Մանվել Սարգսյան․ Թուրքերն իրենց անվտանգության պայման են համարում հայերի գործոնը

  • 22:42 11.07.2023

Բաքուն և Անկարան պահանջում են Հայաստանից պարտադրող պայմանագրեր ստորագրել եւ ճանաչել Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը նեռարյալ։ Արդյո՞ք սա նշանակում է, որ առանց Երևանի ստորագրության, Թուրքիայի և Ադրբեջանի «ամբողջականությունը» անօրինական է։ Իսկ ի՞նչ քայլեր կարող է անել Երևանը նման պայմաններում, որպեսզի արդյունավետ օգտագործի տարածաշրջանում սահմանները ճանաչելու իր «իրավասությունը»։

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ «թուրքերն ու ադրբեջանցիներն ունեն սեփական պետությունների լեգիտիմության ու անվտանգության իրենց տեսլականը, որն ամբողջությամբ պարզ չէ մյուսների համար»։

«Այս տեսլականում հայերի դերը հիմնարար է, մեզ համար գուցե դժվար է հասկանալ, բայց թուրքերն իրենց անվտանգության պայման են համարում հայերի գործոնը։ Ինչպես ասում է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը. թուրքերը համոզված են, որ «մեր՝ որպես թուրք ազգի գոյության պայմանը՝ հայերի չգոյությունն է»։ Ըստ երևույթին, թուրքերը վերացական վախ ունեն հայերի հանդեպ իրենց վերաբերմունքի համար հատուցման հանդեպ։ Ցեղասպանության խնդրի ընդգրկումը Մեծ գերտերությունների զինանոցում խիստ անհանգստացնում է թուրքերին ու նրանց կրտսեր եղբայրներին՝ ադրբեջանցիներին, եւ նրանք հույս ունեն ճնշել հայկական սփյուռքի կամքը Հայաստանի ձեռքով»,- ասել է Մանվել Սարգսյանը Step1.am-ին տված մեկնաբանության մեջ։

Նա կարծում է, որ Բաքվի պայմաններով Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչման պնդումը Թուրքիայի մատնանշած քաղաքականության դրսեւորումն է. Հայաստանը պետք է ամեն ինչում հնազանդ լինի։

«Հայաստանի իշխանությունները պարզապես պետք է դա հասկանան և գործեն միջազգային հարաբերությունների տրամաբանության շրջանակներում: Մեզ պետք են նորմալ դաշնակցային հարաբերություններ, որոնք կարող են Հայաստանին համապատասխան կշիռ ապահովել ուժերի միջազգային հավասարակշռության համակարգում: Հույս դնել «կողմերի բարի մտադրություններին»հիմարություն է»,- ասաց Մանվել Սարգսյանը։

f