Զինծառայության ժամկետը 2 տարուց կրճատվեց մինչև 1,5 տարի

65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ. խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կես տարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը: Այն խորհրդարան էր բերվել հրատապ կարգով և կտարածվի բացառապես հունվարից բանակ զորակոչվող երիտասարդների, այլ ոչ թե՝ արդեն ծառայության մեջ գտնվողների վրա:

Արցախյան հարցը ՀՀ հիմքն է, իսկ արցախցիների իրավունքները՝ հայկական պետականության կենսունակության ցուցիչ

Հայաստանի խորհրդարանի նիստում քննարկվում է Ասիական զարգացման բանկի հետ 250 միլիոն դոլարի վարկային պայմանագիրը հաստատելու մասին որոշման նախագիծ, որն ուղղված է «Արցախցիների բնակարանային խնդիրները լուծելու համար»։ Նիստի գրեթե ամբողջ ընթացքում քննարկվել է արցախցիների նկատմամբ կառավարության քաղաքականությունը և հնչել հարցեր, որոնք արցախցիներն արդեն 2 տարի է անպատասխան բարձրացնում են։

Չնայած իշխանությունների կողմից արցախցիների և նրանց իրավունքների վերաբերյալ լռության կոչերին՝ պատերազմի և ադրբեջանցի «փախստականների» հոսքի սպառնալիքով, չկա կառավարության կամ խորհրդարանի ոչ մի նիստ առանց արցախցիների հարցը քննարկվելու։ Սա պայմանավորված չէ նրանով, որ արցախցիները օր ու գիշեր կանգնած են կառավարության շենքի կամ խորհրդարանի դիմաց՝ պահանջներով կամ սպառնալիքներով։

Այնպես է ստացվել, որ Արցախյան հարցը՝ Հայաստանի Հանրապետության հիմքն է, իսկ արցախցիների իրավունքները՝ հայկական պետականության կենսունակության և դրա ներուժի ցուցիչ։ Հայաստանում ոչ մի հարց՝ ներքին կամ արտաքին քաղաքական, չի կարող շրջանցել Արցախի և արցախցիների հարցը։

Այս ըմբռնումը առկա է բոլոր համաշխարհային կենտրոններում, և Հայաստանի ու նրա քաղաքական ուժերի նկատմամբ վերաբերմունքը որոշվում է Արցախի և արցախցիների նկատմամբ նրանց դիրքորոշմամբ։ Պատահական չէ, որ եվրոպական երկրներն ու միջազգային դոնորները պնդում են լուծել Արցախի ժողովրդի խնդիրները, որոնք Հայաստանի կառավարությունը փորձում է մի անտեսել։ Կառավարությունը զգուշորեն պաշտպանվում է Արցախի ժողովրդից՝ նվազեցնելով նրանց իրավունքների թեման հանրային ոլորտում։

Սակայն այսօրվա խորհրդարանական քննարկման ժամանակ բարձրացվեցին մի շարք կարևոր հարցեր.

Կառավարությունը կօգտագործի՞ ստացված միջոցները արցախցիներին աջակցելու համար, թե՞ այլ նպատակներով։
Ինչո՞ւ արդեն երկու տարուց ավելի արցախցի ընտանիքների միայն 6%-ն է կարողացել բնակարան գնել պետական ​​ծրագրի միջոցով։
Ինչո՞ւ արցախցիները դժվարանում են քաղաքացիություն ստանալ։ Ճի՞շտ է, որ ընթացակարգը դիտավորյալ բարդացված է։
Ինչո՞ւ են արցախցիները ստիպված դիմել բանկեր, մերժվել կամ անցնել բարդ գործընթաց՝ պետական ​​ծրագրից օգտվելու համար։
Արդյո՞ք հատկացված գումարը իսկապես բավարար է բնակարան գնելու համար։
Քանի՞ ընտանիք կկարողանա բավարարել իրենց բնակարանային կարիքները 250 միլիոնով։
Ինչպե՞ս է լուծվելու մեկից երեք հոգանոց ընտանիքների հարցը։
Ինչո՞ւ սոցիալական բնակարաններ չեն կառուցվում արցախցիների համար։ Ինչո՞ւ է կառավարությունը վախենում արցախցիների կոմպակտ բնակեցումից։

Պարզվում է, որ 26,000 արցախցիներ ստացել են նոր հայկական անձնագրեր, 3,800 ընտանիք դիմել է վկայականների համար, իսկ 1,600 ընտանիք արդեն գնել է բնակարան։

Կառավարության ներկայացուցիչները չկարողացան պատասխանել մնացած բոլոր հարցերին, այդ թվում՝ ի՞նչ պետք է անեն մեկից երեք անդամ ունեցող ընտանիքները, ե՞րբ է սկսվելու սոցիալական բնակարանաշինությունը, ինչո՞ւ են մարդիկ զրկվել վարձավճարի փոխհատուցումից՝ նախքան բնակարան գնելը։

Այս բոլոր հարցերը ուշադիր քննարկվում են դոնորների հետ, և ամենաանհարմար պահին Հայաստանի կառավարությունը կարող է բախվել միջազգային հանրության կողմից վացասական վերաբերմունքի. ինչպե՞ս վստահել մի կառավարության, որն անտեսում է իր սեփական ազգի անդամներին, ովքեր դարձել են «փախստականներ»։ Եթե, իհարկե, խոսքը չի վերաբերում այն ​​երկրներին և կազմակերպություններին, որոնք շահագրգռված են Հայաստանի կառավարության հակազգային գործողություններով։

Դա ոչ թե Իրանի, այլ Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Իրանի հոգեւոր առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությանը, որ․ «Թրամփի, այսպես կոչված Կովկասի ծրագիրը ոչնչով չի տարբերվում Զանգեզուրի միջանցքից, եւ Իրանը կտրականապես դեմ է դրան»։

«Նախ զուգահեռ պետք է ասել, թե ինչ է ասել մեր դեսպանը իրանական կողմին։ Դեսպանը կրկնել է, որ TRIPP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո՝ հավասարության եւ փոխադրաձության սկզբունքներով։ Ոչ, TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքը» չէ»,- ասաց Ռուբինյանը։

Նա նշեց, որ մշտապես կապի մեջ են իրանցի գործընկերների հետ եւ տեղեկացնում են զարգացումների մասին։

«Հաշվի ենք առնում իրենց զգայնությունները, իրենց շահերը հաշվի առնված են։ Եվ այս առումով շատ կարեւոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը, այդ թվում՝ Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել են, որ այս նախագիծն իրենց կարմիր գծերը հաշվի առնում է եւ նաեւ հնարավորություններ է ստեղծում իրենց համար։ Ես կարծում եմ՝ սա ուժի մեջ է։ Ընդհանրապես ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործնախարարությունը, մենք հիմնվում ենք Իրանի արտգործնախարարության հայտարարությունների վրա։ Մենք կարող ենք ասել հետեւյալը՝ բացառվում է, որ Հայաստանում լինի որեւէ նախագիծ, որը կհակասի ՀՀ ինքնինշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Երկրորդ, մենք հաշվի առնում ենք մեր հարեւանների բոլոր կենսական շահերը, եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում ենք։ Չենք կարծում, որ կա որեւէ անհանգստանալու բան։ Դա ոչ թե Իրանի կարմիր գիծն է, այլ Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու»,- նշեց Ռուբինյանը։

Ռուսաստանի ներգրավվածությունը TRIPP նախագծում չի քննարկվում, նշեց Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ Ռուսաստանից արձագանք կա, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP երթուղում ռուսական մասնակցությունը։

«Ուրախ ենք, որ պատրաստ են մեզ հետ քննարկում ունենալ։ Ուզում եք, 160 անգամ ասեմ, նման քննարկումներ չկան, ես հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում»,–ասաց նա։

Վստահ լինե՞նք, որ այդ վարկը ծախսվելու է արցախցիների բնակապահովման ծրագրի սպասարկման նպատակով

«Կառավարությունն առաջարկություն է ներկայացնում 250 մլն դոլար վարկ ներգրավել եւ հղում է կատարում կառավարության ծրագրին, որտեղ նշվում է․ «Արցախի հետպատերազմյա վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների ուծումը, մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանումը լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում։ Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար, այս նպատակներին կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաեւ՝ Արցախի հետ համագործակցության նոր ձեւաչափի ստեղծման միջոցով»։ Երանի թե կառավարությունն այդքան սկզբունքային լիներ եւ իր մոտեցումը կառուցեր իր ծրագրի բոլոր կետերի շուրջ, այլ ոչ թե ընդամենը մեկ կետի»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նույնպես հարցադրում արեց՝ վստահ լինե՞նք, որ այդ վարկը ծախսվելու է արցախցիների բնակապահովման ծրագրի սպասարկման նպատակով։ «Ինչո՞ւ եք այդ հարցի վրա զարմանում, կառավարության ներկայացուցիչները գալիս են, ասում են՝ վարկ ենք ներգրավում, որ ճանապարհ կառուցենք, ֆինանսական շուկան զարգացնենք, մեկ էլ Նիկոլ Փաշինյանն այստեղից վեր է կենում ու ասում՝ զենք ենք առել։ Այդ դեպքում պարզ է, որ մենք իրավունք ունենք հույս հայտնել, որ էս անգամ կառավարությունը վարկը կօգտագործի այն նպատակի համար, ինչի համար ներգրավում է»,- նշեց նա։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ այն, որ արցախցիները Հայաստանում բազմաթիվ դժվարությունների են հանդիպում, որեւէ մեկի համար գաղտնիք չէ․ «Եվ երանի թե ՔՊ-ն մասնակցեր արցախցիների սոցիալ-տնտեսական հարցերը քննարկող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»։

Պատգամավարը նշեց, որ ցածր կատարողականը ցույց է տալիս, որ արցախցիների բնակապահովման ծրագիրն ունի լուրջ թերություններ։ Նա կոչ արեց ՀՀ կառավարությանը՝ սերտորեն համագործակցել Արցախի իշխանությունների հետ՝ բարելավելու այդ ծրագիրը, որպեսզի շահառուների թիվը մեծանա։ Նա նաեւ առաջարկեց դիտարկել սոցիալական բնակարանաշինության գաղափարը, որպեսզի արցախցիները կոմպակտ բնակեցվեն, ինչը նաեւ կարեւոր է նրանց վերադարձի իրավունքի իրացման տեսանկյունից։

Ի՞նչ հիբրիդային պատերազմ, որևէ մեկին դատե՞լ են ռուսի շպիոն լինելու համար

Փաշինյանի թիմակիցները շատ հաճախ են խոսում հիբրիդային պատերազմի, արտաքին ներգործության և այլնի մասին։ Հայաստանում կա շուրջ 50 քաղբանտարկյալ, որոնց անդադար փորձում են մեղադրել ինչ-որ արտաքին կապերի հետ կապված, բայց նշվածներից ոչ մեկի նկատմամբ նման հոդված հարուցած չկա։ Նույնիսկ այն մարդկանց հանդեպ, ով հիմա ապօրինաբար, որպես քաղբանտարկյալ, շինծու հոդվածով անազատության մեջ են, նույնիսկ իրենց համար կարվել են այլ հոդվածներ։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ–ն 15 մլն եվրոյի աջակցություն է տրամադրելու Հայաստանին ընտրությունների ժամանակ հիբրիդային պատերազմներին դիմակայելու համար։

250 մլն-ով քանի՞ արցախցի ընտանիքի բնակարանային հարց է լուծվելու, նախօրոք հաշվարկ արե՞լ են

«250 մլն վարկ եք վերցնում, որպեսզի արցախցիներին փորձեք ապահովել բնակարաններով։ Վստահ լինե՞նք, որ էդ գումարներն ամբողջությամբ ծախսվելու են այդ նպատակի համար»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում արցախցիների բնակապահովման ծրագրի համար վարկային միջոցներ ներգրավելու հարցի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։

Նա հարցրեց՝ 250 մլն-ով քանի՞ ընտանիքի բնակարանային հարց է լուծվելու, նախօրոք հաշվարկ արե՞լ են։

