Մանկական Եվրատեսիլ»-ում երեք երկրներ հայ մասնակիցներ են ներկայացնում

Վիրահայոց թեմում ընդունել են «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում երեք երկրների հայազգի ներկայացուցիչներին։

2025 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը հյուրընկալում է 2024 թվականին Մանկական Եվրատեսիլում հաղթանակած Թբիլիսին: Ուշագրավ է, որ երգի մրցույթի 18 մասնակիցներից երեքը հայազգի աստղեր են:

Դեկտեմբերի 11-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի համագործակցությամբ, Թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կայացավ հանդիպում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Ալբերտ Արմենակյանի, Ուկրաինայի Հանրապետությունը ներկայացնող Սոֆիա Ներսիսյանի և Վրաստանը ներկայացնող Անիտա Աբգարյանի հետ:

Երեք հայազգի աստղերի հետ հանդիպումը մեկնարկեց Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցի այցելությամբ։

«Մանկական Եվրատեսիլ»-ի պաշտոնական՝ jesc.tv կայքում, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 21:00-ից կմեկնարկի քվեարկության առաջին փուլը, որը կտևի մինչև շոուի սկսվելը՝ դեկտեմբերի 13-ին։

Քվեարկության երկրորդ պատուհանը կբացվի վերջին մասնակցի ելույթից հետո և կտևի 15 րոպե:

Հավելենք, որ Հայաստանից ևս հնարավոր է քվեարկել մեր ներկայացուցչի՝ Ալբերտի օգտին, որը ներկայանում է Brave Heart երգով:

Սերժ Սարգսյան․ Ղարաբաղյան հարցի լուծման “դեդլայն” չկար

Ես ի՞նչ իմանամ՝ հետո ինչը կխանգարի Ադրբեջանին, մի բան կհնարեն կխանգարի, այսինքն ձեր կարծիքով հիմա խաղաղություն են հաստատում, երկու կողմը գնում են այդ ուղղությամբ և ինչ–որ բան խանգարո՞ւմ է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստան-ԵՄ փաստաթուղթն է խանգարում խաղաղության գործընթացին։

Ինչ վերաբերում է նախկին նախագահներին ուղղված իշխանությունների կշտամբնքին, որ հարց լուծող էինք, մինչեւ 2018–ը լուծեիք ԼՂ հարցը, երրորդ նախագահն ասաց. «Ես ընդհանրապես այդպիսի բաներ չեմ սիրում, բայց համեմատություն պետք է անեմ, դա նույնն է, որ կանանցից պահանջեն, որ հինգ ամսում երեխա ունենան։ Սա մոտավորապես նույնն է։ Այսինքն, էդ ո՞վ է ժամկետ դրել, թե ինչ ժամկետում դա պիտի լուծվի։ Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի լուծվի դրականորեն։ Իսկ ինքը մալադեց, ապրի, կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց»։

Ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի հրապարակմանը։

Ստորև ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի արձագանքը.

«Պաշտոնական մեկնաբանությունը՝ «Ի՞նչ է բացահայտում Լեռնային Ղարաբաղի բանակցային փաթեթը» վերտառությամբ, որով ազդարարվեց 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարության կողմից Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի հրապարակումը, ոչ այլ ինչ է, քան պարզունակ, ընդ որում անհեռանկարային փորձ՝ այլոց վրա բարդելու պատասխանատվությունը 2018 թվականի մայիսից հետո Լեռնային Ղարաբաղի հարցով իշխանությունների վարած ձախողյալ քաղաքականության աղետալի հետևանքների համար։

Շատ պարզ հարց է ծագում. եթե, ըստ Հայաստանի ներկայիս իշխանավորների պնդումների, բանակցային գործընթացն ու համանախագահների առաջարկները առավելություններ էին տալիս միայն Բաքվին, ապա ինչո՞ւ էր հենց ադրբեջանական կողմը առնվազն 2008 թվականից ընդհուպ մինչև 2018 թվականը հրաժարվում այդ բոլոր առաջարկներից, քննադատում համանախագահներին և նույնիսկ կոչ անում լուծարել խումբը։

Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է հիմք ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների 5 հայտարարություններ, որոնք արվել են Լ’Ակվիլայում, Մուսկոկայում, Լոս Կաբոսում և Էնիսկիլենում:

Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել է 2008-2017 թվականներին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ արտգործնախարարների ընդունած հայտարարությունները և 2010 թվականին Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովում ընդունված հայտարարությունը, կամ էլ հետագայում է հետքայլ արել նախնական համաձայնությունից։

Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիսի 17), Աստրախանի (2010թ. հոկտեմբերի 27), Սոչիի (2011թ. մարտի 3), Կազանի (2011թ. հունիսի 24), Սոչիի (2012թ. հունվարի 23), Վիեննայի (2016թ. մայիսի 16), Սանկտ Պետերբուրգի (2016թ. հունիսի 20), Ժնևի (2017թ. հոկտեմբերի 16) գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածություններից:

Փակուղի մտցնելով իրեն բանակցային գործընթացում՝ Ադրբեջանը մինչև 2018 թվականը բազմիցս սպառնացել է դուրս գալ դրանից, բայց չի արել այդ քայլը, վախենալով բաց առճակատումից հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեցող համանախագահ երկրների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, համապատասխանաբար վախենալով նաև ողջ միջազգային հանրության հետ բաց ընհարումից: Ընդ որում Բաքուն, հրադադարի բազմակի խախտումներով, բանակցային գործընթացի տորպեդահարմամբ մշտապես սադրել է Երևանին հրաժարվել բանակցություններից, որպեսզի Հայաստանի վրա բարդի խաղաղ գործընթացի ձախողման մեղքը։ Բայց դա ադրբեջանական կողմին ոչ մի կերպ չի հաջողվել։

Ավելին, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները դառնում էին գրեթե համահունչ, ինչի մասին հրապարակավ հայտարարվել է բազմիցս։

Հրաժարվելով համանախագահ երկրների գրեթե բոլոր առաջարկներից, նախաձեռնություններից կամ մշտապես հետքայլ կատարելով արդեն ձեռք բերված պայմանավորվածություններից՝ Ադրբեջանը հակամարտության կարգավորման նկատմամբ մոտեցումներում գործնականում հակադրվեց ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային հանրությանը:

2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ակնհայտ էր խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի տարիների ընթացքում մշակված ամենի պահպանմանը, ամրագրմանը և հետագա կատարելագործմանն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Ակնհայտ էր նաև, որ դրանից նահանջը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Նույն կարծիքին էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սակայն Հայաստանի նոր իշխանությունները 2018-ի մայիսից հետո հայտարարեցին, թե որոշել են բանակցությունները սկսել «իրենց կետից», գործնականում հրաժարվելով նախորդ տարիների բանակցային աշխատանքի արդյունքներից, բայց ըստ որում չկարողանալով նույնիսկ համանախագահներին բացատրել, թե որտեղ է այդ «իրենց կետը»։ Եթե  մինչ իրենց բազմիցս հավաստվել էր, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, ապա այդժամ Երևանը միջազգային հանրության աչքում դարձավ բանակցային գործընթացի ոչ կառուցողական կողմ: Իսկ այն բանից հետո, երբ Հայաստանի նոր տիրակալը, «իրեն գժի տեղ դրած», սկսեց կասկածներ հայտնել, թե հակամարտությունը կարելի է լուծել բանակցությունների միջոցով, Բաքուն ստացավ այն, ինչը նրան չէր հաջողվում տարիներ շարունակ. որպես կազուս բելլի՝ պատերազմի սանձազերծման առիթ, մեղադրել Հայաստանին բանակցություններից հրաժարվելու մեջ։

Հնարավո՞ր էր արդյոք կասեցնել պատերազմը։ Հավանաբար՝ այո, եթե պատրաստ լինեին համարժեք հակահարված տալ, և եթե աջակցություն ու ըմբռնում լիներ դաշնակիցների և միջազգային հանրության կողմից, որոնք վճռական միջոցներ կձեռնարկեին ռազմական գործողություններն անմիջապես դադարեցնելու համար։

Իրադարձությունների այդպիսի զարգացման ականատեսը եղանք 2016 թվականի ապրիլին, երբ ձախողվելով դիվանագիտական դաշտում՝ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, փորձելով ուժային մեթոդներով պարտադրել իր մոտեցումները բանակցային գործընթացի շրջանակներում, բայց այդ փորձերը ձախողվեցին։ Սակայն Փաշինյանի ու իր թիմի դիվանագիտական, քաղաքական, ինչպես նաև ռազմական ակնհայտ սխալների պատճառով Հայաստանը 2020 թվականին հայտնվեց շատ ողբալի վիճակում, ինչը հանգեցրեց ջախջախիչ ռազմական պարտության՝ բազմահազար զոհերով, և Արցախի կորստի։

Այն պնդումները, թե բանակցային գործընթացի ընթացքում Ռուսաստանը, համանախագահ մյուս երկրները հակամարտության կարգավորման նպատակով, իբր, առաջարկել են Ադրբեջանին վերադարձնել հայկական վերահսկողության տակ գտնվող 7 շրջանները Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով ո՛չ կարգավիճակի, ո՛չ անվտանգության երաշխիքների, ո՛չ էլ այլ բնութագրիչների առումով, ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև չեն դիմանում որևէ քննադատության: Այդ մասին բազմիցս հայտարարություններ են արել Մինսկի խմբի համանախագահ երկրները, այդ մասին ակնառու կերպով վկայում են նաև դեկտեմբերի 2-ին Հայաստանի ներկայիս իշխանավորների հրապարակած փաստաթղթերը»:

2008թ. դեկտեմբերից մինչև 2011թ. հունիսի 24-ին Կազանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը կողմերը Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ բանակցություններ են վարել «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցման շուրջ: Կայացել են նախագահների երկկողմ (Հայաստան և Ադրբեջան) և եռակողմ (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան) տասներկու գագաթնաժողովներ, արտգործնախարարների երեք տասնյակ հանդիպումներ։ Ադրբեջանն ամեն անգամ հետ է կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Բարձրակետը Կազանի գագաթնաժողովն էր, երբ հակառակ համանախագահ երկրների սպասումների՝ Ադրբեջանը փաստացի հրաժարվեց հիմնականում արդեն համաձայնեցված տեքստից, առաջադրելով ավելի քան 10 փոփոխություն։

Կազանից հետո էլ՝ 2011-ից մինչև 2018 թվական, համանախագահները շարունակել են ջանքերը կարգավորման ուղիներ գտնելու ուղղությամբ։ Կազանի գագաթնաժողովում քննարկված «Հիմնարար սկզբունքների» նախագծից հետո (վերջին աշխատանքային փաստաթուղթը, որն ի պահ է հանձնվել ԵԱՀԿ քարտուղարությանը՝ բոլոր աշխատանքային փաստաթղթերի հետ միասին, որոնց շուրջ բանակցություններ են ընթացել մինչեւ 2011 թվականը) չի եղել ոչ մի աշխատանքային փաստաթուղթ, որը կողմերի միջև բանակցությունների առարկա դառնար: Պատահական չէ, որ Ս.Լավրովը բազմիցս հայտարարել է, որ «ոչ մի փաստաթուղթ, բացի նրանցից, որոնք ի պահ են հանձնվել ԵԱՀԿ-ին, գոյություն չունի»:

2011-ից 2018 թվականներին մշակված բոլոր առաջարկները կողմերին փոխանցվել են «non paper» ձևաչափով և 2011-ի հունիսին Կազանում քննարկված փաստաթղթից տարբերվել լոկ ձևով, բայց ոչ էությամբ: Այդ «non paper»-ների վերջին տարբերակները ձևակերպված էին մեկ ամբողջություն ներկայացնող փոխկապակցված երեք փաստաթղթերի տեսքով, որոնք միասին պահպանում էին Կազանի փաստաթղթի գրեթե բոլոր տարրերը և իրենցից ներկայացնում պատկառելի հենք, որում ամրագրված էր համակողմանի մոտեցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը:

2018 թվականի հունվարի 18-ին Կրակովում կողմերին ներկայացված «non paper»-ը բաղկացած էր ընդամենը մեկ էջում շարադրված երեք կետերից, որոնք, ինչպես առաջարկում էին համանախագահները, կարող էին ներառվել Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր հետագա համատեղ հայտարարության մեջ: Բաքուն մերժեց նաև այդ առաջարկը։

Միայն 2019 թվականի հունիսին՝ Փաշինյանի իշխանության գալուց մեկ տարի անց, կողմերին հանձնվեց Կազանի գագաթնաժողովից հետո համանախագահների ստորագրած առաջին պաշտոնական (այլ ոչ թե «non paper») փաստաթուղթը՝ նույնպիսի առաջարկություններով, ինչպիսիք ներկայացվել էին 2019 թվականի ապրիլին առանց համանախագահների ստորագրության։

Ի՞նչ դրույթներ են մշակվել համանախագահների հետ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ 2008 թվականից ի վեր:

Միջանկյալ կարգավիճակ։ Մինչև վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ՝ իր եղանակավորման բոլոր մանրամասների նկարագրությամբ, այն է՝ օրենսդիր, գործադիր և տեղական իշխանության մարմինների, դատարանների, ինքնապաշտպանության սեփական ուժերի և իրավակարգի ուժերի ձևավորում ու գործունեություն, դիտորդի կարգավիճակի տրամադրում ԵԱՀԿ-ում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին անդամակցելու իրավունք, որտեղ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը չի դիտարկվի որպես խոչընդոտ, արտաքին կապերի իրականացում համաձայնագրով նախատեսված ոլորտներում, օտարերկրյա անմիջական ներդրումներ, աջակցություն միջազգային դոնոր կազմակերպություններից ու օտարերկրյա պետություններից և մուտք միջազգային շուկաներ: Այս ամենը գործնականում, ինչպես նշում էին իրենք՝ համանախագահները, նշանակում էր «ստատուս քվո պլյուս», այլ բնավ ոչ Ղարաբաղի առկա կարգավիճակի չեղարկում։

Վերջնական իրավական կարգավիճակ: Նախատեսվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է համաժողովրդական քվեարկության միջոցով, որը կամրագրեր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը (համանախագահներն իրենց բոլոր առաջարկություններում պնդել են դա, չնայած Բաքվի այն պահանջին, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն պետք է նախատեսել Ադրբեջանի ողջ տարածքում), որն իրավաբանորեն պարտադիր բնույթ ունի։ Ընդ որում ընդգծվում էր, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումը ոչնչով չի սահմանափակվելու, ենթադրելով ցանկացած կարգավիճակի ընտրություն: Լեռնային Ղարաբաղի քվեարկությանը մասնակցող բնակչություն ասելով՝ նկատի էին առնվում ցանկացած ազգության անձինք նույն համամասնությամբ, ինչպես դա եղել է Լեռնային Ղարաբաղում 1988 թվականին, համաձայն հակամարտության սկսվելուց առաջ անցկացված վերջին մարդահամարի արդյունքների (ըստ մարդահամարի՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն այն ժամանակ կազմել է 76%)։

Անվտանգության երաշխիքներ։ Միջանկյալ կարգավիճակի պայմաններում նախատեսվում էին անվտանգության բազմամակարդակ երաշխիքներ. Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի չկիրառման Ադրբեջանի պարտավորություն, խաղաղության պահպանման միջազգային գործողություն՝ խաղաղապահ ուժերի տեղակայմամբ, որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր Հայաստանի դերի ճանաչում, անվտանգության ապահովում Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի միջոցով, անվտանգության երաշխիքներ համանախագահ երկրների կողմից, ինչպես նաև այդ նպատակով ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի ընդունած համապատասխան բանաձև։

Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք։ Նախքան վերջնական կարգավիճակի որոշումը, Լաչինի շրջանով միջանցքի օգտագործման անվտանգությունը և բոլոր հարցերը պետք է ապահովվեին և լուծվեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից՝ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ գոյություն ունեցող ստատուս քվոյի պայմաններով։

Այդ միջանցքի վերջնական կարգավիճակը և լայնությունը պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համատեքստում։

Տարածքների վերադարձ։ Փաթեթային պայմանավորվածության շրջանակներում՝ այնպիսի բնութագրիչների վերաբերյալ, ինչպիսիք են վերջնական կարգավիճակի, միջանցքի և այլ տարրերի որոշումը, միջազգային և այլ հստակ երաշխիքներից ու անվտանգության միջոցների գործարկումից հետո, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երաշխիքները, խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո նախատեսվում էր հինգ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի և Կուբաթլիի վերադարձ, որոնք պետք է ապառազմականացվեին, և հենց շփման գծում, այլ ոչ թե Ղարաբաղում պետք է տեղակայվեին խաղաղապահ ուժերը:

Լաչինի ոչ միջանցքային մասի և Քելբաջարի շրջանի վերադարձը նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման վերաբերյալ համաժողովրդական քվեարկության անցկացման կազմակերպչական հարցերի համաձայնեցման հետ կապակցված։

Հաղորդակղության ուղիների բացում: Հակամարտության կարգավորման համաձայնագրի իրականացման շրջանակներում Կազանի փաստաթղթում, ինչպեսև հետագա մշակումներում, առաջարկվում էր հետ կանչել բոլոր վերապահումներն ու հատուկ կարծիքները համապատասխան միջազգային համաձայնագրերից, որոնք սահմանափակում են հաղորդակցության ուղիների ազատությունը, վերացնել շրջափակումները, ապահովել տրանսպորտային և այլ անարգել կապեր, բացել բոլոր սահմաններն ու կողմերի տարածքներով անցնող կապուղիները (այդ սահմանափակումները մտցվել էին հենց Ադրբեջանի կողմից): Կրկնենք, խոսքն ամբողջ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման մասին էր և շեշտադրում չկար կոնկրետ շրջանի կամ շրջանների վրա։ 

Համանախագահների բոլոր առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային լուծում՝ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցման փուլային իրագործմամբ:

Շատ տարօրինակ, եթե չասենք՝ խորշելի են դիտվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունեցող տասնյակ փաստաթղթերից Հայաստանի այսօրվա կառավարիչների հրապարակած ոչ մեծ, ընտրովի ցանկում հղումները 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի և 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարություններին: Ոչ պակաս պարադոքսալ է Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ 1993թ. ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևերի հրապարակումն ու հղումները։ Բոլոր այդ փաստաթղթերը, բացի Ադրբեջանից, ոչ ոք՝ ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ էլ համանախագահ երկրները, չեն հիշել և հղում չեն արել դրանց առնվազն 2008 թվականից հետո տասը տարի։

Փաշինյանն ու իր թիմն այսօր փաստացի վերածվել են Ադրբեջանի ղեկավարության ջատագովների։

Ընդ որում, ներկայիս իշխանավորներն անտեսում են, ինչպես դա տարիներ շարունակ արել է Բաքուն, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2008-2017 թվականներին ԵԱՀԿ գագաթնաժողովի և ԱԳՆԽ-ի շրջանակներում ընդունված հայտարարությունները, չենք խոսում արդեն ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կարևորագույն հայտարարությունների մասին, որոնք հրապարակվել են 2009-2013 թվականներին Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում և Էնիսկիլենում։ Ինչպես որ անտեսվում են 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում նախագահների և արտգործնախարարների հանդիպման և 2016թ. հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում ընդունված ոչ պակաս նշանակալի հայտարարությունները, մոռացության են մատնվում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բազմաթիվ համատեղ հայտարարությունները:

Հրապարակելով մի քանի փաստաթղթեր՝ հղում անելով Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վ.Ն.Կազիմիրովի կայքին, Հայաստանի կառավարությունը ձևացրեց, թե չի նկատել 1994-1995 թվականներին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հրադադարի մասին եռակողմ, անժամկետ առանցքային համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել մեծապես նաև դեսպան Կազիմիրովի շնորհիվ:

Ցանկը կարելի է շարունակել: Հենց սա է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ այն ժառանգությունը, որ ստացել է Հայաստանի կառավարությունը, և որին այդքան ապաշնորհ ու այդչափ ողբերգական հետևանքներով տնօրինեց Փաշինյանի իշխանությունը։

Տրամաբանական կլիներ առաջարկել ներկայիս հայ իշխանավորներին հրապարակել Լեռնային Ղարաբաղին վերաբերող փաստաթղթերը, որոնք ընդունվել են 2018-ից հետո։ Հուսանք, որ դրանք պատճենելու համար այնքան էլ շատ ժամանակ չի պահանջվի: Իսկ այդ հրապարակումը վառ ապացույց կդառնա, թե ինչ ժառանգություն է թողնելու Փաշինյանը Հայաստանի ապագա ղեկավարներին։

Չէ՞ որ գալով իշխանության՝ Փաշինյանը խոստացել էր «ամեն ինչի մասին տեղեկացնել ժողովրդին», որը «մանդատ էր տվել իրեն»։ Սակայն այդ խոստումը փոխարկվեց աշխարհի տարբեր անկյուններում հեծանիվ քշելու, սելֆի անելու, կարկանդակներ ուտելու ու այլևայլի մասին Facebook-ում տեղադրված տեսագրությունների։ Եվ վերջապես որպես ապոթեոզ հնչեց. «Ինչ որ պետք է, էն էլ բանակցո՛ւմ ենք»։

Իսկ ի՞նչ է մտապահվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաշինյանական քաղաքականության մասին։ Հասարակական գիտակցության մեջ մնացել է ընդամենը երկու թեզ. նախ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ հետո՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է…»։

Ս.թ. դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթերի հրապարակումը, Փաշինյանի ու իր թիմի մտահղացմամբ՝ նպատակ էր հետապնդում ոչ միայն հանրային գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու միջոցով վարկաբեկել նախորդ իշխանություններին՝ երեք նախագահների գլխավորությամբ, և փորձել նրանց վրա բարդել պատասխանատվությունը իբրև խաղաղարարություն հրամցվող իր պարտվողական քաղաքականության ձախողման համար։ Դա ուղղված էր նաև այն նպատակին, որ շեղի ժողովրդի ուշադրությունը ներկայիս իշխանությունների ապաշնորհ քաղաքականության ողբերգական հետևանքների ծանր բեռից։ Սակայն այդ փորձը լիովին ձախողվեց և իրականում դարձավ փաշինյանական թիմի ինքնամերկացում ու արածի համար նրա լիակատար պատասխանատվության դատավճիռ։

Սեպտեմբերի 22-ին հրահանգվեց զինաթափվել։ Մտածում էինք, թե ապահովության համար է արվում

Գևորգյանների ընտանիքը բախվում է խնդիրների, փորձում հարցերը լուծել սեփական ուժերով

Էլոնա Գևորգյանը 2023-ի սեպտեմբերի 19-ին զորամասի ճանապարհին էր, երբ սկսվեց պատերազմը։ Ճանապարհից հետ չդարձավ հասավ զորամաս ու սպասեց հետագա հրահանգներին։ ԱՀ ՊԲում ծառայում էր 2018 թվականից։

Ծանր ապրումների մասին է պատմում Էլոնան

-Սեպտեմբերի 17-ին զորամասից զանգեցին, թե տագնապ է հայտարարված։ Շտապ մեկնեցի զորամաս։ Հաջորդ օրը վերադարձա տուն։ Սեպտեմբերի 19-ի առավոտյան նորից զանգեցին, որ շուտ հասնեմ ծառայությանս վայրը։ Ճանապարհին էի, երբ սկսվեց պատերազմը և խլացնող հրետակոծություններն այլևս չդադարեցին։ Հետևում թողնելով մինուճար երեխայիս, ծնողներիս ու հաշմանդամ եղբորս՝ հասա զորամաս։ Չէի կարող հետ դառնալ, ծառայակից ընկերներիս մենակ թողնել, բայց մինչև զինադադարը տեղս չէի գտնում․ ուշքս ու միտքս հարազատներիս մոտ էին։

Սեպտեմբերի 22-ին հրահանգվեց զինաթափվել։ Մտածում էինք, թե ապահովության համար է արվում, սակայն պարզվեց՝ ոչ։ Մեր սուրբ հայրենիք Արցախը տալիս են թշնամուն։ Զորամասի շտապ օգնության մեքենայով ծառայակից մի ուրիշ կնոջ՝ Անահիտի հետ եկանք Ասկերան։ Մերոնցից ոչ մի լուր չունեի, կապերը չէին գործում, չգիտեի նրանց տեղը։

Համարյա վազելով հասա տուն (Ղլիժբաղի ֆիննական թաղամաս), տեսա տանը մարդ չկա։ Մի կերպ կապ հաստատեցի հորս հետ ու իմացա, որ նրանք մի քանի օր է, ինչ Ստեփանակերտի օդանավակայանում են։ Տանից մի քանի շոր, հաշմանդամ եղբորս համար տակդիրներ վերցնելով դուրս եկա, որ ոտքով ճանապարհ ընկնեմ դեպի Իվանյան։

Մի քիչ հետո տեսա, որ մեր հարևանը՝ բոլորին հարեհաս Վիտալին, իր մեքենայով կանգնած է։ Սկսեցի վազել։ Հուզմունքից չէի լսում, որ նա կանչում էր՝ մի վազի, հանգիստ արի, սպասում եմ։ Մեքենայում 10-ից ավել մարդ կար․ բոլորի դեմքերը հոգնատանջ, տխուր։ Հասանք օդանավակայան, վերջապես գտա հարազատներիս։

Թե ինչ էր տիրում այնտեղ, երբեք չեմ կարող մոռանալ։ Տարբեր շրջաններից թշնամուց մի կերպ փրկված մարդիկ այդտեղ էին ապաստան գտել, քանի որ մտածում էին, որ ռուս խաղաղապահների մոտ է միայն ապահով։

Սեպտեմբերի 26-ին մեր ընտանիքը դեռ օդանավակայանում էր։ Այդ օրն արդեն հրահանգ կար ազատել օդանավակայանը․ սկսվել էր բռնագաղթը։ Մեկ օր առաջ տեղի ունեցած չարաբաստիկ պայթյունն ավելացրել էր մարդկանց խուճապը։

Հասկանալով, որ հետդարձ չի լինելու, ցանկանում էի տուն գնալ, որ մի քանի իրեր ևս վերցնեմ, սակայն ռուսներն ասացին, որ իրենք ոչնչի համար պատասխանատու չեն։ Ով մեքենա չուներ, տարհանվում էր ավտոբուսներով։ Սեպտեմբերի 27-ին, մեր թաղամասի բնակիչներով ավտոբուս նստեցինք ու ճանապարհ ընկանք դեպի անհայտություն (այդ պահին այդպես էինք մտածում)։ Մինչ մարդիկ կնստեին ավտոբուսը, մեր հարևանուհի Մարիաննան հայտատարեց, որ առաջինը պետք է Հարութին նստեցնենք՝ հաշմանդամ եղբորս։ Իսկ ինքը ամենավերջում նստեց՝ բոլորին տեղավորելուց հետո։

Սեպտեմբերի 25-ին Մարիաննայի հետ հասցրել էինք գնալ տուն, անգամ տան գործեր ենք արել։ Դուրս գալուց առաջ մեր տան դարբասին գրել եմ՝ մի օր գալու ենք:

Հակարիից հետո միանգամայն ուրիշ կյանք էր սպասվում Գևորգյաններին

-Գորիսում ջերմ ընդունելության ենք հանդիպել։ Մայրս 2-րդ կարգի, եղբայրս մանկուց հաշմանդամ ու անվասայլակին գամված, երեխաս փոքր՝ շատ դժվար էր ինձ ու հորս համար։ Բոլորը օգնում էին մեզ՝ տրամադրելով սնունդ, հագուստ։ Մեզ ասացին, որ պետք է գնանք Թալին, քանի որ Սյունիքի մարզում այլևս տեղ չկար։ Շատ էի ուզում մնալ Գորիսում, որ մոտ լինեի իմ տանը, սակայն չհաջողվեց։

Երեկոյան ճանապարհվում ենք և առավոտյան ժամը 4-ին հասնում Թալին, որտեղից մեզ տանում են Դավթաշեն գյուղը և տեղավորում գուղապետի տանը։ 6 օր մնում ենք այդ հյուրընկալ օջախում, ապա բարի մարդկանց շնորհիվ մեզ տուն է հատկացվում, որտեղ ապրում ենք մինչ օրս։

Այս գյուղում լավ մարդիկ շատ կան։ Մեզ օգնել են ինչով կարողացել են։ Ուղղակի խնդիրն այն է, որ այստեղ աշխատատեղ չկա։ Մի քանի անգամ դիմել եմ Թալինի հիվանդանոցում աշխատանքի ընդունվելու համար, սակայն չեն ընդունել՝ պատճառ բերելով տարիքս։ Ստացվում է այնպես, որ 38 տարեկան մարդը չի կարող անգամ մաքրուհի աշխատել։ Իսկ կրկին ծառայության անցնելու համար պահանջվում է ՀՀ քաղաքացիությունը, ինչը ես ունեմ։ Դա իմ կապույտ անձնագիրն է՝ 070 կոդով, որը ես ստացել եմ Արցախում։

Այստեղ հաստատվելուց հետո ձեռքերս ծալած չեմ նստել։ Իմ ուժերով ձեռք եմ բերել 50-ից ավելի հավեր, որպեսզի գոնե ձու, թարմ թռչնամիս ունենանք։ Հայրս աշխատանք է գտել հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունում։ Այդ գործն էլ շուտով կավարտվի, ու նա նորից գործազուրկ կդառնա։

Գևորգյանների ընտանիքը բախվում է խնդիրների, փորձում հարցերը լուծել սեփական ուժերով

-Անցնելով մի շարք փորձություններով՝ մեր ընտանիքը շարունակում է մնալ դժվարությունների մեջ։ Մայրիկիս առողջականն օրեցօր վատանում է։ Տեղահանությունից հետո նա մեծ սթրես է ապրել։ Անընդհատ դեղորայք ենք գնում, քիմիոթերապիայի կուրսեր անցնում։ Ամիսը երկու անգամ պարտադիր հիվանդանոց ենք գնում՝ Երևան։ Ինձ համար շատ դժվար է, քանի որ միշտ չի ստացվում հանրային տրանսպորտով գնալ։ Մորս վիճակից ելնելով հաճախակի տաքսու ծառայությունների ենք դիմում։ Ուստի չենք կարող Երևանից հեռու բնակարան ձեռք բերել։ Շատերն են ասում՝ 5 հոգի եք, ձեր հավաստագրի գումարով կարող եք տուն գնել մարզերում, բայց չեն հասկանում, թե ինչքան դժվար է, երբ ընտանիքում երկու հաշմանդամ կա։ Իսկ այդ գումարով Երևանին կից բնակավայրերում չենք կարող տուն գնել, քանի որ շատ բարձր են տների գները։

Արցախցիների բնակարանային հարցը պետք է միայն մի ձևով լուծվի՝ կառուցվեն բնակելի շենքեր ու տրամադրվեն բոլորին, իսկ մինչ այդ բնակվարձերի աջակցություն պետք է ստանան բոլոր արցախցիները։

Այսքան ժամանակ ապրում ենք այստեղ, դեռ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնից ոչ ոք մեր տուն չի այցելել, իմանալու, թե ինչ պայմաններում են ապրում  հաշմանդամ եղբայրս ու մայրս։ Սպասում ենք, որ անվասայլակ ստանանք։ Արժեքը 140000 դրամ է, ինչը մեր ուժերով չենք կարող գնել։

Բոլոր արցախցիներն անցել են ծանր ճանապարհով ու հայտնվել համարյա նույն կարգավիճակում։ Դիմում եմ ողջ հայությանը։ Մեզ՝ արցախցիներիս, մենակ մի թողեք մեր ցավի ու խնդիրների հետ։

Մասնկացել եմ Արցախյան երկու պատերազմներին։ 2020-ի 44-օրյա պատերազմում իմ 3-ամյա աղջիկը 7 օր ինձ հետ մնացել է զորամասում (Ալաշան)։ Մեծ ցավ եմ ապրում զոհված տղաների համար և չեմ ներում, որ նրանց արյամբ պատված հողը մնացել է թշնամուն։ Բայց չեմ ուզում կորցնել հույսս, որ կվերադառնանք մեր սուրբ հողը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ուկրաինայում ապառազմականացված գոտուց հետո` Եվրոպա. ՆԱՏՕ-ի գեներալը սպառնում է մտնել Քյոնիգսբերգ

Ուկրաինան կարող է հանրաքվե անցկացնել Դոնբասից զորքերի դուրսբերման և ապառազմականացված գոտի ստեղծելու վերաբերյալ, հայտարարել է նախագահ Զելենսկին։ Նա պնդում է ռուսական զորքերի դուրսբերման վրա Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Սումիի մարզերից։

«Անկախ նրանից՝ ընտրություններ կլինեն, թե հանրաքվե, ուկրաինացի ժողովուրդը պետք է դիրքորոշում արտահայտի», – ասել է նա։

Ըստ Զելենսկու՝ ԱՄՆ-ի «փոխզիջումային տեսլականը» Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումն է Դոնբասից և ապառազմականացված գոտու ստեղծումը, սակայն հարցը, թե ով կկառավարի այս տարածքը, դեռևս լուծված չէ. Վաշինգտոնը «փնտրում է ինչ-որ ձևաչափ»։

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վստահ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մտադիրվում սահմանափակվել միայն Ուկրաինայի դեմ պատերազմով։ «Մենք Ռուսաստանի հաջորդ թիրախն ենք», – ասել է նա դեկտեմբերի 11-ին Բեռլինում ունեցած ելույթի ժամանակ։ Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի խնդիրն այժմ պատերազմը դադարեցնելն է, նախքան դրա սկսվելը։ «Դրա համար մենք պետք է լիովին գիտակցենք սպառնալիքը», – ընդգծել է նա՝ հավելելով, որ վտանգն արդեն իսկ գոյություն ունի։

Եվրոկորպուսի նախկին հրամանատար Յարոսլավ Գրոմաձինսկին հայտարարել է, որ դաշնակիցները պատրաստ են ոչնչացնել Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքները Քյոնիգսբերգի մարզում, եթե Կրեմլը որոշի հարձակվել Լեհաստանի կամ Դաշինքի երկրների վրա։

«Մենք կայրենք ամեն ինչ 300 կիլոմետր շառավղով և կհրկիզենք 900 կիլոմետր շառավղով։ Եվ մենք դա կանենք լիակատար վճռականությամբ», – վստահեցրել է Գրոմաձինսկին։ Գեներալը հայտարարել է, որ եթե սպառնալիք առաջանա, դաշնակիցները իրենց իրավունք են վերապահում մտնել Քյոնիգսբերգ և չեզոքացնել ռուսական ուժերը։

Ակնհայտ էր ի սկզբանե, որ այս ամենը կապված է երեկվա լսումների հետ

Այսօր Քննչական կոմիտեն Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացրել։

ՙՙՄեզ համար ակնհայտ էր ի սկզբանե, որ այս ամենը կապված է երեկվա լսումների հետ: Սա այն մեսիջն է, որը մենք ստանում ենք Հայաստսնի իշխանություններից։ Չէմ բացառում, որ հետագայում այդ ամենը շարունակական բնույթ կկրի, բայց մեր հստակ դիրքորոշումը հետևյալն է՝ Արցախյան հակամարտության էջը չի կարող փակված լինել առանց հաշվի առնելու 120 հազարից ավելի արցախցիների ինքնորոշման հարցը”:

Այս մասին այսօր լրագրողներին ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ “Սա հստակ է, և մենք շարունակելու ենք մեր պայքարը: Իհարկե, ցավալի է, որ մեր հայրենիքում ականատես ենք լինում նման դրսևորումների: Առգրավվել են համակարգիչներ, այնպես որ սպասենք զարգացումներին և Քննչական կոմիտեի արձագանքին: Ինչ-որ բան են փնտրել, փաստաթղթեր երևի թե, իրենց ասելով՝ Ներդրումային հիմնադրամի հետ կապված։ Բայց մենք բոլոր փաստաթղթերը բռնի տեղահանումից հետո ներկայացրել ենք Քննչական կոմիտե: Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունենում՝  շոուի երկրորդ կամ երրորդ սերիան է: Սպասենք  ու կտեսնենք”, նշել է նա:

Կկայանա՞ Գարեգին Բ-ի և Փաշինյանի հանդիպումը

Գարեգին Բ կաթողիկոսի որոշումը՝ հետաձգել Եպիսկոպոսաց Ընդհանուր ժողովը, որը նախատեսված էր դեկտեմբերի 12-14-ը, որը, հավանաբար, պետք է դառնար Փաշինյանի և Գարեգին Բ-ի միջև դիմակայության վերջնական կետը, կտրուկ փոխել է իրավիճակը: Այսօր Էջմիածինը հայտարարություն է տարածել, որ ժողովը անպայման տեղի կունենա՝ առանց ամսաթիվ նշելու։

