Այս տարվա ընթացքում հաշվարկված թոշակները կվճարվեն դեկտեմբերին

Այսօրվա  դրությամբ իրականացվել է 10 հազար 629 կենսաթոշակների և այլ դրամական վճարների նշանակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 19-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի  մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

«Այն նշանակումները, որոնք կիրականացվեն այս տարվա ընթացքում, դրանց վճարումները կարվեն դեկտեմբեր ամսվա ընթացքում և կենսաթոշակները կհաշվարկվեն հոկտեմբեր, նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար»,-հավելել է Մանուչարյանը։

Արցախցիներին 40+10 հազար դրամ աջակցության դեկտեմբերի վճարումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար դրամ աջակցության նոյեմբեր ամսվա վճարումները կավարտվեն առաջիկայում, իսկ մյուս շաբաթվանից կմեկնարկեն դեկտեմբերի վճարումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 19-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

«Հույս ունենք, որ ամենամեծ մասը կվճարենք և կավարտենք այս տարի»,-հավելել է նա։

Փոխնախարարի խոսքով՝  բոլոր այն դեպքերում, երբ անձինք որոշակի ժամանակով բացակայել են Հայաստանի Հանրապետությունից և վերադառնալուց հետո դիմել են աջակցությունից օգտվելու համար, ապա գործող կարգավորմամբ կդիտարկվի նախորդ ամսվա բացակա օրերի քանակը՝ սկսած նոյեմբերից, և եթե դրանք 10 օրից պակաս կլինեն՝ նրանք աջակցությունը կստանան նաև նախորդող ամիսների համար։

Ժամակոչյանը նշել է, որ լրամշակվել է աջակցության ծրագրի առցանց դիմումների համակարգը և այն ծնողները, ովքեր չեն լրացրել երեխայի տվյալները, ապա հաստատված դիմում ունենալու պարագայում, դա կարող են անել՝ խմբագրելով դիմումը, որի համար պետք է մուտք գործել ու կրկին նույնականանալ համակարգում։

Lragir. Շնորհակալություն Կյուժուգեթ-օղլուին երկրորդ խոստովանության համար

«Ռուսական զորքերի խմբավորումները շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորները»,- ասել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Կյուժուգեթ-օղլու Շոյգուն նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։

Կյուժուգեթ-օղլուն խոստովանում է Արցախում ռուսական զորքի իրական գործառույթը (տես նաեւ այստեղ)․ ռուսական զորքը Ղարաբաղում հասել է խաղաղության հաստատման ու հիմա դրա երաշխավորն է։ Այսինքն, խաղաղության սպառնալիքը հայերն էին, եւ այդ հարցը լուծվեց Արցախի օկուպացիայով ու բնիկ մեծամասնության վտարմամբ։

Պատահական չէ, որ սեպտեմբերի 19-ից հետո պաշտոնական Բաքվում այլեւս չեն խոսում ռուսական զորքի դուրսբերման մասին՝ ձեւականությունների կարիքն այլեւս չկա։

Ըստ այդմ, ռուսական «խաղաղապահ» զորքը շարունակում է մնալ եւ իր իրական գործառույթներն իրականացնել օկուպացված Արցախում՝ ապահովելով եւ երաշխավորելով «Ղարաբաղը ազերբայդժանի տարածք է, Ղարաբաղի հարցը փակված է» Կրեմլի քաղաքական ուղեգիծը։ Ռուսական զորքը երաշխավորում է հայկական հնարավոր գործողությունների, մարզի ազատագրման բացառումը, այսինքն՝ խաղաղությունը, եւ ըստ այդմ՝ Ալիեւի հայտարարած՝ Արցախում 140 հազար ցապարներ բնակեցնելու գործընթացը։

Ռուսական զորքը ներկայում ապահովելու է ազերբայդժանի նախագահի «ընտրությունը» օկուպացված Արցախում։

Ռուսները դուրս են գալու այն ժամանակ, երբ Նիկոլի միջոցով Ալիեւը կստանա դեկտեմբերի 6-ին իր նշած բոլոր երաշխիքները «խաղաղության հաստատման» համար, ռուսական «խաղաղարարության» սխեման շարունակելով ՀՀ մնացած տարածքում։

Կյուժուգեթ-օղլուն առաջին անգամ չէ, որ խոստովանում է Կրեմլի քաղաքական նպատակները։ Նախորդ խոստովանությունն այն էր, որ Արցախում ռազմական արշավը պլանավորել եւ իրականացրել է Մոսկվան՝ թուրքերի հետ համատեղ։

Մեր Հայկը․ «Դու դառնում ես քո կողքի մարդկանց պես,զգում ես այն, ինչ զգում են նրանք են նրանք և նկարելու ցանկությունդ հավասարվում է 0-ի»

«Ուրիշի ողբերգությունը և ցավը նկարելը շատ հեշտ է։ Դու գիտես, որ կանես աշխատանքդ, կգնաս տուն և կզբաղվես քո «խնդիրներով»։ Բայց երբ որ քո առջև դրված է առաջադրանք` նկարել քո ու տասնյակ հազարավոր հայերի ելքը հայրենի Արցախից, որտեղ ծնվել, ապրել և մեծացել ես, որի հետ կապել ես քո ամբողջ կյանքը, նպատակներն ու երազանքները, որի համար կյանքդ էիր պատրաստ տալ` տեսախցիկը ձեռքդ վերցնելը դառնում է ինքնասպանություն։ Դու դառնում ես բոլոր քո կողքի մարդկանց պես, զգում ես այն, ինչ զգում են նրանք, և նկարելու ցանկությունդ հավասարվում է 0-ի»,- ասում է ֆոտոլրագրող Հայկ Հարությունյանը։

