Մարիամ Ավագյան․ Խորհրդային տարիներին հայության դեմ ցեղասպանությունն ընթացել է քողարկված

1988 թվականին Սումգայիթում տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների հետեւանքով ոչ պաշտոնական թվերով մոտ 1500 հայ է սպանվել։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը։

Ծիծեռնակաբերդի բարձրունքում՝ Սումգայիթում 1988 թվականի փետրվարի 26-29-ին հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ այսօր տեղի ունեցավ զոհերի հիշատակի արարողություն։ Փետրվարի 28-ը նշվում է որպես ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր:

Մարիամ Ավագյանն ասաց, որ խորհրդային տարիներին հայության դեմ ցեղասպանությունն ընթացել է քողարկված։ «Իմ ընտանիքը 1971 թվականի նոյմբերի 16-ին փախել է Բանանցից, որովհետեւ հայրս աշխատանքից զրկվել էր, գիշերային հերթափոխի ժամանակ լսել էր, որ իրեն պետք է վերցնեն։ Իր աչքի առաջ սպանել էին հայ մարդու, հորս ասել էին՝ Ավո, լավ մարդ ես, բայց հայ ես։ Հետո իրեն էին սպառնացել, թողեց փախավ։ Այսինքն՝ սա անընդհատ է եղել, պարզապես 1988-ին դա բացահայտվեց, թուրքն էլ չհամբերեց, էլ ինչ սպասեր, ուզում էր միանգամից հայերին մաքրել այդտեղից, որովհետեւ ինքը քոչվոր է, եկել է մեր կենսատարածք եւ պետք է մնա»,- նշեց նա։

Մարիամ Ավագյանը մանրամասներ ներկայացրեց Սումգայիթից բռնագաղթած ամուսինների հետ զրույցից, նրանք պատմել են, որ մարտի 6-7-ի գիշերը իրենց ադրբեջանցի հարեւանը, որն իրենց պատսպարել է իր տանը եւ որը քաղաքայի իշխանության պաշտոնատար անձ էր, եկել ասել է՝ այս գիշեր ձեր ազգակիցներին տանում են թաղելու։ «Քանի որ իրենք մնում էին այդ մարդու տանը, պատուհանը նայում էր այն փողոցին, որտեղով պետք է տանեին։ Ամուսինները պատմում են, որ այդ գիշերը միայն Սումգայիթից մոտ 20 խորհրդային ռազմական բեռնատար մեքենա եւ 5 «Պազ» ավտոբուս տարել են հայերի մարմնի մասերը ու դիերը։ Պաշտոնյա այդ հարեւանն ասել է՝  «Պազ»-երով տանում են ամբողջական դիակները, իսկ բեռնատարներով՝ մարմնի մասերը։ Ես շատ եմ հետազոտել, երբ սկսում ես ի մի բերել, հասկանում ես, որ պատահական չէր, որ Բաքվից ջրցան մեքենաները բերում էին եւ Սումգայիթի արյունոտ ասֆալտը լվանում էին։ Ի՞նչ է, Սումգայիթն իր սեփական ջրցան մեքենաներով չէր կարո՞ղ այդ պրոցեսն իրականացնել։ Այսինքն՝ այնտեղ ահավոր բաներ են կատարվել։ Ես հաշվարկ եմ արել, վերցրել եմ բեռնատար մեքենայի թափքի ամենափոքր չափը, հայ մարդու ամենամեծ քաշը, եւ ոնց հաշվում եմ՝ 20 բեռնատար մեքենաներն ու 5 «Պազ»-եը առնվազն 1500 դիակ էի տանում»,- նշեց Մարիամ Ավագյանը։

Ըստ նրա՝ հայ բժշկուհիներից մեկը պատմել է, որ իր բուժքույրը Բաքվում հեկեկալով եկել ու ասել է, որ մորգում բեռնատար մեքենաներից բահերով մարմնի մասեր են թափում։ Այսինքն՝ հայերի դիերը միայն Սումգայիթում չեն պահել, նաեւ Բաքվում էին պահում։ «Եվ այն փաստը, որ մինչ օրս մենք թիվ չենք ճշտել, չենք ճշել, թե ինչ ընտանիքներ ենք մենք այնտեղ կորցրել, սա խոսում է այն մասին,որ հայությունը, նրա մտավորական շերտը, քաղաքական վերնախավը ամուլ են եւ շարունակում են մնալ ամուլ»,- նշեց նա։

1988-ի Սումգայիթի հայերի ցեղասպանությունն հայ ժողովրդի ցեղասպանության շղթայի մի մասն էր. Բեգլարյան

«Մենք պետք է բարձրաձայնենք ոչ միայն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, այլ նաեւ ադրբեջանահայության վերադարձի իրավունքի մասին։ Եվ իրենք պետք է որոշեն՝ վերադառնան, թե ոչ։ Ուղղակի դրա համար պետք է պայմաններ ապահովված լինեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նա նշեց, որ ընդ որում, որեւէ կերպ հայելային համադրելի չէ Արցախի ժողովրդի վերադարձը Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների վերադարձի հարցի հետ, որը շահարկում են ադրբեջանական իշխանությունները եւ որով մեզ փորձում են վախեցնել Հայաստանի գործող իշխանությունները։

Արտակ Բեգլարյանը նշեց՝ բոլորս պետք է ընկալենք, որ 1988-ի Սումգայիթի հայերի ցեղասպանությունն ընդհանրապես հայ ժողովրդի ցեղասպանության ընդհանուր մեծ շղթայի մի մասն էր, որի գաղափարախոսական հիմքը հայատյացությունն է Թուրքիայում եւ Ադրբեջանում եւ հայ ժողովրդի ու հայոց պետականության ոչնչացման իրենց գաղափարախոսությունը։ Դա շարունակվում է, դրա դրսեւորումները տեսնում ենք առ այսօր։

«Արցախի ամբողջ բնակչությունը տեղահանվել է նույն ցեղասպանական քաղաքականության պատճառով, ուղղակի ցավալին այն է, որ մենք անտեսում ենք այս իրականությունը եւ բավարար ազգային ու պետական դիմադրողականություն չենք ցուցաբերում, որպեսզի առաջին հերթին կանխենք հետագա նմանատիպ օրինակների կրկնությունը արդեն ՀՀ տարածքում։ Եվ երկրորդը, փորձենք արդարության միջոցով որոշ չափով վերացնել այս ցեղասպանական քաղաքականության հետեւանքները՝ այս պարագայում Արցախի ժողովրդի վերադարձը, մեր անվտանգ, ինքնորոշված կյանքը Արցախում եւ ադրբեջանահայության վերադարձը եւ պատշաճ կյանքի ապահովումը այնտեղ։ Սրա համար մենք ունենք մի քանի պայմաններ, առաջին հերթին արդարադատություն, երկրորդ՝ Ադրբեջանի տարածքում հայատյացության ոչնչացում։ Եվ, իհարկե, դրան հետամուտ լինելու համար մենք պետք է ունենանք ազգային պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետություն եւ բարձր դիմադրողականությամբ հայ ժողովուրդ»,- նշեց Բեգլարյանը։

Արցախում խրված սեպը ճաքեր է առաջացրել ամբողջ աշխարհում. Նեթանյահուի կոչը ադրբեջանցիներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ազգին՝ ի պատասխան Իրանի տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների։ «Ժամանակն է, որ իրանական ժողովրդի բոլոր հատվածները՝ պարսիկները, քրդերը, ադրբեջանցիները, բելուջները և ահվազիները, թոթափեն բռնապետության լուծը և ստեղծեն ազատ ու խաղաղ Իրան», – ասել է Իսրայելի վարչապետը։

2020-ից 2023 թվականներին Իրանը «ընբռնումով էր վերաբերում» Արցախում ռազմական գործողություններին, որը իրականացրել էին Ադրբեջանը և Թուրքիան՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի կոնսենսուսով և Իսրայելի աջակցությամբ։ Ընդամենը մի քանի ամիս առաջ էր Իրանի նախագահը այցելեց օկուպացված Շուշի (լուսանկարում) և կրկին ճանաչեց «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Այժմ Իսրայելը կոչ է անում իրանցի թուրքերին (ադրբեջանցիներին) տապալել ռեժիմը և ստեղծել «ազատ Իրան», ինչը ենթադրում է Իրանի՝ որպես ունիտար պետության լուծարում։

2020-2023 թվականներին տարածաշրջանի խնդիրները “առանց հայերի” լուծելու շուրջ կոնսենսուսի ձևավորումից հետո, Արցախում խրված սեպի ճաքերը տարածվել են ամբողջ աշխարհում: Եվրոպայի սրտում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը մտել է իր հինգերորդ տարին, Ուկրաինան բացահայտորեն հայտարարում է, որ խնդիրը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը բաժանվի մի քանի պետությունների, Իսրայելը և արաբական աշխարհը շարունակում են «պարանը քաշել» Գազայում և ամբողջ Մերձավոր Արևելքում, իսկ Իրանը մեկ տարվա ընթացքում երկրորդ խոշոր հարձակումն է ապրում Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից: Պակիստանի, Հնդկաստանի և Աֆղանստանի միջև «փոքր բախումները» այլևս նույնիսկ հաշվի չեն առնվում։

Մինչև Արցախի ժողովուրդը չվերադառնա Հայկական Արցախ, ճաքերը կմեծանան, դրանք դժվար կլինի վերահսկել և կարող են հայտնվել ամենաանսպասելի վայրերում: Զարմանալի չէ, որ Իսրայելը անընդհատ խոսում է իր պետականությանը սպառնացող վտանգի մասին, մինչդեռ Բաքուն և Անկարան շտապեցնում են Հայաստանին հրաժարվել իր իրավունքներից՝ լուծարելով Երրորդ Հանրապետությունը:

Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողով 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ
1988 թվականի փետրվարի 27–29-ին Ադրբեջանի ԽՍՀ Սումգայիթ քաղաքում կազմակերպվեցին և իրականացվեցին հայ բնակչության զանգվածային ջարդեր։
Ազգային պատկանելության հիմքով հայերը ենթարկվեցին էթնոցիդի՝ սպանությունների, բռնությունների, խոշտանգումների և բռնի տեղահանության։ Սումգայիթում տեղի ունեցած հանցագործությունները կրել են կազմակերպված և նպատակային բնույթ։ Դրանք դարձան հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող համակարգված քաղաքականության սկիզբը, որը հետագայում արձագանքվեց Կիրովաբադում` 1989թ. և Բաքվում` 1990թ. Ադրբեջանի մյուս հայաշատ բնակավայրերում իրականացված բռնություններով, Մարաղայի` 1992թ. խաղաղ բնակչության կոտորածով և Ադրբեջանի տարածքում հայ բնակչության ամբողջական տեղահանությամբ։
Սումգայիթի հանցագործությունների նկատմամբ պատշաճ իրավական գնահատականի և պատասխանատվության բացակայությունը ձևավորեց անպատժելիության վտանգավոր մթնոլորտ։ Այդ նույն քաղաքականությունն իր նոր դրսևորումը ստացավ Արցախի Հանրապետության դեմ քանիցս սանձազերծված ռազմական ագրեսիաների ընթացքում, որոնք ուղեկցվեցին պատերազմական հանցագործություններով, բնակչության նկատմամբ բռնություններով, համատարած շրջափակմամբ և 2023 թվականին Արցախի հայ բնակչության ամբողջական բռնի տեղահանությամբ։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը`
– խստորեն դատապարտում են ազգային պատկանելության հիմքով իրականացված բռնությունները և հայատյացության պետական խրախուսումը,
– արձանագրում են, որ հայերի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները, իրենց բնույթով և հետևանքներով, համապատասխանում են միջազգային իրավունքի շրջանակներում սահմանված ծանրագույն հանցագործությունների հատկանիշներին,
– վերահաստատում են, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ և խաթարում տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը,
– կոչ են անում միջազգային հանրությանը և համապատասխան իրավական ու քաղաքական ինստիտուտներին տալ համարժեք իրավաքաղաքական գնահատական՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային հանցագործություններին և ապահովել դրանց կազմակերպիչների ու կատարողների պատասխանատվությունը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարում են, որ շարունակելու են հետևողական քաղաքական ուղեգիծ վարել ՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, հայրենի բնակավայրեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի և ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ուղղությամբ։
Սումգայիթի զոհերի հիշատակը մեզ պարտավորեցնում է հետևողական լինել արդարության վերականգնման և նմանատիպ հանցագործությունների կրկնությունը բացառելու հարցերում։
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական Հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
28 փետրվարի, 2026թ.