Ժողովը չեղարկվեց Գարեգին Բ-ի Շվեյցարիա և Մարսել կատարած այցից հետո, որտեղ նա, ըստ երևույթին, որոշակի երաշխիքներ և աջակցություն էր ստացել: Միևնույն ժամանակ, Գերմանիա կատարած իր վերջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չկարողացավ հստակ բացատրել եկեղեցու դեմ իր արշավի դրդապատճառը: Նա մեկ պնդում էր, որ քահանաները օտարերկրյա ազդեցության գործակալներ են, ապա հայտարարում էր եկեղեցական բարեփոխումների անհրաժեշտության մասին և վերջապես հայտարարեց, որ պարզապես ցանկանում է վերահսկել եկեղեցու ֆինանսավորման աղբյուրները։

Ակնհայտ էր, որ եկեղեցու դեմ արշավը Եվրոպայում ընկալվում էր եթե ոչ բացասական, ապա թյուրըմբռնմամբ։

Նույն այդ օրերին հայկական լրատվամիջոցներում հայտնվեցին «արտահոսքեր», որ կաթողիկոսի «հրաժարականը» դեկտեմբերից հետաձգվում է մինչև հաջորդ տարվա հունվար, և որ Փաշինյանի և Գարեգին Բ-ի միջև հանդիպում է նախապատրստվում։

Միևնույն ժամանակ, հանրությունը կոշտ արձագանքեց կառավարամետ ՀԿ-ականի պնդումներին, որ անվտանգության ծառայությունները, իբր, «ունեն տեղեկատվություն, բայց ոչ ապացույցներ», որ որոշ քահանաներ գործակալներ են: Դանիել Իոննիսյանը, մասնավորապես, փորձեց դրանով արդարացնել կառավարության գործողությունները, բայց մեղադրվեց ստալինիզմի և եզովիզմի մեջ։

Արևմտյան հիմնադրամների հետ աշխատող առաջատար քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբը նախորդ օրը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ կոչ անելով իշխանություններին դադարեցնել եկեղեցու գործերին հակասահմանադրական միջամտությունը։

Եվրամիությունը ակնկալում է, որ հայկական կողմը թափանցիկ կլինի ձերբակալվածների հետ կապված դատական ​​​​գործընթացներում: Այս մասին հայտարարել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պերունչիկը Civilnet-ին տված հարցազրույցում։

«Եվրամիությունը ակնկալում է, որ Հայաստանը կհետևի միջազգային չափանիշներին, մասնավորապես՝ մարդու իրավունքների հարցերում: Եթե ​​երկիրը չպահպանի օրենքի գերակայությունը կամ միջազգային չափանիշները, մենք դրա մասին բացահայտ կխոսենք: Ի վերջո, ընկերները խոսում են ամեն ինչի մասին, նույնիսկ խնդիրների», – նշել է Պերունչիկը։

Դեսպանը նաև ընդունեց, որ իր շրջապատում կան մարդիկ, ովքեր հիշեցնում են իրենց, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ձերբակալությունների հետ կապված, սխալ է։

Դեսպանը չառանձնացրեց քահանաների ձերբակալությունները, բայց պարզ է, որ չորս արքեպիսկոպոսների կեղծ մեղադրանքներով ձերբակալությունը Եվրոպայում հալած յուղի պես չի ընդունվել։

Փաշինյանը գործնականում չի կարողացել «համոզել» Եվրոպային, որ Էջմիածնի դեմ արշավը՝ ռուսական «հիբրիդային» սպառնալիքի դեմ պայքարի մաս է, և աջակցություն ստանալ։ Նույնը վերաբերում է նաև Թրամփի վարչակազմին, որը հռչակում է քրիստոնյաների պաշտպանություն և չի կարող բացահայտորեն աջակցել Հայ եկեղեցու «ռեֆորմացիային»։ Հատկապես՝ հաշվի առնելով Հռոմի պապի փորձերը միավորել քրիստոնեական եկեղեցիները։ Հռոմի պապի վերջերս այցը Թուրքիա և Լիբանան և նրա հանդիպումները հայ պատրիարքների հետ դարձել են նշանակալի գործոն։

Այս համատեքստում Փաշինյանին, դեմքը փրկելու համար, մնում է հանդիպել Գարեգին Բ-ի հետ և հասնի “փոխզիջման”, օրինակ՝ համաձայնության եկեղեցու որոշակի ֆինանսական թափանցիկության, եկեղեցու նոր կանոնադրության մշակմանը կառավարության մասնակցության վերաբերյալ և այլն։

Այս ֆոնին մնում է անպատասխան կարևոր հարց. արդյո՞ք կաթողիկոսը կհրաժարվի, որպես «զիջում», Էջմիածնի սեփականության իրավունքից Արցախում և այլուր, օրինակ՝ Երուսաղեմում գտնվող եկեղեցիների նկատմամբ։ Եվ արդյո՞ք նա կլուծարի Արցախի թեմը։

Լուսանկարում Դադիվանքն է

Ուկրաինան կարող է շուտով անդամակցել ԵՄ-ին

Լվովում կայացած ԵՄ եվրոպական հարցերով նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նշվել է, որ Հունգարիայի շրջափակման պատճառով Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու վերաբերյալ բոլոր տեխնիկական աշխատանքները կավարտվեն նախապես։

Լվովում կայացած հանդիպմանը ներկա ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինայի ապագա անդամակցությունը ԵՄ-ին դիտարկում է որպես Կիևի համար եվրոպական անվտանգության երաշխիքների հիմնական տարր։ «Սա բարգավաճ և կայուն Ուկրաինայի ամենաապահով ուղին է, և դա կլինի բանալին ցանկացած խաղաղ կարգավորման կայունությունն ապահովելու համար», – ընդգծել է Կոսը։

Դեկտեմբերի 18-19-ը Բրյուսելում նախատեսված տարվա ԵՄ վերջին գագաթնաժողովի հիմնական հարցերից մեկը կլինի Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու վերաբերյալ բանակցությունների մեկնարկի ապաշրջափակումը։ Չնայած Կիևի կողմից բանակցային կլաստերների բացման համար անհրաժեշտ բոլոր պահանջները կատարվել են, այս գործընթացը Հունգարիան արգելափակել է։

Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ ուկրաինական ճգնաժամի լուծման ծրագրերը նախատեսում են, որ Ուկրաինան միանա ԵՄ-ին մինչև 2028 թվականը՝ միաժամանակ հրաժարվելով ՆԱՏՕ-ին անդամակցելուց։

Freestyle Chess Grand Slam Final-ի հաղթողը Լեւոն Արոնյանն է

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը Քեյփթաունում (Հարավային Աֆրիկա) անցկացված Freestyle Chess Grand Slam Final-ի եզրափակիչում 1,5:0,5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ նվաճեց տիտղոսը։

Freestyle Chess Grand Slam Final-ի մրցանակային հիմնադրամը 750 հազար դոլար է։

Միքայել Սրբազանին թույլ են տվել տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց. Փաստաբան

Միքայել Սրբազանին թույլատրել են տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց՝ բժշկական համապատասխան օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Միքայել Սրբազանի փաստաբան Նարինե Ֆարմանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ պաշտպանների, Միքայել Սրբազանը վիրահատության կարիք ունի և ցանկանում է, որ վիրահատությունը կատարվի «Իզմիրլյան» հիվանդանոցում։

Փաշինյանը հազիվ հասավ Գերմանիայից Մոսկվա

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը առաջարկել է համաձայնեցնել գրաֆիկները Միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ հռչակագրի իրականացման շրջանակում։

Նիկոլ Փաշինյանը հազիվ է հասել Մոսկվայի նիստին, քանի որ նրա ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել գիշերը՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման և բազմաթիվ ռուսական օդանավակայանների փակման պատճառով: Համբուրգից թռչող նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում, իսկ այնտեղից նա մեկնել է Մոսկվա։

Այսօր գիշերը մոտ 300 անօդաչու թռչող սարքեր են հարձակվել ռուսական քաղաքների վրա. ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները կարողացել են խփել դրանց մեծ մասը, սակայն անօդաչուների և զենիթային զենքերի բեկորները, ինչպես նաև որոշ անօդաչու թռչող սարքեր հասել են թիրախներին՝ առաջացնելով ավերածություններ և հրդեհներ։

Փաշինյանը սովորաբար “համատեղում” է Ռուսաստան և արևմտյան մայրաքաղաքներ կատարած ուղևորությունները՝ ցույց տալու համար իր հավատարմությունը հավասարակշռված քաղաքականությանը: Գերմանիայում նա հայտարարել է, որ Հայաստանը չի մտադիրվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց ձգտում է ինտեգրվել ԵՄ-ի հետ: Առայժմ այս գործընթացները կարող են համատեղվել. հենց որ սա խնդրահարույց դառնա, կառավարությունը կորոշի, թե ինչ անել, ասել է Փաշինյանը։

Խուզարկությունը կապված է 2021 թ․ իրադարձությունների հետ․ Երիցյան

“Քրեական վարույթը, որի շրջանակներում այսօր իրականացվում է խուզարկությունը Արցախի ներկայացուցչյունում, նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին և այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ: Խոսքը վերաբերվում է կոնկրետ իրավաբանական անձի և Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագրի կնքման հետ”: Այս մասին այսօր լրագրողներին ասել է փաստաբան Ռոման Երիցյանը։

“Ցեսիայի պայմանագիրը կնքվել է ՀՀ կառավարության և Արցախի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում: Այսինքն այստեղ բացահայտ հանցագործության տարրեր, ուսունասիրելով խուզարկության մասին դատարանի որոշումը, ես չէմ արձանագրում և առհասարակ չէմ հասկանում թե ինչ կապ ունի 2021 թվականին տեղի ունեցած տվյալ իրադարձությունը Արցախի ներկայացուցչության մշտական տեղակայման վայրի հետ:

Եթե անգամ ենթադրենք, որ կատարվել է որևէ ոչ իրավաչափ արարք, ապա այն կատարվել է ոչ Արցախի ներկայացուցչության մշտական տեղակայման վայրում: Թե ինչ բովանդակության փաստաթղտեր են փնտրում Արցախի ներկայացուցչության շենքում, պարզ չէ: Ըստ դատարանի որոշման, դա պետք է կապ ունենա իմ կողմից վկայակոչված գործողության հետ, որը կատարվել է ՀՀ կառավարության և Արցախի Հանրապետության կառավարության մշակված ծրագրերով: Այսինքն, օրինակ, ՀՀ կառավարությունը մշակել է ծրագիր, ըստ որի այն իրավաբանական անձինք, ովքեր գույք են ունեցել Ադրբեջանի տիրապետության տակ անցած Արցախի տարածքներում, կառավարության որոշման համաձայն պետք է ստանային փոխհատուցում, և Արցախի ներդրումային հիմնադրամը պետք է փոխհատուցեր բանկերին տվյալ միջոցները:

Այս բոլոր գործողությունները կատարվել են 2020-21 թվականներին և այսօր 2025 թվականի հունիս ամսին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում է իրականացվում խուզարկություն:  Զարմանալի չէ, որ մինչև այս պահը նրանք չէն գտել գեթ մեկ փաստաթուղթ, որը կարող է ունենալ որևէ նշանակություն տվյալ վարութի համար: Ավելին՝ դետարանի որոշման մեջ նաև արծարծվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթն ու նրա տրված ցուցմունքն այս կապակցությամբ։ Հետագայում կարվի լրցուցիչ հայտարարություն”, ասել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Փախստականի վկայականի ժամկետը կերկարացվի ավտոմատ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտություն չկա։

ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշման համաձայն՝ 2024 թվականին փոխարինված ԺՊ վկայականների վավերականության ժամկետը կերկարաձգվի ավտոմատ կերպով՝ Կառավարության համապատասխան նոր որոշման ընդունումից անմիջապես հետո։

Մուտքի ուղղությամբ սահմանը հատելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։

«Եթե ԺՊ վկայականը ստանալուց հետո անձնագիրը փոխվել է (կորուստ, ժամկետի ավարտ, վնասում), ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նոր տվյալներով վկայական ստանալու, քանի որ ԺՊ վկայականը տրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։

Սահմանահատումից առաջ կարող եք ստուգել ձեր քարտի QR կոդը, որը ցույց է տալիս վկայականի վավերականության ժամկետը։ Սակայն եթե մինչև այս տարվա վերջ փորձեք QR-ով ստուգել, երկարաձգված ժամկետը չի երևա, քանի որ համակարգը կթարմացվի միայն Կառավարության նոր որոշման ընդունումից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։