Հայկը իր կյանքի ուղիղ 1/3-ը զբաղվում է լուսանկարչությամբ, իսկ վերջին 3 տարիներին անցել է պրոֆեսիոնալ աշխատանքի։

Հայկի մասնագիտական կողմնորոշման բեկումնային պահը 2020 թվականի պատերազմն էր, երբ հասկացել է, որ պետք է աշխարհին ցույց տալ այն, ինչ աշխարհը չի տեսնում, կամ տեսնել չի ցանկանում։ Լուսանկարչության տասնյակ ուղղություններից ընտրեց փաստավավերագրականը և սկսեց պատմել Արցախի մասին։ 2021 թվականի “35awards” միջազգային լուսանկարչության մրցույթին Հայկի լուսանկարը հայտնվել է աշխարհի 50 լավագույն ռեպորտաժ լուսանկարների ցանկում, որտեղ նա միակ հայն էր, այն էլ Արցախից։

Հարցին, թե արդյո՞ք վերջին դեպքերի ժամանակ արված նկարները նույնպես կուղարկի մրցույթների, պատասխանեց, որ իմաստ չի տեսնում։ Արցախի կորստի հետ Հայկը կորցրեց նաև իր գլխավոր նպատակը` նպաստել Արցախի խնդրի լուծմանը։

«Այնքան միամիտ էի, որ ինձ թվում էր, որ մենակով կարող եմ փոխել աշխարհը, որ մենակով կարող եմ լուծել իմ երկրի խնդիրները»,- ասում է Հայկը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, պատերազմի սկսելու հետ միասին, Հայկը վերցրեց տեսախցիկը և վազեց դուրս։ Պարտքը կատարելու ժամանակն էր։ 4 օր անընդմեջ վավերագրել է այն ամենը, ինչ կատարվում էր Արցախում՝ սկսած ռմբակոծություններից, վերջացրած մարդկանց կենցաղով։ Նրա նկարների մի մասը Step1.am-ում է։

Առաջին իսկ ժամերից նամակներ ստանալով բազում միջազգային լրատվականներից, ամբողջ աշխարհին մատակարարել է Արցախից լուսանկարներ։ Տեսախցիկը ցած դրեց միայն այն ժամանակ, երբ որ իմացավ, որ Արցախը հանձնվեց։

«Հոգեպես մահացա այդ պահին։ Հասկացա, որ իմ ամբողջ կյանքը անիմաստ էր։ Իմ ամբողջ կատարած աշխատանքը անիմաստ էր։ Ամեն ինչ ջուրն ընկավ։ Ցանկություն չունեի ոչ մի բան անելու։ Մի ճար լիներ, կգնայի մեռնեի։ Մենակ Ստեփանակերտից դուրս գալու պահին 4 հատ նկար արեցի, այն էլ ցույց տալու համար, թե ոնց էին մարդիկ լքում Արցախը։ Երբ հիմա հիշում եմ, թե ինչ եմ տեսել, ինչի միջով եմ անցել, հասկանում եմ, որ կարող էի այնպիսի նկարներ անել, որ բոլոր մրցույթներում առաջատար տեղեր կգրավեին, բայց ոչ մի բան չարեցի։ Իմաստ չկար։ Ինչի՞ համար անեի, ու՞մ համաը անեի։ Չկա Արցախ` չկամ նաև ես»,- ասում է Հայկը։

Սամվել Շահրամանյանն այցելել է «Աջակցություն Արցախահայությանը» ՀԿ գրասենյակ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 19-ին այցելել է «Աջակցություն Արցախահայությանը» հասարակական կազմակերպության գրասենյակ, ծանոթացել վերջինիս գործունեությանը:

Կատարվող աշխատանքների մասին տեղեկություն է ներկայացրել «Աջակցություն Արցախահայությանը» ՀԿ նախագահ Սևակ Գրիգորյանը՝ նշելով, որ քայլեր են ձեռնարկում ֆինանսական ռեսուրսների ներգրավման ուղղությամբ, որպեսզի աջակցություն ցուցաբերեն վերջին ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների, այնուհետև ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով մահացածների, ինչպես նաև սոցիալական ծանր իրավիճակում հայտնված այլ կարիքավոր ընտանիքներին:

Նախագահ Սամվել Շահրամանյանն ընդգծել է բռնի տեղահանված ու սոցիալական ծանր իրավիճակում հայտնված ընտանիքներին մշտական ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը և ողջունել նախաձեռնությանը միացած անհատների, կազմակերպությունների մասնակցությունը:

Հանդիպման ավարտին նախագահ Շահրամանյանը պատասխանել է կազմակերպության անդամների հարցերին, լսել առաջարկություններ և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար:

Ստացվում է, որ ռուսներն իրե՞նք են հայկական զենք ներմուծել Արցախ

Հայաստանն է ամեն ինչի մեղավորը, ինչ էլ որ պատահի նրան ոչնչացնելու ռուս-ադրբեջանական ծրագրի հետ կապված։ Հենց այսպես կարելի է հասկանալ ռուսաստանի և ադրբեջանի տրամաբանությունը, ինչը երևում է նշված երկու կողմերի վերջին հայտարարություններից և հրապարակումներից։

Նախօրեին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը և, փաստորեն, Կրեմլի խոսնակ Զախարովան ասել էր, որ Արցախում վերջին պատերազմը, այսինքն՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ագրեսիան, տեղի է ունեցել այն պատճառով, որ Հայաստանն օգտագործել է Բերձորի (Լաչին) միջանցքը Արցախ զենք տեղափոխելու համար և չի համաձայնվել իր զորամասերը դուրս բերել Արցախից։ Ռուսաստանը բացահայտ սպառնում է Հայաստանին, որը համաձայնում է բանակցել Ադրբեջանի հետ արևմտյան միջնորդությամբ և երաշխիքներով։

Իսկ այսօր տեղեկություն է ստացվել, որ Եվրամիության նախագահ Միշելին հավատարմագրերի հանձնման ժամանակ Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ «Ադրբեջանի կողմից բրյուսելյան ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտումները և դրա համար հետևանքների բացակայությունը ի վերջո հանգեցրին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը, հետևաբար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից միջազգային դատարանի բոլոր իրավական պարտավորեցնող որոշումների կատարման և Ադրբեջանի վերադարձը բանակցային սեղանի շուրջ ուղղությամբ»։ Ինչին ի պատասխան ադրբեջանական լրատվական դաշտում մեղադրանքներ հնչեցին՝ ասելով, որ Հայաստանը «կրկին ցանկանում է փակուղի մտցնել խաղաղության պայմանագրի շուրջ պայմանավորվածությունները»։

Զարմանալի է, թե Հայաստանը որքան իներտ է տրամադրված իր հասցեին անհիմն մեղադրանքների նկատմամբ, և որքան արագ և բավականին կոշտ է Ադրբեջանը արձագանքում Հայաստանի հետ հարաբերությունների հետ կապված ցանկացած հայտարարության։

Ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն պատասխան հայտարարություն չի տարածել ռուսական կողմի մեղադրանքների առնչությամբ՝ հումանիտար միջանցքն իբրեւ Արցախ զենք փոխադրելու համար օգտագործելու վերաբերյալ։

Չէ՞ որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունով (որին հղում է անում ՌԴ ԱԳՆ-ն), հսկողությունը միջանցքի, այնուհետև Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի նկատմամբ պետք է իրականացնեին ռուս խաղաղապահները։ Ստացվում է՝ ռուսական կողմը թույլ է տվել հայերին զենք տեղափոխել ու չի՞ ընդդիմացել։ Իսկ շրջափակումից հետո, այսինքն՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո, այս ճանապարհով կարող էին գնալ միայն ռուս խաղաղապահների մեքենաները դեպի Արցախ և վերադառնալ Հայաստան։ Այսինքն՝ եթե զենք (կամ զինվորականներ) է փոխադրվել, ապա դա արվել է ռուսական կողմի՞ց։

Ինչո՞ւ Հայաստանը հստակ չի հայտարարում, որ ադրբեջանի հետ բանակցությունները պետք է ընթանան Արևմուտքի միջնորդությամբ, քանի որ ռուսական կողմը 2020 թվականի պատերազմի և 2022-23 թվականների ցեղասպանության անմիջական մասնակիցն է։

Ինչու՞ Հայաստանը չի պնդում, որ ադրբեջանի և ռուսաստանի կողմից իրենց պարտավորությունների չկատարումը բոլոր երեք տարիների ընթացքում, ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումների չկատարումը ադրբեջանի կողմից Հայաստանին հիմք են տալիս չվստահելու Ադրբեջանի ստորագրությանը որևէ հարցում, հատկապես, այն թղթի կտորի տակ, որը կկազմվի ռուսական միջնորդությամբ։

Հայաստանի անատամ հայտարարությունները, որոնք ավելի շատ նման են արդարացումների, հիմք են տալիս ռուս-ադրբեջանական տանդեմին օգտագործել դրանք նոր մեղադրանքներ և պահանջներ ներկայացնելու համար։

Հայաստանի բոլոր դժբախտությունները բխում են նրանից, որ Հայաստանի ոչ մի կառավարություն չկարողացավ (կամ չցանկացավ, ելնելով իր ղեկավարների մորթապաշտությունից) քաղաքականություն և դիվանագիտություն վարել: Դա պարբերաբար աղետալի հետեւանքների էր հանգեցնում։ Կարծես գործընթացը շարունակվում է։

Մարգարիտա Քարամյան

Անհարմար դադար. Արցախի «վերջին տասնօրյակը»

Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ «Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացը միտումնավոր ձգձգվում է»:

Ո՞վ է դա ձգձգում և ինչո՞ւ «խաղաղության գործընթացը» և «աշխարհի խաչմերուկը» չեն ստացվում։

Մեկ, թերևս, հիմնական պատճառի մասին մենք արդեն գրել ենք՝ աշխարհում ոչ մի իրավական երկիր կամ միջազգային կազմակերպություն չի դառնա միջնորդ, առավել ևս՝ համաձայնագրի երաշխավոր, որն, ըստ էության, իրավական հակամարտության ուժային լուծման ճանաչումն է։ Ի վերջո, արցախյան հակամարտությունը ճանաչվել է վիճահարույց, և դրա լուծման համար ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը։ Եվ քանի դեռ Մինսկի կոնֆերանս չի եղել, Արցախի խնդրի միջազգային իրավական գործը չի կարող փակվել։

