Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հումանիտար կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

« 19 հազար մարդ է հատել Կոռնիձորի անցակետը։ Ինչպես նշեցի, 19 հազարից 2500-ը արդեն գտնվում է իրենց տեղակայման վայրերում, այն մարդիկ, ովքեր դիմել են կառավարությանը աջակցություն ստանալու համար։ Այս պահին Գորիսում գտնվում են 1200 մարդ, ովքեր դեռևս գտնվում են տեղավորման գործընթացում, դա հասկանալի պատճառներով որոշակի ժամանակ է պահանջում։ Մնացած մարդիկ ասել են, որ ունեն իրենց համապատասխան բնակության վայրերը։ Նրանք ասել են, որ մեր աջակցության կարիքը չունեն։ Հասկանալով, որ դա մարդկանց կամքն է և ընդառաջ գնալով այդ հանգամանքին, համաձայնել ենք, որ նրանք գնան այն հասցեներով, որտեղ իրենք նախապես որոշել են»,- նշեց Խաչատրյանը։

Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 2500 անձի ապահովել է կեցավայրով, ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ աշխատանքային խումբը նախապես գույքագրել էր Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գտնվող հյուրատները և հյուրանոցները, որտեղ մարդկանց առաջին իսկ դիմումով կարող են մարդկանց տեղավորել։

« Մենք այս երեք օրերի ընթացքում արդեն իսկ 2500-ից ավելի անձանց կեցավայրով ենք ապահովել։ Նրանցից մոտ հազարը տեղակայված են Սյունիքի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում, 500՝ Վայքում, մոտ 500-ը՝ Գեղարքունիքի մարզում։ Եվ այս ժամերի ընթացքում շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում մարդկանց տեղակայումը։ Շարունակելու ենք այդպես շարժվել առաջ»,- ասաց Խաչատրյանը։

ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների բժշկական սպասարկումն իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում. ՀՀ ԱՆ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Ըստ կարիքի` անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություն (ամբուլատորիա, պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա) կցագրվելու նպատակով, ինչը հիմք կդառնա սահմանված ծավալներով պետական պատվերի շրջանակներում բուժօգնությունից օգտվելու համար, ներառյալ` ամբուլատոր պայմաններում անվճար տրամադրվող դեղերը:

Եվրահանձնաժողովը 5 մլն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

Եվրահանձնաժողովն ակնկալում է Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային ելք դեպի Հայաստան և ստեղծված ճգնաժամով պայմանավորված՝ 5 միլիոն եվրո կտրամադրի մարդկանց աճող կարիքների բավարարման համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունը։

5 միլիոն եվրոյից 500 000-ը կուղղվի արտակարգ աջակցությանը, որի մասին հայտարարվել է անցյալ շաբաթ, իսկ 4,5 միլիոն եվրո նոր ֆինանսական աջակցությունը կհատկացվի հետևյալ նպատակների համար՝

– աջակցություն Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված մարդկանց։ Այս օգնությունը կմատակարարվի Հայաստանում գործող ԵՄ գործընկեր տարբեր հումանիտար կազմակերպությունների միջոցով և կհասնի շուրջ 25 000 մարդու։ Առաջնահերթությունն է տրամադրել կանխիկ դրամական օգնություն, օթևան, ապահովել պարենային անվտանգություն և ապրուստի միջոցների աջակցություն։

– Աջակցություն Լեռնային Ղարաբաղի ներսում խոցելի մարդկանց։ Այս օգնությունը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով և նպատակ ունի շուրջ 60 000 մարդու օգնել սննդով, բուժօգնությամբ, ապաստանով և լոգիստիկայով։

«Մենք պետք է պատրաստ լինենք՝ աջակցելու հազարավոր մարդկանց, որոնք որոշել են փախչել Լեռնային Ղարաբաղից, հատկապես հաշվի առնելով, որ առաջիկա ձմեռը, ամենայն հավանականությամբ, փախստականներին կկանգնեցնի լրացուցիչ մարտահրավերների առաջ: ԵՄ-ն կտրուկ ընդլայնում է իր հումանիտար օգնությունը տարածաշրջանում՝ արտակարգ աջակցություն տրամադրելու կարիքավոր մարդկանց ինչպես Լեռնային Ղարաբաղի անկլավում, այնպես էլ այժմ Հայաստան տեղահանված մարդկանց: ԵՄ-ն հանձնառու է համակարգել մարդասիրական ջանքերը տեղում՝ օգնելու այս հակամարտությունից տուժածներին», – ասել է Ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Ջանեզ Լենարչիչը։

Բացի այդ, հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում, որը տեղում կաշխատի մարդասիրական գործընկեր կազմակերպությունների հետ՝ ապահովելու արագ արձագանք ճգնաժամին։

ԱՄՆ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար

ԱՄՆ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու նպատակով կհատկացնի 11.5 մլն դոլար հումանիտար օգնություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը:

«Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են այս ընտանիքները: Շատերը հրետակոծության ներքո հեռացել են իրենց համայնքներից, գյուղական բնակավայրերից»,-ասաց Փաուերը:

Նա նշեց՝ խոսել են բժիշկների հետ, և ԼՂ-ից բռնի տեղահանվածներից շատերի մոտ թերսնում է:

«Հաշվի առնելով այն կարիքները, որ այժմ ունի ԼՂ բնակչությունը՝ ես այսօր հայտարարում եմ, որ ԱՄՆ կառավարությունը հումանիտար օգնության նպատակով հատկացնում է 11.5 մլն դոլար: Այս աջակցության միջոցներով կապահովվի սննդամթերքից սկսած մինչև սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ հաշվի առնելով այն ծանր հոգեբանական վիճակը, որում գտնվում են այս մարդիկ»,-ասաց Փաուերը:

Փաուերը նաև հանդիպել է մարդկանց, որոնք տեղյակ չեն, թե որտեղ են իրենց ընտանիքի անդամները: Եվ այդ աջակցությունը նաև կօգտագործվի՝ աջակցելու այն ջանքերին, որոնք միտված կլինեն ընտանիքների միավորմանը:

ԱՄՆ ՄԶԳ տնօրենը անհրաժեշտություն համարեց, որ միջազգային դիտորդները, հումանիտար կազմակերպությունները կարողանան հասնել ու աջակցություն ցուցաբերել ԼՂ ժողովրդին հենց տեղում: «Մենք գիտենք, որ վիրավոր քաղաքացիական անձինք կան ԼՂ-ում, որոնք տարհանման կարիք ունեն»,-ասաց Փաուերը:

Աջակցության ցանկերը մեկտեղվել են reArmenia և Tikunq.am թվային հարթակներում

Արցախից բռնի տեղահանվածներին աջակցություն տրամադրող կազմակերպությունների, նախաձեռնությունների և անհատների ցանկը մեկտեղվել է reArmenia և Tikunq.am թվային հարթակներում: Աջակցման ցանկերը պարբերաբար թարմացվում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ reArmenia հարթակի ցանկում առանձնացված են հետևյալ ենթաբաժինները՝ հումանիտար, կացության ապահովում, հոգեբանական աջակցություն և բժշկական օգնություն: Tikunq.am-ը համալրված է որոնողական համակարգով՝ հեշտացնելու փնտրվող աջակցության տեսակը:

Tikunq.am-ից Արման Աթոյանը տեղեկացնում է՝ յուրաքանչյուր անհատ կարող է մուտք գործել հարթակ և մուտքագրել առաջարկվող իր աջակցությունը՝ կցելով տեղակայման վայրը: Այս պահին գրանցված 26 առաջարկ ունեն, թիվն անընդհատ աճում է: ԼՂ-ից բռնի տեղահանվածներն էլ որոնման դաշտում իրենց անհրաժեշտ աջակցությունը կարող են փնտրել:

reArmenia հարթակում այս պահին առաջարկվում է հումանիտար 22 օգնություն, հոգեբանական և բժշկական՝40, կացության ապահովման 18 օգնություն: Առանձնացվել են կացության ապահովման միայն խոշոր նախաձեռնությունները: reArmenia-ից էլ նշում են, որ հարթակում չներառված նախաձեռնություններ տեսնելուն պես կարող են կապվել իրենց հետ:

Որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի․ Արցախի ԱԻՊԾ

Տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում  սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացի, իսկ Կարմիր գյուղից՝ մեկ տարեց կին։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ 2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացու տարհանել են Վանք գյուղից։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։

Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն ադրբեջանական կողմը փոխանցել է հայկական կողմին։

Ընդհանուր առմամբ, երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։ Վերջիններիս առողջական վիճակը բավարար է։

ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 7 տուժած քաղաքացու վիճակը ծանր է․ նրանք Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում են

Լեռնային Ղարաբաղում  պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն Հայաստանի առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է:  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին նախարարությունից, այս պահին նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում:

Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:

ԱՄՆ չեն պահել խոստումը․ փոխպետնախարար

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը այսօր՝ սեպտեմբերի 26–ին, Գորիս այցի ժամանակ ուղիղ պատասխան չտվեց NEWS.am–ի լրագրողի հարցին, թե ինչու Վաշինգտոնը պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայի համար։

«Սենատում վերջին քննարկումների ժամանակ Դուք ասացիք, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։ Սակայն Ձեր հայտարարությունից օրեր անց Ադրբեջանը հարձակվեց և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միայնակ մնաց Ադրբեջանի ագրեսիայի դեմ։ Ինչո՞ւ  Միացյալ Նահանգները պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ»,– հարցրել է NEWS.am–ի լրագրողը ։

Ի պատասխան, Յուրի Քիմն ասել է. «Այս հարցում ԱՄՆ դիրքորոշումը շատ հստակ է, և մենք շարունակելու ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի հոգ տանենք մարդկանց, նրանց անմիջական կարիքների մասին։ Եվ հենց այդ նպատակով ենք այստեղ ես և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենը»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը նախօրեին են ժամանել Հայաստան։ Այսօր նրանք հանդիպել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։

Շտապ օգնության մեքենաների շարասյունը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ մեկնել է Ստեփանակերտ

Շտապ օգնության մեքենաների շարասյունը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Հայաստանից Կոռնիձորով մեկնել է Ստեփանակերտ։

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Գորիսից Կարմիր խաչի ուղեկցությամբ 23 շտապօգնության մեքենաներ ուղեւորվել են Արցախ։

Ինֆոշտաբ․ պայթյունի ժամանակ կորածների մասին հայտնեք հետեւյալ հեռախոսահամարով

Սիրելի՛ հայրենակիցներ
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և բռնկված հրդեհի պատճառով, դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ։
Հարազատներին հորդորում ենք անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել, զանգահարելով
047 96 19 06 հեռախոսահամարին։
Ւնֆոշտաբ

ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը հասել է 13 550-ի

Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին կառավարությունից, նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: