Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչին արդեն միացել են 200-ից ավելի կազմակերպություններ

2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո ընդունված առաջին սկզբունքային ու հիմնարար փաստաթուղթը ստացել է արցախցիների լայն աջակցությունը՝ նրա տակ իրենց ստորագրություններն են դրել Արցախի բոլոր վարչական շրջանների տասնյակ գյուղական համայնքների ընտրված ղեկավարներ և հանրապետության բոլոր քաղաքների ընտրված քաղաքապետերը, այդ թվում՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետը։

Քաղաքացիական նախաձեռնությանը միացել են 8 քաղաքական կուսակցություններ, այդ թվում՝ Արցախի խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող կուսակցությունը, 16 լրատվամիջոց, այդ թվում՝ «Ազատ Արցախ» հանրապետական ​​թերթը և «Արցախի հանրային հեռուստատեսությունը», մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ հազարավոր անդամներ ունեցող այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին են «Արցախի Հանրապետության արհմիությունների ֆեդերացիան» և «Պահեստազորի սպաների միությունը»։

Նախաձեռնությունը կունենա իր տրամաբանական զարգացումը։

Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչի համար ստորագրահավաքը շարունակվում է առցանց. https://docs.google.com/document/d/1us7KJA9cTCxatECkQrB8IovbC3bF1XM7/edit

 

 

«Եթե այս ռուսների նման պետք է լինեն, ըտենց անվտանգություն մեզ պետք չէ»

Արցախից բռնագաղթած անձանց գույքի հաշվառման գործընթաց չի իրականացվում։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը։

«Դեռ այդ հարցով ոչ մեկը չի զբաղվում, չի հետաքրքրվում։ Մեր կարծիքն ո՞վ է հաշվի առնում, որ այդ հարցով զբաղվեն։ Արցախի իշխանությունները ոչ մի բան չեն կարողանում անել, Հայաստանի իշխանություններն էլ ասում են՝ մեզ մի խանգարեք, մեզ վտանգի տակ եք դնում»,- ասաց Դավթյանը։

Նրա խոսքով՝ հնարավորության դեպքում արցախցիների գույքի փոխհատուցման հարցերը պետք է բարձրացնել նաեւ միջազգային դատական ատյաններում, այդ հարցում պետք է աջակցի նաեւ միջազգային հանրությունը։

«Բայց ինչքան գիտեմ, միջազգային կառույցները իբր բանակցում են մեր վերադարձի մասին՝ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ուզում եմ ասել՝ դա հնարավոր չէ, արցախցիները կվերադառնան Արցախ միայն այն դեպքում, եթե մեր կյանքին ադրբեջանցիները ոչ մի ձեւով չմիջամտեն։ Մենք ինքնուրույն մեր օրենքներով, մեր իշխանություններով, մեր ոստիկաններով պետք է ապրենք։ Թե ոնց իրենք դրան կհամաձայնեն, դա չեմ կարող ասել։ Բայց, եթե Ադրբեջանի բանակն ու ոստիկանությունը պետք է խառնվի մեր գործերին, այդ դեպքում անհնար է մեր վերադարձը։ Արցախում միջազգային խաղաղապահներ պետք է լինեն, որ մեր անվտանգությունը 100 տոկոսով ապահովվի, որպեսզի ժողովուրդը հավատա ու հետ վերադառնա։ Եթե այս ռուսների նման պետք է լինեն, ըտենց անվտանգություն մեզ պետք չէ»,- ասաց նա։

Մեծ Շենի գյուղապետը նաեւ նշեց, որ Հայաստանի իշխանութունների՝ Արցախի հարցում վարվող քաղաքականությունը շատ վատ է գնահատում։ «Այս ամենն իրենք են արել, եւ հասել ենք այս օրվան»,- հավելեց նա։

 

Չարիքի առանցք. Թուրքիա, այլ ոչ թե Իրան

Չարիքի առանցքը «Թուրքիա-Ռուսաստան-Չինաստան»-ն է, ոչ թե «Իրան-Ռուսաստան-Չինաստան»-ը, ինչպես մեզ փորձում են համոզել ռուսական ընդդիմությունը, ուկրաինացի վերլուծաբանները և, ընդհանրապես, արևմտյան մամուլի մի մասը։ Թեպետ Չինաստանը, ելնելով իր ագրեսիվությունից, շատ ավելի չափավոր ու հանգիստ քաղաքականություն է վարում, քան նույն ագրեսիվ Թուրքիան։

Պիոնտկովսկին, Շվեցը, Ֆեյգինը և շատերը Թուրքիային չեն տեսնում որպես չարիքի առանցքի մաս։ Սա, ըստ էության, Պուտինի ջրաղացին է:

Առաջիկա տասնամյակներում ԱՄՆ-ի ուշադրությունը Չինաստանից կփոխվի Հնդկաստանի վրա: Հնդկաստանի ժողովրդագրական և ժողովրդավարական, ինչպես նաև տնտեսական և արդյունաբերական զարգացումը հնարավորություն է տալիս նրան Արևմուտքի շոուկայի համար դառնալ Չինաստանին այլընտրանք։ Դա կբերի նոր տրանսպորտային և տնտեսական ուղիների բացման, որոնք Հնդկաստանը կկապեն Եվրոպայի հետ։

Այս համատեքստում Իրանը ներառված է Արեւմուտքի ռազմավարական շահերի մեջ։ Եվրոպա տանող ճանապարհին միակ երկիրը, որն իր մշակութային, քաղաքակրթական սկզբունքներով, ներուժով և դեպի քաղաքակիրթ աշխարհ ձգտող ժողովրդով համպատասխանում է, դա՝ Իրանն է։ Ահա թե ինչու է Արևմուտքի վերաբերմունքն Իրանի նկատմամբ հանդուրժողական: Չնայած Ռուսաստանի՝ Ուկրաինայի հանդեպ ագրեսիայի հարցում Իրանի օգնությանը, Արևմուտքը չեղարկում է Իրանի դեմ սահմանված որոշակի պատժամիջոցներ։

Նույն վերաբերմունքն Արևմուտքն ունի Հայաստանի նկատմամբ, որը կանգնած է հնդեվրոպական երթուղու վրա: Արևմուտքն այս փուլում աչք է փակում ռուսական այնպիսի կառույցներին Հայաստանի անդամակցության վրա, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը, ԵՏՄ-ն և ԱՊՀ-ն։ Մարտավարական այս ժամանակաշրջանում Արևմուտքը աչք է փակում նաև Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության վրա, ինչպես նաև մեղմ է վերաբերվում արևմտյան պատժամիջոցները շրջանցելու գործում Ռուսաստանին օգնելու Հայաստանի որոշակի կապին։

Վրաստանը, որը պիտի ապահովի Սև ծովով դեպի Եվրոպա անցնող Հնդեվրոպական ճանապարհը, նույպես ռազմավարական նշանակություն ունի Արեւմուտքի համար։ Չնայած ռուսամետ իշխանությանը, Վրաստանը վերջերս ստացավ ԵՄ թեկնածուի կարգավիճակ։

Թուրքիան չդարձավ Հնդկաստանը մի այլ` Մերձավոր Արևելքով Եվրոպային կապող օղակի մաս։ Այն օղակի, որը վերջերս պայթեցվեց Իսրայելի վրա հարձակման արդյունքում: Կարելի է պնդել, որ Թուրքիան այլևս ռազմավարական նշանակություն չունի Արևմուտքի, մասնավորապես, ԱՄՆ-ի համար: Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով սրվեցին ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները, և, հնարավոր է, որ դրանք, կարճաժամկետ մասամբ ջերմանալով և սառելով, կրեն երկարաժամկետ և ռազմավարական բնույթ:

Ի հեճուկս շատ արևմտամետ վերլուծաբանների, կարող ենք համարձակորեն կանխատեսել, որ չարիքի առանցքը «Թուրքիա-Ռուսաստան-Չինաստան»-նն է, և ոչ թե «Իրան-Ռուսաստան-Չինաստանը»:

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Փաշինյանի «զրոյական կետը». նա Պապ թագավորը չէ

 Դեկտեմբերի վերջից գրեթե «ստորագրված» «խաղաղության պայմանագիրը» կրկին անորոշ ժամանակով հետաձգվեց։ Իսկ «խաղաղության» և «ապագայի» հանցավոր ու անհիմն սխեման աստիճանաբար ի հայտ է գալիս իր ողջ “փառքով”։

Գերիների փոխանակումից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հետագա բանակցությունները շարունակվելու են «զրոյական կետից»։ Ո՞րն է այս զրոյական կետը, որտեղից է նա սկսում հաշվարկը: Փաշինյանը չի թաքցնում, որ իր հաշվարկը սկսվում է 1996թ.՝ ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովից ու դրա բանաձեւից, որը Լեւոն Տեր-Պետրոսյանը չստորագրեց։ Եվ քանի որ ԵԱՀԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այն թերթը, որտեղ գրված էր, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել առավելագույն ինքնավարություն Ադրբեջանի կազմում, պաշտոնական փաստաթուղթ չդարձավ։

Փաշինյանն արցախյան հակամարտության ողջ պատմության մեջ չի կարող գտնել փաստաթղթեր, որոնք կարող են հաստատել նրա «զրոյական կետը»՝ «Ղարաբաղը Հայաստան չէ». Ալմա-Աթայի հռչակագիրը, որին նա անդրադարձել է, Բաքուն չի ճանաչում, նույնիսկ այնտեղ ասում են, որ Հայաստանը վավերացրել է հռչակագիրը Ղարաբաղի հարցում վերապահումներով։ Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթնաժողովը նույնպես զրոյական կետ չէ, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ստորագրել փաստաթուղթը։ «Վերջին խորհրդային քարտեզները» ոչ ոք, այդ թվում՝ Արևմուտքը, չի ճանաչում։ Իսկ Հայաստանում «կադաստրային թղթի» բացակայության մասին Փաշինյանի հայտարարությունները բազմիցս հերքվել են Ազգերի լիգայի զեկույցին և 1918 թ․ ճանաչված Հայկական Հանրապետության սահմաններին հղումներով։