Սա լավ հասկանում են աշխարհում, և պատահական չէ, որ վերջերս արդիական է դարձել հարցը՝ ո՞վ է լինելու ապագա «խաղաղության պայմանագրի» երաշխավորը։ Եվրոպան, Շառլ Միշելի բերանով, հրաժարվեց, ԱՄՆ-ն ասում է, որ «ողջունում է Թուրքիայի դերը», իսկ ՄԱԿ-ը անհասկանալի առաքելություններ է ուղարկում Արցախ, որոնք ասում են, որ այնտեղ ամեն ինչ լավ է։

Քննարկվող մյուս գործոնն այն է, որ, ըստ իրազեկ աղբյուրների, «խաղաղության պայմանագրում» Արցախի մասին խոսք չկա, և սա նաև պատճառներից մեկն է, որ շահագրգիռ դերակատարները չեն կարող դառնալ նման պայմանագրի երաշխավոր։ Չէ՞ որ բոլոր խնդիրները սկսվել և տեղի են ունենում Արցախի, ավելի ճիշտ՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու օրինական պահանջի պատճառով։ Այս իրավունքը կոպտորեն խախտվել է բռնի ուժով, և դեմոկրատական ​​աշխարհը չի կարող դա ընդունել։

Այս ֆոնի վրա Ռուսաստանը սկսեց սեղմել Հայաստանն իր ձեռքերում. չնայած ռուս-հայկական հակասությունների մասին խաղերին, պարզվեց, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից, ավելին, չի բացառվում, որ Փաշինյանը գնա դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգ եւ ստանձնի ԵԱՏՄ նախագահությունը։ Պարզվեց նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերը բազմապատկվում են, իսկ վերջերս Գյումրու տարածքում ռուս դասալիքի առևանգման պատմությունը հաջողությամբ «լղոզվեց»։

Ռուսական զորքերը շարունակում են մնալ Արցախում և ասում են, որ պայմաններ են պատրաստում «քաղաքացիների համար»՝ ապահովելով գազ և էլեկտրաէներգիա։

Միևնույն ժամանակ, ոչ մի կողմ չի հայտարարել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը կորցրել է ուժը՝ Արցախի դեմ ագրեսիայի և բնիկ մեծամասնության արտաքսման պատճառով։ Ռուսաստանն ու Եվրոպան Արցախի հայերին անվանում են «ազգային փոքրամասնություն» և կոչ են անում Բաքվին ապահովել նրանց իրավունքները և անվտանգությունը։ Երեւանը չի առարկում՝ ամեն օր իշխող կուսակցության բերանով հայտարարելով, որ Արցախը Հայաստան չէ։

Հայաստանի պետական ​​կառույցները երեք ամիս խոստումներ են տալիս, բայց չեն ապահովում արցախցիների սոցիալական իրավունքները՝ այս ընթացքում մեկ անձին տրամադրվել է մոտ 200 հազար դրամ, կենսաթոշակների վճարումը հետաձգվել է, ըստ ամենայնի, մինչև հաջորդ տարի, փոխարենը բյուրոկրատական ​​գործընթաց սկսվեց՝ գրանցում, քաղաքացիություն ստանալ և այլն: Քաղաքական իրավունքների մասին ընդանրապես խոսք չկա։

Սկսվել է Արցախի Հանրապետության «վերջին տասնօրյակը»։ Շունչը պահած բոլորը սպասում են, թե ինչ կլինի հունվարի 1-ից հետո, երբ ուժի մեջ կմտնի Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որը նա ինքն է անվանել առ ոչինչ։ Բայց նման հրամանագրերը, ինչպես Փաշինյանի բանավոր հայտարարությունները՝ «Արցախը Ադրբեջան է», դառնում են ընդհանուր ճահիճում ոտք դնելու տեղեր։

Հետաքրքիր է, ի՞նչ կլինի, եթե Սամվել Շահրամանյանը նոր հրամանագիր տա արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու մասին։

Նաիրա Հայրումյան

Հայ-ռուսական հարաբերությունների փոթորկոտ ներկայի ու մշուշոտ ապագայի մասին

Analyticon

Հայ-ռուսական հարաբերություններում եղած ճգնաժամն ու դրանց հետագա մշուշոտ զարգացումը վերջին շրջանի հայաստանյան հանրային-քաղաքական խոսույթի առանցքային թեմաներից են։

Հայ-ռուսական հարաբերությունների մասին վերլուծությունների մեջ առատորեն օգտագործվում են «աննախադեպ արտաքին կուրսի փոփոխություն», «հակառուսական քաղաքականություն» արտահայտությունները։ Մեր նորանկախ երկրի պատմությունը, սակայն, հուշում է, որ ռուսական ազդեցության թուլացմանն ու եվրոպական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության ընդլայնմանը միտված քայլերը հատուկ են եղել հայաստանյան բոլոր կառավարություններին, ու այն, ինչ իրականում, փաստաթղթերով ու իրական քայլերով կատարվում է Հայաստանում, ոչ այնքան հակառուսականություն է, որքան արտաքին-քաղաքական հնարավորությունների օգտագործման փորձ, որն ուղեկցվում է անհարկի հակառուսական «վերլուծություններով»՝ և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում։

«Անդրկովկասյան պետությունների ինտեգրացումը եվրոպական կառույցներում ես համարում եմ կարեւոր պայման ոչ միայն նրանց բնականոն զարգացման, այլեւ տարածաշրջանային կայունության ամրապնդման տեսակետից։ Եւ, ընդհանրապես, ես կարծում եմ, որ որքան ավելի շատ միջազգային պարտավորություններ ստանձնեն նորանկախ պետությունները, այնքան ավելի չափավոր եւ հավասարակշռված կլինի նրանց քաղաքականությունը։ Հետեւաբար, ես նույնքան կարեւոր ու ցանկալի պետք է համարեմ Եվրոպայի ակտիվ ներգրավումը անդրկովկասյան տարածաշրջանում»[1]։,-սա հատված է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ֆրանսիական «Պոլիտիկ ինտերնասիոնալ հանդեսին» տված հարցազրույցից։ Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա վարչակազմի, արտաքին գործերի նախարարության ջանքերով էր նաև, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար գերադասելի հարթակ դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը և դուրս եկավ միայն տարածաշրջանային հարց լինելու «ծուղակից»՝ ի հեճուկս Ռուսաստանի դիմադրության։ «Մինսկի խմբի շրջանակում համանախագահություն ստեղծելու գաղափարը մեծ դիմադրության էր արժանանում այդ օրերին բանակցություններում մենաշնորհ ունեցող Ռուսաստանի կողմից: Այդ պայքարը Ռուսաստանի կողմից մղում էր ԼՂ բանակցություններում Ռուսաստանի միջնորդ Վլադիմիր Կազիմիրովը: Բայց նա դա անում էր շատ նուրբ եւ անուղղակի ձեւով՝ լավ գիտակցելով, որ հենց Ռուսաստանին դժվար կլիներ հիմնավորել իր կողմից այդ մենաշնորհի պահպանումը: Բավական էր, որ հակամարտության կողմերից մեկը հայտարարեր, որ դեմ է ձեւաչափի փոփոխությանը, եւ այդ հարցը հանվեր օրակարգից: Կազիմիրովի ցանկությունն այն էր, որ դա Հայաստանը կանի․․․»[2]։ Վարդան Օսկանյանի հուշերն են թեմայի առնչությամբ։

2001 թվականին Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ դառնալու առիթով ունեցած իր ելույթում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է՝ «Հայաստանի նվիրվածությունը՝ ընդլայնել իր ինտեգրացիան եվրոպական կառույցներին, ամբողջապես արտացոլում է իր ներքին քաղաքական առաջնահերթությունները՝ հզորացնել ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը։ Կասկած չկա, որ այս սկզբունքները միակ հիմքն են, որի վրա կառուցված է Հայաստանի ներկան ու ապագան»[3]։

Եվրոպական Միության հետ  բանակցող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այն կարծիքին էր, որ «Արևելյան գործընկերությունն իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է: Այն ուղղված չէ որևէ պետության կամ պետությունների խմբի դեմ: Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը»[4]։

Բոլոր այս մոտեցումների ու դիրքորոշումների կողքին, սակայն, կար ռուսական հակազդեցության խնդիրը, որը դրսևորվում էր մի դեպքում նորանոր հայ-ռուսական համաձայնագրերով, մյուս դեպքում՝ «գույք՝ պարտքի դիմաց» հակապետական ծրագրերով, երրորդ դեպքում՝ ասոցացման համաձայնագրի բանակցությունների վերջին փուլում Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հատուկ հայտարարությամբ, որը հաստատում էր՝ «Հայաստանի և Ռուսաստանի վճռականությունը Եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացները զարգացնելու հարցում»[5]։

Եվրոպական ուղղությունը կարևորելու հարցն, ուրեմն, միշտ ուղեկցվել է ռուսական էլ ավելի մեծ ներգրավմամբ՝ ի հեճուկս այն պնդումների, որ եվրոպական «ընդլայնումը» հակառուսական բաղադրիչ իր մեջ չի պարունակել։ Երկրում ռուսական հարաճող ներկայությունը տարիներ շարունակ մեկնաբանվել է որպես Ղարաբաղյան հակամարտության մեջ Ռուսաստանի հայամետ դիրքորոշման գրավական՝ որպես կանոն անտեսելով զուգահեռ զարգացող Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները և սեփական մեկնաբանությունները վերագրելով Ռուսաստանի դիրքորոշումներին՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ։

Հայաստանի ներկա ձգտումները՝ էլ ավելի սերտացնել հարաբերությունները եվրոպական կառույցների հետ, ուրեմն, «աննախադեպ արտաքին-քաղաքական կուրսի փոփոխություն չեն», այլ ընդամենը ևս մեկ փորձ՝ օգտագործել արդեն իսկ ունեցած հարաբերությունների բազան փոքր-ինչ մեղմելու ռուսական քաղաքական ու տնտեսական կախվածությունը՝ ղարաբաղյան հարցում այդպես էլ ենթադրյալ աջակցությունը չստանալով ու անվտանգության նորանոր խնդիրների առկայության համատեքստում։ Այս փոքր քայլերը, սակայն, ուղեկցվում են Ռուսաստանից հսկայական ու օբյեկտիվ հանրային դժգոհության ու Ռուսաստանից վերջնականապես «անջատվելու» մասին ուռճացված հանրային-քաղաքական ալիքներով։

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց հետո իր քաղաքական ու տնտեսական կախվածության մեծացումը Ադրբեջանից ու Թուրքիայից դրդել է նրան իր իսկ տարածաշրջանային շահերին դեմ գնալով տապալել իր խաղաղապահական առաքելությունը Արցախում ու անվերջ զիջումների գնալ տարածաշրջանում, որը հաճախ մեր շահերը զոհելով է դրսևորվում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի խախտումը Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի ներխուժումները Հայաստանի տարածք, Արցախի վրա հարձակումն ու Արցախի՝ էթնիկ զտումը լուրջ կասկածի տակ են դրել Ռուսաստանի՝ տարածաշրջանային կարողությունների հարցը։ Արդյունքում, Ադրբեջանն իրեն թույլ է տալիս պահանջել ավելին, քան նախատեսված է հայտարարությամբ ու, չստանալով Ռուսաստանի դիմադրությունը, Հայաստանին նշանակել «միակ մեղավոր»։ Այս կրկնվող շղթայի ներկա, ամենից առանցքային օղակը «միջանցքի» մասին տարակարծություններն ու տարամեկնաբանություններն են, Ադրբեջանի հավակնությունները՝  հարցը ռազմական ճանապարհով լուծելու։ Այս հարցի շուրջ առեղծվածային մեկնաբանություններն, իհարկե, գերակշռող են ու ցուցիչ այն բանի, թե ինչպես են իրական բովանդակային բանակցությունները ստվերվում ներքաղաքական քարոզչական շահարկումներով։

Այսպես, հայաստանյան դաշտում գերակշռող է այն ընկալումը, որ «Հայաստանը Ռուսաստանին միջանցք չի տալիս» [6]։ Իշխանությունն այս պնդումը օգտագործում է որպես «ինքնիշխանության համար պայքարի» շղարշ, ընդդիմությունը հղում է անում այս քայլին՝ որպես Ռուսաստանի ադրբեջանամետ քայլերի հիմնական պատճառ ու հիմք, մեղադրելով իշխանություններին ինքնիշխանության համար պայքարի համատեսքտում եռակողմ հայտարարություն, պայմանավորվածություններ ու խոստումներ խախտելու մեջ։ Եռակողմ հայտարարությունը, սակայն, արտատարածքային միջանցք չի նախատեսում, ինչը Ադրբեջանի ու Թուրքիայի հիմնական պահանջն է եղել։ Հայտարարությունից դուրս հաճախ վերլուծությունները հիմնվում են ինչ-որ խոստումների վրա։ Այս պատմությունը, սակայն, բազմաշերտ մեկնաբանությունների լայն դաշտ է, ու դաշտի բոլոր դերակատարների կարծիքների համադրությունները թույլ չեն տալիս վերջնական հասկանալ, թե ով ում ինչ է խոստացել։ Թուրքիայում պնդում են, որ Հայաստանն է Ադրբեջանին «միջանցք» խոստացել[7], հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Ալիևի այն պնդումը, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ է բանակցում միջանցքի հարցը[8]՝ առանց Հայաստանի, Հայաստանում կա ընկալում, որ այդ Ռուսաստանն է Ադրբեջանին միջանցք խոստացել, Իրանում համոզված են, որ միջանցքը ԱՄՆ-ն ու հավաքական Արևմուտքն են խոստացել Թուրքիային ու այն «ՆԱՏՕ-ի միջանցք» են կոչում[9]։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի քանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը մշտապես հավատարիմ է մնացել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերին[10], ու որ Հայաստանն աներկբայորեն ընդունել է Ռուսաստանի կողմից առաջարկվող կարգավորման պլանները[11], ինչպես նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի պարբերական հայտարարություններն այն մասին, որ նոյեմբերի 9-ը որևէ կերպ չի ենթադրում արտատարածքային միջանցքի գոյություն[12], դժվարացնում են «Ռուսաստանին միջանցք չենք տալիս» պնդման համար փաստական հենք պեղել, թեև ներքին քարոզչական իմաստով այն ամենաշահեկան ձևակերպումն է իշխանության համար։

Ուրեմն, Հայաստանն այդ ի՞նչ  չի տալիս Ռուսաստանին․գուցե իր տարածքի հաշվին Ադրբեջանի հետ հետագա առևտուր անելու հնարավորությու՞նն է փորձում սահմանափակել։ Բայց այդ դեպքում իշխանությունն արդեն վաղուց պիտի գործուն քայլեր կատարեր Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում։ Հնարավո՞ր է, արդյոք, քաղաքական հարաբերություններում եղած ճգնաժամային այս իրադրությունը հաղթահարել Հայաստանյան շահերի հաշվարկմամբ, եթե տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ոչ միայն չի նվազում, այլ նաև տարեցտարի ավելանում է՝ նույնիսկի հեճուկս վերջին զարգացումների[13]։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացումը պիտի խարսխված լինի այս հարցի լուծման վրա․ այլընտրանքային շուկաների, էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման, անվտանգության ներկա վակուումը իրական անվտանգության գործիքներով համալրելու միջոցով է միայն հնարավոր ամրապնդել այդքան չարչրկված ինքնիշխանությունը ու հնարավորինս առողջ հարաբերություններ կառուցել թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի ու թե՛ հարևանների հետ՝ առանց նոր թշնամիներ կերտելու ու առանց հանրային ռուսամետությունը ռուսատյացությամբ փոխարինելու։

 

Աննա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

—————————

[1]Հարցազրույցֆրանսիական «Պոլիտիկէնտերնասիոնալ» հանդեսին — Վիքիդարան (wikisource.org)

[2]Բուդապեշտ. փոքր երկրի մեծ քայլը – Mediamax.am

[3]2001 թվականի հունվարի 25-ը Հայաստանը դարձավ Եվրոպայի Խորհրդի անդամ: – YouTube

[4]Սերժ Սարգսյան․ «Արևելյան գործընկերությունն ուղղված չէ որևէ պետության դեմ» (azatutyun.am)

[5]ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են համատեղ հայտարարություններ – Մամուլի հաղորդագրություններ – Լրատվություն – Հայաստանի Հանրապետության Նախագահ (president.am)

[6]Հայաստանին ստիպում են միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը. ԱԽ քարտուղար (azatutyun.am)

[7]President Erdogan says Türkiye wants to realize Zengezur corridor ‘as soon as possible’ (aa.com.tr)

[8]Azerbaijan, Russia, Zangezur corridor, JAMnews (jam-news.net)

[9]Conspiracy of Creating “NATO Turani Corridor” with Geopolitical Consequences against Iran, Russia and China – Strategic Council on Foreign Relations (scfr.ir)

[10]ՀՀ-ն հավատարիմ է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններին. Փաշինյաննընդունել է ՌԴ փոխվարչապետՕվերչուկին | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկականլրատվականգործակալություն (armenpress.am)

[11]ՆիկոլՓաշինյան. Հայաստանըպատրաստ է աշխատելռուսականառաջարկիշուրջ (azatutyun.am)

[12]There is no talk of any “extraterritorial corridor” in negotiations of trilateral working group and cannot be – Overchuk | ARMENPRESS Armenian News Agency

[13]Armenia’s Economic Dependence on Russia: How Deep Does It Go? – EVN Report

«Վըսկէ ծերքեր» էքսպոն ստացվեց․ մի պահ մասնակիցները կարծես հայտնվել են Արցախում

«Վըսկէ ծերքեր» էքսպոն այս տարի պետք է տեղի ունենար Արցախում՝ Մարտունու շրջանի Եմիշճան համայքում, սակայն հայտնի դեպքերի պատճառով այն տեղի ունեցավ Երևանում՝ Արցախի մայրիկների աջակցման կենտրոն ՀԿ-ի ջանքերով:

Էքսպոյին մասնակցում էին ավելի քան 50 արտադրող, որոնցից ոմանք իրենց գործունեությունը սկսել էին դեռևս Արցախում, իսկ  ոմանք առաջին քայլերն են անում՝ փորձելով մեղմացնել հետպարազմյան ծանր վիճակը:

Կազմակերպիչների խոսքով, էքսպոն ստացված կարելի է համարել․ հաջողվեց մեկ հարկի տաք հավաքել արցախցի տաղանդավոր կանանց, և մի պահ մասնակիցները կարծես հայտնվել են Արցախում, իսկ այցելուների խոսքով, էքսպոն սպասված էր ոչ միայն, որ նրանք կարողացան գնել արցախյան արտադրանք, այլ կարողացան հայտնվել մի վայրում, որտեղ ամեն ուր արցախյան բարբառ էր, հարազատ մարդիկ:

Տաթևիկ Խաչատրյանի խոսքով՝ նրանք կարողացան փոքր գումարով կյանքի կոչել ծրագիրը շնորհիվ այն մարդկանց, ովքեր պատրաստակամություն հայտնեցին անվճար կամ սիմվոլիկ գումարով աջակցել ծրագրին:

Էքսպոյի արդյունքներից խոսելիս կազմակերպիչները նշում են,  որ «Վըսկէ ծերքեր» էքսպոն ինքնանպատակ չէր, այլ հնարավորություն էր ստեղծագործող կանանց իրար հետ համագործակցելու, գնորդներին ու արտադրողներին ծանոթանալու։ Եւ դա ստացվեց․ մասնակիցներից շատերը տարբեր համագործակցության առաջարկներ են ստացել, պատվերներ գրանցել,  իսկ այն մարդիկ, ովքեր չկարողացան ներկայանալ էքսպոյին, գրում են և տարբեր արտադրողների տվյալներ են ցանկանում վերցնել, որպեսզի ամանորյա գնումները հենց արցախցի արտադրողներից իրականացնեն: Եվ իհարկե, բոլորին մեկ հարց է հուզում․ արդյոք էքսպոն շարունակական կլինի։ Եւ ահա կազմակերպիչ Տաթևիկ Խաչատրյանի պատասխանը․

