությունն ենք հայտնում Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությանը և հայ համայնքին՝ հայցելով Տիրոջ օգնականությունը։

Հայաստանում դեկտեմբերին վերջին 100 տարվա ընթացքում ամենատաք եղանակն է գրանցվել

Հայաստանում 2023 թվականի դեկտեմբերը եղել է անոմալ տաք։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-6 աստիճանով։ «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ գրանցվել են կլիմայական ռեկորդներ։

«Դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը հասավ 16-17,5 աստիճանի։ Եթե նայում ենք վերջին 100 տարվա վիճակագրական վերլուծությունը, ապա տեսնում ենք, որ և՛ միջին ամսական ջերմաստիճանով, և՛ ցերեկային ժամերին դիտված առավելագույն ջերմաստիճանով այս տարվա դեկտեմբերն ամենատաքն է եղել»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Հայաստանը շարունակում է գտնվել արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում։ Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 6-8 աստիճանով։

«Առաջիկա 5 օրերին այդ տաք օդային հոսանքները չեն նահանջելու։ Մինչև հունվարի 6-ը հանրապետությունը գտնվելու է տաք օդային ալիքի ազդեցության գոտում, անոմալ բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է, և ամբողջ տարածքում հաստատվելու է առանց տեղումների եղանակ»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Ուժեղ քամիներ առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքում չեն սպասվում։

Հունվարին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը լինելու է նորմային մոտ։ Դա նշանակում է լինելու է անոմալ տաք ու բավարար տեղումներով հունվար։

Հադրութը Արցախի ադամանդե ակն է

Հադրութը մեր այն հայրենիքն է, որ տարիներ շարունակ կարոտ է հայի ձայնին: Մեր Հադրութը բաց թանգարան է երկնքի տակ: Հարուստ վանքերով, եկեղեցիներով ու պատմամշակութային վայրերով:

Հադրութի տոնական կենտրոնը Խորն աղբյուրն է, որը միշտ մարդաշատ էր հատկապես օգոսոստոսի 15-ին ՝ Հադրութ քաղաքի օրը: Այնտեղ կային խանութներ,գրադարան ու այնտեղ էր կայանում ավտոբուսը՝ դեպի Ստեփանակերտ շարժվող:

Հադրութի կենտրոնական ճանապարհի աջ կողմում էր գտվում դիվիզիան, դրան կից մեր դպրոցն էր, սիրելի ու անմոռանալի հիշողություններով լեցուն:

Հադրութցիները ունեին մի սովորույթ` յուրաքանչյուր կիրակի այցելում էին “Սպիտակ խաչ” վանքը, որը գտնվում է Հադրութ քաղաքին կից Վանք գյուղում, և մարդիկ ոտքով էին բարձրանում, իսկ ճանապարհին մտնում էին “ծվրաջուր”՝ ծարավը հագեցնելու համար:

Այնտեղ կար փայտյա փոքրիկ տնակ, որտեղ երբեմն թեյախմություն էին կազմակերպում:

Մեր քաղաքի խանութները այնքան հանգիստ ու հարմար էին: Առանց հերթերի: Քաղաքի կենտրոնական մասում գտնվում էին երեք խանութներ: Ամենամարդաշատ խանութը “Անդրեի” խանութն էր, հատկապես այնտեղ ամանորյա տրամադրությունն անպակաս էր, իսկ սպասարկումը ջերմ:

Հադրութի վտանգավոր փողոցներից մեկը “Պավլիկի պավարոտն էր”, այդտեղ մեքենաները շատ էին, այդ տեղով անցնելը դժվար էր:

Հադրութի ամենամեծ թաղամասն՝ օտրյադն էր, որտեղ հիմանկանում բնակվում էին զինվորականներն իրենց ընտանիքներով: Իսկ մեր թաղամասը հեռու էր քաղաքից, այն գտնվում էր Հադրութ քաղաքի հուշարձանի մոտակայքում:

Մեր տան ճանապարհին երկու կամուրջ կար:Կամուրջին մոտենալիս լսելի էր դառնում հոսող գետի ձայնը:

Հադրութում է գտնվում Արցախի բարձր լեռներից մեկը ՝ Դիզափայտը, որի կատարին էր գտնվում Կատարո վանքը: Դրախտային գեղեցկություն էր տիրում այնտեղ՝ ծաղկաշատ բնությամբ ու մեղվափեթակների առատությամբ: Ասում են ՝ երազանքները կատարվում են այնտեղ, ու մարդիկ հավատում են վանքի հզորությանը:

Վիկա Աբգարյան

Step1.am-ի համար