«Դուք ծրագրից քիչ օգտվելու համար միայն քաղաքացիության պատճառն եք նշում, բայց դա այդպես չէ։ Ես ուզում եմ, որ դուք հստակ նշեք՝ ՀՀ քաղաքացիություն ստացած 26 հազար մարդկանցից քանի՞սն են դիմել եւ քանի՞սն են ստացել հավաստագիր։ Պատճառը միայն քաղաքացիությունը չէ, այնտեղ ձեր դրած ծանր չափորոշիչներն են՝ վարկային պատմության ու եկամուտների հետ կապված։ Քանի՞ մարդ է դիմել, քանի՞սն են ստացել հավաստագիր, մնացածն ինչո՞ւ չեն ստացել եւ ի՞նչ պատճառներով»,- հարցրեց պատգամավորը։

Դավիթ Խաչատրյանն ասաց, որ 3810 ընտանիք դիմել եւ ստացել է հավաստագիր, մարդկանց թիվը չունի։ «Բայց 26 հազար անձինք, որոնք ստացել են քաղաքացիություն, չի կարելի համարել, որ նրանք բոլորը ընտանիքների հանրագումարով են ստացել, որովհետեւ կարող է լինել այնպես, որ ընտանիքի 6 անդամից 5-ն արդեն ստացել են եւ այդ 26 հազար մեջ են։ Այս դեպքում ընտանիքը դեռեւս չի կարող դիմել եւ ստանալ հավաստագիր»,- նշեց փոխնախարարը։

Անդրադառնալով վարկային միջոցները նպատակային ծախսելու հարցին՝ Դավիթ Խաչատրյանն ասաց․ «Եթե ծանոթ եք վարկի համաձայնագրին, ապա այնտեղ հստակ նշված է, որ դրանք միայն այդ նպատակով կարող են ծախսվել, եւ որեւէ այլ նպատակով մասհանումներ չեն կարող իրակացվել»։

«Պարոն Խաչատրյան, ՀՀ քաղաքացիություն ստացած 26 հազար մարդուց քանի՞ մարդ է դիմել ու չի ստացել հավաստագիր։ Ուզում եմ հստակ ներկայացնեք էն մարդկանց կամ շահառուների թիվը, որոնք չեն ստացել հավաստագիր եւ ինչ պատճառաբանություններով»,- հարցադրումը շարունակեց պատգամավոր Արման Ղազարյանը։

«Ձեռքիս տակ հստակ թիվ չունեմ հենց էս պահին, բայց եկեք պարզ հաշվակ կատարենք՝ 3810 ընտանիք ստացել է հավաստագիր։ Եթե հաշվի առնենք այն, որ առաջին փուլում դիմում էին մեծ կազմով ընտանիքները, միջինում ընտանիքների անդամների թիվը կազմում է 5, հետեւաբար՝ 3800 անգամ 5, կազմում է մոտ 19 000 եւ մի փոքր ավելի»,- պատասխանեց փոխնախարարը։

“Խնդիրն այն է, որ եղած գումարը չի բավարարում բնակարանային հարցերը լուծելու համար”

«Ահազանգեր եմ ստացել որոշ անձնագրային բաժանմունքների կողմից արցախցիների համար խնդիրներ ստեղծելու վերաբերյալ։ Ես դեռ այդ անձնագրային բաժամունքների անունները չեմ հնչեցնում, որովհետեւ զգուշացրել եմ իրենց, կարծում եմ՝ հետեւություններ արել են։ Խնդիրներ կան, այդ թվում՝ քաղաքացիության տրամադրման հետ կապված։ Եվ նաեւ վերաբերմունքի հետ կապված բավականին խնդրահարույց դեպքեր ենք արձանագրել։ Եվ այդ առումով շատ կարեւոր է, որ նույն անձնագրային բաժանմունքներում պատշաճ վերաբերմունք դրսեւորեն արցախցիների նկատմամբ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում արցախցիների բնակապահովման ծրագրի համար վարկային միջոցներ ներգրավելու հարցի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ բնակարանային ապահովման ծրագրից օգտվող արցախցիների թիվը քիչ է եւ հարցրեց՝ վերլուծություն կատարվե՞լ է կառավարության կողմից՝ ինչո՞ւ է այս պատկերը։

Դավիթ Խաչատրյանն ասաց, որ գլխավոր պատճառը քաղաքացիություն չստանալու հետ է կապված, եւ 3810 ընտանիք արդեն ստացել է հավաստագիր, նրանցից 1600-ն արդեն բնակարան են գնել։ «Կարծում եմ՝ գումարները հիմնականում բավարարում են՝ բնակարան գնելու համար, եթե չխոսենք Երեւանի եւ երեւանամերձ բնակավայրերի մասին»,- ասաց փոխնախարարը։

«Էն մնացած մարդիկ, որ ՀՀ քաղաքացիություն ստացել են, բայց հավաստագիր չեն ստացել, դուք խնդիր չեք տեսնո՞ւմ, ո՞րն է այդ խնդիրը։ Մենք դա ենք ուզում հասկանալ, իմ կարծիքով՝ խնդիրն այն է, որ եղած գումարը չի բավարարում բնակարանային հարցերը լուծելու համար։ Եթե տենց լավ ծրագիր լիներ, կարծում եմ՝ ոչ մեկ չէր ուզի վարձով մնալ կամ բնակարանային խնդիրներ ունենալ։ Մենք վերջերս նաեւ ռեպորտաժ տեսանք, երբ արցախցի մեր հայրենակիցը մեքենայի մեջ է քնում։ Խնդիրը պիտի ռեալ հասկանանք, որ կարողանանք դրա լուծումները տալ»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարն ի պատասխան հարցադրում արեց․ «Պարոն Դանիելյան, իսկ ի՞նչն է խանգարում՝ դիմել եւ ստանալ քաղաքացիություն, հետո ստանալ հավաստագիր եւ հետո այդ ժամանակ նոր բարձրաձայնել, որ գումարը չի հերիքում։ Այսինքն՝ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիություն չեն ստացել, բայց կա դժգոհություն, որ այդ գումարը չի բավարարում։ Նախ պետք է ստանալ քաղաքացիություն, հետո անցնել այն ճանապարհը, որն այս 1600 ընտանիքներն անցել են եւ արդեն իրացրել են իրենց իրավունքը։ Մենք Հայաստանում ունենք 250 բնակավայր, այդ թվում՝ քաղաքային, որտեղ ընտանիքի մեկ անդամի հաշվով աջակցության չափը կազմում է 5 մլն դրամ։ Այսինքն՝ մենք 250 բնակավայրում 25 մլն-ով 5 հոգանոց ընտանիքին չենք կարողանո՞ւմ ապահովել բնարանով։ Կարծում եմ՝ մի քիչ տեղին չէ այդ պատճառով չդիմել ու չստանալ քաղաքացիություն։ Եվ մենք ունենք 4 մլն դրամանոց շուրջ 650 բնակավայր, ինչը կարծում եմ՝ ամբողջությամբ բավարարում է այդ հարցերը լուծելու համար»,- նշեց Խաչատրյանը։

Պատգամավոր․ ինչո՞ւ արցախցիները քիչ են դիմում բանկեր

«Վերջին շրջանում լուրեր են տարածվում, որ ՀՀ-ն մերժում է շատ մարդկանց ՀՀ քաղաքացիություն տրամադրել, ՀՀ անձնագրեր տրամադրել։ Այս լուրերն ինչպե՞ս կմեկնաբանեք»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում արցախցիների բնակապահովման ծրագրի համար վարկային միջոցներ ներգրավելու հարցի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ նկատի ունենալով արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը։

«Ես այսօրվա դրությամբ թվերը կարող եմ նշել՝ մեր տեղահանված հայրենակիցներից ՀՀ քաղաքացիություն են ստացել 26 233-ը, որից 16 919-ը չափահաս են, իսկ 8314-ը անչափահասներ են։ Քաղաքացիության համար դիմած եւ դեռեւս մշակման փուլում գտնվող դիմումների թիվը կազմում է 6 696։ Ինչ վերաբերում է քաղաքացիությունը մերժելու լուրերին, անկեղծ ասած, նման տեղեկություններ չունեմ։ Մենք ամենօրյա ռեժիմով տեղահանված մեր հայրենակիցների հետ շփումների մեջ ենք եւ որեւէ նման ահազանգ չենք լսել։ Բայց քանի որ քաղաքացիության հարցերով զբաղվում է ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, եւս մեկ անգամ իրենց հետ կքննարկենք հարցը»,- ասաց փոխնախարարը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն էլ հարցրեց փոխնախարարին՝ ինչո՞ւ է ծրագրից օգտվողների թիվը քիչ։ Բանկերում մոնիտորինգ արե՞լ են, տեղահանված անձինք ի՞նչ խնդիրների են բախվում, արդյոք այդ խնդիրների պաշտճառո՞վ է, որ դիմումները քիչ են։

Դավիթ Խաչատրյանը հայտարարեց, որ բանկերի մասով որեւէ խնդիր չկա։ «Մենք թվով վեց բանկերի հետ կնքել ենք այս ծրագրի սպասարկան պայմանագիր։ Եվ դա բավականին հեշտացված ու մշակված ընթացակարգ է։ Դիմելիության մասով՝ քանի որ գլխավոր պայմաններից մեկը ՀՀ քաղաքացիություն ստանալն է, ինչպես նշեցի, արդեն 30 հազարից ավելի մարդիկ դիմել են, նրանց մեծ մասը ստացել են, մենք սա մեծապես կապում ենք քաղաքացիության դիմելիության տեմպերի հետ։ Մեծ հաշվով բավականին մոտ են այն թվերը, որ դիմում են ՀՀ քաղաքացիության համար եւ ստանալուց հետո արդեն հավաստագրի համար են դիմում»,- ասաց փոխնախարարը։

 

Քննարկվել է արցախցիների բնակապահովման համար 250 մլն․ վարկը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում է նաեւ ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքված «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» ծրագրի վարկայի համաձայնագիրը վարերացնելու մասին օրենքի նախագիծը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ասաց, որ ծրագիրը նպատակ ունի զարգացնել կայուն, դիմացկուն եւ ներառական բնակարային համակարգ Հայաստանում՝ աջակցելով Արցախից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը եւ բարեկեցությանը։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Ասիական զարգացման բանկի եւ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի միջոցների հաշվին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից ՀՀ-ին տրամադրել 250 մլն դոլար վարկ։ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմանդրամի կողմից տրամադրվող դրամաշնորհներն էլ կազմում են 16 450 հազար դոլար։

«Ծրագիրը նպատակ ունի ֆինանսավորել կառավարության կողմից դեռեւս 2024 թվականին հաստատված Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական աջակցության ծրագիրը։ Հիշեցնեմ, որ պայմաններին բավարարելու դեպքում ընտանիքները կարող են դիմել եւ ստանալ հավաստագրեր, ինչի միջոցով կարող են գնել իրենց նախընտրած բնակարանը կամ բնակելի տունը՝ իրենց նախընտրած բնակավայրում։ Նշեմ, որ այսօրվա դրությամբ 3810 ընտանիք դիմել եւ ստացել է բնակարանի հավաստագիր, որոնցից 1631-ը ձեռք են բերել իրենց սեփական տունը կամ բնակարանը»,- ասաց փոխնախարարը։

Վարկը տրամադրվում է 27 տարի ժամկետով, եւ առաջին 10 տարին արտոնյալ ժամկետ է սահմանվում։

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն․ Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողվոի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ Իրանից հնչող անհանգստություններին։

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է․ «Թրամփի, այսպես կոչված Կովկասի ծրագիրը ոչնչով չի տարբերվում Զանգեզուրի միջանցքից, և Իրանը կտրականապես դեմ է դրան»։

Սարգիս Խանդանյանն ասաց, որ որեւէ նոր մանրամասներ ի հայտ չեն եկել, TRIPP ինչպես կա, շարունակում է մնալ ենթակառուցվածքային նախագիծ, որոշ առումով նաեւ բիզնես նախագիծ։ Այն հայ-ամերիկյան երկկողմ նախագիծ է, այդ նախագծում որեւէ անվտանգային բաղադրիչ չկա։ Դրա նպատակն է Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումը։

«Իրանի մեր գործընկերների հետ միշտ տարբեր մակարդակներում հաղորդակցություն կա, հիշո՞ւմ եք՝ նախագծը նոր էր ներկայացվել, Իրանի արտգործնախարարը եւ այլ պաշտոնյաներ հանդես եկան հայտարարություններով՝ ասելով, որ իրենց անհանգստությունները փարատված են։ Իրանի մեր գործըներների հետ մշտական կապի մեջ ենք, եթե լինում է որեւէ անհանգստություն, Հայաստանն օպերատիվ կերպով արձագանքում է։ Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն, որովհետեւ նախ Հայաստանը որեւէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու։ Հայաստանն ունի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի շրջանակ, որը չի ենթադրում որեւէ կերպ ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ընդհանրապես TRIPP համատեքստում դրա մասին խոսելը նպատակահարմար չէ, որովհետեւ TRIPP-ը ենթակառուցվածքային ծրագիր է»,- ասաց Խանդանյանը։

Անդրադառնալով Ռուսաստանից հնչող հայտարարություններին, թե պատրաստ են քննարկել Թրամփի ուղի նախաձեռնությանը Մոսկվայի հնարավոր մասնակցության հարցը, Սարգիս Խանդանյանն ասաց․ «TRIPP նախագիծը երկկողմ նախագիծ է, Հայաստանի, եւ ԱՄՆ-ի միջեւ են բանակցություններն ընթանում։ Որեւէ կողմի ներգրավման հարցերը հետագայում են քննարկվելու, ինչպես համաձայնագրում է գրված՝ կողմերի համաձայնությամբ, այսինքն՝ կոնսենսուսով»։

 

Գլխավոր հարցն այն է, թե ում կմեղադրեն Ուկրաինայի շուրջ բանակցությունների ձախողման համար

Բեռլինում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցություններից հետո Կիևի և Մոսկվայի միջև կնքված խաղաղության համաձայնագրի հարցերի 90%-ը կարելի է համարել լուծված։ Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտնել են Sky News-ը և Bloomberg-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։ Բայց կարևորը  մնացած 10 տոկոսն է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, դեկտեմբերի 15-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով, ընդունել է, որ Կիևի և Վաշինգտոնի դիրքորոշումները տարածքային հարցի վերաբերյալ տարբերվում են։ Նա խնդիրը բնութագրել է որպես բարդ և ցավոտ, իսկ Բեռլինում բանակցությունները՝ դժվար, բայց արդյունավետ։

Մի շարք հարցերի շուրջ արդեն իսկ փոխզիջում է ձեռք բերվել։ Մասնավորապես, Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց, բայց դա կանի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի հետ ունենա երկկողմ համաձայնագիր անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որոնք նման են դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածում պարունակվող երաշխիքներին (ՆԱՏՕ-ի մեկ երկրի դեմ ագրեսիան համարվում է բոլորի դեմ ագրեսիա)։ Կիևը նաև ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ եվրոպական երկրներից, Կանադայից և Ճապոնիայից։

Ուկրաինան ԵՄ անդամակցությունը համարում է այդպիսի երաշխիքներից մեկը։

Ըստ Wall Street Journal-ի և Bloomberg-ի՝ Բեռլինում Զելենսկին հրաժարվել է զորքերը դուրս բերել Դոնբասից՝ պնդելով, որ բանակցությունների մեկնարկային կետը պետք է լինի ներկայիս առաջնագիծը։ Politico-ի համաձայն՝ Ուկրաինան նաև մերժել է տարածաշրջանում ապառազմականացված «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու ամերիկյան առաջարկը։

«Մենք պետք է հասկանանք, որ եթե նա [Պուտինը] վերցնի Դոնբասը, ամրոցը կփլուզվի, և այդ ժամանակ նրանք անպայման կանցնեն ամբողջ Ուկրաինայի գրավմանը։ <…> Եթե Ուկրաինան նահանջի, [Եվրոպայի] մյուս տարածաշրջանները նույնպես վտանգի տակ կլինեն», – հայտարարել է ԵՆ արտաքին հարցերի հանձնակատար Կայա Կալլասը։

Բանակցություններից հետո, երբ հարցրել են, թե արդյոք Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումներ անել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է. «Անկեղծ ասած, նրանք արդեն կորցրել են որոշ տարածքներ»։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ներկայացրել է Սուրբ Ծննդյան և Նոր տարվա համար Ուկրաինայում հրադադարի ռեժիմ հաստատելու գաղափարը։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան և ԱՄՆ-ն աջակցում են Գերմանիայի կանցլերի առաջարկին։ Նա հավելել է, որ ուկրաինական կողմը աջակցում է ցանկացած հրադադարի, բայց հիմա գնդակը Ռուսաստանի դաշտում է։

Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները առաջարկել են ստեղծել «բազմազգ ուժեր»՝ Կիևի և Մոսկվայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը աջակցելու համար։ Այս մասին ասվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Դանիայի, ինչպես նաև Բեռլինում բանակցություններին մասնակցած Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։

«Եվրոպական գլխավորությամբ «Բազմազգ ուժերը Ուկրաինայի համար», որոնք կստեղծվեն «Կամեցողների կոալիցիայի» շրջանակներում շահագրգիռ երկրների կողմից՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ, կնպաստեն Ուկրաինայի զինված ուժերի վերականգնմանը, կապահովեն Ուկրաինայի օդային տարածքի անվտանգությունը և կպահպանեն ծովային անվտանգությունը, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում գործողությունների միջոցով», – նշվում է փաստաթղթում։

Այն ընդգծում է, որ խաղաղ ժամանակ ուկրաինական բանակի առավելագույն թվաքանակը պետք է կազմի 800,000 զինվոր։ Ավելին, պետք է ստեղծվի «ԱՄՆ գլխավորությամբ հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ»՝ միջազգային մասնակցությամբ, ինչպես նաև փոխադարձ դեէսկալացիայի միջոցառումների մշակման մեխանիզմ։

Հայտարարության համաձայն՝ Եվրոպան իրավաբանորեն պարտավոր է միջոցներ ձեռնարկել «Ուկրաինայի վրա ապագա զինված հարձակման դեպքում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»։

Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը և երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները կարող են նախագահ Վլադիմիր Զելենսկուն մոտեցնել խաղաղության համաձայնագրի, հաղորդում է The Washington Post-ը։

Ամերիկացի պաշտոնյաների մեկնաբանություններից դատելով՝ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ, հնարավոր է, քննարկվել է նաև Ուկրաինայում ընտրությունների հարցը։

Նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում խոսել էր Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Զելենսկին պատասխանել էր, որ չի կառչում իշխանությունից և պատրաստ է անցկացնել քվեարկությունը, բայց միայն այն պայմանով, որ Միացյալ Նահանգները կարողանա ապահովել  անվտանգությունը։

Ուկրաինայի օրենքները հստակորեն արգելում են ընտրություններ անցկացնել պատերազմական ժամանակ, սակայն Զելենսկին հայտնել է օրենսդրությունը համապատասխանաբար փոփոխելու իր պատրաստակամությունը։

BBC-ն հարցնում է, թե ո՞ւմ կմեղադրի Թրամփը խաղաղության գործընթացի խափանման համար, եթե համաձայնագիրը չհաջողվի՝ Ուկրաինային և Եվրոպային, թե՞ Ռուսաստանին, քանի որ Մոսկվան կարող է չհամաձայնվել այս ամենի հետ։

Զելենսկին Բեռլինում բանակցություններից հետո լրագրողներին ասել է, որ կողմերը այս շաբաթ կշարունակեն աշխատել խաղաղության ծրագրի վրա, իսկ ամերիկացիները խորհրդակցություններ կանցկացնեն Մոսկվայի հետ, որից հետո ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները կրկին կհանդիպեն Միացյալ Նահանգներում։

ՊՆ-ն հերքել է Մեղրիի ուղղությամբ գրոհի մասին գրառումը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է պահեստազորի գնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը, թե դեկտեմբերի 7-8-ին Մեղրիի զորամասի ուղղությամբ գրոհ է եղել։

ՊՆ մամուլի քարտուղարը սոցցանցերի իր էջում գրել է.

«Զինված ուժերում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ:

ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից և չներքաշվել ՀՀ շուրջ հիբրիդային սպառանալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացի մեջ:

Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը»:

Հիշեցննք, Նաիրա Գևորգյանը գրել է, որ 7-8-ին Մեղրիի զորամասի ուղղությամբ գրոհ է եղել, որը հետ է մղվել ՀՀ ԶՈւ-ի կողմից։ “Միևնույն ժամանակ, վերադասի կողմից տրվել է “չկրակել” հրաման”։