Forbes․ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անհապաղ օգնության կարիք ունի՝ առանց որևէ լրացուցիչ հիմնավորման

ՄԱԿ-ի փորձագետների խումբը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման պատճառով։ Նրանք ընդգծել են, որ շրջափակումը, որը 2022 թվականի դեկտեմբերից փակ է պահում  Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, պատճառ է դարձել  բնակչության «սննդի, դեղորայքի և հիգիենայի միջոցների խիստ պակասի, ազդել է բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքի վրա և վտանգի տակ դրել բնակիչների, հատկապես երեխաների, հաշմանդամների, տարեցների, հղիների և հիվանդների կյանքը»,- գրում է Forbes-ը։

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ վերականգնել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրի։

Լաչինի միջանցքն Ադրբեջանն արգելափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Լեռնային Ղարաբաղում բնական պաշարների ենթադրյալ ապօրինի արդյունահանման պատրվակով։ Ութ ամիս անց սա վերածվեց  հումանիտար արտակարգ իրավիճակի, որն անհապաղ արձագանք է պահանջում, իսկ Ադրբեջանը շարունակում է անտեսել կարգավորման կոչերը:

2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել էր, որ Ադրբեջանի կառավարությունը, համաձայն Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի, իր իրավասության շրջանակներում պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով ծանր հիվանդների, Հայաստանում բուժման կարիք ունեցողների և առանց կացարանի ու ապրուստի միջոցների ճանապարհին մնացած մարդկանց անվտանգ տեղաշարժը:

2023 թվականի փետրվարին Միջազգային դատարանը՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական ​​մարմինը, ժամանակավոր միջոցներ ձեռնարկեց՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու համար։ Պարտադիր վճռում ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը, նախքան գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը և ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան, պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու  Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անարգել տեղաշարժը: Ադրբեջանը չի կատարել որոշումը, իսկ Լաչինի միջանցքը նախկինի պես  արգելափակված է։

2023 թվականի հուլիսի 30-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ  զրույցում խոր մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես հաղորդվել է, «Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ անցման հրատապությունը և ընդգծել այլընտրանքային ուղիների հարցում փոխզիջումների գնալու անհրաժեշտությունը, որպեսզի մարդասիրական բեռները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»։ Հայտնի չէ, թե ինչով է ավարտվել այս խոսակցությունը։

2023 թվականի օգոստոսի 8-ին արգենտինացի իրավաբան Լուիս Մորենո Օկամպոն՝  Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը, եզրակացություն  է հրապարակել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ՝ պնդելով, որ «հիմնավոր հիմքեր կան ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»։ Նա նշել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է   սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ իրերի հասանելիությունը, «պետք է ցեղասպանություն համարվի՝ համաձայն «Ցեղասպանական հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի II (գ) հոդվածի»: (Ցեղասպանության մասին կոնվենցիա)։ «Անձանց խմբի համար այնպիսի կենսապայմանների կանխամտածված ստեղծում, որոնք հաշվարկված են նրանց ֆիզիկապես ոչնչացնելու համար»: Օկամպոն ավելացրել է, որ «սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է»: «Առանց անհապաղ կտրուկ փոփոխությունների, հայերի այս խումբը մի քանի շաբաթվա ընթացքում կոչնչացվի»։ Նա կոչ է արել պետություններին գործել ցեղասպանությունը կանխելու իրենց պարտականությունների համապատասխան՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի I հոդվածի։

Լեռնային Ղարաբաղում տիրող սարսափելի իրավիճակի մասին հաղորդագրությունները վերջապես պետք է լրջորեն ընկալվեն․ անհրաժեշտ է գործել։  Քանի որ Լեռնային Ղարաբաղում սով  է, միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, ինչպես դա արել է վերջին ութ ամիսների ընթացքում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անհապաղ օգնության կարիք ունի՝ առանց որևէ լրացուցիչ հիմնավորման։

Քիմ Քարդաշյանն ու Էրիկ Էսրայելյանն անդրադարձել են Օկամպոյի՝ Արցախում ստեղծված իրավիճակին նվիրված զեկույցին

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը «Ինստագրամ»-ի իրենց պաշտոնական էջերում հրապարակել են Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցը՝ հորդորելով տարածել այն:

