Հեղինակ՝ naira
Ո՞վ է տոկոսներ ստանում Արցախի սառեցված միջոցներից
«Խոսքս ուղղում եմ Բալայան Արտակին, արցախցիների շրջանում առավել հայտնի «Արցախաբանկի» Արտակին. պարոն Բալայան, «Արցախբանկի» բաժնետոմսերի 43% պատկանում է ներդրումային հիմնադրամին, 20 միլիարդից ավելի գումարների կառավարմանը մենք որևիցե կերպ չենք կարողանում մասնակցել։
Միայն 2024 թվականին շահույթը կազմել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ։ Ինձ վստահեցրել են որ այդ հանդիպումը տեղի է ունենալու, բայց արդեն մի քանի ամիս է որևիցե դրական դինամիկա չկա։
Այս տեսանյութը կարող եք համարել հանդիպման ևս մեկ առաջարկ, ժամն ու տեղը որոշեք ինքներդ»։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, նշելով, որ որոշ արցախյան պաշտոնյաներ հրաժարվում են պատասխանել պարզ հարցերին։
Հարցերը վերաբերվում են նախ արցախցիների միջոցներին։
2023 թվականի սեպտեմբեր 19-20-ը ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության հայաթափման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից սառեցվել են Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները, որի հետևանքով մինչև այսօր հնարավոր չէ վճարել ավելի քան 22 հազար աշխատողների չվճարված աշխատավարձը, վերջնահաշվարկները և արձակման նպաստները: Խնդիրը բազմիցս ներկայացվել է ՀՀ կառավարությանը, սակայն մինչև օրս որևէ լուծում չկա: Այս մասին մի քանի օր առաջ հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրի համաձայն 2023 թվականի հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատված աշխատողների վերջնահաշվարկները և արձակման նպաստները կազմել են ավելի քան 5 միլիարդ ՀՀ դրամ, իսկ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված աշխատավարձը` ավելի քան 550 միլիոն ՀՀ դրամ։
Կուտակային կենսաթոշակային համակարգով արցախցիների կուտակած մոտ 20 մլրդ ՀՀ դրամին հասնող միջոցներն Արցախի օրենսդրությամբ պետք է վերադարձվեն արցախցիներին։ Հայաստանն այս գումարների նկատմամբ որևէ իրավասություն ունենալ չի կարող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Արցախյան հարցը հայկական քաղաքական ուժերի ծրագրերում. ո՞ւր ենք գնում
Հայաստանում աստիճանաբար ձևավորվում է քաղաքական ուժերի մի շրջանակ, որոնք պատրաստ են մտնել իշխանության համար պայքարի մեջ հայոց պատմության այս ծանր խաչմերուկում: Բացի «Քաղաքացիական պայմանագրից», որն արդեն իսկ ագրեսիվ քարոզչություն է սկսել և սպառնում է անկախության կորստով, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժերն են հայտ ներկայացրել մասնակցելու համար, և ավելի փոքր կուսակցություններն արդեն սկսում են միանալ նրանց: Չնայած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, դեռևս հայտնի չէ, թե որ կուսակցությունը կամ դաշինքը կգլխավորի նա։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը դեռևս չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին, և, հավանաբար, բաց կթողնի այս ընտրական ցիկլը: ՀՀԿ-ն իրեն ներկայացնում է որպես ազգային կուսակցություն, որը առաջնորդվում է Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքով։
ՀՀԿ-ի և այլ ազգային կուսակցությունների (օրինակ՝ Ազգային ժողովրդավարական բևեռի) բացակայությունը ընտրական մրցակցությունից կնշանակի, որ ազգային դիսկուրսը տաբու տակ է այս ընտրություններում: Սա եզակի իրավիճակ է հայոց ժամանակակից պատմության մեջ, քանի որ մինչ օրս քաղաքական մրցակցությունը պտտվում էր ազգային-պետական նպատակների շուրջ։
Այն, որ ներկայիս ընտրարշավը կլինի անդեմ արտաքին տնտեսական կողմնորոշման շուրջ, հիմնականում վկայում է քաղաքական ուժերի հռետորաբանության մեջ Արցախի հարցի բացակայությունը: Կուսակցությունները այս հարցը տոքսւկ են համարում՝ մասնավոր զրույցներում խոստանալով վերադառնալ դրան ընտրություններից հետո։
Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ քաղաքական կուսակցությունները կկարողանան խուսափել այս հարցից, և որոշ պահի նրանք ստիպված կլինեն արտահայտել իրենց դիրքորոշումը, եթե ոչ Արցախի, ապա՝ արցախցիների հարցի վերաբերյալ։
Այսօր Ավետիք Չալաբյանի նոր կուսակցությունը՝ «Հայկական քվեն», հայտարարեց նման դիրքորոշման մասին՝ նշելով, որ իր նախընտրական ծրագրի հիմնական կետերից մեկը կլինի Արցախի վերահայացումը, որը նա անվանեց դժվար, բայց ոչ անհույս խնդիր։
Սամվել Կարապետյանի կուսակցությունը նախկինում խոստացել էր հաղթանակի դեպքում տարբեր քաղաքներում կառուցել կոմպակտ թաղամասեր արցախցիների համար։
Մնացածը լուռ աջակցում են կառավարության կողմից հայտարարված՝ արցախցիների «ինտեգրման», այլ կերպ ասած՝ «նատուրալիզացիայի» միջոցով նրանց իրավազրկելու կուրսին։
Իշխող կուսակցությունը ոչ միայն անտեսում է այս հարցը, այլև նախապես մեղադրում է այն բարձրացնողներին Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ, նաև սպառնում են, որ այդ հարցի բարձրաձայնելը կարող է հանգեցնել սրացման և անկախության կորստի։
Որոշ արցախցիներ կամաց-կամաց միանում են այս կամ այն քաղաքական ուժին։ Սակայն քիչ հավանական է, որ արցախցիները նախընտրական քարոզարշավի ընթացքում բարձրացնեն արցախյան խնդիրները և բարձրացնեն դրոշներ։
Նրանց, ով բարձրացնում է Արցախի դրոշն, իշխանությունները մեղադրում են “անջատողականության” մեջ և ասում, որ «չեն հանդուրժի պետություն պետության մեջ»։ Մինչդեռ երբ արցախցիները ծածանում են Հայաստանի դրոշը, դա դիտվում է որպես ռևանշիզմ և հղում է 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշմանը, ինչը անընդունելի է և՛ իշխանության, և՛ “ընդդիմության” համար։
Արցախցիները հայտնվում են միջհայելային վիճակում՝ օտարներ յուրայինների մեջ։
Կառավարության վերաբերմունքը Ղարաբաղից տեղահանված անձանց նկատմամբ վերջին երկուսուկես տարիների ընթացքում փոխվել է՝ նվազագույն սոցիալական օգնությունից, որը ուղեկցվում էր ատելության և մեղադրանքների հռետորաբանությամբ, մինչև գրեթե զրոյական աջակցություն և լիակատար անտեսում։
Ղարաբաղցիների մեծ մասը մնում է Հայաստանում՝ չնայած սոցիալական օգնության կրճատումներին և ակնհայտորեն անիրատեսական բնակարանային ծրագրերին: 070 կոդով հայկական անձնագրերի փոխարեն նրանց տրամադրվում են 099 կոդով ՀՀ անձնագրեր, որը տրվում է առաջին անգամ է Հայաստանի քաղաքացիություն ստացող անձանց: Ժամանակավոր պաշտպանության վկայականի համար դիմելիս արցախցիներին ստիպում էին գրել. «Ես որևէ պետության քաղաքացի չեմ»:
Արցախցիների նկատմամբ իրավական և սոցիալական կամայականությունը, Արցախից փախստականների հարցերով զբաղվող միասնական պետական մարմնի և նրանց սոցիալական խնդիրները համապարփակ լուծող միասնական ֆոնդի բացակայությունը՝ հստակ քաղաքականության մաս է, որը պետք է ցույց տա, որ գոյություն չունի «արցախցիները Հայաստանի լիիրավ քաղաքացիներ» հասկացություն:
Ինչպե՞ս են այս հարցին արձագանքելու ընտրարշավին մասնակցել ձգտող քաղաքական ուժերը: Ի վերջո, այս հարցի պատասխանն է որոշելու, թե ինչպես են քաղաքական ուժերը պատկերացնում Հայաստանի ապագան, իրենց երեխաների ապագան, այն, թե ուր ենք գնում:
Չալաբյան․ Արցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է
«ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն այսօր ներկայացրեց իրենց նախընտրական ծրագրի հիմնական դրույթները՝ նշելով, որ Արցախի վերահայացումն իրենց քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է եղել ու կմնա։
Հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում, որ Արցախը նորից հայկական կլինի, Չալաբյանը պատասխանեց․ «Արցախը հետ վերադարձնելը լինելու է բարդ եւ բազմափուլ գործողություն, որովհետեւ այդ գործողության համար պետք է, օրինակ, ամրապնդել մեր իրավական բոլոր թեզերը եւ Արցախի նկատմամբ մեր իրավունքը։ Պետք է կարողանալ ուժային հիմնական կենտրոններում վերակենդանացնել այդ օրակարգը, միջազգային տարբեր դատական ատյաններում մեր հայցերի միջոցով Արդբեջանի համար անելանելի իրավիճակ ստեղծել, երբ, օրինակ, նա ստիպված կլինի հատուցել գույքի համար կամ կորսված կյանքերի համար։ Մեզ պետք է լինելու կարողանալ Հայաստանում բնակեցված արցախցիներին համախմբել, թույլ չտալ, որ նրանք այստեղից արտագաղթեն, պետք է կարողանանք պահպանել նրանց մշակույթը, ինքնությունը եւ վերադառնալու ցանկությունը։
Ուստի, այս ամենը գործողությունների մեծ կոմպլեքս է, եւ եթե մենք դրանցից գոնե մեկն էլ չանենք, մեր ամբողջ խոսակցություններն Արցախի վերահայացման մասին կլինեն դատարկ խոսակցություններ։ Մենք Արցախի նկատմամբ իրավունքից չպետք է հրաժարվենք, բայց որ ավելի կարեւոր է՝ այդ իրավունքը շարունակաբար պետք է վերահաստատենք։ Եվ ժամանակի ընթացքի, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուժային հավասարակշռությունն աստիճանաբար կփոխվի մեր օգտին, մենք ի վերջո Ադրբեջանին կկարողանանք բերել այն լուծման, որ ինքը կհամաձայնի արցախցիների վերադարձին»։
Ավետիք Չալաբյանն անդրադարձավ նաեւ Նախիջեւանի հարցին, ասաց, որ Ալիեւը Արցախը բռնազավթելուց հետո այս վերջերս բռնազավթել է նաեւ Նախիջեւանը, բայց Հայաստանում գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձրել դրա վրա։
«Տեղի է ուենցել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության վերացում եւ բռանզավթում Ադրբեջանի կողմից։ Հիշեցնեմ ձեզ, որ Նախիջեւանը ՀՀ կողմից Ադրբեջանին զիջվել է պրոտեկտորատ մնալու, ինքնավարություն ունենալու պայմանով։ Ինքնավարությունը վերացվել է, բայց ՀՀ-ում դրա մասին ոչ ոք չի խոսում, թեեւ մենք Նախիջեւանի Հանրապետության շահառուներից մեկն ենք Կարսի պայմանագրով»,- ասաց նա։
Եղանակը տաքանում է. գարուն է գալիս
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ օդերևութաբանները կանխատեսում են օդի ջերմաստիճանի բարձրացում ամբողջ Հայաստանում։
Նշվում է, որ փետրվարի 18-ին որոշ շրջաններում հնարավոր են տեղումներ։ Ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։
Փետրվարի 18-ին Շիրակում և Գեղարքունիքում ջերմաստիճանը կհասնի +10°C-ի, Կոտայքում՝ +13°C-ի, Լոռիում՝ +19°C-ի, Տավուշում՝ +23°C-ի, Արագածոտնում՝ +15°C-ի, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում՝ +18°C-ի, իսկ Սյունիքում՝ +24°C-ի։
Երևանում օդերևութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ, իսկ Հայաստանի մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +17°C-ի։
Իսկ որտե՞ղ էիք, երբ հայ ժողովրդի արժանապատվությունն էր ոտնահարվում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ուկրաինացիները կմերժեն խաղաղության համաձայնագիրը, որը նախատեսում է զորքերի միակողմանի դուրսբերում Դոնբասից և դրա հանձնում Ռուսաստանին: «Նրանք [ուկրաինացիները] չեն ների… ինձ, նրանք չեն ների [Միացյալ Նահանգներին]», – համոզված է նախագահը: «Եթե մենք փաստաթղթում ներառենք կետ, որը նշում է, որ մենք կմնանք շփման գծում, կարծում եմ՝ ժողովուրդը կաջակցի դրան հանրաքվեի ժամանակ», – հավելել է նա:
Զելենսկու խոսքերից ենթադրվում է, որ եթե Ռուսաստանը հրաժարվի Դոնեցկի մարզի այն մասի նկատմամբ իր պահանջներից, որը մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ, ուկրաինացիները կարող են քվեարկել արդեն օկուպացված տարածքներից՝ Ղրիմից և Դոնբասից հրաժարվելու օգտին:
Նա ընդգծեց, որ տարածքային հարցերում առաջընթացի հասնելու լավագույն միջոցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպումն է: Քաղաքական գործիչը նշել է, որ իր թիմին հանձնարարել է ապագայում Ժնևում ղեկավարության մակարդակով հանդիպում կազմակերպել: Զելենսկին, կարծես, վճռականորեն տրամադրված է համոզել Պուտինին հրաժարվել Դոնեցկի մարզի մի մասից ուկրաինական զորքերը դուրս բերելու պահանջից, քանի որ ուկրաինացիները դա համարում են իրենց արժանապատվության վիրավորանք: Մեկ հարց է, երբ տարածքները զավթվում են կատաղի կռիվերի արդյունքու, մեկ այլ հարց է՝ երբ քեզ “ինքնակամ” ստիպում են հեռանալ քո տնից։
Վերջերս աշխարհի առաջնորդները սկսել են ավելի հաճախ խոսել այն մասին, որ խաղաղություն չի կարող լինել, եթե պատերազմող կողմերից մեկը նվաստացնում է մյուսին։ Խաղաղությունը նշանակում է արժանապատվության պահպանում, ասում են նույն քաղաքական գործիչները, ովքեր ընդամենը երկուսուկես տարի առաջ դեմ չէին կամ նույնիսկ աջակցում էին Արցախի օկուպացիային, նրա բնիկ բնակչության բռնի տեղահանմանը ցեղասպանության սպառնալիքով, իսկ հիմա՝ հայ ժողովրդին Հայկական լեռնաշխարհում պետականությունից զրկելուն։ Ոչ ոք դեմ չեղավ, երբ Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին զորքեր մտցրեց Արցախ, չնայած նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի համեստ համանախագահ էր։
Ով քամի է ցանում, փոթորիկ կհնձի։ Եթե արժանապատվությունը մի անգամ ոտնահարվում է, դա երբեք չի ավարտվում։
Եպիսկոպոսաց ժողովն այսօր սկսում է
«Ավստրիական Kathpressը գրել է, որ այսօրվանից Ավստրիայի սուրբ Պյոլթենում մեկնարկում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որին մասնակցելու են մոտ 30 եպիսկոպոս, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ այլ եպիսկոպոսներ կմասնակցեն առցանց:
Ո՞վ է կազմակերպել արցախցիների բռնի տեղահանությունը. նոր վարկածներ
Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին վարչապետ Ռուբեն Վարդանյանին։ Նա մեղադրվում է պատերազմ պլանավորելու, բնակչությանը տեղահանելու, մարդկանց բռնի անհետացման, կտտանքների կիրառման, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ծանր հանցագործությունների մեջ։
Թե ինչ է անվանվում «բնակչության տեղահանություն», հնարավոր չէ հստակ որոշել, բայց այն հարցը, թե ով է կազմակերպել արցախցիների բռնի տեղահանությունը 2023 թվականի սեպտեմբերին, անխուսափելիորեն դառնում է վճռորոշ։ Տեղահանությունն իրականացվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, ցեղասպանության սպառնալիքի ներքո, ռուսական զորքերի ներկայությամբ և առնվազն Հայաստանի կառավարության լուռ համաձայնությամբ։
Տեղահանության մեղադրանքը մի օր կարող է ճակատագրական դեր խաղալ Ալիևի համար, և այժմ նա փորձում է մեղքը բարդել Վարդանյանի և Արցախի ղեկավարության վրա, ասելով, որ նրանք գործել են ռուս պաշտոնյաների հրամանով։
Վարդանյանի դատավճռից հետո Բաքվի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը հայտարարել է «Վարդանյանի ֆայլերի» (Էպշտեյնի ֆայլերի պես) մոտակա հրապարակման մասին․ դրանք, ենթադրաբար, լույս կսփռեն ռուս բարձրաստիճան պաշտոնյաների գործերի վրա, որոնց փողերը լվացվել են Վարդանյանի միջոցով։ Եվ չնայած Պուտինի գաղափարախոս Դուգինը բացահայտորեն խոստովանեց, որ Ռուսաստանն է օգնել Ադրբեջանին զավթել Ղարաբաղը, Բաքուն այժմ փորձում է իրեն ազատել մի ամբողջ ժողովրդի ցեղասպանության և տեղահանության ծանր մեղքից։
Արցախցիների տեղահանության անջնջելի մեղքը ընկնում է նաև Հայաստանի կառավարության վրա, որը 2020 թվականից հետո ոչ միայն հրաժարվեց Արցախի և արցախցիների անվտանգության ապահովումից, այլև, 2022 թվականի հոկտեմբերին «խորհրդային սահմանների» մասին Պրահայի հռչակագիրը ստորագրելով, կանաչ լույս վառեց ադրբեջանական ագրեսիայի համար։
«Ադրբեջանի խորհրդային սահմանների վերականգնման» վերաբերյալ հանցավոր կոնսենսուսի մասնակիցները հույս ունեին տեղահանել Արցախի բնակչության մի մասին և թողնել մնացածին, ինչը Բաքվին, Երևանին և Մոսկվային կմաքրեր ցեղասպանության ծանր մեղադրանքից։
Սակայն Արցախի ժողովուրդը չտրվեց այս կեղտոտ քաղաքական հաշվարկներին՝ թողնելով հանցագործությունը կատարածների վրա ցեղասպանության հավերժական խարանը։
Տեղահանությունից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները բազմիցս մեղադրեցին արցախցիներին՝ Մոսկվայի կողմից վերահսկվող դաշնակցականների և այլ ուժերի կոչերին ենթարկվելու և Ղարաբաղը լքելու համար։ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ ստորագրել է «Արցախի լուծարման մասին» հրամանագիր՝ պայմանով, որ բնակչությանը թույլատրվի հեռանալ։ Սակայն արցախցիների հեռանալու և ցեղասպանությունից խուսափելու որոշումը խափանեց ծրագրերի մեծ մասը։
Թե ինչ կլիներ Արցախում մնացածների հետ, կարելի է դատել Բաքվի դատարանի դատավճիռներով և երկուսուկես տարի անց Ստեփանակերտից 10 մարդկանց դաժան արտաքսմամբ։
Սակայն այսօր հնչեց մեկ այլ տարբերակ այն մասին, թե ով էր շահագրգռված արցախցիների արտաքսմամբ։
Հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից հիմնված էր ԱՄՆ շահերի վրա։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը՝ ելույթ ունենալով «Ժողովրդավարական անվտանգություն» 3-րդ ամենամյա հայկական ֆորումում։
Ըստ նրա՝ Բայդեն-Բլինքենի վարչակազմը նպատակ ուներ նվազեցնել ռուսական ներկայությունը տարածաշրջանում, ինչպես նաև ապահովել արցախցիների տեղափոխումը Հայաստան։
Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան», Խառատյանը ընդգծել է, որ 2022 թվականի Պրահայի համաձայնագրերից առաջ Հայաստանում հյուրընկալվել են ամերիկացի պաշտոնյաներ, որոնք, նրա խոսքով, կոչ են արել «դիմել Արցախի ժողովրդին տեղափոխվելու Հայաստան»։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Ադրբեջանի ագրեսիայից երկու օր առաջ, Կոստանդնուպոլսում տեղի է ունեցել ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպում, որի ժամանակ էլ որոշում է կայացվել օկուպացնել Արցախը և տեղահանել նրա բնակիչներին։
Հարցն այն է, թե ինչի՞ համար են դատվում Բաքվում բանտարկված 19 անձինք։ Եվ ե՞րբ են դատվելու Արցախում տեղի ունեցած ցեղասպանության իրական մեղավորները։
Ճապոնիայի կառավարության 5,2 մլն․ դոլար դրամաշնորհ՝ արցախցիներին աջակցելու նպատակով
Ինչպես հայտնում է EJC-ն, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուտակա Աոկին և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Նաթիա Նացվլիշվիլին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ պարոն Արման Խոջոյանի ներկայությամբ, ստորագրեցին դրամաշնորհային համաձայնագիր նոր ծրագրի համար։
Ծրագիրն ուղղված է դիմակայուն գյուղատնտեսության խթանմանը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և նրանց հյուրընկալող համայնքներին աջակցելու նպատակով։ Այս նախաձեռնության շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը կտրամադրի 5.2 միլիոն ԱՄՆ դոլար՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում գյուղատնտեսության ոլորտում զբաղվածությանը նպաստելու համար։
Վաղը ակցիա է․ տաքսու վարորդները պահանջում են գրանցել իրենց որպես աշխատողներ
Փետրվարի 18–ին, ժամը 15:00-ից մինչև 17:00 Բրազիլիայի հրապարակում իրականացվելու է ստորագրահավաք օնլայն տաքսու վարորդների կողմից՝ պահանջ բողոքով, որը հետագայում ներկայացվելու ՀՀ կառավարություն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրոել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Օնլայն տիրույթում գրանցված կան շուրջ 120 000 վարորդ, որոնցից շուրջ 40 000-ի համար իրենց միակ աշխատանքն է և աշխատում են շուրջ 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն համարվում Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու, այսինքն հնարավորություն չունեն անվճար բուժ օգնություն ստանալու։
Պահանջները հետևյալն են.
1. Ոլորտը կառավարելի դարձնել և մեր վարորդների իրավունքները պաշտպանված դարձնել
2. Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքի փոխել՝ պահանջելով 22-31%ից իջեցում 10 % չափով (22-31% ներառված են նաև հարկերը)
3. Այն վարորդները, որոնք 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում համարվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար
4. Այն վարորդները, որոնք 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում, դառնան Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու և հնարավորություն ունենան անվճար բուժօգնություն ստանալ»։
ԱՄՆ-ի բանակցություններն Իրանի, Ուկրաինայի, Հայաստանի հետ և բնական պաշարները
Երեքշաբթի օրը Ժնևում կայանալիք բանակցությունների ժամանակ Թեհրանը և Վաշինգտոնը, որպես հնարավոր համաձայնագրի մաս, կարող են քննարկել ԱՄՆ-ի համար Իրանի բնական պաշարներին մուտք բացելու հնարավորությունը՝ որպես ամերիկյան հարձակումը կանխելու տնտեսական խթան, հաղորդում է CNN-ը։
Այսօր Ժնևում տեղի են ունենում նաև ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ։ ԱՄՆ միջնորդությունը սկսվել է Ուկրաինայի կողմից իր հազվագյուտ մետաղների արդյունահանման իրավունքը ԱՄՆ-ին փոխանցող համաձայնագրի ստորագրմամբ։ Այդ մետաղների հինգ հանքավայրերից երկուսը գտնվում են Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում։
CNN-ի աղբյուրների համաձայն, միջուկային համաձայնագրի հետ կապված կարող են կնքվել տնտեսական գործարքներ, որոնք քննարկվել են անցյալ տարի ԱՄՆ-Իրան բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում, այդ թվում՝ «ԱՄՆ-ին իրանական նավթի, գազի և հազվագյուտ մետաղների պաշարների մշակմանը արտոնյալ մուտք տրամադրելու» վերաբերյալ։
Ռեսուրսների հարցը չափազանց կարևոր է նաև «Թրամփի ճանապարհի» համատեքստում։ Հայաստանը հարավը հարուստ է ոչ միայն հազվագյուտ մետաղների, այլև ուրանի հանքավայրերով։ ԱՄՆ-ն և Հայաստանը դեռևս պաշտոնապես չեն հայտարարել 42 կիլոմետրանոց «Թրամփի ճանապարհի» լայնության մասին։ Նիկոլ Փաշինյանը ակնարկել է 500 մետր լայնության մասին, բայց սկզբում քննարկվել է 5 կիլոմետր։ Սա նշանակում է, որ ճանապարհի գոտում գտնվող բոլոր հանքերը 99 տարի կվերահսկվեն ամերիկյան ընկերության կողմից։
Այն մասին, որ ԱՄՆ միջնորդությունը Հայաստանում կապված է ռեսուրսների հետ, վկայում է նաև Ամուլսարի հանքում ոսկու արդյունահանման նախապատրաստական աշխատանքների արագացումը։
«Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն». Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարություն է տարածել՝ կապված նրա հետ, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Հայտարարությունում ասվում է. «Այսօր իմացանք, որ Ռուբեն Վարդանյանը՝ սիրելի ամուսին, հայր, եղբայր և պապ, դատապարտվել է քսան տարվա ազատազրկման։
Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սրասափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։
Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում՝ իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից, դատավարությանն անկախ լրատվամիջոցների մասնակցությունից: Լսումներն անցկացվել են փակ դռների հետևում և այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով և, նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ։
Չնայած Ռուբենի՝ որպես հումանիստի, բարեգործի և սոցիալական ձեռներեցի հեղինակությունը վարկաբեկելու փորձերին, կառավարությունների, քաղաքացիական հասարակության առաջնորդների և միջազգային մասնագետների աջակցությունն ուժ և հույս են հաղորդում մեր ընտանիքին։
Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբենին կամ նրա հետ առնչություն են ունեցել, հասկանում են նրա դեմ առաջադրված մեղադրանքների անհեթեթությունն ու անհիմն լինելը։
Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն։
Մենք շարունակելու ենք նրա և մյուս հայ բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված մեր ջանքերը։ Կոչ ենք անում միջազգային առաջնորդներին, միջազգային իրավունքին համահունչ, ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատությունն ապահովելու և իրավունքները պաշտպանելու համար»։