«Երեկվանից անդադար այդ հարցը տարբեր կողմերից հնչում է՝ մասնակիցների, լրագրողների, գնորդների և նրանց կողմից, ովքեր չկարողացան ներկա գտնվել, բայց քանի որ կազմակերպիչներս՝ մանկահասակ երեխաների մամաներ ենք, իսկ էքսպոյի կազմակերպումը, մեղմ ասած, հեշտ բան չէ, որոշել ենք կոնկրետ ժամկետ չնշել, բայց հույս ունենանք, որ եռամսյակը մեկ կկարողանանք կազմակերպել: Եթե գարնանը լինի, մեծ ցանկություն ունենք բացօթյա կազմակերպել, որ և՛ հնարավոր լինի ավելի շատ արտադրողի մեկ վայրում հավաքելու, և՛ ավելի մեծ արցախյան միջավայր ստեղծել բոլորիս համար»:

Քրիստինա Ալավերդյան

Երեխա սպանողներ. պատերազմի մանկահասակ զոհերը

Երբ Զարինե Ղազարյանն ամուսնացել է, նրան զգուշացրել են, որ այս ընտանիքում աղջիկներ չեն ծնվում։ Սկեսուրը 7 որդի ուներ, ամուսինն ունի միայն հորեղբայրներ և եղբայրներ, և նույնիսկ ոչ հարազատ քույր կամ մորաքույր: Ինքը՝ Զարինեն 4 որդի է լույս աշխարհ բերել։

Բայց կինը չի պատկերացրել, որ երկու պատերազմները 4 տղամարդ կխլեն իր ընտանիքից։ Նրա ամուսնու երկու եղբայրները զոհվել են Արցախի համար մղվող մարտերում, իսկ նրա երկու որդիները՝ տասնամյա Միքայելն ու ութամյա Նվերը, զոհվել են պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 19-ին, գնդակոծությունից։

«Միքայելային ամուսնուս համար բերեցի, իսկ ինձ համար՝ Նվերին, մարտի 8-ին։ Դրա համար ես նրան անվանել եմ Նվեր»:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին ընտանիքի բոլոր տղամարդիկ ծառայության մեջ էին։ Զարինեն ինքը պետք է գնար Ասկերան։ Շրջափակումն արդեն հասել էր Արցախի գյուղեր, ուստի կինը շատերի նման ստիպված էր գրեթե ամեն օր վաղ առավոտից 4 ժամ ոտքով հասնել մարզկենտրոն՝ երեխաների համար ալյուր կամ այլ ուտելի բան բերելու համար։

Այդ օրը նա գնաց Ասկերան։ Երեխաները դպրոցում էին։ Սառնաղբյուր գյուղն առաջիններից էր, որ գնդակոծվել ու հարձակման է ենթարկվել էր ադրբեջանական կողմից։ Ինչպես Զարինեին պատմել են, գյուղի բոլոր երեխաներին համայնքի ղեկավարի հրամանով դպրոցից դուրս են բերել մեկուսացված ու ապահով վայր, սակայն արկը դիպել է հենց այնտեղ, որտեղ երեխաները հավաքվել են։ 6-ամյա Սասունի աչքի առաջ մահացել են նրա երկու ավագ եղբայրները՝ Միքայելն ու Նվերը։

Վիրավորներին տարհանել են գյուղի բնակիչների հետ։ Իսկ տղաների մարմինները մնացին ծառի տակ։ Կինը օրեր անցկացրեց դիահերձարանում, բոլոր դիակները զննելով՝ հույս ունենալով, որ կգտնի իր տղաներին։ Մի քանի օր անց միայն՝ տեղահանությունից անմիջապես առաջ, Զարինեին հաջողվեց հասնել նրան, որ Միջազգային Կարմիր Խաչը բերի երեխաների դիերը։ Տղաները թաղված են Հայաստանում.

Հուղարկավորությունից հետո ծնողները սկսել են պայքարել երրորդ որդու կյանքի համար։ Վեցամյա Սասունը բեկորային վնասվածք է ստացել, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։ Երկար բուժումից հետո փրկել են նրան ու վերադարձրել մորը։ Զարինեն ասում է, որ ինքը լրջորեն վախենում է որդու համար, քանի որ նա հաճախ ետ է քաշվում և չի շփվում, իսկ երբ հարցնում են, պատասխանում է, որ իր աչքի առաջ նույն տեսարանն է՝ պայթյուն, արյուն և եղբայրների մահվան պահը։

Հերսիկ տատը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է մեկ որդի. նա զինվորական էր։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին սահմանը պաշտպանելիս զոհվեց մյուս տղան։ Որդիներն ու ամուսինը թաղված են Արցախում։ Կինը չգիտի, ինչ կարելի է անել, որ հարազատների շիրիմները վերահուղարկավորելու հնարավորություն  ստանա։

Ամեն օր երկու կին հայտնվում են Մասիսի գերեզմանատանը և սգում անդառնալի կորուստները։

Ալվարդ Գրիգորյան

Նախարարը՝ արցախցիների կենսաթոշակների մասին

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կենսաթոշակ կամ այլ աջակցություն ստանալու համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարիք չունեն։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա հավելեց, որ բոլոր նրանք, ովքեր Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ ստանալու իրավունք են ունեցել, կենսաթոշակ կստանան նաեւ Հայաստանում։ «Դեկտեմբերի 11-ից սկսել ենք հայտերի ընդունումը։ Դեկտեմբերից կսկսենք կենսաթոշակների վճարումը, այդ թվում՝ 2023 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար»,- նշել է Մկրտչյանը։

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու համար ակտիվ քայլեր են ձեռնարկում նաև միջազգային գործընկերները, ինչպես ՀՀ կառավարությունը։