Տարօրինակ է, որ Փաշինյանը երբեք չի հիշատակել 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, որոնք սահմանում էին Թուրքիայի սահմանները Հայաստանի հետ, իսկ Նախիջևանը հանձնվում էր Ադրբեջանի պրոտեկտորատի տակ, և Ստալինի որոշումը՝ Արցախը Բաքվի ռեժիմին հանձնելու մասին։ Այդ փաստաթղթերը նրա համար չեն կարող «զրոյական կետ» լինել, քանի որ դրանց ցանկացած հիշատակում կբացահայտի դրանց ոչ լեգիտիմությունը։ Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, ինչպես գիտեք, նույնիսկ ՄԱԿ-ի միջազգային պայմանագրերի ռեգիստրում չկան։ Այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանները հիմնված են այն բանի վրա, որ Հայաստանում բոլոր ռեժիմները ենթարկվել և ենթակա են Ռուսաստանին, որի պարտականությունների մեջ է մտնում 100 տարի շարունակ Հայաստանը պահել ռուս-թուրքական դավադրության նեղ շրջանակում։

Ալիևն ու Փաշինյանը իրավական հիմք չունեն «զրոյական կետի» մասին իրենց հայտարարությունների համար։ Ըստ էության, խոսքը գնում է հակամարտության ուժային կարգավորման և Հայաստանի հանձնման ճանաչման մասին։

Փաշինյանն իրավունք ունի՞ անհատապես տնօրինելու այն հողերը, որոնք, ըստ միջազգային կադաստրի, պատկանում են Հայաստանին, ոչ թե անձամբ իրեն և ոչ իր վախկոտ կառավարությանը։ Փաշինյանը սիրում է իրեն համեմատել Պապ թագավորի հետ, ով փորձել է բարեփոխել եկեղեցու կողմիվ կառավարվող Հայաստանը։ Միաժամանակ Փաշինյանը մոռանում է, որ ինքը ոչ թե թագավոր է, այլ սովորական կառավարիչ, որին հայերը վճարում են իրենց կոլեկտիվ ունեցվածքը ճիշտ տնօրինելու և այն չմսխելու համար։

Իսկ թե ինչու «խաղաղության պայմանագիրը» չի կարող ստորագրվել, կա երկու կարևոր հանգամանք. 1. Ոչ մի պարկեշտ երկիր կամ միջազգային կառույց չի կարող պաշտոնապես ճանաչել բռնի «կարգավորման» արդյունքները, որի հետեւանքով 150 հազար մարդ զրկվել է հայրենիքից. 2. Ոչ մի պետություն երաշխավոր չի դառնա Փաշինյանի բանավոր հայտարարության հիման վրա կնքված կասկածելի, արկածախնդիր պայմանագրի։

Փաշինյանը ոչինչ չի կարող «զրոյացնել», նա Պապ արքան չէ, որ շրջանցի միջազգային իրավունքը, որի մասին ինքը, Թուրքիան և Ռուսաստանը զգուշորեն լռում են։

Նաիրա Հայրումյան

«Այո΄, ես ինձ համարում եմ ռեւանշիստ». Տավուշի թեմի առաջնորդ

«Այո՛, ես ինձ համարում եմ ռեւանշիստ, եւ այդպես եմ ապրելու մինչեւ կյանքիս վերջին վայրկյանը»: Այս մասին կիրակնօրյա իր  քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Որովհետեւ այն ուղղված չէ կողոպտելու մեր կյանքը, թե΄ հոգեւոր իմաստով, թե΄ բարոյական իմաստով, եւ թե՛ ֆիզիկական իմաստով: Այն ուղղված չէ անընդհատ ծնկած, սողալով ման գալուն, այլ ընդհակառակը վեր կանգնել եւ մեր Տիրոջ առաջ կանգնելով ասել, ավելացրու իմ հավատը, որպեսզի կարողանամ քո գործը կատարեմ երկրի վրա: Եւ մենք այդպես պիտի մտածենք, որ մենք Աստծո գործն ենք կատարում երկրի վրա՝ արդարության, ճշմարտության եւ փրկության վերահաստատումը: Եւ այո՛, այդ ճանապարհը վրեժի ճանապարհն է, ուրիշ ի՞նչ ճանապարհ կա տունը վերականգնելու: Դա ատելություն չի ենթադրում, ընդհակառակը՝ դա  ենթադրում է սեր, դա ենթադրում է նվիրում, ենթադրում է անսպառ հավատ, մեծագույն հույս, զոհաբերություն, քաջություն  եւ բոլոր առեաքինությունները եւ ոչ հակառակը: Չի կարող լինել մարդ, որի ամբողջ ներաշխարհը տակնուվրա է արված ու նա կարողանա հանգիստ ապրել: Մեզ կարող եք մեղադրել, որ մենք անընդհատ խոսում ենք, բայց անընդհատը չի փոխել մեր իրականությունը եւ դեռ ավելին է խորացել եւ դեռ ավելին է խորանալու: Եւ այս հատուցումը պետք է տեղի ունենա, որովհետեւ մեր կյանքերի համար հազարավոր մարդիկ իրենց կյանքն են ընծայել»,-ասում է նա:

Բագրատ Սրբազանը իր քարոզում նշում է, որ ընդամենը մի քանի տարի առաջ ուրախ ապրում էին Արցախ աշխարհում, մեծով, փոքրով ուխտագնացության էին գնում. «Մեզ համար նվաճված քաղցրություն էր եւ այդպես էլ պետք է դառնա: Վայ նրանց, ասում է մեր Տեր Հիսուսը, որոնց ձեռքով եկել է այդ գայթակղությունը եւ իմ հատուցումն էլ չի ուշանալու, ասում է Տեր Աստված, միայն թե  դուք կոչված եք փոխվելու, վերադառնալու: Մեզ համար ամենօրյա մտածում պետք է դառնա մեր տան վերականգնումը»:

Շուշիի Գոհար աղայի վերին մզկիթն ու ադրբեջանական ապատեղեկատվությունը

Ադրբեջանն  այսօր ակտիվ քարոզչական ու տեղեկատվական պատերազմ է վարում Հայաստանի և հայերի դեմ ու որպես գլխավոր գործիք, կամ զենք գործադրվում է ապատեղեկատվությունը։ Որպես այդպիսին այն կիրառվել է նաև Շուշիի Գոհար աղայի վերին մզկիթի և նրա վերանորոգման պարագայում, սկսած  դեռ նախապատերազմյան շրջանից։ Թեմայի շուրջ զրուցել ենք Հայ Ճարտարապետության Ուսումնասիրության Հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի հետ։

-Պարո՛ն Քորթոշյան, նախ մի փոքր անդրադառնանք մզկիթի պատմությանը։

– Մզկիթը կառուցվել է 1883-1884թթ․, ռուսական կայսրություն ժամակաշրջանում: Կրոնական պատկանելիությունը՝ շիա մահմեդականների: Հատկանշական է, որ օտարազգի հեղինակները տեղի մահմեդական բնակչությանը անվանել են Կովկասյան թաթարներ, մահմեդականներ, շիա մահմեդականներ, շիա պարսիկներ և այլ ազգության անվանում չկա: Մզկիթի ճարտարապետը Իրանի Ահար քաղաքում 1817 թ. ծնված Սաֆա Խանն է: Ճարտարապետական ոճը՝ իրանական իսլամական ճարտարապետության իսպահանյան դպրոցինը: Առկա արձանագրությունները գրված են  արաբերեն, որպես ղուրանի լեզու և պարսկերեն, որպես կրոնական ճյուղի լեզու: Ճարտարապետ Սաֆա Խանը ռուսական կայսրության ժամանակաշրջանում Արցախում կառուցել է մի շարք մզկիթներ: Իր թողած արձանագրություններում նշելով կառուցման թվականը, իր անունը՝ «կառուցող՝ ճարտարապետ քարբալայի Սաֆա Խան» և վայրը՝ «Ղարաբաղ»: Վերջինս միտումնավոր հաճախ ներկայացվում է որպես իր ծննդավայր, որը սակայն արաբերեն արձանագրության ոճից պարզ է, որ ծննդավայրը չէ: Արցախում 1874-1879 թթ. իր կողմից կառուցված բոլոր մզկիթների արձանագրություններում «Ղարաբաղ» տեղանունը կա՝ բացառությամբ 1870-71 թթ․ ին կառուցված Ակնայի/Աղդամ/ մզկիթին:

-Այժմ անդրադառնանք այն ապատեղեկատվությանը, որը տարածում է Ադրբեջանը Շուշիի Վերին մզկիթի հետ կապված։

-Հաղորդակցության նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ապատեղեկատվությունը, որը հաճախ օգտագործվում է հասարակական կարծիքը շրջելու համար, խնդիր է դարձել ամբողջ աշխարհում:

Ադրբեջանը նույնպես 30 տարի է, ինչ իրականացնում է նմանատիպ քաղաքականություն, երբ լայնորեն և պետական բարձր մակարդակով օգտագործում է ապատեղեկատվության ուժը՝ Արցախի ժողովրդի գոյության իրավունքի դեմ, իր բազմակողմ պայքարում։ Դեռ 1994-2014 թթ․ երբ մզկիթը անմխիթար վիճակում էր, կեղծ լուսանկարներով շահարկվում էր, որ հայերը, իբր սրբապղծում են մզկիթը: Իրականում այն ինչպես փաստում է կողքի  ցուցանակը, պահպանվում էր պետության կողմից։ Իսկ այդ կեղծ լուսանկարները օգտագործվել են անգամ մզկիթի վերանորոգումից տարիներ հետո: Ավելին ասեմ, մինարեն 1991-1992 թթ. ադրբեջանական զինուժի կողմից օգտագործվել էր որպես զինվորական հենակետ, որտեղ էլ տեղադրվել էր զինամթերքը վեր հանելու հարմարանք:

«Ավրորա» ֆորումի շրջանակներում «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ և Արցախի Հանրապետության հովանավորությամբ, 2014-2019 թթ. իրականացվեց Շուշիի Գոհար մզկիթի վերանորոգումը, որը կարծես դժգոհության ու բողոքի առիթ չպետք է տար, սակայն տեղի ունեցավ հակառակը։

Մզկիթի վերանորոգման հետ կապված իրադարձությունները վերածվեցին բազմամակարդակ ապատեղեկատվության շարունակական շղթայի։

Ադրբեջանը բողոքում էր, թե իբր  հայերը մզկիթը վերանորոգելով ցանկանում են փոխել իրականությունը՝ կեղծելով արձանագրությունները և փոխելով ճարտարապետական ոճը այն ներկայացնել որպես իրանական: Հետևաբար սա մեծ հարված է խաղաղության բանակցություններին: Անգամ Արցախի հայկական հուշարձանների պաշտպանության համար 2021 թ. կազմակերպված Վիեննայի գիտաժողովը չեղարկելու նպատակով, Ավստրիայում Ադրբեջանի դեսպանը գիտաժողովի կազմակերպիչներին նամակ էր հղել, որտեղ առկա էին կեղծ և ժամանակին չհամապատասխանող լուսանկարներ: Վերին Գոհար աղայի մզկիթի անվան տակ ներկայացվել էին այլ մզկիթի լուսանկար:

Ապատեղեկատվության մի նոր ալիք է բարձրացել Շուշին ադրբեջանական բանակի կողմից գրավվելուց հետո, երբ հայկական կողմի կատարած վերանորոգությունները սկսեցին վերագրվել Ադրբեջանին: 2021 թ. մայիսին պարզ դարձավ, որ ընդամենը ավելացվել է գորգը և մակերեսային այլ մի քանի մանրամասներ: Վերջիններս ներկայացնելով որպես հիմնական նորոգման աշխատանքներ: Անգամ, երբ 2021 թ. հունիսին Էրդողանը Ալիևի հետ շրջում էր Շուշիում,  վերջինս հայկական կողմի կատարած 5 տարվա նորոգումները վերագրեց իրեն:

-Արդյո՞ք հայերի վերանորոգումը որևէ կերպ վնասել է մզկիթը։

-Վերանորոգումն ըստ իս իրականացվել է ճարտարապետությանն ու այդ հոգևոր կառույցի պահանջներին համահունչ, իրանական մասնագետների հետ խորհրդակցաբար ու որոշների մասնակցությամբ։ Ճարտարապետական ոճին վերաբերող ոչ մի փոփոխություն չի կատարվել: Ամրակայվել են շենքի քարե հատվածները, իսկ աղյուսե հատվածներում կատարվել են տեղային նորոգություններ, ինչպես նաև ամբողջացվել մինարեների վերնամասերը:  Հատկապես աղյուսե հատվածները և մինարեն նորոգվել են Իրանի Թավրիզ քաղաքից հրավիրված հմուտ վարպետների կողմից:

Արձանագրությունների մասով, հիմնականում նորացվել են դրանց ներկերը, այն իրականացվել է բարձրակարգ վերականգնող մասնագետի կողմից՝ Իրանի Թավրիզ քաղաքից, և հատկանշականն այն է, որ նա ավելի վաղ ադրբեջանական պետական մարմինների հրավերով վերականգնման աշխատաքներ է իրականացրել նաև Նախիջևանի մզկիթներում:

Ադրբեջանական  աբսուրդի հասնող կեղծիքները հերքող բազմաթիվ փաստեր կան, մնում է միայն դրանք օգտագործել հակընդդեմ պայքարում։

Արմինե Հայրապետյան

Զավթված Քարվաճառում ավտոմեքենան ընկել է գետը, վարորդը մահացել է

«Ակնայում Բաքվի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության վթարից հետո, Արցախի Քարվաճառի շրջանում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Բաքվի բնակիչ Ս.Ռահիմովի վարած «Man» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետի հունը։

Վարորդը տեղում մահացել է։

Բանահավաքչական գործունեություն՝ հավաքագրել արցախյան երգ և երաժշտությունը

Մանուշ Դանիելյանը ծնվել, ապրել է Արցախում, դասավանդում էր Ստեփանակերտի Սայաթ- Նովայի անվան երաժշտական ուսումնարանում և Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում:

Դեռ շրջափակման ժամանակ միտք էր ծագել, որ պետք է հավաքել արցախյան երգերը, երաժշտությունը, այն պահպանելու համար: Սակայն հայտնի պատճառով մտահաղացումը կյանքի կոչել չստացվեց: Մյուս հայրենակիցների հետ նա իր ընտանիքի հետ սեպտեմբերին հաստատվեց ՀՀ-ում:

Այժմ սկսել է բանահավաքչական գործունեություն՝ հավաքագրելով արցախյան երգ և երաժշտություն, որը չափազանց կարևոր է արցախյան մշակույթի, բարբառի և բանահյուսության պահպանման համար: Առհասարակ արցախյան մշակույթը, բանահյուսություն, բարբառը իր բոլոր ճյուղերը և դրանց պահպանությունը կենսական կարևորություն ունեն:

Բոլորս պետք է լծվենք այս գործին մեր տատիկ, պապիկներից, հարևաներից, բարեկամներից հավաքելով և Մանուշին փոխանցելով արցախյան երգ և երաժշտությունները:

Քրիստինա Ալավերդյան

Արցախի «Վըսկէ ծերքեր»-ը․ հույս ունենք, որ մինչև օրվա վերջ ապրանք չի մնա

Աննա Աստվածատուրյան հիմնադրամի աջակցությամբ և «Արցախի մայրիկների աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր Երևանում անցկացվել է արցախցի կանանց արտադրանքի ցուցահանդես-տոնավաճառ։

«Արցախի մայրիկների աջակցության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Մարիամ Աբրահամյանը Step1.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Նման նախաձեռնության գաղափարը ծնվել է դեռ Արցախում՝ շրջափակման ժամանակ, երբ մարդկանց մեծ մասը կորցրեց աշխատանքները։ Որոշեցինք, քանի որ ճանապարհը կարճ ժամանակով բաց էր, և մենք դեռ կարող էինք բան բերել, ցուցահանդես-տոնավաճառ անել։ Ամեն ինչ արդեն ծրագրված էր, տոնավաճառին մի քանի օր էր մնացել, բայց ճանապարհը վերջնականապես փակվեց, իսկ հետո հայտնվեցինք ինքներդ գիտեք ինչ իրավիճակում։

Որոշ ժամանակ անց հասկացանք, որ չենք կարող ամբողջ կյանքում սգալ ու ձեռքերը ծալած նստել, և պետք է ոգևորել ու ուժ տալ արցախցի կանանց։ Հետո որոշեցինք նախագիծը տեղափոխել այստեղ։ Հավաքեցինք կին ձեռներեցների, և, ինչպես տեսնում եք, տաղավարները լեփ-լեցուն են։ Հույս ունենք, որ մինչև օրվա վերջ տաղավարները դատարկ կլինեն։

Մասնակիցները 55-ն են, բայց դիմողներն ավելի շատ էին, մոտ 70, մենք պետք է ընտրեինք։ Բայց հուսով ենք, որ հաջորդ տոնավաճառն ավելի մեծ կլինի, և ավելի շատ մարդիկ կկարողանան վաճառել իրենց արտադրանքը: Հաջորդ տոնավաճառը նախատեսում ենք անցկացնել մարտի սկզբին»։

Հայկ Հարությունյան

2022 թվականի դեկտեմբերի 12-ին սկսվեց նոր պատերազմ՝ առանց մեկ կրակոցի սկսեցին ոչնչացնել մի ամբողջ ազգ

Անի Պետրոսյանը ծնվել և մեծացել է Մարտակերտում, բազմանդամ ընտանիքում։ Նրա կյանքը լի է մարտահրավերներով:

Մանկուց նրա մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն, դրանից հետո, ինչպես ինքն է պնդում, ընկերացել է անվասայլակի հետ։ Այնուամենայնիվ, նա այնքան է սիրում կյանքը, որ չնայած դժվար փորձություններին, ժպիտը երբեք չի հեռանում նրա դեմքից։ Միշտ առաջ է ձգտում:

Նա վերականգնողական փուլ է անցել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում։ «Վերականգնողական կենտրոնում ինձ շատ ջերմ ընդունեցին, այնտեղ աշխատում էին բարի և հոգատար մարդիկ, կենտրոնի աշխատակիցները՝ հարգարժան տնօրեն Վարդան Թադևոսյանի գլխավորությամբ, ամեն ինչ արեցին, որպեսզի կենտրոնի հիվանդներն իրենց զգան ինչպես տանը։ Ես հիմա նրանց կարիքն ունեմ, և կուզենայի, որ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն իր դռները բացեր Հայաստանում»,- ասում է Անին։

Իր կյանքի ընթացքում նա հասցրել է տեսնել մի քանի պատերազմներ։ 44-օրյա պատերազմի ժամանակ նրան ուղարկել են Գորիս, իսկ հայրն ու եղբայրը մինչև վերջին պահը եղել են առաջնագծում։ «Պատերազմը մեծ ցավ է, միայն պատերազմի միջով անցնելուց հետո ենք իսկապես հասկանում, թե որքան ենք սիրում մեր հայրենիքը»։

44-օրյա պատերազմից հետո Անին վերադարձավ հայրենիք՝ խաղաղության ու լավ ապագայի հույսով։ Սակայն 2022-ի դեկտեմբերի 12-ին սկսվեց ևս մեկ պատերազմ, բայց հումանիտար ճակատում՝ մի ամբողջ ժողովուրդ սկսեցին ոչնչացնել առանց մեկ կրակոց արձակելու՝ թողնելով նրան առանց կենսական միջոցների։

«Ո՛չ սնունդ կար, ո՛չ դեղորայք, ո՛չ հիգիենայի միջոցներ, էլ չեմ խոսում գազի ու լույսի մասին: Մենք մեր օրը պլանավորում էինք ըստ հոսանքի անջատման ժամանակացույցի, երբեմն ինձ թվում էր, թե վերադարձել ենք քարե դար։ Բայց մենք այդպիսի ժողովուրդ ենք՝ մեզ չի կարելի կոտրել, կարողացանք հողից աղ ստանալ, մրգերից դոշաբ ենք եփել, գիշեր-ցերեկ հացի հերթ ենք կանգնել։ Այն ամենը, ինչի միջով անցել ենք, դժվար է բառերով նկարագրել։ Սակայն ես դա շատ եմ կարոտում և հիմա էլ պատրաստ եմ վերադառնալ իմ տուն՝ պաշարված Արցախ, քանի դեռ այն հայկական է»,- ասում է նա։

Արսեն Աղաջանյան

 Տաղանդներ. արցախցիների աշխատանքների եզակի ցուցահանդես

Դեկտեմբերի 16-ին Իմփաքթ Հաբ Երևանում կազմակերպվեց արցախցի արտադրողների ապրանքների տոնավաճառը: Ամենամյա Սուրբ Ծննդյան տոնավաճառը առիթ է տոնական տրամադրություն և  յուրօրինակ նվերներ ձեռք բերելու համար:

Լազարյան Սվետլանայի աշխատանքներն է ներկայացնում դուստրը` Մարիաննա Գրիգորյանը: Թելերի մեծ մասը մայրն Արցախից է բերել: Երբեմն որպես հումք օգտագործում էին սովորական վառված լամպերը: Ցավոք, չեն կարողացել իրենց հետ բերել պատրաստ տեսականին` պայուսակներ, սփռոցներ, զարդատուփեր, խաղալիքներ ևն: Հիմա տեսականին հարստացնում են` գործելով վերմակներ և գույնզգույն շարֆեր:

Լրագրող Սրբուհի Վանյանի Min Taqun tegh  բրենդը գործում է 2022 թ. սեպտեմբերից: Շրջափակումը սկսվելուց հետո ստիպված էին աշխատել ֆորս-մաժորային պայմաններում: Տեղափոխվելուց հետո որոշեցին վերագործարկել և նոր շունչ տալ ձեռագործ աշխատանքներին: Նկարում է գործվածքների, սփռոցների, բարձերի, ափսեների վրա:

Arata բրենդը ներկայացնում է տնական խնձորի քացախ: Հադրութի շրջանից  Ռուդիկ Ոսկանյանը նշում է , որ այն պարունակում է կալիում, որն օգտակար է սրտի աշխատանքի և մկանների գործունեության համար:

Զիտա Ավագիմյանը 2020 թ. Հայաստան տեղափոխվելուց հետո ստեղծեց Kro բրենդը: Հրուշակեղենը արտադրվում է բացառապես արցախյան բաղադրատոմսերով: Մտադիր են հետագայում խանութ բացել և ավելի մեծացնել ընտանեկան բիզնեսը:

2020թ. հետո  Հադրութից տեղահանված  ընտանիքն արդեն բացել է Hadrut’s bakery: Պատրաստում են Հադրութի գաթան, դոշաբով թխվածքը, փախլավան, ժենգյալով հացը, իսկ առաջին թթխմորը բերել էին Հադրութից:

Էլլա Մանուկյանը ներկայացնում է օրգանական սերտիֆիկացում ունեցող Լոռվա մարզի մեղրը: Այն արտահանվել է ԱՄՆ, Դուբայ և հաղթել է միջազգային տարբեր հարթակներում:

Արցախի Քաշաթաղի շրջանից Անահիտ Մամիկոնյանը իր գյուղին մոտ զգալու համար բրենդն անվանել է Goghtan sweet : Էջմիածին քաղաքում արտադրվող և քաղցրասերներին մատուցվող խմորեղենը պատրաստվում է բացառապես բնական հումքով ` առանց քիմիական հավելումների:

Արևիկ Բարսեղյանը Շուշիից 2020 թ. տեղահանվելուց հետո նոր աշխատանք էր փնտրում: Սկզբից ձեռագործ աշխատանքները նվիրում էր մտերիմներին, այնուհետև բիզնես ծրագրի դիմելուց հետո հաճելի հոբբին վերածվեց եկամտաբեր աշխատանքի:

Ասյան ներկայացնում է Salome art ձեռագործ աշխատանքները, որոնք  կավից են պատրաստված և հայրենի խորհրդանշների պատկերներով են: Սալոմե նշանակում է խաղաղություն…

Lana Fashion kids մանկական հագուստի արտադրություն` տոնական հագուստից մինչև ամենօրյա հագուստ, գեղեցիկ պրինտներով մանկական անկողին, բարձեր: Պատերազմում ամուսինս ստացավ վիրավորում և ընտանիքի հոգսն ընկավ ինձ վրա: Ինձ մոտիվացնում են իմ երեխաները ասում է արտադրողը:

Ստեփանակերտի բնակչուհի Նախշուն Ավագյանն իր բիզնեսը հիմնադրել է 2020թ. պատերազմից հետո, երբ տոնավաճառներից հավաքված գումարով փոքրիկ կարի մեքենա է գնել: Կարում է տարբեր  դիզայնի մազակալներ, բարձեր, խաղալիքներ: Ժամանակավոր կացարան են գտել Ծաղկաձորում և տեղավորվելուց մի շաբաթ հետո հասկացել է` բացի սիրելի գործից ուրիշ ոչ մի բան չի օգնում հաղթահարել իրավիճակը…

Ava Artsakh պայուսակների բրենդը հիմնադրվել է Արցախում 2021թ.: Ընտանեկան բիզնեսում մայրիկը կարում է կաշվից և կտորից պայուսակներ, իսկ դուստրերը Արցախի խորհրդանիշներն են նկարում: Օնլայն հարթակների միջոցով կարողանում են իրականացնել ապրանքի վաճառքը:

Շուշիից Դոլուխանյան Էլինան արդեն 3 տարի է Elina handmade բրենդի տնօրենն է: Երևանում միտք ունի ավելի կատարելագործել և առաջ տանել արտադրանքը:

Հակոբյան Ջուլիի աշխատատեղը շրջափակման ընթացքում փակվել էր , իսկ գումար պետք էր: Ընկերուհու հետ սկսել են աշխատել:  Ներկայումս Վանաձորում են  ապրում և արդեն ունեն պատվերներ:

Հայրապետյան Գոհարը երկու հայրենիք է կորցրել` Ննգին և Ստեփանակերտը: Փոքրիկ բիզնեսը հիմնել է 2 տարի առաջ: Ոգեշնչվել է համացանցում տեսնելով չորացրած ծաղիկներով պատրաստված զարդեր, սպասք: Ուրախ է, որ Արցախից բերած ծաղիկներով է ստեղծագործում:

Աննա Հակոբյանը  մանկուց էր սիրում նկարել: Adana բրենդի հիմքում ընկած է հայկական խորհրդանիշներով նկարելը:

Միլենա Ավետիսյանը հիմնադրել է Milave shop օնլայն խանութը` 3 դ սթիքերներ, թղթային սթիքերներ և նոթատետրեր: Բրենդի հիմնական առաքելությունն է պահպանել և տարածել բարբառը:

Մարինան 20 տարի է, ինչ զբաղվում է զարդերի պատրաստումով: Համանուն բրենդի հեղինակն իր  դիզայներական աշխատանքներում օգտագործում է միայն բնական քարեր:

Tatev gips –ը ներկայացնում է   փոքրիկների համար գիպսե խաղալիքներ, զարդեր, սպասք:

Մարինա Գրիգորյանը 14 տարեկանից Արցախում պատրաստել է ձեռագործ շապիկներ և պայուսակներ:  Նկարում է չգունաթափվող ներկերով: Աշխատելու որոշումը կայացրել է 2020թ. պատերազմից  հետո ընտանիքին օգնելու համար: Morpho  նշանակում է կապույտ թիթեռ է, որը խորհրդանշում է ազատությունը: Այդ անվան միտքը ծագել է պատերազմի օրերին:

Արևիկ Սարգսյանը Sunshine gifts-ի հիմնադիրն է: Ձեռագործ աշխատանքներով զբաղվելը ընտանիքի ավանդույթն էր։ Երևանում պատրաստում էր փափուկ խաղալիքներ, փայտե խաղալիքներ, ժապավեններ և սթիքերներ։  Սեպտեմբերի վերջին ընտանիքը տեղափոխվեց Արցախից և որոշեցին, որ ընդլայնելու են բիզնեսը: Պատրաստվում են նկարել շորերի, պայուսակների վրա, ինչպես նաև  ձևավորել տարբեր թեմատիկ նվեր-բոքսեր:

Տաթև Ազիզյան

 

Ադրբեջանը Սուրբ Ծննդին զարդարել է դատարկ Ստեփանակերտի ամբողջովին դատարկ հիվանդանոցը. Լինդսի Սնել

Ադրբեջանը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ զարդարել է Ստեփանակերտի գրեթե ամբողջությամբ դատարկ հիվանդանոցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Լինդսի Սնելը։

Նա նաև հրապարակել է Ստեփանակերտի դատարկ հիվանդանոցի տեսանյութ՝ Սուրբ Ծննդյան զարդարանքներով և Ադրբեջանի դրոշներով:

https://www.facebook.com/10909213/videos/663054152395173/