Թրամփը հայտարարեց Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է Իրանի դեմ խոշոր ռազմական գործողություն։

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի հրթիռները, նավատորմը և հողին կհավասարեցնի ռազմական արդյունաբերությունը, ասել է նա։

Իրանը պատրաստվում է հզոր հարված հասցնել ի պատասխան Իսրայելի հարձակման, Reuters-ին հայտնել է իրանցի պաշտոնյան։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է մի քանի իրանական քաղաքների, այդ թվում՝ Թեհրանին։

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին սպանվել է Իսրայելի հարվածի արդյունքում։

Associated Press-ի տվյալներով՝ Իսրայելի հարվածը թիրախավորել է նաև Ալի Խամենեիի նստավայրը։ Սակայն Իրանի գերագույն առաջնորդը Թեհրանում չէ և տեղափոխվել է անվտանգ վայր։

Անուշիկը մեր օգնությամբ կարող է քայլել

Օրեր առաջ գրել էինք արցախցի Անուշ Գևորգյանի մասին, ով ծնվել է Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղում: Անուշի մոտ մանկուց ախտորոշվել է ՄՈՒԿ (Մանկական Ուղեղային Կաթված): Նա վերականգնողական բուժում էր ստանում Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում, սակայն լիարժեք վերականգնվելու համար նրան անհրաժեշտ էր վիրահատություն, որը պետք է կազմակերպվեր Երևանում, ինչը շրջափակման պայմաններում անհնար էր: Տեղահանվելուց հետո, չնայած բոլոր դժվարություններին, նրա վիրահատությունը կազմակերպվեց, և այժմ  հետագա վերկանգնողական փուլն անցնելու համար նրան անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն:

“Դիմում եմ իմ Սրտացավ և Բարեխիղճ Հայ ազգին

Իմ աղջիկը 22 տարեկան է։ Մանկուց ունի մանկական ուղեղային կաթված, բայց երբեք չի հանձնվել։

Այսօր նա քայլում է քայլակով և ունի ինքնուրույն քայլելու իրական հնարավորություն, սակայն նրան դրա համար անհրաժեշտ է շարունակական վերականգնողական բուժում։

Մեկ վերականգնողական կուրսի արժեքը կազմում է 300 000 դրամ։ Խնդրում եմ հիշեք, որ նույնիսկ ձեր ամենաչնչին աջակցությունը մեծ օգնություն կլինի մեզ համար։

Խնդրում եմ՝ օգնեք նրան հասնել իր ամենամեծ երազանքին։

Ձեր աջակցությունը նրա համար քայլ է դեպի անկախ կյանք։

Շնորհակալ ենք յուրաքանչյուր բարի սրտից

Աջակցելու համար կարող եք փոխանցում կատարել՝

Բանկային Քարտ 9051. 2152. 0943. 3575.  Հայէկոնոմ բանկ

Անուն, ազգանուն: Gevorgyan Anna”, նշում է Անուշի մայրը:

Արսեն Աղաջանյան

Սումգայիթի հայության ցեղասպանությունը․ 38 տարի անց

Լեռնային Արցախի հայության նկատմամբ Խորհրդային Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերի կողմից տասնամյակներ շարունակ սիստեմատիկաբար և հետևողական կերպով իրականացվող ատելության, խտրականության և ցեղասպանական քաղաքականության պատճառով 1988թ. փետրվարի 20-ին Ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունել է մի պատմական որոշում հետևյալ բովանդակությամբ. «Ընդառաջելով ԼՂԻՄ բնակչության ցանկություններին՝ խնդրել Խորհրդային Ադրբեջանին և Խորհրդային Հայաստանին դրսևորել խորը ըմբռնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումների նկատմամբ և լուծել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմից Խորհրդային Հայաստանի կազմ տեղափոխելու հարցը: Միաժամանակ ներկայացնել միջնորդություն Խորհրդային Միության Գերագույն խորհրդին սույն հարցը դրական լուծելու նպատակով»:

Ի պատասխան սույն որոշման, ԽՍՀՄ կենտրոնական իշխանության մարմինների իմացության և հանցավոր անգործության ու թողտվության պայմաններում 38 տարիներ առաջ ճիշտ այս օրը՝ 1988թ. փետրվարի 27-ին, Խորհրդային Ադրբեջանի վարչակազմը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ապրող հայ բնակչության նկատմամբ իրականացրել է պետական մակարդակով ծրագրված ցեղասպանություն և բռնի տեղահանություններ: Նշված գործողությունները տևել են երկու օր՝ մինչև փետրվարի 29-ը ներառյալ:

Ներկայացվող տեսանյութում Սումգայիթի հայերին գլխատողներից մեկը բացահայտ խոստովանել է իր գազանությունը՝ արհամարհանքով հայտարարելով. «նրանք պարզապես հայեր են, ինչու է դա այդքան կարևոր»:

https://www.youtube.com/watch?v=0cKNK5MzxVE

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

 

Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, Թեհրանում պայթյուններ են լսվել

Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը:

«Իսրայելի պետությունը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, ինչը մոտ ապագայում կհանգեցնի Իսրայելի պետության դեմ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածի», – ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Կացը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) ազդանշաններ են տվել և զգուշացրել իսրայելցիներին մնալ ապաստարանների մոտ։ Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ի դրությամբ Իսրայելում արգելված են կրթական միջոցառումները, հավաքույթները և գրասենյակային աշխատանքները, բացառությամբ կենսականորեն կարևոր ոլորտների։

Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ շաբաթ օրը Թեհրանում պայթյուններ են լսվել, որոնց պատճառն անհայտ է:

Ուկրաինայում վստահության վերջին վարկանիշը․ Զանուժնին առաջնորդ

Հրապարակվել են սոցիոլոգիական հետազոտության նոր արդյունքները, որոնք ցույց են տալիս, թե ում են այսօր ամենաշատը վստահում Ուկրաինայի քաղաքացիները Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմի պայմաններում: Հարցումը անցկացվել է Ipsos միջազգային հարցումների կենտրոնի կողմից։

Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին գլխավորել է վարկանիշային աղյուսակը՝ նրան վստահել է հարցվածների 63%-ը: Բռնցքամարտի աշխարհի անվիճելի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը, զարմանալիորեն, զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 56%-ով: Ռազմական հետախուզության նախկին ղեկավար և նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Կիրիլո Բուդանովը զբաղեցրել է երրորդ տեղը՝ 55%-ով: Նախագահ Վլադիմիր Զելենսկին զբաղեցրել է ընդամենը չորրորդ տեղը՝ 49%-ով: Հունվարի սկզբին Զելենսկիի վստահության մակարդակը կազմել է 59%:

Բաքուն կբացի Նախիջևանով ճանապարհը միայն եթե Հայաստանը հրաժարվի Նախիջևանից

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի Հանրապետության սահման» և «Երասխ-Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ կապված հարցերը։

Եթե ​​Ռուսաստանը վերականգնի այս երկու հատվածները, ապա, եթե Նախիջևանով անցնող երկաթուղին բացվի, Ռուսաստանը կպահպանի Հայաստանի միջով անցնող երկաթուղային ծառայությունների լիարժեք իրավունքները: Այս դեպքում, նույնիսկ մինչև հայ-իրանական սահմանի երկայնքով TRIPP-ի կառուցումը, Իրանը և Հայաստանը կարող են օգտվել Նախիջևանով անցնող արդեն կառուցված երկաթուղով։

Բաքուն կարող է համաձայնվել Նախիջևանով անցնող երկաթուղին բացել մեկ պայմանով. եթե Հայաստանը հրաժարվի իր օրինական իրավունքներից Նախիջևանի հայկական ինքնավարության նկատմամբ, որը Բաքվի ժամանակավոր պրոտեկտորատի ներքո է փոխանցվել 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագրով։

ՀՀ կառավարությունը չի արձագանքել Բաքվի վերջին քայլին՝ Նախիջևանի սահմանադրությունից Կարսի պայմանագրի հղումը հեռացնելուն և Նախիջևանի ինքնավարությունը փաստացի վերացնելուն: Ռուսաստանը, որպես Կարսի պայմանագրի կողմ, նույնպես չի առարկել: ԱՄՆ փոխնախագահ Վենսն էլ Նախիջևանն անվանել է «Ադրբեջանի մաս», չնայած նա ներկայացրել որևէ փաստաթուղթ, որը կհաստատեր դա։

ՀՀ նոր Սահմանադրության ընդունումից հետո, որը կսահմանափակի ՀՀ-ն խորհրդային վարչական սահմաններով, Երևանը կչեղարկի Նախիջևանի նկատմամբ իր իրավունքները։ Բաքուն էլ ցանկացած պահի կփակի Նախիջևանով անցնող երկաթուղին։

Աֆղանստանը հարվածել է Պակիստանում միջուկային օբյեկտին

Աֆղանստանի ռազմաօդային ուժերը հարվածել են Պակիստանում գտնվող միջուկային օբյեկտին և Խայբեր-Պախտունխվա նահանգի Աբբոտաբադի մոտակայքում գտնվող ռազմական բազային, հաղորդում է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։

Ալիքը հաղորդում է «հարյուրավոր զոհվածների և վիրավորների» մասին։ Զոհերը տեղափոխվել են հիվանդանոց։

Ալիքի հաղորդմամբ՝ թիրախը միջուկային փորձարկման վայրն էր։ Հեռուստաալիքը նաև հաղորդել է Կակուլում գտնվող Պակիստանի ռազմական ակադեմիայի (ՊՌԱ) վրա հարվածի մասին։ RBC-ի փոխանցմամբ՝ սա Պակիստանի բանակի գլխավոր ուսումնական կենտրոնն է, որը պատասխանատու է սպաների վերապատրաստման և կրթության համար։

2021 թվականին «Թալիբանի» իշխանության գալուց հետո Աֆղանստանի և Պակիստանի միջև սահմանային հակամարտություններ են սկսվել։ Սահմանային գոտում զինված բախումները վերսկսվել են փետրվարի 24-ին։ Երկու օր անց աֆղանական ուժերը գործողություններ են սկսել Պակիստանի դեմ Խոստում, Պակտիայում, Նուրիստանում և մի շարք այլ տարածքներում։ Կան զոհեր երկու կողմերից էլ։

Այսօր միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին. ԱՄՆ դեսպանություն

Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին: Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ լրանում է սումգայիթյան ջարդերի 38–րդ տարելիցը։