Տիգրան Պետրոսյան. Փաշինյանի ասածը հարիր չէ հայկական պետության ղեկավարին

Իրավիճակն Արցախում իսկապես կրիտիկական է, և այս ֆոնին ուզում եմ անդրադառնալ բլոգերի մակարդակին իջած Նիկոլ Փաշինյանի ասուլիսում անընդունելի հայտարարություններին։ Այս մասին այսօրվա ուղիղ եթերում ասել է Արցախի նախագահին առընթեր Հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

Սկսեմ նրա հայտարարությունից, որ Լաչինի միջանցքը հանձնվել է առանց Հայաստանի համաձայնության։ Միգուցե չի գիտակցում, բայց սա չափազանց լուրջ մեղադրանք է, նա, ըստ էության, ասում է, որ առանց Հայաստանի իմացության մի ամբողջ շրջան է հանձնվել։ Իրավապահ մարմինները պետք է արձագանքեն նման հայտարարությանը եւ պարզեն, թե ով է հանձնել Լաչինը։ Որովհետև Արցախի իշխանություններն ասում են, որ ռուսները մեզ ստիպել են, իսկ մենք պարզապես ստիպված ենք եղել փրկել տեղի բնակչությանը։ Ռուսներն ասում էին, որ եթե հայերը չհեռանան, ռուսներն իրենք կհեռանան միջանցքից։ Սա պետք է պարզել։

Ինչ վերաբերում է դասալիքների մասին հայտարարությանը. դուք լավ գիտեք, թե Արցախից ու Հայաստանից քանի մարդ է զոհվել և ինչ համամասնությամբ։ Արցախում մեկ շնչին բաժին ընկնող մահացության դեպքերն բազմապատիկ շատ են։ Մարդիկ ոչ թե լքեցին, այլ տարհանեցին իրենց ընտանիքները, քանի որ այն մարդիկ, ում հետ դուք սելֆի եք արել՝ Բակո Սահակյանը և մյուսները, նախապես կացարաններ չէին պատրաստել, իսկ մարդիկ թաքնվելու տեղ չունեին։ Իսկ ի՞նչ պետք է անեին։ Ես շնորհակալ եմ հայաստանյան մեր հայրենակիցներին, ովքեր տեղավորեցին բոլորին։ Մենք մեկ ազգ ենք, և ոչ ոք իրավունք չունի ատելություն սերմանել։ Ի՞նչ է նշանակում «ղարաբաղյան ակցենտ»։ Իսկ որտեղի՞ց է քո իջեւանյան ակցենտը՝ ղարաբաղյանի նմանությամբ։ Մենք բոլորս մեկ ժողովուրդ ենք։

Փաստորեն, դուք ժողովրդին հենց սկզբից բաժանել եք։ Անգամ երբ ասում էիք, որ Արցախը Հայաստան է։ Ի՞նչ է նշանակում՝ մենք նրանց համար չենք զոհվի։ Ո՞վ է «նրանք» և ով է «դու»-ն։

Զիջումներով խաղաղություն չի ստացվում, այսօր Ղարաբաղ, վաղը Սյունիք, ասաց Տիգրան Պետրոսյանը։

Երեխան մեծ սիրով հաճախում էր չինական մարտարվեստի խմբակ, հիմա ի՞նչ անի

Շրջափակված Արցախում այսօր ապրում է 30.000 երեխա, որոնց իրավունքները ամեն օր ոտնահարվում են, մասնավորապես կրթություն ստանալու իրավունքը: Շրջափակման պայմաններում բավականին դժվարություններով ավարտվեց ուսումնական տարին, սակայն առավել դժվար է կազմակերպել մանկապարտեզների գործունեությունը՝ տրանսպորտի, սննդի բացակայության պատճառով: Այժմ բավականին մեծ դժվարությամբ մանկապարտեզները կարողանում են որոշ սահմանափակումներով կազմակերպել սննդի մատուցման հարցը, սակայն տրանսպորտի բացակայությունը արդեն իսկ բավականին բարդացրել է իրադրությունը, մասանովարապես այդ պատճառով երեխաների մի մասը հնարավորություն չունի հաճախել մանկապարտեզ:

Ստեփանակերտի բնակիչ Վ.Պ-ն երեք երեխաների մայր է, ուոնք հաճախում են դպրոց, մանկապարտեզ, ինչպես նաև տարբեր խմբակներ: Ըստ մեր զրուցակցի, տրանսպորտի բացակայություն պատճառով երեք երեխաների հետ, որոնցից մեկը ի դեպ ընդամենը 8 ամսական է, ստիպված քայլում են 10 կմ, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան հաճախել մանկապարտեզ, խմբակներ:

Վ.Պ-ն նաև նշեց, որ այժմ մանկապարտեզը կարողանում է հոգալ սննդի հարցերը, բայց տրանսպորտի պատճառով և մանկապարտեզում, և խմբակներում ունեն բացականեր:

Մ.Մ-ն ընտանիքով ապրում է Ստեփանակերտ քաղաքի ծայրամասում, ասում է, որ մեծ աղջիկը մինչև տրանսպորտի գործունեության դադարեցումը մեծ սիրով հաճախում էր չինական մարտարվեստի խմբակ, սակայն այժմ չնայած, որ երեխան ամեն օր լացում է, խնդրում է, որ իրեն տանեն խմբակի, չեն կարողանում, քանի որ խմբակը գտնվում է քաղաքի մյուս ծայրում, իսկ երեխան ընդամենը 6 տարեկան է և նման ծանրաբեռնվածությանը հաստատ դեռևս չի դիմանա:

Մեր զրուցակիցները նաև հավելել են, որ այժմ ամառային արձակուրդներ են, որը գոնե մի քիչ մեղմացնում է իրավիճակը, սակայն եթե մինչև սեպտեմբեր իրավիճակը չբարելավվի, ապա իրավիճակը կրկնակի կբարդանա, նամանավանդ բազմազավակ ծնողների համար:

Լուիս Մորենո Օկամպոն արձագանքել է Արցախի նախագահին

Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օկամպոն արձագանքել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նամակին, որով վերջինս խնդրել էր փորձագիտական կարծիք հայտնել, թե արդյոք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ նշելով որ պարոն Օկամպոն պատասխան նամակ է հղել Նախագահին, որտեղ մասնավորապես գրել է.

«Ինձ համար պատիվ կլինի վերլուծել խնդիրը և ձեզ ներկայացնել իմ եզրակացությունը։ Կպատրաստեմ համապարփակ զեկույց՝ վերլուծելով փաստերն ու օրենքը։ Իմ գնահատականը կլինի անկողմնակալ և պրո-բոնո հիմունքներով:

Ցեղասպանության իրականացման վերաբերյալ եզրակացություն անելու համար ես պետք է վերլուծեմ Ադրբեջանի ղեկավարների մտադրությունները, որը կարելի է եզրակացնել հիմնվելով փաստերից: Իմ ճշգրտությունն ու անաչառությունը պաշտպանելու համար ես կգրեմ Ադրբեջանի նախագահին՝ հնարավորություն տալով ուղղակիորեն ճշտել իր դիրքորոշումը։

Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ներառյալ 120.000 հայերի սովի վտանգը, ես նախատեսում եմ իմ զեկույցը հրապարակել 7 օրից: Խնդրում ենք վերլուծություն անելու համար հաղորդել ցանկացած նոր հանգամանք, որը կարող է ազդել իրավիճակի վրա:

Հարգանքներով՝ Լուիս Մորենո Օկամպո»:

Լուսինե Ավանեսյանի խոսքով՝ բացի պատասխան նամակից, անցած գիշերվա ընթացքում թեմայի կապակցությամբ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը թվիթերի իր միկրոբլոգում նաև երեք անգամ անդրադարձել է գրառմամբ:

Ո՞ւմ ենթակայության տակ են կամուրջն ու Բերձորի միջանցքը

Վագիֆ Խաչատրյանի առևանգումը Հաքարի կամրջի վրա գտնվող ադրբեջանական ապօրինի անցակետում փոթորկել է Արցախի հանրությանը։ Վրդովմունքին զուգահեռ մարդիկ սկսեցին հարցեր տալ։ Հուլիսի 29-ի երեկոյան Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակում տեղի ունեցած ակցիայից հետո հանրությունը գնաց Վերածննդի հրապարակ՝ շարունակելով ոչ միայն պահանջել Վագիֆ Խաչատրյանի վերադարձը, այլև հարցեր հնչեցնել՝ այն հույսով, որ գործադիրից որևէ մեկը կպատասխանի։

Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս «խուլիգանական գործողություններ» անգամ միջազգային կազմակերպության ներկայությամբ, որն այսպես կոչված «անձեռնմխելիության» կարգավիճակ ունի, և հիվանդ մարդ է առևանգում։ Ինչո՞ւ ադրբեջանցիներն ունեն մեր զինվորականների ցուցակները և ով է փոխանցել դրանք. Ո՞վ է երաշխավորելու, որ վաղը ադրբեջանցի սահմանապահները չեն առևանգի կանանց և երեխաներին՝ պատրվակով, թե սա «ահաբեկչի ընտանիք է»։

Ինչո՞ւ ոչ ոք չի հիշում, որ 90-ականներին մենք՝ Արցախն ու նրա բնակիչները, ինչպես այսօր, կործանման եզրին էինք, իսկ տղամարդիկ պաշտպանում էին իրենց տունն ու ընտանիքը։ Ինչո՞ւ աշխարհը չի հիշում 80-90-ական թվականներին Ադրբեջանում և Արցախում հայերի ջարդերը, հատկապես Մարաղայի դեպքերը։ Բայց ամենից շատ մարդկանց հետաքրքրում էր, թե ինչու Վագիֆ Խաչատրյանին չեն պաշտպանել ռուս խաղաղապահները, և ընդհանրապես, ի՞նչ առաքելություն են նրանք կատարում կամրջի վրա, և ո՞ւմ իրավասության տակ է կամուրջն ու Բերձորի միջանցքը։

Արցախի ՄԻՊ գրասենյակի նույն օրը տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Լաչինի միջանցքը, որն ընդգրկում է նաև Հաքարի կամուրջը, «2020 թվականի Եռակողմ հայտարարության համաձայն գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ, իսկ առևանգումը տեղի է ունեցել Հաքարի կամրջի վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հենակետից մի քանի մետր հեռավորության վրա, որը քայլեր չի ձեռնարկել նրա առևանգումը կանխելու համար»։

Օմբուդսմենը միջազգային հանրությունից պահանջել է իրավական գնահատական ​​տալ Ադրբեջանի գործողություններին, իսկ Ռուսաստանի Դաշնությունից՝ նույն եռակողմ համաձայնագրի համաձայն, ձեռնարկել բոլոր քայլերը՝ Վագիֆ Խաչատրյանին Արցախ վերադարձնելու, Լաչինի միջանցքի նկատմամբ լիակատար վերահսկողությունը վերականգնելու և Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգման դեպքերի կրկնությունը կանխելու համար։

Ամսվա սկզբին Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը պահանջներ էր ներկայացրել ռուս խաղաղապահների հրամանատարությանը, որպեսզի խաղաղապահները սկսեն կատարել իրենց պարտականությունները, այն է թե՝ ապահովել Արցախի քաղաքացիների անվտանգությունն ու արժանապատիվ կյանքը։ Ակտիվիստներն ընդգծում են, որ իրենց պահանջները բխում են 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրից և Ռուսաստանի Դաշնության ղեկավարի ելույթից, ով Արցախի բնակիչներին խոստացել է «անվտանգություն և արժանապատիվ կյանք»։

Նկարի վրա իմ հայրը չէ, ես չգիտեմ, ինչպես դա ապացուցեմ

Ադրբեջանը այնպիսի փաստեր է ներկայացնում, որ բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, ու ես չգիտեմ ոնց ապացուցել: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց լրագրողներին ասաց Վերա Խաչատրյանը՝ ադրբեջանցիների կողմից առևանգված  ժարցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը:

«Վերջերս էլ ասում էին, որ Սամվել Բաբայանի վարորդն է եղել: Հարգելիներս, դա կեղծ լուր է։ Հայրս չի եղել Սամվել Բաբայանի վարորդը: Իմ հայրն այնպիսի անձնավորություն է՝ զուսպ, հավասարակշռված, բարիության կերպար: Այն, ինչ ներկայացրել է Ադրբեջանի ղեկավարությունը, այդ ամենը կեղծ է: Իսկ նկարները, որ համացանցում տարածվել է, որտեղ իբր երիտասարդ տարիքում հայրիկս է, դա եւս ոչ մի կապ չունի հորս հետ, դա հայրս չէ, չգիտեմ՝ ում նկարն են տեղադրում: Հիմա պետք է բոլորով օգնեք, որ  հայրիկիս ողջ ու առողջ վերադարձնենք: Հայրիկս դուք եք, ձեզնից յուրաքանչյուրն է: Մենք միասնական ազգ ենք, մենք միասին հայրիկիս ենք վերադարձնելու, ես վստահ եմ: Ես խնդրում եմ ինչ-որ կերպ տեղեկություն բերել հայրիկիցս»,-հուզված ասաց դուստրը:

Նա տեղեկացրեց, որ Կարմիր խաչից առաջին օրը զանգել ու տեղեկացրել են, որ տեսել են հայրիկիս Բաքվի հիվանդանոցներից մեկում. «Կարծես դա լավ բան է: Իսկ ես ուզո՞ւմ եմ, որ իմ հայրը լինի Բաքվի հիվանդանոցներից մեկում: Ես իրեն հայրենիք էի բերում բուժելու, այն հույսով, որ տեղ կհասնի, ողջ առողջ հետ կգնա իր տուն: Հայրս արժանապատիվ իր 68 տարիներն ապրել է: Իսկ հիմա գնա ու դառնա ադրբեջանցու գերի՞:

Ես դիմում եմ բոլորին, նույնիսկ Ադրբեջանի դատախազությանը. Ճշտեք բոլոր ձեր հրապարակած նյութերը, դա ոչ մի աղերս չունի ճշմարտության հետ: Հայրս այդպիսի հանցանքներ չի իրագործել, ինքն առհասարակ տեսակով այդպիսինը չէ»,-ասաց Վերա Խաչատրյանը:

Ձևաչափը փոխվել է, սպասում ենք Արևմուտքից առաջարկների, իսկ Մոսկվան առաջարկում է հանդիպում Եվլախում

Արծախի ​​նախագահին առընթեր Հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը կարևոր հայտարարություններ է արել.

Բաքուն փորձում է մեզ ստիպել համաձայնել Բաքվում կամ Եվլախում հանդիպմանը։ Մենք բոլորս հիանալի գիտենք, թե ինչ է լինելու այնտեղ՝  բանակցություններ հաստատ չեն լինի։ Այս ֆոնին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն փորձում են հանդիպում կազմակերպել երրորդ երկրում։ Նախ, հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 1-ին Սոֆիայում՝ հասարակական կազմակերպությունների միջև։ Ռուսաստանը, իմանալով այդ մասին, որոշեց միջամտել և հուլիսի 25-ին Մոսկվայում կազմակերպեց արտգործնախարարների հանդիպումը, որից հետո Լավրովը մեզ անվանեց ազգային փոքրամասնություն, ինչն անընդունելի էր և ցույց տալիս Ռուսաստանի իրական քաղաքականությունը։

Այս ֆոնին փոխվեց միջնորդական ձևաչափը, և օգոստոսի 1-ին Բրատիսլավայում պետք է կայանար Ստեփանակերտի և Բաքվի հանդիպումը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Բայց նախօրեին Ադրբեջանը հրաժարվեց հանդիպումից՝ առանց պատճառաբանության։ Վաղը-մյուս օրը միջնորդների ներկայացուցիչները կժամանեն Երեւան, կլինեն որոշակի քննարկումներ, ես կներկայացնեմ Արեւմուտքի առաջարկները։

Մոսկվան առաջարկում է գնալ Եվլախ, եւ ազգային-ազատագրական շարժման անդամների առևանգման ֆոնին Մոսկվայի առաջարկը ծաղրի տեսք ունի։

Մենք հիմա սպասում ենք Արեւմուտքի առաջարկներին, հետո ամեն ինչ կորոշենք։

Միջանցքի ապաշրջափակման շարժման շտաբը սկսում է դեպի Հաքարի խաղաղ երթի նախապատրաստությունը

Միջանցքի ապաշրջափակման շարժման նախաձեռնող խումբն այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 19.00-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում հավաք է հայտարարել։ Երթի կազմակերպման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ են հնչելու մասնակիցների և աջակիցների կողմից։

Շարժման համակիր Արթուր Օսիպյանի կարծիքով՝ արցախցիները պետք է բոլորին ցույց տան, որ միջանցքը փակ է, պահանջ ներկայացնեն և հասնեն միջանցքի ապաշրջափակմանը։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես են զարգանում քաղաքական միտումները աշխարհում։ Մենք տեսնում ենք ռուս խաղաղապահների անգործությունը։ Հուլիսի 14-ին համաժողովրդական շարժման կազմակերպման պատասխանատվությունը ստանձնած Արցախի իշխանությունը չկարողացավ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Բազմաթիվ հանրահավաքներ, համերգներ եղան, բայց այս բոլոր ակցիաներում չկար «Ի՞նչ անել» հարցի պատասխանը։ Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբն ունի պատասխանը. Շտաբը կարծում է, որ անհրաժեշտ է խաղաղ երթ Ստեփանակերտից և Երևանից դեպի Հաքարի կամուրջ։ Եվ հայկական սփյուռքի ակտիվ աջակցությունը։ Աշխարհը մեզ պետք է լսի ոչ միայն հայտարարություններով ու պահանջներով, այլ նաև գործով»։

Նա նկատեց, որ երթը ուղղված չէ ռուս խաղաղապահների դեմ։

«Ռուսաստանի դրական իմիջը խաղաղապահները կարող են ապահովել միայն իրենց պարտավորությունները կատարելով։ Սա այն է, ինչ մենք պահանջում ենք նրանցից: Արցախի ճակատագիրը կախված է թելից։ Մենք պետք է հասկանանք, որ մեզնից բացի ուրիշի վրա հույս չենք կարող դնել»:

Բացում-միացում

«Բացում» նախաձեռնությունը հուլիսի 31-ին հրավիրում է մասնակցել Բերձորի միջանցքի բացման և հումանիտար բեռների տեղափոխման նպատակով իրականացվող գործողություններին:
Այս մասին հայտարարություն է տարածել «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը:
«11:00-ին ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ իրականացնում ենք բողոքի միջոցառում՝
ա. պահանջելու Կարմիր Խաչի (ԿԽ) բուժառու Վագիֆ Խաչատրյանի ադրբեջանական ուժերի կողմից առևանգումը դատապարտել և վերադարձնել նրան ԿԽ-ին,
բ. ստանալու հուլիսի 24-ին նախաձեռնության հանձնած դիմում-նամակի գրավոր պատասխանը,
գ. փոխանցելու Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին նախօրոք ձեռք բերված համաձայնությամբ հավաքված փաստեր՝ կապված Արցախում հումանիտար ճգնաժամի մասին։
-15:00-ին հրավիրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց կազմակերպվող մամուլի ասուլիսի՝ նախաձեռնության կատարած և կատարելիք գործողությունների մասին»,-նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Արցախում ասում են՝ միջանցքի բացումը պետք է ոչ թե ուտելիք ստանալու եւ կուշտ ուտելու, այլ մայր-Հայաստանի հետ միանալու համար։

Եթե Ալիեւը միայն ուժի լեզուն է հասկանում, ԱՄՆ-ը պետք է ցույց տա իր ուժը

Արցախում բնակվող Հայաստանի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի Լաչինի միջանցքում առևանգման առնչությամբ միջազգային գնահատականներ գրեթե չեն հնչել։ Բաքուն սիրում է իր կեղտոտ գործերն անել հանգստյան օրերին, որպեսզի ժամանակ շահի իր հանցագործությունների հանդեպ միջազգային արձագանքներին նախապատրաստվելու համար:

Այս անգամ եւս Բաքուն կեղծ տեղեկություն է տարածել, թե առևանգված 68-ամյա տղամարդն իբր ռազմական հանցագործություններ է կատարել։ 1991-94 թվականների ազգային-ազատագրական պատերազմին մասնակցությունը Բաքուն անվանում է «ռազմական հանցագործություն»։ Ալիեւը բազմիցս ասել է, որ պատրաստ է «համաներում» հայտարարել, եթե Արցախը համաձայնի «ինտեգրվել»։ Հակառակ դեպքում, պետք է հասկանալ, առևանգումները կշարունակվեն, եւ ոչ միայն Արցախում, եթե համաշխարհային հանրության կողմից համարժեք արձագանք չլինի։

Հայաստանի օմբուդսմենը հայտարարեց, որ Վագիֆ Խաչատրյանը (ինչպես և 1991-94թթ. պատերազմի մնացած մասնակիցները) հետախուզման մեջ չեն, հետևաբար նրանց «կալանավորումը» առևանգում է։ Առավել աղաղակող է այն փաստը, որ առևանգումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ (որոնց հսկողության տակ պաշտոնապես գործում է Բերձորի միջանցքը) և ԿԽՄԿ մեքենայից, որի գործունեությունն իրականացվում է միջազգային կոնվենցիաների շրջանակներում։

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, հայկական կողմը հայց է ներկայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայաստանը, սակայն, դեռ կոշտ գնահատական ​​չի տվել կատարվածին և չի դիմել միջնորդ երկրներին եի ՄԱԿ ԱԽ-ին ՝ Բաքվի կողմից նման անմարդկային վարքագիծը դատապարտելու պահանջով։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Ալիեւին, սակայն միայն «խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ»։ Պետքարտուղարության պաշտոնական հայտարարության մեջ չի նշվում կեղծ պատրվակով տարեց հիվանդի առևանգման մասին։ Թեեւ մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ կոշտ հայտարարություն տարածեցին եւ պահանջեցին «բոլոր միջոցները ձեռնարկել» Ալիեւի ռեժիմի դեմ։

Շաբաթ օրը հեռախոսազրույցում Բլինկենն ընդգծել է «Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցումն ապահովելու հրատապ անհրաժեշտությունը և այլընտրանքային ուղիների հարցում փոխզիջումների գնալու անհրաժեշտությունը, որպեսզի մարդասիրական պաշարները հասնեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»:

Պետքարտուղարը նաև ընդգծել է խաղաղ բանակցություններում բոլոր կողմերի դրական թափը պահպանելու անհրաժեշտությունը։

ԱՄՆ-ն բացահայտորեն աջակցում է Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում։ “Այս շաբաթ Ուկրաինան խորհրդակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ՝ նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի ավարտը Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցի շուրջ”, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Բայց ԱՄՆ-ը, միջնորդ հանդիսանալով Երեւանի և Բաքվի բանակցություններում, չմատնանշելով Բաքվի հանցագործությունները և օգնություն չցուցաբերելով Հայաստանին, փաստացի խրախուսում է Բաքվի հանցագործությունները։ ԱՄՆ-ը չի թարմացնում 907-րդ ուղղումը, որը Կոնգրեսի կողմից ընդունվել է 1992 թվականին՝ Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի շրջափակման պատճառով, թեև այս շրջափակումն այժմ ավելի է վատթարացել։ Այս ուղղումը արգելում է զենք վաճառել Ադրբեջանին մինչ շրջափակումը շարունակվում է։

ԱՄՆ-ը չի դատապարտում այն ​​փաստը, որ Բաքուն, հակառակ հակամարտությունները ուժով չլուծելու հիմնարար միջազգային նորմի, անկեղծորեն խոստովանում է, որ 2020 թվականին «հակամարտությունը լուծեց ուժով»։

Մինչդեռ Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի ԱՄՆ-ը չմասնակցի բանակցություններին որպես միջնորդ՝ փորձելով պահպանել Մոսկվայի հետ եռակողմ ձեւաչափը։

«Հայաստանի նպատակն է տարածաշրջան ներգրավել երրորդ կողմերին, ընդլայնել լարվածության աշխարհագրությունը և խաթարել խաղաղ գործընթացը», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Խաչատրյանը հարազատների հետ կապ չի հաստատել

Ինչպես Step1.am-ին տեղեկացրել են Վագիֆ Խաչատրյանի հարազատները, գերության մեջ հայտնված Խաչատրյանի հետ դեռ կապ չի հաստատվել։

Հիշեցնենք, Կարմիր խաչի հաղորդմամբ, կազմակերպության ներկայացուցիչը Բաքվի հիվանդանոցներից մեկում այցելել է առեւանգված Խաչատրյանին։ Ասվում է, որ նա կապ է հաստատել հարազատների հետ։

Վագիֆ Խաչատրյանը կապվել է ընտանիքի հետ

Երեկ՝ հուլիսի 29-ին, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են նույն օրը Լաչինի միջանցքում ձերբակալված բուժառուին։Այս մասին հայտարարություն է տարածել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը;

«Նրա հետ հանդիպել են մեր պատվիրակները, որոնցից մեկը բժիշկ է, և բուժառուին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ»,- ասվում է հայտարարությունում։