Ինչու ՀՀ Կառավարությունը դոնոր կոնֆերանս չի հրավիրում և չի քննում Արցախում “թալանի” գործերը

Թալանածը հետ բերելու պահանջների թիվ մեկ հասցեատերը Հայաստանի իշխանություններն են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այսօր Արցախի ներկայացուցչության դիմաց արցախցիների մի խմբի բողոքի ակցիային ընդդեմ Արցախի նախագահ Սմվել Շահրամանյանի՝ պահանջելով «Արցախից թալանված գումարները՝ Ներդրումային հիմնադրամի գումարները վերադարձնել և իրենց սոցիալական հարցերը լուծել»։

Բեգլարյանը նշեց, որ դատախազության դիմաց իրենց ակցիայի ժամանակ պահանջել են, որ դատախազությունը պատշաճ քայլեր կատարի բոլոր հաղորդումները, այդ թվում Սամվել Շահրամանյանի հաղորդումը, նմանատիպ կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ. «Թող պատշաճ կերպով քննեն եւ եթե նմանատիպ դեպքեր եղել են, գումարները վերադարձնեն: Բայց ես տպավորություն ունեմ, որ ՀՀ իշխանություններին լավ էլ ձեռ է տալիս այս օրակարգը, իրենք անընդհատ արցախցիներին ու Արցախի իշխանություններին են մեղադրում կոռուպցիայի մեջ, ասում են՝ գնացեք ձերոնցից գումարները ուզեք:

Սա իրենց վրայից պատասխանատվությունը գցելու ձեւերից մեկն է, այն դեպքում, որ իրենք բոլոր տվյալների շտեմարանները ունեն: 1,5 տարի է մի քանի քրեական գործ են հարուցել, որոնց շրջանակներում Արցախի տարբեր պաշտոնյաների հարցաքննել են, նույնիսկ նախագահին են հարցաքննել, բայց առյսօր որեւէ դեպք բացահայտված չէ: Վստահաբար ասում եմ, որ քարոզչական դաշտում այնպիսի թվեր են հնչում, որոնք աստղաբաշխական են եւ Արցախում հնարավոր չէր, որ նմանատիպ ստվերային տնտեսություն լիներ:

Բոլոր դեպքերում, եւ Արցախում, եւ Հայաստանում, բոլոր գումարները պետք է վերադարձվեն ժողովրդին, բայց դա չի նշանակում, որ ՀՀ իշխանությունները պարտավորություն չունեն սոցիալական խնդիրներ լուծելու: Մենք մեր պահանջագրում նշել ենք, որ չենք ուզում մեր սոցիալական խնդիրները լուծվեն Հայաստանի ժողովրդի հաշվին, այլ պահանջում ենք միջազգային դոնոր կոնֆերանս կազմակերպել: Սփյուռքյան մի քանի խոշոր կառույցների կողմից նման առաջարկներ եղել են իշխանություններին, իրենք մերժել են»,- հայտարարեց Բեգլարյանը:

Սարգսաշեն. Միայն նկարներ հեռախոսի մեջ

Ապրիլի 18-ին աշխարհը նշում է Հուշարձանների միջազգային օրը։

Հետաքրքիր է, ինչպե՞ս են այս օրը նշում այն ​​երկրներում, որտեղ մշակութային ժառանգության ամենօրյա ոչնչացումը, պատմության յուրացման կամ վերակառուցման քաղաքականությունը գոյության նպատակն ու միակ աղբյուրն է։

Արցախյան հասարակությունն ամեն օր տեղեկություններ է ստանում, թե ինչպես է ադրբեջանական կողմը միտումնավոր ոչնչացնում Արցախում հայկական ժառանգությունը։ Ոչնչանում է այն ամենը, ինչ վկայում է այս հողերի և բնիկ բնակչության հայկական էության մասին՝ քարեր, արձանագրություններ, կամուրջներ, հոգևոր և մշակութային շինություններ, ամբողջ բնակավայրեր։

Երկրի երեսից ջնջվում է այն ամենը, ինչ կարող է ապացուցել հայկական հողի գոյությունն իր արժեքավոր պատմությամբ ու մշակույթով, արցախյան ինքնությամբ։ Բոլոր հայկական վիմագրերը, ցուցանակները, տեքստերը ջնջվում են ոչ միայն օկուպացված տարածքներում։ Ադրբեջանը հասել է Վատիկան՝ վերաշարադրելով պատմական փաստաթղթերը.

Մի փոքր միամիտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է միջազգային հանրությունը լռում։ Բայց սրա պատասխանը միանգամայն ակնհայտ է՝ քանի որ հայ հասարակությունը պետական ​​մակարդակով ոչինչ չի անում այս ուղղությամբ։

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհրդի պահանջագրից է՝ «հետևողականորեն և հրապարակայնորեն միջազգային ատյաններում բարձրաձայնել հայկական հոգևոր և մշակութային ժառանգության, Արցախի պետական ​​և մասնավոր սեփականության պաշտպանության հարցը՝ ձգտելով իրականացնել Հայաստանի Հանրապետության պահանջների հիման վրա ընդունված միջազգային դատական ​​ակտերը»։

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը նշում է, որ «հայաբնակ վայրերի ու թաղամասերի տոտալ ավերման մասշտաբներն օրեցօր ընդլայնվում են ծանր շինարարական և ռազմական տեխնիկայի կիրառմամբ», և որ «այս քաղաքականության հիմնական նպատակը ոչ միայն հայ բնակչության ֆիզիկական ներկայության, այլև նրա մշակութային նյութի ամբողջական վերացումն է»։

Վերջերս արցախցիներն իմացան հայկական մեկ այլ գյուղի՝ Սարգսաշենի ավերման մասին։ Վիգեն Քոչարյանի Սարգսաշենի մասին գիրքը մանրամասն ներկայացնում է գյուղի և նրա տեսարժան վայրերի պատմությունը։

Նկարիչ Գեւորգ Սարգսյանի արմատները գալիս են Սարգսաշենից։ Գյուղի կամ նրա բնակիչների տեսարաններով նրա աշխատանքները բազմիցս հաջողության ենհասել արվեստի ցուցահանդեսներում: Բացի իր որոշ աշխատանքների լուսանկարներից, Գեւորգ Սարգսյանը Step1.am-ին է ներկայացրել գյուղի բեկորների լուսանկարներ։ Դրանք իր համար է լուսանկարել՝ առանց որակը կարեւորելու։ Այս լուսանկարները հրաշքով պահպանվել են հին հեռախոսի մեջ և Սարգսյանների ընտանիքի համար դարձել են հայրենի գյուղի ու ընտանիքի միակ հիշողությունը։

Ալվարդ Գրիգորյան

Հայասերը փայտագործությամբ զբաղվում էր դեռևս Արցախում և հիմա շարունակում է գործը

2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմում ծանր վիրավորվելուց և երկարատև բուժում ստանալուց հետո Հայասեր Հայրապետյանի ընտանիքը Երևան քաղաքում է հաստատվել։ Արցախյան առաջին պատերազմում զոհված հերոսի որդին ցանկանում էր ամեն գնով պաշտպանել հոր և նրա բախտակիցների արյամբ շաղախված հողը և երբեք չէր խոսափում մարտական ծառայություններից։ Հայասերի համար դա պատվի հարց էր: Հայրապետյանները տեղահանվել են Արցախի Ճարտար քաղաքից։

Հայասերը փայտագործությամբ զբաղվում էր դեռևս Արցախում և ապաքինվելուց հետո որոշել է շարունակել իր սիրած գործը՝ հույս ունենալով, որ կկարողանա մտնել հայաստանյան աշխատաշուկա։

Հայասերը պատմում է

-Սեփական բիզնես բացելու գաղափարը ծագել է դեռևս Արցախում։ 2020-ի սեպտեմբերի 11-ին ենք հաստոցները Երևանից Ճարտար հասցրել։ Ձեռք ենք բերել նաև անհրաժեշտ գործիքներ ու հումք՝ որոշելով սկսել փայտագործության մեր բիզնեսը։ Թեև քայլը համարձակ էր, սակայն մենք առանց երկմտելու որոշեցինք անել դա, որովհետև նպատակին հասնելու հույսն ու հավատն ավելի մեծ էր։ Տրամադրված էինք վճռականորեն։ Թվում էր՝ ամեն ինչ կհաջողվի, ու կկարողանանք իրականացնել մեր ընտանիքի երազանքը, սակայն 2023-ի մեկօրյա պատերազմն ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց։

Ծանր վիրավորվեցի պատերազմական գործողությունների ժամանակ և ապաքինվելուց հետո փորձում եմ նորից վերադառնալ սիրած գործիս, որի միջոցով կարող եմ հոգալ ընտանիքիս ապրուստի միջոցները։

Հայասերը վիրավորվել է Մարտունու Կոհակ կոչվող բարձունքում՝ ստանալով գանգուղեղի հրազենային բազմաբեկորային ծանր կոտրվածքներ։ Միայն սեպտեմբերի 24- ին է հաջողվել նրան տեղափոխել Երևան։ Բժիշկները համոզված չէին, որ կկարողանան փրկել նրա կյանքը ամեն ինչ Աստծո ձեռքերում էր։ Սակայն Հայասերը պետք է ապրեր ու տեր կանգներ իր երկու անչափահաս երեխաներին, ապավեն լիներ հարազատներին։ Հոկտեմբերի 5-ին Հայասերը դուրս գրվեց վերակենդանացման բաժանմունքից ու սկսվեցին երկարատև բուժումները։

Կինը՝ Անին, ցավով է հիշում այդ ծանր օրերը, երբ ամուսինը կյանքի ու մահվան կռիվ էր տալիս։ Հայրապետյանների միակ երազանքը Հայասերին ոտքի կանգնեցնելն էր

-Բժիշկների շնորհիվ ու Աստծո զորությամբ Հայասերն ապաքինվեց։ Նա երկար պայքարեց և ի վերջո հաղթահարեց բոլոր դժվարությունները։ Հիվանդանոցից հետո շարունակում էր բուժում ստանալ <<Զինվորի տուն>> վերականգնողական կենտրոնում։ Մինչև այսօր նա բժիշկների վերահսկողության տակ է։ Սկզբից ուներ խոսքի խնդիր, ինչպես նաև թուլացել էր աջ կողմը։ Սակայն մենք միասին կարողացանք հաղթել այդ խնդիրներին։ Փառք Աստծո, Հայասերը մեզ հետ է, մեր երեխաների թիկունքում, և հույս ունեմ եմ՝ մենք կհասնենք մեր նպատակներին։ Ապաքինվելուց որոշ ժամանակ անց որոշեցինք կյանքի կոչել Արցախում ծնված ու այդպես էլ այնտեղ իրականություն չդարձած մեր բիզնեսը։ Բրենդը կոչեցինք <<ՀայաՍեր>>։

Հայասերն ու Անին, սակայն, բիզնեսի ոլորտում հանդիպում են որոշ դժվարությունների այնուհանդերձ ամուսիններով շարունակում են ստեղծել

 -Ունենք տարածքի, սարքավորումների խնդիր։ Աշխատում ենք տան պայմաններում, քանի որ հնարավորություն չունենք տարածք վարձակալելու։ Հումքը ձեռք ենք բերում հիմնականում Ղափանից ու Գորիսից։ Ամեն ինչ սկսել ենք զրոյից։ Այս պահին հնարավորություն չունենք նոր հաստոցներ գնել, ինչը պարտադիր է արդյունավետ աշխատելու համար։ Պատվերների հարցում ևս խնդիրներ ունենք, որովհետև դեռևս ճանաչված չենք աշխատաշուկայում։ Այնուհանդերձ, մենք շարունակում ենք ստեղծել նոր գործեր, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր նրբագեղությամբ ու էսթետիկ տեսքով։ Սոցիալական էջերի միջոցով ենք ներկայացնում մեր գործերը։ Աշխատում ենք պահպանել մեր մշակույթը, արժեքները և մեր աշխատանքներով ներկայացնում ենք Արցախյանը, որպեսզի չմոռացվի ու փոխանցվի սերնդեսերունդ։ Մեր գործերում ապահովված է որակը, էկոլոգիապես մաքրությունը։ Փայտագործության մեջ շատ նրբություններ կան, որոնց իմացությունն ու պահապնելն անչափ կարևոր է։

Ճարտարից տեղահանված ընտանիքը չի կորցնում Արցախ վերադարձի հույսը։ Հավատում են՝ իրական տերերն անպայման կվերադառնան ու տեր կկանգնեն իրենց հող ու ջրին, ապուպապերի գերեզմաններին:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

«Ինչ վերաբերում է Մինսկի խմբի լուծարմանը, մենք դրան դեմ ենք»․ Շահրամանյան

«Արցախի էջը չի կարելի համարել փակված, մինչեւ Արցախի ժողովուրդը բռնի տեղահանված է, եւ չկա իրենց հայրենիք վերադառնալու արժանապատիվ հնարավորություն»,- այսօր լրագրողներին ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով «Արցախի հարցը փակված լինելու» մասին ՀՀ իշխանությունների հայտարարություններին։

«Ինչ վերաբերում է Մինսկի խմբի լուծարմանը, մենք դրան դեմ ենք, որովհետեւ դա միակ միջազգային հարթակն է, որը ստեղծվել է հենց հակամարտությունը լուծելու համար»,- հավելեց Շահրամանյանը։ Նա նշեց, որ Արցախի էջը փակելու, Մինսկի խումբը լուծարելու մասին հայտարարություններն անում են Հայաստանի իշխանությունները։ «Եվ ես ակնկալում եմ նաեւ Հայաստանի քաղաքացիների արձագանքը»,- նշեց Շահրամանյանը։

 

Շահրամանյան․ Արցախցիներն իրենց համարում են Հայաստանի քաղաքացի

Արցախցիներն իրենց համարում են Հայաստանի քաղաքացի, քանի որ իրենք ունեն համապատասխան անձնագրեր եւ ոչնչով չեն տարբերվում ՀՀ քաղաքացիներից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Ես ինձ վրա օրինակը կբերեմ՝ ես հանդիսանում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության թոշակառու, ես ունեմ ՀՀ քաղաքացուն տրամադրվող ԻԴ քարտ, ունեցել եմ դիվանագիտական անձնագիր։ Հիմա ասեք՝ ես ո՞նց կարող եմ լինել ոչ Հայաստանի քաղաքացի»,- նշեց նա։

Նա ասաց, որ բռնի տեղահանումից հետո մինչ օրս ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ որեւիցե առնչություն չունեն Արցախի իշախանությունները։ «Բայց ես գտնում եմ, որ մեզ հետ պետք է հաշվի նստել։ Բոլոր սոցիալական խնդիրներն ունեն իրենց լուծումները, եւ մենք պատրաստ ենք լուծումների շրջանակներում նաեւ աջակցել Հայաստանի կառավարությանը։ Այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, սա անթույլատրելի է»,- նշեց Սամվել Շահրամանյանը։

Նա նաեւ անդրադարձավ իր ունեցվածքի մասին տեղեկություններին։ «Ուզում եմ, որ ժողովուրդը ճշմարտությունն իմանա, տարբեր քննարկումներ են գնում, որ Արցախի նախագահն ապրում է դղյակներում, ունի բզինեսներ, տաքսի սերվիսներ, գազի զապրավկաներ է ձեռք բերել։ Այս ամենը ճշմարտությանը չի համապատասխանում, ես Երեւանում ապրում եմ 2012 թվականին իմ կողմից ձեռք բերված 60 քառակուսի մետրանոց երկու սենյականոց բնակարանում՝ իմ 5 հոգանոց ընտանիքի հետ»,- հավելեց Սամվել Շահրամանյանը։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27-ից հետո

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27-ին հաջորդող լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Դա նշանակում է, որ աշնանային նստաշրջանում կամ սեպտեմբերի 30-ին կամ դրան հաջորդող օրը լիագումար նիստում կներառվի հարցը։ Ես կարծում  եմ, որ օրը շատ կարեւոր է, որ հենց այդ օրը ներկայացվի։ Ճիշտ սեպտեմբերի 27-ից հետո ներկայացնելն է՝ դա եւ սիմվոլիկ օր է, եւ ճիշտ օր է, եւ ընդհանրապես կրքերը շատ հանգստացած կլինեն»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչ բացահայտումներ են արվել, նա ասաց․ «Դուք սենսացիաներ ման մի եկեք, դուք ման եկեք հետեւանքների վերացման խնդիրների բացահատումը»։ Ըստ նրա՝ այս փաստաթղթի վերաբերյալ կատարվել է մեծ ծավալի աշխատանք, եւ այդ աշխատանքը չպետք է անհետեւանք մնա։

«Դուք շեշտում եք՝ կամ մեզ առաջնորդիր, կամ կգա մի ուրիշ մարդ»

Արցախցիներն այսօր հավաքվել են Երեւանում Արցախի ներկայացուցչության մոտ՝ պահանջելով, որպեսզի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գնա դատախազություն ու բացատրություն պահանջի, թե ինչո՞ւ չեն արագացնում Արցախցում տեղի ունեցած թալանի վերաբերյալ գործի քննությունը։

Սամվել Շահրամանյանը դուրս եկավ ու պատասխանեց ներկաների հարցերին։

«Այսօրվա կազմակերպիչները բազմիցս հնարավորություն են ունեցել ինձ հետ հանդիպելու։ Ես տասնյակ անգամ հանդիպել եմ իրենց, մանրամասն ներկայացրել իրավիճակը։ Իրենք ներկայացրել են այսպես կոչված թալանի վերադարձի հետ կապված խնդիրները։ Եթե ձեր ակցիան իրոք իրականում ունի նպատակ՝ վերադարձնելու այդ թալանը, ես ողջունում եմ այս ակցիայի բոլոր մասնակիցներին, ես էլ եմ կողմ, որ թալանը պետք է վերադարձի մեր ժողովրդին։ Այդ նպատալով էլ 2023 թվականի նոյեմբերի 8-ին իմ կողմից համապատասխան գրություն է գրվել ՀՀ դատախազ տիկին Վարդապետյանին։ Դրա հիման վրա հարուցվել է քրեական գործ, այդ շրջանակներում ես հրավիրվել եմ որպես վկա հարցաքննության, առգարվվել են Արցախի Նենրդրումային հիմնադրամի էլեկտորնային կրիչները։ Իրենք տեղյակ են, թե ինչ է կատարվել Արցախի ներդրումային հինադրամում։ Այդ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են նաեւ Արցախի պետական պաշտոնյաներ, Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենը։ Մենք հայտարարություն ենք տարածել եւ հորդորել ենք իրավապահ համակարգին՝ ակտիվացնել գործողությունները»,- ասաց Շահրամանյանը։

Նա հավելեց․ «Երբ դուք շեշտում եք՝ կամ մեզ առաջնորդիր, կամ կգա մի ուրիշ մարդ, ով դրանով կզբաղվի, ես ուզում եմ ձեզ տեղեկացնել հետեւյալը՝ Արցախի Սահմանարդությամբ նախատեսված է այդպիսի հնարավորություն մայիսի 21-ից հետո։ Եվ այդ ձեր նշած անձը կարող է դիմել ԱԺ եւ համապատասխան ձեւով գրացվել ու որպես համապատասխան թեկնածու ներկայանալ»։

Նա ասաց, որ առաջնորդությունը չի լինում միայն փողոցային։ «Ծանր ժամանակահատվածում ես վերցրել եմ ինձ վրա այդ պատասխանատվությունը, եւ այսօր էլ ժողովրդի այստեղ գտնվելը դրա վկայությունն է։ Երկրորդ մարդ, ով բանակցել է Արցախից ժողովրին դուրս բերելու համար, գոյություն չունի։ Ստիպված ենք եղել ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություններ իրականացնել, բացել Հակարիի կամուրջը, որը 10 ամիս փակ է եղել։ Եվ մեր նպատակը եղել է փրկել մեր զինծառայողներին, մեր ժողովրդին եւ թույլ տալ խաղաղ ճանապարհով դուրս գալ այս իրավիճակից։ Ես պատրաստ եմ ձեր բոլոր հարցերին պատասխանել ժողովրդավարական ճանապարհով»,- հայտարարեց Շահրամանյանը։

Մինսկի խումբը լուծարելու համար անհրաժեշտ է բոլոր 57 անդամ պետությունների կոնսենսուսային որոշումը

«Մինսկի խումբը լուծարելու մասին հայտարարությունները քարոզչական թեզ է, ոչ թե իրական կյանքում իրագործվող քաղաքական քայլ»,- step1am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը հայտարարեցին, որ պատրաստ են այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը զուգահեռ ստորագրել նաեւ Մինսկի խմբի լուծարման դիմումը։ Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ Հայաստանի ու Ադրբեջանի դիմումի հիման վրա հնարավո՞ր է լուծարել Մինսկի խումբը։

Ըստ Ղուկասյանի՝ Մինսկի խումբը լուծարելու համար անհրաժեշտ է բոլոր 57 անդամ պետությունների կոնսենսուսային որոշումը։ «1991 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության ճանաչման նախապայմանը եղել է այն, որ Արցախի հարցը պարտավոր են լուծել խաղաղ ճանապարհով՝ միջազգային արբիտրաժի միջոցով։ Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը այդ նախապայմանն ընդունեցին եւ դիմեցին ԵԱՀԿ-ին, որպեսզի ԵԱՀԿ-ն որոշի Արցախի կարգավիճակի հարցը։ Հիմա Հայաստանը եւ Ադրբեջանը նույնիսկ եթե դիմեն ԵԱՀԿ-ին, ես կարծում եմ` շատ փոքր է հավանականությունը, որ ԵԱՀԿ-ն կողմ կքվեարկի Մինսկի կոնֆերանսի լուծարմանը։ Ցանկացած պետություն, որը դրա հետ համաձայն չեղավ, օրինակ, Ֆրանսիան, բավական է, որպեսզի այդ հարցը լուծում չստանա»,- ասաց Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ նաեւ իրավական լուրջ խնդիր կա․ Արցախի հարցն առնչվում է մարդու իրավունքների հետ, ինքնորոշման իրավունքի հետ։ Իսկ ինքնորոշման իրավունքը մարդու գլխավոր իրավունքներից մեկին է՝ որպես կոլեկտիվ իրավունք։ Եվ այն վերաբերում է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այն վերաբերում է առաջին հերթին Արցախի ժողովրդին։ Եվ Հայաստանի ու Ադրբեջանի որոշումը բավարար չէ, նամանավանդ այն պայմաններում, երբ ակնհյատ է՝ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում։

«Եթե նկատել եք, Եվրախորհրդարանն իր վերջին բանաձեւում հենց այդպես էլ գնահատում է Արցախում տեղի ունեցած ողբերգությունը՝ որպես էթնիկ զտում։ Այսինքն՝ նման պայմաններում Ադրբեջանը փորձում է խուսափել էթնիկ զտման համար պատասխանատվությունից՝ օգտագործելով Հայաստանի այսօրվա իշխանությունների դիրքորոշումը։ Իսկ Հայաստանի իշխանության դիրքորոշումը սա է՝ Ադրբեջանի հետ առանց նախապայմանների կնքել խաղաղության պայմանագիր։ Ավանդաբար 30 տարի Հայաստանի դիրքորոշումը եղել է այն, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կարող է կնքվել Արցախի կարգավիճակի հարցի լուծման դեպքում։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական նոու-հաուն այն է, որ ինքը պատրաստ է Հայաստանի անունից կնքել առանց նախապայմանների այդ խաղաղության պայմանագիրը։ Եվ այս գործողություններով ու քայլերով Ադրբեջանն ընդամենը ենթադրում է, որ դա կընդգծի, որ Հայաստանը եւս համարում է, որ Իլհամ Ալիեւին պետք չէ ենթարկել պատասխանատվության Ադրբեջանի գործողությունների համար՝ Արցախում էթնիկ զտում իրականացնելու համար։ Շատ անլուրջ կլիներ ենթադրել, որ դա իրականություն կդառնա։ Անկախ նրանից՝ Հայաստանը կիմանա Ադրբեջանի այդ դիմումին, չի միանա, բնական է, որ այդ հարցն Արդբեջանի համար այդպես հեշտ չի կարող լուծվել»,- ասաց նա։

Անդրիաս Ղուկասյանը նաեւ նշեց, որ Փաշինյանի ու իր կառավարության պահվածքը խայտառակություն է։ Միջազգային հանրության տեսակետից Հայաստանը սեփական ժողովրդի շահերը դավաճանող դրսեւորում է ցուցաբերում, արցախցիների հարցով մարդու իրավունքներն է ոտնահարում։ «Այդ ամենը դրական չէ, եւ ես չեմ լսել, որ համանախագահող պետություններից, օրինակ, Ֆրանսիան կամ ԱՄՆ-ն արձագանքեն Մինսկի խումը լուծարելու հայտարարություններին, ասեն՝ ինչ լավ է, եկեք համարենք, որ Արցախում իրականացված էթնիկ զտումն Արցախի կարգավիճակի լուծման ձեւ էր, եւ հարցը համարենք փակված։ Դա անհավանական բան է։ Նման քայերով, բացի խայտառակ լինելուց, ուրիշ բանի չեն կարող հասնել Հայաստանի իշխանությունները»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Սուքիասյանը հերթական հոգեբանական ահաբեկչությանն է ենթարկել արցախցիներին

Ընդ որում, իշխանական պատգամավորը ոչ միայն սեփական թյուր կարծիքն է արտահայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերյալ, այլև արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում արված հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային և կռվեին:
Այս հայտարարությամբ Սուքիասյանը հերթական հոգեբանական ահաբեկչությանն է ենթարկել 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան հերոսաբար դիմակայած զինծառայողներին և կամավորներին, զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների հարազատներին:
Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր:
Ստիպված ենք կրկին հիշեցնել, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:
Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին…

Արցախցին Հայաստանից երես չի թեքի․ հեղափոխության խանգարող փոքրիկ վրանը

Հենց որ Հայաստանում ցինիկների բռնապետությանը սպառնալիք է հայտնվում, իշխանամետ խաժամուժը բացում են կեղտոտ բերանները՝ փորձելով շեղել հասարակության ուշադրությունը սեփական ազգակործան քայլերից։

Երեկ խորհրդարանում այսպես կոչված կառավարության անդամները խոստովանեցին, որ Բաքուն մտադիր չէ «խաղաղության համաձայնագիր» ստորագրել և ոչ միայն միջանցք է պահանջում, այլ ողջ հայ-իրանական սահմանը։ Փաշինյանը նույնիսկ ականջներին կանգնեց՝ բացատրելու․ հայ ժողովուրդ, կապ չունի, թե որտեղ ես քո դոներ քյաբաբը ուտում, գլխավորը աշխատելն է, մեզ պահելու համար հարկեր վճարելը, իսկ տարածքները, ազգային արմատները, սեփական հողը, արժանապատվությունը ոչինչ են ստամոքսի ու լավ աշխատող աղիքների համեմատ։

Փաշինյանը հայտարարեց, որ այժմ Հայաստանում նոր՝ հոգեբարոյական հեղափոխություն է իրականացնում՝ փոխելով հենց պետության ընկալումը։ Պետությունը բարեկեցություն է, մնացածը կապ չունի, ասում է նա։

Բայց հեղափոխությանը, ըստ երեւույթին, խանգարում է Ազատության հրապարակում տեղադրված փոքրիկ վրանը։ Այս վրանը դարձել է հայ հասարակության ճամպրուկներից սարքաց բարիկադների մարմնացումը․ մարդիկ քննարկելում են, որ ժամանակն է դուրս գալ այս երկրից, հուսահատ նայելով փոքրիկ վրանին։ Հասարակությանը մտահոգում է միայն այն, թե արդյոք նրանք ժամանակ կունենա՞ն վաճառել իրենց բնակարանները, թե՞ արցախցիների նման ստիպված են լինելու հեռանալ դատարկ։

Վերջին մեկուկես տարվա ընթացքում արցախցիներն աստիճանաբար սկսել են ընտելանալ իշխանամետ խաժամուժի կեղտոտ հնարքներին՝ իրենց հասցեին հնչող մեղադրանքների սայլը շուռ տալ Արցախի ժողովրդի, ազգային վերնախավի, բանակի, սփյուռքի, եկեղեցու գլխին։ Իսկ հետո դույլերով կեղտ լցնել բոլորի վրա։

Այս բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ Արցախի ժողովուրդը, բանակը, ազգային վերնախավը, եկեղեցին, սփյուռքը երես թեքեն Հայաստանից և թույլ տան խաժամուժին անարգել հանձնել մեր նախնիների հազարամյա ժառանգությունը։

Բայց Արցախի ժողովուրդը, բանակը, ազգային վերնախավը, եկեղեցին, սփյուռքը Հայաստանից երես չեն թեքելու, Հայաստանն է երես թեքելու ազգային մատրիցը քայքայող համակարգային վիրուսից։

Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին․ գրասենյակի հայտարարությունը

Տարածվող լուրերը, թե Սամվել Բաբայանը հավակնում է Արցախի նախագահի պաշտոնին, իրականությանը չեն համապատասխանում։ Այդ մասին հայտարարել են Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից․

«Ի պատասխան լրատվամիջոցների կողմից ստացված հարցումների և հանրային դաշտում տարածվող չհիմնավորված տեղեկատվության՝ հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին։ Իսկ տարածվող նմանատիպ տեղեկությունները դիտարկում ենք որպես միտումնավոր արշավ՝ ուղղված հասարակական կարծիքի մանիպուլյացիային։

Արցախի պետական ինստիտուտների պահպանման և շարունակականության վերաբերյալ Սամվել Բաբայանի դիրքորոշումները բազմիցս արտահայտվել են գործող նախագահ Սամվել Շահրամանյանի հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի լիագումար նիստերի և աշխատանքային հանդիպումների շրջանակում «Միասնական հայրենիք» խմբակցության գործունեութամբ։

Հորդորում ենք լրատվամիջոցներին դադարեցնել իրականության հետ կապ չունեցող թեզերի շրջանառությունը և առաջնորդվել մասնագիտական պատասխանատվության չափանիշներով»։

«ԹԵՎԵՐ՝ ԲՈԼՈՐԻՆ» ծրագիր․ բիզնես հմտությունների զարգացում և փոքր դրամաշնորհ

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը՝ Innobiz ՀԿ-ի և Տաթևի համայնքային կենտրոնի հետ համատեղ սկսել է նոր՝ «ԹԵՎԵՐ՝ ԲՈԼՈՐԻՆ» ծրագիրը: Դա երեխաների ֆիզիկական և բարոյահոգեբանական վերականգնմանն ուղղված “Թևեր” նախագծի ընդլայնված տարբերակն է:

Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն է Տաթև համայնքում ապրող տեղացի և Արցախից բռնագաղթած ընտանիքների համար ստեղծել կայուն զբաղվածության միջավայր և ձեռնարկատիրական հնարավորություններ։

«Թևեր ծրրագրի իրականացման ընթացքում պարզ դարձավ, որ երեխաների բարոյահոգեբանական վիճակի բարելավման համար անհրաժեշտ է աշխատել նաև նրանց ծնողների հետ, քանի որ նրանց մոտ տիրող սթրեսային անորոշ վիճակը բացասական ազդեցություն է թողնում երեխաների հոգեկան առողջության վրա: Այսպիսով մենք սկսեցինք աշխատել նաև ծնողների հետ, նրանց ևս ցուցաբերելով հոգեբանական աջակցություն: Ավելի ուշ, հաշվի առնելով, որ նրանց, ինչպես և բոլոր արցախցիների համար, ներկա պայմաններում առաջնային են տուն և աշխատանք ունենալը, հոգեբանական աջակցություն ցուցաբերելուց բացի որոշ համայնքներում մենք դոնոր գործնկերների միջոցներով սկսեցինք փորձարկել համապարփակ ծրագրեր: Դրանք խթան են հանդիսանում Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների զբաղվածության համար, ինչպես նաև ստեղծում են ձեռնարկատիրական և տարածքային զարգացման հնարավորություններ, որպեզի արցախցիները չարտագաղթեն, այլ կարողանան սովորել, կայանալ և ինտեգրվել հաստատված համայնքներում:

Վառ օրինակ է Տաթև համայնքում համայնքային կենտրոնի և Innobiz ՀԿ-ի հետ համատեղ, H. Hovnanian Family Foundation-ի կողմից տրված դրամաշնորհի միջոցով իրականացվող «ԹԵՎԵՐ՝ ԲՈԼՈՐԻՆ» ծրագիրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տաթևում մեր կողմից իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, ուղղված համայնքի տնտեսական և սոցիալական զարգացմանը, որոշել ենք «ԹԵՎԵՐ՝ ԲՈԼՈՐԻՆ» ծրագիրը անել հենց այստեղ, քանի որ Տաթևը բավականին խոցելի համայնք է, և համայնքի բնակիչները նույնպես ունեն բազմաթիվ խնդիրներ։

Որոշեցինք իրականացնել տվյալ ծրագիրը՝ օգտագործելով համայնքում սեղծված ենթակառուցվածքները, ինչպես, օրինակ, ճոպանուղին, մեր կողմից կառուցվող նոր շուկան։ Անցյալ տարի տնկել ենք 1000 պտղատու ծառեր, որոնց բերքը նույնպես պատրաստ ենք տրամադրել, տեղացի ու Արցախցի բնակիչներին հնարավորություն տալով հիմնել սեփական չորանոց կամ որևե այլ արտադրություն:

Օգտագործելով ենթակառուծվածքները, մենք կստեղծենք կայուն զբաղվածության միջավայր ոչ միայն արցախցիների, այլև տեղացիների համար:

Ծրագիրը կշարունակվի մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր ամիսը: Սկզբում մասնակիցները կանցնեն վեցամսյա վերապատրաստման փուլ, որի ընթացքում կզարգացնեն ձեռնարկատիրական հմտությունները:

Հատկանշական է, որ ծրագրին կարող են մասնակցել ոչ միայն մեծահասակները, այլ նաև երիտասարդները: 6 ամսվա ընթացքում մասնակիցները կստանան անհրաժեշտ գիտելիքներ իրենց բիզնես գաղափարները մշակելու և իրագործելու համար: Մասնավորապես, նրանք կսովորեն բիզնես պլանավորում, թվային մարկեթինգ, ֆինանսների կառավարում, հաճախորդների սպասարկում և այլն: Արդյունքում նրանք պետք է կարողանան ճիշտ ձևով կազմել բեզնես գաղափարներ, որպեզի դիմեն համապատասխան կազմակերպություններ ու ստանան ֆինանսավորում:

Ծրագրի ընթացքում մեր կազմակերպության կողմից նրանք կստանան փոքր ֆինանսական աջակցություն բիզնես գաղափարները փորձարկելու համար, իսկ ծրագրի ավարտին կլինի գաղափարների մրցույթ ու լավագույն 5 բիզնես գաղափարները կստանան 5000 դոլարի չափով դրամաշնորհ:

Ծրագիրը նախատեսում է նաև երիտասարդների նախաձեռնողականության զարգացման, հոգեբանական աջակցության, առաջնորդության, միջհամայնքային ինտեգրացման միջոցառումներ և դասնթացներ: Հատկապես կարևոր է, որ մեր բոլոր միջոցառումները բաց են ոչ միայն արցախցիների, այլև Տաթև համայնքում բնակվող բոլոր հայրենակիցների համար ինչը կնպաստի համայնքների միջև ջերմ ու անմիջական մթնոլորտի ստեղծմանը։

Տաթև համայնքից կընտրվեն և կպատրաստվեն թվով 5 դասընթացավարներ՝ որպես ձեռնարկատիրական հմտությունների մասնագետներ, որպեզի նրանք հետագայում նույնպես կարողանան օգնել համայնքի բնակիչներին զարգացնել բիզնեսը:

Ծրագիրը պատրաստ է ընդգրկել 50 Արցախից բռնի տեղահանված ընտանիք: Ներկա պահին ընթանում է գրանցման փուլը և 60 մասնակից արդեն գրանցվել են»։

Այս մասին Step1.am-ի հետ զրույցում պատմեց «Թևեր բոլորին» ծրագրի ղեկավար և համակարգող Սոնա Հովհաննիսյանը։

Արսեն Աղաջանյան