«Լուիս Մորենո Օկամպոն Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն է:  Նա պնդում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է համարել ցեղասպանություն Արցախի էթնիկ հայերի դեմ։ Ադրբեջանի կառավարությունը նավթի և գազի լծակներն օգտագործում է տարածաշրջանից քրիստոնյա հայ բնակչությանը ջնջելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Էսրայելյանը՝ իր հետևորդներին կոչ անելով տարածել ամբողջական զեկույցը:

Կոնգրեսական Շերմանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին Արցախի ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նոր խոսնակ ընտրվելու կապակցությամբ։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շերմանն իր շնորհավորական ուղերձը հրապարակել է իր պաշտոնական կայքում։

«Ես ողջունում եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նոր նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի ընտրության կապակցությամբ։ Ես անհամբերությամբ սպասում եմ ղեկավարության անցումային այս փուլին և աշխատանքի շարունակությանը՝ ուղղված Արցախի և հայ ժողովրդի հետ ԱՄՆ-ի կապերի հետագա ամրապնդմանը», – ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ավագ անդամը։

ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել օգոստոսի 7-ին։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով նա հավաքել է 22 կողմ, 9 դեմ ձայն։

Հայերը Գլենդելում մայրուղի են փակել Արցախում տիրող իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու համար

ԱՄՆ Գլենդել քաղաքում հարյուրավոր ամերիկահայ ցուցարարներ օգոստոսի 9-ի գիշերը փակել են մայրուղիներից մեկը, որպեսզի ուշադրություն հրավիրեն Արցախում տիրող ճգնաժամի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիան լուսաբանել է ABC7 լրատվամիջոցը։

Ցուցարարները փակել են Սենտրալ և Բրենդ պողոտաների մի մասը, այնուհետև հավաքվել են մայրուղու գոտիների վրա և պաստառներ պահել՝ կոնգրեսական Ադամ Շիֆին կոչ անելով աջակցել Արցախին։

Վերջին օրերին ցուցարարները մի քանի ակցիա են իրականացրել Ադամ Շիֆի գլենդելյան գրասենյակի առաջ՝ դեմոկրատ կոնգրեսականին կոչ անելով ավելին անել Լեռնային Ղարաբաղին աջակցելու համար։

Իր հերթին Ադամ Շիֆն օգոստոսի 7-ին հայտարարություն էր տարածել՝ դարձյալ շեշտելով Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու հրատապությունը։

«Քանի որ Ադրբեջանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին թույլ չի տալիս կենսական անհրաժեշտության մարդասիրական օգնություն մատակարարել և Արցախից տեղափոխել շտապ բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին, օրեցօր մեծանում է միջազգային հանրության կողմից գործողություններ ձեռնարկելու և հակամարտությանը կայուն լուծում գտնելու անհրաժեշտությունը», – գրել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Շիֆը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և ընդդիմանա էթնիկ զտումներին և ցեղասպանության սպառնալիքներին, որոնց բախվում է հայ համայնքը իր նախնիների հայրենիքում։

Դրան հաջորդող մեկ այլ հայտարարության մեջ Շիֆը հայտնել էր, որ կապի մեջ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի, Պետքարտուղարության և իր գործընկեր կոնգրեսականների հետ և նրանց կոչ է անում օգտագործել առկա բոլոր գործիքները, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական օգնության դադարեցումը և Արցախում ստեղծված ճգնաժամի բոլոր մեղավորների հանդեպ պատժամիջոցների սահմանումը։

Արցախցի սահմանափակ կարողություններով մարզիկները զրկվել են Հայաստանում մրցումներին մասնակցելու իրավունքից

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնն իր գործունեության շրջանակներում բազմաթիվ ծրագրեր է իրականացնում։ Այդ թվում՝ Արցախում պարալիմպիկ սպորտի զարգացման վերաբերյալ։

Մինչ շրջափակումը, Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնը «Հայկական Ճամբար» և «Լիարժեկ կյանք» հասարակական կազմակերպությունների հետ միասին, ինչպես նաև Արցախի կառավարության աջակցությամբ ամեն տարի անցկացնում էր մարզական միջոցառումներ Արցախում և Հայաստանում, մասնավորապես, Bocce մրցումներ։

Bocce-ն հայտնի պարալիմպիկ մարզաձև է: Արցախում այն ​​կիրառվում է 2010 թվականից։

Մրցույթին մասնակցում էին մարզիկներ Արցախից և ողջ Հայաստանից։ Արցախի թիմը՝ ի դեմս Վերականգնողական կենտրոնի հիվանդների, մեկ անգամ չէ, որ արժանացել է մրցանակների։

Կենտրոնի մնացած հիվանդների համար կազմակերպվել են նաև ուղևորություններ դեպի Սևանա լիճ։

Բերձորի միջանցքի արգելափակման պատճառով հաշմանդամություն ունեցող անձինք զրկված են տարրական իրավունքներից։ Հայաստանի թշնամիների հանցավոր քաղաքականության պատճառով նրանք չեն կարող հանրապետությունից դուրս գալ անգամ մրցույթների և հանգստի համար։

Այնպես որ, «սպորտը քաղաքականությունից դուրս է» արտահայտությունն այլեւս տեղին չէ։

Արսեն Աղաջանյան

Արցախը պայքարում է. 1994 թվականի սահմանները կենսական նշանակություն ունեն Արցախի և ողջ Հայաստանի անվտանգության համար

Արցախը պայքարում է. 35 տարի շարունակ այս բառերը աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայերի բառապաշառից դուրս չեն եկել։

Ավելին, Արցախն անխոնջ պայքարում է ստրկության, նվաստացման և իր բնակիչների իրավունքների անտեսման դեմ։

Արհեստականորեն ստեղծված «Ադրբեջան» կոչվող սուբյեկտի հովանավորության տակ անցած 70 տարին ապացուցեց, որ մանկասպանների հետ խաղաղ գոյակցությունն անհնար է, որ գազանի բերանում կարելի է ապրել միայն զենքը ձեռքին, այն մարդու հետ, ով ծրագրում է սպանել ձեր ծերերին, կանանց ու երեխաներին, հնարավոր չէ բանակցել:

Ավաղ, Հայաստանի վերջին 30 տարվա իշխանությունները չեն հասկացել այս անփոփոխ ճշմարտությունների կարևորությունը, և նրանց միջակ քաղաքականության ու դիվանագիտության պտուղները, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունն այսօր թանկ են նստում սեփական ժողովրդի վրա, որի ուսերին են ընկել պատերազմների դժվարությունները՝ հետպատերազմյան տարիներից մինչ օրս։

Բայց այն, ինչ այսօր պատահել է Արցախի ժողովրդի գլխին, ոչ մեկին չչի ներվելու։

Շրջափակումը, սննդի, դեղորայքի, մանկական սննդի, տրանսպորտի վառելիքի բացակայությունը նորություն չէ Արցախի համար։ Այդպես էր Արցախում 80-ականներին, դեռ սովետի ժամանակ, այդպես էր առաջին շրջափակման ժամանակ, որը տեւեց 4 ամբողջ տարի, այսօր էլ այդպես է։

Բայց եթե 20-րդ դարի վերջին տասնամյակներում աշխարհում մարդիկ տեղեկություն չունեին, հաղորդակցությունն այնքան էլ զարգացած չէր, և աշխարհի այս կամ այն ​​մասում իրերի վիճակը լուսաբանված չէր, քննարկման առարկա չդարձավ համաշխարհային հանրությանհամար, ապա այսօր ավելի հեշտ է ինտերնետ կոչվող գիտական ​​հրաշքի շնորհիվ։

Սակայն քաղաքակրթության բարիքներն իրենց հետ բերեցին բացասական երեւույթներ։ Այսօր հաճախ կարելի է լսել «հիբրիդային պատերազմ», «տեղեկատվական պատերազմ», «տեղեկատվական շրջափակում» և այլն արտահայտությունները։ Զանգվածային լրատվության միջոցները, սոցիալական ցանցերը դարձել են այս կամ այն ​​հասարակական ազդեցություն ստեղծելու, մարդկանց հսկայական զանգվածների մոտ որոշակի հասկացություններ ու աշխարհայացքներ ձեւավորելու գործիք։

Ցավոք, մենք չենք կարող օգտագործել այդ մեխանիզմները համաշխարհային հանրության հետ լիարժեք երկխոսության համար։ Բայց դա հաջողությամբ անում է մեր թշնամի Ադրբեջանը, որը նույնիսկ միջազգային ասպարեզում իր ռազմական հանցագործություններն ու մարդկության դեմ վճռագործությունները ներկայացնում է որպես «պատիժ անջատողականների համար»։

Այս բոլոր եզրույթները նույնպես մեզ համար նորություն չեն՝ 90-ականներին խորհրդային քարոզչամեքենան Արցախյան ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսներին ու ակտիվիստներին անվանեց ծայրահեղականներ եւ սեպարատիստներ։

Ավաղ, իրենց բարեկամ կոչող մեր թշնամիներն չեն կարողացել հասկանալ, որ սովը չի կարող ստիպել Արցախի ժողովրդին ստերադասել իր արժանապատվությունը։ Նրանք չեն հասկանում նման բաները, քանի որ … ուղղակի չեն հասկանում:

Ոմն Զուլֆուգարովն ասում է, որ Արցախը «քաղաքական հացադուլ» է հայտարարել։

Բայց Արցախը միայն սա չի անում։ Այսօր Արցախն ամեն օր ապացուցում է, թե ինչ է «Ադրբեջանը»։

Արցախն ապացուցում է, որ 1988-94 թվականների պայքարն արդարացված էր, ավելին, 1994 թվականի սահմանները (առնվազն) կենսական նշանակություն ունեցան ոչ միայն Արցախի անվտանգության, այլ ողջ Հայաստանի ու հայոց պետականության համար։

Իմ Արցախ, դու միշտ եղել ու կմնաս ԱԶԱՏՈՒԹՅԱՆ չափանիշն ու ժողովրդավարության քննությունը։

Պարզապես դիմացիր!!!

Մարգարիտա Քարամյան

ՄԻԵԴ-ը հայկական կողմին է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայկական կողմին է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները: Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:

Դրանք փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին:

Ադրբեջանի ներկայացրած փաստերի և դիրքրոշուման վերաբերյալ Հայաստանը կներկայացնի իր առարկությունները դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. օգոստոսի 16-ը:

Իրավապաշտպանները իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է

Արցախի ՄԻՊ հայտարարությունը

Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդրված ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել միջազգային ազդեցիկ իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպությունների և մի շարք հեղինակավոր փորձագետների հստակ, հասցեական գնահատականն Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս ընթացքում իրենց դիրքորոշումներն են արտահայտել է Amnesty International, Human Rights Watch, Freedom House, Global Center for Responsibility to Protect կազմակերպությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցողները, Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկին ինստիտուտը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան և մի շարք այլ իրավապաշտպաններ։

Իրավապաշտպան և մարդասիրական բոլոր կազմակերպությունների հայտարարությունները միաձայն պահանջում են Ադրբեջանի իշխանություններից դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ապահովել անձանց, բեռների և մեքենաների ազատ և անխոչընդոտ երթևեկությունը միջանցքով և վերջ դնել Արցախում հումանիտար ճգնաժամին։

Բոլոր կազմակերպությունների հայտարարություններին ադրբեջանական իշխանությունները տալիս են արհամարհական և լկտի պատասխաններ` ամենապարզ ձևով ցույց տալով անարգանք բոլորի նկատմամբ, կարծես թե բոլորը ստում են և միայն իրենք են ճիշտ։

Ադրբեջանի այս պահվածքը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն պարզ ճշմարտությունը, որ Ադրբեջանը ոչ հանձնառություն, ոչ էլ ցանկություն ունի կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, ավելին՝ ի տես բոլոր կառույցների շարունակում է արհամարհել մարդու իրավունքները և իրականացնել Արցախի ժողովրդի նկատամբ ցեղասպանական քաղաքականություն։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականները չպետք է մնան թղթի վրա։ Այս հասցեական հայտարարությունները պետք է դառնան Արցախի ժողովրդին սովամահությունից, էթնիկ զտումից, ցեղասպանությունից փրկելու տարբեր պետությունների և միջազգային կառույցների դիրքորոշումների հիմքը։ Հենց սրա համար էլ այդ կառույցները ստեղծված են՝ կանխելու մասայական վայրագություններն ու մարդու իրավունքների խախտումները։

Իրավապաշտպաններն իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է՝ ապացուցելու, որ թույլ չեն տա Ադրբեջանի հանցավոր իշխանություններին կասկածի տակ դնել միջազգային բարձր հեղինակություն ունեցող իրավապաշտպան և մարդասիրական կառույցների հեղինակությունը։

Հակառակ պարագայում, ցուցաբերվող անտարբերությունն ու հեղինակավոր կարծիքների անտեսումը հանգեցնելու է մարդկային անդառնալի հետևանքների, որում արդեն միջազգային դերակատարները կրելու են հանցակցության ուղիղ պատասխանատվություն։

Զուլֆուգարովն ամեն ինչ ճիշտ է հասկացել

Բաքվի դիվանագետները՝ ներկա և նախկին, անհաջողությամբ փորձում են գոնե մի փոքր իրավական հիմնավորում գտնել հայկական հողերի նկատմամբ իրենց հավակնությունների համար։ Իրավական հիմքերի բացակայությունը հանգեցնում է նրան, որ ճնշումների ցինիկ և անմարդկային մեթոդներ են ընտրվում հայ բնակչության՝ իրենց հողի և դրա վրա ապրելու իրավունքը յուրացնելու նպատակով։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովն ասում է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահները» և Իրանը «գործում են Ադրբեջանի դեմ, քանի որ ձգտում են հավերժացնել հակամարտությունը՝ որպես տարածաշրջանային կառավարման միջոց»:

Զուլֆուգարովը խորամանկություն է անում. ո՛չ Մինսկի խմբի համանախագահները, ո՛չ Իրանը չեն կարող շրջանցել Հայկական լեռնաշխարհում (որը անվանում են Կովկաս կամ Անդրկովկաս, միայն թե իրական անունը չարտասանեն) հայերի «բնածին» իրավունքների համակարգը: Բոլոր իրավունքներն այստեղ պատկանում են հայերին, և դրանք չեն կարող խլվել, նույնիսկ եթե գտնվի հայ, ով համաձայն է կամավոր հրաժարվել իրավունքներից: «Համանախագահները» և Իրանը դա թույլ չեն տա, քանի որ դա ուղղակիորեն փոխկապակցված է համաշխարհային ճարտարապետության հետ։

«Ադրբեջանը որդեգրում է «հայելային արտացոլման» ռազմավարություն՝ ի պատասխան հակամարտությունը շարունակելու Հայաստանի ցանկության։ Բաքուն բարձրացնում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են «Արևմտյան Զանգեզուրն ու Գոյչա Մահալը» և «Արևմտյան Ադրբեջանի համայնքները»՝ ազդարարելով 1975 թվականի քարտեզներով սահմանված սահմանները ճանաչելուց հրաժարվելու մասին»,- ասել է Զուլֆուգարովը։ Ադրբեջանը պնդում է “մինչև 1920 թվականի աշունը” հաստատված գիծը և պատրաստ է ընդլայնել հակամարտության գոտին Արևմտյան Զանգեզուրի տարածքով և դրանից դուրս՝ հաշվի առնելով Բաքվի քաղաքական և պաշտպանական գերազանցությունը, նշում է նա։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը «կադաստրի թուղթ» չունի։ Բայց տարածաշրջանում ոչ ոք նման թուղթ չունի, հատկապես Ադրբեջանը, որը ստեղծվել է 1918թ.։ Փաստորեն, Բաքուն այդպես էլ ոչինչ չի հայտնաբերել, բացի «մինչև 1920 թվականի աշունը» որոշ քարտեզներից։

«Կադաստրային թուղթ» կարող է տալ միայն Հայաստանը՝ Հայաստանի խորհրդարանը կարող է որոշել ժամկետն սպառված ճանաչել 100-ամյա պայմանագրերը, որոնց համաձայն տարածաշրջանում գծվել են ռուս-թուրքական սահմանները։ Հայաստանը կարող է դիմել միջազգային արբիտրաժի համար՝ նոր տարածաշրջանային սահմանային պայմանագրի կնքման հարցով։ Այդ ժամանակ պարզ կդառնա, թե որտեղով են անցնում Հայաստանի սահմանները եւ ինչու նրա տարածքը տխրահռչակ 29,8 հազար քառակուսի  կմ չէ։

Բաքուն վախենում է նման որոշումից և փորձում է «հեղեղել» հայկական իրավունքները Հայկական լեռնաշխարհում կեղծ պատմական պնդումներով, ցինիկ ճնշումներով և Արցախի բնիկ բնակչությանը սովի դատապարտելով։ Զուլֆուգարովն ասում է, որ Արցախում «քաղաքական հացադուլ» է հայտարարվել։ Նա ամեն ինչ ճիշտ հասկացավ:

Lragir.am

Ֆրանսիան միացել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու նախաձեռնությանը

Ֆրանսիայի մի շարք քաղաքներ ու շրջաններ հումանիտար օգնություն են հատկացրել՝ Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցնելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Կոռնիձորում Հայաստանի կառավարության հումանիտար օգնությամբ բեռնված 19 և «Գրանդ Քենդի» ընկերության 2 բեռնատարների շարասյանը միացել է նաև Ֆրանսիայի մի շարք քաղաքների և շրջանների կողմից հատկացված հումանիտար օգնությամբ բեռնատարը։

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման համար Հայաստանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն ընդգծում է՝ բարեկամ Ֆրանսիայի այս քայլը վկայում է, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից այս ճգնաժամը մեղմելու նախաձեռնությունը ստանում է նաև միջազգային հնչեղություն։

«Կարծում եմ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում այն աստիճան օրհասական է, և հումանիտար աջակցության կարիքն այնքան մեծ է, որ դա ակնհայտ է նաև մեր միջազգային գործընկերների համար։ Միջազգային գործընկերների գործուն քայլերն, անշուշտ, կարող են նպաստել, որպեսզի ի վերջո Լաչինի միջանցքի արգելափակումը վերացվի, և հնարավոր լինի հումանիտար բեռը հասցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- նշեց ասաց Վարդան Սարգսյանը։

Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն, Ռոն Ալպեր, Օ դը Ֆրանս, Պրովանս-Ալպեր Լազուր ափ, Նոր Ակվիտանիա, Լուարի երկիր, Գրանդ էստ ռեգիոնները։  «20 տոննայից ավել հումանիտար բեռ է, որը պարունակում է մակարոնեղեն»,- ասաց Սարգսյանը։

Հայաստանի կառավարությունը հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն օգնությունը տեղ չի հասել, քանի որ Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Կառավարության հումանիտար օգնությամբ բեռնված 19 բեռնատարները, ինչպես նաև ավելի ուշ դրանց միացած «Գրանդ Քենդի» ընկերության՝ քաղցրավենիքով բեռնված բեռնատարներն օրեր շարունակ սպասում են Կոռնիձորի սահմանային հատվածում։

Արցախում շարունակվում է երեխաներին դպրոցներ ընդունելու գործընթացը

Ստեփանակերտի Սախարովի անվան թիվ 8 դպրոցը 

Արցախում սկսվել է երեխաներին դպրոցներ ընդունելու գործընթացը՝ զրոյական դասարաններում, առաջին դասարաններում և ավագ դպրոցում։

Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի ուսմասվար Իրինա Օսիպովայի խոսքով, երեխաներն արդեն հավաքագրվել են զրոյական դասարանների համար՝ 90 երեխա երեք դասարանի համար։ Առաջին դասարան ընդունվել է 55 երեխա, գործընթացը շարունակվում է։

Օսիպովան նշել է, որ այսօր դպրոցում սովորում է 1100 երեխա, այդ թվում՝ 300 երեխա՝ ներքին տեղահանվածների ընտանիքներից։

Խոսելով դպրոցական պայուսակների հետ կապված խնդիրների մասին՝ դպրոցի տնօրենն ասաց, որ արդեն գալիս են մարդիկ, ովքեր օգնություն են առաջարկում, ուզում են պայուսակ բերել դպրոց. Նրա կարծիքով՝ ԿԳՆ-ն պետք է այնպես անի, որ օգնության հավաքագրման գործընթացն ընթանա կենտրոնացված՝ մեկ տեղում։

Նշենք, որ երկու օր առաջ Արցախի կրթության նախարարությունը կոչով դիմել էր բնակչությանը՝ խնդրելով օգնել լուծել առաջին դասարանցիների դպրոցական պայուսակների խնդիրը։

«Ինչպես գիտեք, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին Արցախի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարությունը առաջին դասարանցիներին տրամադրում էր ուսապարկեր՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով այս ուսումնական տարվա մեկնարկից առաջ ավանդական նախագծի իրականացումը հնարավոր չէ։ Հաշվի առնելով խանութներում դպրոցական պայուսակների պակասը, կրթության, մշակույթի, սպորտի և գիտության նախարարությունը ակցիա է իրականացնում դպրոցական պայուսակների հավաքագրման համար”, ասվում է հայտարարության մեջ։ Դպրոցներում ստեղծվել են ուսապարկերի, դասագրքերի և այլ դպրոցական պարագաների հավաքագրման կետեր։

ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի հայտարարությունը

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և վերջ տալ ԼՂ -ում հումանիտար ճգնաժամին:

Այս մասին գրառում է արել ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակը X-ի (թվիթեր) հարթակում:
«Վերացնելով շրջափակումը՝ իշխանությունները կարող են թեթևացնել Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդկանց տառապանքը և թույլ տալ մարդասիրական օգնության անարգել հոսքը խաղաղ բնակչությանը»,-մասնավորապես ասվում է գրառման մեջ: